«Ավելին, քան հարվածատողերն ու հանգերը». ռեփ մարտերի ազդեցության ներուժը Oxxxymiron-Dizaster դիմակայության օրինակով

Ռեփ-մարտը հիփ-հոփ մշակույթի կարևորագույն, ամենաարագ զարգացող, ազդեցիկ և քննադատվող բաղկացուցիչներից մեկն է: Դուրս գալով Նյու Յորքի արվարձաններից և տարածում գտնելով աշխարհի շատ երկրներում՝ ռեփ-մարտերը մինչև այսօր միանշանակ չեն ընկալվում մարդկանց կողմից, իսկ շատերն անգամ վտանգավոր են համարում դրանց գոյությունը հասարակության համար: Այդուհանդերձ, անհերքելի փաստ է, որ հիփ-հոփի այս ենթատեսակը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում. ռեփ-մարտերն այսօր անցկացվում են ոչ միայն ազգային մակարդակում, այլև մրցակցային հարթակ են դարձել տարբեր երկրներ ներկայացնող ռեփ մարտիկների համար, դրանք լուսաբանող տեսանյութերը Youtube-ում միլիոնավոր դիտումներ են ունենում, բուն մարտերը դառնում են լեզվաբանների, հոգեբանների և մշակութաբանների ուսումնասիրությունների առարկա, իսկ որոշներն անգամ խորհրդանշական են դառնում:

Առաջին հայացքից ռեփ-մարտը հիշեցնում է թշնամանքի վրա հիմնված մրցություն երկու մարդկանց միջև, որոնք վիրավորում են միմյանց և դրանով գումար վաստակում: Մյուս կողմից` ռեփ-մարտն աֆրոամերիկյան համայնքի ավանդույթների և արժեքների վրա հիմնված հարուստ ենթամշակույթ է և ազդեցիկ հաղորդակցության միջոց, որը թույլ է տալիս մարդկանց ներկայացնել իրենց գաղափարները և բարձրաձայնել խնդիրների մասին: Քննադատները առանձնացնում են այն հանգամանքը, որ ռեփ-մարտին հատուկ ռիսկային թեմաների շոշափումն ու հնչող ուղերձները խթանում և «օրինաչափ» են դարձնում հասարակության և հատկապես երիտասարդների շրջանում ագրեսիվ և անառողջ վարքագծի այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են բռնության գործադրումը, թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումը: Դրանք նաև հանգեցնում են դպրոցի, աշխատանքի, ընտանիքի և այլ ավանդական նորմերի արժեզրկման: Մյուս կողմը, սակայն, դիտարկում է ռեփ-մարտը որպես կրթության և ուսուցման միջոց՝ ընդգծելով, որ նման թեմաների շոշափումը թույլ է տալիս բարձրաձայնել հասարակության մեջ առկա համակարգային խնդիրների մասին, դարձնել դրանք քննարկման առարկա և բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը նման ռիսկային գործոնների  շուրջ: Ռեփ-մարտի շուրջ նման հակասական ընկալումները և դրա զարգացման տեմպերը հարցեր են առաջացնում, թե ինչ է իրենից ներկայացնում, ի վերջո, ռեփ-մարտը և ինչպիսի ազդեցություն ունի մշակույթի այս ենթատեսակը:

Այս հարցերին կփորձենք պատասխանել՝ վերլուծելով անցած տարի կայացած ԱՄՆ-ի ներկայացուցիչ Dizaster-ի և Ռուսաստանի ներկայացուցիչ Oxxxymiron-ի միջև մարտը, որն արդեն իսկ համարվում է պատմական:

***

2017 թվականի հոկտեմբերի 15-ին World Domination-ի 7-րդ ամենամյա միջոցառման ժամանակ միմյանց հետ մրցեցին ռեփ-մարտի երկու հարթակների հեղինակավոր ներկայացուցիչները՝ կանադական King Of The Dot Entertainment-ը  ներկայացնող Dizaster-ը և ռուսական Versus-ը ներկայացնող Oxxxymirony: Մարտը կայացավ Լոս Անջելեսում` King of the Dot-ի ամենամյա World Domination միջոցառման շրջանակներում: Այս հարթակն առանձնանում է իր միջազգային բնույթով. այստեղ միմյանց հետ են պայքարում տարբեր երկրների լավագույն MC-ները: ի ժամանակ Oxxxymiron-ը, շեշտելով իր հրեական ու Dizaster-ի արաբական ծագումն ու «մեռնող» արաբ-հրեական և ռուս-ամերիկյան հարաբերությունները, կարևոր նկատառում արեց. «Cause look: you’re an American Arab, right? I’m a Russian Jew… It doesn’t look like the beginning of a beautiful friendship. Cause in Hevron or in Beirut we’d have some cruel intentions․

But verbal feuds may have potential to cure this patient slowly dying Arab-Jewish-Russian-US relations… What I’m trying to say is battle rap is crazy of lately. You chill with people you are normally expected to hate. Cause of the media, the parents, teachers, preachers you hate. And politicians whose egos inflate. So you face your opponent, tell him that his girl’s a dyke. He calls you a dirty kike but his verse is tight. And then you get this weird feeling as your words collide. It’s like you’re looking in the mirror cause you’re both alike. And yes, it’s sexist and racist homophobic smut… But in times of war, look at today: the sport evolves. Cause if you hate someone, you don’t trade dirty jokes you kill him…

I’d rather every Arab told every Jew “your mother”.And vice-versa every day, than let them shoot each other. Cause I’ve seen this with Ukraine… As if nothing happens and only music numbs the pain. And I’m not saying that battle rap is gonna change the world. And I’m sorry for being preachy, instead of raping his girl. Shitting on her. But I think battle rap could be more than just punchlines [i]and rhymes»[ii]:

Այսպիսով՝ Oxxxymiron-ը իր այս ուղերձով մարդկանց ուշադրությունը հրավիրեց  ռեփ-մարտի՝ որպես մշակութային երկխոսության ֆենոմենի ազդեցության ներուժի վրա: Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեփ-մարտը մեր օրերում, ինչո՞ւ է այն այսքան լայն տարածում ստացել և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց վրա: Այս հարցերին պատասխանելու համար նախ պետք է անդրադառնանք ռեփ-մարտի պատմությանն ու հասկանանք, թե ինչպես է այն օգտագործվել նախկինում և ինչ կիրառում ունի հիմա:

Ռեփ-մարտի ծագումն ու էվոլուցիան

Ռեփ-մարտը ռեփի ենթաժանրերից մեկն է: Վերջինս հիփ-հոփ մշակույթի չորս անկյունաքարերից է (գրաֆիտի, ռեփ, DJ-ինգ և բրեյք դանս): Այն ձևավորվել է 1970-ականներին առավելապես աֆրոամերիկացիներով բնակեցված Նյու Յորքի Բրոնքս կոչվող արվարձանում, որը հաճախ անվանում էին նաև «Ամերիկայի վատագույն հետնախորշ»[iii]: Ռեփ-մարտերի ծագումը կապված է ակումբային երեկույթների հետ, որտեղ ընդմիջումների ժամանակ շատ հաճախ DJ-ները կամ միջոցառումը վարողները, որոնց անվանում էին MC-ներ (Master of ceremony), ելույթ էին ունենում՝ ներկաներին զբաղեցնելու համար: Աստիճանաբար ակումբային կյանքի այդ բաղադրիչի դերը սկսեց մեծանալ, և MC-ները սկսեցին իրենց տեքստերը կարդալ երաժշտության ուղեկցությամբ, շարժել-ցնցել ամբոխին և մրցակցել միմյանց հետ՝ այդպես դնելով ռեփ-մարտի հիմքերը: Բայց ռեփ-մարտն այսօր նույնը չէ, ինչ 1970-ականներին: Ինչպես նկատել է լեգենդար MC Grandmaster Caz-ը՝ «Մարտերը նախկինում հմտությունների փորձություն էին»[iv]: Յուրաքանչյուր MC ելույթ էր ունենում իր ոճով, և ամբոխն էր որոշում, թե ով է լավագույնը: Ամեն ինչ փոխվեց 1981 թվականին Busy Bee-ի և Kool Moe Dee-ի միջև մարտով, որը համընդհանուր ճանաչում ստացած առաջին ռեփ-մարտն է համարվում: 1981 թվականին Harlem World գիշերային ակումբում Busy Bee-ն ելույթ էր ունենում և փորձում էր շահել ամբոխին՝ միաժամանակ ցույց տալով իր գերազանցությունը մնացած MC-ների նկատմամբ: Kool Moe Dee-ն, որն այդ օրը ներկա էր ակումբում, ևս բեմ է բարձրանում, բայց ամբոխին դիմելու փոխարեն սկսում է քննադատել Busy Bee-ին: Kool Moe Dee-ի արարքն այդ երեկո այնքան տպավորիչ և ազդեցիկ էր, որ ռեփ-մարտի այս ձևն արագ տարածում գտավ: Այսպիսով՝ ռեփ-մարտը դադարեց լինել զվարճանքի միջոց և պարզապես հմտությունների փորձություն, այն տեղափոխվեց անձնական դաշտ և վերաճեց որոշակի միջանձնային կոնֆլիկտի:

1979 թվականին՝ Sugar Hill Gang-ի “Rapper’s Delight” հիթից հետո, պարզ դարձավ, թե գովազդային տեսանկյունից որքան մեծ ներուժ ունի ռեփը: Աստիճանաբար ավելի շատ մարդիկ սկսեցին ռեփ կարդալ, ինչի արդյունքում մեծացավ նաև ռեփ-մարտերի դերը, քանզի սկսնակ ռեփերների համար այն շատ հաճախ միակ միջոցն էր իրենց ներկայացնելու և ճանաչում ձեռք բերելու համար: Իրավիճակն ավելի լարեց gangsta ռեփի առաջացումը, որն ուղղակիորեն արտացոլում էր ԱՄՆ-ում գետոյին հատուկ բռնի կենսակերպն ու ագրեսիվությունը: Արդյունքում վերափոխվեց նաև MC բառի նշանակությունը: Այն արդեն կապված չէր միայն ռեփերի կարդալու տեխնիկայի և հմտությունների հետ, անհրաժեշտ էր նաև, որ MC-ն կյանքում էլ  հավատարիմ մնար իր հայտարարություններին, համայնքին և խմբավորմանը: Իսկ երբ 1990-ականներին սրված արևելյան և արևմտյալ ափերի ռեփ պայքարի արդյունքում սպանվեցին այդ ժամանակաշրջանի երկու մեծագույն ռեփերները՝ Թուփաք Շաքուրն ու Նոտորիուս Բի-Այ-Ջին, մտահոգություն առաջացավ, թե որքան հեռու կարող են գնալ MC-ները: Մյուս կողմից 1990-ականներին պարզ դարձավ, որ ռեփ-մարտը կարող է օգնել երիտասարդ և դեռևս անհայտ MC-ներին ճանաչում ձեռք բերել և դառնալ նրանց հաջող երաժշտական կարիերայի սկիզբը, ինչպես եղավ Էմինեմի պարագայում: Վերջինս 1997 թվականին՝ Ջյուսի հետ մարտից հետո, գերեց բոլորին իր յուրահատուկ ոճով և հրավիրվեց Sway’s Wake Up Show ռադիո ծրագրին` ազատ ոճով կարդալու առաջարկով: Ծրագրից հետո Էմինեմը գրավեց Dr. Dre-ի ուշադրությունը և սկսեց պատմություն կերտել: Չնայած՝ ոչ բոլոր MC-ներն էին ռեփ-մարտն օգտագործում երաժշտական արդյունաբերություն մուտք գործելու համար և մարտական հարթակից դուրս գործունեություն չէին ծավալում՝ շատ հաճախ անհայտ մնալով հանրության լայն շրջանակների համար:

Բայց 21-րդ դարում իրավիճակը կտրուկ փոխվեց: Այսօր որոշ մարտիկ MC-ներ ավելի մեծ հռչակ ունեն, քան ռեփ արդյունաբերության շատ կատարողներ, իսկ  ռեփ-մարտը հասել է ժողովրդականության աննախադեպ մակարդակի: Այս հարցում մեծ դեր խաղացին երկու գործոն՝ Էմինեմի «8-րդ մղոն» ֆիլմը, որի շնորհիվ ռեփ-մարտը գրավեց զանգվածների ու հեռուստատեսային ալիքների ուշադրությունը, և համացանցի հասանելիության մեծացումը, որը թույլ տվեց ի լրումն ռեփ-մարտը տեղափոխել այդ հարթություն: 2008 թվականին հայտնվեցին «King of the Dot»-ը Կանադայում և «Don’t Flop»-ը՝ Մեծ Բրիտանիայում: Այս լիգաները URL-ի և Versus-ի հետ միասին այսօր լավագույններն են աշխարհում: Մեծապես այս հարթակների շնորհիվ այսօր ռեփ-մարտն ունի նման լայն տարածում և որոշակի խաղի կանոններ, որոնք գրեթե նույնն են բոլոր մարտական լիգաներում: Ավելի մանրամասն ռեփ-մարտի ժամանակակից բնութագրին և ազդեցության հնարավորություններին փորձենք ծանոթանալ Oxxxymiron-Dizaster դիմակայության օրինակով:

Ժամանակակից ռեփ-մարտի ընդհանուր բնութագիրը՝ Oxxxymiron – Dizaster մարտի օրինակով

Ժամանակակից ռեփ-մարտը ենթադրում է կոնֆլիկտ երկու ռեփերի միջև, որոնցից յուրաքանչյուրը փորձում է հայտնաբերել և հարվածել մրցակցի «թույլ կետերին» ու  առավելության հասնել նրա նկատմամբ: Ավելի մանրամասն ռեփ-մարտի հիմնական բնութագրիչներին կանդրադառնանք ստորև։

Տեղանքը

Ռեփ-մարտերի պարագայում բավական մեծ կարևորություն ունի դրանց անցկացման վայրը: Որպես կանոն՝ ռեփ-մարտերն անցկացվում են MC-ներից մեկի հարազատ հարթակում, չնայած՝ երբեմն կարող է չեզոք տարբերակ ընտրվել (երկու կողմի համաձայնությամբ): Oxxxymiron-ի և Dizaster-ի միջև մարտը կայացավ Los Globos ակումբում՝ Լոս Անջելեսում: Չնայած՝ ինչպես խոստովանել էր Oxxxymiron-ը VLADTV-ին տված հարցազրույցում, Dizaster-ը պատրաստակամություն էր հայտնել ելույթ ունենալ Ռուսաստանում, սակայն հաշվի առնելով, որ Ռուսաստանում հանրությունն այդքան լավ չգիտի անգլերեն և կարող էր չընկալել ելույթների բովանդակային շատ հատվածներ, ի վերջո որոշում կայացվեց մարտն անցկացնել Լոս Անջելեսում[v]: Սա նշանակում էր, որ Oxxxymiron-ը ելույթ է ունենալու մրցակցի հարկի տակ և խնդիր է ունենալու շահել հանդիսատեսի համակրանքը՝ ի տարբերություն մրցակցի, որն ի սկզբանե ունենալու էր երկրպագուների աջակցությունը: Սակայն, ինչպես պարզ դարձավ հանդիպման ժամանակ, այդ օրը ներկաների մոտ 60-70 տոկոսը, ինչպես նշել էր ռուս ռեփերը նույն հարցազրույցում, ռուսներ էին: Այդ հանգամանքը, ինչպես հետագայում ընդգծեց Oxxxymiron-ը, իրեն վստահություն հաղորդեց և մեծ դեր խաղաց նրա հաջող ելույթում: Մյուս կողմից, Oxxxymiron-ը, այդուհանդերձ, ուներ ամերիկյան լսարանին լրացուցիչ ներկայանալու խնդիր, քանի որ ամերիկացիների մեծ մասն իրեն չէր ճանաչում և չգիտեր՝ ինչ սպասել անգլերենով առաջին անգամ ելույթ ունեցող ռուս կատարողից: Բայց, ի վերջո, այդ անսպասելիության գործոնը ևս խաղաց Oxxxymiron-ի օգտին:

Լսարանը

Բացի աջակցությունից՝ MC-ի համար շատ կարևոր է նաև լսարանի արձագանքը՝ աղմուկը, ծիծաղը, սուլոցները, լռությունը, որոնք շատ բան կարող են ասել մարտի և ռեփերների ելույթի մասին: Գործնականում մարդկանց արձագանքը գնահատականն է MC-ների հնչեցրած հարվածատողերին (punch lines): Ամենաանցանկալի արձագանքն այս առումով լռությունն է, իսկ ցանկալին՝ ծիծաղը: Եթե հարվածային տողն ուժեղ է, բայց ոչ ծիծաղելի, ամբոխը սկսում է ծափահարել կամ գոռալով արտահայտել իր հավանությունը: Գործնականում նման արձագանքը հենց այն է, ինչին ձգտում են բոլոր MC-ները, քանի որ, ինչպես նշում են Էշեռն ու Ռապպապորտը՝ «ռեփերը, որը գրավում է ամբոխին, հաղթում է մարտը»[vi]: Իսկ իր դժգոհությունն ու անհամաձայնությունը ամբոխը, որպես կանոն, արտահայտում է սուլոցներով, հազվադեպ նաև խոսելով: Oxxxymiron-ի և Dizaster-ի միջև պայքարում երկրպագուները հաճախ էին բուռն արձագանքում MC-ների հարվածատողերին՝ աղմկելով ողջ մարտի ընթացքում, ինչի արդյունքում ռեփերները մի քանի անգամ ստիպված եղան խնդրել լսարանին լռել:

Մարտի ձևաչափը

Հաջորդ կարևոր գործոնը մարտի անցկացման ձևաչափի ընտրությունն է: Որպես կանոն՝ ռեփ-մարտը կայանում է հանդիսականների ներկայությամբ, և կախված ընտրված հարթակից և ձևաչափից, կարող է ընթանալ DJ-ների ապահոված երաժշտության ուղեկցությամբ, կամ ակապելլայով, այսինքն՝ առանց նվագակցության: Ռեփ-մարտը սկսում է ներկայացման արարողակարգից: Նախ, վարողը ներկայացնում է ժյուրիին և մասնակիցներին, ապա հայտարարում, թե վիճակահանության արդյունքում, ով է սկսելու մարտը: Այս կանոնը միշտ չէ, որ խստիվ պահվում է, և մասնակիցներից մեկը, ըստ ցանկության, կարող է պայմանավորվել կազմակերպչի հետ և առաջինը սկսել: Յուրաքանչյուր մարտ, որպես կանոն, բաղկացած է 3 ռաունդից, որտեղ մասնակիցներից յուրաքանչյուրն ունի հաստատուն ժամանակահատված իր ելույթի և մրցակցին պատասխանելու համար: Սակայն, այս կանոնը ևս ոչ միշտ է անբեկանելի: Օրինակ՝ KOTD-ում կարելի է տեսնել, որ մարտերի 3-րդ շրջափուլում մասնակիցները անսահմանափակ ժամանակ են ստանում ելույթի համար: Հաղթողը որոշվում է ժյուրիի քվեարկությամբ կամ ամբոխի աղմուկով, իսկ որոշ դեպքերում մարտը ոչ ոք չի դատում, և ընտրության հնարավորությունը թողնվում է հանրությանը: Վերջինիս կարելի էր ականատես լինել Oxxxymiron-Dizaster դիմակայության դեպքում: Այստեղ վիճակահանության արդյունքում մարտը սկսել էր Dizaster-ը, իսկ  3 շրջափուլից յուրաքանչյուրում MC-ները ունեին անսահմանափակ ժամանակ իրենց ելույթների համար:

Տեքստն ու թեմայի ընտրությունը

Քանի որ ռեփ-մարտը ենթադրում է երկու կատարողի բախում՝ լավագույնին որոշելու նպատակով, ուստի բնական է, որ MC-ների ելույթների մեծ հատվածը առնչվում է իրենց և մրցակցի անձին, սակայն ինչպես նկատել է Փոլ Էդվարդսը, հիփ-հոփ արտիստների համար ցանկացած բան կարող է թեմա հանդիսանալ[vii]: Թեմայի ընտրությունն այս առումով խիստ անհատական է, բայց և անչափ կարևոր, քանզի ուժեղ տեքստը օգնում է MC-ներին գրավել լսարանի ուշադրությունը և մեծ դեր է ունենում հաղթողին որոշելու հարցում: Եթե կատարողի կողմից շոշափվող թեման հետաքրքրում է մարդկանց, նրանք ավելի մեծ ուշադրությամբ են այն լսում: MC-ների մեծամասնությունը նախընտրում է անդրադառնալ իրական կյանքից վերցված թեմաներին, որոնք կա՛մ  իրենց ինքնակենսագրությունից են, կա՛մ այս կամ այն կերպ առնչվում  են իրենց: Այս դեպքում կատարողների համար ավելի հեշտ է արտահայտել իրենց զգացումները և ամբողջությամբ փոխանցել սեփական փորձը:

Այդուհանդերձ, պակաս տարածված չէ նաև MC-ների կողմից հորինված պատմությունների ներկայացումը: Կատարողները երբեք չեն սահմանափակում իրենց երևակայությունը: Նման բովանդակությունը կարող է տեքստը ավելի վառ և տպավորիչ դարձնել՝ զվարճացնելով ներկաներին և առաջ բերելով նրանց արձագանքը: Բացի դրանից, երևակայածին բաղադրիչի օգտագործումը հնարավորություն է տալիս լսարանին պատկերացնել բաներ, որոնք իրական կյանքում երբեք չէին անի: Իսկ առավել հաճախ MC-ներն իրենց տեքստերի բովանդակության մեջ օգտագործում են և՛ երևակայական, և՛ իրականությանը համապատասխանող տարրեր:

MC-ներն իրենց ելույթներում մշտապես շոշափում են այնպիսի խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են բռնությունը, սեքսը, քաղաքականությունը, թմրանյութերը, իշխանությունը, փողը և այլն: Մարտի ընթացքում սրբություններ և անձեռնամխելի թեմաներ չկան, և մասնակիցներն ազատ են նսեմացնելու ցանկացած բան, այդ թվում՝ ավանդական, կրոնական առավել զգայուն արժեքներ. հաճախակի են հնչում ռասիստական, սեռական բնույթի հայհոյանքներ: Հենց սա է այն հիմանական պատճառներից մեկը, որ շատերը քննադատում և անընդունելի են համարում ռեփ-մարտերը՝ շեշտելով, որ նման թեմաների շոշափումը բացասաբար է անդրադառնում հասարակության վրա: Այս և մի շարք այլ գործոններ տպավորություն են ստեղծում, որ ռեփ-մարտերում գերիշխում է բացասական բովանդակությունը: Բայց իրականում MC-ները անդրադառնում են ոչ միայն բացասականին: Հիմնականում դա տեղի է ունենում, երբ կատարողներն անդրադառնում են քաղաքական կամ սոցիալական խնդիրներին և ցանկանում իրենց ուղերձով դրական փոփոխություններ բերել: Այս ամենը կարելի է տեսնել նաև Oxxxymiron-ի և Dizaster-ի միջև մարտում: Երկու կողմն էլ հենց սկզբից անդրադարձան քաղաքական մի շարք վիճելի հարցերի, որոնք խիստ արդիական էին ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին: Dizaster-ը իր ելույթում ծաղրում է ԽՍՀՄ-ում մարդկանց կենսակերպն  և կոմունիզմը, շոշափում Ուկրաինան և Ղրիմը, միջուկային զենքը, ծաղրում տիեզերքում ԱՄՆ-ի հետ մրցակցելու Ռուսաստանի անկարողությունը, հեգնում Դոնալդ Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահ ընտրությանն ու դրանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մասնակցության» վարկածների շուրջ, անդրադառնում Ռուսաստանի հետ կապված մի շարք կարծրատիպերի, օրինակ՝ ռուս աղջիկների հեշտ հասանելիությանը: Իսկ Oxxxymiron-ն, ի պատասխան, խոսեց հրեա-արաբական հարաբերություններից, մահմեդականներին և տեռորիստներին նույնացնելու պատճառներից, ամերիկյան ու արաբական մշակույթից, ԱՄՆ-ից ու Դոնալդ Թրամփից: Կողմերի ելույթներում առկա էին նաև սեքսիստական, ռասիստական, հոմոֆոբիկ բովանդակությամբ հատվածներ: Ընդհանուր առմամբ, այս մարտը բավական մեծ թեմատիկ ծածկույթ ապահովեց, ինչին մեծապես նպաստեց միգուցե հաղթող և պարտվող չորոշող մարտի բնույթը:

Իսկ ինչ վերաբերում է տեքստին, ապա ռեփ-մարտերում այն հիմնականում կազմված է հարվածատողերով և սեթափներով մրցակցի հասցեին թափվող կատակներից և վիրավորանքներից:

Հարվածատող

Փանչ լայնը տեքստում առկա կոնկրետ արտահայտություն է, որն առավել ուժեղ է խոցում ունկնդրին: Դա կարող է լինել որևէ ծիծաղելի կամ հետաքրքիր փոխաբերություն, խելացի բառախաղ, ժպիտ կամ ցանկացած այլ բան, որն ազդեցություն է թողնում[viii]: Փանչ լայների դերն այնքան մեծ է ռեփ-բաթթլներում, որ հաճախ ռեփերները գրում են նախ փանչ լայները, հետո դրանց շուրջ կառուցում պատմությունը:

Oxxxymiron-ի և Dizaster-ի միջև բաթթլում կային բազմաթիվ ուժեղ փանչ լայներ, որոնք բավական լավ վերլուծել են ռեփ բլոգերներ Jay Black-ը, Vada Fly-ը և Tech 9-ը, ինչպես նաև բաթթլ MC jaz the rapper-ը: Որպես լավագույն փանչերից՝ կառանձնացնենք Oxxxymiron-ի հետևյալ խոսքերը, որը նա ասել էր մրցակցին՝ նկատի ունենալով նրա արաբական ծագումը. «Թույլ տուր հարցնել մի պարզ, բայց մահացու բան. «Այդ ի՞նչ զգացում է՝ բարձրացնել մի երկրի դրոշ, որը ծածկված է քո սեփական ժողովրդի արյունով»»[ix]:

Իսկ սեթափը կատակի առաջին մասն է, որը լսարանին տալիս է անհրաժեշտ ինֆորմացիան և ստիպում է սպասել ինչ-որ բանի[x], այսինքն՝ նախապատրաստում է լսարանին առաջիկա փանչը լսելուն և ընկալելուն:

Տեքստի կարևոր բաղկացուցիչն է նաև ժարգոնը: Այն օգնում է բովանդակությունն առավել գունավոր դարձնել և  կապ ստեղծել կոնկրետ տեղի ու ժամանակահատվածի հետ: Oxxxymiron-ը թեև առաջին անգամ էր անգլերենով ելույթ ունենում, բայց, ինչպես նշել էր MC jaz the rapper-ը  այս բաթթլը վերլուծելիս, ռուս MC-ն կարողացել էր օգտագործել ամերիկյան ժարգոնային մի շարք բառեր, ինչով և տպավորել էր նրան[xi]:

Braggadocio

MC-ների ելույթների բովանդակային մյուս կարևոր մասը պարծենկոտությունն է (Braggadocio), երբ ռեփերները փորձում են ապացուցել, որ իրենք են լավագույնը: Ըստ Փոլ Էդվարդսի՝ նրանք դա կարող են անել տարբեր ձևերով՝ սկսած նրանից, որ կարող են պարզապես ասել, որ լավագույն MC-ն են, մինչև ավելի խորքային ու սրամիտ ձևով պարծենալը[xii]: Կողմերը փորձում են ցուցադրել իրենց խիզախությունը և, հակադրվելով մրցակիցներին, ընդգծել իրենց առավելությունը: Այս երևույթը նկատելի էր և՛ Oxxxymiron-ի, և՛ Dizaster-ի մոտ: Երկու ռեփերն էլ ողջ մարտի ընթացքում փորձում էին պարծենալ լեզուների իրենց իմացությամբ: Օրինակ՝ Oxxxymiron-ը իր ելույթում կարդաց և՛ անգլերենով (նրա համար 3-րդ լեզուն է), և՛ ռուսերենով, և՛ արաբերենով, և՛ գերմաներենով: Ընդ որում, քանի որ դիմակայության մեծ մասում ռուս ռեփերը խոսում էր անգլերենով, նա դա անում էր շատ արագ, որպեսզի տպավորի լսարանին և ցույց տա մրցակցին, որ ոչնչով չի զիջում, միաժամանակ ընդգծում, որ ռուսերենով իր կարողությունների համեմատ, դա ոչինչ էր: Dizaster-ը ևս ցուցադրաբար որոշ դեպքերում կարդում էր ռուսերենով:

Բառախաղ

Ռեփերների կարևոր հաղթաթղթերից մեկն է նաև բառախաղը: Բառախաղը բառերի և դրանց իմաստների հետ խաղն է, որը ենթադրում է լեզվի խելացի, ծածկագրված օգտագործում[xiii]: Որպես օրինակ կառանձնացնենք Dizaster-ի և Oxxxymiron-ի օգտագործած որոշ բառախաղեր:

Dizaster-ի մոտ նման հետաքրքիր բառախաղ կար, երբ նա Չեռնոբիլի աղետը հմտորեն կապեց իր անվան հետ՝ ընդգծելով իր անկասելիությունը. «Plus, we’ve seen what happened to Chernobyl. You people don’t know how to handle disasters at all»:  Իսկ մյուս օրինակում նա խելացի կերպով շահարկեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը. «But, to tell you truth, this is not a good position to be Put in»:

Oxxxymiron-ի մոտ առավել ազդեցիկ ստացվեց հետևյալ բառախաղը. «Oh, you mad cause I’m Joseph Stalin/stylin on you?»: Այս բառախաղով Oxxxymiron-ը ոչ միայն ցանկանում էր ընդգծել, որ մրցակցի հետ կարող է կոպիտ լինել, ինչպես Ստալինը, այլև հղեց ԱՄՆ-ում հայտնի Nyckz vs ENJ-ի միջև մարտին, երբ Nyckz-ն ասել էր. «Oh you mad cuz i’m stylin on ya», ինչից հետո հարված էր ստացել դեմքին:

Իսկ երկրորդ դեպքում բառախաղն արդեն «բաբա» բառի արաբերեն և ռուսերեն իմաստների հետ էր. «I’m the baba in Arabic, you’re the Баба in Russian»[xiv]:

Չնայած՝ ռեփ-մարտերում տեքստը նախապես են պատրաստում մասնակիցները, ելույթի ժամանակ այն պետք է համապատասխանի տիրող իրավիճակին, բխի դրանից, այդ իսկ պատճառով մարտերում բավական չէ միայն լավ տեքստ պատրաստելը, հաճախ ավելի կարևոր է դառնում այն, թե ինչպես է այդ տեքստը կարդում հեղինակը: Այստեղ առաջին պլան է գալիս այն, ինչ ռեփերներն անվանում են ֆլոու:

Ֆլոու

Ըստ Փոլ Էդվարդսի՝ ֆլոուն հիփ-հոփ կատարման մեջ առկա ռիթմերն ու հանգերն են[xv]: Գրեթե բոլոր MC-ներն ընդունում են, որ ֆլոուն չափազանց կարևոր է տեքստի էֆեկտիվ և հստակ ներկայացման առումով և կենտրոնական դեր է խաղում, երբ խոսքը լսարանին տպավորելու մասին է լինում: Նույնիսկ այն MC-ները, որոնք ավելի շատ կարևորում են տեքստը, ընդունում են ֆլոուի կարևորությունը, քանի որ հենց ֆլոուն է պայմանավորում տեքստի հնչողությունը: Ֆլոուի բազմազանության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր են դադարները, որոնք ռեփերները նաև օգտագործում են իրենց տեքստի կարևոր հատվածները շեշտելու, անհրաժեշտ էֆեկտ ստեղծելու և լսարանին կարևոր հարվածատողերը ընկալելու և դրանց արձագանքելու ժամանակ տալու համար:

MC կերպարը

Ռեփ-մարտերում շատ կարևոր է MC-ի կերպարը: Ռեփերները հաճախ են ներկայանում իբրև առաջնորդներ, որոնք ցանկություն, իսկ ամենակարևորը՝ կարողություն ունեն բարձրաձայնել իրենց և իրենց համախոհների կարծիքները, ապա՝ հակադրել դրանք մյուս տեսակետներին: Այս տեսանկյունից ռեփերը պետք է պատրաստ լինի գաղափարական պայքարի մեջ մտնել իրեն հակադրվողների հետ: Որպես առաջնորդ` նրանք պետք է պատրաստ լինեն իրենց տեսակետն ու փիլիսոփայությունը ներկայացնել լսարանին, ինչպես նաև դիմակայել հակառակ կողմի քննադատությանը՝ չկորցնելով ինքնատիրապետումն ու սառնասրտությունը: Dizaster-ը մարտի հենց սկզբում իրեն դիրքավորում էր որպես տան տեր, իսկ Oxxxymiron-ը, իր ժեստերով պարբերաբար ակտիվացնելով ամբոխին,  վստահ ելույթով ամեն շրջափուլում ցույց էր տալիս, որ իրեն զգում է հարազատ միջավայրում և ոչ մի բանով կաշկանդված չէ, անգամ՝ լեզվով: Իսկ ընդհանուր առմամբ, մարտն անցավ ընկերական մթնոլորտում. երկուսն էլ հարգանքով էին վերաբերվում միմյանց: Նրանք գիտակցում էին մարտի կարևորությունը և իրենց պատասխանատու զգում  տարածած ուղերձի համար:

Այսպիսով՝ ռեփ-մարտը բացառիկ երկխոսության հարթակ է, որտեղ գնահատվում է բարկությունը, համարձակությունն ու խելքը: Մարտում MC-ները գործի են դնում իրենց հաղորդակցական, վերլուծական, հետազոտական, սոցիալական հմտությունները, խելքն ու անձնական ֆլոուն լսարանին գրավելու և իրենց գերազանցությունը ցույց տալու համար: Այն ազատություն է տալիս MC-ներին ձևավորել նոր մտքեր, նոր բառեր, նոր ոճեր, թույլ է տալիս ինքնաարտահայտվել և ճանաչում ձեռք բերել: Բացի դրանից, ռեփ-մարտը նաև հարթակ է, որտեղ ռեփերները կարող են խոսել հանրության համար առանցքային և խոցելի մի շարք հարցերի մասին, իրենց լուծումն առաջարկել, ուղերձով ներկայանալ և իրենց գաղափարների  շուրջ միավորել միլիոնավոր մարդկանց: Դա ցույց տվեց նաև Oxxxymiron-ի և Dizaster-ի միջև մարտը, որը այս պահին ունի շուրջ 11,700,000 դիտում, և ապացուցում է, թե որքան գլոբալ իրադարձություն կարող է լինել ռեփ-մարտը: Որպես վերջաբան կհամարձակվենք ավարտին հասցնել  Oxxxymiron-ի` Dizaster-ի հետ պայքարում ասված վերջին խոսքերը. «Ռեփ-մարտը կարող է լինել ավելին, քան հարվածատողերն ու հանգերն են, քանի որ ունի մարդկանց միավորելու մեծագույն ներուժ»:


Հղումներ

[i] Հարվածատողը տեքստում առկա կոնկրետ արտահայտություն է, որն առավել ուժեղ է խոցում ունկնդրին

[ii] «Նայի՛ր, դու ամերիկացի արաբ ես, այնպես չէ՞:  Ես` ռուս-հրեա: Սա նման չէ գեղեցիկ ընկերության սկզբի: Հեբրոնում կամ Բեյրութում մենք որոշ դաժան մտադրություններ կունենայինք: Բայց վերբալ թշնամանքը այս հիվանդին (դանդաղ մեռնող արաբ-հրեական, ռուս-ամերիկյան հարաբերությունները) բուժելու ներուժ ունի: Ես փորձում եմ ասել, որ ռեփ-մարտը վերջին շրջանում խելահեղ է: Դու շփվում ես մարդկանց հետ, որոնց սպասվում էր, որ պետք է ատես մեդիայի, ծնողների, ուսուցիչների, քարոզիչների պատճառով, որոնց ատում ես, և քաղաքական գործիչների, որոնց էգոները ուտում են իրենց: Այսպիսով, դու բախվում ես քո հակառակորդին, ասում, որ նրա ընկերուհին լեզբուհի է: Նա քեզ անվանում է կեղտոտ հրեա, բայց նրա հարվածն ամուր է: Եվ այդ ժամանակ, երբ ձեր բառերը բախվում են, ունենում ես այս տաօրինակ զգացումը: Դա նման է հայելու մեջ նայելուն, քանի որ  երկուսդ էլ նման եք: Եվ այո, դա սեքսիստական, ռասիստական, հոմոֆոբիկ աղբ է, բայց պատերազմական ժամանակաշրջանում, նայիր այսօրվան, սպորտը զարգանում է: Քանի որ, երբ դու ատում ես ինչ-որ մեկին, կեղտոտ կատակներ չես անում, դու նրան սպանում ես… Ես կնախընտրեի, որ յուրաքանչյուր արաբ ամեն հրեայի ասեր «Ես քո *** » և հակառակը, քան թույլ կտայի նրանց սպանել միմյանց: Ես դա տեսել եմ Ուկրաինայի պարագայում: Կարծես թե ոչինչ տեղի չի ունենում, և միայն երաժշտությունն է մոռացնում ցավը: Եվ ես չեմ ասում, որ ռեփ-մարտը կփոխի աշխարհը: Ես ներողություն եմ խնդրում քարոզելու համար՝ նրա ընկերուհու մասին կարդալու, նրան ծաղրելու փոխարեն:  Բայց կարծում եմ, որ ռեփ-մարտը կարող է ավելի լինել, քան պարզապես հանգերն ու հարվածատողերը» (թարգամանությունը՝ Հ. Ա.)

[iii]E.G. Price ‘Hip Hop Culture’ ABC-CLIO, 2006, p.4 https://books.google.am/books?id=Q84TiHcqDqcC&printsec=frontcover&dq=the+hip+hop+culture&hl=en&sa=X&ved=0ahUKEwjmhYTDgMLcAhXCYZoKHQ5iAsgQ6AEIJzAA#v=onepage&q=the%20hip%20hop%20culture&f=false

[iv]Grandmaster Caz: Kool Moe Dee Upped Standard for Battle Rap- https://www.youtube.com/watch?v=HN8wCgO3gUE&t=5s

[v]Oxxxymiron on Russian Hip Hop, Battle Rap, Dizaster, Putin (Full Interview) https://www.youtube.com/watch?v=HLx2boiXAvY&t=2855s

[vi] Ю. Августис, “Производство порядка в рэп-баттлах: управление паузами и их отсутствием”, с 284

https://sociologica.hse.ru/data/2017/09/30/1158753154/SocOboz_16_3_280-302_Avgustis.pdf

[vii] P. Edwards ‘How to Rap: The art and science of the hip-hop MC’, Chivago Review Press, 2009, p.3

https://books.google.am/books?id=ZemzPXFgeEoC&printsec=frontcover&dq=how+to+rap&hl=en&sa=X&ved=0ahUKEwicy6jtk7zcAhWDDywKHekoCpgQ6AEIJzAA#v=onepage&q=how%20to%20rap&f=false

[viii] P. Edwards ‘How to Rap: The art and science of the hip-hop MC’, Chivago Review Press, 2009, p.58

https://books.google.am/books?id=ZemzPXFgeEoC&printsec=frontcover&dq=how+to+rap&hl=en&sa=X&ved=0ahUKEwicy6jtk7zcAhWDDywKHekoCpgQ6AEIJzAA#v=onepage&q=how%20to%20rap&f=false

[ix] KOTD ” Oxxxymiron (RU) vs Dizaster (USA) https://www.youtube.com/watch?v=ldK9qvRBkMI&t=2s

[x] Ю. Августис ‘Производство порядка в рэп-баттлах: управление паузами и их отсутствием’, с 284

https://sociologica.hse.ru/data/2017/09/30/1158753154/SocOboz_16_3_280-302_Avgustis.pdf

[xi] http://rhyme.ru/champion-analyzes-oxxxyvsdiz-battle/

[xii] P. Edwards ‘How to Rap: The art and science of the hip-hop MC’, Chivago Review Press, 2009, p.25

https://books.google.am/books?id=ZemzPXFgeEoC&printsec=frontcover&dq=how+to+rap&hl=en&sa=X&ved=0ahUKEwicy6jtk7zcAhWDDywKHekoCpgQ6AEIJzAA#v=onepage&q=how%20to%20rap&f=false

[xiii] P. Edwards ‘How to Rap: The art and science of the hip-hop MC’, Chivago Review Press, 2009, p.56

https://books.google.am/books?id=ZemzPXFgeEoC&printsec=frontcover&dq=how+to+rap&hl=en&sa=X&ved=0ahUKEwicy6jtk7zcAhWDDywKHekoCpgQ6AEIJzAA#v=onepage&q=how%20to%20rap&f=false

[xiv] https://genius.com/12868393

[xv] P. Edwards ‘How to Rap: The art and science of the hip-hop MC’, Chivago Review Press, 2009, p.63

https://books.google.am/books?id=ZemzPXFgeEoC&printsec=frontcover&dq=how+to+rap&hl=en&sa=X&ved=0ahUKEwicy6jtk7zcAhWDDywKHekoCpgQ6AEIJzAA#v=onepage&q=how%20to%20rap&f=false


Գրականություն

1.       KOTD ” Oxxxymiron (RU) vs Dizaster (USA) https://www.youtube.com/watch?v=ldK9qvRBkMI&t=2s

  1. Grandmaster Caz: Kool Moe Dee Upped Standard for Battle Rap https://www.youtube.com/watch?v=HN8wCgO3gUE&t=5s
  2. E. G.Price ‘Hip Hop Culture’ ABC-CLIO, 2006, https://books.google.am/books?id=Q84TiHcqDqcC&printsec=frontcover&dq=the+hip+hop+culture&hl=en&sa=X&ved=0ahUKEwjmhYTDgMLcAhXCYZoKHQ5iAsgQ6AEIJzAA#v=onepage&q=the%20hip%20hop%20culture&f=false
  3. Oxxxymiron on Russian Hip Hop, Battle Rap, Dizaster, Putin (Full Interview) https://www.youtube.com/watch?v=HLx2boiXAvY&t=2855s
  4. Ю. Августис ‘Производство порядка врэп-баттлах: управление паузами и их отсутствием’ https://sociologica.hse.ru/data/2017/09/30/1158753154/SocOboz_16_3_280-302_Avgustis.pdf
  5. P. Edwards ‘How to Rap: The art and science of the hip-hop MC’, Chivago Review Press, 2009 https://books.google.am/books?id=ZemzPXFgeEoC&printsec=frontcover&dq=how+to+rap&hl=en&sa=X&ved=0ahUKEwicy6jtk7zcAhWDDywKHekoCpgQ6AEIJzAA#v=onepage&q=how%20to%20rap&f=false
  6. http://rhyme.ru/champion-analyzes-oxxxyvsdiz-battle/
  7. R. Rabaka ‘The Hip Hop Movement: From R&B and the Civil Rights Movement to Rap and the Hip Hop Generation’, Lexington Books, 2013 https://books.google.am/books?id=9O4G_FKdpBIC&pg=PA286&dq=rap+battles+as+rap+subgenre&hl=en&sa=X&ved=0ahUKEwi_95bArsHcAhWGKJoKHcrUCeoQ6AEIJzAA#v=onepage&q=rap%20battles%20as%20rap%20subgenre&f=false
  1. R. Travis Jr ‘The Healing Power of Hip Hop’, 2016 https://books.google.am/books?id=XDgVCwAAQBAJ&printsec=frontcover&dq=phenomenon+of+rap&hl=en&sa=X&ved=0ahUKEwjIl8vhpMHcAhUMCpoKHaioBdA4FBDoAQg_MAU#v=onepage&q=phenomenon%20of%20rap&f=false
  1. J. Bailey ‘Philosophy and Hip-Hop: Ruminations on Postmodern Cultural Form’ 2014 https://books.google.am/books?id=6E5vBAAAQBAJ&pg=PT62&dq=the+history+of+battle+rap&hl=en&sa=X&ved=0ahUKEwiYgNTu3KLcAhVDCiwKHf_lBEMQ6AEIWjAJ#v=onepage&q=the%20history%20of%20battle%20rap&f=false
  1. UPROXX ‘Battle Rap’s Slow, Steady Rise From New York Streets To Mainstream TV’ https://uproxx.com/hiphop/history-of-battle-rap/
  1. HIPHOPDX’ Oxxxymiron Vs. Dizaster Rap Battle Lives Up To Hype At KOTD’s World Domination 7’ https://hiphopdx.com/news/id.44902/title.oxxxymiron-vs-dizaster-rap-battle-lives-up-to-hype-at-kotds-world-domination-7#
  1. The Independent ‘Hip-hop moments that shook the world’ https://www.independent.co.uk/arts-entertainment/music/features/hip-hop-moments-that-shook-the-world-2331198.html
  1. Е.В. Фролова ‘РЭП КАК ФОРМА СОЦИАЛЬНОПОЛИТИЧЕСКОЙ РЕФЛЕКСИИ В СОВРЕМЕННОЙ РОССИЙСКОЙ КУЛЬТУРЕ (2009–2013 гг.)’, 2015 https://www.hse.ru/data/2015/09/09/1088568851/WP20_2015_02.pdf
  1. https://genius.com/King-of-the-dot-oxxxymiron-vs-dizaster-lyrics
  2. РИА НОВОСТИ “У вас коммунизм!” Лучшие моменты баттла Oxxxymiron и Dizaster’’ https://ria.ru/culture/20171016/1506909501.html
  1. https://www.britannica.com/art/rap
  2. K. Porterfield ‘A Critical Approach to Rap Music’, 2017 https://digitalcommons.liberty.edu/cgi/viewcontent.cgi?article=1786&context=honors
  3. Sh. Mavima ‘Bigger By the Dozens: The Prevalence of AfroBased Tradition in Battle Rap’, Journal of Hip Hop Studies, Volume 3, Issue 1, Summer 2016, pp. 86 – 105 http://jhhsonline.org/wp-content/uploads/2016/06/Bigger-by-the-Dozens.pdf


Հեղինակ` Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: