Սույն վերլուծության առաջին մասում մենք համառոտ անդրադարձանք հայ թարգմանության պատմությանը, թարգմանական գրականությանը, համեմատության մեթոդով քննեցինք Է. Պոյի «Լիգեյա» պատմվածքի հայերեն թարգմանությունը, որը կատարվել էր Խորհրդային Միության վերջին շրջանում՝ այդպիսով փորձելով քննվող օրինակի հիման վրա երևան հանել ժամանակաշրջանի թարգմանության խնդիրները:
Վերլուծության երկրորդ մասում արդեն կփորձենք քննել և գնահատել Ֆ. Դոստոևսկու՝ 2015 թ.-ին լույս տեսած «Պատմվածքներ» գրքում զետեղված «Տոնածառ և հարսանիք» պատմվածքը՝ համեմատելով այն բնագրի և անգլերեն թարգմանության հետ: Այս համեմատությունը թույլ կտա արժևորել մերօրյա թարգմանական երկերը և քննել դրանց խնդիրները՝ այդ կերպ փորձելով տալ նաև լուծումներ:
Ինչպես վերը նշվեց, գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2015 թ.-ին (թարգմանիչ՝ Ալեքսան Մեխակյան), մեր կողմից ուսումնասիրված անգլերեն թարգմանությունը՝ 1968 թ.-ին (թարգմանիչ՝ Դավիդ Մագարշակ (David Magarshak): Բնագիրն առաջին անգամ ընթերցողի սեղանին է դրվել 1848 թ.-ին: Երկի երեք տարբերակներն էլ տարբեր դարերի ծնունդ են, ուստի կրում են իրենց ժամանակաշրջանի լեզվամտածողությունն ու ժամանակի շունչը:
Խորհրդածություններ Ֆ. Դոստոևսկու «Տոնածառ և հարսանիք» պատմվածքի հայերեն և անգլերեն թարգմանությունների շուրջ
Պատմվածքի հիմքում սոցիալական հակադրությունն է. պատմվում է ականատես-հեղինակի կյանքից երկու դեպք, որոնք սյուժետային գծերով կապված են միմյանց: Երկի հերոսները շարժվում են միմիայն իրենց շահից ելնելով, և մանկամարդ աղջկա կամքին հակառակ՝ ծնողները վերջինիս ամուսնացնում են հարուստ Յուլիան Մաստակովիչի հետ:
Ի տարբերություն Էդգար Պոյի, ում արձակը քնարական է, իսկ բառերի դասավորությունը երկում՝ առաջնային, Դոստոևսկու արձակը առավել գաղափարական է, այստեղ առաջնային պլան է մղվում երկի ներքին բովանդակությունը: Ուստի նպատակահարմար չենք գտնում թարգմանությունները քննել ըստ լեզվական մակարդակների՝ առանձնացնելով հնչյունաբանական, բառային, ձևաբանական, շարահյուսական և պատկերավորման արտահայտչամիջոցների կետերը: Վերլուծությունը կկատարենք առկա հիմնախնդիրներին անդրադառնալով և դրանք բանաձևելով:
Հայերեն տարբերակում նախ և առաջ աչք են ծակում ավելորդ բառերի գործածությունները, երբ թարգմանիչը կիրառում է ոչ միայն տեքստին խորթ, այլև գրական հայերենում ոչ հանձնարարելի բառեր ու կաղապարներ: Պատմվածքի առաջին պարբերությունում, օրինակ, շատ են բան բառի ավելորդ գործածությունները:
Համեմատենք՝
“Свадьба хороша”.
“Wedding was superb”.
«Հարսանիքը լավ բան է»:
կամ՝
“Это вот так случилось”.
“This is the way it happened”.
«Ինչպես պատահեց այդ բանը»:
Բան բառի ավելորդ գործածությունը հեղինակային խոսքում ակնհայտորեն թերի է դարձնում երկի հնչեղությունը. տվյալ նախադասությունները գեղարվեստական առումով առավել կշահեին, եթե բնագրի նմանությամբ թարգմանության մեջ նույնպես պահպանվեր խոսքի տեղին սեղմությունը:
Օր.՝ «Հարսանիքը լավն է», «Ինչպես պատահեց այդ»:
Հայերեն թարգմանությունը տուժում է նաև բառերի ու արտահայտությունների ոչ ճիշտ թարգմանության պատճառով, երբ հոմանշային շարքից ընտրվում են սխալ բառեր, որոնք սխալ են բնութագրում և չեն համապատասխանում Ֆ. Դոստոևսկու խոսքին: Փորձ է արվում կիրառել բարձր ոճի հոմանշային բառեր, որոնք անբնական են դարձնում խոսքը:
Օր.՝ “гладить бакенбарды” արտահայտությունը հայերենում թարգմանվել է «այտամորուսները սղալել»:
Սղալել բառը, մեր կարծիքով, դիպուկ չէ. առավել բարեհունչ կլիներ կիրառել շոյել համագործածական հոմանիշը (անգլ.՝ strokel):
Բառերի ու արտահայտությունների սխալ կիրառությունները կարող են հանգեցնել նաև ներքին իմաստի աղճատման, երբ հեղինակի բերած կարևոր գաղափարը թարգմանության մեջ բացակայում է կամ սխալ է հասկացվում:
“Тут был еще один господин, у которого, кажется, не было ни роду, ни племени…”
նախադասությունը հայերեն փոխադրվել է «Այնտեղ մի պարոն էլ կար, ով կարծես թե ազգուտակ չուներ»:
Կերպարի նկարագրության ժամանակ Ֆ. Դոստոևսկին փոխաբերական իմաստի միջոցով դիպուկ արտահայտությամբ նկարագրում է իր հերոսի ցածր խավից սերելը, հարուստների շրջապատում օտար լինելը, իսկ ազգուտակ բառում այդ ներքին իմաստը բացակայում է, և հերոսը ընկալվում է սոսկ որպես «բարեկամներ չունեցող մարդ»: Հայերեն թարգմանությունը չի տալիս սոցիալական անհավասարության բաժանման իմաստը, որ կենտրոնական է պատմվածքի համար:
Անգլերեն տարբերակում վերոհիշյալ արտահայտությունը չի թարգմանվել, այլ փոխադրվել է մոտ իմաստով. պարզապես տրված է ասվածի բացատրությունը.
“His appearance was not that of a man of birth or high family”:
Այս պարագայում երկի բովանդակությունը, ի տարբերություն հայերեն թարգմանության, միանշանակ շահում է, քանզի անգլալեզու ընթերցողին հասու է դառնում հեղինակի արտահայտած հիմնական գաղափարը, տուժում է, սակայն, պատմվածքի գեղարվեստական կողմը. փոխաբերական իմաստը մթագնում է և արտահայտվում հասարակ նախադասությամբ:
Փոխաբերության բացակայություն կամ սոսկ իմաստային թարգմանություններ առկա են նաև հայերեն տարբերակում:
Համեմատենք՝
“Он прежде всего бросился мне на глаза”.
“He was first to attack my attention”.
«Նա բոլորից շուտ նկատելի դարձավ ինձ համար»:
Նկատելի դառնալ հարադիր բայը դրված է бросился мне на глаза դարձվածքի դիմաց և սոսկ բնութագրում է դրա իմաստը: Դարձվածքների զուտ իմաստային թարգմանությունները խրախուսելի են միայն այն դեպքում, երբ թարգմանվող լեզվում չկան դրանց համարժեքները, բայց հայերենում առկա է վերջինիս հոմանիշը՝ «աչքի ընկնել», որը առավել բնորոշ և դիպուկ կբնութագրեր տվյալ իրադրությունը: Անգլերեն տեքստում, օրինակ, դարձվածքը չի թարգմանվել, այլ փոխարինվել է համարժեքով՝ to attack my attention:
Հայերեն տարբերակը տուժում է նաև ինձ համար կաղապարի գործածությունից, համար բառը այս պարագայում ավելորդ է. քերականորեն առավել ճիշտ կլիներ «Նա բոլորից շուտ նկատելի դարձավ ինձ» ձևը:
Շարադասության մասին խոսելիս հարկ է նշել, որ անգլերեն թարգմանության մեջ մասամբ այն փոփոխվում է. պարզեցվում են բարդ նախադասությունները, որոշ նախադասություններ անգամ պարզապես հանվում են թարգմանվող տեքստից:
Օրինակ՝
“Кроме этой фигуры, таким образом принимавшей участие в семейном счастии хозяина, у которого было пятеро сытеньких малчиков, понравился мне еще один господин” նախադասության դիմաց անգլերենում ունենք. “There was another guest who interested me”.
Ինչպես պարզորոշ երևում է բերված օրինակից, անգլերեն տարբերակում նախադասությունը աղճատված է. առկա է միայն պարոնին նկատելու փաստը, բայց միջավայրի կարևոր նկարագրությունը, որը էական է հասարակության դասերի պատկերման համար, բացակայում է:
Հայերեն տարբերակը, սակայն, ի տարբերություն անգլերենի, բարեխղճորեն պահպանում է նախադասության կառույցներն ու շարադասությունները, հեղինակային մտքերն աղճատված չեն: Ասվածը փաստելու համար բերենք նույն նախադասության հայերեն թարգմանությունը.
«Հինգ կուշտուկուռ տղա ունեցող տանտիրոջ ընտանեկան երջանկությանը վերոհիշյալ կերպով մասնակից դարձած այդ նշանավոր անձնավորությունից զատ ինձ դուր եկավ մի պարոն»:
Շարադասության տեսանկյունից միանշանակորեն լավն է հայերեն տարբերակը, բայց այստեղ էլ առկա է сытеньких բառի կուշտուկուռ թարգմանությունը, որը մեր կարծիքով տեղին չէ:
Թարգմանական տեսության մեջ առհասարակ կարևորվում է նաև հեղինակային ուղղագրությունը: Երբ հեղինակը միտումնավոր գրում է բառը կոնկրետ ձևով՝ շեշտելով այս կամ այն առանձնահատկությունը, թարգմանիչները պետք է հնարավորինս պահպանեն դա՝ փոխադրելով և հարմարեցնելով թարգմանվող լեզվի կանոններին:
Ֆ. Դոստոևսկին, խոսելով կենտրոնական կերպար Յուլիան Մաստակովիչի մասին, նրան բնութագրում է դիպուկ նախադասությամբ. “Это было Лицо”, որը ամբողջովին կերպավորում է հերոսին: Մեծատառով գրված Лицо բառը տիպական է դարձնում կերպարը և շեշտում վերջինիս անհատականությունը: Երկու թարգմանություններում էլ, սակայն, ի տարբերություն բնագրի, մակդիրը գրված է փոքրատառով, ինչը նորից գեղարվեստական առումով թուլացնում է երկը:
“He was a personage”, «Սա դեմք էր»:
Լավ թարգմանության համար կարևոր են նաև հատուկ անունների, տեղանունների, դիցանունների բնագրային ձևերի պահպանումը: Կան շատ անուններ, որոնք տիպիկ են կոնկրետ ժողովուրդներին և հատուկ իմաստներ են արտահայտում տվյալ լեզվում կամ տվյալ մշակույթում: Թարգմանության պարագայում թարգմանիչները պետք է ուշադրություն դարձնեն նաև այդ հարցերին:
Ֆ. Դոստոևսկին, օրինակ, իր պատմվածքում փոքրիկ աղջկան համեմատում է սիրո Ամուր հրեշտակի հետ. “прелестная как амурчик”:
Անգլերեն թարգմանությունում ամբողջովին պահպանվում է համեմատությունը, բայց թարգմանիչը Ամուր հրեշտակին փոխարինում է նույն գործառույթը կատարող Կուպիդոն հրեշտակ- աստվածությունով. “lovely as a cupid”:
Հայ մշակույթին տիպիկ չեն ո՛չ Կուպիդոն, ո՛չ Ամուր աստվածությունները, ուստի Ա. Մեխակյանը նախադասությունը թարգմանում է այսպես. «սիրո հրեշտակին նմանվող»:
Մենք կարծիքով երկու տարբերակներն էլ ընդունելի չեն. թարգմանություններն ավելի կշահեին, եթե թարգմանիչները մոտ մնային հեղինակային տեքստին, թողնեին Ամուր անունն ու դրա բացատրությունը կամ հոմանիշ աստվածությունը ներկայացնեին տողատակերում:
Այսպիսով՝ ուսումնասիրելով Ֆ. Դոստոևսկու «Տոնածառ և հարսանիք» պատմվածքի հայերեն և անգլերեն թարգմանությունները՝ պարզ է դառնում, որ հայերենն առավել հաջողված է. այն պահպանում է հեղինակի կիրառած ներքին հնարանքները, պատկերավորման արտահայտչամիջոցները, շարադասությունը և այլն: Վերջինս, սակայն, ևս ունի իր թերությունները, որոնք, առկա են նաև մեր ժամանակի տարբեր թարգմանություններում:
Ամփոփում
Վերլուծության երկու մասերում մենք քննեցինք և ներկայացրինք հայ թարգմանության համառոտ պատմությունը, արժևորեցինք Ոսկեդարի թարգմանական երկերը, հպանցիկորեն անդրադարձանք հետագա դարերի օրինակներին և փորձեցինք բանաձևել մերօրյա թարգմանիչների առջև դրված խնդիրները: Թեմայի պարտադրանքով վերլուծության առաջին մասում կենտրոնացանք 1983 թ.-ին, իսկ երկրորդում՝ 2015 թ.-ին կատարված թարգմանությունների վրա:
Բերված համեմատությունները ակնառու են դարձնում այն փաստը, որ այսօր թարգմանական արվեստը Հայաստանում մեծամասամբ ստորադասվում է նախորդ շրջաններին: Սակայն անաչառության համար նշենք նաև, որ այսօր հայկական շուկայում առկա են նաև թարգմանական բարձր մակարդակի գործեր, որոնք քայլ առ քայլ ճանապարհ են հարթում ոլորտի զարգացման համար: Ուստի ամբողջացնելով վերլուծության երկու մասերում ասվածները՝ գանք հետևյալ եզրակացություններին և փորձենք ձևակերպել առկա խնդիրներն ուղղելու միջոցները:
- Մեր թարգմանությունները մեծամասամբ բառացի են, հաղորդում են ստեղծագործության հիմնական իմաստը, բովանդակությունը, բայց ընթերցողի առջև չեն բացում երկի ներքին շերտերը, ծանոթ չեն դարձնում ներքին ռիթմին: Խնդիրն ուղղելու համար թարգմանիչը նախ և առաջ պետք է ամբողջությամբ ծանոթ լինի հեղինակի ստեղծագործական պատմությանը, տիրապետի վերջինիս կիրառած գեղարվեստական միջոցներին և նոր միայն սկսի այն թարգմանել:
- Թարգմանությունը պետք է հնարավորինս մոտ լինի բնագրին, պետք է թարգմանել բոլոր բառերը, բայց չանել բառացի թարգմանություն: Թարգմանիչը պետք է մեծ ուշադրություն դարձնի թարգմանող լեզվի քերականական ու շարադասական կանոններին, որ ստեղծագործությունը ամբողջությամբ հնչի այդ լեզվով: Դա ամենևին չի նշանակում, որ բառերի դասավորությունը պետք է միշտ փոփոխության ենթարկել: Թարգմանիչը պետք է կարողանա հնարավորիս պահպանել հեղինակային գրույթը, բայց այնպես, որ խոսքային կաղապարները խորթ չլինեն հայերենին: Եթե Է. Պոյի պատմվածքի պարագայում հայ թարգմանիչը շատ դեպքերում, այն էլ անհետևողականորեն փոփոխում էր շարադասությունը, և այդ պատճառով տուժում էր թարգմանությունը, ապա Դոստոևսկու պատմվածքի պարագայում Ա. Մեխակյանը հնարավորինս մոտ է մնում բնագրին, ինչը հնարավորություն է տալիս ընթերցողին հայերեն տեքստի միջոցով ծանոթանալ Ֆ. Դոստոևսկու գրական ոճին:
- Դարձվածքները կամ փոխաբերական իմաստ ունեցող արտահայտությունները թարգմանելիս հարկ է դրանք փոխադրել համարժեքներով, որ խոսուն լինի հեղինակի գեղարվեստական պատկերը, և լեզվում դրանց բացակայության դեպքում միայն փոխարինել նկարագրական թարգմանությամբ կամ բացատրել տողատակի գրառումներով: Պետք է պահպանել նաև հեղինակի կիրառած գեղարվեստական արտահայտչամիջոցները, որոնք էլ մեծամասամբ ապահովում են երկի գեղարվեստական կողմը: Բառերը թարգմանելիս հարկ է հոմանշային շարքից ընտրել ոչ թե ամենաբարդ և գեղեցիկ բառը, այլ այն, որը համահունչ է տվյալ իրադրությանը և ոճական առումով համապատասխանում է բնագրի բառին: Հայերեն տարբերակները հագեցած էին բարձր ոճի շատ բառերով, որոնք անհամոզիչ ու անբնական էին դարձնում տեքստը, կտրում իրականությունից:
- Բառային, քերականական, շարադասական և գեղարվեստական արտահայտչամիջոցների խնդիրներից բացի շատ կարևոր են նաև հնչյունական առանձնահատկությունները. քնարական երկերում թարգմանիչը պետք է հնարավորինս պահպանի հեղինակի կիրառած հնչյունական հնարքները, որոնք երկին տալիս են ներքին մեղեդայնություն, երբեմն նաև օգնում են կերպարակերտմանը: էական է նաև հեղինակային հատուկ ուղղագրությունը:
Մերօրյա թարգմանություններում առկա հիմնախնդիրները բազմազան են, ամենակարևորը, սակայն, թարգմանչի ձիրքն է: Գեղարվեստական երկերի թարգմանիչը ևս պետք է գրող լինի կամ գրելու տաղանդ ունենա, որ կարողանա ոչ միայն ընթերցողին ծանոթացնել համաշխարհային գրականության բովանդակությունը, այլև օտարազգի գրողներին «խոսեցնել» իր լեզվով:
Գրականություն
- Դոստոևսկի Բ., Պատմվածքներ, Եր., 2015:
- Комиссаров В., Теория перевода (лингвистические аспекты), М., 1990.
- http://ilibrary.ru/text/28/index.html
- http://www.classicreader.com/book/2169/1/
Հեղինակ՝ Աստղիկ Սողոյան (Astghik Soghoyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև