Բարեւ Ձեզ, հարգելի պարոն Բուշ
Տագնապով ու հույսով Ձեզ են գրում հայաստանցի մի խումբ երեխաներ, որոնք ճանաչում են Ձեզ եւ գիտեն ու արդեն զգացել են Ձեր անչափ մեծ սերն ու ջերմ վերաբերմունքը բոլոր ազգերի երեխաների նկատմամբ:
Դա մեզ թույլ է տալիս Ձեզ՝ երեխաների պաշտպանին, հանձնել մեր մտահոգություններն ու հուսախաբությունները, ինչպես նաեւ Ձեզանից հուսալ օգնություն:
Հայ ժողովրդի համար ամենաողբերգական օրերին, երբ ամենքս վախից ու վշտից կծկվել էինք մեր ընտանեկան հարկերի տակ՝ մխիթարություն ու բացատրություն որոնելով մեր ծնողների հանդարտեցուցիչ խոսքերում, մեր հայրիկները չվերադարձան տուն:
Մենք գիտեինք, որ նրանք փութացել են օգնության երկրաշարժից տուժած վայրերը, նրանք քուն ու դադար չունեին եւ չէին խնայում իրենց: Մեզ ասում էին եւ մենք էլ մտածում էինք, որ նրանք դեռ շարունակում են աշխատանքները աղետյալ շրջանում: Սակայն մենք շուտով հասկացանք, որ խաբել են մեզ:
Մեր հայրիկներին բոլորն անվանում են Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամներ: Նրանք արդեն մեկ տարի է ղեկավարում են հայ ժողովրդի պայքարը՝ Ղարաբաղը Հայաստանին միավորելու համար: Մենք գիտենք, որ դա արդար պայքար է, նրանց հետ է եղել ամբողջ հայ ժողովուրդը: Նրանց ճանաչում էր ամեն հայ մարդ՝ փողոցում, ավտոբուսում, դպրոցում: Մենք հպարտ էինք մեր համադասարանցիների առջեւ եւ ճիշտն ասած՝ մի քիչ զարմացած, որ մեր սովորական, բարի ու սիրելի հայրիկները այսքան մեծ, անչափ մեծ սեր են վայելում ամենքի կողմից: Դրա համար մեզ սովորեցրել էին երբեք չգոռոզանալ, երբեք վատ արարքներ թույլ չտալ, որովհետեւ մեր հայրիկներն անհարմար կզգային ժողովրդի առջեւ: Իսկ տանը նրանք մեզ սիրող, մեզ պատժող, մեզ հետ խաղացող ու մեզ այնքան բան սովորեցնող հայրիկներն էին: Նրանք մեզ սովորեցնում էին, որ պետք է միշտ-միշտ պայքարել արդարության համար, ազգի բարօրության համար, ով ինչպես կարող է, ում Աստծուց ինչքան տրված է: Նրանց շատ էր տրված Աստծուց եւ նրանք ամենաշատն էին պայքարում: Մեր հայրիկներն ակնարկում էին, որ արդարության համար պիտի հալածվեն: Մենք մտածում էինք, որ անքուն գիշերներն են երեւի հալածանք, կամ մեզ հետ զբաղվելուն քիչ ժամանակ հատկացնելը:
Ավաղ, կատարվեց ամենասարսափելին:
Մեզանից թաքցնում էին, շատ խնամքով էին թաքցնում…
Մենք պատահաբար իմացանք, որ նրանց բանտարկել են: Այդժամ բոլորը մեզ հավաստիացնում էին, որ շուտով կազատեն, ծննդյան տոներին կազատեն, հունվարի 16-ին կազատեն: Իսկ այդ օրերն այնքան դանդաղ էին անցնում… նոր տարին մենք այդպես էլ չնշեցինք, Ձմեռ պապն էլ գիտեր երեւի, որ չենք վերցնի իր նվերները եւ այդպես էլ չբերեց: Հետո սկսվեց ամենասարսափելին՝ գիշերային այցելությունները, խուզարկությունները: Գիշերով մարդիկ էին գալիս, հարցաքննում մայրիկներին, մեր տները տակնուվրա էին անում, ինչ-որ բան էին փնտրում: Մեր մայրիկները լաց էին լինում: Փողոցում, դպրոցում մեզ բոլորը կարեկցում են, թաքուն արտասուքներն են սրբում: Բոլորը հարցնում են. ի՞նչ լուր ունեք:
Մենք ոչ մի լուր չունենք մեր հայրիկներից: Մեր մայրիկները ասել են, որ մենք մեծ մարդիկ ենք, լաց չպիտի լինենք, ասել են, որ չվախենանք, որովհետեւ ամբողջ հայ ժողովուրդը, չնայած այս մեծ վշտին, պաշտպանում է Կոմիտեին, բոլոր մարդիկ նամակներ ու դիմումներ են գրում, որպեսզի անհապաղ ազատեն նրանց: Իսկ տեղեկություն նրանց մասին մենք այդպես էլ չունենք. ասում են՝ տարել են Մոսկվա, տարել են հոգեբուժական հիվանդանոց, ավելի վատ բաներ են ասում…
Մենք գիտենք, որ մեր ազնիվ հայրիկները երբեք վատ արարք թույլ չեն տվել, երբեք: Իրենք էին մեզ ասում, որ արդարությունը կհաղթանակի: Ե՞րբ… Գիտե՞ք՝ մենք՝ երեխաներով, մտածում էինք ցույց կազմակերպել, որպեսզի ազատեն մեր հայրիկներին, բայց Երեւանում այնպիսի ահավոր դրություն է, որ կինոնկարներում անգամ սարսափելի է: Մենք վախով ենք դպրոց գնում, որովհետեւ փողոցներում տանկեր են, մայթերում՝ անհամար զինվորներ՝ իսկական հրացաններով: Եւ մեզ էլ զգուշացրել են ու պատմել, որ նրանք կրակում են, ծեծում մարդկանց մահակներով:
Սիրելի պապիկ,
Մենք Ձեզ ենք գրում այնքան անմիջական ու անկեղծ, կարծես ճանաչելիս լինենք Ձեզ: Մենք գիտենք, որ Դուք աշխարհում մեծ մարդ եք: Մեզ թվում է, որ Դուք կարող եք օգնել մեզ՝ վերադարձնել մեր հայրիկներին: Մենք կարծում ենք, որ Ձեր մեն-միակ խոսքը, Ձեր մի փոքրիկ խնդրանքը բավական է, որ մեր հայրիկները վերադառնան:
Խնդրում ենք Ձեզ, արեք այդ բանը մեզ համար:
Մենք հայրիկների ազատումից բացի աղոթում ենք նաեւ Ձեր ու Ձեր ընտանիքի համար:
Հ.Գ. Հա, սիրելի պապիկ, կազատե՞ք նաեւ նրանց, ովքեր դեռ չեն հասցրել երեխաներ ունենալ…
Հույսով ու սպասումով՝
Վազգեն Մանուկյան Աստղիկ 15տ.
Մանուկյան Արեւիկ 10տ.
Մանուկյան Նվարդ 5տ.
Աշոտ Մանուչարյան Լեւոն 3տ.
Լեւոն Տեր-Պետրոսյան Դավիթ 15տ.
Սամվել Գեւորգյան Վահիկ 15տ.
Գեւորգյան Սոնա 12տ.
Բաբկեն Արաքցյան Աստղիկ 7տ.
Արաքցյան Վանանե 4տ.
Արաքցյան Գուրգեն 1տ.
Դավիթ Վարդանյան Արփենիկ 6տ.
Վարդանյան Սաթենիկ 1տ.
Խաչիկ Ստամբոլցյան Լիլիթ 14տ.
Ստամբոլցյան Վարդան 4տ.
Ալեքսան Հակոբյան Հռիփսիմե 7տ.
Հակոբյան Դավիթ 5տ.
Հակոբյան Ստեփան 3տ.
Հակոբյան Ցոլակ 8ամս.
Վանո Սիրադեղյան Արփի 15տ.
Սիրադեղյան Դավիթ 11տ.
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ