Նպատակ ունենալով նշված թեմայի քննարկումը ծավալել կոնցեպտուալ հարթության վրա, սույն վերլուծությունը չի կրում հիմնարար և բովանդակային ուսումնասիրություններ՝ ռեսուրսների բաշխվածության, տնտեսական մանրամասնված տվյալների վերաբերյալ:
ՀՀ ներկայիս տարածքը (29743 կմ2) բաժանված է տասը մարզի և առանձին համայնքի կարգավիճակ ունեցող մայրաքաղաք Երևանի, այսինքն՝ 11 միավորի, ստացվում է միավորի միջինացված տարածքը կազմում է 2700 կմ2, (բայց, օրինակ Վայոց ձորի մարզի տարածքը 2308 կմ2 է, իսկ Արմավիրի մարզինը՝ 1242 կմ2)։ Բնականաբար, այս թվերը համեմատելի չեն մեծ երկրների տարածքային բաժանումների թվերի հետ։ Սակայն համեմատենք մեր երկու հարևան երկրների տարածքային բաժանումները. Վրաստանում, առանձին էթնիկ խնդիրներով պայմանավորված բացառությունները անտեսելով, կարելի է նշել, որ այս երկրի միջին տարածքային միավորը մեծ է հայաստանյանից 2-ից 3 անգամ։ Ադրբեջանում, երկրի իրական տարածքը բաժանված է 8 միավորի, որոնք միջինացված հաշվով մեծ են հայաստանյանից 3,5 անգամ։
Չնայած այն փաստը, որ տարածքային բաժանումը Հայաստանում ի սկզբանե անցկացվեց խոշորացման ճանապարհով, երբ նախկին խորհրդային շրջանները մեծացվելով վերածվեցին մարզերի, մեծացումն այդ տեղի ունեցավ անբավարար չափով։
Սղագիր` ՀՀ ներկայիս վարչական բաժանումը արդարացված չէ ո՛չ տնտեսական, ո՛չ վարչաքաղաքական ու ո՛չ էլ պատմական առումով և ունի լուրջ խնդիրներ։ Ոլորտի կարգավորումը պահանջում է համակարգային փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը կփորձենք հիմնավորել։
ՀՀ տարածքային բաժանման քաղաքականության մեջ առկա խնդիրները ամփոփենք երեք մեծ ոլորտների մեջ՝ մնալով կոնցեպտուալ մակարդակում։
Վարչաքաղաքական
Տրամաբանորեն տարածքային կառավարման կազմակերպումը պետք է իրագործվի հնարավորինս մեծ սահմաններով, որպեսզի քիչ ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելով՝ կառավարվի հնարավորինս մեծ ընդգրկում ունեցող տարածք։
Եթե նախկինում տարածքային կառավարման հիմնական ցուցիչը հասանելիությունն էր ( դիցուք՝ մարդը ձիու վրա նստած մի օրում ինչքա՞ն տարածք կանցնի կենտրոնից դեպի ծայրամաս), ապա ներկայիս տեխնիկական միջոցների պայմաններում, տարածական ցուցիչն այլևս ակտուալ չէ: Արդի տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաները թույլ են տալիս գրեթե ցանկացած վարչական խնդիր լուծել՝ անկախ տարածական գործոնից, իսկ այդ խնդիրների արդյունավետ լուծումը հիմնականում կապված է ձեռնհաս վարչակազմի ու մեդիագրագետ հասարակության հետ, այլ ոչ մարզի փոքրության։ Այսպիսով, եթե մարզում կա ձեռնհաս վարչակազմ, մեդիագրագետ հասարակություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ, ապա տարածքի չափսը էական չէ։
Տնտեսական
Ներկայիս մարզային բաժանումը, որոշ դեպքերում, հավելյալ դժվարություններ է ստեղծում նաև տնտեսական կյանքում։ Օրինակ՝ Արարատյան դաշտի բաժանումը երկու հարևան մարզերի միջև՝ Արարատի և Արմավիրի, խիստ անտրամաբանական է՝ հաշվի առնելով, որ տեղում կա ջրային ընդհանուր ռեսուրսների պահպանման քաղաքականության, ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման, ձեռներեցության կազմակերպման ու բազմաթիվ այլ խնդիրների կոորդինացման խնդիր։ Երկու մարզերն էլ հիմնականում ապրում են Արարատյան դաշտի կենսառիթմով և դրանց բաժանումը անպատեհ է:
Նույնը կարելի է ասել Սյունիք-Վայոց ձորի դեպքում՝ կապված լեռնագործության և զբոսաշրջության հետ։
Փոքր ու սակավամարդ մարզերը հասկանալի պատճառներով ստեղծում են հավելյալ խնդիրներ՝ մարզում սպառողունակության ապահովման, մրցակցության և ներդրումային գրավչության հետ կապված։
Պատմական
Ընդհանրապես, ՀՀ տարածքային բաժանման ու տարածքային կառավարմանը վերաբերող գրեթե բոլոր փաստաթղթերը թաթախված են պատմական անցյալի նկատմամբ ակնածանքով ու հաճախ անցյալը վերականգնելու ենթատեքստային ցանկությամբ։ Սակայն դրանով հանդերձ, ներկայիս իրողությունը ցույց է տալիս, որ որոշ մարզերի պարագայում պատմական հիմքերը անտեղի խախտվել են։ Օրինակ՝ Արարատյան դաշտի առանձին մարզերը կամ առանձին հանդես եկող Սյունիքն ու Վայոց ձորը։
Ամեն դեպքում, ՀՀ տարածքում վերականգնել Մեծ Հայքի տարածքային բաժանման տրամաբանությունը, բնականաբար իրատեսական չէ (Մեծ Հայքի 15 նահանգներից 5-ն են ներառված ՀՀ տարածքում, այն էլ՝ մասնակի), սակայն առկա հնարավորությունների սահմանում չանել մաքսիմալ հնարավորը, նույնպես համարում ենք չարդարացված։
Այլ խնդիրներ
- Ներկայիս տասը մարզպետարաններն իրենց սպասարկող ծառայություններով ու ենթակառուցվածքներով (շինությունների, մարզպետարանի և օժանդակ կառույցների բնականոն գործունեությունը սպասարկող), զգալի բեռ են պետական բյուջեի համար։
- Ադմինիստրատիվ սահմանափակումները՝ դիցուք այն բիզնեսների կամ տարածական ռեսուրսներ պահանջող այլ կառույցների համար, որոնք գործունեություն են ծավալում միաժամանակ մի քանի հարևան մարզերում, զգալի խոչընդոտներ են ստեղծում։
- Մարզային կենտրոններում պետական կառույցների անիմաստ մուլտիպլիկացվածություն՝ ոստիկանական, դատական մարմիններ, պետական ծառայություններ և տեղական ներկայացուցչություններ։
Ի՞նչ ենք առաջարկում
- Միավորել Սյունիքի և Վայոց ձորի մարզերը և կազմել նոր՝ Սյունիքի մարզ։ Երկու մարզերը ունեն նման ռելիեֆ, կլիմա, միասնական պատմական անցյալ և տնտեսական ու ռեսուրսային ընդհանրություններ։
- Միավորել Արարատի և Արմավիրի մարզերը և կազմել նոր՝ Արարատի մարզ։ Երկու մարզերը, ինչպես արդեն նշվեց, ունեն հիմնարար ընդհանրություններ, ի դեմս Արարատյան դաշտի և տնտեսական գործոնների, ինչպես նաև նույն պատմական անցյալի։
- Միավորել Արագածոտնի, Կոտայքի մարզերը և Շիրակի մարզի հարավային հատվածը, կազմել նոր՝ Արագածի մարզ։ Վերոհիշյալ տնտեսական, վարչարարական ու պատմական գործոնները ակտուալ են նաև այս մարզերի դեպքում։
- Միավորել Լոռու, Տավուշի մարզերը և Շիրակի մարզի հյուսիսային հատվածը, կազմել նոր՝ Գուգարքի մարզ։
- Գեղարքունիքի մարզը թողնել անփոփոխ։ Այն տնտեսական և էկոլոգիական առումներով ինքնատիպ միավոր է ՀՀ կազմում և արդեն իսկ բավականաչափ մեծ, դրա միավորումը կամ տարածքային ընդլայնումը նպատակահարմար չէ։
- Երևանը պահպանում է իր՝ առանձին համայնքի կարգավիճակը։ Թե՛ իր քաղաքական նշանակությամբ և թե՛ բնակչության տեսակարար կշռով, ճիշտ է, որ մայրաքաղաքը դուրս լինի տարածքային միավորներից։
Հավելյալ
Առաջարկում ենք փոփոխություններ կատարել նաև տարածքային կառավարման համակարգում: Այն է՝ մարզային կառավարման մակարդակում ներդնել ավագանու ինստիտուտը, մարզպետի պաշտոնը դարձնել ընտրովի՝ մարզի բնակչությունը ընտրում է ավագանի, ավագանին ընտրում է մարզպետ, ձևաչափով։ Սա նախ ավելի ժողովրդավարական կդարձնի տարածքային կառավարման համակարգը Հայաստանում, այս քայլով մարզպետարանի ու տեղական բնակչության միջև կապն ու փոխպատասխանատվությունը շեշտակի կաճի, կթուլանա ՀՀ կառավարման համակարգում իշխանության հասած կուսակցության ազդեցությունը տարածքային կառավարման համակարգում՝ ստեղծելով հնարավոր հակակշռման մեխանիզմներ։
Առաջարկի թերությունները
- Մարզերի խոշորացման և տեղում տնտեսական կյանքի ակտիվացման դեմ ծառացած հիմնական խնդիրը լոգիստիկ բնույթ է կրում, խոսքը մասնավորապես անորակ տրանսպորտային և կապի ենթակառուցվածքի մասին է (վառ օրինակ կարող է լինել Կոտայքի և Արագածոտնի մարզերի միջև ճանապարհային կապի գործնականում բացակայությունը)։
- Երկրորդ խնդիրը ձեռնհաս, արհեստավարժ աշխատակիցների և վարչակազմի սղությունն է։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում, խոշոր մարզերի մարզպետարանների աշխատանքը լինելու է բոլորովին այլ ռիթմի և որակի, իսկ սա ենթադրում է լուրջ կրթություն ստացած, գործի գիտակ, երիտասարդ ու կարող կադրերի անհրաժեշտություն։
- Առաջարկությունը հուզական արձագանք կառաջացնի անմիջական շահառուների շրջանում, ինչպես նաև հնարավոր են ընդդիմացումներ մարզերի բնակչության կողմից։
Ի՞նչ կտա վերաբաժանումը
- Ավելի խոշոր ու բազմամարդ մարզերը առավել մեծ կշիռ են ունենում տնտեսական հարաբերություններում, ավելի գրավիչ են ներդրումների առումով և տեղավորվում են Կալիֆորնիական էֆֆեկտ հասկացության մեջ։
- Տնտեսական միասնական գոտիների ամփոփում միասնական վարչական սահմանների մեջ։
- Ուռճացված պետական կառավարման համակարգի կրճատում և միջոցների խնայողություն։
- Ավելի պրոֆեսիոնալ և կոմպետենտ մարզային կառավարում, կառավարման արդյունավետացում։
- Տարածքային ինքնակառավարման համակարգում ժողովրդավարական գործընթացների խորացում և ակտիվացում։
- Պատմական արդարության մասնակի վերականգնում։
Ներկայացված առաջարկությունների փաթեթը ընդհանուր առմամբ ելնում է ընթացիկ հայեցակարգից, որի վկայությունն է համայնքների խոշորացման ծրագիրը և պետական ծառայության ապարատի աշխատակիցների վերջերս ծավալված կրճատումները, և սա կարող է լինել լրացուցիչ և ոչ պակաս արդյունավետ քայլ այդ ուղղությամբ։
Հավելված
Վերաբաժանումների վերոնշյալ տրամաբանությունը գործում է նաև Արցախի պարագայում։ Արցախի բաժանումը շրջանների մեր կարծիքով արհեստական է, քանի որ տարածքային առումով վերջինս տեղավորվում է առաջարկվող մարզային ձևաչափի մեջ, և համայնքային մակարդակի բաժանումը միանգամայն բավարար է։
Նմանատիպ մոտեցում պետք է որդեգրվի նաև ապագայում՝ Նախիջևանի հարցը լուծելիս։
Գրականություն
- Հայաստանի ազգային ատլաս
- ՀՀ ԱՎԾ, http://armstat.am/am/?nid=645, http://armstat.am/am/?nid=82&id=1834, http://www.armstat.am/file/article/marz_11_30.pdf
- ՀՀ ՏԿԶՆ, http://mtad.am/hy/the-ta-system/
- David Vogel, Trading Up: Consumer and Environmental Regulation in a Global Economy, Harvard University Press, 1995.
Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: