Ընտանիքի` որպես 21-րդ դարի սոցիալական ինստիտուտի մարտահրավերները. մաս 2-րդ

Photo: http://www.myartprints.co.uk
Photo: http://www.myartprints.co.uk

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Արդյոք «ընտանիք» կարելի է անվանել այն մարդկանց միությունը( իր բոլոր գործառույթներով հանդերձ (բացառությամբ դաստիարակչական)), որոնք կապված են/ կապված չեն ամուսնությամբ, չունեն և չեն էլ պատրաստվում ունենալ երեխաներ և ընդամենը համատեղ կյանք են վարում: Միգուցե այս հարցն այլևս ժամանակավրեպ է, հատկապես աշխարհի զարգացած երկրներում:  

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի համանուն համալսարանի աղքատության ուսումնասիրման ինստիտուտի 2014 թվի տվյալների համաձայն ամերիկյան ընտանիքը 1960 և 2010 թվականների միջև ընկած ժամանակահատվածում էական փոփոխությունների է ենթարկվել: Այլևս արդիական չէ կիրառել «դասական» ընտանիք եզրույթը (ի տարբերություն 1960-1970-ական թվականների): Ավելի շատ ապահարզաններ, ավելի քիչ ամուսնություններ. այդ թվում՝ չամուսնացած հղի կանանց շրջանում և առանց հոր մեծացած երեխաներով ընտանիքներում: Հաջորդ մտահոգիչ կողմը ԱՄՆ ընտանիքի տնտեսական եկամտի անհավասարությունն է. 2010 թվականի տվյալներով այդ անհավասարությունն երեխա ունեցող ընտանիքներում ավելի բարձր էր, քան առանց երեխայի ընտանիքներում:  Այս անհավասարության աճը տանում է ընտանիք կազմող զույգերի միջև սոցիալական դասակարգերի առավել մեծ տարբեության: Անկում է գրանցել նաև ցածր կրթություն ունեցող տղամարդկանց շրջանում գումար վաստակելու հնարավորությունը՝ այդպիսով դարձնելով նրանց պակաս գրավիչ` որպես կյանքի զուգընկեր, ինչպես նաև՝ ոչ բարձրագույն կրություն ունեցողների մոտ 2010թ.-ի տվյալներով արձանագրվել է մեկից ավելի զուգընկերներից երեխա ունենալու փաստը (այդպիսով նրանք փորձում են կրկին  ընտանք ստեղծել, որը ևս հիմնականում չի հաջողվում), հետևաբար նաև` միակողմանի ծնողազուրկ ընտանիքների ավելացումը:

Պետք է նշել, որ 1976 թվականին  40-44 տարեկան կանանց 59%-ը ուներ երեք կամ ավելի երեխա, իսկ 2010 թվականին այդ ցուցանիշն իջավ՝ հասնելով 29% տոկոսի: Իր հերթին սա հանգեցնում է հարաբերությունների անկման ու ավելի շատ միայնակ ծնողներով ընտանիքների ի հայտ գալուն: Երեխաների ծնունդից հինգ տարի անց այն կանայք, որոնք համատեղ կեցություն էին վարում, բայց ամուսնացած չէին երեխաների ծնվելու պահին, այլևս այդ երեխաների հոր հետ չեն ապրում:

Նշված թվականին ԱՄՆ-ում հիմնականում առկա էին երկու տեսակի ընտանիքներ. առաջինը` բարձրագույն կրթություն ստացած ու բարձր եկամուտ ունեցող զույգի կողմից կազմված ընտանիք, իսկ երկրորդը` բարձրագույն կրթություն չունեցող ու ցածր եկամտի տեր զույգի կողմից կազմված ընտանիք:

Թվում է՝ պատմությունը կրկնվում է:  Մինչև 19-րդ դարը սովորական էր միևնույն հարկի տակ ապրել սեփական երեխաների, և համայնքի որբ մնացած երեխաների հետ միասին` որոշակի տարիքից սկսած դիտարկելով նրանց որպես աշխատուժ. , այսօրվա մեր հասկացությամբ ծնող տերմինը գրեթե չէր կիրառվում, քանի որ այդ ժամանակ անհրաժեշտ էր աշխատել, ու աշխատելու ունակ ցանկացած անձ տվյալ «ընտանիքում» կարող էր «ընտանիքի հետ միասին յոլա գնալ»: Գաղութատիրական Ամերիկայի «ընտանիքում» գլուխը հայրն էր, որը նաև պատասխանատու էր երեխաների ցանկացած  կրթության համար (այդ թվում և կրոնական): Այդ շրջանի ծանր ժամանակներին բնորոշ էին նաև ծնողների մահն ու որբ երեխաների թվի աճը, որը հետագայում` 20-րդ դարի երկրորդ կեսին և մեր օրերում, կարծես թե շարունակում է պարզապես պայմանավորված լինել այլ պատճառահետևանքային կապերով: Քանի որ այդ դարում ժամադրության գնալը հազվադեպ հանդիպող երևույթ էր, իսկ ամեն անգամ երկար ճանապարհ կտրել-անցնելը` դժվար, ապա շատ հաճախ զույգերը երկար ժամանակ մնում էին իրենց սիրելիի ընտանիքում` հանդիսանալով նաև լրացուցիչ աշխատուժ: Սա բերում էր հղիության իսկ հետո նաև՝ հարկադիր ամուսնության: Այդ իսկ պատճառով ամուսնությունների գոնե մեկ երրորդի դեպքում երիտասարդ կինն արդեն հղի էր լինում:

20-րդ դարում ԱՄՆ-ում մարդու իրավունքների ազատականացման ալիքին զուգահեռ առաջ եկավ childfree տերմինը (լայն տարածում սկսեց ստանալ հատկապես 1990-ականներին)՝ պնդելով, որ երեխաների բացակայությունը հանդիսանում է զարգացած հասարակության արտոնություններից մեկը: Համաձայն ԱՄՆ Առողջապահության Վիճակագրական կենտրոնի տվյալների` այսօր գիտակցաբար երեխա ունենալ չցանկացող կանանց ցուցանիշը կազմում է 25%-ով։ Գաղտնիք չէ` որքան բարձր է( առաջին հերթին կանանց շրջանում) կրթական ու նյութական ապահովվածության մակարդակը, այնքան ցածր է ծնելիությունը. այս  համահարաբերակցությունը բացարձակ է ու ի հայտ է գալիս աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում և՝ զարգացող երկրներում:

Ըստ ուսումնասիրողների՝ նման երևույթի ամենատարածված պատճառաբանություններն են`

  • հանուն երեխայի անձնական տարածությունը զոհելու ցանկության բացակայությունը,
  • երեխա ունենալու համոզիչ դրդապատճառների բացակայությունը,
  • ժամանակի վատնումը,
  • բաց հակակրանքը երեխաների նկատմամբ:

Բնականաբար նման երևույթը բացի սոցիալական բնույթ կրելուց (այս դեպքում հասարակության ծերացման տեմպերի արագացումն ամենամեղմ հետևանքներից մեկն է) վերջին ժամանակներում ստացել է նաև քաղաքական որոշակի երանգ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ, օրինակ, Ավստրալիայում:

Եթե վերը խոսվեց նուկլեար ընտանիքի կազմի, նշանակություն ու դերի մասին, ապա աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ այն իր բոլոր հնարավոր դրսևորումներով թերևս պահպանվում է միայն արևելյան խիստ ավանդական և գլխավորապես մուսուլմանական երկրներում, որտեղ, պետք է խոսոտովանել, կրոնը ծանրակշիռ դեր է խաղում:

Ընտանիքը՝ երեխայով թե առանց, յուրաքանչյուրի ընտրությունն է, բայց հազիվ թե դրա մերժումը լինի արդարացված, եթե անգամ միասեռականների կողմից կազմված ընտանիքներն են ձգտում երեխա «ունենալ»:

Սկանդինավիա. Շվեդիա

Սկանդինավյան երկրների (Ֆինլանդիա, Իսլանդիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա)  բարեկեցության մոդելը կոչ է անում սատարել կանանց շարժումները` հնարավորությունների լայն դաշտ բացելով նաև տղամարդկանց համար, որպեսզի նրանք նույնպես ներգրավվեն կրթության ու աշխատանքի մեջ: Պետությունը հորդորում է երկուստեք մասնակցություն ունենալ երեխայի բարեկեցիկ կյանքի կառուցման մեջ: Հանդիսանալով աշխարհում առավել ամբողջական գենդերային քաղաքականության գաղափարի իրագործման նախաձեռնողները` վերը նշված երկրների կառավարություններն առավելագույնս մասնակցություն են ցուցաբերում յուրաքանչյուր քաղաքացու կյանքի գրեթե բոլոր շրջաններում, երեխայի մանկահասակ տարիքից տվյալ ընտանիքին ֆինանսական օգնության տրամադրում, միայնակ ծնողներին՝ տնտեսական աջակցություն, յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովում և հանրային խնամքի ծառայության ներդնում անչափահաս երեխաների ու մեծահասակների համար:

Եթե Ճապոնիայում այլևս ակտուալ չեն մի քանի սերնդից բաղկացած ընտանիքների գոյությունը, և տարեցները կարող են մահանալ լիովին միայնակ, բոլորի կողմից մոռացված, ապա սկանդինավյան երկրներում ընդհակառակը` տատիկներն էական դեր են կատարում թոռների դիաստիարակության ու խնամքի գործում՝ այդպիսով օգնելով իրենց երեխաներին աշխատաշուկայում: Եվ դժվար չէ կռահել, որ այս երկրներում վարվող  աշխատանքային քաղաքականությունը (սոցիալ-դեմոկրատիա) թույլ է տալիս, որ  տարեցների խնամքի հարցը նույնպես յուրաքանչյուր ընտանիքի ուշադրության կենտրոնում լինի, և սերունդների միջև հնարավորինս քիչ նկատվի խզումը: Սկանդինավյան ընտանիքի մոդելը մշակվել է 60-70 տարի առաջ, երբ առաջնային նշանակություն ուներ տարատեսակ ֆինանսական աջակցությունը նպաստների (մայրական), հարկային կարգավորումների ձևով, ինչպես նաև գլխավոր նպատակն էր այնպիսի քաղաքականության մշակումը, որն աշխատաշուկայում կապահովեր կանանց և հատկապես մայրերի հնարավորինս մեծ ընդգրկվածությունը, ինչը կապահովեր եկամուտների ավելի մեծ հոսք դեպի ընտանիք: Նպատակին հասնելու հաջորդ քայլը երեխաներով ու առանց երեխաների ընտանիքների միջև ռեսուրսների վերաբաշխումն էր, այն մոտեցմամբ, որ երեխան ոչ  միայն ծնողի անմիջական պատասխանտվության տակ է գտնվում, այլև` հասարակության: Իսկ միայնակ մայրերն, օրինակ Շվեդիայում, հատուկ նպաստ են ստանում երեխային միայնակ մեծացնելու համար: Այս երկրներում հենց պետության ընտանեկան քաղաքականությունն է հիմք հանդիսացել գենդերային հավասարության համար( մասնավորապես հայրերի կողմից երեխաների խնամքի մասով): Ընտանիք կազմելու գործում (ինչպես և ապահարզանի դեպքում) առկա է ազատության սկզբունքը: Այստեղ ամուսինները ողջ կյանքում պարտավոր չեն միմյանց նկատմամբ ցուցաբերել ֆինանսական աջակցություն, երեխաների համար, սակայն, գոնե մինչև նրանց չափահաս դառնալը, նրանք ֆինանսական ու սոցիալական պատասխանատվություն են կրում:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ինչպես շվեդական, այնպես էլ դանիական ու նորվեգական հասարակություններում 20-րդ դարից սկսած ամուսնա-ընտանեկան հարաբերությունների նոր ձևերը լուրջ ազդեցություն են թողել նշված երկրների բնակիչների կենսակերպի վրա. փոխվել է ընտանիքի արժեքը, մասնավորապես` մայրության ու երեխայի նկատմամբ դիրքորոշումը: Հանդուրժողական վերաբերմունքը միասեռական ամուսնություններին բերեց նրան, սկանդինավյան երկրներում նման ամուսնությունների օրինականացման՝ 1995թ.-ի որոշման արդյունքում, այսօր շուրջ 160.000 երեխա ապրում է միևնույն սեռին պատկանող անձանց կողմից կազմված ընտանիքներում, որտեղ երեխաների սեռական դաստիարակությունը սկսվում է շատ վաղ տարիքից (3-4 տարեկան): Հետաքրքիր է, որ ոչ միայն տեխնիկական զարգացվածությունը կարող է տանել միայնակության (ինչպես Ճապոնիայի դեպքում), այլև, որքան էլ զարմանալի է, պետության կողմից առավելագույնս ապահովված կյանքը, որի մասին խոսվեց քիչ առաջ: Շվեդական հասարակությունը, ի տարբերություւն մյուս երկրների, առաջատար դիրքերում է 30-անց չամուսնացած կանանց թվով, և հավանաբար սա նույնպես պատճառ է հանդիսացել, որ այժմ վերը նշված երկրներում աճում է արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխաների թիվը:

Սկանդինավյան երկրներին հատուկ հաջորդ խնդիրը ընտանիքում կնոջ դերի անկումն է՝ որպես արդյունք ակտիվ սկանդինավյան ֆեմինիստական շարժման (գլխավորապես Շվեդիայում): Այստեղ կնոջ կարիերայում գրանցված հաջողությունները, քաղաքական ակտիվությունը հակառակ համեմատական են նրա` որպես մոր, օջախի պահպանողի դարեր շարունակ ընտանիքում կնոջը վերագրված պարտակականություններին: Չնայած այս դեպքում նա հանդիսանում է ընտանիքի կերակրողը, սակայն նրա` որպես մոր, կնոջ, դերն ու հեղինակությունը ընտանիքում էապես անկում են ապրում նախ և առաջ սեփական երեխայի մոտ. այդտեղից էլ գալիս է կնոջը ոչ հատուկ տղամարդկայնությունը՝ «մայրական բնազդի» նվազումը: Ինչպես հայ կաթողիկոսներից մեկն է ասել. «Ընտանիքը նման է մի եկեղեցու, որտեղ քահանան մայրն է»:

Համաձայն 2011թվականի մարդահամարի տվյալների՝ Գերմանիայում ամեն հինգերերորդն ապրում է միայնակ, մինչդեռ Շվեդիայում` յուրաքանչյուր չորրորդը (մեծ է միայնակաների թիվը հատկապես Ստոկհոլմում 30-անց տարիքի կանանց շրջանում): Այսօր Շվեդիայում առկա են համակեցության տարբեր ձևեր, որոնք ավելի են բարդացնում վիճակագրագետների աշխատանքը ուսումնասիրություններ կատարելու ու վիճակագրական տվյալների հավաքման գործում: Կարող են հանդիպել նաև այնպիսի դեպքեր, երբ զույգերն ապրում են առանձին, բայց դիտվում որպես ամուսնական զույգ:

 Ամփոփում

21-րդ դարում ընտանիք ասվածը լայն հասկացություն է: Այն մշտապես փոփոխվել է` միևնույն ժամանակգնով փորձելով պահպանել իր կայուն դիրքը՝ որպես սոցիալական ինստիտուտ` միայն իրեն հատուկ գործառույթներով ու խնդիրներով: Ընտանիքի ինստիտուտի՝ նոր փուլ մտնելն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ, և այդ նոր փուլում այն, ինչպես և մի շարք այլ սոցիալական ինտիտուտներ, կշարունակի վերափոխվել՝ հանդես գալով ամենատարբեր ձևերով: Միգուցե նախորդ ժամանակաշրջանների հետ համեմատած այժմ այս ինստիտուտն ավելի արագ է ձևափոխվում` հարմարվելով իր հետ անմիջականորեն կապված մյուս սոցիալական ինստիտուտների առջև ծառացած մարտահրավերներին, սակայն փաստ է` այս ընթացքն այլևս ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել, ինչքան էլ որ մենք դա ցանկանանք:

Ընտանիքը՝ որպես 21-րդ դարի սոցիալական ինստիտուտ, վերջինիս անբաժան մասը կազմող ամուսնա-ընտանեկան հարաբերությունների, վերարտադրման, համատեղ տնտեսության վարման, ինչպես նաև մի շարք այլ գործառույթներով հանդերձ դեռևս փորձում է այս կամ այն չափով պահպանել իր կայունությունը, որը, սակայն, ինչպես տեսնում ենք, առավելագույնս հաջողվում է կամ նահապետական, կամ փակ հասարակությունների դեպքում, կամ էլ գերազանցապես իսլամ դավանող երկրներում:

Ինչպես երևում է, այդ փոփոխություններն իրենց ակնհայտ բացասական հետևանքներն են թողնում առաջին հերթին միջանձնային հարաբերություններում, որոնք այդպիսով, հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ավելի խնդրահարույց են դարձնում ընտանիք կազմելու հրամայականը: Ժամանակակից կենցաղավարության պայմանները թույլ են տալիս ամուսիններին ապրել առանձին, վարել առանձին տնտեսություն, բայց կոչվել ընտանիք: Մեր ժամանակի բարոյական ճգնաժամը, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ ընտանիքը դադարել է օջախ լինելուց և դարձել սոսկ ապրելատեղ: Բայցևայնպես, հիմք ընդունելով 20-րդ դարի վերջին իրականացրած ուսումնասիրությունները` վստահորեն կարող ենք նշել, որ ընտանիքը դեռևս չի կորցրել իր արդիականությունը և շարունակում է հանդես գալ որպես մարդու ամենավաղ ու առաջնային սոցիալիզացիայի միջոց։

 Օգտագործված գրականություն

  1. Զրույցներ Ջիովաննի Գաույտայի հետ, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ս. Էջմիածին, 2001
  2. Оксана Железняк, “ПАРАСАЙТО СИНГУРУ. Почему японская молодежь не спешит
    расставаться с родительским домом?”
  1. В.Молодяков “Японская молодежь накануне третьего тысячелетия”
  2. Гуров, С.В.Япония в поисках новой идентичности. М.: Вост. лит. РАН, 2010. С. 254.
  3. Прасол, А.Modern Japan. Origins of the Mind: Japanese Traditions and Approaches to Contemporary Life. Singapore, 2010. 352 p.; Прасол, А. Япония: Лики времени. М.: Наталис, 2009. 414 с.
  4. Kamo, Y. (1990). “Husbands and Wives Living in Nuclear and Stem Family Households in Japan”.Sociological Perspectives 33 (3)
  5. Tasha R. How “Marriages and Families in the 21st Century: A Bioecological Approach”
  6. Bahira Trask “Changing american families”, an article
  7. ULLA BJÖRNBERG & MAI HEIDE OTTOSEN “Challenges for future family policies in the Nordic countries”, The Danish National Centre for Social Research, Copenhagen 2013
  8. http://e-notabene.ru/lr/article_9007.html
  9. http://www.bbc.com/news/world-16500768
  10. http://elibrary.ru/item.asp?id=11737294
  11. http://www.zaxodi-v-internet.ru/swedish-family.html
  12. https://disser.spbu.ru/files/disser2/490/aftoreferat/avtoref_Lashchenko.pdf

Հեղինակ՝ Հռիփսիմե Դայան (Hripsime Dayan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

Ընտանիքի` որպես 21-րդ դարի սոցիալական ինստիտուտի մարտահրավերները․ մաս 1֊ին

Hripsime Dayan
Եվրոպական կրթական տարածաշրջանային Ակադեմիայի զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ֆակուլտետի բակալավր։ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոս։ Թարգմանչական գործունեությունն ընդգրկում է 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսալեզու այնպիսի հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են Պիեռ Բուրդիեն, Ժան Բոդրիարը, Ժակ Դերիդան, Ռոլան Բարտը, Ալեն Բադյուն և այլք: 2018 թվականին լույս է տեսել նրա անդրանիկ կազմած և թարգմանած գիրքը. «Պիեռ Բուրդիե, Ժան Բոդրիար. հոդվածներ, էսսեներ, հարցազրույցներ», (գլխավոր խմբագիր՝ փ.գ.դ., պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյան), ԵՊՀ հրատարակչություն: