«Ավագ եղբայր», թե քաղաքական տկար միտք

Photo: aravot.am
Photo: aravot.am

Սույն թվականի ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով ծավալված առավել ակտիվ ռազմական գործողությունները թեև տևեցին ընդհամենը չորս օր, բայց և այնպես ունեցան մի քանի կարևոր հետևանքներ:

Դրանցից մեկը, որի ուսումնասիրությանն էլ նվիրված է այս վերլուծությունը, վերաբերում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկին` հայ–ռուսական հարաբերություններին:

Ապրիլյան դեպքերից հետո ներհայաստանյան ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական շրջանակներում ակտիվորեն սկսվում է քննարկվել մեր ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ համաանդամ Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ: Ամենատարբեր  մակարդակներում՝ սկսած կենցաղային միջավայրից, վերջացրած  պետական  կառավարական ատյաններով, բուռն քննարկումներ են ծավալվում այն փաստի շուրջ, որ հայկական դիրքերը ռմբակոծվում են ռուսական արտադրության զենքերի ամենատարբեր տեսակներով: Մամուլում, ինչպես նաև որոշ հեռուստաալիքներով հրապարակվում են տվյալներ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի տեսակների և քանակի  մասին: Այս ամենը, բնականաբար, հարուցում է  հայ հասարակության բացարձակ մեծամասնության  բողոքն ու զայրույթը: Թեև ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմերը պաշտոնական մակարդակով արտահայտում են իրենց վերաբերմունքն ու կարծիքը խնդրո առարկայի վերաբերյալ, այնուամենայնիվ դրանք բավարար չեն  լինում հանգստացնելու հասարակության առնվազն ակտիվ շրջանակների զայրույթը՝ չտալով նրանց հետաքրքրող առաջնահերթ նշանակության մի շարք հարցերի պատասխանները: Վերլուծության նպատակը ամենևին էլ Ռուսաստանի՝ ՀՀ-ի նկատմամբ վարած քաղաքականության քննադատությունը չէ կամ Ռուսաստանին որպես թշնամի երկիր ներկայացնելը, այլև հայ հասարակական-քաղաքական մտքի (եթե  այդպիսին  եղել է) վերջին 300 տարվա պատմության համառոտ վերլուծությունն է, որը հնարավորություն կտա գտնել մեզ հետաքրքրող մի շարք  հարցերի պատասխաններ. հարցեր, որոնք մենք ուղղում ենք սխալ հասցեատերերի՝ ի դեմս Ռուսաստանի, Եվրոպայի և այլոց:

Պատմական ակնարկ

Այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք է վաճառում Ադրբեջանին՝ պատճառաբանելով, որ եթե ինքը չվաճառի, ապա նրա փոխարեն դա կանեն ուրիշները (թեպետ վերջինիս այս պնդումները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ իր կողմից Ադրբեջանին վաճառվող հեռահար հարվածի համար նախատեսված և մեծ ավերածություններ կատարող զինատեսակների և դրանց համազոր այլ զենքերի վաճառքն օրենքով արգելված են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Միացյալ Թագավորությունում և այլ երկրներում, որոնք հանդիսանում են նման զենքեր արտադրող հիմնական երկրները), որ Ռուսաստանը հավասարության նշան է դնում իր ինքնորոշման իրավունքի համար պայքարի ելած արցախահայության և ազերիների գործողությունների միջև, ամենևին էլ չպետք է մեզ համար նորություն լինի կամ նույն Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ձևավորի: Գաղտնիք չէ, որ ճակատագրի բերումով մեր զբաղեցրած աշխարհագրական դիրքը միշտ էլ մեծապես հետաքրքրել և հետաքրքրում է ժամանակի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակի խոշոր պետություններին: Այդ հետաքրքրվածությունն ամենևին էլ պայմանավորված չէ մեր նկատմամբ մեծ պետությունների տածած համակրանքով, սրտացավությամբ կամ էլ թշնամանքով: Պարզապես Ռուսաստանի կողմից մեր տարածքի նկատմամբ վերահսկողությունը նրան հնարավորություն է տալիս հակազդելու Թուրքիայի և վերջինիս միջոցով ԱՄՆ-ի ազդեցության տարածմանը տարածաշրջանում։ Բացի այդ, մենք պատնեշ ենք ստեղծում Ռուսաստանի կազմում գտնվող իսլամական ժողովուրդների և Մերձավոր Արևելքի մահմեդականների միջև: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարևոր է նաև Մերձավոր Արևելքում ռուսական ազդեցության համար: Արևմուտքը ևս իր շահադիտական նպատակներն ունի՝ կապված մեր պետության հետ: Չնայած Թուրքիան այսօր էլ հանդիսանում է ԱՄՆ-ի դաշնակիցն ուՆԱՏՕ-ի անդամը, այնուամենայնիվ, Հայաստանն ու հայերը լրացուցիչ զենք են ԱՄՆ-ի համար՝ զսպելու իր դաշնակից Թուրքիայի օրեցօր աճող նկրտումները և ազդեցության տարածումը Մերձավոր Արևելքում և, ընդհանրապես, իսլամական աշխարհում: Ասվածի վառ ապացույցն է «Հայկական հարց» կոչվածը, որը ոչ այլ ինչ էր, քան զենք մեծ տերությունների ձեռքին՝ Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Բացի այդ, ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես միութենական մյուս հանրապետությունները, այնպես էլ Հայաստանը նյութական և այլ մակարդակի զգալի օգնություն են ստացել ԱՄՆ-ից, որն այդ կերպ ձգտում է դուրս բերել մեզ ռուսական վերահսկողության գոտուց և այդպիսով խեղդել Ռուսաստանի կայսերական ձգտումները տարածաշրջանում: Եթե այս ամենի կողքին ավելացնենք նաև մեր զբաղեցրած տարածքի տնտեսական և ունեցած առևտրական ճանապարհների կարևորությունը, ապա պարզ կդառնա մեծ պետությունների՝ մեր նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության իրական դրդապատճառները:

Այդ հասկանալու համար պարտադիր չեն ակադեմիական գիտելիքներ, բավարար է միայն հետադարձ հայացք նետել մեր պատմության էջերին` անցյալից դասեր քաղելու միտումով: Արդյունքում կտեսնենք, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում նմանատիպ իրավիճակներ բազմիցս են եղել հայ իրականության մեջ:

Պետականության կորստից հետո հայ քաղաքական միտքը դարեր շարունակ սևեռված է եղել մեկ գաղափարի վրա` գտնել որևէ արտաքին ուժ, շահել նրա հովանավորությունը և վերջինիս օգնությամբ վերականգնել հայոց պետականությունը: Այս տեսակետը զարգացնելու ճանապարհին հայ հասարակական և քաղաքական մտքի ներկայացուցիչները այնքան առաջ են գնացել, որ նույնիսկ առաջ են քաշել«Ներսես Մեծի կտակ» անունը կրող փաստաթղթի գոյությունը: Վերջինիս համաձայն՝ «հայոց պետականությունը, որը կործանվել էր մեր գործած մեղքերի պատճառով, պետք է վերականգնվեր Արևմուտքից եկած բարեպաշտ քրիստոնյա արքայի օգնությամբ»: Ասվածի մեկ այլ ապացույց է հանդիսանում «Դաշանց թուղթ» կոչվածը, համաձայն որի հայոց Տրդատ 3-րդ թագավորը և Հռոմի կայսր Կոստանդինոսը պայմանագիր են կնքել, որով վերջինս իր և իր սերունդների անունից պարտավորվել է մշտապես աջակցություն ցուցաբերել հայերին: Այստեղ ամենևին էլ կարևոր չէ՝  նման կտակ կամ պայմանագիր գոյություն ունեցել է, թե ոչ: Փաստն այն է, որ հայ քաղաքական միտքը պետականության վերականգնման ողջ հույսը այսուհետ դնում է միայն արտաքին ուժի վրա: Ընդունելով որևէ արտաքին ուժի հետ համագործակցելու կարևորության փաստը պետականության վերականգնման կամ որևէ քաղաքական այլ նպատակի հասնելու գործում՝ այնուամենայնիվ գտնում ենք, որ մեր այրերը առաջնային դերակատարությունը պետք է տային հայ ժողովրդին: Իսկ դա նրանցից բացի եվրոպական ամենատարբեր երկրների արքունիքի դռները ծեծելը և օգնություն խնդրելը, պահանջելու էր առաջնահերթ զբաղվել սեփական ժողովրդի նախապատրաստական աշխատանքներով` ինչպես ռազմական, այնպես էլ գաղափարաբանական ասպեկտներում (այս իմաստով ինչ-որ չափով բացառություն են կազմում Արցախը և Սյունիքը 1720-ական թվականներին): Սակայն դա նրանց պլանների մեջ ամենևին էլ չէր մտնում: Դեռ ավելին, սեփական գործոնը անտեսելով և հույսը միայն արտաքին ուժի վրա դնելով՝ մեր այրերը մոռանալու կամ այլ պատճառներով հաշվի չէին առել նաև շահագրգռվածության գործոնը: Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, թե ինչքանով է շահագրգիռ եվրոպական որևէ պետություն (բացի քրիստոնյա լինելուց), օրինակ Ֆրանսիան. տվյալ ժամանակաշրջանում հայոց պետականության վերականգնման և հայերին օգնելու հարցում, որո՞նք են նրա շահերը Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմ սկսելու դեպքում, կամ որքա՞ն են նրա շանսերը այդ նույն պատերազմում հաղթելու համար: Առանց վերոնշյալ հարցադրումների և համապատասխան եզրահանգումների որևէ պետության դիմելը մեր կողմից դիտարկվում է առնվազն իբրև պարզունակ միամտություն:Գտնում ենք, որ մինչ Իսրայել Օրին հայ քաղաքական միտքը իրեն նմանատիպ հարցերով չէր ծանրաբեռնել: Եվ միայն Իսրայել Օրին էր, որ երկար տարիներ Եվրոպայում դեգերումներից հետո հասկացավ, որ տվյալ պահին Եվրոպայից որևէ օգնություն ակնկալելը անիրատեսական է ոչ թե նրա համար, որ քրիստոնյա եվրոպացիները դաժան են կամ չեն ցանկանում օգնության հասնել իրենց հավատակից հայերին, այլ այն պարզ պատճառով, որ նրանց շահերը բոլորովին այլ բան են պահանջում: Օրին, Եվրոպայում շփումներ հաստատելով տարբեր երկրների պետական և քաղաքական շրջանակների հետ (Ջոն Լոք, Հովհան Վիլհելմ և այլոք), ձեռք էր բերել քաղաքագիտական բավարար գիտելիքներ, որոնք էլ նրան օգնել էին հասկանալ, որ նմանատիպ խնդիրները լուծվում են ոչ թե զգացմունքներով, այլ առարկայական, նյութական կոնկրետ շահերից ելնելով: Արդյունքում, Օրին կողմնորոշվում է դեպի նոր հզորացող Ռուսաստան, որի շահերը տվյալ ժամանակաշրջանում զգալի չափով համընկնում էին մեր ազգային ձգտումների հետ:

Իսրայել Օրուց հետո նրա գործունեության անմիջական ազդեցությամբ հայ քաղաքական միտքը Արևմուտքից կողմնորոշվում է դեպի Ռուսաստան: Քաղաքական այս կողմնորոշումը շարունակվում է ընդհուպ մեր օրերը` չնայած այն հանգամանքին, որ մեր շահերը մեղմ ասած միշտ չէ, որ համընկել են Ռուսաստանի կայսերական շահերին: Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռուսները, բնականաբար ելնելով իրենց ազգային շահերից, թողել են մեզ միայնակ մեր թշնամիների դեմ, երբեմն նույնիսկ աջակցել նրանց (1724 թվականի ռուս-թուրքական պայմանագիր, 1915-18 թվականներ, 1918 թվականի Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, Լեռնահայաստանի ինքնապաշտպանություն, Գարեգին Նժդեհ (1919-1920 թվականներ), 1920-21 թվականներ): Ամենևին էլ չենք փորձում ապացուցել, նույնիսկ ակնարկ անել առ այն, որ ռուսները դավաճանել են մեզ: Նախ և առաջ մենք պետք է վերջապես գիտակցենք, որ քաղաքականության մեջ դավաճանություն կատեգորիա չկա. գոյություն ունի ընդամենը շահերի համընկնում կամ բախում: Վերագնահատելով ռուսների հետ ունեցած մեր բազմադարյան հարաբերությունները՝  մենք պետք է վերջապես ճիշտ գնահատական տանք դրանց: Եթե մենք ռուսներին համարել և համարում ենք մեր «ավագ եղբայրը» և նրանցից միշտ աջակցություն ակնկալում, ապա վերջիններիս վերաբերմունքը դեպի մեզ ամբողջությամբ արտացոլված է արքեպսիկոպոս Հովսեփ Արղությանինտված պատասխանի մեջ, երբ վերջինս նրանց ներկայացրել էր հայ-ռուսական ապագա պայմանագրի նախագիծը՝ «Պայմանագրեր կնքվում են պետությունների միջև, իսկ հայերը, ինչքան մենք տեղյակ ենք, պետություն չունեն»: Սա շատ տրամաբանական է քաղաքականության մեջ. Ռուսաստանի համար մենք գոյություն ենք ունեցել և ունենք միայն իր շահերի շրջանակներում: Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի հայ քաղաքական միտքը հասկանա այս պարզ ճշմարտությունը և հավերժ դաշնակիցներ կամ «ավագ եղբայրներ» փնտրելու փոխարեն զբաղվի պետականաշինության և այն ամեն գնով հզորացնելու աշխատանքներով: Այսքանից հետո Ռուսաստանին կամ որևէ մեկ այլ պետությանը «ավագ եղբայր» հորջորջող պետական գործիչներին կարելի է բնութագրել առնվազն իբրև քաղաքականապես տհասների: Չնայած այս ամենին` ներկայումս հայ իրականության մեջ մի շարք անձիք շարունակում են Ռուսաստանին վերագրել այսպես կոչված «մեծ եղբոր», հավերժական դաշնակցի, վստահելի գործընկերոջ և հովանավորի պատվավոր դերը: Ցավալին այն է, որ նման մարդիկ դժբախտաբար այսօր գտնվում են իշխանության վերին օղակներում: Իսկ էլ ավելի վատ է այն, որ նման պատկերացումները Ռուսաստանի վերաբերյալ ժամանակի ընթացքում մուտք էին գործել հայ հասարակության գիտակցության մեջ, ինչում  իրենց առանձնահատուկ ներդրումն ունեն խորհրդային իշխանության 70 տարիները: Մեծամասամբ այդ է պատճառը, որ խորհրդային ոգով դաստիարակված սերնդի համար Ռուսաստանի վարքագիծը ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո սառը ցնցուղի ազդեցություն է ունենում: Ի հեճուկս վերջինների՝ մեծ  հույս է ներշնչում անկախության սերունդը, որն, ազատված լինելով նմանատիպ կաղապարներից, հասկանում է կատարվածի տրամաբանությունը և կատարում իրավիճակի ճիշտ վերլուծություն:

Եզրակացություն

Եվս մեկ անգամ նշենք, որ մեր նպատակը Ռուսաստանի կամ մեկ այլ արտաքին ուժի նկատմամբ թշնամական վերաբերմունքի ձևավորումը չէ: Պարզապես փորձ է արվում անցյալի համառոտ վերլուծությունից դասեր քաղել և սեփական դժբախտությունների մեջ այլոց մեղադրելու փոխարեն գտնել  և վերհանել սեփական սխալները՝ ապագայում դրանք չկրկնելու նպատակով: Կարծում ենք՝ պատմության մատուցած դասերը բավարար են, որպեսզի մեր հասարակությունը, այդ թվում և քաղաքական իշխանության ներկայացուցիչները, հասկանան, որ Ռուսաստանը մեր «ավագ եղբայրը» կամ հովանավորը չէ և երբեք էլ չի եղել: Պարզապես պատմական որոշ շրջաններում իր շահերից ելնելով սիրաշահել և օգտագործել է մեզ, շատ հաճախ էլ ոտնահարել մեր ազգային շահերը և ինքնությունը: Եվ դրա մեղավորը ոչ թե նրանք են, այլ մենք, քանզի հիմնավորապես սխալ ենք մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունները և պետականություն կերտելու փոխարեն զբաղվել ենք «ողորմություն» խնդրելով: Այսօրվա մեր «պետական այրերից» ոմանք, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, հետևյալ կերպ են արտահայտվում. «հայը սովոր է որևէ մեկի լծի տակ լինել՝ թուրքի, պարսիկի, այդ դեպքում ավելի լավ չէ՞ լինել մեր մշտական դաշնակից Ռուսաստանի, քան թուրքի կամ պարսիկի տիրապետության տակ» (ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյան), «ռուսը միշտ մեր կողքն ա եղել, հիմա որ գործերը մի քիչ վատացելա, ի՞նչ անենք, թո՞ղնենք իրան, տենց կլնի բա… Ռուսաստանը մեր հարազատնա, Ռուսաստանի սահմանը սկսվումա Հայաստանից» (ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյան), «Առանց ռուսի բա ինչ ենք անելու» (ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան): Ավելորդ և անիմաստ ենք համարում նման արտահայտություններին գնահատական տալը, կմխիթարվենք այն մտքով, որ ոչ բոլորն են նման կարծիքի:

Ինչպես ավանդում  է անգլո-սաքսոնական քաղաքական միտքը, մշտական դաշնակիցներ չկան, կան միայն հավերժական շահեր: Ահա թե որ սկզբունքով լավ կլինի, որ մեր քաղաքական այրերը առաջնորդվեն պետական քաղաքականություն վարելիս: Եթե ինչ–որ մի ժամանակ Ռուսաստանը իսկապես հանդիսանում էր մեր դաշնակիցը, ապա իրավիճակը վաղուց փոխվել է: Անհրաժեշտ է, որ մեր պետական իշխանությունները հասկանան և հաշվի առնեն վերոնշյալ փաստը: Ստեղծված միջազգային և ռեգիոնալ նոր իրադրության պայմաններում Ռուսաստանից բացի մեզ համար  հուսալի և շահավետ դաշնակիցներ կարող են դառնալ նաև այլ արտաքին ուժեր` հանձին Իրանի, Չինաստանի, ինչու ոչ նաև ԱՄՆ-ի: Եվ միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանը դեմ է վերոնշյալ երկրների և մեր միջեւ հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը, բավարար պատճառ չէ, որ մենք չզարգացնենք նրանց հետ մեր դաշնակցային փոխհարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական և ռազմական ոլորտներում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պետք է հարաբերություններն իսպառ խզենք կամ վատթարացնենք ՌԴ-ի հետ: Ընդամենը պետք է վերջինիս հասկացնել, որ մենք իրենից անկախ, ինքնուրույն միջազգային սուբյեկտ ենք և առաջնորդվում ենք միմիայն մեր ազգային շահերից ելնելով (կամ գոնե  ձգտում ենք  այդպիսին  դառնալ): Եվ եթե ՌԴ-ն ցանկանում է, որ մենք և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես առավել կապված լինենք իր հետ, ապա ստիպված պետք է լինի մեզ առաջարկել բազմակողմանի համագործակցության ավելի նպաստավոր պայմաններ, քան մյուսները:

Քաջ գիտակցելով այն հանգամանքը, որ ներկա միջազգային հարաբերությունների տիրույթում մեզ պես քիչ ռեսուրսներ ունեցող պետությունները գործնականում չեն կարող ամբողջովին ինքնուրույն հանդես գալ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ գտնում ենք, որ ուժերի սահմաններում ամեն ինչ պետք է արվի խուսանավելու համար և դրա արդյունքում շահագրգիռ կողմերից որքան հնարավոր է շատ զիջումներ ստանալ: Մեր աշխարհաքաղաքական ներկա իրադրության պայմաններից ելնելով՝ առայժմ չափազանց վտանգավոր ենք համարում ուժային կենտրոններից որևէ մեկին 100 տոկոսով հարելը և նրա շահերին ծառայելը (չնայած կարծում ենք, որ վաղ թե ուշ կանգնելու ենք նրանց միջև ընտրություն կատարելու անխուսափելի անհրաժեշտության առջև, և լավ կլինի, որ որոշումը կայացնենք ոչ թե վերոնշյալ «հանճարեղ այրերի»և նրանց նմանների տրամաբանությամբ, այլ բացառապես ազգային շահերից ելնելով): Ցավոք պետք է արձանագրել, որ ներկա իշխանությունները որդեգրել են հենց այդ կործանարար քաղաքականությունը` մեր ազգային շահերը ստորադասելով արտաքին ուժի, տվյալ դեպքում՝ ՌԴ-ի շահերին (այդ են վկայում ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին մեր անդամակցելը. կառույցներ, որոնք ակնհայտորեն միտված  են ծառայելու միմիայն ՌԴ-ի շահերին, վերջերս նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման  գաղափարը, և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքը և տրամաբանությունը):

Ամփոփելով նշենք. Հայաստանի Հանրապետությունը արդեն 25 տարի ինչ անկախ պետություն է, որն այլևս պետականաշինության և հզորանալու ճանապարհին չպետք է հույսը դնի որևէ այլ օտար ուժի վրա: Այս թեզը ամենևին էլ չի նշանակում, որ մենք մերժում ենք դաշնակիցներ ունենալու միտքը: Ընդհակառակը, ստեղծված միջազգային իրադրությունում մենք որքան հնարավոր է, պետք է ավելացնենք մեր դաշնակիցների թվաքանակը, բայց, կրկնում ենք, որ երբեք պետք չէ հույսը դնել ոչ մեկի վրա, բացի սեփական ուժերից: Հայ քաղաքական միտքը պետք է վերջապես ազատվի անցյալի կաղապարներից, բարձրանա զարգացման ավելի բարձր մակարդակի վրա և դաշնակիցներ փնտրելիս առաջնորդվի ոչ թե «հավերժ եղբայրության» կամ «մշտական թշնամանքի» տղայական, զգացմունքային հասկացություններով, այլ պետական շահի շուրջ կառուցված հասուն քաղաքական տրամաբանությամբ:



Հեղինակ՝ Հայկ Փայտյան (Hayk Paytyan): © Բոլոր իրավունքները