ԵՎՀԿ-ն նույնպես ներկա էր աշխատանքային տոնավաճառին

Հունիսի 21-ին «Թիմ թայմ» ժամանցի կենտրոնում անցկացվեց աշխատանքային տոնավաճառ, որի ընթացքում ավելի քան 15 կազմակերպություններ ներկայացրին իրենց գործունեությունը և թափուր աշխատատեղերը: «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը» նույնպես մասնակցում էր տոնավաճառին: Կազմակերպության փոխնախագահ Արմինե Մուրադյանը սկզբում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին ցուցաբերած հետաքրքրության համար, ապա ներկայացրեց կազմակերպության ստեղծման պատմությունը, նպատակները, գործունեության հիմքում ընկած գաղափարներն ու սկզբունքները և իրականացվող նախագծերը: Փոխնախագահը շեշտեց, որ երկրում փոփոխություններ կատարողները երիտասարդներն են՝ այդ կերպ կարևորելով ԵՎՀԿ գործունեությունը վերլուծական միտք ունեցող երիտասարդների պատրաստման գործում: Նա նաև ներկայացրեց, թե ինչպես կարող են հետաքրքրված անձինք միանալ ԵՎՀԿ-ին, և թե ինչ այն կտա իրենց:

Աշխատանքային տոնավաճառի ընթացքում բազում երիտասարդներ ցանկություն հայտնեցին անդամագրվելու «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ին՝ իրենց խոսքը լսելի դարձնելու, ինքնակրթվելու և ինքնազարգանալու, ինչպես նաև երկրի զարգացման գործում որոշակի դեր ունենալու համար: