Ամեն մարդ հավատում էր, որ ինքն է «կինոյի» հերոսը
«Շողակաթ» հեռուստաընկերության ստեղծագործական խորհրդի անդամ, հեռուստաֆիլմերի և հաղորդումների արտադրության տնօրեն, 88-ի Շարժման ականատես Տիգրան Պասկեւիչյանի հետ զրուցում է Ռիմա Գիրգորյանը
Պրն Պասկևիչյան, մինչև 88-ը ազգային-քաղաքական հարցեր քննարկվու՞մ էին, մասնավորապես նկատի ունեմ Ղարաբաղի, Նախիջևանի և ցեղասպանության հարցերը:
Վկայությունս կարող եմ սկսել 1983-ից, երբ համալսարան ընդունվեցի։ Դրանից առաջ էլ արդեն ներկա էի ուսանողական շրջանակներում՝ հատկապես բանասիրական ֆակուլտետի, քանի որ ընկերներիս մի մասն այնտեղ էին սովորում։ Ղարաբաղի, Նախիջեւանի հարցերը գուցե քննարկվում էին։ Հիմա ստույգ չեմ հիշում, չեմ կարող ասել՝ ովքե՞ր էին քննարկում, ինչպե՞ս։ Ավելի շատ խոսվում էր ցեղասպանության, մեր հողերի կորստի մասին։ Շատերի ընտանիքներն այս կամ այն կերպ կապ ունեին դարասկզբի ողբերգության հետ։ Խաչիկ Դաշտենցն ու Մուշեղ Գալշոյանն էին մեզ ոգեշնչում, ֆիդայական երգեր էինք երգում, բանավոր իրար փոխանցում առասպելներ ու լեգենդներ Սփյուռքում գործող ազատագրական գաղտնի բանակի մասին։
Ապրիլի 24-ը նշվում էր հավուր պատշաճի, թեեւ իշխանությունների կողմից ձեւական դիմադրություն կար։ Ասում էին՝ խմբով մի գնացեք Ծիծեռնակաբերդ, փորձում էին կանխել ուսանողների կուտակումները։ Բայց դա, նորից եմ ասում, շատ ձեւական էր եւ, որպես կանոն, հետեւանքներ չէր ունենում։
Հիշում եմ՝ մի անգամ Ծիծեռնակաբերդի ճանապարհին փորձեցին մասնատել ուսանողների հոծ բազմությունը. մեր ֆակուլտետում մի տղա կար՝ Դավիթ Գյուլզադյանը (Վանաձորում է ապրում), շատ լավ ձայն ուներ, սկսեց ֆիդայական երգ երգել, մենք էլ միացանք, ռայկոմական չինովնիկները՝ ձեռքերը թափ տալով, հեռացան։
Համալսարանում ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ էին լինում։ Միքայել Հայրապետյանը (այժմ՝ Պահպանողական կուսակցության նախագահ) Մուշեղ Գալշոյանի «Մամբրե արքան» էր բեմադրել հայագիտական դպրոցի աշակերտների մասնակցությամբ։ ՀԱԿ-ի հավատավոր անդամ, Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանն էլ խաղում էր այդ ներկայացման մեջ։
Համալսարանում դասախոսներ կային, որոնք էական ազդեցություն ունեին մեր «քաղաքացիական» տեսակի ձեւավորման գործում։ Լեւոն Ներսիսյան, Ռաֆայել Իշխանյան…Նրանց խոսքը քաղաքական բովանդակություն չուներ, վարքը քաղաքական չէր, բայց այսօր, հետ նայելով՝ հասկանում ես, որ առնվազն մտածել էին սովորեցնում։ Հիմա շատ օգտագործվող մի բառ կա՝ դիսկուրս։ Այն ժամանակ նրանք դիսկուրս էին առաջացնում։ Իշխանյանն, օրինակ՝ բոլոր ուսանողներին հարցնում էր՝ ի՞նչ լեզվով եք ստորագրում։ Մանրուք էր, (այսօր էլ շատերը չեն հասկանում, որ Ֆեյսբուքում պետք չի տրանսլիտով գրել), բայց դա ինքնաճանաչման եւ ինքնահաստատման ճանապարհ էր բացում։
Իսկ Երևանում եւ Հայաստանում ընդհանուր առմամբ ի՞նչ մթնոլորտ էր այդ օրերին:
Ութսունականների սկզբի Երեւանից շատ բան չեմ հիշում, որովհետեւ 84-ին՝ առաջին կուրսն ավարտելուց հետո, բանակ գնացի։ Այն ժամանակ առաջին կուրսն ավարտածներին զորակոչում էին։ Երբ գնացի, Երեւանում խորը սովետ էր։ Բրեժնեւը մոտ մեկուկես տարի առաջ էր մահացել, նրան հաջորդել էր ՊԱԿ-ի նախագահ Անդրոպովը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Անդրոպովն իր իմացած ձեւերով երկրում կարգուկանոն էր ուզում հաստատել։ Հիշում եմ՝ ցերեկվա ժամերին մտնում էին կինոթատրոնների դահլիճներ, լույսերը վառում էին ու հարցուփորձ անում՝ ինչո՞ւ այս ժամին աշխատանքի կամ դասի չեք։ Մի անգամ ինձ էլ մոտեցան։ Ասում են՝ ցերեկով ի՞նչ ես անում փողոցում։ Գրպանիցս հանեցի Հանրային (հիմա՝ Ազգային) գրադարանի տոմսը, ասացի՝ գրադարան եմ գնում, բաց թողեցին։
84-ի ամռանը, երբ բանակ էի գնում, արդեն Անդրոպովն էլ չկար։ Գենսեկի աթոռը Չեռնենկոն էր զբաղեցրել։ Մարդիկ ասում էին՝ Չեռնենկո-Մեռնենկո՝ ակնարկելով նրա տարիքն ու առողջական վիճակը. հազիվ էր քայլում, մի կերպ՝ շնչում։ Բոլորը գիտեին ու խոսում էին, որ դա միջանկյալ կամ, այսպես ասած, անցումային լուծում է, բայց համակարգն իներցիայով աշխատում էր, եւ, անկեղծ ասեմ, ոչ մեկի (բացառությամբ լավ իրազեկված փոքրաթիվ մարդկանց) մտքով չէր անցնում, որ մոտ ապագայում (5-6 տարի անց) Սովետական Միություն չի լինելու։
Չանցած մեկ տարի՝ Չեռնենկոն էլ հրաժեշտ տվեց կյանքին։ Արդեն ինն ամսվա ծառայող էի։ Երկրի ղեկավարի կորուստը ոչ մի կերպ չզգացվեց բանակայինի մեր կյանքում։ Թվում էր՝ պետք է արտակարգ դրություն հայտարարվեր, զորամասը բերվեր լիակատար մարտական վիճակի, բայց նման բան չեղավ։ Կամ՝ եղավ, ու ես չեմ հիշում, իսկ եթե չեմ հիշում՝ չեղածի հաշիվ է։
Գորբաչովի նշանակման մասին էլ մեզ կեսբերան հայտնեցին։ Ավելի ուշ, երբ ընդունվեց հակաալկոհոլային քաղաքականության մասին հրամանագիրը, զամպոլիտը (հրամանատարի քաղաքական գծով տեղակալը), դժվարությամբ ներշնչել-արտաշնչելով նախորդ իրիկուն ընդունած օղու գոլորշիները, բարեկամաբար խորհուրդ տվեց հեռու մնալ հարբեցողությունից եւ դրա հետ կապված արկածախնդրություններից։
Բանակային տարիների սովետից մի հիշողություն էլ ունեմ, մի դեպք, որը, կարելի է ասել, իմ մեջ լուրջ կասկած առաջացրեց անծայրածիր այդ երկրի ապագայի հանդեպ։ 1984-ի դեկտեմբերին վախճանվեց ԽՍՀՄ պաշտպանության նախարար մարշալ Ուստինովը։ Նրա նկարը փակցված էր մեր զորամասում։ Հուղարկավորությունից եւ նոր նախարարի՝ մարշալ Սոկոլովի նշանակումից հետո զորամասի աղբանոցում պատահաբար տեսա Ուստինովի դիմանկարը։ Մոտերքում թիկունքի գծով հրամանատարի տեղակալն էր կանգնած։ Հանեցի նկարն ու նրան պարզելով՝ ասացի. «Ընկեր մայոր, աղբանոցում մարշալի նկարն եմ գտել, ի՞նչ անեմ»։ Առանց ինձ ու հանգուցյալ Ուստինովի նկարին նայելու՝ ատամների արանքից շպրտեց. «Да, брось на х…»։
Հայտնի է, որ այդ տարիներին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բացահայտվել էր ազգայնական խմբակ եւ սփյուռքահայ մի ուսանող արտաքսվել էր Հայաստանից։
Հա, դրա մասին ես իմացել եմ բանակում։ Իմ համակուրսեցի Հովիկ Չարխչյանի հետ նույն զորամասում էինք ծառայում. այդպես էր ստացվել։ Հովիկը, չգիտեմ ինչպես, վերցրել էր օրվա թերթերը, որոնց մի մասը մեզ չէր հասնում։ Правда-ն, Известия-ն, Красная звезда-ն բերում էին լենինյան սենյակ, որ կարդանք, բայց, օրինակ՝ «Аргументы и факты»-ն, որ համեմատաբար նոր եւ ազատ թերթ էր, պահում էին փակի տակ։ Եւ ահա, «Аргументы и факты» թերթն աչքի անցկացնելուց հետո, Հովիկը տալիս է ինձ ու ասում. «Նայիր, ինչ են գրել»։ Կարդում եմ «Камень за пазухой» հոդվածը, որը ստորագրել էր ոմն Կոտոլյան (կարծեմ՝ արտատպված էր Հայաստանի «Комунист» թերթից)։ Ծանոթ միջավայր, ծանոթ անուններ՝ Միքայել Հայրապետյան, Վահան Իշխանյան, Վարդան Դեւրիկյան, Դավիթ Գյուլզադյան։ Կարծեմ նաեւ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի անունը կար։ -Պահո՜,տղերքին «կոճկել են»։ Անկեղծ ասած՝ ինքս մինչեւ բանակ գալս չգիտեի ազգայնական այդ խմբակի գոյության մասին, ոչ էլ սիրիահայ ուսանող Րաֆֆի Մելքոնյանին էի կարգին ճանաչում, ում այդ պատմությունից հետո արտաքսեցին Հայաստանից։ Հետո, բնականաբար զամպոլիտը մեզ հրավիրեց զրույցի, փորձեց պարզել՝ որտեղ ենք սովորելիս եղել մինչեւ զորակոչվելը, ճշտեց, մենք էլ մոտավորապես ասացինք. «Քու տունը շինվի, գիտե՞ս էդ ֆակուլտետում քանի մարդ ա սովորում»։ (Տղա ուսանողների թիվն իրականում հոդվածում նշվածի հազիվ հնգապատիկը լիներ։)
Բարեհաջող վերադարձաք տուն։ Ի՞նչ-որ բան փոխվե՞լ էր։
1986-ին, երբ վերադարձա Երեւան, առանձնապես շատ բան չէր փոխվել, բայց օդի մեջ մի քիչ թարմություն կար՝ գուցե դա պերեստրոյկայի շունչն էր կամ գուցե ինձ էր այդպես թվում, որովհետեւ ծառայության ընթացքում մեզ չէին բացատրել՝ ի՞նչ է պերեստրոյկան, գլասնոստը. զինվորականությանը հավանաբար դա չէր ոգեւորում։
Իսկ այդ թարմությունն ինչո՞վ էր դրսևորվում:
Այդ ժամանակ տարբեր էր։ Մարդիկ ոչ միայն շշուկով խոսում ու բողոքում էին տիրող իրավիճակից, այլեւ որոշ չափով գործնական ակտիվություն կար։ Քննարկվում էին կոնկրետ խնդիրներ, դրանց լուծմանը հասնելու քայլեր՝ բնապահպանություն (Նաիրիտ եւ այլ քիմիական արտադրություններ, ատոմակայան), ռուսական դպրոցներ, լեզու, մշակույթ։ Մտահոգում էր Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսատանում ապրող հայերի (այն ժամանակ ներքին սփյուռք էին ասում) կրթամշակութային դրությունը։
Հիշում եմ՝ դասագրքեր եւ այլ գրավոր ու տեսողական նյութեր էինք հավաքում Վրաստանի, Ադրբեջանի հայկական գյուղերի դպրոցների համար։ Քրոջս գործընկեր Հակոբ Սանասարյանը խորհուրդ տվեց վերցնել այդ նյութերն ու գնալ Վրաստանի Թեթրի Ծղարոյի շրջանի Սամշվիլդա հայաբնակ գյուղը։ Ասում էր՝ գնա, այդ գյուղի դպրոցում դասատու աշխատիր։ Մեծ ոգեւորությամբ գնացի, երկու օր մնացի, պարզվեց՝ դպրոցի տնօրենն ուսուցիչների բոլոր հաստիքները տվել է իր ընտանիքի անդամներին եւ հարազատներին։ Մի գլոբուս, հայերեն դասագրքերի չորս-հինգ կապոց դպրոցին թողնելով՝ վերադարձա Երեւան։
Գիտեմ, որ ակտիվ մասնակցել եք նաև բնապահպանական ցույցերին: Կպատմե՞ք դրա ու դրան նախորդած պրոցեսների մասին:
Եթե չեմ սխալվում՝ 1986-ի աշնանը ստեղծվեց «Գոյապահպանություն» միավորումը։ Դա կիսալեգալ կազմակերպվածք էր, որը տեղավորվում էր այդ ժամանակ ԽՍՀՄ-ում ձեւավորված «неформал» շարժման տրամաբանության մեջ։ Հավաքները լինում էին գրողների, ճարտարապետների միությունների դահլիճներում։ Неформал-ությունը ենթադրում էր իշխանությունների կողմից ոչ կպչուն (не навязчивый) կառավարելիություն, բայց այդ խմբում քիչ չէին չկառավարվող մարդիկ։ Հենց նրանք էլ 1987-ի աշնանը որոշեցին, որ բնապահպանական պայքարը պետք է դառնա ավելին, քան ակումբային հանդիպում-քննարկումներն են։ Որոշվեց ցույց անել. չլսված բան 1965-ից հետո։
1987-ի հոկտեմբերի 16-ին եղավ առաջին ցույցը։ Երթով եկանք, մտանք Ազատության հրապարակ (այն ժամանակ դեռ Թատերական էր կոչվում, բայց մենք ասում էինք Օպերայի)։ Ոչ ոք չխանգարեց։ Չեմ էլ հիշում՝ միլիցիան ուղեկցում էր, թե ոչ։ Զավեն Խաչիկյանը մի լուսանկար է արել, որում շատ լավ երեւում է այդ երթը Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի անկյունում։ Լուսանկարում, կարծեմ, միլիցիոներներ չկան։ Իշխանությունների համար դա գոլորշին բաց թողնելու պրոցեդուրա էր, մեզ համար՝ վախը հաղթահարելու փորձառություն։ Բայց նրանք՝ այն ժամանակվա իշխանությունները, դա չէին կարող հասկանալ, քանզի քաղաքացիական բողոքի այդ ձեւին ծանոթ չէին։ Երբ դուրս ես գալիս ցույցի, երթ ես անում, հանրահավաք ես անում, մի բան, որ տասնամյակներով չի եղել, զգում կամ հասկանում ես այդ ճանապարհի կարելիությունը։
Հաջորդ օրը Բաղրամյան պողոտայում Սիրահարների այգու (այն ժամանակ Պուշկինի այգի) եւ Գերագույն Խորհրդի (հիմա նախագահական նստավայր) միջակայքում փոքրաթիվ մասնակիցներով մի ուրիշ ցույց եղավ՝ Ղարաբաղի հարցով։ Միլիցիայի եւ անվտանգության ուժերը շատ արագ ցրեցին։ Ես այդ ցույցին չեմ մասնակցել։ Իմացա, երբ ընկերս զանգեց եւ խորհուրդ տվեց դուրս չգալ, քանի որ դեպքի վայրին շատ մոտ էր մեր տունը։ Ասաց՝ սադրանք է, ուզում են թացն ու չորն իրար խառնել։
Բնապահպանական հաջորդ ցույցը եղավ 1988-ի փերտրվարի 18-ին Աբովյան քաղաքում։ Աբովյանում մի գործարան կար (հիմա անունը չեմ հիշում), հավաքվել էինք դրա մոտ, պահանջում էինք իշխանություններից փակել այն։ Ասում էինք, որ դա թունավորում է մթնոլորտը, մարդկանց։ Աբովյանից երթով եկանք Երեւան։ Լավ հիշում եմ երթը՝ քայլեցինք Ավանով, Նորքի I զանգվածով, Կենդանաբանական այգու մոտով ու հասանք Ազատության հրապարակ։ Հետո, կարծեմ, ցրվեցինք, շարունակություն չեղավ, բայց դա, կարելի է ասել, Ղարաբաղյան շարժման «գեներալնիյ ռեպետիցիան» էր։
Ձեր պատմածից կարելի է եզրակացնել, որ ժամանակի իշխանությունների կողմից գրեթե դիմադրություն չկար։
Այո, առաջին հայացքից կարող է այդպես թվալ, բայց պատճառը ոչ թե նրանց բարությունն էր, այլ կառավարման համակարգում առաջացած վակուումը։ Համակարգը, որը սովոր էր հանձնարարականներով շարժվելու, ոչ հրաման էր ստանում, ոչ էլ ուներ ինքնուրույն գործելու բավարար ազատություն։ Բոլորը գիտեին, որ պետության կուրսին դեմ գնալ չի կարելի, իսկ կուրսն այդ պահին թույլ չէր տալիս դուրս գալ ժողովրդի դեմ։ Հոկտեմբերի 16-ի ցույցից հետո ինձ մի քանի անգամ կանչեցին կոմերիտմիության կենտկոմ, քանի որ իրենց օրգան «Ավանգարդ» թերթի արտահաստիքային թղթակից էի։ Կենտկոմի երկրորդ քարտուղար Գուրգեն Հակոբյան կար, նա էր հետս զրուցում՝ մերթ մտերմիկ, մերթ սպառնալի տոնով։ Ասում էր՝ ախր, մենք չենք ուզում, որ քեզանով անվտանգությունը զբաղվի։ Սկզբում, իհարկե, տհաճ էր, հետո հասկացա, որ անվտանգությունն ինքը չի ուզում ինձանով զբաղվել։
Բնապահպանական ցույցերի շրջանում մտածու՞մ էիք, որ քաղաքական պայքար կարող է առաջանալ. նման ցանկություն կամ մտադրություն ունեի՞ք:
Այդ ժամանակ մենք քաղաքական նպատակներ չունեինք։ Մտածում էինք՝ պերեստրոյկան ինչ-որ բան փոխելու շանս է։ Վստահ չէինք, որ այդ գործընթացն անշրջելի է, ուզում էինք հնարավորին չափ կարճ ժամկետում մեծ փոփոխությունների հասնել՝ օգտագործելով հռչակված ազատությունները։
87-ի հոկտեմբերի ցույցից հետո մենք՝ մի խումբ երիտասարդներ (Վահան Իշխանյան, Աշոտ Ասլիբեկյան, Վաչե Քալաշյան, Արշակ Բանուչյան, Խաչիկ Ադամյան, Դավիթ Հարությունյան եւ էլի շատերը կային, որոնց անունները, ցավոք, չեմ մտապահել), ստեղծեցինք «Գոյապայքար» երիտասարդական միությունը։ Մեր նշանակետը միայն բնապահպանությունը չէր, կային նաեւ կրթության, լեզվի, դպրոցի հետ կապված նպատակներ։ Կարևոր դերակատարում ունեին համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը, կենսաքիմիկոս Հակոբ Սանասարյանը։ Իշխանյանն ուղղորդում էր մեզ հատկապես լեզվի եւ դպրոցի խնդիրներով, իսկ Սանասարյանը՝ էկոլոգիական հարցերով: Ղարաբաղը՝ որպես նպատակ, մեր ծրագրում չկար, բայց գիտեինք, որ նամակներ են գրվում, ստորագրություններ են հավաքվում եւ այլ մակարդակներում ինչ-որ քննարկումներ կան։ Աբովյան քաղաքի ցույցից եւ դեպի Երեւան մեծ երթից հետո աննկատ ու հանկարծակի սկսվեց Ղարաբաղյան շարժումը։
Ինչպե՞ս իմացաք, որ Շարժումը սկսվել է: Առաջին տպավորություններն ինչպիսի՞նն էին, և ի՞նչ տեղի ունեցավ Շարժման առաջին օրերին:
Փետրվարի 20-ի ցերեկը ընկերուհուս (ապագա կնոջս) հետ քայլում էինք քաղաքում, մեկ էլ տեսանք` Օպերայի մոտ մարդիկ են հավաքվում։ Մռայլ, բայց ոչ ցուրտ օր էր։ Ոչինչ դեռ պարզ չէր, հավաքված մարդիկ էլ դեռ կարգին չգիտեին՝ ինչ է սպասվում։ Հռետորներ չկային։ Ծանոթ մեկին տեսա, հարցրի՝ ի՞նչ հաշիվ է, ասաց՝ Ղարաբաղում ուզում են միավորվել Հայաստանին։
Օպերա եկա հաջորդ առավոտ։ Հրապարակը լեփ-լեցուն էր, հարթակում ղեկավարներ կային։ Վաչե (Սլավիկ) Սարուխանյանն արդեն հասցրել էր դառնալ ժողովրդի կուռքը։ Տեսարանն ավելի շատ սովետական աշխատավորական միտինգ էր հիշեցնում՝ կարմիր պաստառների վրա գրված լոզունգներով եւ կուսակցական առաջնորդների դիմանկարներով։ Վանկարկում էին «Միացում», «Լենին, պարտիա, Գորբաչով»։ Պերեստրոյկային եւ «գլասնոստ»-ին մարդիկ հավատում էին ու կարծում, որ վերափոխվող կոմունիստական կուսակցությունը կվերացնի անարդարությունները, եւ ողջախոհությունը կհաղթի։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն չկա՞ր։
Կոմիտե կար, բայց դա այն կոմիտեն չէր, որը դուք նկատի ունեք։ Հիշում եմ՝ ժողովուրդը վանկարկում էր՝ կո-մի-տե, կո-մի-տե… «Ղարաբաղ» կոմիտեից այդ ժամանակ այնտեղ էին Վազգեն Մանուկյանը, Սամվել Գեւորգյանն ու Սամսոն Ղազարյանը։ Իգոր Մուրադյանն էր այնտեղ։ Գուցե կար ավելի ընդգրկուն մի մարմին, բայց բոլոր անդամներին՝ անուն առ անուն թվել չեմ կարող։ Հարթակը, որքան հիշում եմ, հրապարակի պես տարերային էր, բայց քաղաքական լուրջ որոշումներ կայացվում էին, ինչպես օրինակ՝ համազգային գործադուլ հայտարարելը։
Ե՞րբ եւ ինչպե՞ս արձագանքեց Մոսկվան։
Հենց հաջորդ օրը՝ փետրվարի 21-ին սպասվում էր Կրեմլի արձագանքը։ Դա իմ ծննդյան օրն է, քսաներեք տարեկան էի դառնում։ Տղերքով մեր տանը հավաքված՝ ծնունդս էինք նշում ու սպասում Գորբաչովի ելույթին։ (Հրապարակում ասել էին, որ գենսեկը պատասխանելու է Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդների պահանջին։) Չնայած հավաքույթի առիթին՝ բոլորս անհանգիստ էինք՝ ուտել, խմել, ուրախանալ չէր լինում։ Իսկ հայրս, թեեւ արտաքուստ հանգիստ ու ժպտադեմ, իրականում տագնապած էր։ Ասում էր՝ ձեր գործին նայեք, ոչինչ էլ չեն տալու, սա էն երկիրն ա, որ երբեք ոչինչ չի զիջում։ Ես ու ընկերներս էլ թունդ-թունդ վիճում էինք՝ ոնց թե չեն տա։ Մեկ էլ Գորբաչովը հայտնվեց, մատ թափ տվեց, ու դրանից Շարժումը թափ առավ:
22-ի գիշերը քաղաքում երթ եղավ։ Դուրս եկանք Ազատության հրապարակից, Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայով, Իսակովի պողոտայով գնացինք դեպի Հարավ-արեւմտյան թաղամաս (Բանգլադեշ), անցանք Մալաթիա, Սեբաստիա թաղամասերով՝ վանկարկելով «Ղա-րա-բաղ» եւ «Մի-ա-ցում»։ Քաղաքի այդ կողմերից անընդհատ մարդիկ էին միանում երթին։ 40-50 հազար հոգի քայլում էր։
Երբ հասանք Կիեւյան կամրջին, առաջին շարքերից հրահանգ եղավ կանգնել ու փոքր խմբերով անցնել. վախ կար, որ այդքան մարդու միաժամանակ քայլքի դեպքում կամուրջը կարող էր փլվել։ Գիշերային այդ երթից հետո Ազատության հրապարակում մարդկանց քանակը կտրուկ աճեց, սկսվեց տոտալ մոբիլիզացիան՝ համընդհանուր համախմբումը։ Գիշերային այդ երթից հետո ոչ ոք չգնաց քնելու, հանգստանալու. մարդիկ վախենում էին կարեւոր մի բան բաց թողնել։ Մեծ երջանկություն էր այդ ամենն ապրելը։
Ըստ Ձեզ՝ ինչի՞ պատճառով ժողովուրդը այդքան մեծ թափով դուրս եկավ հրապարակ:
Պոռթկման գլխավոր պատճառն, ըստ իս, Ցեղասպանությունն էր։ Չնայած տոտալիտար համակարգի արատավոր եւ զազրելի բնույթին՝ հայ մարդն առանձնապես կոնֆլիկտ չուներ սովետի հետ ու մեծ հաշվով դեմ չէր լինի, որ «Լենին, Պարտիա, Գորբաչով» տարբերակով լուծվեր Ղարաբաղի հարցը։ Բայց այդ տարբերակը չէր աշխատում։ Ցեղասպանության ցավը, կորցրածը ետ բերելու մղումը, վրեժի զգացումը ձեւավորում էին պայքարի մթնոլորտ, որում չսխալվելն ամենակարեւոր նախապայմանն էր։
Հրապարակում հավաքված ժողովրդի գիտակից ու գործուն հատվածը 1965-ի սերունդն էր։ Անպայման չէր, որ բոլորն ակտիվ մասնակցած լինեին, բայց հրապարակում շատ էին մարդիկ, որոնք կրում էին 65-ի լիցքերը։ Հետագայում ձեւավորված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծ մասն էլ վաթսունհինգի 18-20 տարեկաններն էին։
Շարժման շարժիչը ցեղասպանության ցավն էր, պատմության վերքը, իսկ եթե շարունակեմ համեմատել մեքենայի հետ, մարտկոցը՝ հումորի զգացումը, Մոսկվայից ստացվող արձագանքների կամ հարվածների նկատմամբ ծաղրական վերաբերմունքը։ Գրեթե ամեն օր հրապարակում մի նոր պաստառ էր հայտնվում, որն հումորով ձեւակերպում էր ժողովրդի վերաբերմունքը։ Եթե շարժումը նորից մեքենայի հետ համեմատեմ, վառելիքը բոլորի եւ մեկի պատասխանատվությունն էր։ Ամեն մարդ հանձնառու էր, եւ դա հնարավորություն տվեց հանրապետության ամբողջ տարածքում ստեղծելու «Ղարաբաղ» կոմիտեներ, որոնք շարժումը դարձրին կազմակերպվածք։
Կային առանձին խմբեր, միավորումներ, մեկն էլ մեր «Գոյապայքարն» էր, որոնք ինչ-ինչ դեպքերում համակարծիք չէին «Ղարաբաղ» կոմիտեի մարտավարության կամ ռազմավարության հետ, բայց ամենակարեւոր հարցերում մոռացվում էին տարաձայնությունները։ «Ազգային ինքնորոշում» միավորումը, մեղմ ասած, լավ չէր վերաբերվում կոմիտեին, բայց Հայրիկյանն ու ԱԻՄ-ի մյուս անդամներն իրենց կապերով ամեն ինչ անում էին շարժումն արտասահմանյան լրատվամիջոցներով ներկայացնելու համար։ Երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալեցին, Մովսես Գեորգիսյանը հրատարակեց եւ տարածեց «Մեղադրվում են» եռալեզու գիրքը, որում բոլոր ձերբակալվածների նկարներն ու կենսագրություններն էին։
Իսկ երկրի ներսու՞մ ինչպես էր տարածվում ինֆորմացիան, եթե հաշվի առնենք այն, որ Շարժումը սկսելուց որոշ ժամանակ անց միայն որոշ թերթեր սկսեցին անկախանալ ու լուսաբանել հրապարակում տեղի ունեցողը:
Հրապարակն ամեն ինչից առաջ տեղեկություն ստանալու վայր էր՝ մեծ Ֆեյսբուք։ Մարդիկ գալիս էին մի բան իմանալու, մի բան փոխանցելու։ Բազմաթիվ ինքնահրատներ (самиздат) կային, որոնք սպառվում էին հրապարակում։ «Անկախությունն» ու «Հայրենիքը» ԱԻՄ-ն էր հրատարակում, «Մաշտոցը»՝ «Գոյապայքարը»։ «Հայ դատ» կար, «Ազատ Հայք» կար, էլի շատ-շատ թերթոններ ու պրակներ կային, որոնք հրապարակ չմտած՝ սպառվում էին։ Եթե Կրեմլում հասկանային, թե լրատվական շրջափակմամբ ոնց են գեներացնում շարժումը, գուցե չանեին այդ բանը։ Հասկացողներ անշուշտ կային, բայց 70-ամյա իներցիան հաղթահարել չէր լինում։
Հիմա շատ են ասում՝ «քաղաքական», «քաղաքացիական», տարանջատում են, երբեմն՝ հակադրում միմյանց։ Այն ժամանակ հրապարակում հավաքված ժողովուրդը ի՞նչ էր մտածում իր արածի մասին:
Ոչ մեկին չես խաբի։ Եթե կա շարժում, ուրեմն կա նպատակ։ Նպատակը միշտ քաղաքական է։ Նպատակը քաղաքական է, վարքը՝ քաղաքացիական։ Երբ մենք 87-88-ին ասում էինք՝ քիմիական գործարանը փակեք, մեզ չէր թվում, թե քաղաքական պահանջ ենք առաջ քաշում։ Ի՜նչ քաղաքական պահանջ. ուզում էինք, որ մարդիկ մաքուր օդ շնչեն, առողջ երեխաներ ծնվեն։ Բայց դիմացինը՝ նա, ումից պահանջում էինք, դա ընկալում էր որպես քաղաքական պահանջ՝ մտածելով, որ զիջելը թուլության նշան է։ Եթե ժամանակին լավ ուսումնասիրված լիներ 88-ի շարժման պատմությունը, այսօր քաղաքացիականն ու քաղաքականը չէին հակադրվի։ Այսօր մարդիկ կիմանային, որ 88-ը նույն չափով քաղաքացիական էր, որչափ քաղաքական։
Ըստ Ձեզ՝ ո՞րն էր 88-ի Շարժման հաջողության հիմնական պատճառը:
88-ի փետրվարի 20-ին սկսված շարժումը տեւել է շուրջ 915 օր։ Ամեն օրն ապրվել է առանձին՝ հրճվանքով, տագնապներով, վերելքով եւ անկումներով, բայց շարժումը հաղթել է, որովհետեւ ոչ ոք հույսը չի դրել ուրիշի վրա, ամեն մարդ հավատացել է, որ ինքն է «կինոյի» հերոսը։
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ