Այն ամենը, ինչ պետք է իմանալ հայկական հեղափոխության մասին.Մաս 1-ին

Ինչու՞ եղավ հայկական հեղափոխությունը

Սկսած 1996 թվականից` Հայաստանում իշխանությունը ընտրությունների ճանապարհով չի փոխվել, եղել են պալատական հեղաշրջումներ նույն թիմի անձերի փոփոխությունների, բայց ոչ երբեք համակարգային փոփոխություն կամ փոփոխություն ընտրությունների ճանապարհով: Իշխանությունը միշտ «հաղթել է» բոլոր ընտրություններում։ Սկսած 1996 թվականից` Հայաստանում բոլոր ընտրությունները իրականացվել են համատարած խախտումներով՝ լցոնումներ, կրկնաքվեարկություններ, բռնություններ, ընտրակաշառքների համատարած բաժանում և այլն։ Ընդ որում` հասարակության մեջ տիրապետող է նաև այն տեսակետը, որ կաշառվել են նաև այն արտասահմանցի դիտորդները, որոնք անխտիր բոլոր ընտրությունները որակել են իբրև «քայլ առաջ»։ Սկսած 1996 թվականից` ոչ մի անգամ ընդդիմությունը չի ընդունել ընտրությունների և հանրաքվեների արդյունքները։

2008 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունները այս կեղծարարությունների մասշտաբով աննախադեպ էին։ Հենց դրանց արդյունքում էր, որ վարչապետ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ։ Ընտրություններին հաջորդեցին Հայաստանի համար աննախադեպ մարդաշատ ցույցեր և խաղաղ անհնազանդության փորձեր, որոնք ճնշվում էին ոստիկանության ուժերի կողմից՝ կիրառելով անհամաչափ ուժ։ Այդ ամենը ի վերջո ավարտվեց 2008 թվականի մարտիմեկյան բախումներով ոստիկանության (ավելի ճիշտ՝ բանակի ու օլիգարխիական գվարդիաների) և ցուցարարների միջև, որոնց արդյունքում եղան մեկ տասնյակի հասնող զոհեր և հարյուրից ավելի վիրավորներ։ Այս հանցավոր աստիճանի անհամաչափ ուժի կիրառման համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիները նշանավորվում են պետության տնտեսական ու քաղաքական կյանքի ակնհայտ ճահճացմամբ։ Սարգսյանի իշխանավարության շրջանում աղքատության, գործազրկության և արտաքին պարտքի մակարդակը աճեց, անկում ապրեց ՀՆԱ-ի ցուցանիշը։ Նրա նախագահության «նվաճումը», սակայն, կարելի է համարել բնակչության թվաքանակի նվազումը, երբ Հայաստանը ընդմիշտ լքեցին ավելի քան 350 հազար քաղաքացիներ։ Դրա փոխարեն Հայաստանում ավելի ամրակայվեց տնտեսական բրգաձև կոռուպցիան՝ դառնալով պետական կյանքի առանցքային բաղադրիչը։ Ստվերային խոշոր տնտեսության շարունակական աճի պայմաններում ասպարեզից սկսեց դուրս մղվել միջին ու մանր բիզնեսը։ Ներքաղաքական հարաբերություններում առանձնակի բացասական նշանակություն ունեցավ ընտրական գործընթացի անդառնալի խեղաթյուրումը, երբ ընտրական կոռուպցիան դարձավ հանրայնորեն ընդունելի երևույթ։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ դատապարտվեցին քրեական շինծու մեղադրանքներով։ Նրա նախագահության շրջանում Հայաստանն ապրեց քաղբանտարկյալների թվի վերելք։ Քաղաքական ընդդիմությունը դարձավ լուսանցքային՝ որոշումների կայացման վրա զրոյական դերակատարությամբ։ Քաղաքական համակարգը հայտնվեց Սարգսյանի լիակատար վերահսկողության ներքո՝ առժամանակ բացառելով իշխանության փոփոխությունն ընտրությունների միջոցով։ Քաղաքականը դարձել էր մասնավոր ոլորտ՝ ներքին խաղերով, ներքին օրենքներով ու գաղտնի պայմանավորվածություններով։ Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանը շարունակեց մեկուսանալ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից՝ հատկապես չօգտագործելով Իրանի հետ հարաբերությունները խորացնելու իրական ներուժը։ Շուրջ 3,5 տարի բանակցելուց հետո՝ 2013թ․ նա ոչ միայն չնախաստորագրեց Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, այլև Կրեմլում մեկ երեկո անցկացնելուց հետո միանձնյա որոշեց, որ Հայաստանը պետք է միանա ՌԴ նախաձեռնությամբ ստեղծված ԵԱՏՄ-ին: Տապալումով ավարտվեց նրա նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտություն»-ը, որի արդյունքում ոչ միայն չբացվեց հայ-թուրքական սահմանն ու չվերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները, այլև Հայաստանը նախագահի մակարդակով համաձայնեց ստեղծել Ցեղասպանության հարցը քննող պատմաբանների հանձնաժողով։ 2018թ․ մարտի 1-ին չեղարկվեցին կնքված հայ-թուրքական արձանագրությունները՝ կրկնակի բարդույթավորելով հայ-թուրքական հաշտության գործընթացն ու ավելի մշուշոտ դարձնելով դրա ապագան։ Սարգսյանի կառավարման շրջանում տեղի ունեցան ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմը ունեցավ տարածքային կորուստներ։ Հայկական երկու պետությունների համատեղ տարածքը 41743 քառ/կմ-ից նվազեց 41735 քառ/կմ-ի: Ռազմական գործողությունների հարմար պահը չօգտագործվեց Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու համար։ Ավելին, առաջ քաշած սահմանային խախտումների հետաքննությունների մեխանիզմի ներդրման նախապայմանը կարճ ժամանակում մոռացության մատնվեց հայկական կողմի հստակ անհետևողականության ու նախագահի անսկզբունքայնության պատճառով։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներն անհերքելիորեն թուլացրին երկիրը և այն ավելի խոցելի դարձրին հակառակորդների համար։ Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով հետ մնաց իր հարևաններից ու մրցակիցներից։

Սերժ Սարգսյանը անվիճելիորեն հայոց պատմության մեջ ամենաձախողված ղեկավարներից մեկն է։ Սակայն վերջինս իր նախագահության ժամկետի ավարտից մեկ տարի առաջ Հայաստանում անցկացրեց սահմանադրական փոփոխություններ, որոնք երկիրը նախագահա-պառլամենտական հանրապետությունից դարձնում էին պառլամենտական հանրապետություն։ Գործադիր ողջ իշխանությունը կենտրոնանում էր մեկ մարդու՝ վարչապետի ձեռքում՝ երկրում ստեղծելով սուպեր-վարչապետական համակարգ։ Ընդ որում՝ սահմանադրական հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ այլևս երբեք չէր առաջադրվելու նախագահի կամ վարչապետի պաշտոնում և որ չէր հավակնելու ղեկավարել երկիրը։  Բայց իր ժամկետի լրանալուց մոտ մեկ ամիս առաջ եղավ հայտարարություն, որ նա է լինելու վարչապետի թեկնածուն իշխող՝ Հանրապետական կուսակցությունից։ Սա հասարակության մեծագույն մասի կողմից ընդունվեց խիստ բացասական, բայց այդ բացասական վերաբերմունքը մնաց խոհանոցային մակարդակում։ Բանն այն է, որ իր կառավարման 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվել էր խեղել երկրում ընթացող քաղաքական գործընթացները՝ դրանք ապաքաղաքականացնելով (նշանակումները, ընտրությունները, հանրաքվեները, կառավարության որոշումները գտնվում էին ոչ թե քաղաքական դաշտում, այլ տնտեսական, մշակութային, անձնական, երբեմն էլ՝ հանրային) և ամեն քաղաքականը դարձնելով ծաղրուծանակի առարկա. անգամ ռեժիմի դեմ քաղաքական պայքար մղող ու քաղաքական պահանջներ դնող շարժումներն այդ իրականության մեջ խուսափում էին քաղաքական կոչվելուց, քանի որ հասարակության մեծ մասը ինքնահեռացվել էր ամեն քաղաքականից։ Մյուս խնդիրն էլ այն էր, որ մարտի 1-ի հզոր պայքարի պարտությունից և մի քանի անցումային օպուրտունիստ ընդդիմադիր գործիչների անհաջող շարժումներից հետո հասարակությունը գտնվում էր խորը քաղաքական ապատիայի մեջ և բացարձակապես չէր հավատում սեփական ուժերին ու որևէ բան փոխելու հնարավորությանը։ Ռեժիմը թվում էր անհաղթելի ու ամենազոր։ Նշվածի մեջ թերևս միակ բացառությունը երիտասարդական թիրախային քաղաքացիական շարժումներն էին, որոնք բոլորն էլ իրենց առջև դնում էին խիստ նեղ, հաճախ կենցաղային խնդիրներ և չէին էլ վերածում քաղաքական գործընթացների։ Սակայն մի բան պարզ էր բոլորին՝ գոյություն ունեցող համակարգը սպառված էր, այն չուներ ռեալ լեգիտիմությունը երկրում, անարդյունավետ էր, իրականությունից կտրված, ժամանակավրեպ, և հասարակության մեծագույն մասը ներքուստ դեմ էր դրա ու դրա ֆետիշացված սիմվոլ հանդիսացող Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Ինչպես եղավ հայկական հեղափոխությունը

Հեղափոխության սկիզբ կարելի է համարել մարտի 31-ը, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» շարժումը Գյումրիի Վարդանանց հրապարակից։

Բաժանենք հեղափոխությունը ըստ փուլերի և խոսենք դրանց մասին առանձին-առանձին.

  1. Քայլարշավի փուլ. մարտի 31 – ապրիլի 13։ Երթի մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհ անցան միայն քայլելով՝ այդ ընթացքում անցնելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքների միջով։ Քայլարշավի ընթացքում տեղի ունեցան հանրահավաքներ, իրազեկումներ։ Ընդհանուր առմամբ սա կարելի է բնորոշել իբրև շարժման նախապատրաստման փուլ, որն արվեց բավական արդյունավետ։ Ստացվեց ոչ միայն իրազեկել մարդկանց շարժման մասին, այլև ծխացող պահել շարժումը 13 օր շարունակ ու ստիպել թե՛ մեր հասարակությունում, թե՛ հանրապետության սահմաններից դուրս խոսել դրանից։ Այս փուլում են հիմնականում առաջ գալիս հեղափոխության սիմվոլները՝ հեղափոխության առաջնորդի նոր արշավային կերպարը, «Քայլ արա» երգը և այլն։
  2. Ֆրանսիայի հրապարակի փուլ․ ապրիլի 13-16։ Ապրիլի 13-ին քայլարշավի մասնակիցները հասնում են Երևան: Առաջին հերթին շարժման մասնակիցները ներխուժում են ԵՊՀ տարածք՝ ըստ էության ունենալով երեք նպատակ՝ ուսանողության մոբիլիզացիա և ներգրավում, Սերժ Սարգսյանի հեղինակության ու ինքնասիրության ոտնահարում, քանի որ հենց նա է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը: Ընդհանրապես երևանյան հանրահավաքների քրոնիկոնը ցույց է տալիս, որ մարդիկ երեկոյան հավաքվում են հրապարակում, եթե ցերեկը ինչ-որ տեսարժան բան է եղել։ Նույն օրը երեկոյան Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում վերջին 5 տարիների ամենամեծ քաղաքական հանրահավաքը։ Կարճ ելույթներից հետո Ազատության հրապարակից ցուցարարները շարժվում են Ֆրանսիայի հրապարակ ու բարիկադավորվում այնտեղ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ-Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Իրավիճակի հետ կապված՝ ոստիկանության առաջին զգուշացումը կարելի է բնորոշել իբրև շատ մեղմ ու հանդուրժող, իսկ երկրորդը, ըստ էության, ընդամենը կոչ էր կազմակերպիչներին՝ վերահսկելու իրավիճակը։ Ապրիլի 13-ին տեղի է ունենում նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Հանուն Հայաստան պետության» ճակատի միացումը «Իմ քայլը» նախաձեռնությանը, որից հետո առաջին երկու շարժումներից մեկը լուծվում է Փաշինյանի ղեկավարած շարժման մեջ, մյուսը՝ մասամբ դառնում լուսանցքային։ Պետք է նշել, որ շարժումը հենց առաջին պահից սկսեց տարբերվել երևանյան ավանդական հանրահավաքներից իր շարժունակությամբ և կարճաժամկետ ֆունկցիոնալ խնդիրների առաջադրմամբ։ Ցուցարարները ապրիլի 14-ին պլանավորել էին շրջափակել և տապալել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստը, որի ժամանակ կուսակցությունը պետք է Սերժ Սարգսյանին պաշտոնապես առաջադրեր հանրապետության վարչապետի պաշտոնին։ Սակայն անակնկալ կերպով Հանրապետական կուսակցությունը իր նիստը տեղափոխում է Ծաղկաձոր, և, երբ ցուցարարները որոշում են գնալ Ծաղկաձոր՝ հանրապետականների հետևից, կուսակցությունը արդեն փոխում է նիստի ժամը, այն մի քանի րոպեում անցկացնում և ցրվում։ Սա, թերևս, առաջին ազդակն էր այն բանի, որ իշխանությունը և հատկապես Սերժ Սարգսյանի դիրքերը այնքան անկասելի չեն, ինչպես թվում էր առաջ։ Փաշինյանը դրան արձագանքում է ծաղրող ելույթով։ Նույն օրը տեղի է ունենում Հանրային Ռադիոյի շենքի փաստացի գրավումը ցուցարարների կողմից, որտեղ Փաշինյանը հավաքված լրագրողների առջև հանդես է գալիս հեղափոխական ուղերձով։ Այստեղ հարկավոր է խոսել շարժման մեկ այլ բնորոշ գծի` նորություններ ստեղծելու (newsmaking) մասին: Ռադիոյի շենքի գրավումը գործնական նշանակություն չուներ, քանի որ Փաշինյանը օրվա պատահական ժամին իր լայվերով և իր հետևից քայլող օնլայն լրատվականներով մի քանի անգամ ավելի մեծ լսարան ունի, քան Հանրային Ռադիոն կարող էր նրան երբևէ տրամադրել։ Բայց Հանրային Ռադիոյի շենքի գրավումը սիմվոլիկ առումով բավականին էական միջոցառում էր, որը հատկապես քաղաքից փախած հանրապետականների ֆոնին ստեղծում էր լրջագույն գործընթացի տպավորություն, որը ունակ էր ավերել գոյություն ունեցող համակարգը (անկախ նրանից՝ այդ փուլում դա ճիշտ էր, թե ոչ)։ Դրանից հետո տեղի են ունենում իրազեկման քայլերթեր ամբողջ քաղաքով, որոնք հանդես են գալիս իբրև արդյունավետ գործիքներ մարդ հավաքելու տեսանկյունից, և հետագայում պարբերաբար կրկնվում են։

Միևնույն ժամանակ ԱԺ խմբակցություններից Դաշնակցությունը հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու որոշման մասին, Ծառուկյան Դաշինքը հայտարարում է ազատ քվեարկություն, Ելքը՝ բնականաբար դեմ։ Երեկոյան հրապարակում տեղի է ունենում բազմամարդ հանրահավաք, որին արդեն ներկա են լինում նաև ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Արամ Կարապետյանը և ուրիշներ։ Սա հնարավորություն է տալիս շարժմանը սկսելու Հանրապետականի մեկուսացման ու կոնսենսուս մինուս հանրապետական ձևաչափի կառուցման գործընթացը։ Ապրիլի 15-ին կրքերը մի փոքր հանդարտվում են, ցուցարարների ճամբարում տեղի են ունենում քննարկումներ մարտավարության շտկման մասին։ Օրվա ընթացքում Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ՝ «Վաղը առավոտյան 8։15 րոպեից պետք է սկսվեն զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների գործողություններ, և այդ գործողությունները պետք է անեք դուք, սիրելի՛ հայրենակիցներ, դուք՝ ձեր, ես՝ իմ մասով, այդ գործողությունները որևէ մեկին վտանգի և ռիսկի տակ չեն դնում»: Նա կոչ արեց քաղաքացիներին նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները։ «Խոսքը հատկապես Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյան կամուրջների մասին է։ Այն քաղաքացիները, ովքեր, օրինակ, երթևեկում են Դավթաշենի կամրջով, նրանց մեքենան փչանում է, և նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են և ոտքով շարժվում են Բաղրամյան պողոտա։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մերձակայքում։ Սա շատ կարևոր է։ Կարա բենզինը պրծնի, ակումլյատորը նստի, անվադողը նստի։ Հաջորդը՝ արգելափակել բոլոր հնարավոր փողոցները. ով տնից դուրս եկավ, փողոցի կենտրոնում ավտոն պատահաբար փչանում է, նույն կերպ դռները փակում է, իջնում Ազգային ժողով։ Վաղը Երևանի Մետրոպոլիտենը սկսում է աշխատել ու կանգնում է։ Ո՞նց է կանգնում, մարդիկ՝ ուղևորները, չորս-հինգ հոգանոց խմբերով, երբ որ գնացքը կանգառում կանգնում է, դռները բացվում են, դռների մեջ պառկում են, եթե դռները չեն փակվում, գնացքը չի գնում։ Մարդիկ քայլելով գալիս են Բաղրամյան պողոտա և ում տեսնում են ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ։ Մետրոյում կփորձեն բերման ենթարկել, սակայն իրենց ուժերը չեն բավարարի, հավելյալ ուժեր պետք է կանչեն, եթե փողոցները փակ լինեն, ոստիկանները չեն կարող մոտենալ»։ Ընդդիմադիր գործիչը նաև կոչ արեց դասադուլ և գործադուլ հայտարարել։ «Մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է, մարդիկ չեն գնում աշխատանքի, մարդիկ գալիս են Ազգային ժողով։ Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար։ Ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, խցանումներ են, երեխեքին իզուր դպրոց չտանեք, որ խցանումների մեջ չընկնեն, երեխաներին թողեք տանը, ուսուցիչները թող քայլելով գան Ազգային ժողով»։ Ապրիլի 16-ին՝ օրվա առաջին կեսին, այս ամենը տեղի ունեցավ. ցույցերի ապակենտրոնացումը տվեց սպասված արդյունքները, և մայրաքաղաքի կյանքը ամբողջովին պարալիզացվեց, պետական կառավարման ողջ համակարգը կանգ առավ, Երևանի կենտրոնը դարձավ բարիկադների թաղամաս, եղան առաջին ընդհարումները ոստիկանության հետ, սկսվեցին ցույցեր Վանաձորում։ Օրվա կուլմինացիան, սակայն, Բաղրամյանի ծավալուն ընդհարումն էր։ Ժամը 14։00-ից սկսած՝ ցուցարարները սկսեցին շարժվել Բաղրամյան պողոտայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով շրջափակել ԱԺ շենքը։ Սա բերեց Ոստիկանական մեծաքանակ ուժերի հետ բախումների, որոնց ընթացքում ոստիկանության և հատուկ ստորաբաժանումների կողմից կիրառվեց անհամաչափ ուժ, հատուկ միջոցներ, տեխնիկա և փշալարեր. եղան տասնյակ տուժածներ։ Տուժածների թվում էր նաև ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն։ Սակայն, չնայած ոստիկանության բոլոր փորձերին, ցուցարարները ոչ միայն չցրվեցին, այլև մնացին Բաղրամյանում ու շարունակեցին բարիկադավորված պահել Կենտրոնի որոշ փողոցներ։ Մի քանի ժամ անց Փաշինյանը միացավ ցուցարարներին։ Երեկոյան կրքերը հանդարտվում են, ցուցարարները հետ են քաշվում Ֆրանսիայի հրապարակ։ Ապրիլի 16-ին տեղի ունեցավ նաև մի ուշագրավ դեպք. Փաշինյանը ցուցադրաբար պատռեց ոստիկանության կողմից իրեն տրված «Հանրահավաքները դադարեցնելու» մասին որոշումը ու հայտարարեց, որ երկրում սկսվել է տոտալ թավշյա հեղափոխություն՝ դրանով իսկ սկսելով հեղափոխության նոր, անհամեմատ ավելի մասշտաբային փուլը։

  1. Ապակենտրոնացված համահանրապետական պայքարի փուլ. ապրիլի 17-23։ Ապրիլի 17-ին ոստիկանության հսկայական ուժեր էին կենտրոնացվել ԱԺ-ի հատվածում, որտեղ պետք է ունենար վարչապետի ընտրությունը։ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց մարտավարության փոփոխության մասին։ 1-ին ” խոշոր կուտակումների փոխարեն ցուցարարները ցրվում են քաղաքի կենտրոնում և բարիկադավորելով փակում խաչմերուկներ ու փողոցներ, 2-րդ ” ցուցարարները շրջափակում են պետական շինություններ ու կառավարական հաստատություններ՝ կաթվածահար անելով պետական կառավարման համակարգը։ Այս ամենը օրվա ընթացքում սկսվեց շատ արդյունավետ իրականացվել։ Ոստիկանության կողմից այդ ընթացքում իրականացված հակագործողությունների արդյունքում մոտ 80 մարդ բերման ենթարկվեց։ Արևմտյան ու ռուսական մամուլը և միջազգային կազմակերպությունները սկսեցին արձագանքել Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Եթե ռուսական մամուլի հայտարարությունները աննախադեպ զուսպ էին, ապա արևմտյանը բավական հստակ գնահատականներով էր հանդես գալիս՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը որակելով իբրև հակաժողովրդավարական քայլ։ Այդ ընթացքում, սակայն, ոստիկանական ուժերի լիակատար շրջափակման պայմաններում Ազգային ժողովը վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նախագահ Արմեն Սարգսյանը ընտրությունից անմիջապես հետո Սերժ Սարգսյանին նշանակեց վարչապետ: Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեին խորհրդարանի բոլոր խմբակցությունները, սակայն այդ իրավունքից օգտվեցին միայն իշխող կոալիցիայի անդամ Հանրապետականն ու Դաշնակցությունը, որոնք հանդես եկան մեկ միասնական թեկնածուով: Սերժ Սարգսյանն ընտրվեց 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ: Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ արտահայտվեցին «Ելք» խմբակցությունը և մասամբ «Ծառուկյան» դաշինքը: Ապրիլի 18-ին և 19-ին աճում են ցույցերի խորությունն ու աշխարհագրական տարածումը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մամուլի արձագանքները Սերժ Սարգսյանի վարչապետությանը ու Ոստիկանության պահվածքին դառնում են ավելի ու ավելի կոշտ։ Ցույցեր են սկսվում Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում։ 250-ից ավել մարդ բերման է ենթարկվում (պատմական ռեկորդ Հայաստանի համար), 3 հոգի ձերբակալվում են։ Շարունակվում են կառավարական շենքերի շրջափակումները։ Աննախադեպ լայն տարածում ստացան գործադուլերը և դասադուլերը։ Ապրիլի 20-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց հրապարակ՝ կազմակերպելու հանդիպում Փաշինյանի և Սարգսյանի միջև։ Փաշինյանը թե՛ հանդիպման ժամանակ, թե՛ հրապարակավ հայտարարեց, որ կա բանակցությունների միայն մի օրակարգ՝ դա Սարգսյանի հրաժարականի թեման է։ Նույն օրը տեղի ունեցան մի շարք ակտիվիստների ձերբակալություններ։ ԱՄՆ Պետական դեպարտամենտը հանդես եկավ քննադատությամբ՝ կապված Հայաստանում մարդու իրավունքների խախտումների հետ։ Արտերկրում ապրող արվեստի ու մշակույթի հայազգի հայտնի ներկայացուցիչները սկսեցին ոչ միայն իրենց աջակցությունը հայտնել շարժմանը, այլև ժամանել Հայաստան ու հրապարակ։ Ապրիլի 22-ին տեղի են ունենում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններ, որոնք շռնդալից կերպով տապալվում են։ Հանդիպումից մոտ մեկ ժամ անց ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն հանրահավաքի վայրից փաստացի առևանգում է Նիկոլ Փաշինյանին և բերման ենթարկում Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին։ Քիչ անց հայտնի է դառնում, որ նրանք երեքն էլ ձերբակալվել են, իսկ գլխավոր դատախազությունը սկսել է նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց։ Տեղում եղած հանրահավաքը Ոստիկանությունը ցրում է հատուկ միջոցների կիրառմամբ։ Նշեմ, որ նույն օրը կամ դրան նախորդած օրերին ձերբակալվել կամ բերման էին ենթարկվել նաև շարժման մյուս կազմակերպիչները և գրեթե բոլոր ղեկավարները։ Այս ամենին հաջորդեց հասարակության կայծակնային մոբիլիզացիան: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան հանրապետության փողոցներ, մտավորականությունը, ընդդիմադիր մյուս ուժերը, անգամ պետական պարգևներ ունեցող ու դրանցից հրաժարվող արվեստագետները պահանջում էին Փաշինյանի ու մյուս ղեկավարների անհապաղ ազատ արձակումը ու Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այս ամենին միացան նաև ԵՄ, ԱՄՆ և միջազգային կազմակերպությունների կոշտ գնահատականները։ Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։ Ապրիլի 23-ի առավոտյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները համատեղ կոչ են ուղղում ժողովրդին, որտեղ բոլորին զսպվածության կոչ են անում հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ։ Ամենայն հավանականությամբ այստեղ նաև վերջնական փուլ են մտնում Սերժ Սարգսյանի հրաժարականի քննարկումները, և որոշում է ընդունվում այս մասով։ Հանդիպումից անմիջապես հետո փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է գլխավոր դատախազին պատգամավորների ձերբակալության դիմումը Ազգային ժողովից հետ վերցնելու համար, ուղևորվում է ձերբակալվածների պահպանման վայր և «ազատ արձակում» հեղափոխականների եռյակին։ Ի դեպ՝ այս ամենի օրինականությունը քննարկման առարկա է, քանի որ այստեղ Գործադիրը ուղղակի խառնվում է հետաքննության մարմինների աշխատանքին ու ցուցումներ տալիս։ Երկու ժամ անց վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ Երեկոյան տեղի է ունենում հաղթական հանրահավաք, որի ընթացքում Փաշինյանը անում է երկու կարևոր հայտարարություն՝ 1) Վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան մոտակա մեկ շաբաթվա ընթացքում և վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի թեկնածուն, 2) Հեղափոխությունը հաղթել է, և երկրում իշխանությունը անցել է ժողովրդին։ Արվում է նաև հայտարարություն անցած օրվա հետ կապված: Փաշինյանը պատմում է, որ իրեն պահել են կատարյալ մեկուսացման մեջ, սակայն նա ունեցել է երեք բարձրաստիճան այցելու։ Առաջինն առաջարկել է Սարգսյանի հրաժարականը 1 տարի հետո ” Փաշինյանը չի համաձայնել, երկրորդը՝ հոկտեմբեր ամսվա վերջ – Փաշինյանը չի համաձայնել, երրորդը՝ ապրիլի 25-ին – Փաշինյանը չի համաձայնել և տվել է երկու ժամ։ Երկու ժամ անց Սարգսյանը հրաժարական է տվել։ Վերջինը նկարագրում է, թե Սարգսյանի կառավարման վերջին ժամերին ինչպես էր փոխվել ուժային բալանսը երկրում։ Սարգսյանը ոչ միայն վերջապես հասկացել էր հանրահավաքների թափը, այլև, ըստ էության, ստիպված էր պայքարել նաև իր ստեղծած համակարգի ներսում։ Այս ամենը ու հաջորդ օրերի վերլուծությունը ցույց են տալիս, որ փոխվարչապետ Կարեն Կարապետյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը անմիջական ներգրավվածություն ունեցան Սարգսյանի հրաժարականում։ Կարապետյանը, ըստ ամենայնի, որոշակի աջակցություն է ցույց տվել ցույցերին (կապի մեջ չմտնելով հեղափոխականների շտաբի հետ)՝ հույս ունենալով տապալել Սարգսյանի իշխանությունը և ռուսական աջակցությամբ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը (ռուսական թև), իսկ նախագահ Սարգսյանը միջնորդի իր դերը կատարելով հայտնի չափով՝ նաև աջակցել է արևմուտքում Սերժ Սարգսյանի վարկի շեշտակի անկմանը։ Օրինակ՝ այդ օրերին բրիտանական մամուլը աննախադեպ ակտիվություն էր ցուցաբերում հայաստանյան իրադարձությունները լուսաբանելիս (արևմտյան թև)։ Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը երկար տարիներ եղել է ՀՀ դեսպանը Մեծ Բրիտանիայում։ Փաստորեն իշխանական բուրգը չէր սատարել Սերժ Սարգսյանին, ավելին, սկսել էր պայքարել նրա դեմ՝ օգտվելով արտաքին ուժերի աջակցությունից։ Թերևս սրանով է պետք պայմանավորել Սարգսյանի հրաժարականի մեջ տեղ գտած «Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը, որը ոչ այլ ինչ է, քան հայոց գահի ժառանգության տեքստ։ Սարգսյանը, ըստ էության, հայոց գահը փորձում էր փոխանցել այդ պահին միակ սեփական՝ հայաստանյան օրակարգը ունեցող ուժին՝ թեկուզ և հակառակորդին։
  2. Միջհաղթանակի փուլ. ապրիլի 25 – մայիսի 9։ Ապրիլի 24-ը, կողմերի նախնական համաձայնությանը համապատասխան, հասկանալի պատճառներով հայտարարվեց լռության օր։ Սակայն թե՛ Փաշինյանը, թե՛ վարչապետի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Կարեն Կարապետյանը այս օրը հանդիպումներ ունեցան մամուլի ու օտարերկրյա դեսպանների հետ։ Պարզ դարձավ, որ նոր բախումը անխուսափելի է: Հեղափոխության ճամբարը տոնում էր հաղթանակ ու պահանջում էր իրեն հանձնել գործադիր իշխանությունը, իսկ Կարապետյանը հանրապետական կուսակցության վերնախավի հետ դեռ ընդդիմանում էր։ Երևան էր ժամանել նաև Կարեն Կարապետյանի հովանավորը՝ ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով սկսել էր հանդիպումներ պառլամենտական կուսակցությունների ղեկավարների ու ուժայինների հետ։ Երեկոյան Կարապետյանը հրաժարվեց ներկայանալ Փաշինյանի կազմակերպած բանակցություններին՝ պատճառաբանելով, որ դրանք բանակցություններ չեն, այլ անվերապահ կապիտուլացիա։ Կարապետյանը փաստորեն դեռ հույս ուներ մնալու իշխանության։ Փաշինյանը հայտարարեց համազգային մոբիլիզացիա և հեղափոխության շարունակություն։ Ապրիլի 25-ից 27-ը հարյուր հազարավոր քաղաքացիներ կաթվածահար արեցին հանրապետության կյանքը՝ բարիկադավորելով ու արգելափակելով գրեթե ամեն ինչ։ Կարապետյանը դիմում է նախագահին՝ առաջարկելով հրավիրել կուսակցությունների միջև քննարկումներ իրավիճակից ելքեր փնտրելու համար, միևնույն ընթացքում Կարապետյանի գրասենյակում քննարկվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությունը, սակայն փոխվարչապետը չի ստանում ուժայինների աջակցությունը։ Սամվել Կարապետյանը հանդիպում է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ՝ նրան առաջարկելով անգամ վարչապետի պաշտոնը, եթե վերջինս համաձայնվի կանգնել ջախջախված Հանրապետականի կողքին։ Սակայն Ծառուկյանը ոչ միայն չի համաձայնվում, այլև հանդիպում է Փաշինյանի հետ ու իր անվերապահ աջակցությունը հայտնում հեղափոխությանը, նույնը անում է գրեթե ողջ արտախորհրդարանական ընդդիմությունը, ինչպես և իշխանության հետ կոալիցիան լքած ՀՅԴ-ն։ Կարեն Կարապետյանը և իր կառավարությունը վերածվում են լուսանցքային ուժերի, որոնք երկրում չունեն որևէ հենարան։ Կարելի է ենթադրել, որ Կարապետյանի հանձնարարականով արտգործնախարար էդուարդ Նալբանդյանը և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեկնում են Ռուսաստան՝ ըստ էության Կրեմլից աջակցություն ստանալու համար։ Կարապետյանը, կորցնելով բոլոր դիրքերը Հայաստանում, այժմ հույս ուներ պահպանել իշխանությունը՝ Կրեմլին տրամադրելով շարժման դեմ։ Ապրիլի 27-ին և 28-ին տեղի ունեցան Փաշինյանի մարզային այցելությունները, որոնց ընթացքում լիովին պարզ դարձավ, որ իրավիճակը փոխվել է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ողջ հանրապետությունում։ Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում տեղի ունեցան աննախադեպ հանրահավաքներ, գյուղերում և փոքր բնակավայրերում Փաշինյանին դիմավորում էին իբրև ազգային հերոսի։ Ապրիլ 29-ից սկսած՝ ԱԺ-ում տեղի են ունենում հանդիպումներ, քննարկումներ, որոնց վերջնարդյունքն էր հետևյալ դասավորվածությունը՝ ԵԼՔ-ը միաձայն առաջադրեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Ծառուկյան Դաշինք և ՀՅԴ խմբակցությունները հայտնեցին այդ թեկնածությունը պաշտպանելու պատրաստակամության մասին։ Հանրապետական խմբակցությունը հայտարարեց, որ խոչընդոտներ չի ստեղծելու։ Այլ թեկնածուներ չառաջադրվեցին։ Ընդհուպ մինչև ապրիլի 30-ը իրավիճակը հանրապետությունում շարունակում էր մնալ պայթունավտանգ։ Ապրիլի 30-ի երեկոյան լուրեր տարածվեցին, որ Հանրապետական խմբակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկոյան նիստ է գումարել և որոշել է տապալել Փաշինյանի առաջադրումը։ Ըստ ամենայնի՝ խմբակցությունը հույսեր էր փայփայում, որ Սարգսյանի հեռանալուց հետո կրքերը կհանդարտվեն ու ժողովրդական ալիքը կթուլանա, և հնարավոր կլինի նախկինում պոպուլյար Կարեն Կարապետյանի միջոցով երկրում պահել իշխանությունը։ Մայիսի 1-ին Խորհրդարանում 8 ժամից ավել տևած նիստի արդյունքում, որի ընթացքում, ի դեպ, Հանրապետական խմբակցությունը ամեն գնով փորձում էր Փաշինյանին անհարմար դրության մեջ գցել կամ պրովոկացնել անհավասարակշռված քայլերի, վարչապետ չընտրվեց։ Սրան ի պատասխան՝ Փաշինյանի կոչով մայիսի 2-ին տեղի ունեցավ հեղափոխության ողջ ընթացքում ամենամեծ զանգվածային անհնազանդության գործողությունը։ Հանրապետության բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում ու գյուղերում տեղի ունեցան հանրահավաքներ։ Հանրապետական ու միջազգային նշանակության մայրուղիները, օդանավակայանները, երկաթուղու կայարանները, բոլոր ճանապարհները, անգամ բակերը բարիկադավորվեցին ու արգելափակվեցին, կյանքը հանրապետությունում կանգ առավ։ Անգամ ԱԺ նիստը տապալվեց, քանի որ պատգամավորները չէին կարողացել հասնել իրենց աշխատանքի վայր։ Մասսայական գործադուլեր, դասադուլեր, ավտոցույցեր և այլն։ Այդ օրը պարզ դարձավ, որ հին համակարգը այլևս ամբողջովին կորցրել է իր լեգիտիմությունը ու չի տիրապետում իրավիճակին։ Երեկոյան Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ կսատարի Փաշինյանին, ակցիաները ժողովրդի թեկնածուի կոչով դադարեցին, և մայիսի 3-ին հանրապետությունը ամբողջովին վերադարձավ բնականոն կյանքին։ Մայիսի 3-ից ընդհուպ մինչև մայիսի 7-ը երկրում խոշոր բողոքներ չեն լինում, սակայն սկսում են կրթության ապակուսակցականացման, աշխատանքի վարձատրման բարձրացման առանձին ակցիաներ։ Մայիսի 7-ին տեղի է ունենում հանրահավաք, որին Փաշինյանից բացի ելույթ են ունենում մշակույթի  հայ աշխարհահռչակ  գործիչներ։ Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է ՀՀ վարչապետ, մեկ ժամվա ընթացքում ընտրությունը հաստատում է հանրապետության նախագահը։ Հանրապետականը հայտարարում է, որ իրենց խմբակցությունից կողմ է քվեարկելու 11 պատգամավոր և դա իրենց միասնական որոշումն է, այլ ոչ առանձին պատգամավորների, որ նրանք մեծահոգաբար կայացրել են երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Սակայն կողմ են քվեարկում ոչ թե 11 հանրապետական պատգամավոր, այլ 13, ինչն ապացուցում է հակառակը։ Փաշինյանը ուղևորվում է հրապարակ, հայտարարում հեղափոխության հաղթանակի մասին և սկսում իր բնորոշմամբ ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պետք կառավարի երկիրը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Հեղափոխությունը տոնում է ևս մեկ հաղթանակ։ Երկրում 1996 թվականից ի վեր առաջին անգամ գործադիր իշխանությունը փոխվում է ոչ թե պալատական ու կուսակցական ինտրիգների միջոցով, այլ ժողովրդավարական ալիքի ճնշման տակ ու ժողովրդի մեծագույն մասի աջակցությամբ։ 

Հաջորդ մասն այստեղ


Գրականություն

  1. ԵՎՀԿ պաշտոնական կայք ” https://acoya.org/
  2. Ազատություն TV ” https://www.azatutyun.am/
  3. Սիվիլինեթ լրատվական ” https://www.civilnet.am/


Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: