Ճարտարապետության հակիրճ պատմությունը
Սյան ծագումնաբանությունը, կամարի ճանապարհորդությունները, հեծանների և փայտամածերի գաղտնի կյանքը և շինարարական կոնստրուկցիաների այլ արկածներ
Մ․թ․ա մոտ 4000 թ․
Հեծանա-սյունային համակարգ
Պարզագույն ճարտարապետական կոնստրուկցիան հայտնի է նեոլիթյան դարաշրջանից։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր օգտագործվում է բոլոր շենքերում, որոնք ծածկված են հարթ կամ երկթեք տանիքով։ Անցյալում փայտե կամ քարե հեծանները դնում էին նույն նյութից սյուների վրա. այսօր բնական քարի փոխարեն օգտագործվում է մետաղ և երկաթբետոն։
Մ․թ․ա․ մոտ 2500 թ․
Սյուների ձևավորման սկիզբը
Հին եգիպտացի վարպետ-շինարարները հավատարիմ մնացին հեծանա-սյունային համակարգին, բայց իմաստ հաղորդեցին ճարտարապետական ձևերին։ Նրանց տաճարներում սյուները սկսեցին պալմաներ, լոտոս կամ պապիրուսի կապոց պատկերել։ Այս քարե «թավուտները» պատմում են հանդերձյալ անտառի մասին, որի միջով մահացածների հոգիները պետք է նոր կյանքի հասնեն։ Այսպես, ճարտարապետությունը կերպարվեստ դարձավ։ Ավելի ուշ, ճարտարապետությունը՝ հսկայական քանդակի վերածել սկսեցին Միջագետքում։ Սակայն նրանք նախընտրում էին ցուլեր, գրիֆոններ և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ քանդակել։
Մ․թ․ա․ մոտ 700 թ․
Անտիկ սյունակարգի կառուցումը
Հույները ճարտարապետության թեման` որպես արվեստ, դարձրեցին հենց ինքը ճարտարապետությունը, իսկ ավելի կոնկրետ՝ պատմությունը դրա կոնստրուկցիաների աշխատանքի մասին։ Այդ պահից սկսած հեծանա-սյունային համակարգերը ոչ թե ուղղակի զարդարում են շինությունները, այլ նաև ցույց են տալիս, որ իրենք ինչ-որ ծանր բան են պահում իրենց վրա։ Նրանք դիտորդներից կարեկցանք են խնդրում և, համոզիչ լինելու համար, ընդօրինակում են մարդու կառուցվածքը՝ տղամարդու, կնոջ կամ աղջկա։ Նեցուկ հանդիսացող և օժանդակվող էլեմենտների խիստ տրամաբանորեն կառուցված համակարգը անվանում են օրդեր (լատ. ordo՝ զորաշարք, կարգ). Սովորաբար երեք հիմնական օրդեր են տարբերակում՝ դորիական, հոնիական, կորնթական, և երկու լրացուցիչ՝ տոսկանական և կոմպոզիտ։ Սա եվրոպական ճարտարապետության ծնունդն է։
Մ․թ․ա․ մոտ 70 թ․
Կամարային կոնստրուկցիաների կիրառման լայն տարածումը
Հռոմեացիները սկսում են լայնորեն կիրառել կամարները և կամարային կոնստրուկցիաները (կամար և գմբեթ)։ Հորիզոնական հեծանը կարող է ճաքել, եթե այն չափազանց երկար է, իսկ կամարի աղեղի սեպաձև մասերը ճնշման դեպքում չեն կոտրվում, այլ սեղմվում են, իսկ ոչնչացնել քարը ճնշումով հեշտ չէ։ Այդ պատճառով կամարային կոնստրուկցիաներով հնարավոր էր ավելի մեծ տարածություն ծածկել և ավելի համարձակորեն ծանրաբեռնել դրանք։ Դրա հետ մեկտեղ, յուրացնելով կամարը, Հռոմի ճարտարապետները հին հունականի փոխարեն նոր ճարտարապետական լեզու չհորինեցին։ Հենակահեծանային համակարգը (այսինքն սյուները և դրանց վրա հենվող տարրերը) մնաց շինությունների ճակատային հատվածում, բայց արդեն հաճախ չէր գործում, այլ ուղղակի զարդարում էր շինությունը։ Այդպիսով, հռոմեացիները օրդերը դեկոր դարձրին։
318 թ․
Վաղ քրիստոնեական ճարտարապետների վերադարձը փայտամածի ծածկերին
Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը հանգեցրեց այն տարածքների տնտեսության անկմանը, որոնք այսօր մեզ հայտնի են որպես Արևմտյան Եվրոպա։ Քարից ծածկերով շինությունների համար միջոցները բավական չէին, թեև մեծ շինությունների պահանջը, առաջին հերթին տաճարների, առկա էր։ Այդ պատճառով բյուզանդացի շինարարները ստիպված էին վերադառնալ ծառերին, դրա հետ մեկտեղ՝ հեծանա-սյունային համակարգին։ Ծառերից փայտամած էին ստանում՝ տանիքի կոնստրուկցիայի համար, որտեղ տարրերի մի մասը (հենարաններ) ըստ երկրաչափական օրենքների աշխատում էին ոչ թե ոլորման, այլ ճեղքման կամ սեղմման հաշվին։
532 թ․
Բյուզանդական ճարտարապետների կողմից առագաստով գմբեթների կիրառման սկիզբը
Բյուզանդական ճարտարապետության տեխնոլոգիական առաջընթացը դարձավ դեռևս Հին Հռոմում հայտնագործված գմբեթի տեղադրումը ոչ թե ներքին տարածքը պարփակող կլոր պատերի վրա, այլ չորս կամարների վրա, համապատասխանաբար, միայն չորս հենման կետերով: Կամարների և գմբեթի ներքևում գտնվող օղակի մեջտեղում առաջանում էին երկգոգավոր եռանկյունիներ՝ առագաստներ։ (Տաճարներում դրանց վրա հաճախ պատկերվում են Մատթեոս, Ղուկաս, Մարկոս և Հովհաննես ավետարանիչները՝ եկեղեցու չորս հիմքերը)։ Մասնավորապես այս կոնստրուկցիայի շնորհիվ ուղղափառ եկեղեցիներն ունեն մեզ ծանոթ տեսքը։
Մոտ 1030 թ․
Վերադարձ դեպի կամարների կառուցում ռոմանական ճարտարապետությունում
Մեր թվարկության երկրորդ հազարամյակի սկզբին Եվրոպայում սկսեցին առաջանալ հզոր կայսրություններ առաջանալ, և դրանցից յուրաքանչյուրը իրեն Հռոմի ժառանգ էր համարում։ Վերածնվեցին նաև հռոմեական ճարտարապետության ավանդույթները։ Վսեմ ռոմանական տաճարները կրկին փակվեցին կամարային կոնստրուկցիաներով, որոնք նման էին անտիկ կառույցների՝ քարե և աղյուսե ծածկույթներով։
1135 թ․
Գոթական ճարտարապետները կամարային կոնստրուկցիաներին նետաձև ուրվագծեր տվեցին
Կամարները և կամարային կոնստրուկցիաները մեկ լուրջ թերություն ունեն։ Դրանք ձգտում են «հեռանալ իրարից»։ Մինչև գոթիկան՝ ճարտարապետները պայքարում էին այդ էֆֆեկտի դեմ։ Հետագայում այլ միջոց հայտնաբերվեց․ կամարները դարձրեցին նետաձև։ Այս տեսակի կոնստրուկցիան ավելի մեծ ճնշում է գործադրում դեպի ներքև, հիմքերի վրա, քան կողքերի վրա: Բացի այդ, կողքից այս համակարգը հենվում էր հատուկ «կամուրջիկների» վրա՝ արկբուտանների, որոնք գալիս էին առանձին կանգնած սյուներից՝ կոնտրֆորսերից։ Այդպիսով պատերը ազատվում էին ամեն տեսակի բեռնվածությունից, դառնում էին թեթև կամ ընդհանրապես վերանում էին՝ տեղը զիջելով ապակե նկարներին՝ վիտրաժներին։
1419 թ․
Վերածննդի, բարոկկոյի և կլասիցիզմի դարաշրջանում ոճերը ձևավորվում են անկախ կիրառվող կոնստրուկցիայի նորարարությունից
Վերածննդի դարաշրջանը աշխարհին մեծագույն գմբեթներ տվեց, բայց այդ պահից մեծ ոճերը առաջանում էին ոչ այդքան շինարարական նորարարությունների շնորհիվ, որքան հենց աշխարհայացքի փոփոխության արդյունքում։ Վերածնունդը, մաներիզմը, բարոկկոն, ռոկոկոն, կլասիցիզմը և ամպիրը ծնվեցին հիմնականում փիլիսոփաների, աստվածաբանների, մաթեմատիկոսների և պատմաբանների շնորհիվ (և ինչ-որ չափով նրանց, ովքեր նորաձևության մեջ մտցրեցին նրբակիրթ վարքագիծը), այլ ոչ թե ծածկերի նոր կոնստրուկցիաների գյուտարարների շնորհիվ։ Ընդհուպ մինչև արդյունաբերական հեղափոխությունը շինարարական տեխնոլոգիաներում նորարարությունները դադարում են որոշիչ գործոն լինել ոճերի փոփոխության հարցում:
1830 թ․
«Երկաթուղային տենդի» մեկնարկը հանգեցրեց շինարարության մեջ մետաղյա կոնստրուկցիաների կիրառմանը
Շուտով պարզ դարձավ, որ ռելսերը, որոնք ի սկզբանե նախատեսված էին երկաթուղիների համար, իդեալական շինանյութ են, որից հեշտությամբ կարելի է դիմացկուն մետաղական կոնստրուկցիաներ ստեղծել։ Շոգեշարժիչով աշխատող վերգետնյա տրանսպորտային միջոցների բուռն զարգացումը նպաստեց մետաղագլոցային արտադրությունների հզորությունների աճին, որոնք պատրաստ էին ինժեներներին ցանկացած քանակի շվելերներ և երկտավր հեծաններ տրամադրել։ Այսօր էլ բարձրահարկ շենքերի կարկասները նման դետալներից են պատրաստվում։
1850 թ․
Ապակին լիարժեք շինարարական նյութի է վերածվում
Պատուհանների ապակիների գործարանային արտադրության մեծ չափերը թույլ տվեցին զարգացնել նախ մեծ ջերմոցների, այնուհետև այլ ուղղվածության մեծ շինությունների շինարարական տեխնոլոգիաները, որոնցում կամ բոլոր պատերը կամ տանիքները ապակուց էին։ Հեքիաթային «բյուրեղապակյա պալատները» սկսեցին իրականություն դառնալ։
1861 թ․
Երկաթբետոնի՝ արդյունաբերական կիրառման սկիզբը
Բետոնի ամրացման փորձեր արվել են դեռ Հին Հռոմում։ Ծածկերի ամրապնդման համար XIX դարի սկզբից ակտիվորեն կիրառվում էին մետաղյա ձողերը։ 1860-ական թթ․ այգեպան Ժոզեֆ Մոնյեն, այգու տակառիկները ավելի ամուր դարձնելու փնտրտուքի ժամանակ պատահաբար հայտնաբերում է, որ եթե մետաղական ամրացումը տեղադրել բետոնի մեջ, ստացված դետալի ամրությունը բազմիցս կավելա։ 1867 թ․ այդ գյուտը արտոնագրվեց, և հետագայում վաճառվեց նորարար տեխնոլոգիայի կիրառման մեթոդները մշակող պրոֆեսիոնալ ինժեներներին։ Սակայն նախաձեռնող այգեպանը նոր շինարարական տեխնոլոգիայի մի քանի հայրերից միայն մեկն էր։ Օրինակ, 1853 թ․ Ֆրանսուա Կուանյեն Ֆրանսիայում ամբողջության երկաթբետոնե տուն կառուցեց, իսկ 1861 թ․ դրա կիրառման վերաբերյալ գիրք հրապարակեց։
1919 թ․
Բոլոր տեխնոլոգիական հնարավորությունների միակցումը նոր «ժամանակակից» ոճում
«Լը էսպրի Նուվո» («L’Esprit Nouveau») հանդեսի իր մանիֆեստում ճարտարապետ-մոդերնիստների առաջամարտիկներից Լը Կորբյուզիեն ձևակերպում է ժամանակակից ճարտարապետության հինգ սկզբունք, որոնք ճարտարապետությունը վերադարձնում են անտիկ իդեալներին՝ ոչ արտաքնապես, բայց էությամբ․ շինության տեսքը կրկին սկսեց ճշմարիտ արտացոլել կոնստրուկցիաների աշխատանքը և ծավալների գործառական նպատակը։ XX դարի սկզբին շինությունների ճակատային հատվածի դեկորը սկսեց որպես խաբեություն ընկալվել։ Սկզբնաղբյուրներին վերադառնալու պահանջարկ կար, օրինակ վերցնելով հին հունական տաճարներից, որոնք ճշմարիտ պատմում էին կոնստրուկցիայի աշխատանքի մասին։ Սակայն հիմա ծածկերը արվում էին երկաթբետոնից, որը կիրառվում էր մի նպատակով․ այն մասերում, որտեղ դետալը աշխատում էր բեկման հաշվին, դրա մեջ պատաշարի փակված արմատուրան դիմադրում էր ճեղքմանը։ Այդ պատճառով ժամանակակից կոնստրուկցիաները կարողանում են ցանկացած լայնության տարածություններ ծածկել։ Հիմա շինությունները կարողացան ընդհանրապես ազատվել սյուներից, զարդարանքներից, հնարավորություն ստացան ծածկվել ամբողջությամբ ապակիով, այսինքն ստացան մեզ ծանոթ «ժամանակակից տեսքը»։
Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: