Ավանդույթի համաձայն` «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը անցնող տարին ամփոփում և հաջորդող տարվա թիրախներն ու անելիքներն է քարտեզագրում տարեկան Համագումարի շրջանակում։ Համագումարի առանցքը նաև կազմակերպության կանոնադրական մարմինների (Խորհուրդ, Վերաքննիչ, Վերստուգող) ընտրության գործընթացն է, որոնք հանդես են գալիս որպես կազմակերպության գործունեությունը կանոնակարգող և հավասարակշռող մարմիններ։
Այս տարին ևս բացառություն չէր։ Փետրվարի 2-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գրասենյակում (Երևան, Մելիք-Ադամյան 2/1) տեղի ունեցավ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության տարեկան Համագումարը` «Տվյալներից գործողություն. փոփոխությունների առաջնորդում արժեքներով և ազդեցությամբ» խորագրով:
Համագումարը ողջույնի խոսքով բացեց կազմակերպության գլխավոր խմբագիր Աննա Խաչյանը։ Մարդկային զգացմունքների և հույզերի քննարկմանն ուղղված ջերմացման վարժությունն իրականացնելուց հետո, կազմակերպության նախագահը՝ Դավիթ Պետրոսյանը, ինչպես նաև կազմակերպության բաժինների ղեկավարները՝ Մարիամ Անտիկյանը, Նարինե Պետրոսյանը, Լիլիթ Կարապետյանը և ՄՌԿ Սեդա Այդինյանը, անդրադարձան 2024 թվականի ընթացքում կազմակերպության ծավալած գործունեությանը՝ ընդգծելով տարվա կարևորագույն ձեռքբերումներն ու ամենատպավորիչ պահերը։
Անցած տարին առանձնակիորեն կարևորվեց կազմակերպության ակտիվ համալրման աշխատանքներով, ինչի արդյունքում «Ինլայթ»-ին միացան մի շարք խոստումնալից ու ինլայթամետ գաղափարներով ներշնչված երիտասարդներ։
Կազմակերպության 10-ամյակին ընդառաջ ներկաները փորձեցին ինքնանդրադարձի և թիմաստեղծման խմբային սեսիա-վարժության միջոցով վեր հանել կազմակերպության և նրա անդամների ընդհանուր արժեքները՝ քննարկելով «Ինլայթ»-ի բրենդային պատումի և ռազմավարության փոփոխման կամ բարելավման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ Կանոնադրության և Ներքին կանոնակարգի թարմացումներ, «Մետրիկա» նախագծի մեկնարկ, պրակտիկաների իրականացում և այլն։
Համագումարը շարունակվեց Կանոնադրական մարմինների ընտրությամբ և կազմակերպության Կանոնադրության նոր խմբագրությամբ տարբերակի քվեարկությամբ: Խորհրդի կազմում ընտրվեցին Մարիամ Ջամալյանը, Լուսինե Աղաջանյանը, Գոռ Մադոյանը, Վերաքննիչ ընտրվեց Նարե Սմբատյանը, իսկ Վերստուգող՝ Աննա Մինասարյանը։
Համագումարին անցանց և առցանց ձևաչափով ներկա էին կազմակերպության ներկայիս անդամներ, կամավորներ, գործընկերներ, կազմակերպության գործունեությամբ հետաքրքրված անձինք, ինչպես նաև թարգմանիչների բաժնի կողմից կազմակերպվելիք արտադրական պրակտիկայի մասնակից ուսանողներ։