«Ղարաբաղ» կոմիտեն այդ տարիներին ժողովրդի ուղղակի իշխանության և ուղղակի ժողովրդավարության իրականացման հիմնական գործիքն էր։
«Միացում» Ա/Ն նախաձեռնող խմբի անդամ Գրիզելդա Ղազարյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը
Մինչև 1988-ը հայաստանյան հասարակության մեջ ի՞նչ տրամադրություններ կային ազգային-քաղաքական հարցերի նկատմամբ, մասնավորապես՝ Ղարաբաղի, Նախիջևանի և Ցեղասպանության հարցերի։ Մասնակցե՞լ եք մինչև 88-ը եղած խմորումներին։
Թեպետ Ռաֆայելն ակտիվ մասնակցել է 87-ի էկոլոգիական շարժմանը, 88-ին Շարժումը սկսելու հետ կապված քննարկումները և ներքին խմորումները մեզ անհայտ են եղել։
Սակայն Ղարաբաղի, Ցեղասպանության և անգամ Նախիջևանի խնդիրները մեր ընտանիքում և շրջապատում քննարկվող կենսական թեմաներից էին։ Չնայած ժողովուրդների բարեկամության մասին Սովետի 70-ամյա պրոպագանդային և Եղեռնի հարցի երկարամյա լռեցմանը՝ երկուսիս ընտանիքներում էլ «արգելված թեմաներով» խոսակցությունները չեն դադարել։ Օրինակ՝ տատս պատմում էր Արտաշատի գաղթի, Եղեռնին հաջորդած տարիների, Նժդեհի մասին, ում գլխավոր թիկնապահը նրա եղբայր Վասակն էր։ Իսկ Ռաֆայելի հայրը՝ Ավետիսը, 1914-1919 թթ.-ին եղել էր Անդրանիկի զինվոր և մասնակցել էր բոլոր կռիվներին։
Ռաֆայելը 1965 թ.-ին Եղեռնի 50-ամյակի նախապատրաստական նախաձեռնությունների ակտիվ մասնակից էր. նա էր թարգմանել Մոսկվա ուղարկվող նամակը, մասնակցել էր մտավորականների ստորագրահավաքին, մինչև ապրիլի 24-ն ու դրանից հետո Պարույր Սևակի ու մյուսների հետ մասնակցել էր ՀԽՍՀ ղեկավարության հետ հանդիպումներին։ Իսկ ապրիլի 24-ին, մտնելով իր լսարան, հայտարարել է, որ՝ «այսօր դասախոսության օր չէ. ով հայ է, կգա իմ ետևից»։ Սա ասելով՝ դուրս է եկել, իսկ ուսանողները հետևել են նրան ու մինչ օրս հիշում են այդ դրվագը։ Գրպանում ցույցի հրավերի թռուցիկներն էին, որոնք նախորդ գիշերներին կպցնում էր պատերին։ Այս բոլորը նա նկարագրել է իր «Հաշվետու եմ» գրքում, որը լույս է տեսել 2003 թ-ին։
Ժողովրդական ալիքին, ըստ սովորության, հաջորդեցին ակտիվիստների նկատմամբ հետապնդումները։ Եվ սովետական ավանդական «սև ցուցակն» ընկավ նաև Ռաֆայելը։ Արդյունքում 69-ից մինչև 89-ը նրան թույլ չտրվեց մեկնել որևէ արտասահմյան գիտաժողովի կամ գործուղման. նրա ասպիրանտները գնում էին, ինքը՝ ոչ։ Պատճառաբանում էին, թե, լինելով ԽՍՀՄ ռադիոֆիզիկայի հատուկ հանձնաժողովի անդամ, նրան չի կարելի մեկնել արտասահման, քանի որ տիրապետում է գաղտնի ինֆորմացիայի։ Անձամբ ինքն այդպես էլ չիմացավ, թե ինչ գաղտնի ինֆորմացիայի էր այդքան տարի տիրապետում։ Իր անդամությունը սահմանափակվում էր տարեկան մեկ անգամ Մոսկվայում հանձաժողովի նիստին մասնակցելով, որի ընթացքում աշխարհացունց որևէ բան չէր հնչում։ Տարիներ անց Նոբելյան մրցանակակիր, Սախարովի ինստիտուտի տնօրեն Գինզբուրգի մի հարցազրույցը լսեցի, պարզվեց՝ նրան ևս միևնույն պատճառաբանությամբ թույլ չէին տալիս երկրից դուրս գալ։
Իսկ ինչպե՞ս սկսեցիք մասնակցել 88-ի Շարժմանը, և արդյո՞ք անսպասելի էր Շարժման սկսվելը։
Շարժման սկիզբն իրոք անսպասելի էր, քանի որ մենք ներքին խմորումներին չէինք մասնակցել։ Շարժման մեկնարկի պահից ի վեր՝ Ռաֆայելն այլևս տուն չեկավ. օրուգիշեր հանդիպումների էր, քննարկումների, միտինգների։ 88-ի հանրահավաքները սկսվեցին փետրվարի վերջին։ Ռաֆայելը գործուղումից վերադարձավ 22-ին, իսկ հաջորդ առավոտյան անմիջապես գնաց միտինգի և երեկոյան վերադարձավ շատ ոգևորված. ասաց, որ թեպետ հուզական խոսքը շատ էր, գործնական խոսք ևս ասվեց։
Ինքը ևս խոսք էր խնդրել։ Խոսել էր ռուսերեն, որպեսզի հանկարծ սխալ չթարգմանեն։ Այդ օրը Մոսկվայից ժամանել էին Դոլգիխն ու Լուկյանովը, և ժողովուրդը Ազատության հրապարակից գալով՝ հավաքվել էր Կենտկոմի՝ այժմյան Ազգային Ժողովի շենքի դիմաց։ Ցավոք, նրա խոսքը չի տեսագրվել։ Բայց ելույթի միտքն այն էր, որ հայ ժողովուրդը պարտավոր է ուղղել իր նկատմամբ իրագործված պատմական անարդարությունը, որը Հայաստանի թուլությունից օգտվելով կատարել էին բոլշևիկները, և դրա համար կանգնելու է մինչև վերջ։
Շարժման ընթացքում բարձրացվեց նաև անկախության պահանջը։ Ի՞նչ եք կարծում՝ հասարակությունն ինչպե՞ս ընկալեց դա, և հետագայում այդ ընկալումն ի՞նչ փոխակերպումների ենթարկվեց։
88-ին անկախության հարցը Կոմիտեն փորձում էր զսպել, քանի որ հասկանում էր, որ պահանջների էսկալացիան շուռ է գալու մեր դեմ, մինչդեռ խնդիրը խորհրդային սահմանադրության ընձեռած հնարավորություններով Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման հարցը օրինական ճանապարհով լուծելն էր։ Եվ դա պիտի արվեր քայլ-առ-քայլ։ Հավաքվել էր հեռատես և վերլուծող կազմակերպչական խումբ, որը շատ լավ գիտակցում էր՝ ինչ է անկախությունը, ինչ ռիսկեր կարող են առաջանալ և այլն։ Հետագայում՝ միությունում իրավիճակի փոփոխությանը զուգընթաց՝ անկախության հնարավորությունները մեծացան, և Կոմիտեն ճիշտ ժամանակին օգտվեց դրանից, և նոր Գերագույն Խորհուրդը 1991-ին ընդունեց անկախության մասին հռաչակագիրը։
Իսկ թե ինչպես ժողովուրդը ընկալեց անկախության գաղափարը, ցույց տվեց հանրաքվեն, որի արդյունքները տարընթերցման տեղ չեն թողնում։ Պատճառը նաև զզվածությունն էր կոմունիստական հասարակարգից։ Այլ բան է, որ հետագայում՝ Ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին, մեր ժողովուրդը, ըստ էության անկախությունը նվաճելու համար արյուն թափած չլինելով, թերագնահատեց մեզ մատուցված այդ նվերի արժեքը։ Երևի պատճառն այն է, որ և՛ ուզում էին անկախ լինել, և՛ չէին պատկերացնում «գլխի գալիքը»։ Մեզ թվում էր՝ կպայքարենք, կգոռգոռանք, և Ղարաբաղը առանց պատերազմի հետ կտան։ Չէ՞ որ, թվում էր, աշխարհը չէր կարող անտարբեր մնալ մեր ցավին։ Ոգևորվածությունը մեծ էր, վտանգի ձգացումը՝ փոքր. իրոք, ո՞վ կպատկերացներ, որ Սովետում Սումգայիթ կլինի, որ եղեռնը կկրկնվի Բաքվում ու Կիրովաբադում, որ երկրաշարժից հետո հարևան երկիրը կթալանի եկող օգնությունն ու կենտրոնական կառավարությունը ոչինչ չի կարողանա կամ չի ցանկանա անել այդ առթիվ, որ կունենանք 4 տարվա պատերազմ ու շրջափակում։ Մի զուգահեռ անցկացնեմ. Հայրենական պատերազմը տևեց 4 տարի, ինչպես և Ղարաբաղյանը։ Հայրենական պատերազմից հետո Հաղթանակի տոնը 20 տարի չէր նշվում. ցավը խորն էր։ Ու մենք՝ այդ զրկանքների ու կորուստների ժամանակակիցներս, մինչ օրս հիշում ենք այդ ցավը։ Մինչդեռ անկախ Հայաստանի հասարակությունը, պատերազմի ընթացքում նույնպես մեծ զրկանքներ կրած լինելով, այդպես էլ չընկալեց պատերազմի հավաքական պատասխանատվությունը։ Այստեղ էր, որ երևաց անկախությունն անարյուն ստանալու հակառակ երեսը. մարդիկ, պայքարած չլինելով անկախությունը նվաճելու համար, չհասկացան դրա բացառիկ կարևորությունը հայ ժողովրդի ապագայի համար և անկախությունը կայուն հիմքերի վրա դնելու գործում յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության ամբողջ բեռը։ Եվ մեծամասամբ փախան այդ պատասխանատվությունից՝ գերադասելով անգամ նսեմացնել բուն անկախությունը։
ԽՍՀՄ-ի փլուզումը, պատերազմի առաջացրած խառնաշփոթն ու տնտեսական զրկանքներն իրենց վրա կենտրոնացրին հասարակական ուշադրությունը, որով պատմական ձեռքբերումները՝ ինչպես օրինակ հայրենիքի մի մասի ազատագրումը, Հայաստանի սահմանների անխախտությունը և այլն, մնացին անտեսված, նույնիսկ՝ արժեզրկված։ Ավելին մինչ օրս նույնիսկ ժողովրդի մեծ մասի գիտակցության մեջ բացակայում է այն հնարավոր սցենարը, որ պատերազմը մեզ կարող էր թողնել անհայրենիք։
«Ղարաբաղ» կոմիտեին անվանեցիք շատ հեռատես խումբ։ Երբևէ ներկա եղե՞լ եք Կոմիտեի քննարկումներին. ինչպե՞ս էին կայացվում որոշումները։
Սկզբներում մեկ-երկու անգամ անուղղակի ներկա եղել եմ ժողովներին։ Դրանք սովորաբար փակ էին։ Ուշադիր լսում էին իրար, հետո միավորում կարծիքները և այդպես շարունակ։ Օրերով կարող էին վիճել, բայց եթե կոնսենսուսով ինչ-որ որոշման էին հանգում, դրա շուրջ այլևս քննարկում չէր լինում։ Ինչպես կյանքը ցույց տվեց, հավաքական միտքը ճիշտ որոշումներ էր կայացնում։ Կենտկոմը սուբյեկտ չէր, կառավարում, ըստ էության, չկար, ժողովուրդն ինքնիշխան էր և ոգևորված։ Ուստի «Ղարաբաղ» կոմիտեն այդ տարիներին ժողովրդի ուղղակի իշխանության և ուղղակի ժողովրդավարության իրականացման հիմնական գործիքն էր։
Մի բան հստակ է՝ Կոմիտեի ներսում պատասխանատվությունն ու դրա հետ կապված լարվածությունը շատ մեծ էր՝ ծայրահեղ մեծ։ Ռաֆայելը երբեմն կարող էր գալ և ասել՝ վերջ, էլ գնացողը չեմ։ Բայց առավոտյան վեր էր կենում ու գնում, թե՝ «գնամ՝ էդ կատաղած շները հիմարություն չանեն». սա ներքին հումոր էր։ Նա ամենատարեցն էր՝ բոլորի հոր տարիքի։ Նրա նկատմամբ կար հարգանք և սեր։ Ես դա զգում էի բոլորի կողմից։
Անդրադառնանք հասարակություն-Շարժում փոխհարաբերություններին։ 88-ի Շարժմանը մասնակցում էր հասարակության զգալի մասը, սակայն տարիների հեռանկարից կարող է այնպես թվալ, որ համախմբվել էր ողջ հասարակությունը. ինչպե՞ս էր իրականում. ո՞ր շերտերն ակտիվ ներգրավվեցին Շարժմանը, որո՞նք՝ ավելի պասիվ, զգուշավոր, և որո՞նք ունեին թշնամական վերաբերմունք։
Անհերքելի է, որ 88-ին ահռելի միացում և կուտակված էներգիա կար. դա իրոք պետք էր ապրել, տեսնել։ Երկար տարիների վայրիվերումներից հետո՝ 2008-ին, որի ակտիվ զանգվածը հիմնականում նույն 88-ի ժողովուրդն էր (իսկ հակադրվողները հիմնականում 88-ը չներած նախկին կոմունիստական նոմենկլատուրան ու դրա ներկայիս ժառանգները), մեր տղաներից մեկը՝ վաղամեռիկ Գուրգեն Բոյաջյանը, ասաց. «Զարմանալի բան է, միշտ մտածում էի՝ տղայիս ո՞նց բացատրեմ, թե ի՜նչ Շարժում ենք մենք տեսել, ի՜նչ միասնականություն։ Աստված ինձ լսեց՝ տվեց 2008-ը, և ես էլ կարիք չունեմ իրեն Շարժումը պատմելու։ Վերջերս տղաս եկավ և հպարտությամբ ասաց, որ ինքը հարթակի հսկիչն է»։
Շարժումն իրոք պետք էր ապրել։ Կարծում եմ՝ նրանք, ովքեր տեսել են այն, համարել են իրենց կյանքի ամենաերջանիկ տարիները։ Համազգային հուզմունքի մթնոլորը եղբայրացրել ու բարիացրել էր շատ շատերին։ Մարդիկ այլևս անծանոթներ չէին, բոլորը ոտքի էին կանգնել հանուն միասնական նպատակի և որ ամենակարևորն է՝ մարդիկ գիտակցում էին այդ նպատակների կարևորությունը և դրանցում սեփական մասնակցության պահանջը։ Երիտասարդների ակտիվությունը չափազանց մեծ էր։ Խորհրդային երկրում զարմանալի էր, թե ինչպես էր երիտասարդ, համալսարանական սերունդը շատ ավելի գիտակից մոտենում ազգային խնդիրներին, քան նրանց կրթելու կոչված ստալինյան սերունդը։
Ժողովրդի այդ միասնականությունն իրոք հետաքրքիր էր, բայց չի կարելի ասել, թե մասնակցում էր Երևանի կամ շրջանների ամբողջ բնակչությունը։ Հիշում եմ զավեշտալի մի դեպք. Ապարանից, օրինակ, ոտքով էին գալիս հանրահավաքի, իսկ աշտարակցիները պասիվ էին։ Մի օր էլ առավոտյան արթնացան ու տեսան քաղաքի հրապարակն ամբողջությամբ խոտի մեջ։ Ապարանցիներն էին բերել շաղ տվել՝ ակնարկելով, որ՝ դուք արածեք, մինչև հետ գանք։ Եղեգնաձորից մինչև Երևան ոտքով եկողներին Արտաշատի գյուղերը թարմ հաց էին բաժանում։ Այսօրվա ակտիվ զանգվածի պես՝ մարդիկ շրջաններից գալիս էին ոտքով։ Արարատից, Եղեգնաձորից, Ազիզբեկովից եզդիները գալիս էին ձիով։
Մի տարբերություն կար՝ շարժման սկզբնական փուլում միլիցիան չէր խոչընդոտում տեղաշարժը, ինչը չես ասի այսօրվա մասին։
Ոգևորությունն այնքան մեծ էր, որ մի օր հարթակ եկավ մի գրություն, որում ասվում էր, որ Երևանի գողերը միանում են Շարժմանն ու հայտարարում՝ «գողություն չի լինի, բայց ովքեր չգնան հանրահավաքի, նրանց տները կթալանվեն»։ Երկու տարի երկրում չեղավ գողության ոչ մի դեպք։ Սա ուրիշ վերելք էր։ Ամսի 20-ին Իգոր Մուրադյանը հարթակից նայելով հավաքված հսկայական զանգվածին՝ ասել էր. «Нет, это не Карабах, это – обида»: Եվ իրոք՝ այդպես էր։ Ժողովրդի մեջ 70 տարի կուտակված ամբողջ ցասումը դուրս էր հորդել։
Մարդիկ ինքնակազմակերպվում էին ամենուր։ Ամեն շրջան, ամեն հիմնարկ ուներ իր «ղարաբաղ-կոմիտեն»։ Բայց դրանց հակադրվում էին նույն շրջանների պարտիական նոմենկլատուրան և նրանց սպասավորները։
Այսինքն՝ խոսք չի կարող լինել ողջ ժողովրդի համախմբման մասին։ Հանրահավաքներին կարելի էր տեսնել այսօրվա պես մայթերով թրև եկողների բանակը, որոնք երբեք և ոչնչի չեն միանում։ Այնպես որ՝ հասարակության մեջ կա՛ր երկփեղկում, պարզապես շատ ավելի մարդ էր ներգրավված երկու բևեռներում էլ։
Հիմա, երբ հանրահավաքի գնալիս տեսնում եմ մայթերով հանգիստ ու անվրդով ճեմողներին, նույն ըմբոստությունն եմ ապրում, ինչ 88-ին։ Այն ժամանակ էլ, օրինակ, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) մեր գիտավանից հատուկենտ մարդիկ էին գալիս հանրահավաքների։ Շատ-շատերը դեմ էին Ղարաբաղյան շարժմանը, շատ-շատերը թքած ունեին և մինչև օրս իրենց չեն ներում սեփական փոքրոգությունն ու պատրաստ են հանուն ինքնարդարացման ցեխ շպրտել ամեն ինչի վրա։ Մեր ինստիտուտի պարտկոմը քարտեզի վրա Ղարաբաղի տեղն անգամ չգիտեր։ Կային մարդիկ, որ ծագումով ղարաբաղցի էին, ինչպես հիմնարկի ղեկավարությունը, բայց կատաղի դեմ էին Շարժմանը և ամեն ինչ անում էին դրան հնարավորինս խոչընդոտելու համար՝ ընդհուպ մինչև ակտիվ աշխատակիցներին վախեցնելն ու գործից հեռացնելը։ Շատերը հետագայում հարմար ու սահուն անցում կատարեցին համարժեք ղեկավար պաշտոնների, ստացան զանազան շքաններ ու նույն մոտեցումը որդեգրեցին հետագա բոլոր ընդվզումների ու ընդդիմադիր շարժումների ընթացքում։ Նրանք էլ ա՛յս դասն էին կյանքում լավ սերտել։
Ի տարբերություն այս մարդկանց՝ Ռաֆայելը Հայաստանի անկախության տարիներին միայն մեկ մեդալի է արժանացել, այն էլ՝ Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունից. «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվեցին նա և Իգոր Մուրադյանը։ Եվ Ռաֆայելն այդ ժամանակ լրագրողներին ասաց, որ չի կարող չընդունել մեդալը, քանի որ այն վաստակել է իր կյանքով, սակայն ավելացրեց, որ դա իրականում ամբողջ «Ղարաբաղ» կոմիտեի՛ մեդալն է։
Փաստորեն Շարժմանը դեմ էր նաև մտավորականների մեծամասնությունը։ Ինչպե՞ս էր դրսևորվում նրանց վերաբերմունքը և դիրքորոշումը։
1989-ի միտինգներից մեկում մի բան պատմեցի, որ հետո թևավոր դարձավ. Ռաֆայելը մի գիշեր արթնացրեց ինձ և ասաց. «Ես հասկացա, որ մեր ազգն այս վիճակում է, որովհետև մտավորական բառը սխալ է գրվում. պիտի գրվի կոշտ ռ-ով։ Մեր ազգի դավաճանը մեր մտավորականությունն է»։ Եվ դա ես շատ լավ տեսա։ Ղարաբաղյան շարժման առաջին օրերին իրեն անընդհատ հարցնում էի, թե ինչ է անում Գիտությունների ակադեմիան. մի օր շուռ եկավ ու պատասխանեց. «Ի՞նչ ես ուզում այդ ողորմելիներից»։
Եվ իրոք. դրանց բոլորի դեմքը ես տեսա հետագայում, երբ ստորագրություններ էինք հավաքում ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների խափանման միջոցը փոխելու համար։ Մտավորականներից ստորագրությունները տարբեր մարդիկ էին հավաքում, բայց ակադեմիկոսներից ստորագրություն հավաքողը ես էի։ Ես գնում էի նրանց կաբինետները, տները և ամեն անգամ ցնցում ապրում։ Ես պետք է ակադեմիկոսներին բացատրեի՝ ինչ է նշանակում Ղարաբաղյան շարժում, ովքեր են «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, և ինչի համար են անհրաժեշտ այդ ստորագրությունները։ Բանն այն է, որ չստորագրելն արդարացնելու համար կարող էին արդեն 89-ին անգամ ասել, օրինակ, որ «Ղարաբաղ» կոմիտեին չեն ճանաչում, ինչին ի պատասխան պատմում էի, որ Սախարովն իր ելույթում ասել է, որ ինքը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին չի ճանաչել՝ բացի մեկ մարդուց՝ Ռաֆայել Ղազարյանից, և այդ մեկ մարդուն ճանաչելով՝ կարծում է, որ «Ղարաբաղ» կոմիտեն պիտի անհապաղ ազատ արձակվի։
«Ղարաբաղ» կոմիտեի՝ բանտից ազատ արձակվելուց հետո սկսվեցին նոր ժամանակներ՝ նոր լեյտմոտիվով։ Ռաֆայելին ասում էին՝ «Դուք կարգին մարդ եք, ի՞նչ գործ ունեիք դրանց կողքին», ինչին էլ նա իրեն հատուկ հումորով հակադարձում էր. «Հարթակ բարձրանալիս ձեզ չտեսա, կանգնեցի նրանց կողքին, ովքեր ժողովրդի հետ էին»։
Իսկ չստորագրողները շա՞տ էին։
Մի մասը դժվարությամբ էր ստորագրում, իսկ մյուս մասն ընդհանրապես չէր ստորագրում։ 37 թիվն անցել էր, բայց դրա սերունդը ոչ մի կերպ չէր թոթափել ստորաքարշությունը։ Ամենաայլանդակն իրենց պահեցին պատմաբանները։ Մի օր ինձ տեղեկացրին, որ Ակադեմիայում պատմաբանների բաժանմունքի նիստն է, և եթե գնամ, բորորին միանգամից կհանդիպեմ։ Ներս մտա և ներկայացրի՝ ինչի համար եմ եկել։ Դա լսելով՝ Մկրտիչ Ներսիսյանը սկսեց գոռգոռալ, որից հետո էլ՝ փնթփնթաց նամակի բովանդակությունից։ Ստիպված ասացի, որ, ցավոք, մեր մակարդակն այդքան էր, սակայն նա կարող է սեփականը կազմել, իսկ ես նորից ստորագրություն կհավաքեմ։ Չդիմացա, ասացի, որ՝ «հերիք է պատմության հետևից քարշ գաք, գուցե մեկ անգամ էլ պատմության առջևի՞ց գնաք»։
Ստորագրողներից էին Լենդրուշ Խուրշուդյանը, Սուրեն Երեմյանը և Գագիկ Սարգսյանը՝ բաժանմունքի վարիչը։ Հիշեցնեմ, որ Կոմիտեի կազմում 4 պատմաբան կար։
Ակադեմիան խոչընդոտո՞ւմ էր ստորագրահավաքին, և առհասարակ ակտիվությունը ճնշվո՞ւմ էր։
Սկսեմ նրանից, որ Ակադեմիա մտնելն արդեն իսկ մեծ դժվարություն էր. ոստիկանը թույլ չէր տալիս. եթե որևէ մեկն օգնում էր մտնել, ապա հետո հաստատ ինչ-որ խնդիր ունենում էր գոնե վեճի կամ նկատողության մակարդակով։ Նման հարված ստացան Դավիթ Սեդրակյանը (Ակադեմիայի գիտքարտուղարը) և Վիկտոր Ֆանարջյանը (Ակադեմիայի փոխնախագահը) ինձ պահակակետից անցկացնելու համար։ Նրանց վրա գոռում էր Վիկտոր Համբարձումյանի քարտուղարուհին՝ Հոկտիկը։ Պատկերացնո՞ւմ եք։
Կոմիտեի ձերբակալված ժամանակ ես ՖՀԻ-ում աշխատում էի կես դրույքով, քանի որ 2 փոքր երեխա ունեի։ Կանչել էին իմ ղեկավարին և պատվիրել, որ ես աշխատանքի ներկայանամ միայն առավոտյան, որպեսզի չհասցնեմ հանդիպել ակադեմիկոսներին։ Ղեկավարս կանչել էր ինձ այդ ցուցումը հաղորդելու, ես էլ առաջարկեցի ինձ ուղղակի աշխատանքից ազատել։ Աշխատանքից չհեռացրին, բայց պետք է ասեմ, որ Ռաֆայել Ղազարյանը «Ղարաբաղ» կոմիտեի միակ անդամն էր, որի աշխատավարձն այդպես էլ մնաց պետության ֆոնդում։ Եթե մյուս անդամների տնօրենները բերում և նրանց ընտանիքներին էին հանձնում աշխատավարձը, ապա ամուսնունս այդպես էլ չտրվեց։ Համեմատության համար ասեմ, որ 37 թվականին անգամ շատ ակադեմիկոսներ ձերբակալված ակադեմիկոսների ընտանիքներին փող էին փոխանցում։
Փորձում էին ճնշել նաև ստորագրահավաքի մասնակիցներին։ Զանգում զգուշացնում էին, որ շարունակելու դեպքում աշխատանքից կհեռացվեն։ Մեր ինստիտուտում մի քանիսին նկատողություն արեցին, մի քանիսին էլ աշխատանքից հեռացրին։ Հեշտ չի եղել։ Նույն բանն էր նաև հարևան ՌՖԷԻ-ում, որի տնօրենն էր Ռադիկ Մարտիրոսյանը։
Մեր ինստիտուտում մթնոլորտը շատ ծանր էր։ Ինչպես արդեն նշեցի՝ ծագումով ղարաբաղցի տնօրեն Միքայել Տեր-Միքայելյանն արգելել էր ստորագրահավաք անել՝ հայտարարելով, որ Ղազարյանի ձերբակալությունը ինստիտուտի խնդիրը չէ, իսկ Ղազարյանին այդ գործի մեջ է ներքաշել կինը։ Դրանից հետո մեր խնդրագիրը ստորագրած գիտխորհրդի միակ անդամը հետ վերցրեց իր ստորագրությունը։ Ինձ մնում էր պարզապես բոլորին հերթով խորհուրդ տալ գիտխորհրդում դնել իմ ապահարզանի «գիտական» հարցը՝ փրկելու համար իրենց գիտնական ընկերոջը։ Նրանցից մեկը մեղավոր տեսքով պատասխանեց՝ «մենք քեզ նման համարձակ չենք, որ պայքարենք»: Եվ վերջ։ Կյանքը շարունակվում է, այդ մարդիկ այդպես էլ ապրում են՝ երբեմն-երբեմն Երևան-ՖՀԻ ճանապարհին մինչ օրս քննարկելով Գորբաչովի «հայտնի ելույթը»։
«Ղարաբաղ» կոմիտեի՝ իշխանության գալուց հետո ինչպե՞ս փոխակերպվեց այդ նույն մտավորականների վարքը։
Սկսվեց «արմունկների դարաշրջանն» ու ջունգլիներում արևոտ տեղ նվաճելու փուլը. բնականաբար՝ նախկին դիրքորոշումները մոռացության տրվեցին։ 96-ի ընտրությունների ժամանակ ես ու Ռաֆայելը պիտի հսկեինք ընտրական հանձնաժողովների աշխատանքներն Աշտարակում։ Մեր ինստիտուտի ընտրատեղամասում տեսա ինստիտուտի փոխտնօրենին. հանկարծ պարզվեց, որ նա էլ է վստահված անձ, սակայն բնական է՝ գործող իշխանության։ Այդ պատճառով էր, որ 2008-ին Ազատության հրապարակից դիմելով մտավորականներին, ասացի այն, ինչ տեսել էի՝ որ հաղթանակի դեպքում էլի կգաք և մեզ հրմշտելով կկանգնեք Լևոնի կողքին, ինչպես 88-ից հետո էր։
Շարժումից հետո նրանք սկսեցին վայելել։ Կոմունիստական նոմենկլատուրան հաջողությամբ պսակեց հարմարվելու գործը, իսկ 98-ից հետո անցավ ուղղակի ռևանշի՝ ետ բերելով կորցրածը և հընթացս հնարավոր բոլոր մեթոդներով սևացնելով 88-ի լուսավոր ամեն ինչը։ Դա, իր հերթին, լրջորեն խեղաթյուրեց Շարժման վերաբերյալ մարդկանց ընկալումները, և շատերը Շարժումն արդեն մեծամասամբ պատկերացնում են այդ մարդկանց բառերով ու կաղապարներով։
Շարժման օրերից կա՞ն հատուկ հիշողություններ, որ բնութագրական են այդ օրերի համար։
Երբ 89-ին ստորագրություններ էի հավաքում, ակադեմիկոս Էդվարդ Աթայանը ստորագրեց և ասաց, որ մեր Շարժման կողմնակիցն է։ Մի քիչ խոսելուց հետո ինձ մի ծրար տվեց՝ ասելով, որ տեղյակ է, որ Ռաֆայելին աշխատավարձ չեն տալիս։ Միակ ակադեմիկոսն է եղել, որ ինձ փող է առաջարկել, հենակներով եկել է ետևիցս և ստիպել է վերցնել։ Ողջ ստորագրահավաքի ընթացքում դա եղել է ամենահուզիչ պահը։
Ժողովուրդն էլ Շարժման համար էր փող հավաքում։ Հետագայում զենքի համար առաջին գումարը Կոմիտեն ստացավ Կանադայից՝ Ռաֆայել Ղազարյանի ընկերներից։
Տեսակցության մասին
«Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամների կանանցից ես միակն էի, որ թույլտվություն ստացա հանդիպելու ամուսնուս։ Գորբաչովն ապրիլյան կոնֆերանսում երկարաշունչ ելույթ էր ունեցել՝ թե իրենք կտրվել են ժողովրդից և պիտի գնան դեպի ժողովուրդը։ Հաջորդ օրը շրջկոմի քարտուղարները սկսեցին «գնալ դեպի ժողովուրդը»՝ տեղից տեղ շրջել։ Կենտկոմի քարտուղար Լոբովին պատահաբար տեսա համալսարանի դռների մոտ։ Ներկայացա և խնդրեցի ինձ ընդունել։ Ընդունեց։ Երկու ժամ տևած խոսակցությունից ու փոխադարձ մեղադրանքներից հետո հարցրեց, թե իրենից ինչ եմ ուզում։ Ասացի, որ ամուսնուս հետ հանդիպում եմ պահանջում՝ հաղորդելու, որ հանգիստ լինի երեխաների համար։ Երկու շաբաթ անց ինձ հաղորդեցին, որ Լոբովը խնդրում է չտարածել, բայց օգտագործելով իր անձնական կապերը՝ հանդիպման հնարավորություն է ստացել։ Ստարովոյտովայի ընտրարշավն ու ընտրություններն անցկացնելուց հետո մեկնեցի Մոսկվա։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Սամսոն Ղազարյանի եղբայրը, Սամվել Գևորգյանի եղբայրը, Աշոտ Մանուչարյանի քույրը, Ալեքսան Հակոբյանի քույրը, Խաչիկ Ստամբոլցյանի կինը և Իգոր Մուրադյանի ընկերուհին կանգնած էին Բուտիրյան բանտի դիմաց։ Օրվա վերջն էր։ Մեծ դժվարությամբ թույլ տվեցին ներս մտնել։ Ինձ ասել էին, որ այդ օրը պիտի սիրուն հարդարված ու հավաքված լինեմ, որովհետև նա, ինձ տեսնելով, հուզվելու և կորցնելու է խոսելու ունակությունը, բայց հետո վերլուծելու է լսած ամեն բառը։ Նրան բերեցին թևատակերից բռնած։ Հազիվ էր քայլում։ Ես արագ-արագ խոսում էի, բայց երբ իրեն տարան, սկսեցի ուժեղ լացել։ Հսկիչ զինվորներն ինձ դուրս բերեցին։ Շարունակում էի լաց լինել։
Դրսում կանգնածները բացել և ուտում էին տարածս ծանրոցն ու Համբարձում Գալստյանի մոր բաղադրատոմսով թխված մեղրաբլիթները։ Ծանրոցը չէին ընդունել, քանի որ նախորդ օրը Ռաֆայելի եղբայր Վազգենն արդեն մի ծանրոց տարել էր՝ չիմանալով, որ գալու եմ։ Ամսական մեկ ծանրոց էր թույլատրված (3 կգ) և 10 ռուբլի։ Բուտիրյան բանտում սնունդը օրական 37 կոպեկ էր, իսկ Մատրոսկայա Տիշինայում՝ 68 կոպեկ։ Հետագայում Մատրոսկայա Տիշինայում նստածները ծաղրում էին բուտիրցիներին՝ պարծենալով իրենց «էլիտար» կեցությամբ։
Երբ Ռաֆայելը բանտում էր, զգում էի, որ հիվանդ է: Հետո պարզվեց՝ միկրոինֆարկտ է տարել, և ոչ ոք չի մոտեցել ու բժշկական օգնություն չի ցուցաբերել:
Հանդիպումից հետո հարցազրույց տվեցի մի քանի ռադիոկայանների։ Առավոտյան հանդիպեցինք Ստարովոյտովային, Սախարովին և Ելցինին։ Գնացինք դատախազություն՝ Տիտովի մոտ։ Հիվանդանոցի բժիշկը խառնվել էր իրար։ Դրանից հետո բարեհաճել էր այցելել Ռաֆայելին՝ ասելով, որ վաղուց էր ուզում։ Ռաֆայելը պատասխանել էր, որ տարածքը չի լքել և 3 ամիս նրան սպասել է միևնույն սենյակում։
Համբարձում Գալստյանի մասին
Հետաքրքիր էր իմ հանդիպումը Համբարձում Գալստյանի հետ։ 88-ի աշնանը թուրքերը խաղաղ և համատարած հեռանում էին՝ հետները տանելով գյուղտեխնիկայի վրա բարձած ինչքն ու խնայդրամարկղերից հանած փողերը։ Քաղաքացիներից մեկը հարցրեց-իմացավ, թե ով եմ, և պատմեց, որ իր թուրք հարևաններից մեկը բանկից հանել է իր փողերն ու նոր գնացել։ Ուստի խնդրեց «Ղարաբաղ» կոմիտեին փոխանցել, որ նրանց գոնե չթույլատրվի բանկից փող հանել. նա նեղսրտած էր Ադրբեջանից փախչող մեր հայրենակիցների դափուդատարկ վիճակից։ Այդ պահին տեսա Համբարձում Գալստյանին և հաղորդեցի լսածս։ Համբարձումը պատասխանեց՝ նրանք թուրք են՝ թուրքավարի են վարվում, ուզում ես՝ մե՞նք էլ նրանց պես վարվենք։ Համբարձումը թուրքերին էլ ասել էր՝ որ մենք նրանց չենք տեղահանում, բայց եթե ուզում են գնալ, կարող են հանգիստ վերցնել ունեցած-չունեցածը՝ նոր հեռանալ։
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ