Ի՞նչ է ֆրանչայզինգը
Ֆրանչայզինգը ձևավորվել է դեռևս միջնադարյան Անգլիայում[i] և իր անվանումն է ստացել «franchise» բառից, որը թարգմանաբար նշանակում է իրավունք ստանալ: Հարյուրամյակներ շարունակ ֆրանչայզինգը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և ժամանակակից ընկալմամբ ի հայտ է եկել ԱՄՆ-ում, 19-րդ դարում:[ii]
Ֆրանչայզինգը մարքեթինգի կամ ապրանքների բաշխման ձև է, որտեղ իրավատերը (ֆրանչայզատուն) օգտագործողին (ֆրանչայզակալին) տրամադրում է բիզնես իրականացնելու իրավունք՝ նախանշված ձևով, որոշակի ժամանակահատվածում և որոշակի վայրում[iii]: Այսինքն՝ մի ընկերություն մեկ այլ ընկերության իրավունք է տալիս օգտագործելու իր ֆիրմային անվանումը և ձեռնարկատիրությամբ զբաղվելու իր մյուս բացառիկ իրավունքները: Տարբերվում են ֆրանչայզինգի 3 հիմնական տեսակներ[iv].
- բիզնես ֆորմատի
- ապրանքների
- արտադրության
Բիզնես ֆորմատի ֆրանչայզինգը ամենատարածվածն է: Սա այն դեպքն է, երբ իրավատիրոջ և օգտագործողի միջև առկա են երկարաժամկետ փոխհարաբերություններ, որն իր մեջ ներառում է բիզնես ֆորմատն ամբողջությամբ: Այն դրսևորվում է ոչ միայն ապրանքային նշանի, այլև բիզնես վարելու մարտավարության փոխանցմամբ: Որպես իդեալական օրինակ՝ կարող են հանդիսանալ սննդի արագ սպասարկման կետերը:
Ապրանքների ֆրանչայզինգը սեփական արտադրանքը տարածելու լավագույն և արդյունավետ եղանակներից է, քանի որ իրավատերն արտադրում է ապրանքներ, իսկ օգտագործողը վաճառում է դրանք՝ օգտագործելով իրավատիրոջ ֆիրմային անվանումը:
Արտադրական ֆրանչայզինգի դեպքում իրավատերն օգտագործողին հնարավորություն է տալիս արտադրել և վաճառել որոշակի ապրանքներ՝ պահպանելով իր ապրանքային նշանը: Անհրաժեշտության դեպքում իրավատերն օգտագործողին է հանձնում արտադրական գաղտնիքը կամ որոշակի տեխնոլոգիաների օգտագործման թույլտվությունը:
Ֆրանչայզինգի պայմանագրի կարգավորումները և կողմերի պարտականությունները ՀՀ-ում
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 53-րդ գլուխը կարգավորում է ֆրանչայզինգի պայմանագիրը: Մասնավորապես՝ օրենսգիրքը սահմանում է իմպերատիվ և դիսպոզիտիվ նորմեր իրավատիրոջ և օգտագործողի պարտականությունների իրականացման համար:[v]
ՀՀ-ում հաջողված ֆրանչայզինգի օրինակներից է «Cinnabon Armenia»-ն:[vi] «Cinnabon Armenia» ընկերությունը «Cinnabon» ընկերությունից ֆրանշիզան գնել է 2011 թվականին: Արդյունքում կողմերի միջև կնքվել է ֆրանչայզինգի պայմանագիր:
«Cinnabon Armenia»-ն բիզնես ֆորմատի ֆրանչայզինգ է: «Cinnabon» ընկերությունն իր օգտագործողին է փոխանցել տեխնիկական և առևտրային փաստաթղթերը, տրամադրվել են պայմանագրով վերապահված իրավունքների իրականացման համար այլ տեղեկատվություն, իսկ օգտագործողը և նրա աշխատողները հրահանգավորվում են այդ իրավունքների իրականացման համար: Որպես կանոն, օգտագործողին են հանձնվում պայմանագրով նախատեսված թույլտվությունները (լիցենզիաները): Խոսքն այն լիցենզիաների մասին է, որոնք վերաբերում են ապրանքային նշանին, սպասարկման նշանին և մտավոր սեփականության մյուս օբյեկտներին: Նման թույլտվության առկայությունն ապահովում է ֆրանչայզակալի օգտագործման իրավունքը: Ի դեպ «Cinnabon» ընկերության միայն ապրանքային նշանի համար «Cinnabon Armenia» ընկերությունը վճարել է մոտ 100.000$:
Իրավատիրոջ պարտականություններից է օգտագործողին տեխնիկական և խորհրդատվական աջակցության մշտական տրամադրումը՝ ներառյալ աշխատողների ուսուցման ու որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը: Ասվածից պարզ է դառնում, որ հենց ուսուցման և վերապատրաստման միջոցով է իրավատերը տրամադրում իր տեխնիկական և խորհրդատվական աջակցությունը: Պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ուսուցումը և վերապատրաստումը իրականացնում է ոչ թե իրավատերը, այլ դրա համար հատուկ մասնագիտացված ընկերությունը[vii]: Պայմանագրում պարտադիր պետք է նշված լինի, թե ով է հոգում ուսուցման ծախսերը: Մեծ մասամբ այդ պարտականությունը դրվում է օգտագործողի վրա: «Cinnabon» ընկերությունը ամեն տարի տարբեր երկրներում կազմակերպում է իր օգտագործողների վերապատրաստման հետ կապված միջոցառումներ: Այս տարի այն կազմակերպվել էր Եգիպտոսում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը: Միջոցառումը կրում էր ինֆորմատիվ բնույթ: «Cinnabon» ընկերությունը իր բոլոր ֆրանչայզակալներին տեղեկացրել է իր նոր մարտավարության և իրականանալիք ծրագրերի մասին:
Իրավատիրոջ պարտականություններից է նաև վերահսկել օգտագործողի կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակը: Վերահսկողության պայմանների մասին իրավատերը պարտավոր է տեղեկացնել օգտագործողին մինչև պայմանագրի կնքումը: Տեղեկացումը դրսևորվում է շահագործման փաստաթղթերի և տեղեկատուների միջոցով[viii]: Կան երկրներ, ինչպես օրինակ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որտեղ օրենսդիրը պարտադիր է համարում տեղեկատվության տրամադրումը:[ix]
«Cinnabon» ընկերությունը պարբերաբար, առանց նախապես զգուշացնելու, իր ներկայացուցչին ուղարկում է «Cinnabon Armenia» ընկերություն՝ ստուգելու մատուցվող ծառայությունների որակը: «Cinnabon» ընկերությունն ընդհանուր աշխատանքների կատարման համար սահմանել է բալային համակարգ (առավելագույնը՝ 100 միավոր), իսկ ներկայացուցիչն իր հերթին գնահատում է աշխատանքների կատարման որակը: 80 միավորից ավելի ցածր գնահատման դեպքում «Cinnabon Armenia»-ն կփակվի:
Օգտագործողի պարտականությունները
Օգտագործողի պարտականությունները հիմնականում կապված են իրավատիրոջ անվան և հեղինակության հետ, ուստի օգտագործողի գործունեությունը պետք է համապատասխանի իրավատիրոջ չափանիշներին: Օգտագործողի հիմնական պարտականությունն է պայմանագրում սահմանված ձևով օգտագործել իրավատիրոջ ֆիրմային նշանը: Այսպես, եթե պայմանագրում սահմանված լինեն սահմանափակումներ կապված ֆիրմային նշանի հետ, ապա օգտագործողն իր գործողությունները պետք է համապատասխանեցնի այդ սահմանափակումներին:
Օգտագործողը պետք է ապահովի իր կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համապատասխանությունը իրավատիրոջ աշխատանքների որակին: «Cinnabon Armenia»-ի դեպքում՝ յուրաքանչյուր 3 ամիսը 1 անգամ: «Cinnabon» ընկերությունը սննդի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրատարրերն ուղարկում է ԱՄՆ-ից, վերահսկում է, որպեսզի ամբողջ աշխարհում պատրաստվի նույն համի և նույն տեսակի «cinnabon rolls»[x]:
Օգտագործողի մյուս պարտականությունն է անշեղորեն կատարել այն բոլոր կարգադրությունները և ցուցումները, որոնք տալիս է իրավատերը: Դրանք վերաբերում են բացառիկ իրավունքների համալիր օգտագործման բնույթին, եղանակներին և պայմաններին: Մասնավորապես՝ առևտրային մակերեսների արտաքին և ներքին ձևավորմանը, նույնիսկ ներքին լուսավորությանը: Նման ցուցումներ և կարգադրություններ կարող են տրվել ինչպես պայմանագրերի կնքման ժամանակ, այնպես էլ դրա գործողության ողջ ընթացքում[xi]:
Օգտագործողի պարտականություններից է նաև լրացուցիչ ծառայությունների մատուցումը, որը սպառողները կստանային, եթե օգտվեին հենց իրավատիրոջից: Բացի այդ, օգտագործողը չպետք է շփոթեցնի սպառողին, այլ պարտավոր է որևէ ակնառու եղանակով տեղեկացնել նրան, որ ինքը իրավատիրոջ անհատականացման միջոցները օգտագործում է ֆրանչայզինգի պայմանագրի հիման վրա:
Օրենքը նախատեսում է ինչպես պարտականությունների կատարում, այնպես էլ որոշակի գործողությունների սահմանափակում: Տվյալ դեպքում օգտագործողը պարտավոր է ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից: ՀՀ Քաղ.օր-ը սահմանափակումները բաժանում է 2 խմբի: Առաջին խմբում նախատեսվածները կարող են անվավեր ճանաչվել հակամենաշնորհային մարմնի կամ շահագրգիռ անձի պահանջով, եթե դրանք հակասում են հակամենաշնորհային օրենսդրությանը:
Երկրորդ խմբում սպառիչ ներկայացվում են այն սահմանափակումները, որոնք անվավեր են օրենքի ուժով։
Կցանկանայի խոսել այն սահմանափակման մասին, որը թեև չունի իր օրենսդրական ամրագրումը, սակայն պրակտիկայում ունի լայն կիրառություն: Սահմանափակումը վերաբերում է նրան, որ պայմանագրի դադարելուց հետո օգտագործողը որոշակի ժամանակ պետք է ձեռնպահ մնա նմանատիպ գործողությամբ զբաղվելուց: Այս ամենը բխում է իրավատիրոջ շահերից, քանի որ օգտագործողն ունի բավական փորձ և գիտելիքներ բիզնես բնագավառում: Այսինքն՝ իրավատերը օգտագործողի մեջ տեսնում է իր ապագա մրցակցին: Որպես կանոն՝ այս իրավունքները չարաշահվում են իրավատիրոջ կողմից և նախկին օգտագործողը ստիպված մնում է ցանցի ներսում կամ զբաղվում այլ գործունեությամբ[xii]: Ուստի անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի կողմերը հստակ նշեն իրենց իրավունքները և պարտականությունները պայմանագրի ավարտից հետո:
Այսպիսով, թե՛ իրավատիրոջ, թե՛ օգտագործողի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարումը կամ չկատարումը հանգեցնում է որոշակի հետևանքների, ընդհուպ՝ պայմանագրի լուծարման:[xiii]
Ֆրանչայզինգի թերություններն ու առավելությունները[xiv]
Իրավատերը ներդրումներ չի կատարում շուկա մուտք գործելու համար: Սա հնարավորություն է տալիս առանց հավելյալ ներդրումների՝ իր բացառիկ իրավունքների տրամադրմամբ ընդյալնելու իր գործունեության ցանցը և անմիջական հսկողության իրականացմամբ ապահովելու ապրանքների ակտիվ շրջանառությունը:
Օգտագործողը մնում է որպես անկախ ձեռնարկատեր, միաժամանակ ստանում է հզոր աջակցություն իրավատիրոջ կողմից: Ի տարբերություն նոր բիզնես սկսողների, օգտագործողը ձեռք է բերում արդեն կայացած բիզնես, որը հեղինակավոր է, և նրան մնում է շարունակել արդեն իսկ ստեղծվածը: Մյուս կողմից օգտագործողի սխալվելու հավանականությունը նվազում է, քանզի իրավատերը նույնիսկ ամենամանր հարցերում է հսկողություն իրականացնում:
Որպես թերություն՝ նշենք ազատության սահմանափակումը։ Օրինակ՝ ալյուրի օգտագործման համար իրավատերը սահմանել է մեկ ամիս ժամանակ: Օգտագործողը իրավունք չունի մեկ ամսից ավել օգտագործել այն՝ չնայած որ ալյուրը ժամկետանց չէ:
Թեև ֆրանչայզինգը իր տեսակով ճկուն չէ, քանի որ օգտագործողը ամբողջովին կախված է իրավատիրոջից, այնուամենայնիվ, կարծում ենք, որ այն բիզնեսի հաջողության արագ և արդյունավետ միջոց է և պրոֆեսիոնալ աջակից ունենալու հնարավորություն: Օգտագործողը ձեռք է բերում հեղինակավոր բիզնես և պարտավոր է հետևողական լինել, որպեսզի սխալներ թույլ չտա: Իր կողմից թույլ տված մեկ սխալ քայլը կարող է ազդել ամբողջ ցանցի վրա և արատավորել ընկերության արդեն իսկ ձևավորված «բարի» անունը: Իրավատերն էլ իր հերթին պարտավոր է պարբերաբար իրականացվող իր ցուցումներով և խորհուրդներով ուղղորդել օգտագործողին՝ հաշվի առնելով ոլորտում նրա սկսնակ լինելու հանգամանքը: Ուստի թե՛ իրավատերը, թե՛ օգտագործողը պարտավոր են փոխօգնությամբ և փոխլրացմամբ հասնել ցանկալի արդյունքի:
Գրականություն
- Большой экономический словарь, М., 1994, с. 454
- https://en.wikipedia.org/wiki/Franchising,
- http://sme.acba.am/hy/franchising-0 ,
- Новоселцев О. Франчайзинг: История развития, правовое регулирование,оценка . Финансовая газета. N18,1998. Поворин С. В. Тенденции разтия ранчайзинга в мировой экономике. Маркетинг в России и зарубежом. N3, 1993
- http://www.thebfa.org/about-franchising/the-history-of-franchising,
- https://www.openbusiness.ru/encyclopedia-of-franchising/franchising/istoriya-poyavleniya-i-razvitiya-sistemy-franchayzinga-v-mire/,
- http://ideamaniya.ru/187-istoriya-vozniknoveniya-i-razvitiya-franchayzinga-istoriya-franshizy.html, 23.09.2017
- http://www.vdovgan.ru/istoriya-brat-ev-mcdonald-s-i-ih-izvestnogo-brenda/ ,
- Руководство по франшизе. ВИОС, Женева, 1995.
- https://www.cinnabon.com/bakery-menu/cinnamon-roll,
- «Դատական իշխանություն» ամս., Լ. Դրմեյան «համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագիր» 4-5/93-94, 2007, ապրիլ-մայիս, էջ 32:
[i] Новоселцев О. Франчайзинг: История развития, правовое регулирование,оценка. Финансовая газета. N18,1998. Поворин С. В. Тенденции разтия ранчайзинга в мировой экономике. Маркетинг в России и зарубежом. N3, 1993:
[ii] Franchising, https://en.wikipedia.org/wiki/Franchising, 27.09.2017:
[iii] Большой экономический словарь, М., 1994, էջ 454:
[iv] Ֆրանչայզինգ, http://sme.acba.am/hy/franchising-0, 27.09.2017:
[v] Պետություն և իրավունքի տեսություն: Ուսումնական ձեռնարկ: Գիտ. խմբ.՝Ա. Ղաբարյան , Մ. Մուրադյան; Երևան, Լուսաբաց հրատարակչություն, 2014 էջ 373:
[vi] «Cinnabon Armenia»-ի վերաբերյալ բոլոր տվյալները ստացել եմ նույն ընկերության տնօրեն՝ Սոնա Իսաջանյանի հետ ունեցած հարցազրույցիցս:
[vii] Жерар Дельтей Франчайзинг.Нева, 2004, էջ 97:
[viii] Руководство по франшизе. ВИОС, Женева, 1995, էջ.28:
[ix] ԱՄՆ (Առուծախի ընդհանուր ակտ, Նյու Յորք, 680), Ֆրանսիա («Դուբենի օրենք»):
[x] Cinnabon rolls, https://www.cinnabon.com/bakery-menu/cinnamon-roll, 30.09.2017
[xi] Руководство по франшизе. ВИОС, Женева, 1995, էջ 98:
[xii] Руководство по франшизе. ВИОС, Женева, 1995, էջ 69:
[xiii] Կողմերի պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարգավորվում են ՀՀ քաղ. օր. 976-րդ հոդվածով:
[xiv] «Դատական իշխանություն» ամս., Լ. Դրմեյան « համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագիր» 4-5/93-94, 2007, ապրիլ-մայիս, էջ 32:
Հեղինակ՝ Նարե Սմբատյան (Nare Smbatyan) ©Բոլոր իրավունքները պաշտպանված են: