Եվ ասաց Պոն. «Թո՛ղ լինի դետեկտիվը»: Եվ եղավ դետեկտիվը:
Եվ երբ Պոն ստեղծեց դետեկտիվն իր կերպարանքով ու նմանությամբ
Ու տեսավ, թե ինչ է ստեղծել, ասաց. «Եվ չէ՞ որ բավականին հաջողված է»:
Քանի որ նա ստեղծել էր դետեկտիվի դասական ձևը, և ձևն այդ եղել և
Կմնա ամենաճշմարիտը դարից դար այս անծայրածիր աշխարհում: ԱՄԵՆ:
Էլլերի Քուին
Սույն վերլուծությունը գրվում է հայ ընթերցողին հոգեհարազատ մի ժանրի մասին, որի շուրջ հայերեն գիտական գրականությունները մինչ օրս գրեթե լռում են: Սա մի բաց է գրականագիտության ոլորտում, որը մենք փորձում ենք լրացնել այս փոքրածավալ նյութով: Մեր նպատակն է հայ ընթերցողին պատկերացում տալ ժանրի ընդհանուր հատկանիշների մասին և, ինչու՞ ոչ, ուղղորդել այս ժանրով ստեղծագործել ցանկացող նորեկներին:
Ժանրի առանձնահատկություններն ու զարգացումը
ԴԵՏԵԿՏԻՎ բառը ծագում է լատիներեն detectio`«բացահայտում» բառից, որն անգլերենին է անցել նույն իմաստով՝ detect՝ բացահայտել, պարզել, detectiv՝ խուզարկու: Չնայած բառը գոյություն է ունեցել դեռևս լատիներենում, այնուամենայնիվ, այն որպես գրական ժանր, ապա նաև կինեմատոգրաֆիական ուղղություն սկսել է գիտակցվել միայն 19-րդ դարի քառասունականներից, երբ լույս տեսավ Էդգար Ալլան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» նովել”պատմվածքը (1841): Եվ չնայած որ առաջին գրողն ամերիկացի էր, դետեկտիվի ժանրն իր ծաղկմանը հասավ առաջին հերթին եվրոպական երկրներում, մասնավորապես Անգլիայում, ապա նոր ընդլայնեց իր տարածքները՝ վերադառնալով նաև իր ծննդավայրը՝ Ամերիկա:
Չնայած որ Է. Պոյի նորամուծություններն ընդունվեցին լայն բացված գրկով, ժանրի հետագա զարգացման մասին կանխատեսումները, մեղմ ասած, շարունակում էին մնալ հոռետեսական: Դեռ 1800-ականներին գտնվեցին քննադատներ, ովքեր կարծում էին, որ ինչպես արագ բռնկվեց դետեկտիվի կրակը, նույնպես արագ և այն կհանգչի: Որոշ քննադատներ էլ ուղղակի հանգեցին այս մտքին՝ ելնելով այն բանից, որ ոչ բոլորին է հասու ժանրով ստեղծագործելը, իսկ որոշներն էլ ուղղակի մտածում էին, որ ինչպես ամեն նորություն, այս մեկն էլ շատ շուտ իրեն կսպառի: Սակայն թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեսակետների ներկայացուցիչները սխալվում էին: Ինչպես ցույց տվեց հետագան, դետեկտիվը ոչ միայն շարունակեց գոյություն ունենալ, այլև ընդլայնեց իր սահմանները: Սակայն եղան նաև այնպիսիք, ովքեր «պաշտպան կանգնեցին» ժանրին: Օրինակ, Գ.Կ. Չեստերթոնն իր «Դետեկտիվ գրականությանն ի պաշտպանություն» էսսեում գրում է. «Դետեկտիվ վեպը կամ պատմվածքը ոչ միայն գրականության օրինական ժանր է, այլև ունի բավականին որոշակի և իրական առավելություն՝ որպես ընդհանուր բարիքի զենք… Վաղ թե ուշ պետք է ծագեր կոպիտ, մասսայական մի գրականություն, որը կբացահայտեր ժամանակակից գրականության ռոմանտիկական կարողությունները: Եվ այն լույս տեսավ դետեկտիվի տեսքով՝ նույնքան կոպիտ և արյուն եռ բերող, ինչպես Ռոբին Հուդի մասին բալլադները»: Ավելի ուշ արգենտինացի արձակագիր Խորխե Լուիս Բորխեսը նույնպես անդրադառնում է դետեկտիվի՝ որպես առանձին ժանրի գոյության անհրաժեշտությանը. «Դետեկտիվ ժանրին ի պաշտպանություն ես կասեի, որ այն պաշտպանության կարիք չունի: Գերազանցության զգացումով այսօր կարդացվող այս գրքերը պահպանում են կարգը քաոսային այս ժամանակաշրջանում»:
Ընդհանրապես գրականության մեջ որոշակի ժանր կամ ուղղություն իր «մաքուր» տեսքով հանդես է գալիս միայն մի որոշ ժամանակահատված, և եթե համառում է ու չի ուզում զիջել իր դիրքերը կամ սինթեզվել այլ ժանրի կամ ուղղության հետ, մեխանիկորեն դատապարտվում է ոչնչացման: Դետեկտիվ գրականությունը շարունակեց իր գոյությունը և այսօր հասավ մեծագույն բարձունքների միայն այն բանի շնորհիվ, որ կարողացավ սինթեզվել, միանալ այլ ժանրերի հետ: Սակայն միշտ չէր, որ դետեկտիվի այս սինթեզն ընդունվում էր ծափողջույններով: Պահպանողական գրողներն իրենց ժամանակին փորձ արեցին անգամ որոշակի օրենքներ սահմանել, որոնց պետք է ենթարկվեր ժանրը, և որոնցից շեղումը, ըստ նրանց, ոչ միայն կհանգեցներ ժանրի աղավաղմանը, այլև կորստին: Նման կանոնակարգեր մշակեց, օրինակ, Գիլբերտ Կիտ Չեստերսթոնը, որոնցից, թերևս, նշենք միայն այն, որ հեղինակը չէր ընդունում դետեկտիվներում գաղտնի և ամենազոր կազմակերպությունների առկայությունը, քանի որ խուզարկուն չէր կարող միայնակ հաղթանակ տանել այս կազմակերպությունների դեմ, իսկ եթե անգամ հեղինակը հանդգներ իր հերոսին ներկայացնել ամենազոր, ապա դրանից կտուժեր իրականությունը: Առավել համակարգված օրենքներ, սակայն, ներկայացրեց Ս. Վան Դայնն իր «20 օրենք դետեկտիվ գրողների համար» հոդվածում: Դրանք էին.
-
Հեղինակը պետք է հավասար հնարավորություն ընձեռի խուզարկուին ու ընթերցողին: Նա պետք է բացահայտ խոսի բոլոր այն փաստերի մասին, որոնք հայտնաբերում է խուզարկուն, որպեսզի ընթերցողը ևս կարողանա գալ տրամաբանական եզրահանգման:
-
Ընթերցողի հանդեպ թույլատրելի են միայն այնպիսի հնարքներ ու կեղծիքներ, որպիսիք կարող է իրեն թույլ տալ հանցագործը խուզարկուի հանդեպ:
-
Սերն արգելված է: Պատմության ընթացքում մուկ-կատու պետք է խաղան ոչ թե սիրահարները, այլ դետեկտիվն ու հանցագործը:
-
Ո՛չ խուզարկուն, ո՛չ էլ գործով զբաղվող մեկ այլ պաշտոնական անձ չի կարող լինել հանցագործ:
-
Բացահայտման պետք է գնալ հիմնավոր եզրակացություններով: Անթույլատրելի են պատահական կամ անհիմն խոստովանությունները:
-
Դետեկտիվում չի կարող բացակայել խուզարկուն, ով հայտնաբերում է մերկացնող փաստերը, ինչի շնորհիվ էլ խնդրին լուծում է տալիս:
-
Պատմության մեջ հանցագործությունը պետք է անպայման լինի սպանությունը:
-
Հարցի լուծման համար պետք է բացառել ամենայն գերբնականը:
-
Պատմության մեջ պետք է լինի միայն մեկ խուզարկու, քանի որ ընթերցողը չի կարող «պայքարել» միանգամից մի քանի հոգու հետ:
-
Անընդունելի է այնպիսի էժանագին լուծումը, երբ հանցագործը ծառաներից մեկն է:
-
Հանցագործը պետք է լինի ընթերցողին ծանոթ, հայտնի կամ պակաս հայտնի գործող կերպարներից մեկը:
-
Չնայած նրան, որ հանցագործը կարող է ունենալ և հանցակից, պատմությունը պետք է տանել միայն մեկին բռնելու ուղղությամբ:
-
Գաղտնի և քրեական հանցախմբերն ու խմբավորումները տեղ չունեն դետեկտիվներում:
-
Հանցանքի կատարման և հետաքննության մեթոդները պետք է լինեն խելամիտ և հիմնավորված գիտական տեսանկյունից:
-
Հնարամիտ և տրամաբանող ընթերցողի համար լուծումը պետք է լինի տեսանելի:
-
Դետեկտիվում տեղ չունի գեղարվեստականությունը՝ ճոխ և ուռճացված նկարագրությունները:
-
Հանցագործը ոչ մի դեպքում չի կարող լինել պրոֆեսիոնալ չարագործ (ամենայն հավանականությամբ նկատի ունի, որ հանցագործը պետք է գոնե մի սխալ թույլ տա, որը հնարավորություն կընձեռնի խուզարկուին պարզելու նրա ինքնությունը):
-
Արգելվում է գաղտնիքը բացատրել դժբախտ պատահարով կամ ինքնասպանությամբ:
-
Հանցանքի մոտիվը պետք է կրի անձնական բնույթ, այն չպետք է թելադրված լինի ինչ-որ քաղաքական նկատառումներից:
-
Հեղինակները պետք է ամեն կերպ խուսափեն շաբլոնային որոշումներից և մտահղացումներից:
Ինչպես նկատում ենք, դասական կամ «ճիշտ» դետեկտիվ գրելու համար կանոնները դրված էին շատ խիստ, հետևաբար, եթե դրանք պահպանվեին, ապա վատագույն դեպքում ժանրն ամբողջովին անկում կապրեր, իսկ լավագույն դեպքում՝ դարերի ընթացքում հեղինակների մտքի կաղապարվածության պատճառով մեզ կավանդվեին միանման սյուժեներով ստեղծագործություններ: Դասական դետեկտիվը 1960-ականներին մի փորձ էլ է անում վերագտնելու իր դիրքերը, սակայն չանցած մի տասնամյակ՝ այն նորից զիջում է իր դիրքերը: 1960-ականներին իրենց դասական դետեկտիվներով հանդես եկան, օրինակ, Ֆիլլիս Դորոտի Ջեյմսը («Ծածկեք նրա դեմքը», «Ինտելեկտուալ սպանություն», «Անբնական պատճառներ») և Ռուտ Ռենդելլը («From Doon with Death»): Ավելի վաղ՝ 1952թ. Սոմերսեթ Մոեմը մի հոդված էր գրել «Դետեկտիվի անկումը և կործանումը» խորագրով, որտեղ առանց երկբայության այն կարծիքն էր հայտնում, որ «մաքուր» դետեկտիվը վաղուց արդեն սպառել է իրեն:
Թերևս ժանրերի սինթեզը կախված էր նաև այն բանից, որ բացի բուն ամերիկյան (այն էլ միայն սկզբնական շրջանի) դետեկտիվից մյուս երկրներում, մասնավորապես եվրոպական երկրներում, ժանրը հիմնվեց տեղի առավել հայտնի ու տարածում ստացած որևէ այլ ժանրի վրա. Անգլիայում այսպիսին էր բարքերի նկարագրական վեպը, իսկ ավելի ուշ՝ հոգեբանական վեպը, Ամերիկայում (ուշ շրջան)՝ արևմտյան վեպը (վեստերն), Ֆրանսիայում՝ արկածային, խաբեբայական վեպը և այլն:
Անգլիական դետեկտիվի հիմնադիր համարվում է Արթուր Կոնան Դոյլը, ում՝ 1887թ. լույս տեսած «էտյուդ բոսորի երանգներում» աշխատությունն էլ հիմք դրեց Շերլոկ Հոլմսի դարաշրջանին: Ա. Կ. Դոյլի կերտած հերոսը մեծ ճանաչում ձեռք բերեց հատկապես իր՝ խրթին իրավիճակներից մտավոր կարողությունների շնորհիվ դուրս գալու միջոցով: Հեղինակն այս մեթոդը կոչեց դեդուկտիվ մեթոդ կամ մտածելակերպ՝ տերմինը թերևս վերցնելով փիլիսոփայությունից. այն ենթադրում է գալ ընդհանուրից մասնավոր մտահանգումների: Զարմանալի չէ, որ Զիգմունդ Ֆրեյդը մի առիթով իր հիացմունքն է հայտնել Հոլմսի դեդուկտիվ մտածելակերպի վերաբերյալ: Հետաքրքիր է, սակայն, որ Ա. Կ. Դոյլը Հոլմսի մասին գրած իր պատմվածքները համարում էր անլուրջ, ինչի պատճառով էլ որոշում է սպանել նրան իր «Հոլմսի վերջին գործը» պատմվածքում, որի արդյունքում նրա գլխին դժգոհ նամակների հեղեղ է թափվում, և վերջինս ստիպված է լինում «վերակենդանացնել» իր հերոսին:
Անգլիական դետեկտիվում անցած դարի սկզբներին նոր էջ և ուղղություն բացեց Գ. Կ. Չեսթերտոնը, ում դետեկտիվ պատմվածքների խուզարկուն՝ մեծագույն դետեկտիվը, կաթոլիկ հոգևորական էր, ով իր առջև նպատակ էր դնում հայտնաբերելուց հետո ոչ թե պատժել հանցագործին, այլ դարձի բերել նրան (առաջին ժողովածուն՝ «Հայր Բրաունի անմեղությունը», 1911թ.): Ի տարբերություն Հոլմսի կերպարի, ով իր խարիզմատիկության չափ հեռու էր բարոյական նորմերից, Չեսթերտոնն օժտեց իր հայր Բրաունին դեդուկտիվ մտածելակերպով, խղճով ու գթասրտությամբ: «Ես չեմ ուսումնասիրում մարդուն դրսից: Ես փորձում եմ թափանցել նրա ներսը»,- գրում է Չեսթերտոնը:
Չեսթերտոնից հետո այս ժանրում ասպարեզ է իջնում Ագաթա Քրիստին՝ ժանրի առաջին կին գրողներից մեկը, ով շարունակում է անգլիական դետեկտիվի լավագույն կանոնները՝ օժտելով իր հերոսներին ոչ միայն սուր մտքով, այլև մարդկային բարձր հատկանիշներով: Բայց, եթե Ա. Դոյլն ու Գ. Չեսթերտոնը չէին ընդունում դետեկտիվի երկարաձիգ պատմելու ձևը և մեծամասամբ սահմանափակվում էին պատմվածքի սահմաններում (Դոյլը, սակայն, ունի նաև մի քանի երկարածավալ գործեր՝ «էտյուդ բոսորի երանգներում», «Չորսի նշանը», «Բասկերվիլների շունը», «Սարսափի հովիտը», որոնք իրենց հանգուցալուծմամբ նմանվում էին նովելների), ապա Ա. Քրիստին արդեն հիմնականում սկսեց ստեղծագործել վիպային ծավալով, որը հետագայում կանոնիկ դարձավ ժանրի համար. ժամանակակից դետեկտիվն առավելապես (եթե չասենք՝ բացառապես) հանդես է գալիս վեպի տեսքով: Կարծիք կա, որ վեպ”դետեկտիվներն առաջացան արկածային գրականության հետ սինթեզի արդյունքում:
Դետեկտիվի ոսկե դար համարվում է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը, երբ էլ իր գործունեությունը ծավալեց Ագաթա Քրիստին: Այս շրջանում դետեկտիվն անվանվում էր այլ կերպ՝ հանելուկ”վեպ, որն իր բոլոր հատկանիշներով հոմանիշվում է դետեկտիվին:
Դետեկտիվի կապը բանահյուսության հետ
Առաջին հայացքից որքան էլ անտրամաբանական և զարմանալի թվա, բայց, այո՛, ինչպես գրական շատ ժանրերի ակունքները, այնպես էլ դետեկտիվինը գտնում ենք հենց բանահյուսության մեջ:
Դետեկտիվ ժանրը ի սկզբանե եղել է և մնում է ժամանցային գրականության լավագույն օրինակներից մեկը: Առաջին հայացքից բարդ և մտավոր գործընթացն ապահովող այս գործերն այլ միտում չունեն, եթե ոչ շեղելու մարդկանց առօրյա հոգսերից, թեթևացնելու, ինչու ոչ՝ զվարճացնելու նրանց: Բանահյուսական բազմաթիվ ժանրեր կատարում են հենց նույն գործառույթը՝ հանելուկներ, հեքիաթներ, հումոր: Երևի թե հենց այս կարևոր առանձնահատկությունն է, որ մեծապես նպաստեց ժանրի գոյատևմանն ու տարածմանը: Մյուս կողմից՝ մարդկային բնավորության կարևոր գծերից մեկը հանելուկների լուծումն է: Դետեկտիվը հենց այդպիսի հնարավորություն է տալիս ընթերցողին: Սրանք յուրօրինակ մեծածավալ հանելուկներ են, որոնց լուծման համար ընդամենը մի բառ չէ, որ ընթերցողը պետք է իմանա: Բանալի բառերը շղթայական միացմամբ ընթերցողին ու խուզարկու”հերոսին հասցնում են հանելուկի տրամաբանական լուծմանը: Դեռևս սկզբնական շրջանում կարելի էր դասական դետեկտիվի և հանելուկների միջև գոնե ամենակարևոր մի տարբերություն նշել (չհաշված ծավալը), այն է՝ հանելուկները երբեմն գեղարվեստական պատկերավոր միջոցներով, մասնավորապես՝ փոխաբերությամբ են թաքցնում լուծումը, բայց այսօր, երբ դետեկտիվի բազմազանության դարաշրջանն է, կարող ենք գտնել և այնպիսի դետեկտիվներ, որոնց լուծման համար միայն ակնառուն չէ, որ պետք է հաշվի առնել, շատ հաճախ պետք է կարդալ նաև ենթատեքստը, փոխաբերականը: Սա, իհարկե, փոքր”ինչ կարող է լարել ընթերցողին, երբեմն էլ շփոթության մատնել, սակայն առավել հաճախ նրան ստիպում է լինել ավելի ուշադիր, չհավատալ միայն աչքի տեսածին, փորձել խնդրին մոտենալ մի քանի դիտանկյունից:
Բանահյուսական մյուս ժանրը, որն իսկապես սերտ կապ ունի դետեկտիվի հետ, հեքիաթն է: Ինչ են դետեկտիվները, եթե ոչ մեծածավալ և հանելուկներով լեցուն հեքիաթներ: Հեքիաթի ամենակարևոր նախապայմաններից է բարու և չարի հակամարտությունը, որն ավարտվում է բարու հաղթանակով: Իսկ մի՞թե նույնը չենք տեսնում և դետեկտիվներում: Չէ՞ որ ունենք երկու տարբեր բևեռներում գտնվող կերպարներ՝ հանցագործ և խուզարկու: Եթե առաջինը ներառում է ամենայն բացասականը, ապա երկրորդի միակ կոչումն է արդարության հաստատումը և հանցագործին պատժելը: Հեքիաթներում գլխավոր հերոսը հաճախ պայքարի մեջ է մտնում ինչպես միայն մի թշնամու, այնպես էլ «երեքգլխանի» վիշապների հետ: Չնայած որ դասական դետեկտիվն արգելում էր մի քանի չարագործի կամ էլ աշխարհով մեկ իր մասնաճյուղերն ունեցող որևէ հանցավոր խմբակցության առկայությունը, այնուամենայնիվ, ժամանակակից դետեկտիվի մի տեսակը՝ լրտեսական դետեկտիվը, կարողացավ այս ուղղությամբ էլ հեքիաթներին նմանվել : Դետեկտիվի հետ բանահյուսության կապն ավելի տեսանելի դարձավ նրանից հետո, երբ «մաքուր» դետեկտիվն իր տեղը զիջեց «խառը տիպի» դետեկտիվին: Ժամանակակից դետեկտիվի տեսակներից է ֆանտաստիկ դետեկտիվը, որը ներառում է բանահյուսական հեքիաթային, հրաշային տարրերը նույնպես: Այս տեսակի դետեկտիվներում գործողությունները տեղի են ունենում ֆանտաստիկի ու իրականի եզրագծում, ինչը հնարավորություն է տալիս գրողին ընդլայնել խնդրի լուծման իր տարբերակները: Իրադարձությունները, որ նկարագրվում են վեպում, կարող են տեղի ունենալ ապագայում, զուգահեռ իրականություններում,ամբողջովին հորինված աշխարհում, կամ էլ հերոս կարող է ընտրվել և՛ բանական մարդը, և՛ բանականությունից զուրկ կենդանին (Էդգար Ալլան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» գործում գլխավոր չարագործ է դառնում հսկայական օրանգուտանը, որի կատարած հանցագործությունը կարողանում է լուծել միայն ֆրանսիացի արիստոկրատ Օգյուստ Դյուպենը՝ շնորհիվ իր անալիտիկ կարողությունների):
Առաջ անցնելով՝ պետք է նշենք, որ գրականության մեջ որպես դետեկտիվի ենթաժանր գոյություն ունի մանկական դետեկտիվը, որի մեջ հեղինակները միտումնավոր գլխավոր դերը հանձնում են երեխաներին, ովքեր իրենց մանկական անմեղությամբ ու համառությամբ, կենտրոնացած ուշադրությամբ ու գիտելիքների պաշարով փորձում են լուծում տալ այնպիսի հարցերի, որոնց գուցեև չկարողանային պատասխանել անգամ մեծահասակները: Բերենք մի քանի օրինակներ: Սովետական գրող Վալերի Ռոնշինը մի ամբողջ շարք է նվիրել իր տասներեքամյա հերոսուհի Էմմա Մուխինայի արկածներին ու հետաքննություններին: Շարքի առաջին վեպում մեզ է ներկայացվում տասներեքամյա Էմմա Մուխինան, ով կարողացել է այդ տարիքում դառնալ արտաքին հետախուզության անդամ: Նա գերգաղտնի ինֆորմացիա ունի, որով հետաքրքրված է ասիական երկրներից մեկի գաղտնի ծառայությունը: Հենց այդ պատճառով նրա հանդեպ որս է հայտարարվել: Էմման ոչ միայն պետք է կատարի իր առաքելությունը, այլև փորձի ողջ մնալ ամեն գնով: Նա պիտի բախվի մարդասպանի հետ, թռչի ուղղաթիռից … առանց օդապարիկի: Նա պետք է պատասխան գտնի իրեն հուզող հարցերին՝ ո՞վ է բժիշկ Գռոբը, և ի՞նչ է նիկրոմանտիան:
Իսկ արդեն լեհ գրող Իոաննա Խմելևսկայայի մոտ մենք ծանոթանում ենք ոչ թե մի երեխայի, այլ միանգամից երկուսի հետ՝ Յանոչկայի և Պավլիկի: Նա նույնպես մի ամբողջ շարք է նվիրել իր հերոսներին: Շարքի առաջին գործում ներկայացվում է Խաբրովիչների ընտանիքը, ովքեր նոր են ժառանգություն ստացել: Նրանց կտակել են մի հոյակապ տուն Վարշավայում, որին նրանք կարող են տիրանալ միայն մի պայմանով. եթե այդ տանը կարողանան հավաքել մայրաքաղաքում բնակվող իրենց բոլոր բարեկամներին: Բայց դա անելու համար նախ պետք է տունը վարձակալած մարդկանց դուրս անել: Վարձակալներից մի կին, սակայն, կտրականապես հրաժարվում է հանձնել վերնահարկը, և այդ ժամանակ Յանան և Պավլը որոշում են գործը վերցնել իրենց ձեռքը: Բայց դրա համար նրանք նախ պետք է թափանցեն արգելված սենյակը, որտեղ ինչեր ասես, որ չեն կատարվում…
Շարունակելի…
Օգտագործած գրականության ցանկ
- Как сделать детектив, Москва, 1990, ст. 16,18, 271-272, աղբյուրը՝ http://www.rulit.me/books/kak”sdelat”detektiv”get-291948.html
- Թիբոր Քեսթհեյի «Анатомия детектива: Следствие по делу о детективе»,
- https://ru.wikipedia.org/wiki/Детектив
- Энциклопедический словарь английской литературы XX века, Москва, 2005, статья А. Саруханяна (ст. 142)
- http://dbiblioteka.forum2x2.ru/t226-topic
Հեղինակ` Արման Վերանյան (Arman Veranyan):© Բոլոր իրավունքները պաշտպանված են: