Տեղեկագրություն /8/
Դրությունը Ադրբեջանում դեկտեմբերի մեկի երեկոյան յոթի դրությամբ
Կիրովաբադ – Տարբեր աղբյուրներից ստացված լուրերի համաձայն Կիրովաբադի իշխանությունները հայերին առաջարկել են մի փաստաթուղթ ստորագրել քաղաքը կամավոր լքելու մասին։ Հայերը մերժել են այդ առաջարկությունը։ Քաղաքի 35 հազար հայ բնակչությունից 7-8 հազարը կորցրել է իր ունեցվածքը։ Նրանց պատկանող 1028 բնակարաններ թալանված եւ հրկիզված են։ Զգալի թիվ են կազմում անհայտ կորածները, որոնց մեջ կան երեխաներ։ Այսօր տեղի ունեցած միտինգի մասնակցիները հերքել են գնդապետ Սուրկովի նախորդ օրվա պնդումը, թե իբր Կիրովաբադի հայերը հրաժարվել են ապահով վայր էվակուացնել իրենց երեխաներին եւ կանանց։
Բաքու – Այստեղից ստացված լուրերն հաստատում են, որ հակահայկական պսիխոզը բորբոքվում է նոր ուժով։ Դրան նպաստում են Հայաստանից հեռացած ադրբեջանցիները, որոնք միտինգների ժամանակ պրովոկացիոն ու գրգռիչ ելույթներ ունենալով՝ միաժամանակ երդվել են «վրեժ լուծել» հայերից։ Հայերը ձգտում են օր առաջ դուրս գալ քաղաքից, սակայն առայժմ ոչ բոլորն հնարավորություն ունեն։ Հայերի արտահոսքը Բաքվից տեղի իշխանությունների ջանքերով ուղղորդվում է Հյուսիսային Կովկաս։ Զինվորական իշխանությունները ակտիվորեն չեն միջամտում ժամ առ ժամ սպառնալից դարձող իրադրությունը լիցքաթափելու համար։
Մադրասա /Շամախիի շրջան/ ” Դրությունը հարաբերականորեն հանգիստ էր գիշերը։ Այստեղ հավաքված 3000 հոգին դեռ սպասում են փոխադրվելու հնարավորություն ստանալուն, բայց դեռ թույլտվություն չեն ստացել։ Զինվորների թիվը անբավարար է պաշտպանելու այստեղ կուտակված հայ բնակչությանը։
Խանլար – Վարդենիսի շրջանից ադրբեջանցիները հայտնվել են այստեղ։ Տեղի հայերից պահանջում են արագացնել հեռանալը։
Գետաշեն – Վերջին ժամերին անհնար է դարձել Կիրովաբադի հայերին սննդամթերք ուղարկելը։ Կիրովաբադից, Կուշից եւ Խանլարից այստեղ հավաքվել են մեծ թվով երեխաներ։ Ադրբեջանցիները շրջապատել են Արամուս գյուղը եւ սպառնում են հայերին։ Հայերը հաստատակամորեն հրաժարվում են հեռանալ։ Այստեղ զորքեր չկան։
Դրությունը Հայաստանում
Ղափանի, Ստեփանավանի, Գուգարքի եւ մի քանի այլ շրջաններից ադրբեջանցիների արտահոսքը շարունակվում է։ Դրան նպաստում են շրջաններում տարածվող պրովոկացիոն լուրերը։
Իջեւան – Դրությունը լարված է։ Ղազախի շրջանում ադրբեջանցիները հարձակվել եւ ջարդել են Իջեւան եկող ավտոբուսները։ Հայերից 9-ը ստացել են մարմնական վնասվածք։ Ղազախի ճանապարհը փակ էր մինչեւ այսօր գիշերվա ժամը 1։30։
Մեղրի – Շրջանի գյուղերից հեռացած ադրբեջանցիների մի մասը հավաքվել է Նյուվարդի գյուղում։ Այստեղ ձերբակալվել է 1 զինված ադրբեջանցի։
Նոյեմբերյան – Այրում, Հաղթանակ, Զեյթուն, Լալվար գյուղերից ադրբեջանցիները հեռացել են։ Այս գյուղերը այժմ բնակեցվում են փախստական հայերով։
Հրազդան – Այստեղ ապաստանվել են 900-ից ավելի հայ փախստականներ։
Ստեփանակերտ – ԼՂԻՄ-ում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։ Ադրբեջանի հայաբնակ վայրերից 1200 հայ փախստականներ ապաստանել են Մարդակերտի շրջանում։
Երեւան – Զինվորական իշխանությունները բռնություններ են գործադրում առանձին քաղաքացիների հանդեպ, ցրում մարդկանց սովորական կուտակումները։
Հանրապետությունում գործադուլը շարունակվում է։ Լուրեր են տարածվում, թե իբր Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն կոչ է արել դադարեցնել գործադուլը։ Այդ լուրերը ստահոդ են եւ չեն համապատասխանում իրականությանը։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ