Արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվում աշխարհը

Արդյո՞ք արհեստական բանականությունը (այսուհետ՝ ԱԲ) պարգև է մարդկությանը, թե՞ անեծք․ այս բանավեճը արդեն երկար ժամանակ է, ինչ քննարկվում է և շարունակում է  արդիական մնալ։ ԱԲ-ի «ներխուժումը» մարդկային էկոհամակարգ այլևս անհերքելի փաստ է։ Դրա կիրառելիության բնագավառները բազմաթիվ են և բազմաբնույթ՝ ներառյալ առողջապահությունը, կառավարումը, ռազմական, ֆինանսական և տնտեսական կիրառելությունը, գովազդը, արվեստը և այլն։  Միևնույն ժամանակ ԱԲ-ը, ներթափանցելով տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներ, դառնում է պետության հզորության որոշիչ գործոններից մեկը՝ ազդելով նաև աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ ԱԲ-ի ոլորտում առաջնորդության ձգտումը ստիպում է պետություններին օրեցօր ավելի մեծ ծավալների ներդրումներ կատարել ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչն էլ իր հերթին խթան է դառնում ԱԲ-ի շուրջ ծավալվող մրցավազքի համար։

Ի՞նչ է արհեստական բանականությունը

ԱԲ-ը չունի համընդհանուր սահմանում։ Չնայած նրան, որ այն պայմանավորված է 1940-ականներին էլեկտրոնային հաշվողական համակարգի և արհեստական նեյրոնային ցանցերի առաջացմամբ, այսօր այն վերաբերում է առարկաների, տեխնոլոգիաների և մեթոդների ավելի լայն շրջանակի։ Հակառակ ԱԲ-ի լայնորեն տարածված ընկալման՝ այն այդքան էլ նոր գիտաճյուղ չէ։ Դրա հիմնարար հասկացություններից շատերը հիմնվում են ավելի քան 2000-ամյա փորձի վրա՝ կուտակված փիլիսոփայության, տրամաբանության, մաթեմատիկայի, ճանաչողական հոգեբանության, լեզվաբանության և այլ գիտությունների մեջ: Սակայն, որպես հետազոտությունների կիրառական դաշտ ԱԲ-ը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։  1950 թվականին Ալան Թյուրինգը հրապարակեց իր «Հաշվողական մեքենաները և բանականությունը»  հոդվածը, որում առաջարկվում էր «Իմիտացիոն խաղի» գաղափարը, որը  կառուցված  էր  «Արդյո՞ք մեքենաները կարող են մտածել» հարցադրման շուրջ։ Ավելի ուշ այս գաղափարը որակվեց որպես Թյուրինգի թեստ, որով չափվում էր մեքենայի (արհեստական) ինտելեկտը։ Թյուրինգի փորձը դարձավ ԱԲ-ի փիլիսոփայության կարևոր բաղադրիչը։ ԱԲ եզրույթն առաջին անգամ առաջարկվեց և շրջանառվեց ամերիկացի գիտնական Ջոն Մաքարթիի կողմից 1956 թվականին՝ վերջինիս կողմից կազմակերպված Դարտմուտի սեմինարի շրջանակներում։

Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է ԱԲ-ը, փորձենք հստակեցնել դրա սահմանումը։ Այսպես, «Արհեստական բանականություն։ Ժամանակակից մոտեցումներ» դասագրքի համահեղինակ, Կալիֆորնիայի Բերքլի համալսարանի պրոֆեսոր Ստյուարդ Ռասելը ԱԲ-ը սահմանում է որպես «մեթոդների ուսումնասիրում, որոնք թույլ են տալիս համակարգիչներին գործել բանական»[1]։ Իր ավելի լայն իմաստով ԱԲ-ը բնորոշվում է որպես «հաշվարկների ուսումնասիրություն, որոնք թույլ են տալիս ընկալել, դատել և գործել» կամ «խելացի վարքի ավտոմատացում»։ Ընդհանուր առմամբ ԱԲ-ը կարող ենք սահմանել որպես ոչ մարդկային բանականություն, որը չափվում է մարդու մտավոր հնարավորությունների վերարտադրման իր ունակությամբ, ինչպիսիք են պատկերների, առարկաների ճանաչումը, լեզվի իմաստային ընկալումը, փորձի վրա հիմնված հարմարվողական ուսուցումը, տրամաբանությունը, ռազմավարությունների մշակումը, երևույթների մասին դատողություններ անելու ունակությունը, որոշումների կայացումը և այլն։

Անդրադառնալով ԱԲ դասակարգմանը՝ նշենք, որ ներկայումս ընդունված է առանձնացնել ԱԲ-ի երկու մակարդակ՝ թույլ (նեղ) և ուժեղ (ընդհանուր)՝ կապված ԱԲ-ի կողմից մարդկային կարողությունների վերարտադրման աստիճանի հետ, սակայն գրականության մեջ հաճախ հանդիպում է նաև երրորդ մակարդակը՝ սուպերբանականությունը։ Այս մակարդակները կարելի է դիտարկել նաև որպես ԱԲ-ի սերունդների զարգացման հաջորդականություն։

  • Թույլ ԱԲ-ը, որը հաճախ անվանվում է նաև արհեստական նեղ բանականություն, ԱԲ-ի համակարգ է, որը մշակված և պատրաստված է որոշակի խնդրի համար։ Այն կարող է հավասար լինել, ինչպես նաև գերազանցել մարդկային կարողությունները որոշակի առաջադրանքների համար։ Այսպիսի համակարգերի օրինակներ են IBM-ի Deep Blue շախմատային ծրագիրը, Watson-ը (‘Jeopardy!’), Google-ի AlphaGo-ն (go), վիրտուալ անձնական օգնականները, ինչպիսիք են Apple-ի Siri-ն կամ ցանկացած այլ մասնագիտացված ավտոմատացված համակարգեր, որոնք աշխատում են մարդկային կարողությունների սահմաններում։ Ներկայումս գոյություն ունեցող ԱԲ-ի բոլոր համակարգերը դասակարգվում են որպես նեղ կամ թույլ։
  • Ուժեղ ԱԲ-ը, որը հայտնի է նաև որպես արհեստական ընդհանուր բանականություն, ԱԲ-ի համակարգ է՝ մարդու ճանաչողական ունակությունների ընդհանրացումներով։ Երբ ուժեղ ԱԲ-ին ներկայացվում է անծանոթ խնդիր, այն կարող է լուծում գտնել առանց մարդու միջամտության: Այն համապատասխանում է մարդկային կարողությունների ամբողջ շրջանակին և կարող է հաջողությամբ իրականացնել ցանկացած մտավոր առաջադրանք, ինչը հասանելի է մարդուն։
  • Արհեստական սուպերբանականությունը կամ գերբանականությունը մեքենայական բանականություն է, որը գերազանցում է մարդու բանականությունը ցանկացած խնդրում։ Հաճախ ապագայի վերաբերյալ կանխատեսումներում հիմնական մտավախությունները կապված են հենց արհեստական սուպերբանականության հետ։

Արհեստական բանականության դրական և բացասական կողմերը

ԱԲ-ի հնարավոր ազդեցությունների մասին շրջանառվող կարծքիները տարաբնույթ են և աչքի են ընկնում ինչպես լավատեսական, այնպես էլ վատատեսական միտումներով։ ԱԲ-ի օգտակար կողմերից կարելի է առանձնացնել այն, որ վերջինս օգնում է նվազեցնել սխալների հավանականությունը և բարձրացնել ճշգրտությունը։ Այն կարող է օգտագործվել տարբեր վտանգավոր առաջադրանքների կատարման համար, օրինակ՝ տիեզերքի, օվկիանոսի հատակի, լեռնահանքերի և մարդու համար անհասանելի կամ սահմանափակ այլ վայրերի հետազոտության և ուսումնասիրության նպատակով։ ԱԲ-ի միջոցով գործող ինքնավար մեքենաները հնարավորություն կտան նվազեցնել ավտովտթարների թիվը։ Բացի դա՝ ԱԲ-ը ունի առօրյա լայն կիրառություն։ Սմարթֆոնը ամենատարածված օրինակն է, թե մենք ինչպես ենք օգտագործում արհեստական բանականությունը։ Երբ մենք նկարվում ենք, ԱԲ-ի ալգորիթմը նույնականացնում և ճանաչում է մարդու դեմքը և նշում է մարդկանց, երբ մենք նկարները հրապարակում ենք սոցիալական ցանցերում։ ԱԲ-ը լայնորեն օգտագործվում է ֆինանսական և բանկային համակարգերում տվյալների կառավարման նպատակով։ Այսօր այն կարողանում է հայտնաբերել խարդախությունները քարտային համակարգերում։ Զարգացած կազմակերպությունները օգտագործում են «ավատարներ», որոնք կրկնօրինակներ կամ թվային օգնականներ են, և իրականում փոխազդում են օգտատերերի հետ։ Էմոցիաների բացակայությունը թույլ է տալիս ռոբոտներին դատել տրամաբանորեն և կայացնել ռացիոնալ որոշումներ։ Մեքենաները, ի տարբերություն մարդկանց, կարող են աշխատել անընդմեջ՝ դրանով իսկ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։ ԱԲ-ը կարող է փոխարինել մարդուն կրկնվող, ձանձրալի և միապաղաղ աշխատանքներում՝ գործելով ավելի արագ, քան մարդիկ և միաժամանակ իրականացնելով մի քանի գործառույթ։ ԱԲ-ի լայն կիրառությունը կարելի է տեսնել նաև բժշկության մեջ։ Բժիշկները գնահատում են հիվանդին կամ նրա առողջական ռիսկերը ԱԲ-ի օգնությամբ։  Այն նաև տեղեկատվություն է տալիս տարբեր դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների մասին։ ԱԲ-ի աճող դերի պատճառներից մեկը տնտեսական զարգացման հսկայական հնարավորություններն են։ 2017 թվականին PriceWaterhouseCoopers-ի կողմից իրականացրած ծրագրի գնահատականի համաձայն՝ մինչև 2030 թվականը ԱԲ-ի տեխնոլոգիաները կարող են մեծացնել համաշխարհային ՀՆԱ-ն 15.7 տրիլիոն դոլլարով ( 14%):

Բոլոր այս դրական երևույթների հետ մեկտեղ ԱԲ-ը ենթադրում է նաև խնդիրներ։ Նախ և առաջ ԱԲ-ը ենթադրում է մեծ ծախսեր, ռեսուրսներ և ժամանակ այն կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու համար։ Բացի այդ, այսօր շատ են քննարկվում ԱԲ-ի հետ կապված էթիկական և բարոյական խնդիրները։  ԱԲ-ը զուրկ է ստեղծագործականությունից և գործում է միայն այն սահմաններում, որը նրա համար գծում է մարդը։ Կարևոր մտավախություններից մեկն էլ այն է, որ թեև ԱԲ-ը նվազեցնում է մարդու կողմից արվող սխալների հավանականությունը, սակայն խնդիրը կարող է լինել հենց ԱԲ-ի կոդում, որը, ի վերջո, գրվում է մարդու կողմից։ Մյուս կարևորագույն խնդիրը, որը կարող է առաջացնել ԱԲ-ի լայնածավալ կիրառումը,  գործազրկությունն է։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025 թվականին կվերանա գործող աշխատատեղերի մոտ 50%-ը, ինչպես նաև շատ ընկերություններ և  արտադրության ճյուղեր։ Վերջապես, մարդիկ կարող են չափազանց շատ կախված լինել ԱԲ-ից, ինչը կարող է հանգեցնել մարդու մտավոր կարողությունների անկման։ Մեքենաների հայտնվելը ոչ ճիշտ ձեռքերում ևս մտահոգությունների առիթ է ստեղծում մարդկության համար, իսկ հեռավոր ապագայի սցենարներում դիտարկվում են նաև  «մեքենաների ապստամբության»  սցենարներ։

Ստիվեն Հոքինքը, խոսելով ուժեղ ԱԲ–ի մասին, նշել է․ «Այն կսկսի ինքն իրեն վերափոխել անընդհատ աճող արագությամբ, և մարդիկ, որոնք սահմանափակված են կենսաբանական էվոլյուցիայով, դուրս կմղվեն»։ Միաժամանակ, ապագայաբան Ռեյ Կուրժվիլի համոզմամբ, ապագայում մարդիկ և մեքենաները կկարողանան գոյատևել միասին մի աշխարհում, որտեղ մեքենաները ուժեղացնում են մարդկային կարողությունները՝ պահպանելով համակեցության նորմերը։ Հենրի Քիսինջերը 2018 թվականին հրապարակած իր «Ինչպես է լուսավորությունը ավարտվում» հոդվածում մտահոգություն է հայտնում ԱԲ-ի արագ տեմպերով աճի վերաբերյալ՝ գտնելով, որ մարդկային հասարակությունը դեռևս պատրաստ չէ նման փոփոխությունների։  Նա նաև քննադատում է ԱԲ-ի ազդեցությունը ամերիկյան ընտրարշավների ժամանակ՝ խոսելով միկրոխմբերը թիրախավորելու հնարավորության մասին՝ հատկապես սոցցանցերի միջոցով։ Եթե ԱԲ-ը հնարավորություն ունի ազդելու ընտրական գործընթացի վրա ժողովրդավարական երկրներում, ապա ավտորիտար վարչակարգերում այն կարող է ուժեղացնել հասարակության նկատմամբ վերահսկողությունը[2]։

Արհեստական բանականության ռազմական կիրառելիությունը

2017թ․ սեպտեմբերին մի խումբ ռուս ուսանողների և լրագրողների առջև Վ․ Պուտինը հայտարարեց․ «Արհեստական բանականությունը ապագան է․․․ Ով կդառնա առաջատար այս ոլորտում, կղեկավարի աշխարհը»։ Երեք օր անց SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ավելի հեռուն գնաց՝ թվիթելով․ «Արհեստական բանականության ոլորտում գերակայության հասնելու համար մրցակցությունը, հավանաբար, կդառնա Երրորդ համաշխարհայինի պատճառը»։

Ինչպես շատ տեխնոլոգիաներ, այնպես էլ ԱԲ-ը ունի թաքնված ռազմական ներուժ։ ԱԲ-ի հավելվածներն արդեն իսկ օգտագործվում են պաշտպանական և հետախուզական ոլորտներում՝ ունենալով իրենց նմանակները քաղաքացիական կյանքում, ինչպիսիք են լոգիստիկան, պլանավորումը, վերլուծությունը, փոխադրումը, տվյալների վերլուծությունը ԱԲ-ի աջակցությամբ։ Այս հավելվածները տարբերվում են պատերազմում կիրառելի հավելվածներից։ Դրանք, որպես կանոն, բաժանվում են երկու խմբի․ որոնք մեծապես ազդում են պատերազմի օպերացիոն մակարդակի վրա և որոնք ազդում են նաև ռազմավարական մակարդակի վրա։ Օպերացիոն մակարդակում ԱԲ-ը կարող է մեծ ազդեցություն ունենալ տակտիկական նպատակներին հասնելու գործում։ Ռազմավարական մակարդակում այն կարող է էական ազդեցություն ունենալ պատերազմի մասշտաբի և հնարավորությունների,  էսկալացիայի և դե-էսկալացիայի և, հետևաբար, ռազմավարական կայունության և զսպման վերաբերյալ քաղաքական որոշումների վրա։

Ներկայումս գնալով մեծանում է հետաքրքությունը ինքնավար զենքերի նկատմամբ, և պետությունները պատվիրում են կազմակերպություններին և հետազոտական կենտրոններին մշակել դրանք։ Սակայն կա լուրջ խնդիր՝ կապված մահացու ինքնավար զենքի համակարգերի կամ, այսպես կոչված, «մարդասպան ռոբոտների» շուրջ։ Այս զենքերը կարող են ընտրել և հարձակվել անհատական թիրախների վրա առանց մարդկային վերահսկողության։ Եթե հաջողվի ստեղծել նման համակարգեր և կիրառել դրանք, ապա իրադարձությունների նման զարգացումը մեծ ազդեցություն կունենա պատերազմների վարման մեջ և վառոդից ու ատոմային ռումբից հետո կհամարվի երրորդ հեղափոխությունը պատերազմում։ Թիրախների ավտոմատ ընտրության և ոչնչացման ֆունկցիան կարող է կիրառվել տարբեր հարթակներում, օրինակ մարտական տանկերի, նավերի, ինքնաթիռների վրա։ Մահացու ինքնավար զենքերը առաջացնում են մի շարք իրավական, էթիկական և անվտանգային խնդիրներ։ Չնայած դրան՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իսրայելը և Հարավային Կորեան այն երկրների շարքում են, որոնք ընդդիմացել են ՄԱԿ-ի՝ մահացու ինքնավար զենքերը արգելելու ջանքերին։

Արհեստական բանականությունը առաջ է քաշում աշխարհաքաղաքական նոր միտումներ

ԱԲ-ի՝ արագ տեմպերով զարգացումը և ներթափանցումը տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներ դարձնում է այն պետությունների հզորության վրա ազդող գործիք, հետևաբար ազդելով նաև աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ ԱԲ-ի աշխարհաքաղաքական ազդեցության գնահատման տեսանկյունից շրջադարձային եղավ 2018 թվականը։ Ի հայտ եկան գլոբալ կերպափոխման նոր միտումեր, որոնք պայմանականորեն կարելի է կոչել ԱԲ-ի ազգայնականություն և ԱԲ-ի ազգայնացում։ Այս միտումները էլ ավելի շեշտվեցին այն փաստով, որ ԱԲ-ի ոլորտում իրենց ազգային ռազմավարությունների մշակման ժամանակ շատ զարգացած պետություններ միաժամանակ  սկսեցին փոխել իրենց վերաբերումունքը ազատական սկզբունքների նկատմամբ։ Նախ համաշխարհային համապարփակ համագործակցության, աշխատանքի գլոբալ բաժանման, նոր հարթակների ներդրման և տաղանդների փոխադարձ փոխանակման փոխարեն երկրները (Չինաստան, Ռուսաստան, ՄԲ, Ֆրանսիա, Իսրայել, Հվ․ Կորեա) շեշտը դնում են ԱԲ-ի ազգայնականության վրա, որը հռչակում է սեփական երկրի տնտեսական և ռազմական շահերը՝ որպես իր ԱԲ-ի ռազմավարության հիմանական նպատակ։ Երկրորդը՝ ԱԲ-ի ազգայնացման քաղաքականությունը ենթադրում է հետևյալ առաջնահերթությունները․ պետական և մասնավոր ռեսուրսների ներգրավում, ԱԲ-ի նորարարությունների ներդրման տեմպերի համաձայնեցում, ռազմավարական նպատակների վերակողմնորոշում` օժանդակելու համար պետության տնտեսական աճը, աշխարհաքաղաքական և ռազմական առավելություններ միջազգային հարթակում։

Աշխարհաքաղաքական որոշ կանխատեսումներ ենթադրում են, որ այս միտումների ուժեղացման և դրանց շարունակականության արդյունքում մոտ ապագայում աշխարհը կենթարկվի զգալի փոփոխությունների, իսկ միջազգային հարաբերությունները կորոշվեն հետևյալ գործոններով․

  • ԱԲ-ի մրցավազք առաջատար երկրների միջև, որոնք կորոշեն և կուղղորդեն ԱԲ-ի տեխնոլոգիաների հետագա զարգացումը։ Այս առումով առանձնացվում են ԱՄՆ-ի և Չինաստանի «թվային կայսրությունները»։
  • ԱԲ-ի նեոգաղութատիրություն՝ ԱԲ-ի լիդերների և մրցակցությունից դուրս մնացած պետությունների միջև հարաբերություններում[3]։

Արհեստական բանականության դերը պետությունների ռազմավարական ծրագրերում

Պետությունները գնալով ավելի են գիտակցում ԱԲ-ի  զարգացման տնտեսական, ռազմավարական և ռազմական բաժինը։ Վերջին տարիներին Ֆրանսիան, Կանադան, Չինաստանը, Դանիան, Եվրոպական հանձնաժողովը, Ֆինլանդիան, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Սկանդինավյան և Բալթյան տարածաշրջանի երկրները, Սինգապուրը, Հարավային Կորեան, Շվեդիան, Թայվանը, Միացյալ Արաբական Էմիրությունները և Միացյալ Թագավորությունը հրապարակել են ԱԲ-ի օգտագործման խթանման և զարգացման ուղղությամբ իրենց ռազմավարությունները[4]։ Այս ռազմավարությունները վերաբերում են կրթությանը, հետազոտություններին, թվային ենթակառուցվածքներին, հանրային սպասարկման ոլորտին, էթիկային և այլ ոլորտների։ Սակայն ոչ բոլոր երկրները  կարող են ձգտել առաջատար լինել ԱԲ-ի ոլորտում։ Սա ավելի շուտ մրցակցային առավելությունների որոշման և կառուցման, ազգի որոշակի կարիքների բավարարման խնդիր է։ Որոշ երկրներ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են գիտական հետազոտությունների, մյուսները՝ տաղանդների և կրթության, ադմինիստրատիվ աշխատանքներում ԱԲ-ի ներդրման և այլնի վրա։

Այս ոլորտում համաշխարհային առաջնորդության ձգտող խաղացողների մեջ առանձնանում են ԱՄՆ-ը և Չինաստանը։  2017 թվականի հուլիսին Չինաստանի պետական խորհուրդը հրապարակեց «Նոր սերնդի արհեստական բանականության զարգացման պլան», որում ներառված է Չինաստանի նպատակը՝ մինչև 2030 թվականը դառնալու ԱԲ-ի ոլորտում նորարարությունների հիմնական կենտրոնը՝ ստեղծելով 147 մլն դոլլար արժողությամբ ներքին ԱԲ-ի արդյունաբերություն, և համաշխարհային առաջատարը։ Չինաստանի տնտեսական գործունեության 50%-ը կարող  է ավտոմատացվել՝ նպաստելով նեղ ԱԲ-ի արագ առաջընթացին։ Այն նաև ներգրավել է ԱԲ-ը և թվային տեխնոլոգիաները իր աշխարհաքաղաքական ռազմավարության մեջ։ 2016 թվականից Ասիան, Աֆրիկան և Եվրոպան կապող ենթակառուցվածքների կառուցման իր «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը մեկնարկել է թվային բաղադրիչ՝ «Թվային գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի վերջին ձեռքբերումը 2018 թվականի փետրվարին Թայլանդում առաջատար տեխնոլոգիաների նոր միջազգային կենտրոնի ստեղծումն էր «Թվային մետաքսի ճանապարհի» համար։

Իր հեթին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը 2019  թվականի փետրվարին ստորագրեց հրաման, որը հաստատում է ԱԲ-ի ոլորտում առաջնորդության կարևորությունը «ԱՄՆ-ի տնտեսական և ազգային անվտանգության ապահովման համար և ազգային արժեքներին, քաղաքականությանը և առաջնահերթություններին համապատասխան ԱԲ-ի համաշխարհային զարգացման ձևավորման համար»։ Այս հրամանը սահմանում է ամերիկյան ԱԲ-ի նախաձեռնությունը, որը հիմնվում է հինգ սկզբունքների վրա․

  • ներդնել ԱԲ-ի ոլորտում տեխնոլոգիական ձեռքբերումները դաշնային կառավարման, արդյունաբերության և ակադեմիական շրջանակներում՝ գիտական բացահայտումների, տնտեսական մրցունակության և ազգային անվտանգության խթանման և ապահովման նպատակով,
  • մշակել տեխնիկական ստանդարտներ և նվազեցնել ԱԲ-ի տեխնոլոգիաների անվտանգ թեստավորման և տեղակայման խոչընդոտները,
  • կրթել ամերիկյան աշխատողներին ԱԲ-ի տեխնոլոգիաների մշակման և կիրառման համար,
  • խթանել հանրային վստահությունը ԱԲ-ի տեխնոլոգիաների նկատմամբ և պաշտպանել քաղաքացիական ազատությունները, գաղտնիությունը և ամերիկյան արժեքները,
  • նպաստել միջազգային միջավայրին, որն աջակցում է ամերիկյան ԱԲ-ի հետազոտություններին և նորարարություններին և բացում է շուկաները ամերիկյան ԱԲ-ի արդյունաբերության համար՝ միևնույն ժամանակ պաշտպանելով ԱԲ-ի ոլորտում տեխնոլոգիական առավելությունը և պաշտպանելով ԱԲ-ի կարևոր տեխնոլոգիաները, որպեսզի չընկնեն ռազմավարական մրցակիցների և հակառակորդ ազգերի ձեռքը:

Հարկ է նշել, որ չնայած ԱԲ-ի ոլորտում ԱՄՆ-ի առաջնորդությանը՝ այսօր այն չունի պաշտոնական ԱԲ-ի ռազմավարություն և այս իմաստով հետ է մնում 18 երկրներից, որոնք այսօրվա դրությամբ ունեն նման ռազմավարություններ։

Այս ոլորտում համեմատաբար փոքր խաղացողները, ինչպիսիք են Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան, նույնպես ունեն հավակնոտ ռազմավարություններ և զգալի ներդրումներ են կատարում ԱԲ-ի ոլորտում: Մյուս երկրները մասնագիտանում են ԱԲ-ի որևէ կոնկրետ ոլորտում՝ հետևելով ցածր շեմի ռազմավարությանը։ Հնդկաստանը, օրինակ, ցանկանում է դառնալ «ԱԲ-ի ավտոտնակ»` մասնագիտանալով  զարգացող երկրներին բնորոշ հավելվածների ստեղծման մեջ։ Լեհաստանը ուսումնասիրում է կիբեռանվտանգության և ռազմական օգտագործման հետ կապված խնդիրները: Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը մեկնարկեց իր ԱԲ-ի ռազմավարությունը 2017 թ. հոկտեմբերին՝ ստեղծելով աշխարհի առաջին արհեստական բանականության նախարարությունը, որի սկզբունքային նպատակն է օգտագործել ԱԲ-ը արտադրողականությունը և արդյունավետությունը բարելավելու նպատակով[5]:

ԱԲ մրցավազք

Հաշվի առնելով ոլորտի զարգացման դինամիկան և ներուժը՝ ոչ հեռու ապագայում այն միտում ունի հանգեցնելու ԱԲ-ի մրցքավազքի։ Որպեսզի գնահատենք, թե ինչ գլոբալ դերակատարներ կարող են մասնակցել այս մրցավազքին, անհրաժեշտ է հաշվի առնել չորս հիմնական գործոն։

Առաջինը տվյալների հասանելիությունն է, որն անհրաժեշտ է մեքենայական ուսուցման և ԱԲ-ի սնուցման համար։ Այս ոլորտում Չինաստանը իր ավելի քան 740 միլիոն ինտերնետ և 1․4 մլրդ բջջային օգտատերերով ունի մրցակցային առավելություն  Միացյալ Նահանգների  նկատմամբ, որն ունի համապատասխանաբար 290 մլն և 416 մլն  ինտերնետ և բջջային օգտատեր։

Չնայած Չինաստանը շահում է հասանելի տվյալների մրցակցային առավելությունից և կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը  կտիրապետի համաշխարհային տվյալների 30%-ին՝ դրանց օգտագործման առավել խիստ կանոնների պատճառով այն հետ է մնում ԱՄՆ-ից տաղանդների ներգրավման առումով։

Երկորդ չափանիշը բարենպաստ էկոհամակարգի առկայությունն է, որը թույլ է տալիս առավել մեծ թվով ԱԲ-ի ընկերությունների ներգրավում (oրինակ՝ տվյալների օգտագործման վերաբերյալ կարգավորումներ, գաղտնիության մասին օրենքներ և այլն)։ Այսպես՝ աշխարհի ԱԲ-ի ստարտափների ընդհանուր թվի (2018թ․-ի տվյալների համաձայն դրանց թիվը 3465 է) 40%-ը (1393) գտնվում է ԱՄՆ-ում,  իսկ Չինաստանում՝  11%-ը (383), երրորդ տեղում Իսրայելն է՝ 10.5 % (362), որին հետևում են ՄԲ-ն (7%), Կանադան (3.8%), Ճապոնիան (3.1%), Ֆրանսիան (3.1%) և Գերմանիան (3%)[6]։

Հաջորդ կարևոր գործոնը, որն ազդում է ԱԲ-ի մրցավազքի վրա, տեխնոլոգիական հմտության և մրցունակության մակարդակն է։ Հետաքրքիր է, որ Չինաստանում շրջանավարտները տարեկան 2 անգամ ավելի շատ են, քան ԱՄՆ-ում։ Մասնավորապես՝ ինժեներ-ուսանողների թիվը  աներևակայելիորեն աճել է, և 2015 թվականին ամենաբարձր վարձատվրող աշխատատեղերից առաջին 5-ը կապված էր տեխնոլոգիաների հետ՝ հանգեցնելով ավելի շատ տաղանդների ներգրավմանը։ Այնուամենայնիվ, չնայած գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի շրջանավարտների ավելի մեծ թվին, Չինաստանում ԱԲ-ի ոլորտում կա 39 200 հետազոտող, որը կազմում է ԱՄՆ-ի ԱԲ-ի ոլորտի հետազոտողների ընդհանուր թվի մոտ կեսը (78 700): Ինչ վերաբերում է ԱԲ-ի ոլորտում հետազոտական աշխատանքներին, ապա տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2011-2015 թթ․ ընթացքում Չինաստանը հրապարակել է 41 000 հետազոտություն, մինչդեռ Միացյալ Նահանգները՝ 25 500։ Այնուամենայնիվ, չնայած Չիանաստանի հրապարակումները ծավալով գերազանցում են, այն 34-րդն էր ոլորտի հետազոտություններից արված մեջբերումներով, ինչը վկայում է այն մասին, որ աշխատանքների մեծ մասը չունեին այն որակը, ինչը, օրինակ, կար ԱՄՆ-ի հետազոտական աշխատանքներում (4-րդ տեղ)։ Սակայն Ալեն Ինստիտուտի կողմից արված հետազոտությունը ցույց է տալիս, որ Չինաստանը  հավակնում է անցնել ԱՄՆ-ին ԱԲ-ի ոլորտի հետազոտություններին արված հղումների քանակով։

Բացի այդ՝ Չինաստանը, չնայած մի քանի տասնամյակների ընթացքում զգալի ջանքերին, շարունակում է կախված մնալ ԱՄՆ-ից պրոցեսորների և միկրոսխեմաների արտադրման տեսանկյունից։ Այն տարեկան մոտ 200 մլրդ դոլլար արժողությամբ միկրոսխեմաներ է ներկրում ԱՄՆ-ից (ավելին, քան նավթի ներկրումը)։ Այս ճյուղի զարգացումը Չինաստանի գլխավոր ռազմավարական առաջնահերթություններից մեկն է, որի նպատակով Չինաստանը կրճատել է միկրոսխեմաներ արտադրող ընկերությունների հարկերը և պլանավորում է այս ոլորտում ներդնել մոտ 32 մլրդ դոլլար։

Վերջապես՝ բավարար կապիտալի առկայությունը ԱԲ-ի և դրա հարակից ոլորտներում հետազոտությունների իրականացման հաջողության գրավականն է։ Այս քաղաքականությանը համապատասխան՝ Չինաստանը հսկայական ներդրումներ է կատարում  ԱԲ-ի կարողությունների ուժեղացման ուղղությամբ։ Այսպես՝ Alibaba կազմակերպությունը ներդրել է 15 մլրդ դոլլար ԱԲ-ի ոլորտում հետազոտությունների համար: Այս ցուցանիշը համեմատելի է ամերիկյան գիգանտների հետ․ Amazon-ը 2017 թվականին կատարել է 16,1 մլրդ դոլլարի ներդրում՝ ոլորտում հետազոտությունների համար։  Ուճըն (乌镇) համալսարանի զեկույցի արդյունքների համաձայն՝ 2012-2016 թվականների ընթացքում Չինաստանի ԱԲ-ի ընկերությունները ստացել են 2.6 մլրդ դոլլար ներդրումային ֆինանսավորում, ինչը զգալիորեն պակաս է ամերիկյան ընկերությունների 17,9 մլրդ դոլլար ֆինանսավորումից։

Համեմատելով բոլոր ցուցանիշները՝ հանգում ենք այն եզրակացությանը, որ, թեև Չինաստանը որոշ չափորոշիչներում ունի մրցակցային առավելություններ, այնուամենայնիվ ներկայումս ԱԲ-ի ոլորտում առաջատարը Միացյալ Նահանգներն է։ Այդուհանդերձ պետք է նաև փաստել, որ Չինաստանի շարժառիթները իրական են և հստակ, և չպետք է դրանք թերագնահատել։ Այն  ունի բոլոր հնարավորությունները և պայմանները  ոլորտում առաջատարը լինելու համար, և ներկայումս բոլոր ջանքերն ուղղված են դրանց կատարելագործմանը, ուստի մոտ ապագայում մեծ է հավանականությունը, որ ուժերի հարաբերակցությունը կփոխվի հօգուտ Չինաստանի:

Գրականություն

  1. Davis S. Zachary, “Artificial Intelligence on the Battlefield. An Initial Survey of Potential Implications  for Deterrence, Stability, and Strategic Surprise”, 2019
  2. Frank Slijper, Alice Beck and Daan Kayser, “State of AI. Artificial Intelligence the military and increasingly autonomous weapons”, PAX, 2019,
  3. Henry Kissinger, “The Enlightenment Ends”, The Atlantic, 2018
  4. Jeffrey Ding, “Deciphering China’s AI Dream”, Future of Humanity Institute, University of Oxford, March 2018
  5. Nicolas Miailhe, “The geopolitics of artificial intelligence: The return of empires?”, Politique étrangère, 2018/3 (Autumn Issue)
  6. Sergey Karelov, “Artificial Intelligence as A Geopolitical Factor”, 2018
  7. Stephan De Spiegeleire,  Matthijs Maas, Tim Sweijs, “Artificial Intelligence and The Future of Defense: Strategic Implications for Small- and Medium-sized  Force Providers”, The Hague Centre for Strategic Studies, 2017
  8. Stuart Russell, “Q&A: The Future of Artificial Intelligence,” University of California, Berkeley
  9. Tim Dutton, “An Overview of National AI Strategies”, Medium, 2018
  10. https://www.forbes.com/sites/bernardmarr/2018/02/14/the-key-definitions-of-artificial-intelligence-ai-that-explain-its-importance/#104a31884f5d

Հեղինակ` Տաթև Ղազարյան (Tatev Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: