Հայկական «հեղափոխությունը» և «քաղաքականի» վերադարձը

Քաղաքականության մասին գիտությունը մարդաբանության, ընկերաբանության և այլ հասարակական գիտությունների հետ մեկտեղ մեզ ներկայացնում է իշխանության ֆենոմենը որպես ամենահաս, ամենակուլ, ամենազոր մեդիում, որը տեղ ունի հասարակական կյանքի բոլոր բնագավառներում կամ առնվազն ձգտում է լինել ու ճանաչվել-իրացվել ամենուրեք։ Այս մոտեցման ջատագովներից ամենահայտնին, թերեւս, ֆրանսիացի ընկերաբան Միշել Ֆուկոն է՝ իր հայտնի «բիոպոլիտիկա» եզրույթի ներմուծմամբ։ Կարելի է նշել նաև Նիկլաս Լումանին՝ իր համակարգերի մասին տեսությամբ եւ Կառլ Շմիդտին՝ իր «Դիկտատուրա» աշխատանքով և «Քաղաքականի հասկացությունը» ակնարկով։ Բոլորն էլ սոցիալական գիտությունների ստրուկտուրալիզմի դպրոցի ներկայացուցիչներն են, եւ նրանց աշխատանքներն ու գաղափարները փոխլրացման միջոցով անհրաժեշտ գործիքակազմ են ստեղծում՝ հասկանալու ստեղծված իրավիճակը եւ դրա հնարավոր վերափոխման հնարավորությունները։
1. Ամենակուլ իշխանություն
Մ. Ֆուկոն, իր աշխատանքներում նկարագրելով կապիտալիզմի համակարգի զարգացումը Արևմտյան Եվրոպայում, ցուցադրում է դրա ամենակալության անշեղ աճը մարդու կյանքի վրա՝ ընդհուպ մինչեւ մասնավոր ինտիմության սահմաններ։ Իշխանություն, որն իր բնույթով ձգտում է իրեն ենթարկել կյանքի բոլոր ոլորտները եւ «խժռել» անհատին։ Հենց այստեղից է «բիոքաղաքականություն» եզրը, որը շեշտում է մարդու կենսաբանական սահմաններին տիրապետելու-ենթարկելու իշխանության նկրտումները։ Իշխանությունը, ըստ այս մոտեցման ջատագովների, միշտ հնարավոր լուծումների սահմանում է գործում, այն ոչ թե պարզ պատճառ-հետեւանքային շղթայի (ուժի գործադրում-ենթարկում, հարկադրանք) իրացումն է հանրային դաշտում, այլ գործում է հնարավոր-պատահական լուծումների տիրույթում (համոզման, գաղափարաբանության, կրթության կամ սիմվոլիկ իշխանության այլ ինստիտուտների միջոցով)։
Ինչու՞ հնարավոր-պատահական, այլ ոչ թե պատճառ-հետեւանքային. որովհետեւ իշխանությունը չի կարող լինել բացարձակ թե՛ տեսականորեն դիսկուրսի մակարդակում, թե՛ պրակտիկ կիրառության առումով։ Ինչու՞ չի կարող լինել բացարձակ. որովհետեւ դիալեկտիկայի տեսակետից իշխանությունը անընդհատական գործընթաց է, իսկ ցանկացած գործընթաց անընդհատ շարժման մեջ գտնվելու հիմամբ փոփոխելի է և, ըստ այդմ էլ, բազմաթիվ ու տարատեսակ հնարավոր փոփոխությունների դաշտում է։ Այդ տեսակետից այն անկանխատեսելի լուծումների եւ որոշումների տիրույթում է։ Այն իր բնույթով ստատիկ չէ եւ, ըստ այդմ, անընդհատ փոփոխության, թե կուզեք, պայքարի, տարատեսակ գործող կողմերի կամքի իրացման ու պարտադրման դաշտում է։ Անգլալեզու գրականության մեջ, ոչ առանց գերմանական դպրոցի միջնորդության, գոյություն ունի այդ ֆենոմենը նկարագրող տերմին՝ «contingency», որը հայոց լեզվում թարգմանվում է որպես «պատահականություն, անակնկալություն, ներընդունակություն, դիպված»։ Այն խոսքի մեջ, թե քաղաքականությունը հնարավորինի արվեստն է, թերեւս նույնպես նշմարվում են քաղաքականության ու իշխանության այս ընկալման սերմերը։
Այս երկար նախաբանից հետո կարող ենք անցնել ներհայաստանյան վերջին իրադարձություններին եւ դրանք քննել իշխանության ու քաղաքականության մի քանի տեսաբանների ու նրանց տեսությունների դիտանկյունից։ Մասնավոր անդրադարձ կկատարվի ընկերաբաններ Նիկլաս Լումանի եւ Միշել Ֆուկոյի ու իրավագետ Կառլ Շմիդտի աշխատանքերին և դրանց ընձեռած գործիքակազմի օգտակարությանը՝ հասկանալու համար այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել եւ դեռ տեղի կունենան ներհայաստանյան քաղաքական ու հասարակական կյանքում։
2. Ընկեր-թշնամի
Երբ սկսվեց շարժումն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման եւ, հնարավոր է, նրա իշխանության հավերժացման, Նիկոլ Փաշինյանը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը եւ հասարակության ընդդիմադիր հատվածի ակտիվ մասը իրացրին Կառլ Շմիդտի հայտնի եզրաբանությունը. վերասկզբնավորեցին քաղաքական գործընթացը հանրահռչակել միայն ու միայն մեկ առանցքային դրույթ՝ ընկեր-թշնամի բինար հակադրությունը։ Ըստ որում՝ «ընկեր» ասելով հասկանում էին շարժման մասնակիցներին, որոնք դեմ էին Սերժ Սարգսյանին՝ առաց որեւէ նախապայմանի, եւ «թշնամի»՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որը պետք է հեռանար։ Շմիդտը նշում էր, որ միայն այսպիսի բինար հակադրության պարագայում է հնարավոր «քաղաքականը». այն հարաբերությունների համար, որոնց դեպքում երկու հակադիր կողմերի միջեւ չի ենթադրվում եւ հնարավոր չէ ոչ մի տեսակի կոմպրոմիս, որպես լուծում կողմերից մեկը կամ մյուսը պետք է պարտադրի իր կամքը մյուսին։ Ներհայաստանյան վերջին տարիներին անհարիր այս իրավիճակը, թե կուզեք՝ այս սահմանազատումը «մենք-նրանք» գծով, հնարավորություն տվեց քաղաքական հատկանիշ տալ շարժմանը, որն էլ հանդիսացավ նրա հաղթանակի կարեւորագույն կռվաններից մեկը։
«Ընկեր-թշնամի» ընդդիմակայության մեկ ուրիշ ցուցիչ է նախ սիմվոլիկ դիմադրության (ըստ Պ. Բուրդիոյի) եւ սիմվոլիկ թշնամու կերպարի խաղարկումը՝ ի դեմս մահվան ծեսի ատրիբուտիկայի կիրառմանը Երեւանի փողոցներում, ՀՀԿ պատգամավորների բնակարանների մոտ, որը խորհրդանշում էր նրանց ապամարդայնացումը-թշնամացումը, որը նույնպես հարիր է թշնամու կերպարի գաղափարին, ըստ որում՝ վերջինս ընկալվում է որպես ապամարդային էակ, որը մեր պարագայում դուրս է մղվում հասարակությունից, մնում է ընկեր-թշնամի սահմանի այն կողմում։ Իհարկե, մյուս կողմից ուրախալի է, որ հասարակությունը ընտրել էր հենց սիմվոլիկ պայքարի տարբերակը, որը խոսում է թե՛ նրա որակական հատկանիշների եւ թե՛ մեր հասարակության՝ սիմվոլների հանդեպ հատուկ սիրո մասին։ Ոչ պակաս կարևոր փաստ են նաև ցեղասպանություն ապրած ժողովրդի հոգեբանությունը ու պատերազմի առկայությունը, որոնք նույնիսկ տեսական դաշտում հնարավորինս բացառում են ազգի ներսում «անհարկի» մարդկային կորուստները։
3․ Այլընտրանքի բացակայություն
Նիկլաս Լումանը իր «Վստահություն և իշխանություն» աշխատանքում, խոսելով իշխանության համակարգի ֆունկցիոնալ հատկանիշների մասին, նշում է, որ իշխանության ընձեռած ընտրանքների քանակը ուղիղ համեմատական է իր ուժին։ Այսպիով՝ այն իշխանությունն է ուժեղ, որը հնարավորություն է տալիս դիմացինին ընտրել հնարավոր լուծումներից և տարբերակներին ինչ-որ մեկը, ըստ այդմ՝ դիմացինին տալով «ընտրության» հնարավորություն հնարավոր տարբերակներից։ Եվ հիմնական մեխն էլ այն է, որ այդ հնարավոր տարբերակները նույնպես ստեղծվում են իշխանության կողմից՝ այսպիսով ստեղծելով «կրկնակի պատահականության» (double contingency) մոդել: Այս մեր քննարկելիք իրավիճակի պարագայում Սերժ Սարգսյանը ոչ մի ընտրության հնարավորություն չթողեց հասարակությանը՝ ի դեմս դրա ակտիվ ընդդիմադիր հատվածի՝ կատարված փաստի առաջ կանգնեցնելով վերջինիս եւ ուղղակի պարտադրելով ընտրել միայն մի տարբերակ՝ համակերպվել իր՝ Սերժ Սարգսյանի վարչապետության հետ։ Այսպիսով, այն պահից, երբ Սերժ Սարգսյանը գնաց վարչապետության, նա զրկվեց իր իսկ ստեղծած իշխանության մոդելի բարիքներից։ Նա բացարձակացրեց իր իշխանությունը ու այդպիսով ուղղակի ոչնչացրեց այն։ Այս մասին է խոսում այն փաստը, որ երբ նա արդեն հրաժարական է տվել, այսօր ոչ առանց հիմքի համարվում է, որ նա շարունակում է որոշակի իշխանություն ունենալ գոնե ՀՀԿ-ական շրջանակի վրա։ Ու զարմանալի չէ, որ հենց այդ ՀՀԿ-ական շրջանակը՝ որպես Սարգսյանի ստեղծած իշխանության համակարգի մասնիկ, դուրս էր մղվել հասարակության վրա իրական՝ ոչ ֆորմալ ազդեցության ոլորտից։ Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ֆորմալ իշխանությունը այլեւս չէր տիրապետում երկրում տիրող իրավիճակին, ու Հայաստանում մի որոշ ժամանակ ուղղակի անիշխանություն էր, եւ, որպես արդյունք, իշխանության վակուում էր առաջացել. իշխանության վակուում, որը հղի էր պետության, պետական ապարատի քայքայմամբ, որովհետեւ պետությունը նախ եւ առաջ քաղաքական համակարգ է, եւ պետությունը չի կարող իրացնել իր իշխանությունը, եթե այն չի ընդունվում եւ չի ճանաչվում հասարակության կողմից։ Արդիության ժամանակաշրջանից սկսած՝ այն պետություններն են համարվում ուժեղ ու հաջողված, որտեղ ֆորմալ իշխանության ինստիտուտները համընկնում են լեգիտիմ իշխանության բնորոշիչներին, երբ ֆորմալ իշխանությունը ընդունվում և իրացվում է հասարակության կողմից, մարդը իրեն համարում է պետական համակարգի անքակտելի մաս։
Հիմա, գալով հնարավոր զարգացումներին ու վերափոխումներին, կրկին դիմենք վերը նշված գործիքակազմին։ Առնվազն խորհրդարանական կյանքում մեզ սպասվում է քաղաքական կյանքի՝ բառիս բուն իմաստով վերակենդանացում, եւ մոտակա ամիսները ենթադրաբար իրենց գրավչությամբ չեն զիջի 1990-91թթ․ ՀՀ Գերագույն խորհրդի նիստերին։ Պատահական չէ, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նշում էին, որ իրենք խորհրդարանի նիստերին հետեւել էին մեկ էլ 1990-91թթ-ին։

Այսպիսով՝ հստակ ցուցիչ է այն, որ մարդիկ, զգալով, հասկանալով ու գիտակցելով քաղաքականը ու իրենց հետաքրքրությունը և շահերը գտնելով դրա մեջ, նորովի են սկսում մոտենալ հարցին, որը եւս մի ապացույց է, որ իրավիճակը հստակապես փոխվել է, գոնե ներկա իրավիճակի պայմաններում։ Նոր կառավարությունը եւ վարչապետի հանրահռչակած համաձայնության կառավարությունը որոշակի հետ քայլ են սահմանային ընդդիմակայության առումով, բայց հիանալի ժամանակահատված հենց ստրատեգիական առումով, որպեսզի համախմբելով ուժերը՝ պատրաստվեն քաղաքական պայքարի եւ իրական քաղաքականության երկրորդ եւ ամենակարեւոր գալստյանը՝ սպասվելիք խորհրդարանական ընտրություններին։


1. Luhmann Niklas. Trust and Power, New York, 1979.
2. Bourdieu Pierre. In Other Words (Essays towards a Reflexive Sociology), Stanford University Press, Stanford, California, 1990.
3. Foucault Michel. Power/Knowledge, Selected Interviews & Other Writings 1972-77, Harvester Press, 1980.
4. Foucault Michel. The Birth of Biopolitics: Lectures at the College de France, 1978-1979. Palgrave Macmillan, 2008.
5. Vanderstraeten Raf. Parsons, Luhmann and the Theorem of Double Contingency, Journal of Classical Sociology, Vol 2, Issue 1, pp. 77 – 92.
6. Луман Н․, Власть, М․, Праксис, 2001.
7. Бурдье Пьер. Социология социального пространства. М.: Ин-т экспериментальной социологии; СПб.: Алетейя, 2007.
8. Шмитт Карл. Диктатура, СПБ, 2005.
9. Шмитт Карл. Понятие политического, Вопросы социологии, 1992, Н.1.

Հեղինակ` Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


 

Facebook Comments

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here