Անցումային արդարություն, ռեպարացիաներ և Հայաստանի Հանրապետություն

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն  ՀԿ-ի և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցության շրջանակում

Անցումային Արդարադատությու՞ն, թե՞ անցումային արդարություն

Նախքան վերոնշյալ հիմնահարցերին անդրադառնալը՝ հարկ ենք համարում նախ քննարկել եզրույթը: Transitional justice հասկացությունը շրջանառության մեջ է դրվել 90-ական թվականներին ամերիկացի գիտնականների կողմից, որի նպատակն էր բնութագրել նոր քաղաքական համակարգերի՝ անցած պետություններում կիրառվող գործիքակազմը՝ ուղղված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մարդասիրական իրավունքի ոտնահարումներից ծագած խնդիրների լուծման ուղղությամբ: Որպես կանոն՝ ոտնահարումները տեղի էին ունենում նախորդ իշխանության տարիներին:

Անցումային արդարությունը որոշ հեղինակավոր տեսաբանների կողմից բնորոշվում է իբրև իրավական, բարոյական և քաղաքական պատասխան՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումների համար պատասխանատու ավտորիտար և բռնաճնշող (ռեպրեսիվ) ռեժիմներին տրվող:[i] Այսպիսով՝ կիրառման համատեքստից պարզ է դառնում, որ անգլերեն տարբերակում Justice տերմինը (որը անգլերենից թարգմանաբար համապատասխանում է և՛ արդարություն, և՛ արդարադատություն գոյականներին) օգտագործվել է ոչ թե նեղ իրավական «Արդարադատություն», այլ առավել ընդգրկուն՝ «Արդարություն» իմաստով, քանի որ այստեղ չի խոսվում բացառապես դատարանների գործառույթ հանդիսացող արդարադատության մասին: Անցումային արդարության դրսևորումները, ինչպես կտեսնենք ստորև, հաճախ պարունակում են առավել հասարակական-քաղաքական տարրեր (օրինակ՝ ներողություն խնդրել, հարգանքի տուրք մատուցել), քան իրավական, իսկ «արդարադատություն» եզրույթով կոչել ոչ իրավական հասկացությունը, կարծում ենք, ճիշտ չէ: Այլ հարց է, որ իրավական մշակույթի առավել երկար պատմություն ունեցող պետություններում, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ն կամ Մեծ Բրիտանիան, խնդրահարույց չէ օգտագործել արդարություն բառը և չտալ դրա սահմանումը, ինչը ցուցիչ է նաև բարձր իրավագիտակցության, իսկ Հայաստանի Հանրապետության պարագայում նման քայլը կարող է տեղիք տալ քննարկումների և առաջ բերել խիստ պոզիտիվիստական պահանջ՝ ուղղակիորեն սահմանել արդարությունը: Այնուամենայնիվ, լեզվամտածողության և իրավական մշակույթի այս հանգամանքները չեն փոխում իրադրությունը և բնօրինակում կիրառման առանձնահատկությունները կամ համատեքստը: Կարծում ենք, որ կոմպետենտ մոտեցում չէ տերմինը բովանդակային անհամապատասխանությամբ թարգմանելը, մանավանդ այն պարագայում, երբ նման թարգմանությունը առաջ է բերում սահմանադրական հակասություններ: Եզրույթի կիրառման համատեքստը, կիրառման դեպքերը և ինչպես տեսաբանների, այնպես էլ պրակտիկայում շրջանառվող մոտեցումները ցույց են տալիս, որ Justice գոյականը պետք է թարգմանել ոչ իբրև արդարադատություն, այլ՝ արդարություն:

Անգլալեզու իրավական համակարգերում Justice ” արդարություն տերմինը կիրառվում է ուղղակիորեն և որևէ իրավական ակտով սահմանված չէ: Անգամ այս դեպքում տարընթերցումները գրեթե բացակայում են: Այլ է վիճակը «արդարադատություն» եզրույթի պարագայում, քանի որ այս դեպքում կիրառման շրջանակներն առավել նեղ են: Հայտնի է, որ արդարադատության իրականացումը դատարանների բացառիկ լիազորությունն է (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում[ii]), սա նաև իշխանությունների տարանջատման և հակակշռման հիմքերից է: Անցումային արդարության պարագայում, օրինակ ռեպարացիոն կամ փաստահավաք խմբերի աշխատանքի պարագայում, հաճախ հանրային իշխանության որևէ մարմին, այդ թվում՝ դատարանները, չի ներգրավվում: Ավելին՝ ռեպարացիոն հանձնաժողովների աշխատանքը որևէ կերպ չի հատվում դատական իշխանության գործառույթների և/կամ լիազորությունների հետ:

Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության գործողության պարագայում «Անցումային» և «Արդարադատություն» տերմինները անհամատեղելի են: Նախ Սահմանադրությունը բովանդակում է իրավական դրույթներ, որոնք կանխանշում են Հայաստանի Հանրապետության իրավական զարգացման տեսլականը, այսինքն՝ սա երկարատև և ֆունդամենտալ իրավական ակտ է, այլ ոչ անցումային, ինչպես նաև իրավական հիերարխիայի բարձրագույն աստիճանը: «Transitional Justice» հասկացությունը իբրև «անցումային արդարադատություն» թարգմանելը առաջ է բերում լուրջ հակասություն դատարանների բացառիկ լիազորության և անցումային շրջանում կիրառվող միջոցների միջև: Արդյունքում նման թարգմանության և մեկնաբանության պարագայում ստացվում է իրավիճակ, երբ պետական իշխանություն իրականացվում է մարմնի կողմից, որը լիազորված չէ դա անելու:

Այլ հարց է, որ այս դեբատի առաջացման հիմնական պատճառը անցումային արդարության մի դրսևորման՝ քրեադատավարական գործիքակազմի լուսաբանումն է:

Անցումային արդարության հասկացությունը, դրսևորումները

Անցումային արդարությունը եղանակների, միջոցների փոխկապակցված համակարգ է, որը կիրառվում է պետությունների կողմից ընդհարումներից, ռեպրեսիաներից, քաղաքական ճգնաժամային իրավիճակներից հետո՝ իբրև պետաիրավական գործիքակազմի վերագործարկման տարբերակ, որի նպատակն է վերականգնել արդարությունը, հանրային իշխանության մարմինների լրիվ ֆունկցիոնալությունը, հատուցել տուժողներին և ապահովել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը հետագա ոտնահարումներից:

Ռեպարացիաները իբրև անցումային արդարության դրսևորում

Ռեպարացիաները լայն սահմանմամբ տուժողներին (վիկտիմներին) տրվող հատուցումներն են իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների համար: Ո՞ր անձինք կարող են համարվել վիկտիմներ անցումային արդարության իրականացման համատեքստում: Ռեպարացիաների հիմնական սկզբունքներ կոչվող փաստաթուղթը՝ սահմանված ՄԱԿ-ի կողմից[iii], ամրագրում է, որ վիկտիմներ են այն անձինք, ովքեր անհատապես կամ կոլեկտիվ կարգով կրել են ֆիզիկական կամ հոգեկան վնաս, էմոցիոնալ տառապանք, տնտեսական կորուստ, կամ էականորեն արժեզրկվել են վերջիններիս իրավունքները հանցագործների գործողությամբ կամ անգործությամբ մարդու իրավունքների կամ միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների պատճառով: «Վիկտիմ» հասկացությունը կարող է ներառել նաև անմիջական տուժողների ընտանիքի անդամներին, իրավահաջորդներին, նաև անձանց, ովքեր փորձել են աջակցել զոհերին:

Այսինքն՝ ռեպարացիաներ տրամադրելիս կարող են շեշտադրվել ինչպես անձանց որոշակի խմբեր (օրինակ՝ Պերուում հատուցում տրվում էր այն անձանց, ովքեր վնասներ են կրել պետության տնտեսական քաղաքականության պատճառով[iv], Սիերա Լեոնեում և Տիբոր Լեստեում առաջնահերթության կարգով հատուցվում էին հաշմանդամություն ունեցող անձինք, որբերը, կանայք[v]), այնպես էլ որոշակի արարքների զոհեր (օրինակ՝ Քենիայում հատուցում էին ոչ թե կոնկրետ չափանիշների բավարարող վիկտիմների, այլ 1963-2008 թվականներին տուժած անձանց[vi]):

Նշված հատուցումները գործնականում կարող են ունենալ բազմապիսի դրսևորումներ՝ ֆինանսականից մինչև բարոյաէթիկական և հոգեբանական: Պետք է հաշվի առնել, որ ռեպարացիաների կիրառումը չի ենթադրում իշխանական ճյուղերի գործունեության լիակատար խափանում կամ կատարման անհնարինություն: Վերջիններս ընդունելի են նաև իշխանափոխության ժամանակ, երբ փորձ է արվում անցնել առավել ժողովրդավար ռեժիմի՝ այսպիսով հարգանքի տուրք մատուցելով նախկին իշխանությունների կողմից տուժած անձանց, նրանց խախտված իրավունքներին՝ ներգրավվելով հասարակական-քաղաքական գործընթացներում և կարևորելով այդ անձանց դերը:

Միջազգային իրավունքում ընդունելի է այն սահմանումը, որ ռեպարացիաները կոչված են վերահաստատելու արդարություն՝ վերականգնելով տուժողների խախտված իրավունքները, պատասխանատու կողմին պարտավորեցնելով հատուցել պատճառած վնասը:[vii] Այս մոտեցումը մարմնավորում է ներպետական և միջազգային իրավական ակտերով սահմանված և պահպանվող հատուցելիության սկզբունքը:[viii] Արդի իրավագիտության զարգացման պայմաններում անցումային արդարության իրականացման դեպքերում ռեպարացիաները շարունակաբար հանդես են գալիս որպես առավել ընդունելի և կիրառելի ուղի:[ix]

Ռեպարացիաները բովանդակում են բավականին բարդ համակարգ, ենթարկվում են ընթացիկ զարգացման ու վերափոխումների և չեն սահմանափակվում պարզապես ֆինանսական հատուցմամբ: Ռեպարացիոն անցումային արդարությունը իր հերթին ունի վեց հիմնական դրսևորում՝[x]

  1.   Ռեստիտուցիա,
  2.   Փոխհատուցում,
  3.   Վերականգնում,
  4.   Տուժողների պահանջների բավարարման միջոցներ,
  5.   Ոտնահարումների կրկնումը բացառող երաշխիքների տրամադրում,
  6.   Հարգանքի տուրք, հիշատակ։

Ռեստիտուցիաները բնորոշում են խախտված իրավունքների, հիմնականում՝ սեփականության իրավունքի վերականգնումը:[xi] Փոխհատուցումները հիմնականում նյութական և ոչ նյութական վնասի հատուցումներն են դրամական միջոցներով: Սրանք կիրառելի են այն դեպքերում, երբ անձանց պատճառվել է գույքային վնաս: Սակայն ասվածը չի նշանակում, որ, օրինակ, առողջությանը պատճառված վնասների դեպքում դրամական հատուցումներ տեղի ունենալ չեն կարող: Պետություններում, որտեղ անցումային արդարությունը տարածվում էր նաև վաղեմության ժամկետն անցած հանցագործությունների վրա, կային տուժողներին ռեպարացիա տրամադրելու նախադեպեր՝ ռեստիտուցիոն, կոմպենսացիոն դրսևորմամբ:

Տուժողների պահանջների բավարարմանն ուղղված միջոցները կարող են հանդես գալ իբրև զոհերին պատճառված վնասի հրապարակային ճանաչում, հանրային կարգով ներողություն խնդրելու գործընթաց:[xii]

Ոտնահարումների կրկնումը բացառող երաշխիքների տրամադրումը առավել տևական գործընթաց է, որն արտահայտվում է նոր ռեժիմի և/կամ իշխանությունների քաղաքականության խորապատկերում: Մեխանիզմը հետևյալն է՝ պետությունը, հանրային իշխանությունը դատապարտում է հանցագործների և/կամ նախկին ռեժիմի արարքները, ընդունում և ճանաչում է տուժողներին և նրանց իրավունքների խախտումները: Միայն այսքանը արդեն իր դրսևորմամբ համապատասխանում է անցումային արդարություն իրականացնելու սահմանմանը, որովհետև դա մարդու իրավունքների խախտումները ճանաչելու և վերացնելուն ուղղված անկյունաքարային քայլ է: Ընդունելով և ճանաչելով՝ պետությունը երաշխավորում և ցույց է տալիս իր բացասական վերաբերմունքը նմանօրինակ արարքների նկատմամբ, հետևաբար և պարտավորվում է թույլ չտալ դրանց կրկնումը:

Ռեպարացիաների առանձնահատկություններից մեկն այն է, որ այն միաժամանակ և հնարավորինս պետականակենտրոն է և ուշադրության կենտրոնում է պահում տուժողներին: Սրա վառ ապացույցն է վերականգնողական ծրագրերի իրականացումը, որը հիմնականում ուղղված է անձանց հոգեկան, բարոյական վնասները հատուցելուն: Ռեպարացիան այս ձևով կարող է դրսևորվել այն պարագայում, երբ տուժողների հետ աշխատում են հոգեբաններ, կամ ձեռնարկվում են քայլեր վիկտիմների վերասոցիալականացումն ապահովելու համար: Վերականգնման տարբերակ է նաև տուժողներին, օրինակ, պլաստիկ վիրահատություններ անելու և նախկին արտաքին տեսքը վերականգնելու հնարավորություն տալը: Ստացվում է, որ անցումային արդարությունը, փաստորեն, դրսևորվում է ոչ միայն առանց քրեաիրավական գործիքակազմի գործադրման, այլև՝ առանց անմիջականորեն ֆինանսական ռեսուրս տրամադրելու:

Ռեպարացիա պահանջող և ստացող տուժողները գրականության մեջ երբեմն անվանվում են «վատ զոհեր»(անգլ.՝ Bad victims), քանի որ «խոչընդոտում են» նոր ռեժիմի տնտեսական առաջխաղացմանը[xiii] և ավելի բարձր են դնում սեփական շահը՝ պահանջելով նոր իշխանություններից հատուցել իրենց կրած վնասները: Երբեմն վերջիններս անվանվում են «մուրացկաններ» և «արյունոտ փողեր» պահանջողներ:[xiv] Ռեպարացիաների դրսևորման մասին խոսելիս անհրաժեշտ ուշադրություն և կարևորություն չի տրվում մասնավորապես վերականգնողական, զոհերի պահանջների բավարարումն ապահովելու և հարգանքի հիշատակի ենթաձևերին:[xv] Վերջիններիս կարևորությունը, ըստ մեզ, անհրաժեշտ չափով բարձրաձայնված չէ: Նշված ենթաձևերի կարևորագույն գործառույթը ցանկացած և յուրաքանչյուր տուժողի վերասոցիալականացումն ու արժևորումն է: Պետք չէ մոռանալ նաև, որ ռեպարացիաների միջոցով հնարավոր է վերադարձնել անձանց հավատը դեպի քաղաքական կազմակերպություններ, այդ թվում՝ պետություն՝ այսպիսով պետության կարևորագույն ռեսուրսի՝ մարդկայինի ֆոնդին ավելացնելով ևս մեկ ֆունկցիոնալ քաղաքացու կամ անձի:[xvi] Այս ճանապարհով անձը վերագտնում է իրեն իբրև իշխանության իրական աղբյուր, քանի որ այսպիսով վիկտիմը մասնակցում է իրեն տրվող ռեպարացիայի ձևավորմանը:

Ռեպարացիաների կարևորությունը և արդյունավետությունը արտահայտվում է նաև այն ժամանակ, երբ այն դիտարկվում է իբրև անցումային արդարության թերևս միակ երկվեկտոր դրսևորում:

Ռեպարացիաները և դատական իշխանությունը. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և անցումային արդարությունը ռեպարացիոն դրսևորմամբ

Հյուսիսային Իռլանդիային առնչվող գործի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս զարգացրեց առողջ և իրավունքի համընդհանուր սկզբունքներից բխող նախադեպային պրակտիկա՝ սահմանելով, որ պետությունը կրում է պարտականություն հետաքննելու պետության գործողություններով պատճառված մահվան դեպքերը՝ նշելով, որ այդ հետաքննությունները պետք է լինեն համալիր և ընդգրկեն նաև զոհերի ընտանիքի անդամներին: ՄԻԵԴ-ը փաստել է նաև, որ հետաքննությունը, ապացույցների համակցության բավարարության դեպքում, պետք է հիմք հանդիսանա հատուցման:[xvii]

Այն դեպքերում, երբ հիմնական վնասը հասցվել էր սեփականությանը, ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան ևս սատարում էր անցումային արդարությանը և ռեպարացիաներին: Այսինքն՝ այս պարագայում ոչ այնքան կարևոր է ոտնահարման պահը, որքան փաստը, որ անձը զրկվել է իրեն պատկանող գույքից օգտվելու, օգուտներ քաղելու իրավունքից:[xviii]

Ընդհանուր առմամբ ՄԻԵԴ նախադեպային իրավունքում ընդգծվում է աջակցությունը և համաձայնությունը իլյուստրացիոն գործընթացներին անցումային արդարության կոնտեքստում, բայց այս դեպքում կարևորվում է հանրային և մասնավոր շահերի միջև հավասարակշռումը:[xix]

Հայաստանի Հանրապետությունը և ռեպարացիաները. ընդհանրացում

Վերը հիմնավորեցինք, թե ինչու է պետք օգտագործել «անցումային արդարություն» եզրույթը: Քննարկված իրավիճակները, հնարավոր դրսևորումները ցույց տվեցին, որ անցումային արդարության իրականացումը ռեպարացիաների ձևով առաջ չի բերում սահմանադրական հակասություններ։ Այսպիսով՝ առավել կողմ լինելով դասական բնորոշմանը՝ ՀՀ Սահմանադրությունը կպահպանի իրավական հիերարխիայի բարձրագույն աստիճանը, կշարունակի մատնանշել պետաիրավական զարգացման տեսլականը և անգամ անցումային ժամանակաշրջանում կմնա չխախտված՝ այդպիսով մեկ անգամ ևս վերահաստատելով սեփական դերն ու նշանակությունը իրավական պետության և քաղաքացիական հասարակության պայմաններում:

Պարզ դարձավ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում լայնամասշտաբ խախտումների մասին ցայսօր արված հետազոտություններ չկան, որոնք կփաստեն, որ մեզ անհրաժեշտ է անցումային արդարությունը քրեադատավարական գործիքակազմի գործադրմամբ, որը հասանելի կդարձնի այնպիսի նպատակներ, որոնք անհնար են ռեպարացիաների դեպքում:

Գործնական դաշտի հարցադրումը հետևյալն է՝ ո՞վ պետք է տրամադրի ռեպարացիաներ: Գրականության մեջ միանշանակ մոտեցումը բացակայում է: Հնարավոր են դեպքեր, երբ ռեպարացիաներ կտրամադրի հանրային սեկտորը, օրինակ՝ Կառավարությունը կամ դրան կից կոմիտեն, հնարավոր է ստեղծել փաստահավաք խումբ՝ այս պարագայում առավել շեշտադրելով բարձրաձայնումը և ոչ հատուցումը: Մեկ այլ և մեզ համար առավել ընդունելի տարբերակ է ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով կազմելը, որը հնարավորինս հստակ կսահմանի այն կրիտերիան, որին համապատասխանող անձինք կստանան ռեպարացիաներ որևէ կոնկրետ դրսևորմամբ կամ դրսևորումների համատեղմամբ: Կրիտերիայի հստակ սահմանումը հնարավորություն կտա խուսափելու տուժողների միջև ներքին բախումներից: Հակառակ դեպքում կարող է առաջ գալ արհեստական բաժանում «առավել բարենպաստ» դիրքերում գտնվող և մյուս տուժածների միջև, ինչը առավել կսրի իրավիճակը:

Իբրև գործնական ոլորտի հիմնահարց առանձնացնում ենք նաև կրիտերիայի ընտրությունը, որը, սակայն, սույն աշխատության քննարկման առարկան չէ:

Ռեպարացիաների միջոցով անցումային արդարության իրականացումը չի հակասում ՀՀ Սահմանադրության որևէ դրույթի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս անցումային արդարության ռեպարացիոն ձևի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միջև որևէ հակասություն չի տեսել:

Ավելին, իբրև վերջաբան նշենք, որ այդ գործընթացը ՀՀ-ում արդեն սկսվել է, սակայն որպես այդպիսին չի որակվել, քանի որ ռեպարացիան՝ իբրև անցումային արդարության իրականացման ձև, գրեթե չի դիտարկվել հայաստանյան հասարակության կողմից: Ասվածը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութի մասին է,[xx] որտեղ նա մարտի 1-ի զոհերից ներողություն է խնդրում պետության անունից: Բացի ներողություն խնդրելուց՝ վարչապետն ընդունում է, որ տեղի են ունեցել հանցագործություններ, ապօրինաբար կիրառվել են զենքեր և բռնի ուժ: Նիկոլ Փաշինյանը քննադատեց և դատապարտեց նմանօրինակ բռնություններն ու ապօրինությունները: Նա նաև դատապարտեց հանցագործների չկոնկրետացված դիտավորությունը և իշխանական ռեժիմի մոտեցումը իրենց իսկ ղեկավարած պետության քաղաքացիներին: Սա դասական օրինակ է անցումային արդարության ռեպարացիոն ձևի՝ հարգանքի տուրք մատուցելու և հիշատակելու, վերականգնման եղանակներով: Նա նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի վերադառնալու նախկինում առկա ամենաթողության և հակաիրավական վարքագծի ռեժիմներին: Այսպիսով՝ տրվեց նաև որոշակի երաշխիք, որ նման վարքագիծը չի կրկնվի: Այս ամենը բովանդակում են անցումային արդարության ռեպարացիոն դրսևորումը, և չկա որևէ հակասահմանադրական, հակակոնվենցիոն դրույթ կամ գործողություն:

Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան (Lusine Hovhannisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Գրականություն

[i] P. Arthur, ‘How “Transitions” Reshaped Human Rights: A Conceptual History of Transitional Justice’, էջ 31, Human Rights Quarterly 2 (HRQ) (2009), էջ 321; J. Elster, Closing the Books: Transitional Justice in Historical Perspective, Cambridge University Press, 2004; R. G. Teitel, ‘Transitional Justice Genealogy’, էջ 16, Harvard Human Rights Journal (2003), էջ 69.

[ii] Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 162

[iii] The UN Basic Principles on Reparations.

[iv] Root Rebecca K. Root, Transitional Justice in Peru, Palgrave MacMillan (2012), էջ 134

[v] TRC Report Vol.II, Գլուխ 4, պարագրաֆ 69-70

[vi] Transitional Justice and Reparations: Remedying the Past? Moffett, L. (2017). Transitional Justice and Reparations: Remedying the Past? In C. Lawther, L. Moffett, & D. Jacobs (Eds.), Research Handbook on Transitional Justice Edward Elgar Publishing. Research Handbook on Transitional Justice

[vii] Սկզբունք 15, UN Basic Principles and Guidelines on the Right to a Remedy and Reparation for Victims of Gross Violations of International Human Rights Law and Serious Violations of International Humanitarian Law, A/RES/60/147 (2005).

[viii] D. Shelton, Remedies in International Human Rights Law, (OUP 2005, երկրորդ հրատարակչություն).

[ix] R. Falk, Reparations, International Law, and Global Justice: A New Frontier, P. de Greiff (ed.), Handbook of Reparations, էջ 478- 503. (OUP 2006). Միջազգային քրեական դատարան, Հռոմի Ստատուտ հոդված 75, Միջազգային իրավախախտումների համար պետությունների պատասխանատվության կոնվենցիա, հոդվածներ 31, 34-39, 2001 թ.:

[x] Reparations in Transitional Justice: Justice Or Political Compromise? LUKE MOFFETT, Teitel, Ruti G. 2000. Transitional Justice. New York: Oxford University Press, էջ 119.

[xi] Transitional Justice and Reparations: Remedying the Past?, Moffett, L. (2017). Transitional Justice and Reparations: Remedying the Past? In C. Lawther, L. Moffett, & D. Jacobs (Eds.), Research Handbook on Transitional Justice Edward Elgar Publishing. Research Handbook on Transitional Justice

[xii] Ibid, էջ 5.

[xiii] T. Madlingozi, Good victim, bad victim: Apartheid’s beneficiaries, victims and the struggle for social

justice, in W. de Roux and K. van Marle (eds.), Law, Memory and the Legacy of Apartheid: Ten years

after AZAPO v President of South Africa, Pretoria University Law Press (2007), էջ107-126, 112-113.

[xiv] C. Moon, ‘Who’ll Pay Reparations on My Soul?’ Compensation, Social Control and Social Suffering, Social and Legal Studies 21(2) (2012) էջ 187-199.

[xv] Geneviève Painter, Towards Feminist Theoretical Approaches to Reparations (Conference Paper, September 2006) էջ 4

[xvi] Supra note 17

[xvii] ECtHR, Jordan v UK, Judgment, App no 24746/94, 4 մայիս 2001; ECtHR, McKerr v UK, Judgment, App no 28883/95, 4 մայիս 2001; ECtHR, Finucane v UK, Judgment, App no 29178/95, 1 հուլիս 2003.

[xviii] ECtHR, Loizidou v. Turkey, Judgment, App no 40/1993/435/514, 18 դեկտեմբեր 1996

[xix] ECtHR, Ždanoka v Latvia, Grand Chamber, Decision, App no 58278/00, 16 մարտ 2006, §100

[xx]  https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/153793728886567/