Թարգմանությունը մարդկային գործունեության հնագույն ձևերից մեկն է: Լեզուների նախագրային շրջաններում անգամ կատարվում էին բանավոր թարգմանություններ մի լեզվից մյուսը, թարգմանվում էին բանահյուսական տարբեր երկեր` մասնավորապես հեքիաթները, ինչի վառ օրինակներն են թափառիկ սյուժեները՝ նույն հեքիաթի տարբերակները տարբեր ազգերի մոտ (որպես օրինակ բերենք թերևս «Կարմիր ծաղիկ» հեքիաթը, որ տարբեր անուններով և սյուժետային զանազան նրբերանգներով առկա է միմյանցից հեռու ապրող ժողովուրդների բանահյուսության մեջ):
Թարգմանության դերը, անշուշտ, ավելի է կարևորվում գրային շրջանում: Հայ իրականության մեջ այդ փուլը սկսվում է V դարից: Հայ գրականության զարգացման արշալույսին ինքնուրույն աշխատություններ գրելուն զուգահեռ հայ հեղինակները սկսում են թարգմանել նաև այլալեզու երկերը:
Հայերեն առաջին թարգմանությունը Աստվածաշունչն էր, և այդ անդրանիկ գործը փայլում է լեզվի ու ոճի կատարելությամբ: Սուրբ գրքին հաջորդում են հունական ու ասորական բնագրերը, որոնք նույնպես հայ հեղինակները հայերեն են փոխադրում բարձր վարպետությամբ: Հայացվում են Պլատոնի, Արիստոտելի, Փիլոն Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Սքանչելագործի և այլոց երկերը:
V դարի թարգմանությունները կատարվում էին երկու եղանակով՝ իմաստային (փոխադրվում էր հիմնական իմաստը) և բառացի (պահպանվում էին հեղինակի շարադասությունը, բառերը, թարգմանված տարբերակը հնարավորինս մոտ էր բնագրին):
Իմաստային թարգմանությունների պարագայում շատ անգամ տեքստին տրվում է հայկական երանգ, հայ թարգմանիչները կատարում էին արժեքավոր փոփոխություններ, գրում ծանոթագրություններ (հիշենք պատմահայր Մ. Խորենացուն վերագրվող «Գիրք Պիտոյից» աշխատությունը, որն ակնհայտ թարգմանություն է, բայց ունի ընդգծված հայկական երանգ):
Ակադեմիկոս Հ. Աճառյանը, խոսելով Հովհան Ոսկեբերանի երկի մասին, նշում է, որ դրա հայերեն թարգմանությունն այնքան հարուստ լեզու ունի, որ թվում է՝ Հովհան Ոսկեբերանը հայերեն է խոսել, ոչ թե հունարեն, բնագիրը հայերենն է, իսկ հունարենը՝ նրա անհաջող թարգմանությունը:
Բառացի թարգմանությունների դեպքում արդեն հայ հեղինակները փորձում են չշեղվել բնագրային տեքստից, պահպանել հեղինակային խոսքը, կիրառած արտահայտչամիջոցները: Այդ նպատակով վերջիններս սկսում են փոխառել ոչ միայն հունարեն բառեր, այլև բառակազմական ածանցներ, շարադասական կաղապարներ, ոճական հնարանքներ: Հայերեն բառերի կողքին դրվում են հայերենին խորթ տարբեր լեզվական կաղապարներ. սկիզբ է դրվում հունաբան հայերենին:
Հայերեն թարգմանություններում փայլում էր հայոց լեզուն, և դրանց բարձր արժեքը ապացույցն է դառնում այն բանի, որ մինչ այդ գիր չունեցող ազգը չէր կարող այդպիսի թարգմանական ժառանգություն թողնել, ուստի հայազգի գիտնականների մի մասի կարծիքով թարգմանական արվեստը նոր չէր V դարի հեղինակների համար, այն պետք է ունենար իր արմատները:
Այդ արվեստին հայ հեղինակները մոտեցել են ամենայն լրջությամբ, և թարգմանված երկերը հետագայում նաև մշակվել են: Պատմական գիտությունների դոկտոր Մ. Շիրինյանի համոզմամբ՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը մշակվել է մինչև VII ” VIII դարերը, ինչն ապացուցում են Մ. Խորենացու, Ագաթանգեղոսի և այլոց ստեղծագործություններում առկա մեջբերումներն Աստվածաշնչից, որոնք չեն համապատասխանում V դարում արված թարգմանությանը: Պատմաբանի բնորոշմամբ՝ այդ հեղինակները հատվածներ մեջբերելիս դիմել են ինքնուրույն թարգմանությանը:
Հարկ է նշել նաև, որ հունաբան թարգմանությունները մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն հայերի, այլ նաև հույների համար. դրանց շնորհիվ մեզ են հասել մի շարք կորած բնագրեր (օր.՝ Կեղծ Զենոնի գրվածքը): Հունաբան թարգմանությունները, լինելով չափազանց բառացի, հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու կորած բնագրի մասին:
Ասվածից պարզ է դառնում, որ V դարի թարգմանությունները դրված էին բարձր մակարդակի վրա, և հետագա դարերում ևս համաշխարհային գրականության գոհարները հայերեն տարբերակներում փայլում են իրենց զրնգուն լեզվով: Գեղեցիկ և արժեքավոր են Խ. Դաշտենցի, Հ. Մասեհյանի թարգմանությունները Շեքսպիրից, Հովհ. Թումանյանինը՝ Ա. Պուշկինից, Ստ. Զորյանինը՝ Լ. Տոլստոյից, Վ. Դավթյանինը՝ Ս. Եսենինից և այլն:
Ճոխ ու երգեցիկ է հայոց լեզուն հին, միջնադարյան, նոր ու նորագույն թարգմանական երկերում, բայց այսօր հայերեն թարգմանությունները կանգնած են լուրջ խնդրի առջև, հայ ընթերցողը մեծամասամբ ծանոթ չէ համաշխարհային մերօրյա գրականությանը, խնդիրը թերևս լեզուների չիմացությունը կամ վատ իմացությունն է, բայց մեծ է նաև թարգմանության բացակայության կամ թերի լինելու խնդիրը:
Այսօր ողջ աշխարհում ստեղծվում են բազմաթիվ գրքեր, առկա են նոր ժանրեր, գրական ուղղություններ, համաշխարհային գրականությունը գնում է նոր ուղիով, բայց հայ ընթերցողը, հայ գրաքննադատությունը, հայ թարգմանությունը հեռու են կանգնած այդ հսկայածավալ և արժեքավոր նորություններից: Մինչ ռուս թարգմանիչները մեծ արագությամբ թարգմանում են ամերիկյան և եվրոպական նոր ժանրերի արժեքավոր ստեղծագործությունները, հայ ընթերցողների մի փոքր մասն է կարողանում կարդալ այդ երկերը, այն էլ՝ ռուսերեն թարգմանությամբ: Մերօրյա շատ գրքեր չունեն հայերեն տարբերակներ, կատարվող թարգմանություններն էլ չունեն այն որակը, որն ունեն ռուսականները: Հայերեն թարգմանություններն ավելի բառացի են, հաղորդում են հիմնական իմաստը, բովանդակությունը, բայց չեն պատկերում գրողի լեզվամտածողությունը, կիրառած պատկերային համակարգը, գեղարվեստական միջոցները, որոնք էլ կազմում են երկի գեղարվեստական արժեքի մեծագույն մասը: Ուստի դժվար չէ փաստել, որ գիտական ստեղծագործությունները, որոնցում վերոհիշյալ հատկանիշները երկրորդ պլան են մղված, և առաջնային է իմաստը, առավել հաջող են թարգմանվում, իսկ գեղարվեստական երկերն այդ առումով տուժում են: Այսօր հայ թարգմանությունը կանգնած է լուրջ խնդրի առջև:
Ասվածը փաստելու համար վերլուծության առաջին մասում փորձենք ներկայացնել և գնահատել ամերիկյան ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ Էդգար Ալան Պոյի «Լիգեա» պատմվածքի հայերեն և ռուսերեն թարգմանությունները՝ համեմատելով դրանք անգլերեն բնագրի հետ: Երկու թարգմանություններն էլ կատարվել են Խորհրդային միության վերջին շրջանում (մեր համեմատաբար «լավ թարգմանությունների» փուլում):
Այս վերլուծությունը հնարավորություն կտա փաստացի տեսնել թարգմանության ոլորտում մեր ունեցած խնդիրները և դրանք ուղղելու միջոցները:
Խորհրդածություններ Էդգար Ալան Պոյի «Լիգեյա» պատմվածքի հայերեն և ռուսերեն թարգմանությունների շուրջ
Երեք տարբերակները համեմատելիս մենք հենվելու ենք ոչ միայն զուտ բովանդակության, այլ նաև բառապաշարի, քերականության և պատկերավորման համակարգի արտահայտության վրա, թե ինչպես են հեղինակի կիրառած միջոցները իրենց արտահայտությունը գտել երկու թարգմանություններում:
Ոճական վերլուծությունից առաջ փորձենք տալ դիպաշարի համառոտ բովանդակությունը:
Պատմվածքը սարսափ ժանրի է, պատմվում է գխավոր հերոսի առաջին կնոջ՝ Լիգեայի մասին, ներկայացվում է նրա մահը, ապա հերոսն ամուսնանում է երկրորդ անգամ լեյդի Ռովենայի հետ, ամիսներ անց մահանում է նաև երկրորդ կինը: Մահվան գիշերը, երբ ամուսինը նստած է կնոջ մարմնի առջև, պատանքի մեջ փաթաթված մարմինը բարձրանում է տեղից. հեղինակը երկրորդ կնոջ դիակի մեջ տեսնում է առաջին կնոջը՝ Լիգեային:
Սարսափ պատմություններ գրելու վարպետ Էդգար Ալան Պոն իր ստեղծագործություններում հաջողության է հասնում նախ և առաջ բառերի ճիշտ ընտրության, շրջուն շարադասության, սարսափազդու դարձվածքների և խոսուն մակդիրների կիրառության շնորհիվ: Բառերի համապատասխան կրկնությունները, բարդ նախադասությունների տեղին կիրառությունները ստեղծում են երաժշտական ներքին ռիթմ, որն էլ ավելի սարսափելի է դարձնում տեքստը: Ուստի հեղինակի հաջողությունը կայանում է նրա՝ լեզվաոճական ճիշտ միջոցների ընտրության մեջ:
Տեսնենք՝ վերոհիշյալ հատկանիշները որքանով են տուժել, պահպանվել կամ էլ գերազանցվել թարգմանություններում:
Նախ՝ անդրադառնանք թարգմանությունների հեղինակներին և ժամանակաշրջաններին:
Էդգար Ալան Պոյի «Լիգեյա» պատմվածքը տպագրվել է 1838 թ.-ին, ռուսերեն թարգմանությունը (թարգմ.՝ Ի. Գուռովա) կատարվել է 1972 թ.-ին, իսկ հայերենը (թարգմ.՝ Արտաշես Էմին)՝ 1983 թ.-ին:
Բնագրի և թարգմանությունների միջև առկա շուրջ 134 և 145 տարիների բացը փոքր-ինչ բարդացնում է թարգմանիչների գործը, քանզի փոփոխվող ժամանակաշրջանի հետ ինչ-որ չափով փոխվում է նաև լեզվամտածողությունը:
Անդրադառնանք թարգմանությունների ոճական արժեքներին՝ առանձնացնելով լեզվական մակարդակները:
Հնչյունական մակարդակ
Հնչյունաբանական տեսանկյունից քննելով երկու թարգմանությունները՝ հայերեն տարբերակում կարելի է ընդգծել միայն լեյդի օտարաբանությունը, որ թարգմանիչը փոխառել է բնագրից, մինչդեռ ռուսերեն տարբերակում առկա է леди ձևը: Այս ձևի կիրառումը արժեքավոր է նրանով, որ հայերեն տարբերակին տալիս է ինչ-որ ամերիկյան երանգ և կնոջ նկարագրության ժամանակ կերպարը դարձնում առավել տիպական, քան կարող էին դարձնել տիկին կամ լեդի ձևերը:
Բառային մակարդակ
Թարգմանությունների արժեքը առավելապես երևում է բառային շերտը քննելիս:
Բնագրի որոշ էական բառեր և արտահայտություններ փոփոխվել են կամ առհասարակ դուրս մնացել թարգմանություններից: Այս տեսանկյունից շատ ավելի արժեքավոր է ռուսերեն թարգմանությունը, որ մեծապես պահպանում է բնագրային կարևոր բառերն ու արտահայտությունները:
Համեմատենք՝
Հայերեն տարբերակում պարզապես ասվում է. «չեմ կարողանում հիշել…»
Անգլերենում` “I CANNOT, for my soul, remember”.
Ռուսերենում՝ “Ради спасения души я не в силах был бы вспомнить”.
Այս նախադասության առկայությունը ավելի պարզորոշ է ցույց տալիս ոչ միայն հիշել չկարողանալու փաստը, այլ նաև հիշելու մեծ և ապարդյուն ջանքերը, որոնք անգամ համեմատվում են հոգու փրկության հետ:
Կամ՝ «Փորձելով վերհիշել վաղուց մոռացված մի բան»:
“To recall to memory something long forgotten…”.
“Пытаясь воскресить в памяти нечто давно забытое…”.
Հայերեն տարբերակի սովորական նախադասության կողքին ռուսերենում ունենք ամբողջական պատկեր՝ փոխաբերություն: Բաց են թողնված հերոսի կողմից ցավոտ հիշողությունները վերհիշելու փորձերը, և արտահայտված է միայն հիշելու փաստը:
Բառերի և արտահայտությունների կրճատումը բերում է ոչ միայն իմաստի աղճատման, այլ նաև կարևոր մակդիրների, փոխաբերությունների, համեմատությունների բացակայություն:
Համեմատենք՝
“It was the radiance of an opium-dream -a airy and spiri-lifting vision more widly diyine than the phantasies which hovered vision about the slumbering souls of the daughters of Delos”.
“Это было сияние опиумных грез – эфирное, возвышающее дух видение, даже более фантасмагорически божественное, чем фантазии, которые реяли дремлющими душами дочери Делоса”.
«Նրա դեմքը ողողված էր ափիոնից ներշնչված անուրջներին հատուկ եթերային մի փայլով, որն իր վեհությամբ գերազանցում էր նույնիսկ Դելոսի դուստրերին՝ հոգին պարուրող չքնաղ երազներին»:
Միայն այս նախադասության մեջ, ի տարբերություն ռուսերենի, հայերեն տարբերակում երևակայության և իրականության միջև կատարվող գեղեցիկ համեմատությունից բացի բացակայում է նաև “фантасмагорически” տերմինը, որ ցավի, երազի, սիրո և օփիումի յուրօրինակ միաձուլումն է մեկ բառի մեջ: Այս բառի բացակայությամբ հայերեն տեքստը ոճական մեծ կորուստ է ունենում:
Ուշադրություն դարձնելով նաև տեքստի հնչյունաբանությանը՝ երևում է ռուսերեն տարբերակի երաժշտականությունը, ինչն առավել ցայտուն է բնագրում. “Slunsering souls of the daughter of Delos…”:
Ակնհայտորեն երևում է հեղինակի բանաստեղծական լեզուն, որն իր արտահայտությունը չի գտել հայերեն տեքստում:
Հայերեն տարբերակում բացակայում է նաև «օփիոնե անուրջ» խոսուն մակդիրը (“opium-dream”, “опиумных грез”), որ փոխարինված է «ափիոնից ներշնչված անուրջներ» արտահայտությամբ:
Բառերի կորուստներից զերծ չէ նաև ռուսերեն թարգմանությունը, որտեղ մակդիրի բացակայությունը ոճական երանգավորումի թերությունից բացի բերում է նաև կարևոր խորհրդանիշի բացակայության:
Համեմատենք՝
“Ligea ” that I bring before mine eyes in fancy the image of her, who is no more”.
“Лигейа – воскрешаю я перед своим внутренним взором образ той, кого уже нет”.
«Լիգեյա, կարող է աչքերիս առաջ բերել կերպարը նրա, ով, ավաղ, այլևս չկա»:
Բնագրում տեսնում ենք “fancy” բառը, որը “fantasy” (երևակայություն) բառի կարճ տարբերակն է: Սա նորից տեքստ է բերում երևակայականի, իրականի, օփիումի ու խելացնորության միաձուլումը: Այս տերմինը հատկանշական է Էդ. Պոյի ստեղծագործության համար և դառնում է հեղինակի աշխարհայացքի մի ուրույն խորհրդանիշ, որը, սակայն, բացակայում է երկու տարբերակներում:
Թարգմանությունը կարող է տուժել ոչ միայն բառերի բաց թողնման, այլև դրա փոխարեն նույնիմաստ հոմանիշի կիրառման դեպքում:
Հայերեն տեքստում ունենք. «Աստվածացման հասնող կրքոտ նվիրվածություն…» նախադասությունը, մինչդեռ հեղինակը աստվածացման բառի փոխարեն կիրառել է դրա կռապաշտություն (idolatry) հոմանիշ-հականիշը, որը նույնությամբ առկա է նաև ռուսերեն տարբերակներում. “… пылкая преданность достигала степени идолопоклонства…”:
Հայերեն տեքստում բառն արհեստականորեն փոխված է: Առաջին հայացքից միմյանց իմաստով մոտ այս բառերի հիմքում առկա է հիմնային տարբերություն: Բնագրում սիրած էակի համար կինը դառնում է կուռք, որին հերոսը երկրպագում է, նրանց սերը զուգահեռվում է նախաքրիստոնեական պաշտամունքին: Աստվածացում տերմինը, սակայն, այդ ներքին իմաստը չի արտահայտում:
Հայերեն թարգմանությունը աչքի է ընկնում ևս մեկ բացասական հատկանիշով՝ բարձր ոճի բառերի անտեղի կիրառմամբ: Հայ թարգմանիչը որոշ հատվածներում կիրառում է կոնտեքստի համար «արհեստական», ավելորդ զգացմունքայնություն արտահայտող բառերի շարք:
Համեմատենք՝
«Վեհ ու անբռնազբոսիկ կեցվածք ուներ նա, ինչքան ճկուն ու թեթև էր ճեմում»:
“…the quiet ease, of her demeanor, or the incomprehensible lightness and elasticity of her footfall”.
“Непринужденность ее осанки, или непостижимую легкость и грациозность ее походки…”.
Այս երևույթը տեքստը դարձնում է անբնական և անհամոզիչ, կորչում է հեղինակի արտացոլած պատկերը. չմոռանանք, որ Էդ. Պոյի ընտրած յուրաքանչյուր բառը դիպուկ է և խոսուն:
Ձևաբանական մակարդակ
Ձևաբանական առանձնահատկություններից հատկանշական է միայն հայերեն տեքստում վերաբերականների կիրառումը այն դեպքում, երբ բնագրում դրանք բացակայում են: Այս երևույթը մեծամասամբ կատարվում է տեքստին որոշակի վերաբերմունքային երանգ տալու նպատակով:
Բերենք օրինակներ հայերեն թարգմանությունից՝
«Լիգեյա, կարող է աչքերիս առաջ բերել կերպարը նրա, ով, ավաղ, այլևս չկա»:
«Հիրավի, կամքի խորհուրդը և զորությունն անկարելի է ճանաչել»:
Շարահյուսական մակարդակ
Շարահյուսական մակարդակում նույնպես երեք տարբերակների տարբերություններն ակնհայտ են:
Անգլերեն և ռուսերեն տեքստերում շատ են կիրառվում շրջուն շարադասություններով կառույցները: Այս հնարքը հեղինակին հնարավորություն է տալիս ընդգծել կարևոր բառերն ու արտահայտությունները՝ տանելով դրանք վերջ: Հայերեն տարբերակում, սակայն, շարադասությունը հիմնականում ուղիղ է, ինչը թույլ է դարձնում իմաստը, և անտեսվում են կարևոր բառերը:
Համեմատենք՝
“Thing that was enshrouded…”.
“Фигура завернутая в саван…”.
«Պատանքով փաթաթված կերպարանք…»:
Շարահյուսական մակարդակի առանձնահատկություններից էական է նաև պարզ և բարդ նախադասությունների խնդիրը: Հատկանիշը շեշտելու նպատակով բնագրում և ռուսերեն թարգմանության մեջ հատկանիշը տրվում է երկրորդական նախադասությամբ, մինչդեռ հայերեն տարբերակում գերակշռում են պարզ նախադասությունները:
Համեմատենք՝
“She who had been dead…”.
“Та, что была мертва…”.
«Մեռած կինը…»:
Ակնառու այս տարբերությունը միանշանակորեն թուլացնում է երկի գեղարվեստական կողմը և նվազեցնում սարսափի ազդեցությունը:
Շարահյուսական հատկանիշներից կարևոր է նաև բառային կրկնությունը, երբ խորը իմաստ արտահայտող բառը կրկնվում է մի քանի անգամ՝ ավելի ազդելով ընթերցողի վրա: Հայերեն տարբերակում մեծամասամբ բացակայում են նաև բառային կրկնությունները:
Օրինակ՝ “Can I never, can I never be mistaken…”.
Պատկերավորման միջոցներ
Քննելով պատկերավորման միջոցներում առկա առանձնահատկությունները՝ հարկ ենք գտնում նշել, որ հայերեն թարգմանությունն այս հարցում ևս զիջում է ռուսերենին:
Մակդիրի օրինակներ արդեն բերվել են բառային մակարդակի առանձնահատկությունները նշելիս, այժմ նշենք հայերեն տեքստում մակդիրի բացակայության ուրիշ օրինակ:
Համեմատենք՝
“High moon” – “глухая полночь” – «կեսգիշեր»:
Բնագրում և ռուսերեն տարբերակում առկա են փոխաբերություններ, որոնք ավելի պատկերավոր են դարձնում նկարագրությունը, հեղինակը փորձում է ստեղծել վախի մթնոլորտ, հայերենում, սակայն դրանք արտահայտված են մեկ բառով, չկա փոխաբերական իմաստ:
Համեմատենք՝
“…paralyzed ” had chilled me into stone…”.
“Парализуя меня, превращая меня в камень…”.
«Ես քարացել էի…»:
Նույն կերպ և համեմատության խոսուն օրինակը, որ կիրառել է հեղինակը, հայերենում կարող է փոխարինվել:
Օրինակ՝
“…hair, it was blacker than the raven wings of the midnight…”.
“Волосы – они были чернее вороновых крыл полуночи…”.
«Սաթի պես սև մազեր…»:
Բնագրում հեղինակը հանդերձյալ աշխարհից վերադարձած կնոջ մազերը առավել վառ պատկերելու նպատակով համեմատում է դրանք կեսգիշերային սև ագռավի թևերի հետ, իսկ հայերեն տարբերակում մազերը պարզապես զուգահեռվում են սաթին (գորշ):
Այսպիսով՝ ուսումնասիրելով Էդգար Ալան Պոյի «Լիգեյա» պատմվածքը և նրա հայերեն ու ռուսերեն թարգմանությունները՝ պարզ է դառնում, որ արձակի պարագայում բառային, ձևաբանական, քերականական, պատկերավորման հատկանիշներով ռուսերեն թարգմանությունը գերազանցում է հայերենին, այն ավելի մոտ է կանգնած բնագրին և մեծամասամբ արտահայտում է դրա առանձնահատկությունները: Սարսափ ժանրով գրված ստեղծագործության ներքին բոլոր գծերը կարողանում է արտահայտել ռուսերեն թարգմանությունը, այդ տարբերակը կարդալով՝ ընթերցողին հասու է դառնում ստեղծագործության մեջ առկա ահագնացող սարսափը, բառի փիլիսոփայությունը, մինչդեռ հայերեն տարբերակն ավելի թույլ է և պատկերում է սոսկ բովանդակությունը, այստեղ բացակայում է սարսափը կերտող բառի արվեստը, ինչը հատուկ է Էդգար Պոյին:
Գրականություն
- Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, երկրորդ մաս, Եր., 2013:
- Շիրինյան Մ., Քրիստոնեական վարդապետության անտիկ և հելլենիստական տարրերը, Եր., 2005:
- Պո Էդ., Մղձավանջներ և անուրջներ, Եր., 1983:
- Комиссаров В., Теория перевода (лингвистические аспекты), М., 1990.
- http://poestories.com/read/ligeia
- http://www.lib.ru/INOFANT/POE/ligeia.txt
Հեղինակ՝ Աստղիկ Սողոյան (Astghik Soghoyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև