Դասական դետեկտիվը և դրա կրած փոփոխությունները դարերի ընթացքում. մաս 2-րդ

Տես Մաս 1-ին

Հերոսի խնդիրը դետեկտիվներում
Է. Պոն ոչ միայն ժանրի հիմնադիրն է, այլև նա առաջինն էր, ով առաջ քաշեց գլխավոր հերոսի տիպը՝ մեծագույն խուզարկուին, որ գրեթե ոչ մի կապ չուներ ոստիկանության հետ, և նրան խնդրի բացահայտումը հետաքրքրում էր այնքանով միայն, որ այն հետաքրքիր է, մտածել է տալիս (նույն տիպին են պատկանում նաև Ա. Կ. Դոյլի՝ Հոլմսին նվիրված բազմաթիվ ստեղծագործությունները), որովհետև հանցագործի արարքը նրա համար թվում էր բարոյականության ու խղճի կանոններին հակասող, կամ էլ նա իր պարտքն էր համարում իրականությունը բացահայտելով ծառայել հասարակությանը (Ագաթա Քրիստիի՝ Միսս Մարփլին նվիրված վիպաշարը):

Սակայն ժանրի հիմնադրումից հետո վեպի գլխավոր հերոսը քանիցս փոփոխությունների ենթարկվեց, ժամանակի ընթացքում ստեղծվեցին գլխավոր հերոսի մի քանի կարծրատիպեր, որոնք ամրակայվեցին և հավասարապես շարունակում են գործածվել կերպարակերտման ժամանակ՝

  • Մեծագույն խուզարկու կամ սիրողական խուզարկու. խուզարկու, որի համար հանցագործություն բացահայտելը ոչ թե աշխատանք է կամ մասնագիտություն, այլ սիրողական գործ, հոբբի: Նման կերպարների շարժառիթների մասին արդեն խոսեցինք, հավելենք միայն, որ երբեմն նրանք ստիպված են լինում հետաքրքրվել այս կամ այն գործով՝ անձնական պատճառներից ելնելով, այսինքն՝ երբ վտանգ է սպառնում իրենց կամ իրենց հարազատներից որևէ մեկին: Այսպիսի հերոսները ընթերցողի մոտ վստահություն են ստեղծում. «եթե կարողացավ նա, կարող եմ և ես», ինչն ավելի է կլանում և ստիպում մտածել հերոսի հետ միասին:

  • Մասնավոր խուզարկու. խուզարկու, ում համար հանցագործություններ հետաքննելը կյանքի գործ է, բայց սրա հետ մեկտեղ նա չի ծառայում ոստիկանական որևէ բաժանմունքում: Սակայն հաճախ հեղինակները, որպեսզի հեռանան սիրողական խուզարկուի տիպից, իրենց մասնավոր խուզարկուների անցյալից նշում են այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են ոստիկանական ուժերում երբևէ ծառայելը կամ նրանց՝ իրենց պաշտոնից թոշակի անցած լինելը: Այսպիսի քայլը ընթերցողի մոտ դրական, կանխակալ վերաբերմունք է ստեղծում հերոսի նկատմամբ, վստահություն է ներշնչում նրա հանդեպ, ցույց է տալիս նրա պրոֆեսիոնալիզմը: Սակայն աշխարհում ամենահայտնի մասնավոր խուզարկուի կերպարի ստեղծման համար Արթուր Կոնան Դոյլը չդիմեց վերը նշված և ոչ մի հնարանքի, այնուամենայնիվ, նրա ստեղծած կերպարը՝ Շերլոք Հոլմսը, ոչ միայն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, այլև այն աստիճան հարազատացավ մարդկանց, որ 2010 թվականի հարցումների ժամանակ պարզվեց, որ յուրաքանչյուր 5-րդ բրիտանացի համոզված է Հոլմսի իրական անձ լինելումi:

  • Մասնագետ խուզարկու. խուզարկու, որն աշխատում է օրինապահ մարմիններում, և հետաքննությամբ զբաղվելը նրա աշխատանքն է: Հաճախ հեղինակը կարող է ընտրել ոչ թե իր որակական բարձր հատկանիշներով աչքի ընկնող որևէ ոստիկանի, այլ շարքային մի խուզարկուի, ով դժվար գործերի դեպքում հաճախ դիմում է խորհրդատուներին:

  • Խուզարկուի գործընկեր. այս կերպարը կարող է և՛ լինել, և՛ չլինել: Սիրողական խուզարկուի համար, օրինակ, ամեն գործի ժամանակ կարող է նոր գործընկեր անհրաժեշտ լինել՝ կախված մի շարք հանգամանքներից (Օրինակ՝ Ա. Քրիստիի Միսս Մարփլին նվիրված շարքում կա մի վեպ՝ «4:50-ին Պեդինկտոն կայարանից», որտեղ միսս Մարփլն իր համար գործընկեր է ընտրում մի անուն հանած մասնավոր աղախնի, որը պետք է կասկածյալ ընտանիքում դառնար իր ականջներն ու աչքերը): Խուզարկուի գործընկերոջ ամենահայտնի օրինակը, թերևս, Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներում/վեպերում Հոլմսի հետաքննություններում նրան օգնող բժիշկ Վաթսոնն է կամ ավելի ժամանակակից վիպաշարերից մեկում՝ Սթիգ Լարսոնի «Միլենիում»-ում, հետաքննողլրագրող Միքայել Բլումքվիսթին օգնող հաքեր Լիսբեթ Սալանդերը:

Դետեկտիվի տեսակները

«Մաքուր» դետեկտիվից հետո եկավ մի ժամանակաշրջան, երբ հեղինակները տեղում չդոփելու համար պետք է նոր մտքեր հղանային, պետք է դուրս գային շաբլոնային սյուժեներից, իրենց պատմությունն ու խոսքը համեմեին նորանոր ենթասյուժեներով, որոնց, իհարկե, դեմ էր պահպանողականությունը: Սակայն ժամանակի թելադրանքը և ընթերցողների քիմքին հաճո գործեր ստեղծելու ցանկությունը հաղթեցին այս լուռ պայքարում, ինչի արդյունքում ժանրերը միախառնվեցին, և ստեղծվեցին դետեկտիվի տեսակները: Այստեղ կթվենք դրանցից հաճախադեպները (երկուսի մասին մենք արդեն խոսել ենք՝ մանկական և ֆանտաստիկ դետեկտիվ).

  • Փակ կամ հերմետիկ դետեկտիվ Իր գլխավոր բոլոր դրույթներով դետեկտիվի այս տեսակը հիշեցնում է դասական դետեկտիվը, սակայն տարբերությունն այն է, որ այստեղ կասկածյալների և գործող անձանց թիվը սահմանափակ է: Հիմնականում սյուժեն հյուսվում է այն դրույթի վրա, որ որևէ փակ տարածքում կատարված սպանության համար մեղավոր է ներկաներից որևէ մեկը, և, հանուն բոլորի անվտանգության, խուզարկուն սկսում է իր հետաքննությունը՝ գտնելու համար մարդասպանին: Սա հնարավորություն է ընձեռնում ընթերցողին ևս անմիջապես ծանոթանալ կասկածյալներին և խուզարկուի հետ միասին բացահայտել գաղտնիքները: Այս առումով հեղինակն ամբողջովին անկեղծ է ընթերցողի հետ. այն ամենը, ինչ հայտնի է դառնում խուզարկուհերոսին, անմիջապես իմանում է նաև ընթերցողը, նրան մնում է միայն «մեկին գումարել մեկ», կատարել վերջնական եզրահանգում և պարզել հանցագործի ինքնությունը: Այս տիպի դետեկտիվներում հանցագործությունը, սովորաբար սպանությունը, կարող է կրել կրկնվող բնույթ, ինչի արդյունքում կասկածյալների թիվն ամեն անգամ նվազում է: Այսպիսի դետեկտիվներ են Ագաթա Քրիստիի «Պուարոյի Սուրբ ծնունդը», «Սպանություն «Արևելյան ճեպընթացում», Դիկ Ֆրենսիսի «Թակարդում» և այլն:

  • Հոգեբանական դետեկտիվը, ի տարբերություն նախորդի, կարող է մեղանչել վեպի կանոնների դեմ: Այս ստեղծագործություններն ավելի հոգեբանական վեպ են հիշեցնում, քան դետեկտիվ: Սակայն սրանցում հանցագործությունը, հաճախ՝ մարդասպանությունը, քննվում է արդեն ոչ միայն օրենքի տեսանկյունից, այլև հոգեբանության: Խուզարկուն կամ նրա խորհրդատու հոգեբանն առաջին հերթին փորձում են կազմել մարդասպանի հոգեբանական պատկերը, պարզել նրա հանցանք գործելու մոտիվները, որոնք շատ հաճախ լինում են անձնական, և, խաղալով ու մանիպուլյացիայի ենթարկելով հանցագործին, գցում են իրենց թակարդը: Այս տիպի դետեկտիվներ են Ջեֆֆրի Լինդսեյի «Դեքստեր» շարքը, Թես Գերրիթսենի «Վիրաբույժը», Ագաթա Քրիստիի «Ռոջեր էկրոյդի սպանությունը» և այլն:

  • Պատմական դետեկտիվի դեպքում գործողությունները տեղի են ունենում անցյալում կամ ներկայում հետաքննվում են անցյալի հանցագործությունները: Այս ենթաժանրով ստեղծագործելը, թերևս, ավելի բարդ է, քան մյուսներով: Մի կողմից հեղինակին ճնշում է պատմությունը, իսկ մյուս կողմից նա պետք է ազատություն տա իր մեջ եղած ստեղծագործողին: Թերևս այս ենթաժանրի ամենահայտնի գործերից են Ագաթա Քրիստիի «Մահը վերջում է գալիս» վեպը, որի գործողությունները տեղի են ունենում մ.թ.ա. 2000 թվականին (ի դեպ, սա Ա. Քրիստիի միակ գործն է այս ենթաժանրով) և Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը, որի գործողություններն էլ տեղի են ունենում 1327 թվականին չանվանված մի վայրում:

  • Լրտեսական դետեկտիվը լրտեսական վեպի և դետեկտիվի խառնուրդ է, որ ընթերցողին է պատմում լրտեսների, հետախույզների և նման մասնագիտության տեր մարդկանց կյանքից որոշ դրվագներ, որոնք կարող են պատահած լինել նրանց հետ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ: Մեծ առումով ցանկացած լրտեսական վեպի մեջ էլ կարելի է գտնել դետեկտիվի տարրեր, այնպես որ այս ենթաժանրը փոքրինչ եզրագծային է: Այս ենթաժանրի ամենից հայտնի գործերից են Բորիս Ակունինի «Թուրքական գամբիտ», Ագաթա Քրիստիի «Շագանակագույն պիջակով մարդը», «Կատուն աղավնիների մեջ» և այլ վեպերը, ինչպես նաև Յան Ֆլեմինգի «Ջեյմս Բոնդին» նվիված ողջ վիպաշարը:

  • Լրտեսական դետեկտիվներին փոքր-ինչ հարում են նաև քաղաքական դետեկտիվները, որոնցում, սակայն, շեշտը դրվում է ոչ թե լրտեսական, հետախուզական գործողությունների, այլ քննվող գործի քաղաքական կողմի վրա: Հետաքրքիր լուծում է նման վեպերում, երբ խուզարկուն ինքը հեռու է քաղաքականությունից, սակայն գործի բացահայտման ընթացքում նրան սկսում են խոչընդոտել ինչ-ինչ քաղաքական ուժեր, որոնց գործած հանցանքները նա կարողանում է բացահայտել իր համառության շնորհիվ միայն: Հաճախ է պատահում նման ենթաժանրում, երբ բոլոր գործող հերոսները, բացի գլխավորից, բացասական են լինում: Այս ենթաժանրի թերևս ամենահաջողված գործերից է Ագաթա Քրիստիի «Մեծ քառյակը» վեպը: Այստեղ կարելի է դասել նաև Բոնդիանայի մի շարք գործեր:

  • Թրիլլեր-դետեկտիվներն իրենց տեսակով ամենաչտարբերակվածն են: Սրա տարրերը կարելի է գտնել ինչպես լրտեսական գրականության մեջ, այնպես էլ արկածային, ֆանտաստիկ և սարսափ ժանրերում: Այնուամենայնիվ բերենք ժանրի մի քանի օրինակներ. Թոմաս Հարրիսի «Գառների լռությունը», Սթիգ Լարսոնի «Վիշապի դաջվածքով աղջիկը», Սթիվեն Քինգի «Փայլը», Դեն Բրաունի «Թվերի ամրոցը», «Խաբեության սկզբնակետը» և այլն:

  • Բժշկական դետեկտիվներում հետաքննությունը վարում է կա՛մ բժիշկ-խուզարկուն, կա՛մ էլ խուզարկուի գործընկեր բժիշկը: Հիմնականում սյուժեն զարգանում է այն դրույթի վրա, որ հանցագործությունը, բացառապես՝ սպանությունը, կատարվել է այնպիսի եղանակով, որը կարող է հասկանալ միայն բժիշկը կամ միայն դատաբժիշկն իր եզրակացություններով կարող է հուշել խուզարկուին հանցագործի մասին այնպիսի մանրամասներ, որոնք կհանգեցնեն նրա ձերբակալությանը: Պատահում է նաև, որ այսպիսի վեպերում բժիշկն է լինում չարագործը, ով խախտում է իր տված երդման կարևոր մի պայմանը՝ չվնասել: Այսպիսի դետեկտիվները բարդ են այնքանով, որ այստեղ հաճախ, բացի վառ երևակայությունից և օրենքների իմացությունից, հարկավոր է նաև բժշկագիտության խոր իմացություն, որը թույլ կտա հեղինակին ամեն ինչ նկարագրել մանրամասնորեն և հավաստի: Այսպիսի վեպերը երբեմն ուղղված են ընթերցողների կոնկրետ խմբի: Նմանատիպ գործերից են Թես Գերիթսոնի «Վիրաբույժը» և «Աշակերտը» (ինչպես նաև վերջինս բժշկական թրիլլերների մի ամբողջ վիպաշար ունի, որոնք համեմված են դետեկտիվի տարրերով), Քեթի Ռայհի «Ոսկորներ» շարքը և այլն:

Այսքանով, իհարկե, չեն սահմանափակվում դետեկտիվի ենթատեսակները, որպես այդպիսին կարող ենք նշել նաև ոստիկանական դետեկտիվը, հումորային կամ հեգնական դետեկտիվը, կրիմինալ դետեկտիվը և այլն: Սակայն վերը բերեցինք ամենատարածված տիպերի կարճ նկարագրերը՝ ժանրերի այս ենթաոճերում սահմանների որոշման համար:

Գեղարվեստական հնարա՞նք, թե՞ փաստավավերագրություն. դետեկտիվի գեղարվեստականությունը

Չնայած դետեկտիվները համարվում են գեղարվեստական գրականության գործեր, բայց նրանցում նկարագրված սյուժեներին հաճախ հանդիպում ենք նաև առօրյայում:

Սկզբնավորվելով ավելի քան 150 տարի առաջ՝ գուցե և դետեկտիվներն ի սկզբանե եղել են միայն գեղարվեստական հորինվածքներ, սակայն ժամանակի ընթացքում, և առավել ևս այսօր, երբ լրատվությունը հնարավորություն է ընձեռնում մարդկանց ամեն օր ծանոթանալ ոստիկանական քաղվածքներին, դժվար է գտնել գործեր, որոնք այս կամ այն չափով չեն համապատասխանում իրականում տեղի ունեցած որևէ հանցագործության: Սակայն միայն այն, որ հեղինակները կարող են օգտվել ոստիկանական քաղվածքներից իրենց ստեղծագործությունը գրելիս, չպետք է ընթերցողին հանգեցնի այն մտքին, թե արդյո՞ք այս գործերը սոսկ իրական դեպքերի վերապատմում չեն: Իհարկե, ավելի հետաքրքիր է, երբ հեղինակն ինքն է հորինում ամենը, և ընթերցողը լրիվ անծանոթ է պատմությանը, սակայն սա չի նշանակում, թե օգտվելու դեպքում մենք գործ ունենք նույն ոստիկանական քաղվածների հետ: Դետեկտիվն ունի իր մի շարք առանձնահատկությունները, որոնք նրան տարբերակում են պատահարների, հանցագործությունների մասին թողած արձանագրություններից: Առաջին հերթին բացառապես ամեն գրող պետք է հետևի մի կանոնի. անգամ եթե օգտվել է որևէ աղբյուրից, ապա այնտեղից պետք է վերցնի միայն պատմության կմախքը, որն արդեն հարստացվելու է հենց հեղինակի պատկերակերտման շնորհիվ: Հեղինակն ազատ է իր ունեցած տվյալների օգտագործման հարցում, նա կարող է ավելացնել կերպարներ, փոխել գործողությունների վայրը կամ ընդհանրապես չնշել այն, ի վերջո նա կարող է և իր մտապատկերում կերտել նոր հանցագործ, որն ամենևին էլ չի համընկնի իրական հանցագործության մեջ մեղադրվողի հետ: Ավելին՝ դետեկտիվի որոշ ենթատեսակներ կարող են ընդհանրապես հորինվածք լինել (օրինակ՝ պատմական, լրտեսական դետեկտիվները, որոնց դեպքում վերցվում է իրականությանը համապատասխան պատմական որևէ փաստ, իրադարձություն, և այն մեկնաբանվում է ըստ հեղինակի ցանկության ու երևակայության): Մյուս կողմից, դետեկտիվի (առավելապես՝ ժամանակակից) գեղարվեստականության հետ կապված, երբեմն հարցերի տեղիք է տալիս նրա որոշ տեսակներում այլևայլ իրողությունների մանրամասն նկարագրությունների առկայությունը: Ոստիկանական դետեկտիվներն, օրինակ, այսօր մեծ սեր ու տարածում են գտել ընթերցողների շրջանում, սակայն դրանցում կան նաև այնպիսիները, որոնք ոչ միայն ամենայն մանրամասնությամբ նկարագրում են ոստիկան-խուզարկուների առօրյան, այլև ընթերցողին են հրամցնում այնպիսի նեղ-մասնագիտական տվյալներ, որոնք ոչ միայն անհետաքրքիր են դարձնում ընթերցումը, այլև առաջ են բերում հակակրանք նման գրականության հանդեպ: Օրինակ՝ երբ խուզարկուն կասկածյալի մատնահետքերն ուղարկում է փորձարարական ստուգման, ընթերցողին չեն հետաքրքրում ստուգման ողջ մանրամասները, նրան հետաքրքիր է միայն վերջնական արդյունքը: Նույնը կարող ենք ասել նաև բժշկական դետեկտիվների մասին: Երբեմն հեղինակներն այնքան են խորանում բժշկագիտական տերմինների մեջ, որ ոչ-մասնագետ ընթերցողը պարզապես չի հասկանում բժիշկ-հերոսի որևէ ասածը: Ժամանակակից ամերիկյան մի շարք բժշկական դետեկտիվներում նմանատիպ դեպքերը կանխելու համար խելացի բժշկի կողքին միշտ տեսնում ենք նրա գործընկեր խուզարկուին, ով, որպես կանոն, ընդհատում է նրա խոսքը և խնդրում այդ ամենը բացատրել «մատչելի, հասկանալի անգլերենով»: Սա էլ թերևս գեղարվեստական հնարանք է, երբ գրողը հասկանում է, որ գրում է ոչ նեղ շրջանակի համար և պարզաբանում, պահանջող կերպարի օգնությամբ նյութը հասանելի դարձնում նաև լայն շրջանակներին: Բժշկական տերմինոլոգիայի նման կուտակումներ կարելի է հանդիպել, օրինակ, Թես Գերիթսոնի՝ բժիշկ Մորա Այլզին և դետեկտիվ Ջեյն Ռիցցոլիին նվիրված վիպաշարում կամ Քեթի Ռայհի՝ դատաբժիշկ և անթրոպոլոգ (մարդաբան) Տեմպերանս Բրենանին նվիրված «Bones/Ոսկորներ» վիպաշարում:

Վերլուծության սկզբում ներկայացնելով Սթիվեն Վան Դայնի 20 կանոնները՝ տեսանք, որ դրանցից որոշները սահամանափակում են գործի գեղարվեստականությունը` 8. Հարցի լուծման համար պետք է բացառել ամենայն գերբնականը և 16. Դետեկտիվում տեղ չունի գեղարվեստականությունը՝ ճոխ նկարագրությունները: Այնուհանդերձ, այսօր այս կանոններին չի հետևում բացառապես և ոչ մի հեղինակ: Նշվածներից երկրորդ կետն ընդհանրապես հակասում է գրականության գեղարվեստականությանը, խոսքը դարձնում է չոր և միայն տրամաբանության վրա հիմնված: Այնինչ ընթերցողին գրավելու առաջնահերթ նախապայման է նաև նրա էսթետիկական հաճույքն ապահովելը: Անգամ ամենածանր հանցագործությունները պետք է նկարագրել ոչ այնպես, որ ընթերցողը խորշանք ապրի և ենթարկվի շոկի, այլ այնպես, որ նա վերաբերի այդ հանցագործությանը որպես մի էսթետիկական ակտի: Այսպիսի եզրահանգումներ է անում Թոմաս դՔուինիսն իր «Սպանության՝ որպես արվեստի մի տեսակի մասին» էսսեում: Հասկանալի է, որ եթե բացակայեին գեղարվեստական բոլոր «մեղմացուցիչ» նկարագրությունները, ընթերցողն ընդհանրապես իր ձեռքը չէր առնի դետեկտիվը. գրքի գեղարվեստականությունն ընթերցողին մտային լարում ստեղծող հանելուկների հետ միասին ներգրավում է հետաքննության մեջ:

Ութերորդ կետը բացասում է ամենայն գերբնականը. մենք, սակայն, վերը խոսելով սինթեզված ժանրերի մասին, առանձնացրինք ֆանտաստիկ դետեկտիվ ենթաժանրը, որում ուղղակի կարող են անտեսվել իրականությանը և խելամտությանը համապատասխանող բոլոր օրենքները: Մյուս կողմից՝ գրեթե բոլոր դետեկտիվներում, մասնավորապես՝ ֆանտաստիկ և սարսափ դետեկտիվներում, սարսափ տեսարանների պակասություն չի զգացվում: Սա ևս գեղարվեստական հնարանք է, որը հնարավորություն է տալիս ընթերցողին լարված դրության մեջ պահել. իսկ ի՞նչն է այդպիսի դրության մեջ պահում վերջինիս, եթե ոչ վախը: Վախ ազդելու համար հեղինակները ոչնչի առաջ կարող են կանգ չառնել, կարող են նկարագրել սպանության ակտը մանրամասն դաժանությամբ (հիմնականում՝ հոգեբանական դետեկտիվներ) կամ լքված տների, գերեզմանոցների, կիսաքանդ շինությունների, իսկ առավել հաճախ՝ եկեղեցիների նկարագրություններ տալ:

Հաճախ նկարագրությունները վերաբերում են ոչ միայն անշունչ առարկաների կամ որոշակի տեսարանների, այլև գրողի գրչի տակ կենդանություն է առնում ինքը՝ հորինված մարդասպանը: Հոգեբանական համոզչականության հասնելու համար (կրկին հիմնականում հոգեբանական դետեկտիվներում) հեղինակները նկարագրում են մեղադրյալի արտաքինը, ուշադրություն են դարձնում նրա անցյալի ավելի «գունեղ» իրադարձությունների վրա, որոնց միջոցով փորձում են պարզել հասարակ մարդուց մարդասպանի վերածվելու նրա անցած ուղին ու պատճառները:

Այսպիսով՝ սույն վերլուծության երկու մասերում մենք փորձեցինք համակարգել դետեկտիվ ժանրի մասին եղած բոլոր տեղեկությունները, քննություն կատարել դրա զարգացման վերաբերյալ, նշել դրա ստեղծման նախադրյալներն ու մասսայական մշակույթի մաս կազմելու գրավականները: Այսքանով, իհարկե, չեն սահմանափակվում այս ժանրի մասին եղած գիտելիքները: Ժանրի ավելի խորը և ամբողջական հետազոտմամբ զբաղվել և շարունակում են զբաղվել առավելապես ամերիկացի և եվրոպացի հեղինակները, իսկ վերը մեր բերածն ընդամենը ծանոթագրական բնույթ է կրում:


i http://anglofil.ru/anglichane-veryat-chto-sherlok-xolms-zhil-na-bejker-strit/



Օգտագործած գրականության ցանկ

  1. Как сделать детектив, Москва, 1990, ст. 16,18, 271-272, աղբյուրը՝ http://www.rulit.me/books/kak-sdelat-detektiv-get-291948.html
  2. Թիբոր Քեսթհեյի «Анатомия детектива: Следствие по делу о детективе»,
  3. https://ru.wikipedia.org/wiki/Детектив
  4. Энциклопедический словарь английской литературы XX века, Москва, 2005, статья А. Саруханяна (ст. 142)
  5. http://dbiblioteka.forum2x2.ru/t226-topic


Հեղինակ` Արման Վերանյան (Arman Veranyan):© Բոլոր իրավունքները պաշտպանված են: