Պետական պարտքի արդյունավետ կառավարումը ցանկացած երկրի համար ունի կենսական նշանակություն։ Հայտնի փաստ է, որ տնտեսությունը զարգանում է որոշակի կանոնների համարժեք, ինչը, ընդհանուր դեպքում, հանգեցնում է ցիկլային զարգացման։
Վերլուծության հիմնական նպատակն է հետազոտել և գնահատել ՀՀ պետական պարտքի մեծությունը՝ զուգահեռաբար մեկնաբանելով նաև վերջին շրջանի՝ արտաքին պարտքի գծով զարգացումները, որակական գնահատական տալ պարտքի բեռի ծանրության աստիճանի կտրվածքով և ըստ հնարավորության:
Ժամանակակից տնտեսագիտության տեսությունն առանձնացնում է հետևյալ պարբերաշրջանները՝ ըստ ժամկետների.
-
Կիտչինի պարբերաշրջաններ՝ 3-4 տարի
-
Բիզնես պարբերաշրջաններ՝ 7-11 տարի
-
Կոնդրատևի պարբերաշրջաններ՝ 45-60 տարի
Ընդհանուր առմամբ, ցանկացած պարբերաշրջան դրսևորվում է 4 փուլով, որոնց ընթացքում պետության դերը՝ որպես տնտեսությունը կարգավորող մարմնի, կարծում ենք՝ անհրաժեշտաբար տարբեր է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տնտեսական խնդիրները չունեն նույն բնույթը տնտեսական ցիկլի տարբեր փուլերում։ Եթե աճի շրջանում հիմնական խնդիրը կարող է լինել հավանական գնաճը, ինչպես նաև տնտեսության մեջ առկա փողի բարձր առաջարկը, ապա անկման շրջանը, ընդհակառակը, աչքի է ընկնում տնտեսության մեջ փողի պահանջարկի աճով, բարձր գործազրկությամբ և արտադրության մակարդակի անկմամբ։ Սա նշանակում է, որ տնտեսության ակտիվացման համար անհրաժեշտ է «ֆինանսական ներանկում» փողի շուկա, ինչն էլ աշխուժացնում է տնտեսական իրավիճակը՝ աճի նոր նախադրյալներ ստեղծելով:
Պետական պարտքի կարևորությունը
Տնտեսության աշխուժացման վերը նշված գործընթացում անհնար է գերագնահատել պետական պարտքի դերը, քանի որ գործնականում հնարավոր չէ կայունացնել տնտեսությունն առանց պետական բյուջեի համար ծախսային համարվող միջամտության: Ըստ էության, երկրների կառավարությունները, անկախ քաղաքական դիրքորոշումներից և նկատառումներից, անհրաժեշտ է, որ տնտեսության անկման շրջանում ավելացնեն պետական պարտքը՝ բավարարելու համար տնտեսության կողմից ֆինանսական միջոցների պահանջը, իսկ աճի շրջանում համապատասխան հարկային քաղաքականության շնորհիվ կարողանան մարել գոյացած պարտավորությունները:
Չնայած տեսական դրույթներին՝ աշխարհի շատ երկրներ ձախողում են այս մոդելը և ոչ միայն չեն կարողանում մեկ ցիկլի ընթացքում բավարար միջոցներ ձևավորել, այլև թույլ են տալիս պարտավորությունների աստիճանական կուտակում, ինչն էլ բերում է սնանկացման՝ դեֆոլտի (պետական բյուջեի ֆինանսավորումը չի բավականացնում պարտքի սպասարկման համար): Սակայն ո՞րն է այդ շեմը, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է սահմանվում: Այդ հարցերին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է սահմանել պետական պարտքի բացարձակ և հարաբերական մեծություններ հասկացությունները:
Պետական պարտքի բացարձակ մեծությունը երկրի արտաքին (այլ երկրների կառավարութուններ, միջազգային կազմակերպություններ, այլ երկրների բանկեր և այլն) և ներքին (տվյալ երկրի բանկեր, տնտեսվարող մարմիններ, այլ ռեզիդենտներ) պարտքերի հանրագումարն է՝ բացարձակ մեծությամբ:
Առայժմ վերջին հրապարակումները հաշվի առնելով՝ ՀՀ պետական պարտքը 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 655.2 մլրդ դրամ կամ 5 595 մլն ԱՄՆ դոլար, որից ներքին պետական պարտքը 476.6 մլրդ դրամ է կամ շուրջ 1 մլրդ դոլար:i Հասկանալու համար, թե ՀՀ պետական պարտքի բեռը մեծ է, թե ոչ, անհրաժեշտ է համեմատության չափանիշ ունենալ, որի նպատակով շատ հաճախ կիրառվում է Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): Այն իրենից ներկայացնում է մեկ տարվա (կամ այլ ժամանակահատվածի) կտրվածքով երկրի ամբողջ պատրաստի արտադրանքի և ծառայությունների շուկայական արժեքը։ii Տվյալ համեմատությունը կատարելիս՝ մենք բախվում ենք առաջին խնդրին. պետական պարտքը պահային ցուցանիշ է, այսինքն՝ գրանցվում է որևէ պահի դրությամբ, իսկ ՀՆԱ-ն կարելի է չափել միայն ժամանակի որոշակի շրջանում, սովորաբար՝ տարվա կտրվածքով: Դա ի նկատի ունենալով՝ համեմատության մեջ են դրվում տարեվերջյան պետական պարտքի և ՀՆԱ-ի ցուցանիշները: Այդ հարաբերակցությունն էլ հենց հանդիսանում է այն հարաբերական գնահատականը, որը թույլ է տալիս դատողություններ անել պետական պարտքի բեռի մակարդակի վերաբերյալ:
ՀՀ պետական պարտքի դինամիկան ցույց է տրված հետևյալ գրաֆիկում: Ինչպես երևում է գրաֆիկից, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կտրուկ աճել է 2009 թվականին, ինչը պայմանավորված էր ճգնաժամի հաղթահարման համար կառավարության կողմից ներգրավվող ֆինանսավորմամբ։ Այնուամենայնիվ, հետագա՝ «ոչ ճգնաժամային» տարիներին այդ ցուցանիշը ոչ միայն նվազման միտում չի դրսևորում, այլև ընդհակառակը, շարունակում է աճել՝ ընդհուպ մոտենալով ՀՆԱ-ի 50%-ին: Սա, անշուշտ, բացասական երևույթ է, և չի վկայում պետական ֆինանսների «առողջ» կառավարման մասին:
Ավելին, 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ պետական պարտքն էլ ավելի է աճել և գրեթե անփոփոխ ՀՆԱ-ի պայմաններում, ինչը նշանակում է, որ պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն էլ ավելի մեծ արժեք է ընդունել։ Այսպես, ՀՆԱ-ն 2016 թվականին կազմել է 5 067,9 մլրդ դրամ կամ 10 547 մլն ԱՄՆ դոլար:iii Հաշվի առնելով այն, որ 2016 վերջին եռամսյակում պետական պարտքի խոշոր մարումներ չեն գրանցվել, ապա հնարավոր է կանխատեսել պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը նույնիսկ պաշտոնական հրապարակումից առաջ. այսինքն՝ 2016 թվականի համար կարելի է ակնկալել, որ պետական պարտքը կկազմի ՀՆԱ ոչ պակաս քան 53%-ը (5 595/10 547), իսկ արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կկազմի մոտ 43,5% (4 590/10 547):
Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարաբերական ցուցանիշները հնարավորություն չեն ընձեռնում, որպեսզի պարտքի բեռի վերաբերյալ տրվեն գնահատականներ: Դա կատարելու համար անհրաժեշտ է ունենալ համեմատության հիմք: Արժույթի միջազգային հիմնադրամը սահմանում է այսպես կոչված «ցածր եկամուտ ունեցող» երկրների համար արտաքին պարտքի բեռի 3 մակարդակ՝ ցածր, միջին և բարձր, համապատասխանաբար՝ ՀՆԱ 30%, 40% և 50% մակարդակներով,iv ինչը նշանակում է, որ ՀՀ պետական պարտքի մեծությունը, համաձայն այս մեթոդաբանության, կարելի է գնահատել որպես միջին և ծանր բեռի միջանկյալ կետում: Այս բնորոշումը կարելի է հաստատել նաև ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը դիտարկելիս: Համաձայն Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի՝ “Կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը”:v Ընդ որում՝ «Կառավարություն» բառը ավելացել է 2015 թվականի հունիսի 23-ից հետո, իսկ մինչ այդ եղել է «Պետական պարտք»: Նշանակում է, որ 2015 թվականի հունիսի 23-ից հետո օրենքով սահմանափակվում են միայն ՀՀ Կառավարության և ոչ թե ՀՀ ԿԲ պարտավորությունները: 2016 թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ ԿԲ պարտավորությունները կազմել են 506.4 մլն ԱՄՆ դոլար կամ ընդհանուր պետական պարտքի 9.05%, այսինքն՝ օրենքի նոր խմբագրումը հնարավորություն է տալիս 9.05%-ի չափով լրացուցիչ պարտք ներգրավել ՀՀ Կառավարությանը, իսկ ՀՀ ԿԲ-ի համար ֆորմալ առումով սահմանափակում չկա պարտավորությունների աճի տեսանկյունից: Այս սահմանմամբ նույնպես Հայաստանը մոտ է պետական պարտքի առավելագույն սահմանին (տարբերությունը կազմում է ընդամենը 7%)։
Պետական պարտքի թույլատրելի շեմի փոփոխությունների օրինակներ շատ կան աշխարհի տարբեր երկրներում, օրինակ՝ 2017 թ. մարտին կատարված վերջին փոփոխությամբ ԱՄՆ պետական պարտքի առավելագույն վերին սահման նշանակվեց 19.9 տրիլիոն ԱՄՆ դոլարը:vi
Զարգացած երկրները հնարավորություն ունեն պետական պարտք ներգրավելու նույնիսկ ՀՆԱ-ի ավելի քան 100 (օրինակ ԱՄՆ) կամ նույնիսկ ավելի քան 200 տոկոսի չափով (օրինակ՝ Ճապոնիա), սակայն այս երկրները աչքի են ընկնում տնտեսական աճի բարձր տեմպով և «բյուջետային կարգապահությամբ», ինչը թույլ է տալիս ունենալ բարձր պարտքային բեռ ցածր տոկոսային ծախսերի պայմաններում:
ՀՀ պարտքային բեռի ավելացման հետևանքները
Ինչպես նշվեց՝ կան պետություններ, որոնք առանց էական ծախսերի կարողանում են պետական պարտքի մակարդակը մեծացնել, ուստի կարևոր է նաև դիտարկել միջազգային պարտքային շուկաներում պարտավորությունների ներգրավման պայմանները: Գլոբալիզացիայի ներկա փուլում երկրները հնարավորություն ունեն միջազգային շուկա դուրս գալ և թողարկել արտարժույթով պետական պարտատոմսեր: Երկրները ձգտում են իրենց պարտատոմսերին տալ հնարավորինս հիշվող անվանումներ: Այսպես, Կորեան առաջարկում է “Kimchi” (ազգային ուտեստի անվանում) պարտատոմսեր, Թուրքիան՝ “Baklava”, Ճապոնիան առաջարկում է “Samurai” կոչվող պարտատոմսերը, իսկ Ավստրալիան՝ “Kangaroo” անվանումը ստացած պարտատոմսերը: ՀՀ-ն անմասն չմնաց նաև այս տենդենցից և 2013 թվականին շուկա հանեց 10 տարի ժամկետով, 700 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով պարտատոմսերի առաջին թողարկումը, որը ստացավ “Kardashian” պարտատոմսեր անվանումը:vii Այդ պարտատոմսերի գծով արժեկտրոնային եկամտաբերությունը (ՀՀ կառավարության համար ծախսատարությունը) կազմեց 6%, սակայն տեղաբաշխվեց 6.25%-ով: 2015թ. մարտի 26-ին ՀՀ կառավարությունն իրականացրեց եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը, որի ծավալը 500 մլն ԱՄՆ դոլար էր, մարման ժամկետը՝ կրկին 10 տարի, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 7.15%, իսկ տեղաբաշխման եկամտաբերությունը՝ 7.5%:viii Բացի այն, որ պարտատոմսերը տեղաբաշխվում են բարձր տոկոսադրույքով, նաև նկատվում է տոկոսադրույքի աճ, ինչը վկայում է ՀՀ կառավարության պարտավորությունների նկատմամբ վստահության անկման մասին: Համեմատության համար արժե նշել, որ ԱՄՆ գանձապետարանի կողմից թողարկված 10 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի գծով եկամտաբերութունը կազմում է ընդամենը 2.25%:ix
Վերը նշվածը հավաստում է, որ պարտքային բարձր բեռը և երկրի տնտեսության բարձր ռիսկայնությունը արդեն 2013 թվականից էին բացասական գործոն հանդիսանում: Իսկ 2016 թ. մարտին դրան ավելացավ նաև «Մուդիս» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից ՀՀ սուվերեն ռեյտինգի իջեցումը ё (այդ թվում նաև պայմանավորված պետական պարտքի բարձր բեռով) B1 ստաբիլ կանխատեսումից դեպի B1 բացասական կանխատեսմամբ մակարդակի:x Դա նշանակում է, որ հետագա ֆինանսական ներգրավումների տոկոսադրույքը պետք է որ ավելի բարձր լինի։
Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքը:
Ըստ պարտատեր երկրների և կառույցների վարկային պայմանագրերով ձևավորված ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքն ունի հետևյալ կառուցվածքը՝ ըստ վարկավորողի հատկանիշի:
Աղյուսակ 1 ՀՀ կառավարության արտաքին պարտքի կառուցվածքը ըստ պարտատերերիxi
Վարկային պայմանագրերով ձևավորված ՀՀ կառավարության արտաքին պարտքի կառուցվածքը ըստ պարտատերերի | 31.12.2015 | 30.06.2016 | 30.09.2016 |
ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով պարտք, մլն ԱՄՆ դոլար |
2,936.20 |
3,051.00 |
3,151.10 |
Կառուցվածքն ըստ վարկատուների, % |
100 |
100 |
100 |
Միջազգային կազմակերպություններ |
84.8 |
84 |
84.1 |
Օտարերկրյա պետություններ |
14.4 |
15.3 |
15.1 |
Առևտրային բանկեր |
0.8 |
0.8 |
0.8 |
Ինչպես երևում է աղյուսակից՝ վարկային պայմանագրերով ձևավորված ՀՀ արտաքին պետական պարտքի մեջ գերակա տեսակարար կշիռ է կազմում միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցները՝ ընդհանուրի 84%-ը, որից ամենամեծ տեսակարար կշիռն ունեն Զարգացման միջազգային ընկերակցության կողմից տրամադրված վարկերը: Օտարերկրյա պետություններից առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Ճապոնիայից ներգրավված միջոցները, ընդհանուրում՝ 8.8%՝ 2016 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ:
Եզրակացություն
Վերը շարադրվածը գալիս է հավաստելու այն միտքը, որ չնայած ՀՀ պետական պարտքի բեռը, գտնվում է բարձր մակարդակի վրա, այնուամենայնիվ դեռևս կառավարելի է։ Սակայն մտահոգող է այն փաստը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը տարեցտարի շարունակում է աճել՝ ՀՆԱ-ի ցածր կամ զրոյական աճի պայմաններում: Եթե հաշվի առնենք բիզնես պարբերաշրջանի տևողությունը (մինչև 11 տարի), ապա 2019-2021 թվականներին հնարավոր է տնտեսական նոր անկում, ինչը ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջացնի ՀՀ տնտեսության համար: Եթե պետական պարտքի մակարդակը արդեն իսկ մոտենում է առավելագույն սահմանագծին, ապա կամ ՀՀ Կառավարությունը ունակ չի լինի ներգրավել նոր, խոշոր ֆինանսական ռեսուրսներ կամ էլ կկարողանա ներգրավել դրանք բավականին բարձր տոկոսադրույքով: Հետևաբար՝կմեծանա նաև ՀՀ սննկացման ռիսկը, ինչը ինքնին այլ, այս դեպքում արդեն պարտքային ճգնաժամ առաջացնող հիմնական պատճառն է:
Ապագա տնտեսական ցնցումներից խուսափելու համար անհրաժեշտ է պետական պարտքի թե՛ բացարձակ և թե՛ հարաբերական մակարդակի իջեցում։ Սա նշանակում է, որ տնտեսական պահանջներից ելնելով, հասունացել է բյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային ծախսմանն ուղղված բարեփոխումների իրականացման ժամանակը, ստվերային տնտեսության նվազեցման, հետևաբար նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման և պետական բյուջեի եկամտային մասի ավելացման ժամանակը։
Հղումներ
i http://b4b.am/archives/news/%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%B0%D5%B0-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A3%D5%AE%D5%A1%D5%BA%D5%A1
ii https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%86%D4%B1_%D6%87_%D5%B6%D6%80%D5%A1_%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8
v «Հայաստանի Հանրապետության Օրենքը Պետական Պարտքի Մասին», հոդված 5:
viii Հայաստանի Հանրապետության Պետական Պարտքը, Տարեկան Հաշվետվություն, 2015 թ.
x https://www.moodys.com/research/Moodys-downgrades-Armenias-government-bond-rating-to-B1-changes-the”PR_345220
xi Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ամսական տեղեկագիր՝ 30.09.2016, աղբյուրը՝ http://minfin.am/
Գրականություն
- http://www.armstat.am/am/?id=17010&nid=126
- http://b4b.am/archives/news/%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%B0%D5%B0-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A3%D5%AE%D5%A1%D5%BA%D5%A1
- http://www.businessinsider.com/armenia-offering-kardashian-bonds-2013-9
- https://www.ft.com/content/be2e70e2-a87d-11e3-b50f-00144feab7de
- https://www.ft.com/content/3d3bd1bf-e6fd-359c-bf6f-5bc5434e831c
- http://cesd.az/new/?p=10736
- http://cesd.az/new/wp-content/uploads/2016/12/Azerbaijan_Foreign_Debt_October_2016.pdf
- https://www.nbg.gov.ge/index.php?m=340&newsid=2897&lng=eng
- http://cbonds.com/emissions/issue/16211
- http://minfin.am/minfin.am/index.php?cat=207&lang=1
- http://www.latimes.com/business/la-fi-debt-limit-trump-20170316-story.html
- https://www.moodys.com/research/Moodys-downgrades-Armenias-government-bond-rating-to-B1-changes-the”PR_345220
- https://www.moodys.com/research/Moodys-confirms-Azerbaijans-government-bond-rating-at-Ba1-assigns-negative”PR_346544
- http://www.imf.org/external/np/exr/consult/2016/licdsf/pdf/licdsfreview.pdf
Հեղինակ՝ Էդգար Խաչատրյան (Edgar Khachatryan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: