Հին դպրոցականների 5 նամակ

Միջագետքի, Ալեքսանդրիայի, միջնադարյան Օքսֆորդի և Մեծ Նովգորոդի դպրոցականները՝ կրթության նկատմամբ սիրո և կյանքի դժվարությունների մասին

Իդդին-Սուեն, տղա Միջագետքից

1900-1700 մ.թ.ա

Իդդին-Սուենը հավանաբար պաշտոնյայի որդի էր և սովորում էր մեծ տաճարին կից դպրոցում։ Նամակը սեպագրված է կավե փոքրիկ տախտակի վրա և սկսվում է գրչին ուղղված կոչով, որը պետք է բարձրաձայն կարդար տեքստը տղայի մորը՝ Զինուին։ Նամակից երևում է նաև, որ Զինուն կարող էր տնային տնտեսության պատասխանատուն լինել, և որ տղայի կարգավիճակը դպրոցում, առնվազն մասամբ, կախված էր նրանից, թե որքան հարուստ տեսք ուներ նա։

«Ասա՛, տիկի՛ն Զինուին, սա է բարբառում Իդդին-Սուենը։ Թո՛ղ, քեզ Շամաշ, Մարդուկ և Իլաբրատ աստվածները ողջ ու առողջ պահեն հանուն ինձ։ Մյուս տղաների հագուստները տարեցտարի ավելի են լավանում։ Դու տարեցտարի իմ հագուստն ավելի ու ավելի համեստ ես դարձնում։ Դու համառում ես և իմ հագուստն ավելի համեստացնում ու պակասեցնում։ Չնայած մեր տանը բուրդը հացի պես է օգտագործվում, բայց դու իմ իրերը որակազրկում ես։ Ազադ-իդդինամի որդին, ում հայրը հորս աշխատողն է, նոր է ստացել հագուստի երկու նոր հավաքածու, իսկ դու դեմ ես անգամ մեկ հավաքածուին ինձ համար։ Մինչ դու ինձ ծնել ես, նրա մայրը որդեգրել է նրան, բայց նա սիրում է նրան, իսկ դու, դու ինձ չես սիրում»:

Պատանի Ալեքսանդրիայից, Հռոմեական Եգիպտոս

Մոտ 100 մ.թ.ա.

Անտիկ դարաշրջանում հռետորության դպրոցում ուսուցումը հիմնականում բաղկացած էր ելույթներ կազմելուց և արտասանելուց: Տեքստից պարզ է դառնում, որ երիտասարդը պետք է ինքնուրույն իրեն ուսուցիչ գտներ Ալեքսանդրիայում և ինքնուրույն վճարեր նրան։ Պապիրուսային այս նամակի նրբագեղ ոճի վրա ազդել է դպրոցական կրթությունը. շատ արտահայտություններ վերցված են հունական հռետորաբանության բնագավառից, հիշատակվում են բանասերներ, ուսուցիչներ և սոփեստներ։ Նամակն ուղարկվելիս ծալվել է, և հակառակ կողմում  պահպանվել է հասցեն՝ «Նեղոսի գլխավոր քահանային»։ Ըստ ամենայնի, այս պաշտոնը զբաղեցրել է տղայի հայրը՝ Թեոնը։

P.Oxy.XVIII 2190 / The Oxyrhynchus Papyri

«Թեոն, պարոն հայր, բարև: Դու մեզ ազատեցիր մեծ անհանգստությունից՝ ասելով, որ թատրոնում տեղի ունեցածի հանդեպ դու անտարբեր ես։ Բայց, երբ շտապում էի Նեղոսով նավարկելու, մեծ օրհնությունների հույս ունեի, և ի՞նչ ստացա իմ եռանդի համար։ Չէ՞ որ հիմա, բանասեր փնտրելով, քաղաքում չգտա ոչ ուսուցիչ Քերեմոնին, ոչ էլ Արիստոկլեսի որդի Դիդիմուսին, ում վրա հույս էի դրել՝ հաջողության հասնելու համար: Մնացել են միայն թափթփուկները, ում ուսանողների մեծամասնությունն ուղղակիորեն կործանում է իր տաղանդը: Ես նախկինում էլ եմ գրել քեզ, գրել եմ նաև Փիլոքսենոսին և նրա մարդկանց, որպեսզի քննարկեն այդ հարցը, և նրանք ինձ ներկայացրին իրենց հավանած թեկնածուին, որին դու անմիջապես մերժեցիր, թեև նա «աղաչում էր Թեոնի ներողամտությունը», քանի որ դու ինքդ որոշեցիր, որ նրա կրթության մակարդակը լիովին անհամապատասխան է։ Երբ ես հայտնեցի Ֆիլոքսենոսին քո կարծիքը, նա համաձայնեց՝ ասելով, որ հենց սոփեստների պակասի պատճառով նա ափսոսում է քաղաքը, և որ ժամանել է Դիդիմուսը, որի հետ, կարծես թե,  ընկերներ են և որը դպրոց ունի, և նա ասաց, որ հոգ կտանի մնացածի մասին և համոզեց Հերոդեսի որդի Ապոլոնիուսի որդիներին հաճախել նրա՝ Դիդիմուսի դասերին։ Եվ նրանք Փիլոքսենոսի հետ այդ պահին նույնպես ավելի բանիմաց ուսուցիչ էին փնտրում, քանի որ բանասերը, ում մոտ նրանք առաջ հաճախում էին, մահացել էր։ Ես էլ, ով կցանկանար Դիդիմուսին երբեք անգամ հեռվից չտեսնել, եթե կարողանար գտնել այդ ուսուցչի անվանը արժանի ուսուցիչներ, տխրում եմ, որ գյուղում դասավանդող այդ մարդը որոշել է մրցել ուրիշների հետ։ Հետևաբար, տեսնելով գործերի այս ընթացքը՝ այն, որ ես ոչ մի օգուտ չեմ ստանում ուսուցչից, ընդամենը չափազանց մեծ գումարներ եմ վճարում և միայն իմ ջանքերին ապավինում, խնդրում եմ, որքան հնարավոր է շուտ գրիր ինձ, թե ինչ ես մտածում: Ես այստեղ ունեմ Դիդիմուս, որն, ինչպես Ֆիլոքսենուսն է ասում, միշտ իմ տրամադրության տակ է և կօգնի՝ ինչով կարողանա։ Բացի այդ, հռետորներին լսելով, որոնց թվում նաև Պոսիդոնիոսն է, միգուցե ես կկարողանամ ինչ-որ բանի հասնել, եթե աստվածների կամքն այդպիսին լինի»։

Դպրոցական հռոմեական Բրիտանիայից

100-120 մ.թ.

Անգլիայի հյուսիսում գտնվող հռոմեական ամրոց Վինդոլանդայում հայտնաբերված բարակ փայտե տախտակի վրա թանաքով գրված են լատիներեն մակագրություններ (ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մոտ երկու հազար նման տախտակ): Տախտակի մի կողմում երևում են նամակի հատվածները, իսկ մյուս կողմում՝ Վերգիլիոսի «Էնեիդից» (IX, 473) տող վերարտադրելու անհաջող փորձը։ Վերգիլիոսի պոեմը հռոմեական աշխարհում օգտագործվել է կարդալու և գրելու առաջնային ուսուցման համար, ուստի գիտնականները ենթադրում են, որ մակագրություններն արվել են հռոմեական զինվորական ընտանիքի դպրոցականի կողմից։

«Ողջունում է… խնդրում եմ.… խնդրում եմ, սիրելի՛ եղբայր»:

«Եվ այն սլացավ թևերի վրա՝ թռչելով շուրջը դողացող …»:

Օքսֆորդի ուսանող

1200-1250 մ.թ.

Սա լատինատառ նամակ է միջնադարյան նամակների նմուշների հավաքածուից, որոնք ուսանողները գրել են իրենց ծնողներից գումար խնդրելու համար: Նամակում օգտագործվում են այնպիսի հռետորական միջոցներ, ինչպիսին է տեքստի քառամաս բաժանումը՝ նախաբան, պատմություն, խնդրանք և վերջաբան։ Ըստ երևույթին, նման պաշտոնական նամակները ծառայել են ոչ թե ծնողների հետ անձնական նամակագրության համար, այլ որպես քաղաքավարի միջոց՝ հաշիվը տուն ուղարկելու համար։ Վերջում մեջբերվում է Տերենտիոսի «Եվնուք» կատակերգությունը (հատված 732), սակայն նամակի հեղինակը սիրո աստվածուհի Վեներային խելամտորեն փոխարինել է արվեստների և ուսման հովանավոր Ապոլոնով։ Ուսանողները Օքսֆորդում սովորում էին 14 տարեկանից։

«Բ-ն ողջունում է իմ մեծարգո պարոն Ա-ին: Այս նամակով հայտնում եմ Ձեզ, որ ես մեծ ջանասիրությամբ սովորում եմ Օքսֆորդում, բայց գումարի խնդիրը մեծապես խանգարում է իմ առաջընթացին, քանի որ արդեն երկու ամիս է, ինչ ծախսել եմ Ձեր վերջին ուղարկածը։ Քաղաքը թանկ է և պահանջկոտ: Ես պետք է տուն վարձեմ, գնեմ անհրաժեշտ իրեր և գումար ծախսեմ շատ այլ բաների վրա, ինչի մասին չեմ կարող հստակ ասել այս պահին։ Ուստի, ես աղաչում եմ, Ձերդ Հայրություն, որ աստվածային շնորհով ուղղորդված, օգնեք ինձ, որպեսզի ես կարողանամ ավարտին հասցնել այն, ինչ բարեհաջող սկսել էմ: Ի վերջո, Դուք պետք է, որ տեղյակ լինեք, որ առանց Ցերեսի և Բաքուսի, Ապոլոնը ավելի է սառչում: Ուստի հուսով եմ, որ Դուք կվարվեք այնպես, որ Ձեր միջամտությամբ ես կարողանամ լավ ավարտին հասցնել սկսածս։ Հրաժեշտ եմ տալիս»:

Տղա Օնֆիմ՝ Մեծ Նովգորոդից

1240-1260 մ.թ.

Օնֆիմ տղայի՝ ով, դատելով նկարներից, վեց-յոթ տարեկան էր, կեչու կեղևի վրա արված գրերը այբուբեն են, վանկերով կարդալու և գրելու վարժություններ, դրանց համար նկարներ և մակագրություններ, մեջբերումներ Սաղմոսարանից և տրոպարիոնից հատված գրելու փորձեր: Օնֆիմին դպրոցական տետրերին փոխարինում էին կեչու կեղևի կտորները։ Նրա նամակներից մեկը տուփի հատակն է, որի վրա նա նկարել է իրեն՝ կենդանու տեսքով, և կողքին գրել Դանիլային, գուցե ընկերոջը կամ դասընկերոջն ուղղված նամակ սկսելու ավանդական բանաձևը։ Արտաքին կողմում Օնֆիմը գրել է ամբողջ այբուբենը և վանկերը:

Օնֆիմի կեչու կեղևի գրությունները

Կեղևի երկու շերտերի վրա կա ամբողջական այբուբեն և վանկեր։ Մյուս կողմում կա «Խոնարհում Օնֆիմից Դանիլային» բանաձևը, գազանի նկարը և «Ես գազան եմ» ստորագրությունը։

Грамота № 199 / gramoty.ru

 

 

 

Գրականություն

Bowman A. K., Thomas J. D. The Vindolanda Writing-Tablets (Tabulae Vindolandenses II). London, 1994. 

Oppenheim A. L. Letters From Mesopotamia: Official, Business, and Private Letters on Clay Tablets from Two Millennia. Chicago, 1967. 

Rea J. A Student’s Letter to His Father: P.Oxy.XVIII 2190 Revised. Zeitschrift für Papyrologie und Epigraphik. Bd. 99, 1993. 

Lost Letters of Medieval Life: English Society, 1200–1250. Philadelphia, 2013.

Բնօրինակի հեղինակ՝ Елена Чепель, Arzamas

Թարգմանիչ՝ Նելլի Գևորգյան (Nelli Gevorgyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: