Գործադիր իշխանության բարձրագույն մարմնի[1]՝ կառավարության 04.04.2019թ. տեղի ունեցած նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին[2]»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: […]Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։»:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»:
Արտահայտման ազատության սկզբունքը ամրագրված է ոչ միայն ՀՀ իրավական հիերարխիայի բարձրակետը կազմող ակտով, այլև, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:
Ճիշտ է, վարչապետ Փաշինյանը իր խոսքի նախաբանում նշում է, որ Հայաստանում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված են, բայց հետագա ընթացքում չի ներկայացվում որևէ երաշխիք: Հակառակը՝ առաջ է քաշվում մանիպուլյացիաների օրակարգը՝ հստակ չսահմանելով՝ ինչ է մանիպուլյացիան և ինչի համար է վրա հասնելու պատասխանատվությունը: Այս պարագայում «մանիպուլյացիա» եզրույթի սահմանումը չի բովանդակում խիստ պոզիտիվիստական պահանջ, քանզի, չհստակեցնելով երևույթի սահմանները, հնարավոր է՝ վրա հասնի պատասխանատվություն, ինչը ինչպես օրինականության, այնպես էլ իրավական որոշակիության սկզբունքների խախտում է, քանի որ գործունեություն են իրականացնում դրա լիազորությունը չունեցող պետական մարմիններ, և օրենքը(ինչպես նաև դրա բացակայությունը) դադարում է լինել կանխատեսելի:
Խնդրահարույց է նաև այն, որ կարծիքի ազատ արտահայտման սահմանադրական իրավունքը, փաստորեն, ենթադրաբար կսահմանափակվի առանց համապատասխան նորմատիվ իրավական ակտի՝ օրենքի ընդունման[3], ինչը ուղղակի սահմանադրական պահանջ է:
Վարչապետը հանձնարարեց նորահայտ «խնդրի» նկատմամբ մշտադիտարկում և հսկողություն իրականացնել Ազգային անվտանգության ծառայությանը: Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ «Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու, կուսակցությունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:»: Այսինքն՝ անգամ խնդրահարույց գործընթացը Ազգային անվտանգության ծառայության վերահսկողության ոլորտ տեղափոխելը չի նշանակում, թե վերջիններս իրավասու կլինեն ձեռնարկել ցանկացած քայլ:
Համաձայն նույն օրենքի 9-րդ հոդվածի՝ «Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) հետախուզական գործունեություն.
բ) հակահետախուզական գործունեություն.
գ) ռազմական հակահետախուզական գործունեություն.
դ) պետական սահմանի պահպանություն.
ե) պայքար հանցագործությունների դեմ:»
Սոցիալական կայքերում անձանց արտահայտած տեսակետները հսկելը որևէ կերպ չի տեղավորվում անվտանգության մարմիններին ենթակա ոլորտների շրջանակներում, իսկ հանրային սեկտորի ներկայացուցիչները, ինչպես մեջբերված է սահմանադրական հոդվածում, սահմանափակված են օրենքով իրենց վերապահված լիազորություններով: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չհստակեցրեց՝ ինչ է մանիպուլյացիան՝ նշելով, որ չի ցանկանում մտնել բառախաղի մեջ, բայց ասաց, որ կլինեն շատ ուշադիր և զգույշ:[4] Կարծում ենք՝ ուշադրության և զգուշության խոստումը դեռևս բավարար երաշխիք չէ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության: Այլ կերպ ասած՝ հնարավոր է իրավիճակ, որ հանցակազմ չպարունակող արարքը որակվի իբրև մանիպուլատիվ, և վրա հասնի պատասխանատվություն, թեպետ ո՛չ մանիպուլյացիան, ո՛չ էլ վրա հասնող պատասխանատվությունը սահմանված հասկացություններ չեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր բազմաթիվ որոշումներում շեշտադրելով արտահայտման ազատության կարևորությանը՝ նշել է նաև, որ անգամ եթե արտահայտված միտքը գնահատողական դատողություն է, դեռևս բավարար չէ միջամտելու համար:[5] Ավելին՝ դատարանը նշել է, որ պաշտպանության ենթակա են ոչ միայն դրական բովանդակությամբ մտքերը, այլև նրանք, որոնք, գուցե, որակվեն իբրև վիրավորական, շոկային, անհանգստացնող՝ այս ամենը որակելով իբրև տոլերանտության, լայնախոհության, բազմակարծության դրսևորումներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ժողովրդավարական հասարակությունը:[6]
Համացանցի լայն տարածումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի քանի գործերով անդրադարձավ նաև արտահայտման ազատության սահմաններին առցանց տիրույթում՝ նշելով, որ արդի պայմաններում համացանցը տեղեկատվության ստացման կարևոր աղբյուր է:[7]
Արտահայտման ազատության պարագայում կարևոր է հավասարակշռությունը հանրային և մասնավոր շահերի միջև: Այս պարագայում իրավիճակը պայթունավտանգ է և գուցե հանգեցնի գրաքննության կամ իշխանությունների դեմ արտահայտված կարծիքների քրեականացման և հետապնդման: Նման վարքագիծը հակաօրինական է: Եթե անգամ ինչ-ինչ օրենսդրական կարգավորումներից հետո վարքագիծը վերածվի օրինականի, այն միևնույն է կշարունակի մնալ հակաիրավական:[8]
[1] ՀՀ Սահմանադրություն, հոդված 146: [2]http://www.panarmenian.net/arm/news/267232/?fbclid=IwAR3WA1d2ovZAKhvTIo8jvGbHju6GM9FLCISMSTlyN5Tvolh5T6oEJX2Fmrg , https://www.azatutyun.am/a/29861696.html [3] Կառավարության նիտի ժամանակ Վարչապետի հայտարարությունը դեռևս օրենք չէ: [4] https://www.youtube.com/watch?v=Vf6xclXtuy8 , 35-րդ րոպեից [5] Jerusalem v. Austria, 2001; Dichand and Others v. Austria, 2002 [6] Handyside v. the United Kingdom, 1976; Sunday Times v. the United Kingdom, 1979; Lingens v. Austria, 1986; Oberschlick v. Austria, 1991; Thorgeir Thorgeirson 1999; Arslan v. Turkey, 1999; Thoma v. Luxembourg, 2001; Jerusalem v. Austria, 2001; Maronek v. Slovakia, 2001; Dichand and Others v. Austria, 2002. [7] Delfi AS v. Estonia [GC], § 133 [8] Շարադրյալում չեն քննարկվում ՀՀ քրեական օրենսգրքի հանցակազմերի հատկանիշներ պարունակող արարքները:Հղումներ
Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան (Lusine Hovhannisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: