Ինքնորոշո՞ւմ, թե փակուղի
Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշումը՝ հանրապետության վերաբերյալ, ինչ խոսք, կարելի կլիներ ողջունել, ինչպես ողջունում ենք Մերձբալթիկայի ժողովուրդների ձգտումն անկախության։ Սակայն, տվյալ դեպքում հարկադրված ենք հաշվի առնել մի շարք հանգամանքներ, որոնք ոչ միայն ողջունելու առիթ չեն տալիս, այլեւ ստիպում են խորհել, թե ինչպես կարող է ինքնորոշման լուսե գաղափարը վերածվել իր իսկ հակապատկերի։ Այն, որ հարաբերությունները մեր հանրապետությունների միջեւ ծայրահեղ լարված են, դեռ չէր կարող հիմք ծառայել այդ ինքնորոշումը մերժելու։ Այն, որ մենք անընդհատ ականատես ենք լինում նորանոր բարբարոսությունների, որոնք կատարվում են Ադրբեջանի ձեռքերով, նույնպես թույլ փաստարկ կլիներ՝ որեւէ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հերքելու համար։ Ոչ, մենք չենք հերքում, մենք այդ իրավունքի հետեւողական կողմնակիցն ենք ու ջատագովը։ Սակայն հենց այդ բարբարոսություններից ելնելով ու թողնելով իրավաբանական մեկնությունները իրավաբաններին, մենք այժմ պիտի խոսենք բարոյական ու տրամաբանական այն անհեթեթությունների մասին, որոնց հետեւանքով Ադրբեջանի որոշումը վերածվում է դատարկ թղթի։
Ժողովուրդների ինքնորոշման գաղափարը ծնունդ է 20-րդ դարի քաղաքակրթության, ուստի այն իր իմաստի խորին շերտերում ենթադրում է, որ ինքնորոշվող ժողովուրդն, անշուշտ պիտի իր գործելակերպով ու իր աշխարհընկալմամբ լինի այդ քաղաքակրթության մակարդակի վրա, հակառակ դեպքում ինքնորոշման գաղափարը նենգափոխվում է ինքնակամության գաղափարի, ժողովրդի հոգեւոր, մշակութային ու նյութական ազատությանը՝ գազանային կրքերի սանձարձակության։
Ինչի՞ն է հակադրվում ինքնորոշման գաղափարը Բաքվի օրենսդիրների ձեւակերպումներով՝ իր էությամբ, իր խոր իմաստով։ Կասկած չի կարող լինել, որ այն ուղղված է Արցախի արդեն կայացած ինքնորոշման դեմ։ Որքան խղճուկ պիտի լինի մի «ինքնորոշում», որն ինքնորոշման սկզբունքի դեմ է։ Որքան ողորմելի պիտի լինի «ազատության» տենչը, որը կոչված է խեղդելու արդեն ձեռք բերված ազատությունը։
Ժողովուրդների ինքնորոշումը համընդհանուր գաղափար է, եւ այն չի կարող դիտվել որպես ժողովուրդներից որեւէ մեկի արտոնություն։ Մենք չենք ժխտում նրա այդ իրավունքը, մենք պարզապես պնդում ենք, որ այդ իրավունքից օգտվել նա չի կարող, ի վիճակի չէ, քանի որ այդ դեպքում ինքնորոշումը դառնում է կեղծիք ու ինքնախաբեություն։ Մենք մատնանշում ենք, որ երբ ինքնորոշման նպատակն է ոչ թե սեփական անկախությունն, այլ ուրիշի ազատության ոտնահարումը, այն անխուսափելիորեն հանգեցնում է տրամաբանական, բարոյական ու իրավաբանական այնպիսի հակասությունների, որոնք ի վերջո ի չիք են անում ողջ գաղափարն ու այն իրականացնելու գործնական ու իրավական ուղիները։
Ադրբեջանի անկախացումը Խորհրդային Միությունից, լինի դա տնտեսական, թե քաղաքական անկախացում, սկզբունքորեն նույնն է, ինչ Արցախի անկախացումը Ադրբեջանից։ Միանգամայն համաձայն ենք, որ Ադրբեջանի անկախացման հարցը պիտի լուծվի միայն Ադրբեջանում անցկացված հանրաքվեի միջոցով, այսինքն՝ ինքնորոշումը միայն ինքնորոշվողի գործն է ու միութենական հանրաքվեն այս հարցը լուծելու իրավասություն չի կարող ունենալ։ Սակայն, Արցախի հարցն էլ պիտի դիտվի նույն սկզբունքով՝ որպես Արցախի ու միայն Արցախի անքակտելի իրավունք, այն, ինչ մենք պնդել ու պնդում ենք, եւ այն, ինչի դեմ հրով ու սրով ծառացել է «ինքնորոշվող» մեր հարեւանը։ Հակառակ դեպքում, եթե Արցախի ինքնորոշումը կախման մեջ է դրվում Ադրբեջանից, կամ ամբողջ Միության կամքից, ապա Ադրբեջանի ինքնորոշման խնդրի լուծումն էլ ավտոմատիկորեն փոխանցվում է միութենական իրավասությանը։
Եվ ահա թե ինչ է ստացվում։ Անգամ եթե մի պահ թույլ տանք ամենաաներեւակայելի մի ենթադրություն, որ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններն ու ժողովուրդներն իրենց հանրաքվեով դրական լուծում տան Ադրբեջանի անկախացման հարցին, մի՞թե սա հնարավոր է ինքնորոշում համարել։ Չէ՞ որ այս դեպքում էլ ուրիշներն են որոշում «ինքնորոշվողի» փոխարեն։ Եվ այստեղ ծնվում է մի պարադոքս, երբ ինքնորոշման հենց հիմքում է դրված ուրիշի կամքը կատարելու գաղափարը։ Հակասության խոր իմաստն ավելի պարզ ու հասկանալի կդառնա, եթե կրկին անդրադառնանք արդեն վաղուց արտահայտված այն մտքին, թե մյուս ժողովուրդների ինքնորոշման իրավունքն արհամարհողի ու ոտնահարողի համար սեփական ինքնորոշումն անխուսափելիորեն դառնում է կեղծիք ու ինքնախաբեություն։
Երբ Մոսկվայում Ադրբեջանի երեսփոխանները մյուսների հետ միասին քվեարկում էին ինքնորոշման ուղիները փնտրող Մերձբալթիկայի հանրապետությունների բոլոր առաջարկների դեմ, նրանք կատարում էին Մոսկվայի իշխանությունների կամքը։ Երբ Արցախի ինքնորոշման արդեն կայացած փաստին Ադրբեջանը հակադրում է ջարդ, շրջափակում ու այլ բարբարոսություններ, նա նույնպես հանդեպ է գալիս որպես Մոսկվայի կամակատար։ Արցախյան շարժման ընթացքում մենք ականատես եղանք երկու ժողովուրդների երկու հակամետ ուղիների։ Մի կողմից, մենք տեսանք, ինչպես հայ ժողովուրդն իր բախտը Կրեմլի կամքին կապելուց հետեւողաբար գնաց ու գնում է դեպի հոգեւոր, քաղաքական ու տնտեսական իսկական անկախացում։ Մյուս կողմից, մենք ականատես էինք ու ենք, թե ինչպես Ադրբեջանի լայն զանգվածներն իրենց վայ-առաջնորդների ու կեղծ մտավորականության դրդմամբ ավելի ու ավելլի են խորացնում իրենց կախվածությունը Մոսկվայի կամքից։ Եվ արդեն անհեթեթ չի թվալու, որ ինքնորոշման վերաբերյալ վերջին որոշումն էլ այս ուղու տրամաբանական շարունակությունն է, քանի որ որոշումն ընդունված է նույնպես Մոսկվայի հովանավորությամբ, համաձայնությամբ ու թելադրանքով։ Այս մասին է վկայում կենտրոնական իշխանությունների լուռ հանդուրժողականությունն այս որոշման հանդեպ, «Ժամանակ» ինֆորմացիոն ծրագրի սառնասիրտ ու հանգամանալից հաղորդագրությունը, մինչդեռ առայժմ Մերձբալթիկայի հանրապետությունների նման փորձերը նույն իշխանությունների բուռն ցասումն են առաջացնում, մինչդեռ աշխարհի հիշողության մեջ դեռ թարմ է իշխանությունների արյունարբու խրախճանքը Թբիլիսիում՝ նույն ինքնորոշման պահանջների հետեւանքով։ Անշուշտ, ոչ Մերձբալթիկայի, ոչ էլ Վրաստանի անկախացումը Մոսկվան չի հանդուրժի, ինչպես հանդուրժում է Ադրբեջանի թղթային անկախացումը, քանի որ մի դեպքում այն Մոսկվայի կամքին հակառակ է ու հակասում է նրա կայսերական միտումներին, իսկ երկրորդ դեպքում՝ ոչ, քանի որ երկրորդ դեպքը նույնպես կայսերական միտումների դրսեւորում է։ Ուստի Մոսկվան հնարավոր է գտնում միայն իրեն շնորհված արտոնությունից մի փշրանք էլ հատկացնել Ադրբեջանին, որն իր գործելակերպով ու ազգամիջյան հարցերում տոտլալ անփոփոխության ու ճահճացման պաշտպան լինելով, հանդիսանում է կենտրոնական իշխանությունների գլխավոր դաշնակիցը։ Մոսկվային դա ոչնչով չի սպառնում․ մյուս ժողովուրդներին ճնշելու իր ամոթալի արտոնությունն էլ է նա սրսկել Ադրբեջանին ու թելադրել այդ հավակնություններն իրագործելու ուղիները։ Եվ հենց դա է, որ ոչ միայն տեսականորեն է հակասում ինքնորոշման գաղափարին, այլ ավելի խոր կախման մեջ է գցում նման պարագաներում «ինքնորոշում» հռչակող ժողովորդին։ Չէ՞ որ այդ նույն պարադոքսի հետեւանք է այն, որ ինքը՝ ռուս ժողովուրդն իր պատմության ընթացքում Ռուսաստանի կողմից յուրաքանչյուր օտար հողակտոր զավթելուն զուգընթաց, ավելի ու ավելի էր խորանում իր ստրկության ու ստրակմտության մեջ։ Ու գովերգվում, ազգային հերոս ու կուռք էին դառնում երմակները։ Եվ իր գերիշխանությունից շլացած Ռուսիան արդեն չէր էլ նկատում, որ Ռուսաստանը կառավարում են մերթ բիսմարկները, մերթ ջուղաշվիլիները։
Եվ արդեն կասկած չի կարող լինել, որ մինչեւ չփոխվի Ռուսաստանի վերաբերմունքը զավթած ժողովուրդների նկատմամբ, ռուս ժողովուրդը չի կարող վայելել ազատության պտուղները։ Իսկ այդ միտքը համընդհանուր է, եւ ադրբեջանցի կոչվող ժողովուրդը բացառություն չի կազմում․ նրա դիրքորոշումը մյուս ժողովուրդների ազատության հարցում՝ մի կարեւոր գործոն է, որից էլ կախված է այն, թե ադրբեջանցին իրո՞ք կինքնորոշվի ու կգտնի իր ազատությունը, թե՞ կմնա ստրուկ եւ էլ ավելի կստրկանա, անգամ եթե յուրաքանչյուր օր ընդունի իր «անկախությունը» հռչակող որոշումներ, որոնց մեջ միշտ էլ անխուսափելիորեն տեղ կգտնեն այն հակասությունները, որոնք փաստորեն ջնջում են որոշման իմաստն ու աղավաղում ինքնորոշման ու ազատության գաղափարի համամարդկային բնույթն ու նշանակությունը։
Ռափայել Պապայան
ՀԱՅՔ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ.
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ