Լեզվի ձևավորումն ընդգրկում է մեր ուղեղի տարբեր հատվածներ: Հետազոտողները կարողացել են ապացուցել, որ դրանց կապն ու փոխազդեցությունը տարբերվում են՝ կախված մարդու մայրենի լեզվից։ Այս գիտելիքը կարող է կարևոր դեր ունենալ, օրինակ՝ ինսուլտից տուժած հիվանդների վերականգնման գործընթացում։
Արաբերենի լեզվակիրը պետք է զրույցի ընթացքում ուշադիր լսի՝ իր զրուցակիցը նկատի ունի kitabun (كتاب) թե՞ katib (كتاب)։ «Գի՞րք», թե՞ «գրող»։ Երկու բառերն էլ ծագում են նույն k-t-b (ب ” ت ” ك) արմատից, որը լայնորեն օգտագործվում է արաբերենում։
Իր հերթին, գերմաներենի լեզվակիրը հիմնականում պետք է կենտրոնանա նախադասության կառուցվածքի վրա, քանի որ գերմաներենում բաժանվող բայերը, օրինակ՝ «փոխառել» (ausleihen), հաճախ կարող են տեղակայվել նախադասության տարբեր հատվածներում։
Արաբերենն ու գերմաներենը զգալիորեն տարբերվում են միմյանցից, սակայն հնարավո՞ր է արդյոք այդ տարբերությունները նաև բնիկ լեզվակիրների ուղեղում հայտնաբերել։ Այս հարցի պատասխանն էր փորձում գտնել Լայպցիգի Մաքս Պլանկի՝ ճանաչողական և նյարդագիտության ինստիտուտի գիտնականների խումբը՝ դոկտորանտ Սյուհու Վեյի ղեկավարությամբ։ Վերջինիս գլխավորած թիմը հետազոտության ընթացքում ուսումնասիրել է արաբերենի և գերմաներենի 47 լեզվակիրների:
Մասնակիցներին ընտրելիս հետազոտողները համոզվել են, որ նրանք միայն մեկ լեզվի են տիրապետում և հետևաբար ունեն միայն մեկ մայրենի լեզու: Բացի իրենց մայրենի լեզվից, նրանք մի փոքր տիրապետում էին անգլերենին:
Ուղեղի սկանավորումը բացահայտում է բնիկ լեզվակիրների միջև եղած տարբերությունները
Գիտնականնների թիմը մասնակիցների զննումը կատարել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI) hատուկ սկաների միջոցով։ Այս մեթոդը ոչ միայն ապահովում է ուղեղի բարձրորակ պատկերներ, այլև հնարավորություն է տալիս հետազոտել նյարդային մանրաթելերի միջև կապերը։ Այդ տվյալների օգնությամբ հետազոտողները կարողացան հաշվարկել, թե որքան ամուր է ուղեղում լեզվական առանձին շրջանների փոխկապակցումը։
«Արդյունքը մեզ շատ զարմացրեց, քանի որ միշտ ենթադրում էինք, որ լեզուն համընդհանուր երևույթ է», – նշում է Ալֆրեդ Անվանդերը՝ Լայպցիգի Մաքս Պլանկի ինստիտուտի նյարդահոգեբանության բաժնի հետազոտող և հետազոտության համահեղինակ։ «Մենք կարծում էինք, որ խոսքի ձևավորման համար պատասխանատու հատվածը և դրա կապի ամրությունն ուղեղի այլ հատվածների հետ կախված չեն կոնկրետ լեզվից»։
Սակայն հետազոտության արդյունքում պարզվել է, որ արաբախոսների ուղեղում ձախ և աջ կիսագնդերը ավելի ամուր են կապված միմյանց հետ։ Բացի այդ, ուժեղ կապեր են նկատվել նաև ուղեղի քունքային բլթերի և նրանց միջև գտնվող գագաթային բլթերի միջև։
Արտասանության և իմաստի ընկալման լեզվական կենտրոններ
Ուղեղի վերոնշյալ հատվածների ակտիվությունը տրամաբանական է, քանի որ դրանք պատասխանատու են խոսքի արտասանության և իմաստի ընկալման համար։ Արաբախոսները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն բառերի ճիշտ արտասանությանը և դրանց իմաստային տարբերակումներին:
Գերմաներենի լեզվակիրների դեպքում գիտնականները հայտնաբերել են առավել ամուր կապեր ուղեղի ձախ կիսագնդում և ճակատային բլթում։ Սա, ամենայն հավանականությամբ, կապված է գերմաներենի բարդ նախադասությունների կառուցվածքի հետ, քանի որ ուղեղի այս հատվածները պատասխանատու են նախադասությունների կառուցվածքի մշակման համար։ Այդ իսկ պատճառով բնիկ գերմանախոսները սովորաբար հեշտությամբ են հասկանում և վերլուծում բարդ նախադասությունները։
«Մեր ուսումնասիրությունը նոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է ուղեղը հարմարվում ճանաչողական պահանջներին։ Այսպիսով, մեր մայրենի լեզուն ձևավորում է մեր լեզվական կառուցվածքային ցանցը», – նշում է հետազոտության համահեղինակ Ալֆրեդ Անվանդերը։
Արժեքավոր գիտելիքներ տարբեր լեզուների մշակման մասին
Հետազոտողի խոսքով՝ կարևոր է նշել, որ լեզվական կենտրոնների այս տարբեր կապերը որևէ լեզվակրի համար առավելություններ կամ թերություններ չեն ներկայացնում։ «Փոխկապակցությունները պարզապես տարբեր են՝ ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ», – նշում է Անվանդերը։
Այնուամենայնիվ, տարբեր կառուցվածքների մասին գիտելիքը կարող է օգտակար լինել ինչպես գերմանախոս, այնպես էլ արաբախոս լեզվակիրների համար։ Օրինակ՝ այն կարող է նպաստել ինսուլտից տուժած հիվանդների բուժմանը: Որոշ հիվանդներ ունեն լեզվական խանգարում՝ աֆազիա, որը դժվարացնում է խոսքը։ Եթե հաշվի առնվեն մայրենի լեզվի հետ կապված ուղեղային առանձնահատկությունները, հնարավոր կլինի մշակել ավելի նպատակային թերապևտիկ մեթոդներ, որոնք կօգնեն հիվանդներին ավելի արագ վերականգնել խոսելու ունակությունը։
«Շատ հետաքրքիր կլինի ընդլայնել հետազոտությունը՝ ներառելով ավելի շատ լեզուներ», – ասում է Անվանդերը։ Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականներն արդեն ուսումնասիրել են նաև գերմաներենով, անգլերենով և չինարենով խոսող մարդկանց ուղեղի կառուցվածքը, և այս հետազոտության արդյունքները դեռ սպասվում են։
Դեռևս պարզ չէ, թե արդյոք և ինչպես են այլ մայրենի լեզուները ազդում ուղեղի ձևավորման վրա: Բացի այդ, արդյունքները հաստատելու համար օգտակար կլինի նաև գերմաներենի և արաբերենի լեզվակիրների ավելի լայնածավալ հետազոտություն անցկացնել։
Նոր մեթոդներ օտար լեզուներ սովորելու համար
Հետազոտության հաջորդ փուլում գիտնականները կվերլուծեն, թե ինչպես է փոխվում արաբախոսների ուղեղը գերմաներեն սովորելիս։ «Մենք ոգևորված ենք տեսնելու, թե ինչպես են ուղեղի տարբեր հատվածները ձևափոխվում նոր լեզու սովորելիս», – նշում է Անվանդերը։
Հետազոտության վերջնական նպատակն է այս գիտելիքները կիրառել օտար լեզուների ուսուցման մեթոդների բարելավման համար։ Կախված սովորողի տեսակից և մայրենի լեզվից՝ հնարավոր կլինի մշակել տարբեր ուսուցման ռազմավարություններ, որոնք, օրինակ՝ կդյուրացնեն գերմաներենի ուսուցումը։ Սակայն այս ուղղությամբ դեռևս մեծածավալ հետազոտություններ են պահանջվում։
«Մենք դեռ շատ հեռու ենք ուղեղի սկանավորման տվյալների վրա հիմնված անհատական ուսուցման ռազմավարությունից», – հավելում է հետազոտողը։ Մինչ այդ, լեզու սովորողները, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա խուսափել բառարաններից ու դասական ուսուցման մեթոդներից։
Հեղինակ՝ Katrin Ewert, Deutsche Welle
Թարգմանիչ՝ Լուսինե Մնոյան (Lusine Mnoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: