Հայաստանում տեղի ունեցած և դեռևս շարունակվող թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը կարողացավ կոնսոլիդացնել հասարակության տարբեր շերտերին: Հեղափոխության հաղթանակին առավելապես նպաստեց քաղաքացիական հասարակության մասնակցությունը, որի մեծամասնությունը կազմում էր ուսանողությունը: Նախքան Հայաստանում տեղի ունեցած ակտիվ քաղաքական գործընթացները՝ ուսանողության լայն շրջանակներում նկատելի էր ապատիա ոչ միայն ներպետական իրողությունների, այլև կրթության սեփական իրավունքը իրացնելու հանդեպ:
Ուսանողության մոբիլիզացիայի մեկնարկային սիմվոլը ապրիլի 13-ի ներխուժումն էր ԵՊՀ, ինքնակազմակերպման լայն ալիքը սկսվեց 2018 թվականի ապրիլի 16-ից. դասադուլեր սկսվեցին տարբեր բուհերում, ապրիլի 22-ից դրանք դարձան ավելի լայնածավալ, «Ազատ, անկախ ուսանող» կարգախոսը համալրեց մնացած կարգախոսների շարքը: Դասադուլերի նպատակը սատարելն էր «Քայլ արա», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների քաղաքական պահանջին, այն է՝ կանխել Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամանակաշրջանը: Շարժումը գրանցեց հաղթանակ մայիսի 23-ին՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականով, մայիսի 2-ին ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության հայտարարությամբ՝ ապահովել անհրաժեշտ ձայներ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու համար և, վերջապես, մայիսի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետ ընտրությամբ:
Ուսանողության զարթոնք
Ուսանողական ինքնակազմակերպումը չէր սկսել և չավարտվեց երկրի հեղափոխությամբ: Մասնավորապես «Հանուն գիտության զարգացման» շարժումը սկսվել էր դեռևս 2017 թվականի նոյեմբերին և ուղղված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ, որը, փաստացիորեն չհասնելով իր նպատակին, այն է՝ օրինագծի տապալմանը, վերաձևավորվեց «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության: Նոր նախաձեռնությունը նպատակ էր դրել Երևանի պետական համալսարանի բարեփոխման քայլեր ձեռնարկել: Նախաձեռնությունը իրականացնում է ծրագրեր՝ միաժամանակ հանդիսանալով այլընտրանքային հարթակ ուսանողների համար՝ ծանոթանալու իրենց վերաբերող իրավական ակտերին, դիցուք՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի և առաջարկությունների մշակմանը: Նախաձեռնության անդամներն ակտիվ ներգրավված էին հեղափոխության ակցիաների մեջ արդեն հեղափոխության բուն գործընթացներից հետո, երբ սկսեցին կազմվել շահերի խմբեր և հանրային քննարկումներ ծավալվել: Որոշ խմբեր իրենց պահանջներին հասնելու համար նախընտրեցին փողոցային պայքարը, իսկ ուսանողները վերադարձան «լսարանային» պայքարին՝ քննարկումների միջոցով վեր հանելով իրենց հուզող հարցերը և դրանք մտցնելով քաղաքական օրակարգ:
Բացի հիշյալ նախաձեռնության քննարկումներից՝ հեղափոխությունից առաջ ուսանողների համար եղել են բազմաթիվ այլ հնարավորություններ/հարթակներ (օրինակ՝ ՈԱԱԿ ֆորումներ, խորհրդաժողովներ, հասարակական կազմակերպությունների հանրային քննարկումներ) սեփական խնդիրները բարձրաձայնելու համար, որոնց հանդեպ չի եղել այսպիսի հետաքրքրություն: Սակայն արդարության համար պետք է նշել, որ հեղափոխությունից առաջ տեղի ունեցող քննարկումները և դրանցից դուրս բերված առաջարկությունները չէին մտնում քաղաքական օրակարգ և դրանով իսկ դառնում էին փակ շրջան՝ հիմնախնդիր-քննադատություն և նորից հիմնախնդիր: Հիմա թերևս փոխվել է իրավիճակը և հասարակական տրամադրվածությունը իշխանության նկատմամբ, ինչպես նաև մինչ այդ քննադատական դիրքերից հանդես եկողների դերն է փոխվել. ալևս չկա իշխանություններին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն, կա անհրաժեշտություն բարեփոխումներ առաջարկելու, ինչն առավել դժվար է, քան քննադատելը:
Ուսխորհուրդների ձախողումը
Ուսանողական խորհուրդները ինքնակազմակերպվող ուսանողական մարմիններ են, որոնք, կանոնադրության համաձայն, ապակուսակցական, ապաքաղաքական կառույցներ են, իրենց գործունեությամբ կոչված են ուսանողի իրավունքները պաշտպանելուն, կրթական գործընթացներին նպաստելուն: ՈւԽ-ն՝ որպես ուսանողության շահերը բարձրաձայնող մարմին, ներկայիս բարձրագույն և հետբուհական կրթության օրենքով 25%-ով ներկայացված է բուհերի կառավարման խորհուրդներում, սակայն ուսանողների այսպիսի լայնամասշտաբ դժգոհությունը ՈւԽ-ներից վկայում է այդ կառույցների անարդյունավետության մասին: ՈւԽ-ի՝ որպես կառուցի գոյությունը իրականում անհրաժեշտ է, սակայն հայաստանյան բուհերի ճնշող մեծամասնության ՈւԽ-ները կուսակցական գործունեության և ժամանցի նպատակով միավորումներ են եղել, որոնք ծառայում էին գործող (այժմ՝ ընդդիմադիր) իշխանության վերարտադրմանը: Ուսանողական խորհուրդները աչքի չեն ընկել նախաձեռնողականությամբ ուսանողներին հուզող որևէ խնդիր ինստիտուցիոնալ, ոչ անհատական մակարդակում քննարկելու, առավել ևս լուծելու հարցում: Փաստացի ՈւԽ-ների գործառույթը իրականացվել է ուսանողական այլընտրանքային կառույցների կամ էլ հասարակական միավորումների շնորհիվ: Շարժումից առաջ ևս քննարկվում էր բուհերի ուսխորհուրդների կուսակցականացվածությունը, սերտաճվածությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, սակայն շարժման ընթացքում ուսանողների դժգոհությունը ՈւԽ-ներից դրևորվեց ավելի ցայտուն, անգամ ՈւԽ-ն լուծարելու առաջարկներ եղան: ՈւԽ-ները բուհի վարչական կազմի կողմից դիտարկվում էին որպես կցորդ, ինչի հետևանքով վերաբերմունքը ՈւԽ-ների հանդեպ լուրջ չէր: Կարելի է կանխատեսել, որ կրթական համակարգի փոփոխությունների արդյունքում կբարելավվեն նաև ՈւԽ-ները, կստեղծվեն նաև ուսանողական այլընտրանքային կառույցներ:
Հանրային քննարկումներ
Կրթության ոլորտում օրենսդրական փոփոխությունների պետական նախաձեռնութունները սկսվել էին դեռևս 2016 թվականից «Բարձրագույն կրթության մասին» օրենքով, որը դեռևս վերջնական տեսքի չի բերվել և ունի որոշ հակասություններ: 2017 թվականին ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքը, 2018 թվականի ապրիլից քննարկման դրվեց Ռազմահայրենասիրական կրթության հայեցակարգը: Երեք նախագծերն էլ արժանացան սուր քննադատության քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ուսանողության կողմից: Այժմ ուսանողությունը քննարկումներ է նախաձեռնում նորեն վեր հանելու բազմիցս բարձրաձայնած խնդիրները: Դրանք կազմակերպում են ինչպես «ԵՊՀ ռետարտը», այնպես էլ այլ բուհերում ստեղծված ռեստարտները:
“
Չնայած երկրում քաղաքական իրադրության փոփոխությանը՝ ուսանողների խնդիրները դեռևս մնում են նույնը. բուհերի կուսակցականացվածություն, կրթության ցածր որակ, անմատչելիություն, ռեսուրսային խնդիրներ և այլն: Քննարկումների այսպիսի տեղատարափի մեջ հարկավոր է հստակ ուրվագծել, որ նպատակը պետք է լինի փոփոխության հասնելը, այն է՝ առաջարկությունների փաթեթի ձևավորմամբ: Պետք է հաշվի առնել, որ այնուամենայնիվ «նորից հեծանիվ հայտնագործելու» կարիք չկա, և ուսանողության կուտակած էներգիան և ներուժը կարելի է ուղղել ավելի կառուցողական ուղղով, օրինակ՝ նախկինում վեր հանված խնդիրների ուսումնասիրմամբ, որոնք մեծ հաշվով նույնն են մնացել:
Քննարկումներն առվել արդյունավետ դարձնելու համար առաջարկում ենք մի քանի մեխանիզմ.
- մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ-ի) կողմից հավատարմագրման ժամանակ կազմված փորձագիտական զեկույցներին ծանոթանալը, որտեղ գրված են բուհերի առավելությունները, բացահայտված թերությունները և բարելավման առաջարկները, որոնք ընդունվել են բուհերի կողմից և պարտավորեցրել են իրականացնել համապատասխան բարեփոխումները,
- քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկությունների փաթեթների հիմքում դնել գիտական մեթոդով հետազոտության տվյալներ, այսինքն՝ անել հետազոտություն և նոր կազմել ուսանողության շահերը ներկայացնող նախագիծ,
- կազմել ուսանողական մասնագիտական միավորումներ տվյալ մասնագիտության կրթական ծրագրի վերանայման և վերջնարդյունքների վերափոխման համար՝ համագործակցելով նաև գործատուների և դասախոսների հետ,
- ձևավորել կրթական հայեցակարգ: Արդ՝ ուսանողները, աշակերտները, քաղաքացիական հասարակության բոլոր շահառուները, պետական կառույցները պետք է հասկանան, թե ինչպիսի կրթություն ենք ուզում ունենալ, ինչպիսի կրթական համակարգ և ինչպիսի կրթական միջավայր ենք ուզում ստեղծել, և արդյունքում՝ ինչպիսի քաղաքացի ենք ցանկանում ձևավորել:
Թավշյա հեղափոխությունը դեռևս շարունակվում է, և ներկայիս իշխանությունները ցանկություն են հայտնում լսել ոլորտի շահառուների կարծիքները: Ուստի մինչև քաղաքականության ձևավորումը հարկավոր է քննարկումները կազմակերպել հնարավորինս բովանդակային, իսկ առաջարկությունները ներկայացնել հնարավորինս առարկայական և ըստ էության:
Հեղինակ՝ Տաթև Դերզյան (Tatev Derzyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: