«Ինլայթ»-ի վերլուծական հոդվածը՝ ԷԹԻԿԱ. Բարոյագիտության և հանրային հարցերի տարեգրքում

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնը հրատարակեց «ԷԹԻԿԱ. Բարոյագիտության և հանրային հարցերի» տարեգրքի առաջին համարը։ Հրատարակությունը ներառում է նաև «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբանների՝ գիտության շուրջ ծավալվող խոսույթի հիմնական միտումներին և առաջարկվող լուծումներին վերաբերող հոդվածը։

Նոյեմբերի 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնը (ԷԹԻԿԱ) ներկայացրեց իր գլխավոր հրատարակության՝ ԷԹԻԿԱ. Բարոյագիտության և հանրային հարցերի տարեգրքի (ETICA: Yearbook of Ethics & Public Affairs) առաջին համարը։ Պրոֆեսոր Մարիա Բաղրամեանի և դոկտոր Արշակ Բալայանի խմբագրությամբ հրատարակված տարեգիրքը, որը լույս է տեսել ՀԱՀ հրատարակչության կողմից, ներառում է գրախոսված ակադեմիական հոդվածներ՝ թե՛ հայերեն, և թե՛ անգլերեն լեզուներով: Տարեգրքի առաջին համարը նվիրված է «Գիտություն, քաղաքականություն և փորձաքննություն» թեմային։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀԱՀ Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մարիա Բաղրամեանը, իսկ ՀԱՀ ուսումնական հարցերով փոխնախագահ, դոկտոր Ալինա Ղարաբեգյանը իր ողջույնի խոսքում շեշտեց տարեգրքի հեռանկարային կարևորությունը՝ նոր սերնդի գիտնականներին ոգեշնչելու գործում։ Կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Արշակ Բալայանը առավել մանրամասնորեն ներկայացրեց համարի բովանդակությունը։ Նա խոսեց տարեգրքում տեղ գտած յուրաքանչյուր հոդվածի մասին՝ շեշտելով ներկայացված տեսակետների բազմազանությունն ու հեղինակների կատարած մեծ աշխատանքը։ Դոկտոր Բալայանը հավելեց նաև, որ հոդվածներից շատերը ստեղծվել են բարդ ժամանակաշրջաններում, այդ թվում՝ COVID-19 համավարակի և 2020 թ․ Արցախյան պատերազմի ընթացքում։

Հենց այս ժամանակահատվածում է ստեղծվել նաև տարեգրքի առաջին համարում ներառված «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբանների «Գիտությունը որպես հանրային և պետական խոսույթի առարկա հետպատերազմյան (2020 թ․) շրջանում» վերատառությամբ հոդվածը։ Հոդվածի առանցքում Հայաստանի համար ճգնաժամային իրադարձություններից՝ համավարակից և պատերազմից հետո գիտության նկատմամբ վերաբերմունքի փոխակերպման, գիտության դերի վերարժևորման հարցերն են, որ բարձրացվել են պետական, հանրային, հասարակական և գիտական ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Հոդվածում փորձ է արվում եռատարր (պետական նախագծեր, հանրային քննարկումներ, հասարակական նախաձեռնություններ) ուսումնասիրությամբ ամբողջացնել գիտության շուրջ պետական և հանրային խոսույթի շրջանակը։ Հոդվածի հեղինակներն են՝ թյուրքագետ և քաղաքագետ Անահիտ Կարապետյանը, արվեստի քննադատ և հետազոտող Մարինե Խաչատրյանը, միջազգայնագետ Մերի Բաբայանը։ 


Համարն ունի բաց հասանելիություն՝ ինչպես տպագիր, այնպես էլ առցանց ձևաչափերով։ Տպագիր տարբերակը կարելի է գտնել ՀԱՀ ՀԲԸՄ Փափազեան գրադարանում։ 


 «Գիտությունը որպես հանրային և պետական խոսույթի առարկա հետպատերազմյան (2020 թ․) շրջանում» հոդվածը՝ Zenodo – Article
Տարեգրքի ամբողջական համարը՝ Zenodo – Yearbook Vol. 1