Քրդերը, աշխարհը և մենք. մաս 2-րդ

Photo: www.wbez.org
Photo: www.wbez.org

Ազատ Քրդստան

Ազատ Քրդստանը ժամանակակից Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող իրաքյան ինքնավարության անվանումն է։ Վերջինս ժամանակակից քրդաբնակ տարածքներից ամենաինքնավարն է և ապագա մեծ Քրդստանի ստեղծման տեսլականի հիմքը։ Իրաքյան Քրդստանը այսօր փաստացի անկախ պետականակերպ միավոր է։ Այն ժողովրդավարական, բազմակուսակցական և պառլամենտական hանրապետություն է՝ առնվազն հայտարարությունների մակարդակով։ Խորհրդարանը՝ Իրաքի քրդական պառլամենտը (դրա մեջ մտնող 111 պատգամավորներից 1-ը պարտադիր հայ է),առաջին անգամ ձևավորվել է 1992 թվականի մայիսյան ընտրությունների արդյունքում (պառլամենտին է պատկանում կառավարության հաստատման գործառույթը): Այդ առաջին ընտրություններից մինչ օրս առաջ են եկել երկու հիմնական կուսակցություններ՝ Քրդստանի դեմոկրատական կուսակցություն և Քրդստանի հայրենասիրական միություն։ 1992 թվականին պառլամենտը որոշում է կայացրել Կիրկուկ մայրաքաղաքով անկախ և ֆեդերատիվ քրդական պետության ստեղծման մասին (ֆեդերատիվ և ազատական Իրաքի շրջանակներում), որի տարածքը մոտ 40․000 քառ․ կմ է, բնակչությունը՝ շուրջ 7,5 մլն մարդ։

Բավականին ուշագրավ է Ազատ Քրդստանի կայացման պատմությունը։ Ծոցի պատերազմի արդյունքում թուլացած Սադամ Հուսեյնը չկարողացավ լուրջ հակազդեցություն կազմակերպել արտասահմանից վերադարձած Փեշմերգայի զորամիավորումների դեմ, որոնք 1991 թվականի մարտին արդեն վերահսկողություն էին սահմանել իրաքյան բոլոր քրդաբնակ տարածքների վրա։ Սակայն ընդամենը մեկ ամիս անց վերադասավորելով ուժերը՝ Սադամը արյան մեջ խեղդում է ծագած ապստամբությունը և արդեն ապրիլի 3-ին գրավում Սուլեյմանիան։ Քրդերը, սարսափած «Անֆալ»-ի կրկնության հնարավորությունից, զանգվածաբար փախչում են երկրից։ Մոտ 1,5 միլիոն մարդ անցնում է Թուրքիա և Իրան։ Քրդական շրջանների հարավային մասի բնակչության 70 տոկոսը խուճապահար լքում է իր բնակավայրերը։ Վրա է հասնում հումանիտար ճգնաժամ։ Ապրիլի 5-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունում է թիվ 688 բանաձևը, համաձայն որի՝ գրեթե բոլոր քրդաբնակ տարածքները փակվում են իրաքյան ավիացիայի և զինվորականների մուտքի համար։ Վերահսկողությունը տրվում է ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական հրամանատարությանը, որոնք սկսում են Քրդստանի սահմանների երկայնքով իրականացնել պարեկություն։ Սրան հաջորդում է նորակազմ կոալիցիայի զորքերի մուտքը իրաքյան Քրդստանի տարածք, իսկ հոկտեմբերին իրաքյան զորքերը վերջնականապես լքում են քրդաբնակ շրջանները։ ՄԱԿ-ի հովանու նեքրո փաստացի առաջանում է անկախ քրդական պետություն։ Այսպիսով, անկախացման գործընթացի որոշիչ պահը ոչ թե քուրդ ժողովրդի հետևողական պայքարի և աննկուն կամքի արդյունքն էր, այլ՝ միջազգային միջամտության և աշխարհաքաղաքական դասավորումների։ Անկախ չի կարող լինել այն ժողովուրդը, որը չի նվաճել իր անկախությունը, առնվազն այն պատճառով, որ այդ էթնիկական խումբը կամ դրա բաղկացուցիչ քաղաքացիները դեռ չեն հասել գիտակցության և հասարակական զգացողության բարձրագույն՝ ինքնազոհողության մակարդակի։ Արդյունքում, մինչ օրս միջազգայնորեն ճանաչված քրդական պետականության կայացման հարցը դեռ դրված է սեղանին։ Անկախացման պահին Ազատ Քրդստանի տնտեսական վիճակը չափազանց ծանր էր. Իրաքի միջազգային բլոկադան, Սադամի կողմից կազմակերպված նոր բլոկադան, «Անֆալը», միլիոնավոր փախստականների առկայությունը շրջանի տնտեսության ամբողջական քայքայման պատճառ դարձան։ Հատկապես ծանր էին 1991-1998 թվականները՝ կապված Սադամի կողմից կազմակերպվող արաբականացման և քրդական քաղաքական կուսակցությունների միջև ծագած քաղաքացիական պատերազմի հետ։ Կոնֆլիկտը, որն ընթանում էր փոփոխական հաջողություններով, տևեց երկու տարի (1994-1996 թվականներ)։ Երբ կողմերից մեկը դիմեց Սադամի օգնությանը, վերջինս պահը բաց չթողեց, և մի քանի օր անց իրաքյան զորքերը քրդերի մի մասի աջակցությամբ գրավեցին Էրբիլը, Սուլեյմանին ու քրդական տարածքների մեծ մասը։ Մեկ ամիս անց ԱՄՆ-ի ճնշմամբ քրդական կուսակցությունները կնքումեն զինադադար, իսկ իրաքյան զորքերը դուրս են մղվում քրդական տարածքներից։ Սակայն, չնայած ԱՄՆ հսկայական ջանքերին՝ վերջնական խաղաղության հնարավոր է լինում հասնել միայն երկու տարի անց։ Քրդերի միջև խաղաղության կառուցման իրական գործընթացը սկսվեց միայն ՄԱԿ-ի՝ «Նավթ պարենի դիմաց» ծրագրի մեկնարկով, որը կուսակցությունների ղեկավարներից պահանջում էր շահույթ ստանալու նպատակով համատեղ աշատանք իրականացնել։ Այս պահանջի հիմնական պատճառն այն էր, որ բաղդատված շրջանում ոչ միացյալ ուժերով նավթի արդյունահանումը տեխնիկապես անհնար էր։ Արդյունքում, միացյալ պառլամենտն արդեն 2002 թվականին վերսկսում է իր աշխատանքները։ Ծրագրի արդյունքում ընդամենը երկու տարում քրդերը ստացան մոտ 8․35 մլրդ դոլարի եկամուտ, ինչին գումարվեց ՄԱԿ-ի կողմից Քրդստանին փոխանցված ևս 4 մլրդ դոլարը։ Տնտեսությունը ոչ միայն վերականգնվեց, այլև շրջանցեց նախապատերազմյան ու Իրաքի մնացյալ շրջանների տնտեսական մակարդակը։ Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշներով քրդական ինքնավարության տարածքը էապես տարբերվում էր Իրաքի մնացյալ հատվածներից. տնտեսությունը մուտք գործեց զարգացման ու ստաբիլության շրջան։ Հարկ է ընդգծել, որ ինքնավարության տարածքում գործող կուսակցական համակարգը նման չէ դասական մոդելին։ Այս կուսակցությունները դասական առումով քաղաքական կազմակերպություններ չեն, այլ ավելի շատ՝ վերցեղային միավորումներ։ Պահպանողական կուսակցությունը հիմնականում գործում է երկրի հարավում և արևելքում, որտեղ բնակվում են սորանի քրդերը, իսկ դեմոկրատները՝ երկրի հյուսիսում և արևմուտքում՝ կուրմանջիների մոտ։ Այսպիսով, այս կուսակցական բաժանումները ոչ թե քաղաքական կամ տնտեսական գործընթացների արդյունք են, այլ՝ դոմինանտության ձգտող ներէթնիկական ցեղային բախումների:

Շուտով քրդերի առջև ծառացավ նոր խնդիր՝ Անսառ Ալ Իսլամ ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը, որը վերջնականապես հնարավոր եղավ ոչնչացնել միայն ԱՄՆ միջամտությամբ։

Պետականության հիմքերը

Նշված բոլոր գործոնների և թերությունների կողքին, անշուշտ, կան նաև առավելություններ, որոնք հնարավոր են դարձնում քրդական պետականաշինության գործընթացը։

Ինչպես 2003 թվականի ամերիկյան ներխուժումը ցույց տվեց, քրդերը ոչ միայն սովորել են օգտվել առիթից, այլև՝ համատեղ աշխատել։ Չնայած միջազգային ճնշմանը և թուրքական սպառնալիքներին՝ քրդերը կարողացան կամք ցուցաբերել և պատերազմի ավարտին տարածքային ձեռքբերումներ գրանցել ոչ առանց ԱՄՆ աջակցության։ Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաև պատերազմի ավարտից հետո՝ իրաքյան նոր իրականության ձևավորման ժամանակ։ Սադամի տապալումից հետո Իրաքում մեկնարկել էր ազատական և միասնական իրաքյան նոր պետականության շինարարությունը։ Սակայն, ծավալելով լրջագույն քաղաքական պայքար, այդ թվում՝ ամերիկացիների դեմ՝ քրդերը կարողացան հասնել այդ իրականութան մեջ հատուկ կարգավիճակի նվաճման և երկրի ֆեդերալիզացիայի։ 2005 թվականին ընդունված սահմանադրությունը քրդերին ռեալ հնարավորություն է տալիս անհրաժեշտ պահին միանգամայն օրինական ճանապարհով դուրս գալ Իրաքի կազմից և անկախանալ։ Պետականաշինության հիմքերը կամ դրանց պոտենցիալը պայմանականորեն կարելի է բաժանել վեց խմբի՝ տնտեսական, ռեսուրսային, ռազմական, կրթական-մշակութային, պետական-իրավական և միջազգային աջակցության։

Տնտեսական

Քրդական ինքնավարության հարաբերական կայունությունը, ի համեմատություն հարևան տարածքների, հրաշալի ադզեցություն է ունեցել վերջինիս տնտեսության վրա։ Այսօր քրդական ինքնավարության տարածքում տեղի է ունենում շինարարական բում, կազմավորվել են մի քանի ազատ առևտրի գոտիներ, բնակչության միջին եկամուտը 25 տոկոսով բարձր է իրաքյանից։ 90-ականների համեմատությամբ հարյուրապատկվել է օտարերկրյա ներդրումների թիվը, մի քանի անգամ ավելացել է աշխատանքային ներգաղթյալների քանակը։ Լրջորեն ավելացել է պայմանական ստարտային կապիտալի ցուցիչը։ Իրաքյան Քրդստանը այսօր ունի տարածաշրջանում աղքատության ամենացածր ցուցանիշը։ Առկա է ավանդապես զարգացած գյուղատնտեսություն (այս տարածքը միշտ եղել է Իրաքի գյուղանտեսական առաջատարը), իսկ արդյունաբերությունը հիմնականում կառուցված է նավթավերամշակման վրա:Սադամի ռեժիմի անկման, տարածաշրջանի անկայության և ԻՊ-ի գործունեության արդյունքում իրաքյան Քրդստան է ներգաղթել մոտ 1,2 միլիոն մարդ։ Այսպիսով, նավթային բարձիկի, ստաբիլության և խելացի կառավարման արդյունքում քրդական ինքնավարության տնտեսությունը գտնվում է բարվոք վիճակում՝ դառնալով պետականության կառուցման գրավական։

Ռեսուրսային

Քրդական ինքնավարության տարածքում, մասնագետների գնահատմամբ, գտնվում է իրաքյան նավթային պաշարների 55-60 տոկոսը, ինչը այս տարածքը դարձնում է նավթային ռեսուրսների քանակությամբ աշխարհում 6-րդը (մոտ 45 մլրդ․բարել)։ Իրաքյան նավթաարդյունաբերության կենտրոնը ավանդապես եղել է Կիրկուկ քաղաքը, որն այժմ գտնվում է քրդական ինքնավարության փաստացի տնօրինման տակ։ Նավթի լուրջ պաշարներ կան նաև Սուլեյմանիի, Էրբիլի և Դախուկայի շրջակայքում։ Քրդերը հաջողությամբ կարողացել են շրջանցել բաղդադյան վարչակարգն ու միջազգային հարթակներում դրա բոլոր բողոքարկումները և այժմ ակտիվորեն զբաղվում են տարածքի նավթային ռեսուրսների վերամշակմամբ։ Տարածքն աչքի է ընկնում նաև խմելու ջրի մեծ պաշարներով, որոնք կազմում են համաիրաքյան պաշարների մոտ 30-35 տոկոսը։

Ռազմական

Համաձայն իրաքյան սահմանադրության՝ իրաքյան զիվնած ուժերին արգելված է մուտք գործել քրդական ինքնավարության տարածք, ավելին՝ վերջինս ունի սեփական զիված ուժեր գործածելու իրավունք։ Քրդական զինված ուժերը անվանվում են «Փեշմերգա», որը քրդերենից թարգմանաբար նշանակում է «մահվանը ընդառաջ գնացողներ»։ Անձնակազմի ընդհանուր քանակը կազմում է մոտ 120 հազ. մարդ, այդ թվում՝ գումարտակների բաժանված հիմնական անձնակազմ, հատուկ նշանակության գնդեր, հրետանու և մեքենայացված գնդեր, ինժեներական միավորումներ, գլխավոր շտաբ, ՊՆ վարչակազմ և այլն։ Մինչև 2017 թվականը պլանավորվում է «Փեշեմրգայի» անձնակազմը հասցնել մինչև 200000 մարդու։ Զինատեսակների հիմնական հատվածը խորհրդային շրջանի է: «Փեշմերգային» կից գործում է նաև իսրայելցիների օգնությամբ կազմավորված ազգային անվտանգության ծառայությունը։ Քրդստանի տարածքում գործում են երկու օդանավակայաններ, որոնք ունեն մեծագույն ռազմական և տնտեսական նշանակություն։ Իրաքյան Քրդստանի կազմում առկա զինված ուժերը և դրանց ակտիվության մակարդակը երիտասարդ պետականության տեսանկյունից ունեն կենսական նշանակություն, հատկապես՝ տարածաշրջանային պայթյունավտանգ պայմաններում:

Կրթական և մշակութային

Քրդական ինքնավարության ստեղծման պահից այդ էթնոսի պատմության մեջ առաջին անգամ կրթությունը սկսվեց անցկացվել քրդերենով։ Ավելին, արդեն կան թե՛ դպրոցների, թե՛ համալսարանների շրջանավարտներ, որոնք պատմության մեջ համարվում են քրդերեն ուսում ստացած առաջին սերունդը։ Միջնակարգ կրթությունը գնտվում է պետության ուշադրության կենտրոնում, բացվում են բազմաթիվ միջազգային դպրոցներ։ Քրդական ինքնավարության տարածքում այսօր գործում են 18 համալսարաններ, որոնցից, սակայն, հատկապես ուշագրավ են Սուլեյմանիի համալսարանը, Սալահադդինի համալսարանը և Սուլեյմանիի ամերիկյան համալսարանը։ Դժար է գերագնահատել կրթության դերը պետականաշինության գործընթացում։ Քրդերը այս հարցում հասել են աննախադեպ հաջողության՝ ծնունդ տալով պետական մտածելակերպ ունեցող, արտասահմանում կամ արտասահմանյան լավ մասնագետների օգնությամբ փայլուն կրթություն ստացած մտավորականների նոր սերունդ։ Եվ հենց այս սերունդն է, որ, ունենալով տիտղոսակիր ազգին բնորոշ մտածելակերպ, կոչված է լինելու լուծելու քրդական իրականության գլխավոր խնդիրներից մեկը՝ դեռևս ցեղային ֆոնի վրա գոյություն ունեցող անմիաբանությունը։ Նման սերունդ դաստիարակելու համար հարկավոր են հսկայական ծախսեր և լրջագույն ակադեմիական ռեսուրսներ, որոնց տրամադրման հետաքրքիր օրինակ է Սուլեյմանիի ամերիկյան համալսարանը։ Այս կրթական հաստատությունը, ունենալով ամերիկյան ֆինանասավորում և կադրեր, ունի մեկ իրական նպատակ, այն է՝ քրդական պետության ապագա առաջնորդների դաստիարակում։ Կարճ ասած՝ աստիճանաբար ձևավորվում է համազգային էլիտան, որ դարեր շարունակ պակասել է քրդերին։ Քրդական արդի կրթական գործընթացները իրականանալի չէին լինի առանց քրդական այբուբենի, որը կազմել են հայերը՝ անգլիացի և ֆրանսիացի գիտնականներ աջակցությամբ։

Ուշագրավ է նաև քրդական հեռուստաալիքների առկայությունը, որոնց մի մասը պատկանում է ինքնավարության վարչակազմին, ինչը թույլ է տալիս կռահել, թե ինչ ուղղվածության ինֆորմացիա է դրանցով հաղորդվում։ Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ լսարանի պատրաստումը նույնպես անհրաժեշտ քայլ է պետականաշինության գործընթացում:

Քրդական ավանդական մշակույթը, որ իր կառուցվածքով առավել մոտ է Իրանի քոչվորական ցեղերի մշակույթին, իր էությամբ բացարձակապես հարմար չէ նստակյաց կյանքի և պետականաշինության համար։ Դա է պատճառը, որ ներկայումս մենք ականատես ենք լինում քրդական մշակութային մակարդակներում նկատվող որոշակի տրանսֆորմացիաների և զեղումների, դրա վեստերնիզացիայի և արդիականացման։ Սակայն դեռևս առկա են տոհմացեղային կարգերին բնորոշ ուղիղ ժողովրդավարության որոշ էլեմենտներ, օրինակ՝ Սուլեյմանիայում տարածված չայխանաները։

Պետական-իրավական

Ինչպես արդեն բազմիցս նշվել է, քրդական ինքնավարությունը ժամանակակից Իրաքի միակ կայուն տարածքն է, ավելին՝ Իրաքի ողջ տարածքում միայն քրդական ինքնավարության վարչակարգն է ի վիճակի իր սահմանների ողջ երկայնքով իրականացնել իր բոլոր գործառույթները։ Իրաքի քայքայման արդի փուլում քրդական հասարակության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում դրա կազմից դուրս անկախ պետականության կազմավորման անհրաժեշտության մասին կոնսենսուսը։ Դրան են նպաստում նաև ինքնավարության ու կենտրոնական՝ Բաղդադի իշխանության հարաբերությունները, կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։ ԻԼԻՊ-ի հայտնվելուց և մայրաքաղաքի հետ ցամաքային հաղորդակցությունը կորցնելուց հետո այդ կապն այլևս ակտուալ չէ։ Արդեն մի քանի տարի է, ինչ ինքնավարությունն ամբողջովին անկախ է վարում իր ներքին քաղաքականությունը, իսկ վերջին շրջանում՝ նաև արտաքին տնտեսական կապերը: Առկա են նաև որոշակի արտաքին քաղաքական կապեր առանձին երկրների ու կազմակերպությունների հետ։

Ինքնավարության կայացման առումով բավական ուշագրավ են նաև նախագահ Բարզանիի՝ 2006-ից 2009-ը թվականներին անցկացրած բարեփոխումները. դրանք վերաբերում էին սոցիալական, տնտեսական, վարչարարական ոլորտներին։ Հատուկ ուշադրություն էր դարձվել մարդու իրավունքներին, կանանց իրավունքներին, մասնավոր սեփականության ապահովման սկզբունքներին և դրանց պաշտպանության ապահովման մեխանիզմների ստեղծմանը։ Լուրջ աշխատանք է տարվել միջազգային ներդրումների ապահովման, հանքարդյուաբերության զարգացման և Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման ուղղությամբ։ Իրաքյան ինքնավարության տարածքում ընտրությունները հիմնականում կրում են թափանցիկ, արդար և պարբերական բնույթ, ինչն ապահովվում է ԱՄՆ ուղղակի մասնակցությամբ և օգնությամբ։ Ինքնավարության տարածքում գործող կուսակցական համակարգը վերջին տասնամյակի ընթացքում լուրջ փոփոխությունների չի ենթարկվել և գտնվում է գրեթե նույն վիճակում։

Միջազգային աջակցություն

Քրդական ինքնավարության պատմության ողջ ընթացքում ականատես ենք լինում ակտիվ միջազգային միջամտությունների, որոնք գրեթե միշտ ունենում են քրդամետ ուղղվածություն։

Առանձնակի կարևորություն է ներկայացնում Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությանը։ Վերջին 20 տարիների ընթացքում քրդական ինքնավարության տարածքում որևէ լուրջ գործընթաց կամ փոփոխություն տեղի չի ունեցել առանց ԱՄՆ ռազմական կամ տնտեսական ակտիվ աջակցության, ինչն արդեն բավականին խոսուն փաստ է։ Ավելին՝ անգամ ոչ պրոֆեսսիոնալ ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Քրդստանի ներկայիս բարվոք դրությունը մեծապես պայմանավորված է այդ աջակցությամբ։ Ուշագրավ են նաևԵՄ-ի, Նորվեգիայի և այլ (հիմնականում արևմտյան) երկրների կողմից ինքնավարության տարածքում կատարվող ներդրումները։ Իր իրականացրած գործունեությամբ առանձնանում է նաև ՄԱԿ-ը, որն աշխարհում որևէ ինքնավարության նման լայնամասշտաբ օգնություն հազիվ թե ցուցաբերած լինի։

Գրականության ցանկ

  1. Mackey, The Reckoning: Iraq and the Legacy of Saddam, 2002.
  2. Romano, The Kurdish Nationalist Movement, 2006.
  3. Barth,Principles of Social Organization in Southern Kurdistan, 1953.
  4. McKiernan, The Kurds, a People in Search of Their Homeland, 2006.
  5. Human Rights Watch, 2005 Vol. 17, No. 2(D)
  6. http://www.turkishweekly.net/
  7. nytimes.com
  8. https://www.opendemocracy.net
  9. http://www.iranicaonline.org
  10. http://www.itnet.org/
  11. http://www.theguardian.com
  12. http://www.britannica.com
  13. https://www.cia.gov
  14. http://www.institutkurde.org/en/
  15. http://www.kurdistanica.com/
  16. http://www.pen-kurd.org
  17. http://theotheriraq.com/
  18. https://www.ictj.org/
  19. https://www.amnesty.org/en/
  20. http://www.aljazeera.com/

Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև
  1. Քրդերը, աշխարհը և մենք․ մաս 1֊ին
  2. Քրդերը, աշխարհը և մենք․ մաս 3֊րդ