Միացյալ Նահանգների ընտրական համակարգը
ԱՄՆ նախագահի ընտրությունները կարևոր են ոչ միայն ամերիկացիների, այլև ողջ աշխարհի համար: Այս իրողությունը իր վրա է սևեռում ողջ աշխարհի ԶԼՄ-ների ու քաղաքագետների ուշադրությունը, քանի որ արդի աշխարհում չկա գրեթե որևէ միջազգային հարց, որը լուծվի առանց այս գերտերության մասնակցության կամ նրա շահերը հաշվի առնելու:
Նախ հակիրճ անդրադարձ կատարենք ամերիկյան ընտրական համակարգին, որը տարբերվում է մեզանում կիրառվող ձևից: Արդյունքում կհասկանանք նաև, թե ինչու մոտ 320 մլն բնակչություն ունեցող երկրում ընտրությունների ժամանակ այդքան կարևորվում են մեր ազգակիցների ձայները, որոնց թիվը տարբեր տվյալներով 1մլն 400հազար է կազմում, ինչն ԱՄՆ-ի բնակչության 0.15-0.5 տոկոսն է: Գործող համակարգը մշակվել է ԱՄՆ հիմնադիր հայրերի կողմից և գործում է մինչ օրս: 1804 թվականին տասներկուերորդ լրացումից (amendment) հետո եղել են մի քանի դաշնային և պետական նորմատիվ իրավական փոփոխություններ, որոնք ազդել են ընտրիչներին ընտրելու գործընթացի ձևի ու ժամանակահատվածի վրա, որոնք, սակայն, չեն փոխել էլեկտորալ քոլեջի հիմնական կառուցվածքը:
Նախագահի թեկնածուին ըստ Սահմանադրության ներկայացվող պահանջները հետևյալն են. Միայն ԱՄՆ-ում ծնված քաղաքացիները (կամ ովքեր ծնվել են արտասահմանում, բայց ծնողներից գոնե մեկն այդ պահին ԱՄՆ-ի քաղաքացի է եղել) կարող են դառնալ Միացյալ Նահանգների նախագահ, թեև ժամանակ առ ժամանակ այդ պահանջը կասկածի տակ է դրվում: Օրինակ` նախագահի թեկնածու, Տեխասի սենատոր Թեդ Քրուզը ծնվել է Կանադայում, նրա հայրը ծնվել է Կուբայում, իսկ մայրը՝ ԱՄՆ-ում: Նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան, առավելագույն տարիք Սահմանադրությամբ չի նախատեսվում: Նախագահ դառնալու համար անհրաժեշտ է նաև, որ թեկնածուն առնվազն 14 տարի ԱՄՆ-ում բնակված լինի, սակայն Սահմանադրությամբ հստակեցված չի`արդյոք այդ բնակությունը պիտի շարունակական լինի, թե կարող է նաև ընդհատումներով լինել:
Սկզբում ԱՄՆ-ի երկու հիմնական քաղաքական կուսակցությունները համապատասխանաբար ընտրում են իրենց թեկնածուներին: Նախնական ընտրություններում (primaries) հանրությունը ընտրում է «պատվիրակների», որոնք ընտրարշավի ժամանակ կոնկրետ թեկնածուի են աջակցում: Տվյալ կուսակցությունից ամենաշատ պատվիրակներ ունեցող անձը դառնում է այդ կուսակցության թեկնածու և շարունակում ընտրապայքարը: Որոշ նահանգներ կիրառում են նախընտրական խորհրդի (caucus) միջոցով թեկնածուներ ընտրելու եղանակը: Այդ գործընթացը սկսվում է փետրվարից և տևում հինգ ամիս: Ավանդաբար մեկնարկը տրվում է Այովայում և Նյու Հեմփշիրում, որոնց հետևում են մնացած նահանգները: Արդյունքները հայտնի դառնալուց հետո թեկնածուները սկսում են քարոզարշավը, որը շարունակվում է մինչ ընտրությունների օրը՝ նոյեմբերի 8-ը:
ԱՄՆ-ում գործում է electoral college-ի ինստիտուտը (այսուհետ՝ ընտրական կոլեգիա), որը ստեղծվել է Միացյալ Նահանգների պատմության վաղ շրջանում և համախմբում է նահանգներին` ընտրելու մեկ նախագահի, որը կներկայացնի նրանց բոլորի շահերը: Ընտրական կոլեգիան վայր չէ, այլ՝ գործընթաց: Այդ գործընթացը բաղկացած է ընտրիչների ընտրությունից, նրանց հանդիպումից, որտեղ նրանք քվեարկում են նախագահի և փոխնախագահի համար և Կոնգրեսի կողմից ընտրիչական ձայների հաշվարկից: Միացյալ Նահանգների` ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները ընտրում են այսպես կոչված «ընտրիչների», որոնք աջակցում են այդ քաղաքացիների նախընտրած թեկնածուին: Ստացվում է, որ քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի համար, ընտրողներն իրականում քվեարկում են ընտրիչների համար,որոնք աջակցում են թեկնածուներից որևէ մեկին: Սա չի նշանակում, թե քաղաքացիների ձայները կարևոր չեն. երբ քաղաքացիները կիրառում են իրենց ընտրական իրավունքը, նրանք թեկնածուի ընտրության իրենց պարտականությունն են կատարում: Նրանք որոշում են իրենց նահանգի ընտրությունը: Հիմնադիր հայրերը կարծում էին, որ ընտրիչների համակարգը կապահովի ներկայացուցչական նախագահի ընտրությունը՝ խուսափելով համապետական ընտրությունների ժամանակ իրականացվող կեղծարարություններից ու կոռուպցիայից: Սակայն կա ևս մի հետաքրքիր հանգամանք. այն թեկնածուն, որը հաղթում է նահանգային ընտրություններում, ստանում է տվյալ նահանգի բոլոր ընտրիչների ձայները: Այդ կարգը չի գործում միայն Նեբրասկայում և Մենում: Յուրաքանչյուր նահանգ օժտված է որոշակի թվով ընտրիչական ձայներով, որոնք բաշխվում են ըստ նահանգի բնակչության: Ընդհանուր առմամբ ընտրական խորհուրդն ունի 538 ձայն, որից 270-ը ստացած թեկնածուն դառնում է նախագահ:
Կալիֆոռնիան ընտրական խորհրդում ունի 55 ձայն, իսկ ԱՄՆ-ի հայերի ճնշող մեծամասնությունն ապրում է հենց այս նահանգում և ընտրում միասնական թեկնածուի: Սա է պատճառը, որ նախագահի թեկնածուները գրեթե միշտ փորձում են անդրադառնալ հայկական համայնքի խնդիրներին և տարատեսակ խոստումներ են տալիս նրանց:
Շահագրգրիռ խմբերի ազդեցությունը ԱՄՆ ընտրությունների վրա
Գրեթե մեկ տարի տևող այս բարդ գործընթացում իրենց մասնակցությունն են ունենում ոչ միայն անհատ քաղաքացիները, այլև մի շարք շահագրգիռ խմբեր, համայնքային կազմակերպություններ, լոբբիստական խմբեր և այլն, որոնք փորձում են այս կամ այն կերպ ազդել ընտրությունների ընթացքի վրա, իսկ թեկնածուներն էլ իրենց հերթին հատուկ ուշադրություն են դարձնում այդ շահագրգիռ խմբերին՝ փորձելով իրենց կողմը գրավել նրանց:
Ամերիկայի հայերը, ինչպես նաև այլ ազդեցիկ էթնիկ խմբեր ուշադիր հետևում են նախագահության համար պոտենցիալ թեկնածուներին: Հայկական լոբբին, որը Կոնգրեսում ազդեցությամբ երկրորդն է, ընտրություններին մոտենում է՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Տարբեր նահանգներում ապրող հայերը՝ կախված իրենց գործունեությունից ու սոցիալական ստատուսից (որպես կանոն` հարուստներն ընտրում են հանրապետականներին), անձնական համոզմունքներից ու վերաբերմունքից (լիբերալ կամ պահպանողական լինելուց), ունեն տարբեր նախընտրություններ: Թեկնածուի նախընտրությունը կախված է նաև նահանգի պրոդեմոկրատական կամ պրոհանրապետական լինելուց: Միևնույն ժամանակ սփյուռքի մեծամասնությունը ուշադրություն է դարձնում նաև համայնքին, Հայաստանին ու ԼՂՀ-ին վերաբերող հարցերի շուրջ թեկնածուների տեսակետներին: Քանի որ համայնքի հիմքը ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են, ուստի հայերին հիմնականում մտահոգում է հենց այս խնդիրը: Ներկայումս հայ համայնքի ֆավորիտը Քլինթոնն է, որը, թեև պետքարտուղար եղած ժամանակ ավելի զուսպ էր իր անձնական տեսակետներն արտահայտելու հարցում, այդուհանդերձ մեծ ներդրում է ունեցել հայ-թուրքական երկխոսության մեջ և Սենատում մշտապես պաշպանել է հայկական բանաձևերը:
Կան նահանգներ, որոնք ավանդաբար հակված են ընտրելու մեկ կուսակցության թեկնածուի, ինչպես օրինակ Կալիֆոռնիան հիմնականում սատարում է դեմոկրատներին, իսկ Տեխասը՝ հանրապետականներին: Որոշ նահանգներ էլ կարող են վճռորոշ դեր խաղալ ընտրություններում, քանի որ լավ քարոզարշավի դեպքում հնարավոր է փոխել նրանց կողմնորոշումը: Մեկ հիշարժան դեպք ևս. 2000 թվականին Ջորջ Բուշը նախագահ է դարձել միայն Ֆլորիդայում տարած հաղթանակի շնորհիվ:
2016թ. նախագահական ընտրությունների թեկնածուները և նրանց նախընտրական ծրագրերը
Այժմ փորձենք հասկանալ յուրաքանչյուր թեկնածուի նպատակներն ու ծրագրերը հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում: Սկսենք հանրապետականներից`Թեդ Քրուզ, Ջոն Քեյզիք, Դոնալդ Թրամփ:
Թեդ Քրուզը 2013 թվականին սենատոր է ընտրվել Տեխասից: Նրա հայրը կուբացի է, մայրը՝ ամերիկացի, սակայն ինքը ծնվել է ԱՄՆ-ում: 2014 թվականին հրապարակավ հրաժարվել է Կանադայի քաղաքացիությունից: Քրուզը ամենապահպանողական հանրապետական թեկնածուն է համարվում: Նա սովորել է նախ Փրինսթոնի համալսարանում, ապա իրավագետի կոչում ստացել Հարվարդում: Սկզբում աշխատել է արդարադատության գերագույն դատարանում` դատավորի իրավական գործավարի պաշտոնում, ապա մտել մեծ քաղաքականություն: 2000 թվականին եղել է նախկին նախագահ Ջորջ Բուշի խորհրդատուն նախագահական քարոզարշավում: Նա դեմ է նույնասեռական ամուսնություններին և աբորտներին, կողմ է օրինական ներգաղթին, հարկահավաքման «հարթ» ձևին: Քրուզը մեղադրում է Օբամային և Քլինթոնին ձախողված արտաքին քաղաքականության համար: Նա կարծում է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ը զիջել է համաշխարհային լիդերի իր դերը: Նա Օբամային մեղադրում է նաև Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու իրողությանը պատշաճ չարձագանքելու համար:[i] Քրուզը կարծում է, որ պետք է սերտ համագործակցել Իսրայելի հետ ,և որ դա չի վնասում արաբական աշխարհի հետ դաշինքներ ստեղծելու հեռանկարին: Ընտրվելու դեպքում նա կդադարեցնի նաև Պաղեստինին տրվող օգնությունը՝ պատճառաբանելով, որ նրանք համագործակցում են Համասի հետ, և որ ամերիկյան հարկատուների գումարները չպետք է տրամադրվեն ահաբեկիչներին: Նա դեմ էր նաև Իրանի հետ միջուկային գործարքին և նախորդ տարի Թրամփի և բազմաթիվ ակտիվիստների հետ միասին պայքարում էր այդ համագործակցության դեմ: Ըստ նրա` այդ համագործակցությունը Միացյալ Նահանգներին դարձնում է «արմատական իսլամական ահաբեկչության գլխավոր ֆինանսավորողը»:[ii]
Ջոն Քեյսիքը ծնվել է Փենսիլվանիայում, Չեխոսլովակիայից և Խորվաթիայից ներգաղթածների ընտանիքում: Տեղափոխվել է Օհայո, որտեղի համասլարանում էլ քաղաքագիտություն է ուսումնասիրել: Քեյսիքը նախ ընտրվել է Օհայոյի սենատում, ապա ութ անգամ կոնգրեսմեն է ընտրվել Ներկայացուցիչների պալատում: Վեց տարի շարունակ գլխավորել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովը՝ բյուջեի պատճառով պարբերաբար կոնֆլիկտներ ունենալով այդ ժամանակվա նախագահ Քլինթոնի վարչակազմի հետ: Երկու անգամ ընտրվել է Օհայոյի նահանգապետի պաշտոնում: Պատրաստ է քննարկել անօրինական ներգաղթյալների կարգավիճակի օրինականացման հնարավորությունը՝ վերջիններիս կողմից տուգանք վճարելու և գրանցվելու պայմանով: Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս Քեյսիքը հարցազրույցներից մեկում նշում է, որ պետք է վերականգնել Արևմտյան Եվրոպայի երկրների հետ ավանդական հարաբերությունները և գործել ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նա գտնում է նաև, որ պետք է ամրապնդել Կենտրոնական Եվրոպայի հետ կապերը և Ուկրաինային աջակցել ռազմական տեխնիկայով: Քեյսիքը կարծում է, որ Իսլամական պետության նման ծայրահեղական խմբերը և Սիրիայի ճգնաժամը ներկայումս ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից են: Քեյսիքը համոզված է, որ կամ պետք է դաշնակիցների հետ համատեղ գործել մեծ վճռականությամբ և ուժային բոլոր կարողությունները գործի դնելով կամ անընդհատ ականատեսը լինել դաժանությունների և բռնության նույնիսկ այն վայրերում, որտեղ ամենաքիչն են ակնկալում: CNN-ին տված հարցազրույցում Օհայոյի նախկին նահանգապետը նշում է, որ ցանկացած գործողություն, որն ԱՄՆ-ը առաջարկում կամ ձեռնարկում է, ավելի արդյունավետ է, եթե ամրապնդվում է ավելի ուժեղ և վերափոխված դաշինքներով: Ըստ նրա՝ հզոր դաշինքների շնորհիվ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում կարելի է ավելի ամուր դիրքեր գրավել, դաշնակցային հարձակողական դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ և վճռական դաշնակցային գործողություն իրականացնել Իսլամական պետության դեմ, ինչն էլ ԱՄՆ-ի հակառակորդներին կստիպի լավ մտածել գործելուց առաջ:
Դոնալդ Թրամփը միակ թեկնածուն է, որը նախկինում չի զբաղվել քաղաքականությամբ: Նա ծնվել է Քուինսում` Նյու Յորքում, սովորել Նյու Յորքի ռազմական ակադեմիայում: Ֆորդհեմ համալսարան ընդունվելուց հետո տեղափոխվել է Փենսիլվանիա և Ուորթոնի ֆինանսների դպրոցում ստացել տնտեսագետի որակավորում: Քոլեջն ավարտելուց հետո Թրամփը միանում է ընտանեկան բիզնեսին` Trump կազմակերպությանը: 1971 թվականին տեղափոխվում է Մանհեթն և այնտեղ ներգրավվում խոշոր շինարարական նախագծերում: Այստեղից էլ սկսել են նրա հաջողությունները. թեև երբեմն սնանկության եզրին է հայտնվել, այդուհանդերձ կարողացել է վերականգնել ունեցվածքը:
2000թ. Թրամփը ցանկություն է հայտնում նախագահական ընտրություններին մասնակցել որպես երրորդ կուսակցության ներկայացուցիչ: 2001 թվականին գրանցվել է Դեմոկրատական կուսակցությունում և մասնակցել նրանց քարոզարշավին: Ապա 2006 թվականին մասնակցել է Նյու Յորքի նահանգապետի ընտրություններին` Հանրապետականների կողմից: Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Ամերիկան նորից հզոր դարձնելու համար» պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարել Ճապոնիայի և Չինաստանի հետ: Ըստ նրա` այդ երկու երկրները կրճատում են ամերիկյան աշխատատեղերը: Մահմեդականների մասին խոսելիս վերջին հարցազրույցներից մեկում Թրամփը պնդում է, որ դժվար է տարբերակել ռադիկալներին սովորական հավատացյալներից և որ պետք չէ թույլ տալ մահմեդականներին մուտք գործել ԱՄՆ, քանի որ նրանք ատելություն ունեն իրենց նկատմամբ: Թրամփը ընտրվելու դեպքում մտադիր է նաև պատ կառուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև՝ երկրից վտարելով 11 մլն անօրինական ներգաղթյալներին: Այս թեկնածուն մշտապես աչքի է ընկնում աննախադեպ հայտարարություններով. օրինակ, «Բարի լույս Ամերիկա» հաղորդման ընթացքում նա ասել է, որ երկրի տնտեսությունը շատ վատ վիճակում է գտնվում, սակայն ինչ վերաբերում է տնտեսության բարեփոխմանը, նա կնախընտրեր բաց թողնել այդ առաջադրանքը և չէր ցանկանա ժառանգել այդ բոլոր խնդիրները»: Թրամփը խոստացել է վերականգնել հարցաքննության ժամանակ տանջանքների որոշ տեսակներ, որոնք նախկինում արգելվել էին: Նրա օրիգինալ հայեցակարգերի թվում է նաև Սիրիայում փախստականների համար «անվտանգության գոտու» ստեղծումը, որի համար, սակայն, պիտի վճարեն Ծոցի պետությունները:
Այժմ ծանոթանանք Դեմոկրատական կուսակցության թեկնածուների հետ: Դեմոկրատներից պայքարը շարունակում են Հիլարի Քլինթոնը և Բերնի Սանդերսը: Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարն է: Եղել է իրավաբան և իրավունքի դասախոս, Արկանզասի առաջին տիկին, սենատոր Նյու Յորքից, ԱՄՆ-ի առաջին տիկին, իսկ 2008-2012 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: Սովորել է Յելի իրավունքի դպրոցում: Աշխատել է Երեխաների պաշտպանության հիմնադրամում: Նիքսոնի գործը քննող կոնգրեսական հանձնաժողովում որպես իրավաբան աշխատելուց հետո նա տեղափոխվում է Արկանզաս, որտեղ էլ 1975 թվականին ամուսնանում է Բիլլ Քլինթոնի հետ: Որպես Արկանզասի առաջին տիկին` զբաղվել է կրթական չափորոշիչների և մատչելի առողջապահության հարցերով: 2000թ. ընտրվել է սենատոր: 2008 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն դուրս մնալով ընտրապայքարից` սկսել է աջակցել ներկայիս նախագահ Բարաք Օբամային, որի առաջարկով էլ հետագայում դարձել է ԱՄՆ պետքարտուղար: Քլինթոնը ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել որպես «խելացի ուժ»՝ համադրելով դիվանագիտությունը ռազմական ուժի և այլ երկրների զարգացման համար տրվող օգնության հետ: Իրանի հետ գործարքի շուրջ առաջացած մտահոգություններին ի պատասխան` Բրուքինգս ինստիտուտում ունեցած իր ելույթում նա նշում է, որ իրենք երկու ճանապարհ ունեն Իրանի նկատմամբ գործելու. դիվանագիտական, որը նա համարում է Իրանի միջուկային ծրագրի իրագործումը խոչընդոտելու շանս և ավելի վտանգավոր ու ռիսկային ուղի, այն է՝ առճակատում: Ահաբեկչության մասին խոսելիս նա պնդում է, որ պետք է միասին պայքարել այդ չարիքի դեմ, միայնակ չթողնել Ֆրանսիային ու մյուս եվրոպական պետություններին, քանի որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո դաշնակիցներն իրենց միայնակ չեն թողել: Քլինթոնը նշում է, որ ԻՊ-ն երեք մակարդակներով է գործում՝ Իրաքում և Սիրիայում անկլավների և միջազգային ահաբեկչական ցանցի ստեղծում ու ռադիկալ ջիհադիզմի գաղափարական շարժման առաջխաղացում: Քլինթոնը գտնում է, որ ոչ թե անհրաժեշտ է զսպել կամ խոչընդոտել նրանց, այլ հաղթել ու ոչնչացնել Իսլամական պետությունը:[iii] Նա գտնում է, որ պետք է պառակտել և քայքայել ահաբեկչական ենթակառուցվածքները՝ «գետնին» և համացանցային մակարդակում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նախկին պետքարտուղարը կարծում է, որ պետք է բանակցել Ռուսաստանի հետ, և որ նա պետք է ներգրավվի ԻՊ-ի դեմ պայքարում և ոչ թե մարտնչի Ասադի ռեժիմի դեմ պայքարող ապստամբների դեմ: Նա նաև առաջ է քաշում Սիրիայում այսպես կոչված «ոչ թռիչքային գոտու» ստեղծման գաղափարը, որն, ըստ նրա, որոշակի լծակներ կտա ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ բանակցություններում: Ըստ «Ալ Ջազիրա» կայքի` դա պատերազմի լուռ հայտարարում կլինի ոչ միայն Սիրիայի, այլև Ռուսաստանի դեմ, որի օդային ուժերը ներկայումս պաշտպանում են Բաշար Ալ Ասադի կառավարությունը Իսլամական պետությունից և ապստամբների տարբեր խմբերից, որոնցից ոմանց բացահայտ կամ գաղտնի հովանավորում և աջակցում է Միացյալ Նահանգները:
Բերնի Սանդերսը նույնպես դեմոկրատ է: 16 տարի Ներկայացուցիչների պալատում Վերմոնտի միակ կոնգրեսմենը լինելուց հետո 2006թ. դարձել է սենատոր: 2012 թվականին վերընտրվել է նույն պաշտոնում: Սանդերսը ծնվել է Բրուքլինում, սովորել Չիկագոյի համալսարանի Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոցում: Ավարտելուց հետո տեղափոխվել է Վերմոնտ և աշխատել է որպես ատաղձագործ և փաստագրական ֆիլմերի ռեժիսոր: 1981 թվականին դարձել է Վերմոնտի ամենամեծ քաղաքի՝ Բրլինգտոնի քաղաքապետ: Սանդերսի մտահոգությունների թվում են միջին խավի բարեկեցությունը, անհավասարությունը, կլիմայի փոփոխությունը, անվճար և անհատույց համալսարանական կրթությունը, կանանց, հաշմանդամների իրավունքները և այլն: Նա նշում է, որ ինքը ներգաղթյալների ընտանիքից է, և որ Միացյալ Նահանգների ողջ պատմության հիմքում ներգաղթն է, ուստի նա առաջնահերթ է համարում ներգաղթի վերաբերյալ ամերիկյան օրենքի արդիականացումն ու բարեփոխումը: Սանդերսը դեմ է ինտերվենցիաներին: Բանավեճերի ժամանակ նա հաճախ է հիշատակում, որ Կոնգրեսում դեմ է քվեարկել Իրաք ներխուժելու որոշմանը: Նա կարծում է, որ նմանատիպ խնդիրները կարելի է լուծել ոչ միայն պատերազմական ճանապարհով ,և որ ԱՄՆ-ը պարտավոր չէ աշխարհի յուրաքաչյուր անկյունում գործել միայնակ, այլ պետք է գործի դաշնակիցների հետ կոալիցիայի շրջանակներում: Այս առնչությամբ նա խոսում է Սաուդյան Արաբիայի մասին, որը Մերձավոր Արևելքում երրորդն է ռազմական բյուջեի մեծությամբ: Սանդերսը գտնում է, որ Սաուդյան Արաբիան պետք է մասնակցի Իսլամական պետության դեմ պայքարին:[iv] Նա դեմ է Իրաքում և Սիրիայում մեծաթիվ ամերիկյան զորքերի տեղակայմանը: Պետք է նշել նաև, որ նա կողմ է Իրանի հետ միջուկային գործարքին:
Կանխատեսումներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
Ներկայումս հանրապետականներից առաջատարի դիրքում է Դոնալդ Թրամփը, երկրորդ տեղում՝ Թեդ Քրուզը, իսկ երրորդ տեղում՝ Ջոն Քեյսիքը: Դեմոկրատներից ֆավորիտը Հիլարի Քլինթոնն է, թեև Բերնի Սանդերսը քիչ է ետ մնում և դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե նրանցից ով առաջատար կդառնա:[v] Քլինթոնն արդեն երկրորդ անգամ հանդես է գալիս որպես առաջատար Դեմոկրատական կուսակցության մեջ: Եթե 2008 թվականին նա անհնար համարեց դիմակայել Օբամայի «Հույս և հավատ» հաղորդագրությանը, ապա այս անգամ հորիզոնում չկա Օբամայի նման հակառակորդ: Թրամփը նախորդ շաբաթ պայքարից դուրս մղեց հանրապետական Մարկո Ռուբիոյին, թեև այդ հաղթանակը մրցավազքի վրա մեծ ազդեցություն չունեցավ: Քլինթոնն ավելի ամուր դիրքերում է: Օհայոյում պարտությունը մեծ կորուստ էր Թրամփի համար, քանի որ բոլոր պատվիրակների ձայներն անցան նահանգապետ Ջոն Քեյսիքին: Հայրենի նահանգում պարտված Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյի 168 պատվիրակները կարող են անցնել Թրամփին կամ Թեդ Քրուզին: Դա դեռևս պարզ չէ, սակայն կարող է մեծ ազդեցություն ունենալ հանրապետականների վերջնական թեկնածուի համար:
Ամփոփելով ասենք, որ ով էլ որ նախագահ ընտրվի, պիտի առերեսվի Իսլամական պետության, սիրիացի փախստականների, Իրանի հետ հարաբերությունների վերակառուցման, Չինաստանի հետ տնտեսական մրցակցության, Ռուսաստանի, օրեցօր մեծ թափ առնող միջազգային ահաբեկչության և այլ` արդեն ներքին ամերիկյան խնդիրների հետ: Ինչպես տեսանք, նախագահի թեկնածուներից առնվազն երեքը զերծ չեն մնում ռաազմատենչ հայտարարություններից և ագրեսիվ կոչերից: Կարծում եմ՝ պետք չէ սրտատրոփ սպասել նոր նախագահի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործմանը կամ ճանաչմանը, քանի որ յուրաքանչյուր նախագահ պետք է առաջին հերթին առաջնորդվի պետական շահերով, ինչն այս պարագայում Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն է: Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև` տարածաշրջանում վերջինիս քաղաքական հենարանը: Ըստ իս, եթե ներքին քաղաքականության հարցերում մեծ նշանակություն ունի նախագահի հանրապետական կամ դեմոկրատ լինելը, ապա արտաքին քաղաքականության հիմնախնդիրների շուրջ թեկնածուների վերաբերմունքը մեծամասամբ համընկնում է:
[i] Ted Cruz full speech-Strength and Security, Building a Modern Foreign Policy, https://www.youtube.com/watch?v=z6fHWZR5Fh4
[ii] Iran Nuclear Deal,
https://ballotpedia.org/Ted_Cruz_presidential_campaign,_2016/Foreign_affairs
[iii] Hillary Clinton on National Security and the Islamic State,
[iv] Bernie Sanders on 2016 Campaign, Foreign Policy Positions, ABC news, https://www.youtube.com/watch?v=8qRN2OvILIo
[v] US election 2016: What you need to know, By David Lawler, Washington, http://www.telegraph.co.uk/news/worldnews/us-election/11594053/US-election-2016-What-you-need-to-know.html
Գրականության ցանկ
- http://www.worldometers.info/world-population/us-population/
- http://www.bbc.co.uk/newsround/16428272
- http://edition.cnn.com/2016/01/31/politics/us-election-2016-explained/
- http://www.bbc.co.uk/newsround/16428272
- http://www.bbc.com/news/world-us-canada-35356941
- http://www.telegraph.co.uk/news/worldnews/us-election/9480396/US-Election-guide-how-does-the-election-work.html
- https://ballotpedia.org/Ted_Cruz_presidential_campaign,_2016
- http://www.biography.com/people/ted-cruz
- Ted Cruz full speech-Strength and Security, Building a Modern Foreign Policy, https://www.youtube.com/watch?v=z6fHWZR5Fh4
- http://www.jpost.com/Israel-News/Politics-And-Diplomacy/Ted-Cruz-A-fresh-approach-to-American-foreign-policy-and-US-Israel-relations-429752
- Iran Nuclear Deal,
https://ballotpedia.org/Ted_Cruz_presidential_campaign,_2016/Foreign_affairs
- http://www.golos-ameriki.ru/content/nm-john-kasich-r/2872207.html
- http://foreignpolicy.com/2011/04/28/how-america-must-respond-to-the-massacre-in-syria/
- http://www.afr.com/news/politics/election/marco-rubio-to-bolster-australian-ties-to-counter-china-threat-20160207-gmnkyb
- http://www.afr.com/news/politics/election/marco-rubio-to-bolster-australian-ties-to-counter-china-threat-20160207-gmnkyb
- http://www.forbes.com/sites/stephenharner/2015/08/31/donald-trump-vs-marco-rubio-on-china-and-japan-why-trump-is-the-better-man/#25dffb17344b
- http://www.ontheissues.org/International/Marco_Rubio_Foreign_Policy.htm
- http://www.notablebiographies.com/St-Tr/Trump-Donald.html
- http://www.thefamouspeople.com/profiles/donald-trump-3378.php
- http://www.forbes.com/sites/stephenharner/2015/08/31/donald-trump-vs-marco-rubio-on-china-and-japan-why-trump-is-the-better-man/#25dffb17344b
- http://edition.cnn.com/2016/03/09/politics/donald-trump-islam-hates-us/index.html?sr=fbCNN030916donald-trump-islam-hates-us950pmVODtopVideo
- http://www.thestreet.com/story/13335121/1/if-donald-trump-was-president-here-s-what-would-happen-to-the-u-s-economy.html
- http://www.thestreet.com/story/13335121/1/if-donald-trump-was-president-here-s-what-would-happen-to-the-u-s-economy.html
- http://www.independent.co.uk/news/world/americas/us-elections/donald-trump-us-elections-what-president-donald-trump-would-do-according-to-him-a6907241.html
- https://www.hillaryclinton.com/about/bio/
- http://www.ontheissues.org/celeb/Hillary_Clinton_Foreign_Policy.htm
- https://berniesanders.com/about/
- Bernie Sanders on 2016 Campaign, Foreign Policy Positions, ABC news, https://www.youtube.com/watch?v=8qRN2OvILIo
- http://foreignpolicy.com/2016/01/31/clintons-trying-to-use-foreign-policy-to-beat-sanders/
30. Hillary Clinton addresses the Iran nuclear deal, https://www.youtube.com/watch?v=eIqYRI1Fw2I&ebc=ANyPxKrnxVgmD02WlIFaudBcxLBr9uLYROROaY632vI6FUZnOKCYc__WgUrE7InqRgyRG4RebXUE3CTrP2EpIaZEpdf6usZZAA
- Hillary Clinton on National Security and the Islamic State,
- http://www.hughhewitt.com/ohio-governor-john-kasich-on-2016/#more-26968
- John Kasich: How to make America secure,
http://edition.cnn.com/2015/08/17/opinions/kasich-american-security/index.html
- https://www.hillaryclinton.com/feed/hillary-clinton-just-outlined-plan-defeat-isis-and-global-terror-3-things-you-need-know/
- https://berniesanders.com/issues/
- https://berniesanders.com/issues/a-fair-and-humane-immigration-policy/
- US election 2016: What you need to know, By David Lawler, Washington
- http://www.electionprojection.com/hillary-clinton-2016-presidential-candidate/
- http://american-studies.org/us-presidential-elections-2016-and-the-armenian-genocide/
- http://www.theguardian.com/us-news/2016/mar/16/primary-results-trump-clinton-delegates-florida-ohio-missouri-illinois-north-carolina
- http://edition.cnn.com/2015/12/01/politics/hillary-clinton-2016-election-cbs/
- http://america.aljazeera.com/opinions/2015/12/hillary-clintons-insane-plan-for-a-no-fly-zone.html
- http://usgovinfo.about.com/od/thepresidentandcabinet/a/presrequire.htm
- http://www.archives.gov/federal-register/electoral-college/about.html
Հեղինակ՝ Ծովինար Հայրապետյան (Tsovinar Hayrapetyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են