Տեղեկագրություն /6/
Ադրբեջանաբնակ հայերի վիճակի մասին նոյեմբերի քսանինի երեկոյան յոթի դրությամբ
Կիրովաբադ – Դրությունը մնում է ծայր աստիճան լարված։ Ըստ հաստատված տվյալների հայ ազգաբնակչության մեջ առ այսօր սպանվածների թիվը կազմում է 3, վիրավորվածներինը՝ շուրջ 300, կան բռնաբարության դեպքեր, 16 երեխաներ անհայտ կորել են։ Զգացվում է դեղորայքի խիստ կարիք։ Կիրովաբադին հարող շրջաններում իրադրության կտրուկ բարդացման պատճառով քաղաքում զորքերի թիվը նվազել է։ Քաղաքի նորընտիր քաղկոմի առաջին քարտուղարը հրաժարվել է հայերի հետ պայմանավորված հանդիպումից։
Շամախու շրջանի տարբեր գյուղերից Մադրասա գյուղում հավաքվել են մոտ 3000 հայեր, որոնք խնդրում են իրենց տեղափոխել Հայաստան։ Նրանց պաշտպանում էին 160 անզեն զինվորներ, որոնց թիվը վերջին ժամերին պակասել է՝ հասնելով 45-ի։
Ղազախի եւ Թոուզի հայերի բնակարանները թալանված ու հրկիզված են։ Հայերը ապաստան են գտել Շամշադինում՝ հարազատների մոտ եւ հյուրանոցում։
Շամխորի շրջանի հայերի մի մասը ապաստան է գտել Կրասնոսելսկում։ Շրջանի բնակավայրերը, որոնք հայկական են, ադրբեջանցիների կողմից ենթարկված են շրջափակման։ Նոյեմբերի 27-ին ժ․ 13-ին ադրբեջանցիները հարձակվել են շրջանի Մարտունի գյուղի վրա․ այդ գյուղից Չարենցավան են տեղափոխվել 31 փախստական, երկու երեխա ադրբեջանցիների մոտ պատանդ են պահված։ Կրասնոսելսկի շրջկոմը բանակցություններ է վարում Շամխորի հայությանը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ։ Նույն շրջանի Բարում եւ Բարսում գյուղերից ուղղաթիռով Երեւան են տեղափոխվել 45 կին եւ երեխա։
Չարդախլու գյուղից մի մեծ խումբ երեխաներ բեռնատարներով տեղափոխվել են Հայաստան․ գյուղը շարունակում է մնալ պաշարված։
Խանլարում լարված իրավիճակ է․ հայերին տրվել է երկու օր ժամանակ իրենց տներից հեռանալու համար։
Օրդուբադի շրջանից 46 ընտանիք հայեր տեղափոխվել են Մեղրի։
Բաքվում դրությունը շարունակում է մնալ պայթյունավտանգ, շարունակվում են միտինգները։
Զաքաթալայի շրջանի տարբեր բնակավայրերից մարմնական վնասվածներով փախստականներ են փոխադրվել Հայաստան։ 1500 հոգի տեղավորվել են Այրումում, 300 հոգի՝ Սպիտակում։
Այս բոլորը վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունը Մոսկվայի թողտվությամբ իրագործում է Հյուսիսային Արցախի հայության բռնի տեղահանման քաղաքականություն։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ