ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 22-ի առավոտյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած նախազգուշացումները` մարտիմեկյան հոխորտանքները, հետագա քայլերի հետևանքների պատասխանատուներ որոնելը, մենք որակում ենք իբրեւ բռնաճնշումներ իրականացնելու սպառնալիք:

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կառավարման անարդյունավետությունը՝ խստորեն քննադատում ենք վարչապետի պաշտոնում նշանակվելու միջոցով նրա կողմից երրորդ անգամ իշխանության մենաշնորհումը։ Արձանագրելով այն փաստը, որ նրա կառավարման շրջանում ՀՀ-ում անցկացված բոլոր ընտրությունները կեղծվել են և/կամ անցկացվել համատարած ընտրակաշառքների պայմաններում՝ համարում ենք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմ չէ։

Միևնույն ժամանակ մտահոգություն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման և հավաքների ազատության իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի առթիվ, մասնավորապես՝ ոստիկանների կողմից փակ համարանիշներով ավտոմեքենաներով և քաղաքացիական հագուստով քաղաքացիների բերման ենթարկումը, դիմակավորված ոստիկանական ծառայողների առկայությունը, հանցավոր և սադրիչ խմբերի գործողությունների նկատմամբ ամենաթողությունը և այլն։
Ներկա քաղաքական իրավիճակում ԵՎՀԿ-ն իր աջակցությունն է հայտնում ծավալված ժողովրդական շարժմանը՝ կոչ անելով Հայաստանի բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք կարևորում են արդարության վերականգնումը, ազատական գաղափարները, քաղաքացիների կամարտահայտումը և ժողովրդավարական հասարակության կառուցումը, աջակցել շարժմանը։
Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը զսպվածություն ցուցաբերել և ապահովել հավաքների խաղաղ անցկացումը։

Ոչ միայն ՀՀ բոլոր քաղաքացիներին, այլև համայն առաջադեմ մարդկությանն ու միջազգային հանրությանն ենք կոչ անում սատարել այս շարժմանը և օգնել ազատվել այլևս բռնապետական դարձած համակարգից: