4-րդ քննությունը աջակցություն չսովորելու՞ն, թե՞ ընդառաջություն ուսանողին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում 2019թ.-ի մարտի 15-ին հանդես եկավ  հայտարարությամբ, որտեղ խոսեց ՀՀ պետական բուհերում 3-րդ վճարովի քննության վերահանձնումը չթույլատրելու մասին:

Արայիկ Հարությունյանը խոսեց այն մասին, որ ուսանողներին փաստացի տրվում է 4 հնարավորություն քննությունը վերահանձնելու համար։ Ուսանողը, իրեն հատկացված 3 հնարավորություններից և ոչ մեկում չկարողանալով ստանալ անցողիկ գնահատական, ևս մեկ հնարավորություն է խնդրում ԿԳ նախարարությունից, իսկ նախարարությունն էլ իր հերթին կարող է չտալ այդ հնարավորությունը ուսանողին:

Նախարարը նշեց, որ ԿԳ նախարարություն են ուղարկվել դիմումներ՝  ուսանողներին վերահանձնելու 4-րդ հնարավորություն տալու խնդրանքով: Արդյունքում ԿԳ նախարարության կողմից տրվող թույլտվությունը Արայիկ Հարությունյանը համարեց «խրախուսանք չսովորելուն»՝ ավելացնելով, որ նախկինում ձևավորված պրակտիկան  այլևս չի շարունակվելու, իսկ առկա դիմումների մասով չտրվեց կոնկրետ լուծում:

Սույն հայտարարությունից հետո հաջորդող երկուշաբթի օրը, այն է՝ 17.03.2019թ., մի շարք ուսանողներ, որոնք ունեին նման խնդիր, դիմում են ԵՊՀ ռեկտորին՝ խնդրելով իրենց թույլ տալ վերահանձնել քննությունը, սակայն ստանում են բացասական պատասխան:

Մարտի 24-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց հայտարարություն հետևյալ բովանդակությամբ.

Սույն հայտարարությանը հաջորդեց  մարտի 25-ին՝ առավոտյան 12:30-ին, մեկնարկած երթը դեպի Կրթության և գիտության նախարարություն:

Ըստ ուսանողների տարածած տեղեկատվության՝ իրենք հանդիպել են փոխնախարար Գրիշա Թամրազյանին, վերջինս էլ տեղեկացրել է, որ ԵՊՀ ռեկտորը պետք է ևս մեկ դիմում գրի նախարարություն: Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ ռեկտորը առաջին անգամ գրել և մերժում էր ստացել: Արամ Սիմոնյանն էլ, ի պատասխան ուսանողների խնդրանքի ևս մեկ դիմում գրելուն ԿԳ նախարարություն, մերժել է՝ նշելով, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:[i]

Մարտի 28-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց ևս մեկ հայտարարություն, որը տեղեկացնում էր մարտի 29-ին դեպի ԿԳ նախարարություն ևս մեկ երթ իրականացնելու մասին:

Վերոնշյալ երթերին դեպի ԿԳ նախարարություն հաջորդեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների՝ մարտի 29-ին ԿԳ նախարարին ուղարկված դիմումը ՝ կցելով վերջիններիս կողմից կազմակերպված ստորագրահավաքը։

Սույն  դիմումով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի 273 ուսանող խնդրում են <<… հաշվի առնել ստեղծված իրավիճակը և ընդունել որոշում, համաձայն որի բացառության կարգով ևս մեկ ու վերջին հնարավորություն կտրվի այդ որոշման արդյունքում հեռացման շեմին կանգնած կամ արդեն հեռացված ուսանողներին վերահանձնելու իրենց քննություններից գոնե մեկը…>>:

   

Այսպիսով՝  հիմք ընդունելով ՀՀ պետական բուհերի մեծամասնության ընթացակարգը քննությունների վերահանձնումների հետ կապված՝ քննարկենք  Երևանի պետական համալսարանի 18.04.16թ.-ի 67 § 31 որոշումը: Երևանի պետական համալսարանի ուսանողներին ակադեմիական պարտքերը մարելու համար տրվում է 2 եղանակ: Առաջինն ուսումնական մոդուլի (դասընթաց) կրկնումն է և  քննության (ստուգարք) հանձնումը, երկրորդը՝ ուսումնական մոդուլի (դասընթաց)  քննության (ստուգարք)  վերահանձնումը: Սահմանվում է ակադեմիական առարկայական պարտքը հանձնելու 2 հնարավորություն: Առարկայական պարտքը չհանձնելու դեպքում համալսարանը դիմում է  ԿԳ նախարարություն՝ խնդրելով տվյալ ուսանողին տրամադրել ևս մեկ հնարավորություն՝ քննությունը հանձնելու: Դիմումի դրական պատասխանի դեպքում ուսանողը շարունակում է հանձնել քննություն(ներ)ը: Բացասական պատասխանի դեպքում այն ուսանողները, որոնք ունեն 12 կրեդիտից բարձր ակադեմիական առարկայական  պարտքեր, կհեռացվեն համալսարանից[ii]: Մինչև 12 կրեդիտ ունեցողներին էլ կտրվի հնարավորություն մինչև ուսումնառության ավարտը հանձնել քննություն(ներ)ըվճարովի կարգով:

Այսպես, ՀՀ ԿԳ նախարարը ունի հայցողական լիազորություն թույլատրելու հանձնել քննությունը, թե ոչ: Համաձայն  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ սահմանվում է.

  1. Հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է` ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը:
  2. Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Հաշվի առնելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը առ այն, որ ԿԳ նախարարության կողմից տրվող թույլտվությունների  պրակտիկան  այլևս չի շարունակվելու՝ հարկ ենք համարում անդրադառնալ ներկայումս առկա և գործող կարգով՝ 2019թ.-ի ապրիլի 25-ից մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածի համար նշանակված քննությունների դեռևս չուղարկված դիմումներին:

Համաձայն նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի՝  <<…Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով…>>:

Տվյալ դեպքում ուսանողները, տարբեր պատճառներով ձախողելով կամ բաց թողնելով քննությունը, ունեն լեգիտիմ ակնկալիք, որ կարող են ստանալ ԿԳ նախարարության կողմից թույլտվություն քննությունը վերահանձնելուհամար: Ուսանողը չգիտեր և չէր էլ կարող իմանալ, որ, սահմանված կարգով 3-րդ քննությունը ձախողելով կամ բաց թողնելով,  կզրկվի այն հնարավորությունից, որը նախկինում ունեցել է: Արդյուքնում խախտվել է կամայականության արգելքի սկզբունքը:

Թեև ինքնին երևույթը ընկալելի է այն տեսանկյունից, որ ուսանողին տրվում է 3 հնարավորություն տվյալ առարկան հանձնելու համար և այն, որպես տևական ժամանակահատված, բավարար է առարկայի համար նախատեսված նյութը հավուր պատշաճի պատրաստելու համար, սակայն դեպքը վիճահարույց է իրավական առումով:

Կարծում ենք՝ ԿԳ նախարարության կողմից ուսանողին նման հնարավորության չտրամադրման պրակտիկան կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ ուսանողներին պատշաճ կարգով տեղեկացվի 3-րդ հնարավորությունից զրկելու մասին և նոր միայն համապատասխան որոշմամբ արգելվի նման պրակտիկան:  Հակառակ պարագայում տվյալ որոշումը կունենա վատթարացնող ազդեցություն ուսանողների վրա: Համաձայն ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Ինչպես վերևում նշեցինք՝ տվյալ իրավիճակը կոնկրետ շրջանակի ուսանողների համար կլինի վատթարացնող, քանի որ նրանք չգիտեին և չէին էլ կարող իմանալ նման ընթացակարգի փոփոխությանմասին:

Այսպիսով, թեև կոնկրետ դեպքում գործ ունենք հայցողական լիազորությունների իրականացման հետ, սակայն կարծում ենք՝ ուսանողների իրազեկումից հետո նման պրակտիկա որդեգրելու դեպքում անհրաժեշտ է մշակել որոշակի չափորոշիչներ, մասնավորապես՝ հաշվի առնել ուսանողի՝ նախկինում ստացած  գնահատականները, դասերին ներկայությունը, ակադեմիական ակտիվությունը և այլ հանգամանքներ:

 ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունում փաստացի առկա չէր ուսանողների այն շրջանակը, որոնց վերաբերելի էր հայտարարությունը: ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածը ամրագրում է որոշակիության սկզբունքը, այն է՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Վերոշարադրյալ նորմի տրամաբանությունից պարզ է դառնում, որ որոշակիության սկզբունքի պահպանումը  վերաբերելի է նաև պետական և ոչ պետական հաստատությունների կողմից տրված որոշումներին, դիրքորոշումներին, այդ թվում՝ հայտարարություններին:

Քննարկվող հայտարարությունում այն լիովին բացակայում էր:

Բացի այդ՝  ԿԳ նախարարը իր հայտարարությունում նշեց հետևյալը.  «…մենք շատ հաստատակամ ենք, որ այսուհետ որևէ նման խրախուսում չի կարող լինել, և մենք հիմա կուսումնասիրենք նաև այն դիմումները, որոնք կան: Գուցե ամենավերջին հնարավորությունը լինի, բայց ես վստահ չեմ, որովհետև պետք է մի շարք կարգավորումներ ուսումնասիրեմ…»: Արդյունքում պարզ է դառնում, որ ԿԳ նախարարը իր հայտարարությունն անելիս դեռևս չէր ուսումնասիրել այն իրավական կարգավորումները, որոնք անհրաժեշտ և կիրառելի էին նման դեպքում՝ փաստացի ստեղծելով անորոշություն ուսանողների լայն շրջանակի համար:

Այսպիսով՝ հաշվի առնելով վերոշարադրյալը՝ կարող ենք փաստել, որ այն հայտարարությունը, որը արվում է ի  պաշտոնե, չպետք է խախտի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք սկզբունքներ և առաջացնի իրավական անորոշություն հասարակության տարբեր շրջանակներում:


[i]https://www.facebook.com/mareta.hovhannisyan.1?__tn__=%2CdCH-R-R&eid=ARAlGtXl0AwAeYHj5znOSPkoeuuA1DftVC8tw2A6BjsQItTMV1lIr1FOAT25WCbRIMxM8pJZI6_dWc_X&hc_ref=ARS5ia7U3VnBuJkt4JKcWcWCi80JIWqWmd6Cj8DL_yxGuNVD3QiGIv0nJNJmBkjNZs0&fref=nf

[ii] Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1576 հրաման, տրված՝ 17 դեկտեմբերի, 2018։


Հեղինակ՝ Նարե Սմբատյան (Nare Smbatyan)  ©Բոլոր իրավունքները պաշտպանված են: