Մերձավոր Արևելքը մշտապես ներկայացել է որպես տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների շահերի բախման հարթակ, ուստի այստեղ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն էական է միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման տեսանկյունից: Նման փոփոխություններն ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում այն ժամանակ, երբ խոսքը գնում է տարածաշրջանային այնպիսի կարևոր խաղացողի մասին, ինչպիսին Իրանն է:
Սկսած 1979թ. Իսլմական hեղափոխությունից՝ պատժամիջոցները հանդես են գալիս որպես Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ իրականացվող քաղաքականության անբաժանելի բաղադրիչ: Պատժամիջոցները՝ որպես որևէ պետության վրա ճնշում գործադրելու միջոց, նպատակ ունեն ստիպել տվյալ երկրի կառավարությանը գնալ զիջումների՝ ուղղումներ մտցնելով իր կողմից իրականացվող քաղաքականության մեջ: Միջազգային իրավունքի տեսանկյունից դրանք ներկայանում են որպես պետություններին պատասխանատվության ենթարկելու ամենատարածված միջոց, որն օգտագործվում է միջազգայնորեն ճանաչված նորմերի և սկզբունքների խախտման դեպքում:
Եթե 1980-ականներին Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրող հիմնական երկիրն ԱՄՆ-ն էր, ապա արդեն 2005-2013թթ.՝ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության շրջանում, իրավիճակը ենթարկվեց որոշակի փոփոխությունների: Նրա կառավարման տարիներին Իրանն այնքան առաջ անցավ իր միջուկային ծրագրում, որ դարձավ Մերձավոր Արևելքի՝ սեփական ատոմային էլեկտրակայան ունեցող առաջին պետությունը, ինչը թեև բարձրացրեց պետության տարածաշրջանային կարգավիճակը, միևնույն ժամանակ դարձավ երկրի գլխավոր խնդիրներից մեկը: Այս ընթացքում ԻԻՀ-ի վարած քաղաքականությունը հանգեցրեց ՄԱԿ-ի Անվտնգության խորհրդի կողմից 1696 (2006թ.), 1737 (2006թ.), 1747 (2007թ.), 1803 (2008թ.), 1835 (2008թ.), 1929 (2010թ.) բանաձևերի ընդունմանը, իսկ արդեն 2012թ. հուլիսին ԵՄ կողմից ներդրվեց պատժամիջոցների նոր փաթեթ, որի հիմնական բաղադրիչը Իրանից Եվրոպա արտահանվող նավթի վրա դրվող էմբարգոն էր: Դրա արդյունքում 2012թ.-ի կեսերից մինչև 2014թ.-ի սկիզբն ընկած ժամանակահատվածում Իրանից նավթի օրական արտահանումը կրճատվեց շուրջ 2 անգամ:
Արդյունքում 2013 թվականին Իրանի տնտեսական իրավիճակը կտրուկ վատացավ: Մեկ տարվա ընթացքում փակվեցին շուրջ 1200 ընկերություններ, որի արդյունքում գործազուրկների թիվը ավելացավ շուրջ 100 000-ով: Կտրուկ ընկավ իրանական արժույթի կուրսը, ինչը հանգեցրեց գնաճի՝ հարված հասցնելով հասարակ քաղաքացիներին:
Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ 21-րդ դարի առաջին տասնամյակում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների շարքում (ցածր և միջին եկամուտով պետություններ) Իրանի Իսլամական Հանրապետությունը տնտեսական աճով տարածաշրջանում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Հորդանանին, սակայն 2013թ. Իրանի տնտեսությունը տարածաշրջանում վատագույններից էր՝ գերազանցելով միայն քաղաքական բարդ իրավիճակում գտնվող Սիրիային և Լիբիային: Թեպետ Իրանի պաշտոնական տեսակետի համաձայն՝ պատժամիջոցները չէին կարող լրջորեն ազդել երկրի տնտեսության վրա, այնումենայնիվ 2013թ. սկզբին անգամ Մահմուդ Ահմադինեժադը ընդունեց, որ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել իրանական տնտեսությանը:
Պարզ է դառնում, որ վերոնշյալ պատժամիջոցները նպատակ ունեին Իրանի տնտեսությանը այն աստիճանի հարված հասցնելու, որը երկրում կհասունացներ զանգվածային դժգոհություն իշխող վարչակարգի նկատմամբ: Թեև 2011-2012թթ. Իրանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնց սկիզբը ազդարարեց 2011 թ. փետրվարի 14-ին տեղի ունեցած ակցիան՝ «Զայրույթի օրը», այնուամենայնիվ խռովություններ, որոնք կհանգեցնեին իշխող վարչակարգի փոփոխությանը, տեղի չունեցան: Սակայն պատժամիջոցների արդյունավետությունը գնահատելու համար հարկ է անդրադառնալ 2013թ.-ի հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրություններին: Ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց ռեֆորմատոր, ԻԻՀ-ի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանին՝ հավաքելով ընտրողների ձայների 50.88%-ը: Հետաքրքրական է, որ նրա նախընտրական ամենակարևոր խոստումներից էր Արևմուտքի հետ երկխոսության հաստատումը:. «Մեր ցենտրիֆուգաների «վազքը» լավ կլիներ այն ժամանակ, երբ մեր ժողովրդի տնտեսությունը ևս «վազեր» ճիշտ ուղղությամբ». նախընտրական շրջանում կայացած նախագահական բանավեճերից մեկի ժամանակ հայտարարել էր Ռուհանին:
Պահպանողականների աջակցությունը վայելող թեկնածուն՝ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով ընտրողների ձայների 16.46%-ը: Հատկանշական է, որ շատերը քվեարկում էին ոչ թե հենց Ռուհանիի օգտին, այլ ընդդեմ պահպանողականների, որոնք 2005թ. սատարել էին Մահմուդ Ահմադինեժադին, ում օրոք Իրանը կանգնեց տնտեսական ճգնաժամի և միջազգային մեկուսացման առջև: Այսպիսով, պարզ է դառնում, որ բնակչությունը հավանության չէր արժանացնում Ահմադինեժադի վարած քաղաքականությունը, ինչը մեծապես պայմանավորված էր երկրի տնտեսական իրադրության վատթարացմամբ՝ կապված նաև տարատեսակ պատժամիջոցների ներդրման հետ: Փաստորեն, եթե պատժամիջոցները չհանգեցրին խռովությունների, որոնք ի զորու կլինեին փոխել իշխող վարչակարգը, դրանք այնուամենայնիվ նպաստեցին բնակչության շրջանում պահպանողականների քաղաքականության նկատմամբ անվստահության մեծացմանը:
Բանակցային գործընթաց
Բանակցությունների ներկայիս ձևաչափի արմատները հասնում են 2006թ., երբ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն, միանալով դեռևս 2004-2005թթ. Իրանի հետ միջուկային խնդիրների հետ կապված բանակցություններ վարող ԵՄ 3 երկրներին, կազմեցին P5[1]+1 խումբը, որը, փաստորեն, ընդգրկում էր ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներին և Գերմանիային: Նկատելի է, որ վերջին տարիների ընթացքում պարբերաբար կատարվել են համաձայնության հաստատման փորձեր, 2 կողմերն էլ հանդես են եկել առաջարկություններով, սակայն վերջնական համաձայնություն ձեռք բերել մինչև վերջերս չէր հաջողվում: Բանակցային գործընթացում ակնհայտ փոփոխություններ տեղի ունեցան 2013թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Իրանը բանակցություններին ներկայացավ արդեն նոր թիմով՝ արտգործնախարար Ջավադ Զարիֆի գլխավորությամբ: 2013թ. աշնանը Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը ներկայացրեց առաջարկությունների նոր փաթեթ, որում առկա էին նաև յուրաքանչյուր կողմի քայլերին վերաբերող առաջարկներ: Նոյեմբերին կայացած երկփուլ բանակցությունների արդյունքում արդեն նոյեմբերի 24-ին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի միջև ստորագրվեց «Գործողությունների միացյալ ծրագիրը»: Այս միջանկյալ համաձայնագիրը վերաբերում էր ծրագրի առաջին փուլին՝ ընդգրկելով վեցամսյա ժամանակահատված, որի լրանալուց հետո կողմերի ցանկությամբ այն կարող էր երկարաձգվել: Ծրագիրը ենթադրում էր Իրանի կողմից ակտիվ միջուկային գործողությունների դադարեցում և նրա միջուկային ծրագրի միջազգային մշտադիտարկման ինտենսիվության աճ, որի դիմաց նախատեսվում էր պատժամիջոցների որոշակի մեղմացում: Ծրագրի առաջին փուլի մեկնարկից հետո իրանական տնտեսությունում նկատվեց դրական տեղաշարժ.եթե ԵՄ էմբարգոյի և ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում Իրանից նավթի արտահանումը 2013թ.-ի մայիսի դրությամբ կազմում էր օրական շուրջ 700,000 բարել՝ 2011թ.-ի 2.2 մլն. դիմաց, ապա «Գործողությունների միացյալ ծրագրի» ստորագրումից հետո` 2014թ.-ի մայիսին, այդ թիվը հասավ 1.38 մլն. բարելի:
Թեև շարունակվող բանակցությունների ընթացքում նախապես սահմանված ժամկետները հետաձգվում էին, այնուամենայնիվ 2015թ. ապրիլի 2-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում որոշվեց Գործողությունների միացյալ համապարփակ ծրագրի շրջանակը, իսկ բուն համապարփակ ծրագիրը ստորագրվեց 2015թ. հուլիսի 14-ին: Համաձայնագրի նախաբանում հաստատվում է այն փաստը, որ Իրանի միջուկային ծրագիրը կրելու է բացառապես խաղաղ բնույթ: Մասնակիցները նախատեսում են, որ ծրագրի ամբողջական իրականացումը կնպաստի տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Իրանը վերահաստատում է, որ որևէ պարագայում չի փորձելու զարգացնել կամ ձեռք բերել միջուկային զենք: Գործողությունների միացյալ համապարփակ ծրագիրը կհանգեցնի ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր պատժամիջոցների, ինչպես նաև բազմակողմ և առանձին պետությունների կողմից Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ ներդրված պատժամիջոցների վերացմանը՝ ներառելով առևտրի, տեխնոլոգիաների, ֆինանսական և էներգետիկ ոլորտների հասանելիությանն ուղղված քայլեր:
Իրանը պարտավորվում է չզբաղվել միջուկային պայթուցիկ սարքերի մշակմամբ, ինչպես նաև դրվում են սահմանափակումներ ուրանի և պլուտոնիումի արտադրության վրա. Իրանը պարտավորվում է Արաքի օբյեկտում չարտադրել պլուտոնիում և վերափոխել օբյեկտը՝ այն բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու համար: Իրանը պարտավորվել է նաև 15 տարվա ընթացքում ուրանի հարստացումը սահմանափակել մինչև 3,67 %-ը, իսկ ուրանի հարստացման հետ կապված աշխատանքները ընթանալու են բացառապես Նաթանզի օբյեկտում:
Բացի այդ` Իրանը համաձայնում է 25 տարվա ընթացքում թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների կողմից իր միջուկային օբյեկտների մշտադիտարկումը՝ նրանց տրամադրելով բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: ԱՏԷՄԻԳ-ի տեսուչները իրավունք ունեն նաև պահանջել մուտք իրանական ռազմական օբյեկտներ, ինչի վերաբերյալ, սակայն, պաշտոնական Թեհրանը կարող է ներկայացնել առարկություններ: Այդ պարագայում խնդիրը պետք է լուծվի հատուկ արբիտրաժային հանձնաժողովի կողմից:
Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն կպահպանվի մոտակա 5 տարիների ընթացքում, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից վերիֆիկացիոն գործընթացներ անցնելու դեպքում զենքի մատակարարումները հնարավոր կլինեն: Բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների ներկրման վրա գործող արգելքը կարող է պահպանվել ևս 8 տարի:
Համաձայնագրով նախատեսվում է նաև պատժամիջոցների վերացման և դրանց ավտոմատ վերադարձի հնարավորությունը՝ համաձայնագրի գործունեության 15 տարիների ընթացքում պարտավորությունների չկատարման պարագայում: Համաձայնագրի վերահսկողությունն իրականացվելու է Միացյալ հանձնաժողովի կողմից, որի կազմի մեջ մտնելու են Իրանը, P5+1 խմբի երկրները, իսկ Միացյալ հանձնաժողովի համակարգմամբ զբաղվելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարը:
Նկատենք, որ այս ողջ գործընթացը չէր կարող իրականանալ առանց Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեիի համաձայնության: Հոգևոր առաջնորդը մինչև վերջերս խուսափում էր հստակ դիրքորոշում հայտնել հուլիսի 14-ի համաձայնագրի վերաբերյալ, սակայն այն, որ գործընթացն ընթացքի մեջ էր, վկայում էր այն մասին, որ Ռուհանին վայելում էր հոգևոր առաջնորդի աջակցությունը: Առկա որոշակի անորոշությանը վերջ տրվեց 2015թ. հոկտեմբերի 21-ին, երբ Ռուհանիին ուղղված նամակով Համենեին հաստատեց համաձայնագիրը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ պաշտոնական Թեհրանը ակնկալում է բոլոր պատժամիջոցների վերացում, հակառակ դեպքում՝ Իրանը հետ կկանգնի համաձայնագրի կատարումից:
******
Ինչպես ոչ արդյունավետ կառավարումը, այնպես էլ պատժամիջոցների ներդրումը մեծապես նպաստեցին իրանական տնտեսության վիճակի վատթարացմանը: Սակայն պատժամիջոցների ներդրումից հետո Իրանը փորձեց աստիճանաբար դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, ինչը վերջինիս հաջողվեց դեպի Մերձավոր Արևելք և ասիական երկրներ էլեկտրոնիկայի, ավտոմեքենաների, շինարարական հումքի և այլ ապրանքների արտահանման շնորհիվ: Ընդհանուր առմամբ, ոչ նավթային և գազային արտահանումը այժմ կազմում է իրանական արտահանման շուրջ 60%-ը, ինչը Իրանին թույլ է տալիս պահպանել իր՝ միջին եկամտային երկրի կարգավիճակը՝ անգամ առանց նավթի էքսպորտի: Սակայն Իրանի՝ բնական գազի պաշարներով երկրորդ և նավթի պաշարներով չորրորդ պետության համար պատժամիջոցների վերացումը թույլ կտա մատնանշել զարգացման նոր հեռանկարներ:Համաձայն համաշխարհային բանկի տվյալների՝ պատժամիջոցների վերացումից հետո Իրանի նավթային եկամուտները կաճեն շուրջ 15 միլիարդ դոլարով: Բացի այդ՝ իրանական տնտեսությանը լրացուցիչ օգնություն կցուցաբերեն արտասահմանյան ներդրումները, որոնք, համաձայն Համաշխարհային բանկի, մի քանի տարում կհասնեն 3.5 միլիարդ դոլարի: Այս և մի շարք այլ փոփոխություններ կնպաստեն իրանական տնտեսության աճին և տարածաշրջանում նրա կշռի մեծացմանը, ինչի վերաբերյալ տարածաշրջանային պետությունների վերաբերմունքը կարող է ոչ միանշանակ լինել: Թեև Թուրքիան ակտիվորեն շարունակում է Իրանի հետ տնտեսական համագործակցությունը, այնուամենայնիվ հզոր տնտեսությամբ Իրանը ևս կարող է հավակնություններ ներկայացնել տարածաշրջանային առաջնորդի դերի նկատմամբ, ինչին այդքան ձգտում է Թուրքիան: Ինչ վերաբերում է Իրանի վաղեմի հակառակորդ սուննիական Սաուդյան Արաբիային, ապա մի կողմից պատժամիջոցների վերացումից հետո նախատեսվող նավթի գնի անկումը, ինչը լուրջ հարված կհասցնի Սաուդյան Արաբիայի տնտեսությանը, մյուս կողմից՝ երկու պետությունների միջև առկա հակասությունները թույլ էին տալիս ենթադրել, որ այն Իսրայելի հետ մեկտեղ հանդես կգա որպես համաձայնագրի հիմնական հակառակորդ, և անգամ հնարավոր էր համարվում երկու թշնամական պետությունների միավորումը երրորդ թշնամու դեմ: Վերջին սցենարը, սակայն, տեղի չունեցավ. 2015 թ.-ի սեպտեմբերին Օբամայի և Սաուդյան Արաբիայի թագավորի միջև կայացած հանդիպման արդյունքում վերջնականապես պարզ դարձավ, որ այս երկիրը դրականորեն է տրամադրված միջուկային համաձայնագրի նկատմամբ՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Բացառված չէ, որ դիրքորոշման այսպիսի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ԱՄՆ կորպորացիաներից ակնկալվող ներդրումներով` հետին պլան մղելով Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առկա հակասությունները: Փաստորեն, Սաուդյան Արաբիայի նմանտիպ դիրքորոշումից հետո Իսրայելը, որը Իրանին դիտարկում է որպես ուղղակի սպառնալիք իր անվտանգությանը, շարունակում է մնալ միջուկային համաձայնագրի հիմնական հակառակորդը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ով վստահ է, որ այս համաձայնագիրը ոչ թե կանխարգելում, այլ ճանապարհ է հարթում Իրանի կողմից ատոմային ռումբի ստեղծման համար, համաձայնագիրը որակում է որպես «պատմական սխալ»: Իսրայելական վերնախավը վստահ է նաև, որ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում ահաբեկչության ընդլայնմանն ու ֆինանսավորման աճին: Սակայն անգամ իսրայելական լոբբին ի վիճակի չեղավ խանգարել ԱՄՆ Կոնգրեսի կողմից համաձայնագրի հաստատմանը. սրա հնարավոր պատճառներից էր այն, որ ամերիկաբնակ և իսրայելաբնակ հրեաների դիրքորոշումները նմանատիպ հարցերի շուրջ հաճախ տարբերվում են:
Ինչ վերաբերում է ԱՄՆ՝ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու շահագրգռվածությանը, ապա բացի ամերիկյան կորպորացիաների շահերից՝ մեծ կարևորություն է ներկայացնում նաև Իրանի՝ տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ազդեցության տարածման դեմ պայքարելու նպատակով Իրաքի շիական ոստիկանական խմբերին աջակցելու մտադրությունը: Բացի այդ՝ տնտեսական պատժամիջոցների վերացումը, համաձայն համաշխարհային բանկի կանխատեսումների, կարող է հանգեցնել նավթի գների անկման շուրջ 14%-ով, ինչը ձեռնտու է ԱՄՆ-ին, քանի որ կարող է ավելի բարդացնել Ռուսաստանի Դաշնության ռեսուրսահեն տնտեսության դրությունը: Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ Իրանը ԱՄՆ-ին սկսելու է դիտարկել որպես դաշնակից պետություն: Ասվածի ապացույցը դեռևս 2015թ. օգոստոսին Իրանի հոգևոր առաջնորդ Համենեիի հայտարարությունն էր, որով վերջինս մատնանշում էր, որ Իրանը շարունակելու է փակ մնալ ԱՄՆ ազդեցության համար և հակադրվել Մերձավոր Արևելքում նրա վարած քաղաքականությանը: Վերջիվերջո, չնայած ԱՄՆ հետ հարաբերություններում Իրանի որոշ մոտեցումներ փոխվել են, այնուամենայնիվ անփոփոխ է մնում Իրանի հիմնական նպատակը՝ առաջատար դիրք գրավել անվտանգ և կայուն Մերձավոր Արևելքում՝ այն զերծ պահելով արևմտյան ազդեցությունից: Իր ողջ պատմության ընթացքում հենց այս նպատակի իրականացմանն է ձգտել Իրանը՝ որպես տարածաշրջանում արևմտյան ազդեցության հիմնական հակակշիռ:
Այսպիսով, տասնամյակներ տևող բանակցություններից հետո միջուկային համաձայնագիրն այլևս իրողություն է: Ի դեմս Իրանի՝ համաշխարհային խաղացողների և միջազգային ներդրողների առջև բացվում է Մերձավոր Արևելքի երկրորդ ամենամեծ շուկան՝ իր 80 մլն. բնակչությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին դառնում է գլոբալ տնտեսության լիիրավ անդամ՝ իր ազդեցությունը թողնելով համաշխարհային նավթագազային շուկայի վրա՝ միևնույն ժամանակ փոփոխության ենթարկելով ողջ տարածաշրջանում գործող աշխարհաքաղաքական դրվածքը:
Օգտագործված գրականության ցանկ
- Joint Comprehensive Plan of Action
- Кокошин, Богатуров, Мировая политика:теория, методология,прикладной анализ, 2005,
- Владимир Иваненко, Иран. Итоги правления М.Ахмадинежада и проблемы для нового президента, 2013
- http://www.cfr.org/
- http://www.businessinsider.com/
- http://www.worldbank.org/
- https://www.washingtonpost.com/
- http://www.nytimes.com/
- http://www.reuters.com/
- http://www.aljazeera.com/
[1]ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ պետություններ (Permanent 5)
Հեղինակ՝ Աննա Գասպարյան (Anna Gasparyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: