«Կորիոլանը» Ու. Շեքսպիրի հռոմեական երեք ողբերգություններից մեկն է («Հուլիոս Կեսար», «Անտոնիուս և Կլեոպատրա», «Կորիոլան»): Պիեսի համար հիմք է հանդիսացել Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրություններ» աշխատությունը, որտեղ ներկայացրել է հույն և հռոմեացի նշանավոր գործիչների կյանքն ու գործունեությունը: Նրա թված անձանց շարքում է գտնվում նաև Կայոս Մարսիոսը (Կորիոլան), որը, սակայն, տարբերվում է Ու. Շեքսպիրի ողբերգության հերոսից: Պլուտարքոսի երկում նա ևս պատկերվում է իբրև քաղաքական գործիչ, սակայն ի տարբերություն Շեքսպիրի` հեղինակը նրան չի օժտել դրական հատկանիշներով: Ըստ պատմիչի` նրան աքսորել են, քանի որ երկրում տիրող սովի ժամանակ առաջարկել է թանկացնել հացի գինը:
Պիեսի գործողությունները ծավալվում են հին Հռոմում: Ողբերգության սյուժեն զարգանում է մի քանի ուղղությամբ. առաջին դեպքում հռոմեացիների ու վոլշերի պայքարն է, որի արդյունքում բացահայտվում են հերոսների բարոյական ու ֆիզիկական հատկանիշների գերակշիռ մասը: Մյուս դեպքում` սյուժետային երկրորդ պլանում, ներկայացված են հռոմեացի հասարակ ժողովրդի ու քաղաքական, ինչպես նաև պետական գործիչների հարաբերությունները: Կենտրոնական հերոսը Կայոս Մարսիոս Կորիոլանն է, ով վոլշերի դեմ պատերազմում հաղթանակ տանելուց հետո վերադառնում է Հռոմ: Նրան առաջարկում են դառնալ կոնսուլ և ղեկավարել հանրապետությունը: Հենց այս կետում է բացահայտվում ստեղծագործության հանգույցը, երբ ժողովրդական տրիբունները, վախենալով Կորիոլանի փառքից և հնարավոր հաջողություններից, սկսում են խարդավանքներ նյութել, որպեսզի ժողովրդի ու Կորիոլանի միջև կոնֆլիկտ առաջանա:
Համաշխարհային գրականագիտության մեջ համարվում է, որ պիեսի գլխավոր հարցադրումը պլեբեյների ու պատրիկյանների պայքարն է: Այս տեսակետը առաջացել է Պլուտարքոսի աշխատության և ողբերգության միջև համեմատականներ տանելիս: Պլուտարքոսի երկում Կորիոլանը արիստոկրատների կողմնակիցն ու գաղափարակիցն էր, սակայն Ու. Շեքսպիրը պիեսը գրելիս փոխել է սյուժեն և շարադրել այնպես, որ Կ. Մարսիուսը դեմ է դուրս գալիս պատրիկներին և պայքարում նրանց դեմ:
Ստեղծագործության հիմնական հակադրությունը ոչ թե արիստոկրատների ու պլեբեյների միջև է, այլ անհատի ու բազմության, իսկ ավելի կոնկրետ` Կորիոլանի ու ամբոխի:
ՊԱՏՐԻԿՆԵՐ և ՊԼԵԲԵՅՆԵՐ
«Կորիոլանում», իհարկե, առկա է պատրիկների ու պլեբեյների միջև պայքար, որը արտացոլվում է քաղաքացիներից մեկի խոսքում, սակայն դա չի գրավում սյուժետային ու գաղափարական կենտրոնական դիրք:
«Ա. Քաղաքացի- Ինչ-որ նրանց կոկորդով վար չի գնում` այդ է մեր բաժինը: Եթե նրանք իրենց սեղանների ավելցուկը մեզ շնորհեն, քանի դեռ չի փչացել, մենք պատրաստ ենք ասելու, որ նրանք մեզ օգնում են մարդկայնորեն»:
«Մենք սովամահության ենք մատնված, իսկ նրանց ամբարները տրաքում են հացից: Եվ դեռ օրենքներ են հրատարակում վաշխառությունների դեմ, վաշխառուների օգտին: Համարյա ամեն օր մի օգտավետ օրենք են վերացնում, որը հակառակ է հարուստների քիմքին: Եթե պատերազմը մեզ կուլ չտա, նրանք կուլ կտան. ահա թե ինչպես են նրանք մեզ սիրում»:
Ա. Քաղաքացու խոսքերից պարզ երևում է, որ իշխանության վերևում կանգնածները ձգտում են բավարարել իրենց ցանկությունները: Նրանք օրենքը, ուժը և մնացած բոլոր հնարավորությունները կենտրոնացնում են սեփական բարեկեցության վրա: Այս երևույթը բնորոշ է բոլոր հասարակարգերին, այդ թվում նաև հայ իրականությանը:
ԱՆՀԱՏ – ԱՄԲՈԽ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Հասարակությունը կամ ամբոխը, իր գործառույթներով հանդերձ, ենթակա է պարբերաբար փոփոխվելու: Այն կարող է իր միջից դուրս նետել այն անհատին, որը դադարում է համապատասխանել պահանջներին և իրենից սպառնալիք է ներկայացնում: Ինչպես նաև` հասարակությունը վտանգավոր է դառնում այն դեպքում, երբ չի կատարում իրեն բնորոշ գործառույթները: Մեջբերենք Մարսիուսի խոսքը` ուղղված ամբոխին.
«Ձեզ վստահողը պետք է գիտենա, որ դուք առյուծ չեք, այլ նապաստակներ,
Եվ աղվեսներ չեք, այլ երկչոտ սագեր:
Այնքան եք կայուն, ինչպես ածուխը սառույցի վրա
Կամ թե կարկուտը` արեգակի տակ: Դուք սովորել եք
Պատվել զորավոր ոճրագործներին,
Սակայն նզովել պատժող օրենքը: Ատում եք նրան,
Ով արժանի է իրոք մեծության:
Ձեզ հավատալը տխմարություն է:
Դուք ամեն րոպե կարծիք եք փոխում.
Մեծարում եք նրան, ով մի քիչ առաջ ձեր ատելին էր,
Եվ պղծում նրան, ով ձեր ճակատի ոսկեպսակն էր»:
Անհատի ու ամբոխի հակադրության միջոցով հեղինակը ցույց է տալիս այն խորը անջրպետը, որ մեծ կամ ինքնաբավ անհատը տեսնում է իր ու հասարակության միջև, ինչն էլ կարող է հանգեցնել երկուստեք կործանման:
Երբ Կորիոլանը մուրացկանի ցնցոտիներով հայտնվում է Օֆիդիոսի տան առջև, սպասավորներն սկզբում ցանկանում էին ծեծելով դուրս նետել Մարսիուսին, սակայն նրա ով լինելը իմանալուց հետո անմիջապես ասում են.
«Բ. Սպասավոր- Ազնիվ խոսք, ես մտածում էի մահակով մի լավ թակել նրան, բայց գլխի ընկա, որ այդ հագուստի տակ ուրիշ մարդ է թաքնված:
Ա. Սպասավոր- Եվ ի՜նչ զորավոր բազուկներ ունի»:
Կամ էլ` այդ նույն սպասավորները, իմանալով, որ պատերազմ է լինելու վոլշերի ու հռոմեացիների միջև, հայտարարում են.
«Բ. Սպասավոր- Ուրեմն դարձյալ աշխուժանալու ենք: Եվ ի՞նչ լավ բան կա այդ խաղաղ ժամանակների մեջ: Միայն երկաթն է ժանգոտում, դերձակներ են բազմանում և ոտանավոր գրողներ են արտադրվում:
Ա. Սպասավոր- Ես էլ ուզում եմ, որ կռիվ լինի: Ինչպես որ գիշերը ցերեկից լավ է, էդպես էլ պատերազմը լավ է խաղաղությունից:
Բ. Սպասավոր- Իհարկե պատերազմի ժամանակ ուրիշների կանանց երբեմն բռնաբարում են, բայց չպետք է ժխտել, որ խաղաղ ժամանակ կանայք ավելի շատ են դավաճանում իրենց ամուսիններին:
Ա. Սպասավոր- Ճիշտ է, և դրանից է, որ մարդիկ թշնամանում են իրար»:
Վերոբերյալ հատվածները անհատի ու հասարակության փոխհարաբերության լավագույն օրինակներից են, ինչպես նաև, ամբոխի անսկզբունքայնության, սեփական դիրքորոշում, իրերի ու երևույթների վերաբերյալ սեփական պատկերացումներ չունենալու վառ ապացույցներ են: Գիշերը ցերեկից և պատերազմը խաղաղությունից գերադասելը ոչ թե նրանց քաջության, աշխարհընկալման յուրօրինակության մասին է վկայում, այլ` տերերի ցանկությունները որպես անբեկանելի ճշմարտություն ընդունելու: Այս սպասավորները իրենց նմանների հավաքական կերպարներն են: Նման մարդիկ ասում և գործում են այնպես, ինչպես իրենց տերերին ու իշխողներին է հաճելի:
Շեքսպիրը ամբողջ պիեսի ընթացքում ընդգծում է «հոտային» աշխարհընկալումը, որի շնորհիվ ժողովրդական տրիբուններ Բրուտոսն ու Վելուտոսը մանիպուլյացիայի են ենթարկում և կառավարում բնակչության տրամադրությունն ու դրդում հետագա քայլերին: Վերջիններս քաղաքական գործիչներ են, և իրենց նպատակն է` պահել իշխանությունն ու փառքը, սակայն դրա համար ոչինչ չեն անում, այլ միայն դատարկ խոսքերով են կերակրում ժողովրդին, իսկ պետական գործիչ Կորիոլանը բնակչության խաղաղության ու բարօրության համար պայքար էր մղում, սակայն փառասիրություն չէր ցուցաբերում:
Ամբոխը վախկոտ է ու տկարամիտ. այն վախենում է սեփական կարծիք ունենալուց ու որոշումներ կայացնելուց, և նրանց ղեկավարելիս հենց այս փաստից էլ օգտվում են քաղաքական գործիչները: Ամբոխը չունի հիշողություն և առաջ է շարժվում միայն ներկա պահի ազդեցության տակ, անմիջապես մոռանում է, թե ինչպիսի զոհողությունների է գնացել Կորիոլանը, որպեսզի հաղթանակ տանի վոլշերի նկատմամբ ու հռոմեացիներին ազատի նրանց հարձակումներից:
Նրանք հիշում են միայն այն, որ այս հռոմեացին ատում է հասարակ ժողովրդին և ուզում է դառնալ կոնսուլ` Հռոմի բնակիչներին ոչնչացնելու համար: Իսկ երբ վերադառնում է հզորացած ու Օֆիդիուսի զորքի գլուխն անցած, ամբոխը սկսում է ափսոսանք ապրել, որ նրան աքսորել են:
«Ա. Քաղաքացի- Բայց իմ մասին կասեմ. Երբ ես գոռացի «աքսորել նրան» միաժամանակ ավելացրի` «ափսոս»:
Գ. Քաղաքացի- Ես էլ: Եվ ճշմարիտն ասած, նույնը արեցին մեզանից շատ-շատերը: Չէ՞ որ մենք այդպես վարվեցինք, որ բոլորի համար հրաշալի լինի: Եվ չնայած, որ մենք համաձայն եղանք նրա արտաքսմանը, բայց մեր հոգու խորքում դեմ էինք դրան»:
Ամբոխ դարձած ու ինքնուրույնությունից զրկված այս քաղաքացիները, որ աքսորել են Հռոմի հերոսին, զուրկ են պատասխանատվության զգացումից: Նրանք ամբողջ մեղքը բարդում են մեկը մյուսի վրա և փորձում իրենց առանձնացնել այդ միջավայրից ու դրանով իսկ ավելի են ընդգծում կամազրկությունը և ամբոխին պատկանելը: Նույն երևույթին կարելի է ականատես լինել բոլոր ժամանակներում: Անգամ մեր օրերում հայ իրականության մեջ ամբոխը մշտապես դժգոհություններ է արտահայտում քաղաքական ու պետական գործիչների, ինչպես նաև այդ գործիչների ձեռքին խաղալիք դարձած ժողովրդի վերաբերյալ, սակայն դժգոհության ալիքը բարձրացրած խմբերը ոչնչով չեն տարբերվում պախարակվողներից և անում են նույնը, ինչ դրանք:
Ողբերգության մեջ ափսոսանքի զեղումներին հաջորդում է ամբոխային բարկության ալիքը, որի արդյունքում Բրուտոսին բռնում և փողոցներով քարշ են տալիս ու հայտարարում, որ Կորիոլանի վերադարձը` վոլշերի բանակի գլուխն անցած, ինչպես նաև վրեժխնդիր լինելու ցանկության մեղավորը Բրուտոսն է: Ժողովուրդը չի գիտակցում կամ չի ուզում գիտակցել, որ ինքն է պատասխանատվություն կրում իր քայլերի ու որոշումների համար, քանի որ թուլության արդյունքում է, որ գործիչները օգտագործում են իրեն իբրև խամաճիկ:
Հիշողությունից զուրկ են ոչ միայն հռոմեացիները, այլև` վոլշերը: Երբ Կորիոլանը մտնում է քաղաք, նրանք բուռն ոգևորությամբ ու կանչերով են դիմավորում նրան` մոռանալով, որ այդ նույն զորավարը նախորդ պատերազմի ժամանակ իրենց որդիներին, ամուսիններին ու, առհասարակ, բնակիչներին է սպանել:
«Բ. Դավադիր- Եվ համբերատար այդ հիմարները
Պատռում են իրենց ստոր կոկորդները այն մարդու պատվին,
Որ սպանել է իրենց հարազատ երեխաներին»:
Իսկ սրանից անմիջապես հետո, երբ ամբոխին հիշեցնում են, թե ինչեր է արել Կայուս Մարսիուսը վոլշերի դեմ, նրանք անմիջապես հեղափոխվում են և սկսում հաշվեհարդար պահանջել:
Այսինքն` այս երևույթը բնորոշ է բոլոր հանրություններին, քանի որ, ինչպես նշվեց, հասարակությունը և մասնավորապես ամբոխը զուրկ են ես-ի անհատական գիտակցությունից: Նրանք առաջնորդվում են միայն «մենք»-ի գործառույթներով` առանց գիտակցելու դրանց իրական արժեքը:
ԱՆՀԱՏ – ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Սովորաբար խմբավորումները կամ համայնքը չեն կարողանում հանդուրժել տաղանդավոր մարդկանց, որոնք չեն բաժանում իրենց կարծիքը: Նրանց համար վտանգ են ներկայացնում նաև իրենց ցանկություններին չհետևողները, օրինակ` ամբոխը, քանի որ այն կազմող մարդիկ չունեն սեփական «ես» և համոզմունքներ, այլ փոփոխական ցանկություններ: Նաև` խմբավորումներին կարող է սպառնալ այդ ամբոխին չհետևող և սեփական տեղը պահանջող անհատը: Պիեսում այդպիսի դեր էր ստանձնել Կայոս Մարսիոսը: Բնութագրական է Ագրիպանի խոսքը Բրուտոսի և նրա նմանների վերաբերյալ.
«Դուք սիրում եք, երբ ամեն մի սրիկա ձեր առաջ ծունկ է խոնարհում և գլխարկը հանում:… Դուք պատրաստ եք… և նույնիսկ վճիռը հետաձգել հաջորդ օրվան մի կոտրված մանրադրամի պատճառով»:
Ագրիպանի խոսքի միջոցով մատնանշվում է պատրիկների տարբերությունը ժողովրդական տրիբուններից: Վերոնշյալ մեջբերումը բնութագրական է, քանի որ ամբողջ ողբերգության ընթացքում Շեքսպիրը թերևս այս միտքն է շեշտադրում. արիստոկրատներն ունեն սկզբունքներ, արդարության ու պատասխանատվության զգացում, որով էլ առաջ են շարժվում: Նրանք գրոշների համար չեն վաճառում սեփական արժանապատվությունը և հավատարիմ են մնում իրենց կոչմանը:
Ողբերգության մեջ Ու. Շեքսպիրը ժողովրդական տրիբունների ու քաղաքական գործիչների դավադրությունները ներկայացրել է պատճառահետևանքային կապի մեջ, ինչն էլ համոզիչ է դարձնում նրանց վարքագիծը: Կորիոլանը վտանգ էր հանդիսանում նրանց համար, ուստի բնական էին բոլոր խարդավանքներն ու ստերը:
«Բրուտոս- Կամ նա՛ վայր կընկնի,
Կամ մեր երկուսի իշխանությունը: Այդ նպատակով
Մենք ժողովրդին պետք է ներշնչենք,
Որ նա շարունակ ատել է իրեն»:
Սակայն այս ամբողջից Շեքսպիրը վեր է հանում Կորիոլանին և ընդգծում այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են խիզախությունը, ազնվությունը, հպարտությունն ու ինքնասիրության գիտակցությունը (բնորոշ իսկական արիստոկրատին կամ պատրիկին): Նա, աքսորման վտանգի մեջ լինելով հանդերձ, չի համաձայնում ստել կամ շողոքորթել ժողովրդին: Հենց այս հատկանիշներն են, որ ի վերջո նրան դատապարտում են մահվան: Նա ատում է ամբոխին` փոփոխականության ու անկայունության համար: Հատկապես, երբ այն հարգանք է մատուցում նրանց, ովքեր արժանի չեն, կամ էլ` ավելի քիչ, քան ինքը` Կորիոլանը: Այս կետից է սկսվում բախումը անհատի ու խմբավորումների միջև (այս դեպքում` Կորիոլան ” ժողովրդական տրիբուններ – սենատ), քանի որ վերջնականապես բացահայտվում է նրանց գաղափարական ու սկզբունքային անհամատեղելիությունը:
«Կորիոլան- Օ՜, դու նենգ ոհմակ շների,
Ես ատում եմ քո շնչառությունը,
Ինչպես գոլորշին գարշ ճահիճների.
Քո սերն ինձ համար անպատվություն է:
Դուք դիակներ եք չթաղված մարդկանց…
Մնացեք այստեղ ձեր կամափոփոխ անհաստատությամբ,
Եվ թող ամեն մի թեթև շշուկից
Ձեր սիրտը ցնցվի ահեղ տագնապով»:
Ճիշտ է` նա ցանկանում էր ճանաչում, փառք, լինել առաջնորդ, սակայն դրանց հասնելը չպետք է տեղի ունենար գեղեցկախոսության ու ստացած վերքերի միջոցով, այլ` իր կատարած սխրագործությունների, հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ: Նման իշխանությունը առաջին հերթին պետք է թուլացներ ժողովրդական տրիբունների ուժն ու ազդեցությունը: Նրանք այլևս չէին կարողանա մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդին ու օգտագործել սեփական շահադիտական նպատակներին հասնելու համար, ուստի պետք է քայլեր ձեռնարկեին նման զարգացումից խուսափելու համար:
Եվ ի վերջո` գաղափարական ու համոզմունքային հստակ դիրքորոշում ունեցող մարդը չէր կարող ճկվել ըստ տրամադրությունների. այսուհանդերձ միանգամայն համոզիչ է ողբերգության ավարտը (Կորիոլանի սպանությունը): Այս դեպքում հասարակությունը վախենում էր իրենից տարբերվողից, սակայն խորքում գիտակցում էր, որ նա ավելի լավն է, քան ինքը, ուստի առաջ էր գալիս բնազդային վախը, որ բնորոշ է առաջնայնությունը կորցնելու սարսափն զգացող կենդանիներին: Հոգեբանական տեսանկյունից արդարացված է ժողովրդի ու գործիչների կատաղությունը, որովհետև նրանք կանգնած էին երկրորդական դառնալու վտանգի առջև:
Ուսումնասիրելով Ու. Շեքսպիրի «Կորիոլան» ողբերգությունը` տեսնում ենք, որ հեղինակը պատկերել է քաղաքական գործունեության ու առաջնորդության ձգտող անհատի, որը, բախվելով իրականությանը և այնտեղ տեղի ունեցող խարդավանքներին, չէր կարող հաղթահարել ու վերափոխել այն: Քանի որ ամբոխը կազմում է հասարակության մեծամասնությունը, իսկ դրա տրամադրությունները և հեղաբեկումները մանիպուլացնելն ու օգտագործելը Կորիոլանի համար ստորություններ էին, ապա անհնար էր, որ առանց այդ հենակետերը օգտագործելու` նա միայնակ կարողանար ժողովրդի գիտակցության մեջ հասարակարգի վերաբերյալ ունեցած ընկալումների փոփոխություններ կատարել: Փաստորեն` Կայոս Մարսիոսը միայն իր ժամանակներում տեղի ունեցող պայքարի խորհրդանիշը չէ: Նա դառնում հարաժամանակյա երևույթ, որ բնորոշ է տարածական ու ժամանակային բոլոր հարթություններում ընկած հասարակարգերին:
Գրականություն
-
Շեքսպիր Ու., Ընտիր երկեր երկու հատորով, հ2, Երևան 1964, Հայ.Պետ.Հրատ., է. 959:
-
Պլուտարքոս, Կենսագրություններ, Երևան 2001, Սարգիս Խաչենց, է. 390:
- Луначарский А.В., Собрание сочинений: в восьми томах, том 4, Москва 1964, с. 546․
- Кориолан / Лекции о Шекспире. http://www.xliby.ru/literaturovedenie/lekcii_o_shekspire/p27.php, 03.08.2017
Հեղինակ` Առլինա Սարգսյան (Arlina Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: