Ինչու՞ են «Գահերի խաղը» խաղում բոլորը

Հեռուստասերիալը, համաձայն տարբեր աղբյուրների, ներկայիս ամենադիտվող և ամենասպասվող հեռուստասերիալն է, որի ավարտի՝ գահերի խաղի հաղթողի վերաբերյալ անգամ խաղադրույքներ են ընդունվում: Հեռուստասերիալի ամեն էպիզոդը ունենում է 30 միլիոն հանդիսատես 170 երկրներում՝ չհաշված անօրինական կայքերի դիտումները: Այն նաև հեռուստատեսության պատմության ընթացքում ամենաշատ «գողացվածն» է:  Հեռուստասերիալների այսպիսի բազմազանության մեջ «Գահերի խաղը» վայելում է հսկայական ժողովրդայնություն, որն ունի մի շարք պատճառներ։

  • «Գահերի խաղը» հեռուստասերիալը հիմնված է Ջորջ Ռ.Ռ. Մարտինի «Կրակի և սառույցքի երգը» սագայի վրա, սակայն կրում է միայն առաջին գրքի անունը, որը տպագրվել էր 1996 թվականին: Գրքերը լավ էին վաճառվում նաև մինչև հեռուստասերիալի լույս տեսնելը, սակայն Ջորջ Ռ.Ռ. Մարտինի եկամուտը էականորեն աճել է 2011 թվականից: Հեղինակը չի ավարտել գրքերի սագան, սակայն մասնակցում է հեռուստասերիալի սցենարի պատրաստման աշխատանքներին: Այդպիսով՝ «Գահերի խաղը» հիմնված է գրքերի վրա, սակայն գրքերի ընթերցումը չի կարող որևէ առավելություն տալ, քանի որ հեռուստասերիալի դեպքերը ավելի առաջ են, քան վերջին տպագրված գիրքը: Կարելի է ասել, որ վերջին գրքի բացակայությունը հետաքրքրացնում է հեռուստասերիալին հետևելու ընթացքը, քանի որ ոչ ոք չգիտի ավարտը:
  • «Գահերի խաղը» ժանրերի միքս է և իր մեջ ամփոփում է պատմական, ֆանտաստիկ, սարսափ, ռոմանտիկա, դետեկտիվ ժանրերը, որով էլ պայմանավորված է հեռուստասերիալի յուրօրինակությունը: Հեռուստասերիալները և ֆիլմերը մեծ մասամբ կարելի է դասակարգել ըստ ժանրերի, քանի որ դրանցից մեկը միշտ դոմինանտ է լինում, սակայն   «Գահերի խաղի» դեպքում ժանրերը միահյուսվում են սյուժեի հիմնական գծի՝ քաղաքականության շուրջ: Ի տարբերություն գրքերի, որոնք ունեն առանձին անուններ, հեռուստասերիալը կրում է առաջին գրքի անունը, որով էլ ցույց է տալիս, որ կատարվող գործողություններն իրականացվում են «գահերի խաղում կա՛մ մեռնում են, կա՛մ հաղթում» կարգախոսով: Այդ պատճառով էլ հեռուստասերիալում շատ են ինտրիգները, դավաճանությունները, խախտված խոստումները և չարդարացված հույսերը:
  • Հեռուստասերիալները և ֆիլմերի մեծամասնությունը օգտագործում են «հաջողության բանաձևը», որի համաձայն ֆիլմը սկսվում է ներածությամբ, շարունակվում է որևէ բարդացնող իրավիճակով, կլիմաքսով, ամփոփվում՝ լուծմամբ և վերջաբանով[i]: Դրանք ունեն են նաև «գլխավոր հերոս» և  «գլխավոր չարագործ» արքետիպերի վրա հիմնված կերպարներ: Պատմության վերջում, շատ դժվարություններից հետո, հերոսը հաղթում է չարագործին (էպիկական ֆիլմերի դեպքում): Հերոսների պատկանելիությունը «չարին» կամ «բարուն» պարզ է սկզբից և սակավ է փոխվում:
    «Գահերի խաղի» դեպքում առաջին դժվարությունը գլխավոր հերոսին որոշելն է: Առաջին եթերաշրջանում գործողությունները ծավալվում էին Նեդ Ստարկի շուրջ, սակայն վերջինիս մահը առաջին եթերաշրջանի ավարտին հերքում է այդ վարկածը: Հետագայում գործողությունները զարգանում են Ռոբ Ստարկի շուրջ, որը նույնպես մահանում է Կարմիր հարսանիքի ժամանակ: Ամենահավանական գլխավոր հերոսները Դեյներիս Թարգարյենը և Ջոնն Սնոուն են[ii]:
    7-րդ եթերաշրջանի վերջին բացահայտումները (Ջոն Սնոուի իրական ծագումը) թույլ են տալիս մտածել, որ «Սառույցի և կրակի» երգը իրականում լավ թաքնված «հերոսի ճանապարհորդություն» է: Վերջինս Ջոզեֆ Կեմփբելի ձևավորած կառույցն է, որը թույլ է տալիս վերլուծել գրական ստեղծագործությունները որպես մոնոմիֆ՝ մեկ մարդու ճանապարհորդություն ուղղված որևէ նպատակի: Սակայն եթե մյուս ստեղծագործությունների (օրինակ՝ Հարրի Փոթթերի սագան) դեպքում այդ կառույցը միանգամից ակնհայտ է, «Գահերի խաղի» դեպքում դա պարզ չէր մինչև 7-րդ եթերաշրջանը:
    Հեռուստասերիալը ցույց է տալիս հերոսների դինամիկան և երկայնությունը, այն է՝ ի սկզբանե «չար» պատկերվող հերոսները ամենևին էլ պարտադիր չէ, որ այդպիսին մնան մինչև վերջ: Բացարձակ բացասական Ջոֆֆրի Բառատեոյի կամ էլ Ռամզի Բոլտոնի կողքին կա Ջեյմի Լաննիստերը, որը առաջին էպիզոդի վատագույն կերպարն էր, սակայն 7-րդ եթերաշրջանի ավարտին տրամագծորեն այլ վարվելակերպ է ցույց տալիս: Միանշանակ չէ նաև գլխավոր չարագործի կերպարը, քանի որ անգամ դա փոփոխության է ենթարկվում եթերաշրջանից եթերաշրջան[iii]:
    Կերպարների դինամիկությունը նրանց ավելի մարդկային և իրական են դարձնում, իսկ հեռուստասերիալի սյուժեի անկանխատեսելի վայրիվերումները ստիպում են սպասել հաջորդ էպիզոդին:
  • «Գահերի խաղի» գրավչության մի մասն էլ իր բարդության մեջ է. սյուժեի վայրիվերումների, կերպարների բազմազանության և անկանխատեսելիության պատճառով հեռուստադիտողը չի ձանձրանում: «Գահերի խաղում» մեծ ուշադրություն է դարձվում և՛ սյուժետային, և՛ դիզայնի մանրամասներին: «Գահերի խաղի» ցանկացած իշխանական տան կարգախոսը («Լսի՛ր իմ մռնչյունը», «Ձմեռը գալիս է», «Կրակ և արյուն» և այլն), խորհրդանշան կենդանին և անգամ արտաքին տեսքը մտածված է մանրամասնորեն[iv]: Իշխանական տների ներկայացուցիչների բնավորության գծերը հետաքրքրորեն համապատասխանեցված են նրանց կերպաների բնավորությունների գծերին: Կերպարների կառուցման մեջ մեծ ուշադրութուն է դարձվել նաև նրանց աշխարհագրական ծագմանը. միշտ նշվում է հյուսիսի բնակիչների պարզամտության և սառնության մասին, մինչդեռ հարավային թագավորությունների բնակիչները հիշվում են որպես ավելի խորամանկ: Կրոնները (հյուսիսի հին աստվածներ, Յոթ աստվածներ, բազմերես աստված, կրակի լորդ և խորտակված աստված) նույնպես մանրամասնորեն ներկայացվում են հեռուստասերիալի ընթացքում և միահյուսվում են քաղաքական պայքարին:
    Հեռուստասերիալը նկարահանված է գերուշադրությամբ՝ պահպանելով բոլոր մանրուքները, բռնության և սեքսուալ տեսարանների իրականությունը և անթաքուցությունը նույնպես հեռուստասերիալի գրավչության մասն են կազմում:

Այսպիսով՝  «Գահերի խաղը» 21-րդ դարի ամենադիտված հեռուստասերիալներից է, որը էպիզոդից էպիզոդ պահում է լարվածության մեջ: Մինչ մնացյալ հեռուստասերիալները պտտվում են մեկ ժանրի, սյուժեի ու հերոսի շուրջ, «Գահերի խաղը» միահյուսում է ամեն հետաքրքրականը:

Valar Morghulis!


Հղումներ

[i] Հեռուստասերիալները յուրաքանչյուր էպիզոդ հետաքրքրացնելու համար կարող են այս բանաձևը օգտագործել և՛ էպիզոդի, եթերաշրջանի, և՛ ամբողջ հեռուստասերիալի համար՝ ավելացնելով որոշ մանրամասներ էպիզոդները հետաքրքրացնելու համար:

[ii] Հետաքրքիր փաստ է, որ էկրանային ժամանակով Թիրիոն Լաննիստերն է առաջին տեղում:

[iii] Ներկա փուլում գլխավոր չարագործը Գիշերվա արքան է, սակայն նրա պատմությունը դեռ ամբողջովին բացահայտված չէ:

[iv] Հեռուստասերիալը սկսվում է նրանով, որ Նեդ Ստարկը և իր տղաները գտնում են գայլի, որը մահացել է եղջերուի պատճառով: Եղջերուն առաջին եթերաշրջանի արքա Ռոբեր Բարատեոնի տան խորհրդանիշն է, իսկ գայլը՝ Ստարկերի: Եթերաշրջանի վերջում Նեդ Ստարկը մահանում է, քանի որ ընդունել էր արքայի հրավերը՝ դառնալու նրա աջ ձեռքը:


Հեղինակ՝ Տաթև Դերզյան (Tatev Derzyan)  ©  Բոլոր իրավունքները պաշտպանված են: