Կամք, արվեստ և վերագործարկում. մաս 1-ին

Photo: www.livescience.com

Կամքը՝ իբրև ամեն ինչի հիմք: Վեկտորային տեսություն

Սահմանում. Կամքը (լատ. voluntas)  յուրահատուկ կարողություն կամ հոգեկան ուժ է, որը տարբերվում է մարդկային բանականությունից և զգացմունքներից սակայն կրողի գործունեության վրա ունի հավասարազոր ազդեցություն։

Արդի փիլիսոփայությունը կամքը սահմանում է այսպես. 

1.Բանականության ինքնագիտակցում ու ինքնորոշում և յուրահատուկ պատճառականություն առաջացնող ունակություն:

2.Բանականությանը նախորդող և գոյի հիմնարար հատկանիշ հանդիսացող  բոլոր համակարգերի պատճառաբանական հիմք։

Կամքը հաճախ դիտարկվում է որպես որոշակիորեն ինքնուրույն գործառույթ կամ բանականության ակցիդենցիա, քանի որ այն սովորաբար չի հակադրվում գիտակցականին։ Կամքի բնութագրման մեջ դիտարկվում է ինտելեկտուալ իմպերատիվը՝ նպատակադրված, բանական միտքը, որը ձգտում է նպատակի իրականացմանը։ Ըստ մատերիալիզմի՝ կամային գործունեության սկզբնաղբյուրը օբյեկտիվ աշխարհն է՝ մարդու առարկայական գործունեությունը, որն ուղղված է աշխարհի վերափոխմանը, ենթարկմանը՝ հիմնված լինելով բնության օբյեկտիվ օրենքների վրա։

Ըստ վոլյունտարիստների՝ կամքը մարդածին աշխարհակառույցի և բոլոր գործընթացների նախասկզբնական, առաջնային հիմքն է։

Ուշագրավ են նաև կամքի հոգեբանական սահմանումները.

  1. Ավտոգենիկ – կամքը ինքնատիպ և ինքնուրույն ունակություն է, որը որևէ այլ գործընթացից կախված չէ ։
  2. Հետերոգենիկ – կամքը երկրորդական՝ կախյալ երևույթ է, որը հոգեբանական այլ գործընթացերի արդյունք է:
  3. Ռուբինշտեյնի տեսություն – կամքը ընդամենը սեփական ունակությունների և վարքի տնօրինման կարողություն է, որն աբողջովին գտնվում է հուզական և գիտակցական գործընթացների իշխանության ներքո։

Ներկայումս կամքը բնութագրվում է  բազմաթիվ տարբերակումներով և կլիշեներով՝ կամք առ ազատություն, կամք առ իշխանություն, կամք առ կյանք և այլն։ Բայց այս վերլուծության մեջ ես դրանց մանրամասն չեմ անդրադառնա,  քանի որ նպատակս  նոր տեսության սահմանումն է՝ նախապես ներկայացնելով դրա վրա ազդեցություն ունեցած, գոյություն ունեցող ընդհանրական և հատկանշային տեսությունները։

 Պատմություն.

  1. Անտիկ մոտեցումները։ Անտիկ աշխարհում կային փիլիսոփաներ (օր․՝ Պրոտոգորաս), ովքեր բոլոր գործընթացների ցուցիչ համարում էին մարդու ընկալումը, հետևաբար նրա կամքը համարում էին ամեն ինչի շարժիչ։ Բայց առկա էր նաև հակառակ թևը (օր․՝Դեմոկրիտ), որի ներկայացուցիչներն ընդհանրապես ժխտում էին կամքի ազատությունը՝ բացարձականացնելով անհրաժեշտությունը և մերժելով պատահականությունը կամ անհատից կախվածությունը։ Պլատոնն առաջինն էր, որ կամքը կապեց ռեֆլեքսիայի հետ։ Ըստ նրա՝ այն բանական գնահատման ու ձգտման համաձուլվածքն է։ Արիստոտելը կամքը տարանջատում էր թե՛ «մաքուր» գիտակցականից, թե՛ «մաքուր» աֆֆեկտներից։ Նրա սահմանման համաձայն՝ կամքը, որպես գիտակցականի ծնունդ, այդ երկուսի սինթեզն է, որը միևնուն ժամանակ կրում է աֆֆեկտներից  մեկի մաս կազմող ձգտումների ազդեցություն։
  2. Միջնադարի և վերածննդի մոտեցումները։ Կամքը հսկայական նշանակություն ուներ քրիստոնեական փիլիսոփայության համար, հատկապես դրա ձևավորման փուլում։ Տիեզերական ժողովների ժամանակաշրջանում կամքը բնորոշվում էր երկու ընկալմամբ.                                                                   Կամքը՝ որպես արտաքին ազդեցությամբ ձևավորվող ու ուղղություն առնող ուժ (տվյալ դեպքում՝ աստվածային միջամտությամբ)։                                                                                                             Կամքը՝ որպես ի վերուստ տրված աստվածային ծագում ունեցող ուժ, որը, սակայն, ամբողջովին ձևավորվում էր մարդու կողմից (կամքի ազատություն)։                                                                           Ուշագրավ է, որ երկու դեպքերն էլ վերաբերում են աստվածատուր և դրանով իսկ սրբազնացած ուժին։ Հենց դրանով կարելի է պայմանավորել Օգուստինոս Երանելու մոտեցումները, ով կամքը վեր էր դասում ինտելեկտից՝ շատերի կողմից համարվելով վոլունտարիզմի հիմնադիրներից մեկը։ Վերածննդի ու դրան հաջորդած դարաշրջանում կամքը՝ որպես երևույթ, զատում են աստվածային հիմքից ու կրկին վերագրում մարդուն և կապում մարդու ինտելեկտի հետ։ Ըստ Դեկարտի, օրինակ, կամքը փոքր-ինչ ավելի լայն է, քան զուտ բանականությունը և տեղավորվում է մտածողության սահմաններում։ Սպինոզան նույնացում է կամքն ու բանականությունը։ Ուշագրավ են նաև գերմանացի միստիկ  փիլիսոփա Յակոբ Բյոմեի այս թեմայով աշխատությունները. վերջինս, կամքը համապատասխանեցնելով քրիստոնեական ուսմունքին, այն բաժանում էր բարի ու չար կամքի, որոնք բխում էին քրիստոնեական առասպելաբանության տարբեր կերպարներից:
  3. Նոր և նորագույն ժամանակների մոտեցումները։ Կանտի սահմանմամբ՝ կամքը ցանկության ունակություն է, որի հիմքերը գտնվում են գիտակցականի մեջ։ Այն նաև սեփական ես-ի մասին պատկերացումն է բնական ու մարդկային օրենքների ներքո։ Կանտը առաջինն է, որ փորձում է պատկերացում տալ կամքի ուղվածության մասին: Այսպիսով, նա սահմանում է բարի կամքի (կամք առ բարին) հայեցակարգը: Կանտը համարում է, որ բարի արարքները ներքին իմպերատիվի՝ բարի կամքի արտահայտումն են, և որ դրանք մարդկային բնության անքակտելի ու պարտադիր մասն են։ Արթուր Շոպենհաուերը գլխիվայր շրջեց գոյություն ունեցող բոլոր դասական մոդելները. կամքը  տիեզերագո (օնտո-կոսմիկ)  երևույթ է՝ զուրկ սուբյեկտիվ կամ մարդակենտրոն նախահիմքից։ Կամքը անկանոն ու աքսիոմատիկ (բացատրության կամ հիմնավորման կարիք չունեցող) ուժ է, որը ցանկացած գոյի բացատրությունն ու հիմանվորումն է, ինչպես օրինակ՝ կամքը առ կյանք։ Այն, ըստ էության, գոյի մետաֆիզիկական հիմնավորումն է ու սկիզբը։ Շոպենհաուերի աշակերտ Նիցշեն կամքը առ կյանք-ը վերաձևակերպվում է նույնպես  օնտոլոգիկ (գոյաբանական) ՝ կամք առ իշխանության, որը վերադասվում է ամեն ինչից՝ բանականությունից, կրքերից, օրենքներից, ու համարվում տիեզերագո։ Հարկավոր է նշել, որ Նիցշեն վերջին խոշոր մտածողն է, որը  իր փիլիսոփայական ուսմունքում անդրադարձել է կամքի դրսևորման խնդիրներին՝ որպես  հետազոտության գլխավոր  առարկա:

Նրանից հետո փիլիսոփաների համար կամքը ինքնուրույն հետաքրքրություն չէր ներկայացնում։ Իսկ թե ինչու, կփորձեմ պատասխանել հաջորդիվ։

Վեկտորային տեսությունը և կամքի պատմական դերը.

Վեկտորային տեսության մշակման վրա ազդեցություն են թողել վերոնշյալ բոլոր հեղինակները, սակայն հատկապես հարկավոր է առանձնացնել Յակոբ Բյոմեյին, Իմանուիլ Կանտին և Ֆրիդրիխ Նիցշեին։

Կամքի՝ իբրև բանականությունից ու հույզերից անջատ և կրողի վրա հավասարաչափ ազդեցություն ունեցող ուժի այս նոր տեսական մեկնաբանությունը ես դասում եմ վոլյունտարիստական տեսությունների շարքին։ Ավելին, կամքը, ըստ իս, ոչ թե զուտ մարդկային, այլ բնությանը ու աշխարհակառույցին հատուկ երևույթ է, որը և պայմանավորում է մեզ շրջապատող աշխարհի և մեր ինչպիսին լինելը։

Տեսության համաձայն՝ կամքը  ուժ  է (մարմինների փոխազդեցության չափն արտահայտող վեկտորական մեծություն)։ Ուժը, ինչպես հայնտի է, արտահայտվում է վեկտորով և մոդուլով։ Կամքը՝ որպես ուժ, բաժանվում է երկու վեկտորների՝ դրական և բացասական։ Այս անվանումները խիստ պայմանական են և կապված բարոյականության ու նորմերի մասին մեր պատկերացումներին, բայց ինքը բաժանումը օբյեկտիվ է, քանի որ երկու հիմնական վեկտորները հակադիր են և փոխբացառող։ Ասել է թե՝ այն, որ դրանք հակադրված են միմյանց, փաստ է, բայց  վեկտորների անվանումներն ու դասակարգումները արդեն սուբյեկտիվ են։

Կամքի բաժանումն ըստ վեկտորային ուղղության՝ ունի լոկ ընդհանրական բնույթ: Կամքի առանձին արտահայտությունները  գտնվում են այս կամ այն ուղղության ներքո։ Այսինքն, օրինակ՝ կամքն առ արարում գտնվում է դրական վեկտորի մեջ, իսկ կամքն առ բռնություն՝ բացասականի, ինչպես և պատկերված է գծապատկերում։

Դժվար չէ նկատել, որ կամքն առ իշխանություն դրված է հենց կենտրոնում. սա Նիցշեի փիլիսոփայական ուսմունքի հետևանքն է, որից ես եզրահանգում եմ, որ այն, առավել քան մյուսները, կարող է ինչպես բացասական, այնպես էլ դրական վեկտորային «կրիչ» լինել։ Օրինակ՝ Ստալինի և Հիտլերի կամքն առ իշխանություն հրեշավոր և հետադիմական հետևանքներ ունեցավ մարդկության համար, բայց Օգոստոս կայսեր կամքն առ իշխանություն արտահայտվեց համընդհանուր խաղաղությամբ և շարունակական բարեկեցությամբ։

Ընդհանրապես, կամքը ցանկացածի մեջ առկա է ամբողջությամբ՝ թե՛ դրական և թե՛ բացասական տարրերով: Հարցն այն է, թե ժամանակի կոնկրետ հատվածում, որ վեկտորն է դառնում գերակա (սկզբունքորեն չբացառելով նաև հավասարակշռության հնարավորությունը)։ Սրա առավել վառ օրինակը Հռոմեական հանրապետության անկման շրջանի գործիչներն են (Սուլլա, Կեսար, որոնց կամային վեկտորների արտահայտումը կյանքի տարբեր շրջափուլերում եղել է տարբեր):

Դրան գումարած՝ հնարավոր են նաև դեպքեր, երբ կամքի հստակ արտահայտման ձևը (օրինակ՝ կամք առ բռնություն) գտնվի այլ վեկտորի ներքո կամ, օրինակ, կենտրոնում (Ալեքսանդրի կամքը առ բռնություն ուղված էր ոչ այնքան Աքեմենյան տերության, որքան հին ու ժամանակավրեպ աշխարհակարգի դեմ, և իր էությամբ արարող էր ու առաջադիմական)։

Ինչպես արդեն նշվեց, բաժանումը օբյեկտիվ է և փաստ, մինչդեռ բաժանման ընկալումները և  անվանումները խիստ սուբյեկտիվ են։ Բաժանումն արդյունք է մետաֆիզիկական մտորումների և չի կարող ստույգ լինել բոլոր դեպքերի համար։

Բայց ուժը, ինչպես գիտենք, ունի նաև մոդուլ՝ մեծություն, որն ունի նաև կամքը։ Կամքը, բացասական կամ դրական վեկտորներով հանդերձ, և՛ անհատի, և՛  հասարակության մեջ ունի նաև մոդուլ, որը ցույց է տալիս տվյալ ուժի՝ կամքի մեծությունը։ Օրինակ՝ ռազմի դաշտում կողմերից երկուսի մոտ էլ առկա է կամք առ հաղթանակ, և ի թիվս բազմաթիվ այլ գործոնների՝ որոշիչ է նաև այն, թե ում մոտ է կամքի այդ արտահայտման մոդուլն ավելի մեծ։ Գիշատչի մոտ, ինչպես և զոհի, կա կամք առ կյանք, և ի թիվս այլ գործոնների՝ որոշիչ է նաև, թե ում կամքի մոդուլն է ավելի մեծ։ Առանձին անհատների մոտ կամքի մոդուլը կարող է լինել ավելին, քան ամբողջ հասարակություններինը, և, ընդհանրապես, կամքի մոդուլը ենթակա է խիստ փոփոխությունների ու վայրիվերումների՝ կախված իր կրողից։

Վերադառնանք նախկինում կիսատ թողած հարցին՝ ինչու էր Նիցշեն վերջին խոշոր տեսաբանը, ում ուսումնասիրության կենտրոնում գտնվում էին կամքի խնդիրները։ Պատճառը, ըստ իս, կամքի մոդուլի մեծության համընդհանուր թուլացումն է։ Այս ֆենոմենը կփորձեմ բացատրել վերլուծության երկրորդ մասում, որտեղ կանդրադառնամ, թե ինչպես է թուլանում կամքի մոդուլը, որի հետևանքն էլ արվեստի ընկալման ճգնաժամն է։

Այսպիսով, պատմության և մարդկային հասարակության ու գործունեության գլխավոր շարժիչ ուժը, ըստ իս, հենց մարդկային կամքն է։ Այն կարող է արտահայտվել արարելու կամ բռնության ցանկությամբ, բայց էականը դա չէ։ Էականն այն է, որ մարդու ամենակարևոր գործողությունները և կյանքում ընտրած ճանապարհը, հետևաբար և մարդկության պատմությունը, մեծամասամբ ձևավորվում են կամքով, այլ ոչ բանականությամբ կամ հույզերով։ Ուստի դժվար է գերագնահատել կամքի ու դրա վեկտորի/մոդուլի ազդեցությունը մեզ շրջապատող ամեն ինչի վրա։

 Գրականության Ցանկ՝

  1. Фридрих Ницше, Воля к Власти, Минск, Харвест, 2005
  2. Артур Шопенгауэр, Мир как воля и представление, Минск, Харвест, 2004
  3. Новая философская энциклопедия, http://iph.ras.ru/enc.htm
  4. Ecumenical councils, http://www.theopedia.com/ecumenical-councils
  5. The Will in Augustine’s Confessions, The Law of the Mind and the Law of the Members http://www.hprweb.com/2012/08/the-will-in-augustines-confessions-the-law-of-the-mind-and-the-law-of-the-members/
  6. Основные направления и течения философии с их представителями, http://studme.org/1667011917702/filosofiya/osnovnye_napravleniya_techeniya_filosofii_predstavitelyami
  7. Immanuel Kant, http://www.iep.utm.edu/kantmeta/
  8. Jacob Boehme, http://www.passtheword.org/Jacob-Boehme/
  9. Free Will, http://plato.stanford.edu/entries/freewill/

Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

  1. Կամք, արվեստ և վերագործարկում․ մաս 2֊րդ
  2. Կամք, արվեստ և վերագործարկում․ մաս 3֊րդ