Վերջերս կյանքից հեռացավ հայտնի կինոռեժիսոր, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը։ Արտառոցը ոչ թե նրա կյանքից հեռանալու փաստն էր, որը բնական և օրինաչափ երևույթ է, այլ նրա մահվանը հաջորդող տարածված հաղորդագրության բովանդակությունը։ Հաղորդագրությունը տարածել էին նրա որդիներն ու հարազատները։
Հաղորդագրությունում ասվում էր հետևյալը. «Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար: Որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետևյալ հաշվեհամարին՝ «Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով»i։
Առաջին հայացքից չափազանց «հայրենասիրական», «անձնվիրական», «պետականամետ» դիրքորոշում։ Ինչքան վեհություն ՀՀ մի քաղաքացու ցանկության մեջ, ով ցանկանում է նույնիսկ մահվանից հետո օգնած լինել կարիքավոր զինվորներին և նրանց հարազատներին, սատար կանգնել պետությանը և նույնիսկ իր վերջին ցանկությունը նյութականացնել` ի սպաս պետության և հասարակության։
Եթե մի պահ դադար առնենք, կտրվենք զգայականությունից ու մահվան հանդեպ ակնածանքից և դիտարկենք Ռուբեն Գևորգյանցի «կտակը» հասարակական տիրույթում ու հասարակության շահի դիրքերից, իսկ հենց դա էլ պետք է անել, քանզի ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգյանցը հասարակական, հանրային կերպար է, և նրա խոսքն էլ հանրային է` ուղղված հասարակությանը, ապա կտեսնենք, որ շահառու կողմն էլ այս դեպքում պետք է միայն ու միայն հասարակությունը հանդիսանա՝ հանձինս այդ օգնութունը ստացող կարիքավոր զինվորների ու նրանց ընտանիքների։ Այո՛, խնդիրը միայն ու միայն հանրային տիրույթին է պատկանում և այդ տիրույթի քննարկելիքն է, չէ որ Գևորգյանցը խնդրել է գումարները փոխանցել հենց ՊՆ-ի հանրային ֆոնդին։
Ոմանք կարող են հակադարձել, թե դա Գևորգյանցի անձնական ցանկությունն է, կարող են ասել նույնիսկ «մասնավոր» ցանկությունը, բայց Գևորգյանցը դիմում է հասարակությանը, ընկերներին, ծանոթներին, այսինքն իր ակնկալիքը բերում է հասարակական դաշտ և դրանով վերահաստատում իր հանրային դիրքը և խոսքը՝ խոսք՝ ուղղված հանրությանը. այսպիսով մեզ հնարավորություն է տալիս խնդիրը քննարկել հանրայինի դաշտում և տալ անհրաժեշտ գնահատական։
Այսպիսով՝ Գևորգյանցը ներկայացնում է ազգի և պետության խնդիրներով մտահոգված, մինչև ուղնուծուծը Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին նվիրված հասարակական մտավորականի կերպար, ում նույնիսկ մահը չի կարող խանգարել օգնելու և զորավիգ լինելու հասարակությանը և դրա առավել կարիքավոր շերտերին։ Անտոնիո Գրամշին Գևորգյանցի՝ այս ավանդական մտավորականի տեսակի մասին հետաքրքիր ընդհանրացում է անում, որը ակնառու ցույց է տալիս դասական-ավանդական մտավորականի և պետության փոխհարաբերությունը. Գրամշին հավատում է, որ հասարակական մտավորականները (ինտելեկտուալները) կամա թե ակամա հասարակական հարաբերությունների համակարգի մեջ են և դրա այս կամ այն խմբի ուժի ներկայացուցիչը։ Նա սահմանում էր ինտելեկտուալների մի նոր տեսակ՝ օրգանական ինտելեկտուալներ, որոնք, ի տարբերություն դասական ինտելեկտուալների, առավել պրակտիկ և գործնական դեր ու նշանակություն ունեն իշխող հասարակական գաղափարաբանության մեջ և սոցիալական կյանքի կառուցման գործումii:
Իր «Բանտային Տետրեր»-ում խոսելով մտավորականության ծագման, պատմական զարգացման, հասարակությունում նրանց տեղի և դերի մասին` Գրամշին հետևողականորեն այն թեզն էր առաջ տանում, որ անկախ մտավորականություն ինքնին գոյություն չունի, բոլորն էլ այս կամ այն կերպ որոշակի կախյալ հարաբերության մեջ են որոշակի ուժից կամ ուժերից։ Ահա ինչ է ասում այդ կապակցությամբ. «…գոյություն չունի անկախ մտավորականության դասiii, ամեն մի սոցիալական խումբ ունի իր սեփական մտավորականների շերտը կամ էլ ձգտում է ստեղծել այն»։
Եվ այսպես, եթե մեկնարկենք վերը բերված դրույթներից, կտեսնենք, որ Գևորգյանցի այս «կտակը» նույն շարքից է, ինչ «1000 դրամ բանակին», «մեկ ազգ, մեկ մշակույթ», «ամեն ինչ ռազմաճակատի համար», «գաղափարաբանական ճակատի մարտիկներ», «բոլորս զինվորներ ենք»iv, «ազգ-բանակ», «հայրենիքիս զինվորն եմ» նախաձեռնությունները և այլն։
Այստեղ խնդիրը ոչ այնքան խնդրի ֆունկցիոնալ, կամ դրա կազմակերպչական ու էսթետիկ կողմերի քննարկումն է, որքան դրա բովանդակային, իմա՝ գաղափարաբանական հարցը, որի վրա խարսխված է պետություն-իշխանություն-առօրեականություն հարաբերությունների բարդ ու բազմազան համակարգը՝ իր ներքին խութերով և արտաքին կղզյակներով։
Միշել Ֆուկոն Ժիլ Դելյոզի հետ 1972թ. մարտի 4-ին կայացած զրույցում հետևյալ ձևով է նկարագրում ինտելեկտուալների դերը և հարաբերությունն իշխանության հետ. «…իշխանությունը խորապես և անտեսանելի կերպով մտնում է հասարակական հարաբերությունների ցանցի մեջ, այնպես, որ իրենք՝ ինտելեկտուալները, համարվում են իշխանության համակարգի մասնիկ, և նույնիսկ այն գաղափարը, որ նրանք (ինտելեկտուալները) «խղճի» և «գիտակցության» (հասարակության) կրողն են, նույնպես մտնում է այդ համակարգի մեջ … որտեղ ինքն (ինտելեկտուալը) իրենից ներկայացնում է միաժամանակ և՛ օբյեկտ, և՛ միջոց (իշխանության համար)»v։
Այստեղ պարզ է, որ Գևորգյանցը հենց այն մտավորականների-ինտելեկտուալների շարքին է պատկանում, որի մասին խոսում են Ֆուկոն, Գրամշին, Դելյոզը և այլ տեսաբաններ, որոնց ուսումնասիրությունների տիրույթում է հանրայինն ու քաղաքականը, առօրյա կյանքը և դրա կլանումը քաղաքականության, պետության, իշխանության և գաղափարաբանության կողմից։
Խնդրի թիրախային կողմն առավել քան առաջնային քննարկման կարևորություն ունի, քանի որ քաղաքականությունը, իր գործիք գաղափարաբանության միջոցով առօրեականության հետ հարցերը լուծելով, նոր հորիզոններ է իր համար յուրացնում` փորձելով տիրապետել նույնիսկ անդրշիրիմյան կյանքին։ ՀՀ քաղաքացին, մարդը, անհատն իր մահվանից հետո էլ նույնիսկ հանդիսանում է «հայրենիքի զինվոր», «նվիրյալ հայ», «իսկական հայ», «հայրենիքին և ժողովրդին ծառայող մեկը», մտավորական, ով մահվան մահճում էլ չի մոռանում հայրենիքի հոգսերը և մահվանից հետո էլ ամեն ինչ անում է նրան զորավիգ լինելու համար։
Այսպիսով՝ հայաստանյան նորագույն պատմության համար այս որոշակի փոքր, աննշան դեպքը Ֆուկոյի հատկանշած ու շրջանառության մեջ դրած առօրեականության ամենակուլ քաղաքականության (բիոքաղաքանության կամ կենսաքաղաքանության) դրսևորման/իրացման հստակ ցուցիչ է, քաղաքականություն, որը հայաստանյան պայմաններում գնալով ավելի է ամրապնդվում՝ դրսևորելով ամբողջատիրական նոր երանգներ։ Ամբողջատիրական (տոտալիտար), քանի որ երբ մաքրվում են մասնավորի ու հանրայինի, անձնականի ու հասարակականի սահմանները, կարող ենք և պետք է խոսենք նեոտոտալիտարիզմի սաղմնավորման մասին, խոսենք բացասական շեշտադրմամբ, քանզի պետության, իշխանության, գաղափարաբանության կողմից ցանկացած ոտնձգություն մասնավոր ոլորտի նկատմամբ պետք է հստակ գնահատականի արժանանա ու ըստ արժանվույն դիմադրության հանդիպի, քանզի սահմանների լվացումը հղի է անդեմ, անգույն բիոմասսայի ստեղծմամբ, վկան 20-րդ դարի տոտալիտար պետությունների փորձն է, ժառանգությունը և վերջաբանը, որը միլիոնավոր մարդկանց կյանքի գին արժեցավ։
Հռոմեացիները մի ասացվածք ունեն. «Հռոմեացիները միայն մեկ անգամ են ազնիվ լինում ` իրենց կտակներում». Գևորգյանցի պարագայում դա ամբողջովին այդպես է, սակայն ճիշտ հակառակը։
Գրականություն
- Gramsci A. Selections from Prison Notebooks , URL:// http://abahlali.org/files/gramsci.pdf
- Фуко Мишель. Интеллектуалы и власть: Избранные политические статьи, выступления и интервью. М.: Праксис, 2002.
- Интеллектуалы и власть: Дискуссия Мишеля Фуко и Жиля Делёза URL:// http://postmodern.in.ua/?p=1662
i https://armenpress.am/arm/news/896251/ruben-gevorgyanci-harazatnery-koch-en-anum-tsaxkepsakneri.html
ii Գրամշին ասում է, որ բոլոր մարդիկ են ինտելեկտուալ homo faber և homo saphiens, բայց ոչ բոլորն են ինտելեկտուալի իրենց դերը կատարում հասարակությունում։ [Gramsci A. Selections from Prison Notebooks.NY, 1971, 483p. pp. 9-10.]
iii Գրամշին համարում էր, որ «անկախ» մտավորականության պատկերացումն իդեալիստական փիլիսոփայության ցուցաբերած սոցիալական ուտոպիայի դրսևորում է։ [Gramsci A.(1971), p.8]
iv Այս վերջինի կապակցությամբ հատկապես հատկանշական են Երևան քաղաքում տարածված պաստառները, որտեղ հասարակական կյանքի տարբեր ոլորտի աշխատավորներ ներկայացված են որպես «ազգ-բանակ» հայեցակարգի անքակտելի մաս և ինչու չէ նաև որպես շարժիչ ուժ։
v Фуко Мишель. Интеллектуалы и власть: Избранные политические статьи, выступления и интервью. М.: Праксис, 2002. стр. 68-69.
Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: