Հուլիսի 4-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում կայացավ եկեղեցական համագումար, որի ժամանակ 13 կողմ ձայնով Կրոնական Ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվեց պատիարքական տեղապահ։ Տեղապահի ընտրությունը տեղի հայ համայնքի կյանքում մեծ կարևորություն ունեցող իրադարձություն էր, քանզի սրանով սկիզբ դրվեց Պոլսի Հայոց պատրիարքարանի 85-րդ գահակալի ընտրության գործընթացին։ Պոլսի հայ համայնքում անկայունություն բերած՝ պատրիարքի ընտրության հետ կապված ճգնաժամը, թվում է, մոտենում է իր հանգուցալուծմանը։
2019թ․ մարտի 8-ին վախճանվեց Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը։ Պատրարքը ավելի քան տասը տարի անբուժելի հիվանդության պատճառով հեռացել էր պատրիարքական պարտավորություններից։ Նա անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել[1] Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Պոլսո Պատրիարքարանում սա առաջին դեպքն էր, երբ պատրիարքի կենդանության օրոք նրա պարտականությունները ստանձնում էր փոխանորդը։[2] Մութաֆյանի առողջական վիճակը համայնքին ստիպեց բազմիցս դիմել թուրքական իշխանություններին՝ նոր պատրիարքի ընտրության կազմակերպման պահանջով։ Սակայն իշխանությունները մերժել են այդ պահանջը՝ հղում անելով Ազգային սահմանադրության այն կետին, համաձայն որի՝ նոր պատրիարք կարելի է ընտրել գործող պատրիարքի մահվանից հետո միայն։ 2016թ․ հոկտեմբերի 26-ին Կ․Պոլսում կայացած եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվեց պատրիարքի ընտրության հարցը։ Հաշվի առնելով պատրիարքի փաստացի 8 տարվա բացակայությունը՝ Ժողովական Հայրերը միանձնա որոշեցին «հանգստյան կոչված» համարել Մեսրոպ Մութաֆյան պատրիարքին։[3] Ժողովի արդյունքում կազմված զեկույցն[4] ուղարկվեց Ստամբուլի նահանգապետարան՝ նոր ընտրությունների կազմակերպումը թույլատրելու պահանջով։
2017թ․ փետրվարին պատրիարքի ընտրության կազմակերպման շուրջ թեկնածուներ Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի միջև ծագած խնդիրը շուտով հարթվեց Էջմիածնի միջամտությամբ։ Ապա ընդհանուր համաձայնություն ձեռք բերվեց մարտի 15-ին անցկացնել տեղապահի ընտրություն և պատրիարքի ընտրության գործընթացը դնել իրական հողի վրա։ Տեղապահ ընտրվեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, և միևնույն ժամանակ դադարեցվեցին Պատրիարքական ընդհանուր փոխանորդի՝ Աթեշյանի լիազորությունները։ Մինչ տեղապահ Բեկչյանը զբաղված էր նոր ընտրությունների նախաձեռնմամբ, Թուրքիայի իշխանությունները չճանաչեցին Բեկչյանին որպես տեղապահ և մերժեցին նոր ընտրություն իրականացնելու՝ հայ համայնքի իրավական պահանջը՝ պատճառաբանելով, որ պատրիարք Մութաֆյանը ողջ է, և չկան նոր ընտրության անհրաժեշտ հիմքերը ։[5] Արդյունքում Արամ Աթեշյանը շարունակեց պաշտոնավարումը՝ որպես պատրիարքի փոխանորդ։ Այս ամենը հայակական կողմից որակվեց որպես հերթական միջամտությունը համայնքի ներքին գործերին, իսկ Աթեշյանի դեմ, ում համայնքի մեծամասնությունը համարում է թուրքական իշխանությունների դրածո, շուտով սկսվեցին բողոքի ելույթներ Ստամբուլում։[6]
Պատրիարք Մութաֆյանի մահվանից հետո պատրիարքի ընտրության հարցը կրկրին եկավ օրակարգ, և հայ համայնքը լցվեց հույսով, որ երկարատև անկայունությունից հետո համայնքը կունենա իր համար նախընտրելի առաջնորդ։ Թուրքիայում մարտ ամսին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից և հունիսի 23-ին Ստամբուլում դրանց կրկնությունից հետո համայնքը ձեռնամուխ եղավ իր համար այդքան հրատապ դարձած պատրիարքի ընտրության գործընթացին։ Վեջինիս նախորդող անհրաժեշտ գործընթացը տեղապահի ընտրությունն է։ Տեղապահը պատրիարքական այն պաշտոնն է, որը պետք է գլխավորի նոր պատրիարքի ընտրության նախաձեռնումն ու պատշաճ կազմակերպումը։ Հունիսի 4-ի Պոլսո Պատրիարքական տեղապահի ընտրության ժամանակ պայքարն ընթանում էր փոխանորդ Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի միջև։ Աթեշյանի ստացած 11 քվեի կողքին Մաշալյանը, 13 քվե ստանալով, ընտրվեց տեղապահ։ Ընտրության արդյունքում միևնույն ժամանակ ավարտվեց նաև Աթեշյանի փոխանորդությունը։ Այն, որ չնայած իրեն ուղղված բազմաթիվ քննադատություններին՝ Աթեշյանը ստացել է զգալի քվեներ, պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Նախ երկարատեև պաշտոնավարման ընթացքում Աթեշյանը ձեռք է բերել մեծ թվով համակիրներ հոգևորականության շրջանում։ Բացի այդ, հայ համայնքի որոշակի հատված չի ընդունում Աթեշյանին ուղղված մեղադրանքները և նրա իշխանամետ կեցվածքը համարում օրինաչափ՝ հաշվի առնելով պատրիարքի որոշակի կախվածությունը թուրքական իշխանություններից։
Տեղապահի ընտրությանը պետք է հաջորդեն մի շարք գործընթացներ, որոնց ավարտին համայնքը հնարավորություն կստանա գնալ քվեարկության։ Նախ Պատրիարքարանը ընտրության արդյունքների մասին կհայտնի Թուրքական իշախանություններին, ապա կկազմվի հանձնաժողով, որը կնախաձեռնի կայանալիք ընտրությունը։ Դրան կհաջորդի պետության կողմից ընտրություն անցկացնելու թույլտվությունն ու թեկնածուների անունների հրապարակումը։ Քվեարկության իրավունք ունեցող պատվիրակների ցուցակների հստակեցումից հետո կանցկացվի այդքան երկար սպասված պատրիարքական ընտրությունը։ Պատրիարքի ընտրության և Պատրիարքարանի գործերով զբաղվում է Թուրքիայի ՆԳՆ-ը՝ ուղղակի ձևով կամ Ստամբուլի նահանգապետարանի միջոցով։ Թուրքիային ձեռնտու է ունենալ իր և համայնքի միջև կապը լավագույնս իրականացնող, իշխանություններին հավատարիմ և քիչ թե շատ վերահսկելի պատրիարք։ Այս առումով գաղտնիք չէ, որ Աթեշյանը իշխանությունների սիրելին է։ Պատրիարքական սպասվելիք ընտրություններում պայքարը թեժ է լինելու։ Աթեշյանը, անկասկած, կլինի թեկնածուների ցանկում։ Տեղապահի առաջադրումը որպես պատրիարքի թեկնածու թույլատրելի է։ Թեկնածուների պաշտոնական առաջադրումից հետո, թերևս, կարելի կլինի որոշ կանխատեսումներ անել։ Թուրքիայի համապատասխան ստորաբաժանոմները կանեն հնարավորը՝ ցանկալի թեկնածուին պատրիարքի պաշտոնում տեսնելու համար։
Թուրքական իշխանությունների կողմից նախկինում էլ ստեղծված խոչընդոտներն ու ձգձգումները հիմքեր են տալիս կասկածելու, որ դեպի ընտրություն տանող վերոհիշյալ գործընթացները դյուրին են լինելու։ Երկար տարիներ մասնատված Պոլսո հայ համայնքը պետք է վճռական կամք դրսևորի՝ ամեն գնով հասնելու անաչառ ընտրության, իսկ ընտրված պատրիարքը պետք է դառնա Թուրքական իշխանությունների մոտ համայնքի ձայնը բաձրացնողն ու դրա համար պայքարողը։
[1] “Ermeni Patrik Vekili Aram Ateşyan”, Hürriyet gazetesi, Okan Konuralp, 02.07.2010 http://www.hurriyet.com.tr/gundem/turkiye-ermenileri-patrik-vekili-secti-15200275 [2] «Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ոդիսականը», Մեդիամաքս ընկերություն, Լուսինե Ղարիբյան, 16,03,2017 https://mediamax.am/am/news/parzabanum/22620 [3] Türkiye Ermenileri Patrikliği, “Ruhaniler Genel Meclisi Bildirisi”, 26.10.16 http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/ruhaniler-genel-meclisi-bildirisi/ [4] Türkiye Ermenileri Patrikliği, “CEMAAT VE KİLİSE YÖNETIMLERİNİN VE CEMAATIMIZ ÜYELERİNİN DIKKATINE “, 26.10.16 [5] “Istanbul Valiliğinden Ermeni Patrikhanesine mektup: Bekçyianı tanımıyoruz”, Sputnik, 08.02.2018 [6] «Աթէշեանի դէմ բողոքը կը հասնի Պոլսոյ փողոցները », Abaka news, 6.07.19,Հղումներ
Հեղինակ՝ Անահիտ Կարապետյան(Anahit Karapetyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։