Կազմակերպված ժողովրդի արդյունքն էր հոյակապ աշխատող պետական ապարատը. ամեն մեկը ձգտում էր լավագույն կերպով աշխատել: Սա այն էր, ինչ տեսանք այդ երկու տարիների ընթացքում:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀՇ վարչության անդամ, հայ քաղաքական, պետական և հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Ինչ-որ պահից սկսած մեզ հայտնի դարձան Բաքվի ջարդերի մասին իրադարձությունները, և պարզ դարձավ, որ Խորհրդային Միությունը ի վիճակի չէ պաշտպանությունը ապահովել (դժվար է ասել՝ քաղաքակա՞ն դրդապատճառներով, թե՞ ընդհանուր պետության վիճակից ելնելով, որովհետև Խորհրդային Միության քաղաքական ղեկավարությունը ինչ-որ պահից սկսած բոլորովին ադեկվատ չէր): Նման իրավիճակում, երբ խնդիրները մարդկանց առաջ խստանում են, մարդիկ իրենք պիտի լուծեն այդ խնդիրները, մասնավորապես՝ սահմանների պաշտպանության, Ղարաբաղի, հայության պաշտպանության հարցերը: Ամենաանսպասելի տեղից արձագանքներ էինք ստանում պաշտպանության հարցը լուծելու հետ կապված: …-ի եղբայրը՝ Ալեքսանդր Հարությունյան, խորհրդային բանակում ծառայած մարդ էր: Նա հոյակապ տանկիստ էր, և այդ հատկության համար գյուղատնտեսական ինստիտուտի ռազմական ամբիոնի տեխնիկական մասի ղեկավարն էր Էջմիածնում և խիստ կապված էր էնտեղ տեղակայված խորհրդային բանակի տանկային զորամասի հետ: Դրան զուգահեռ՝ նա նաև արևելյան մարտարվեստի շատ լավ վարպետ էր և աշխատում էր մեր դպրոցում: Մի օր մոտեցավ ինձ և ասաց, որ ինքը մի քանի տանկային անձնակազմ է ձևավորել և մի քանիսի հետ էլ գնդում է պայմանավորվել. եթե Սումգայիթի նման վտանգ լինի Ղարաբաղում, իրենք դուրս կգան, որ պաշտպանեն: Ասաց, որ իրենց բոլորին ոչնչացնելու են էդ դեպքում (հենց գլխի ընկնեն՝ ավիացիան կբարձրացնեն, օդից կայրեն իրենց), սակայն մինչ այդ կհասցնեն գոնե պաշտպանել բնակչությանը:  Ասաց նաև, որ միայն ռեալ վտանգի դեպքում ասեմ իրեն: 

Բաքվի ջարդերից հետո Ղարաբաղ կոմիտեի նիստ եղավ և ինձ ու Վանո Սիրադեղյանին հանձնարարեցին դիմել ժողովրդին և ասել, որ զենք բերեն: Էդ կոչով էլ ստեղծվեցին մեծ քանակով ջոկատներ:  

Ղարաբաղյան կոնֆլիկտի էության մասին

Ես համարում եմ, որ մինչև հիմա էապես նենգափոխված է Ղարաբաղյան կոնֆլիկտի էությունը: Իրականում դա բացառապես ներադրբեջանական կոնֆլիկտ էր. նման բան միշտ է եղել, երբ Ադրբեջանը դուրս է եղել կայսրությունների ազդեցության շրջանակից. քանի որ այդ տարածքում բազմազգ ժողովուրդներ են ապրում, մեկը փորձել է մյուսին տիրել, և սկսել են բախումներ: Ադրբեջանի տարածքում պարբերաբար իշխանական ոստաններ էին առաջանում, և այս անգամ էլ հենց որ կայսրությունը սկսեց փլվել, Ադրբեջանում բոլոր էդ խնդիրները սկսեցին ի հայտ գալ: ԽՍՀՄ փլուզման հետ միասին Ադրբեջանում ձևավորվում էր պետության նոր ձև և ռեժիմ, որը հաճախ ոչ թե իշխող շրջանակն էր, այլ եկող շրջանակը, օրինակ՝ սպանությունները կազմակերպում էին եկողները, և դրա հետ մեկտեղ համագործակցություն կար իշխանության որոշ շրջանակների հետ: Փաստորեն երկու տարվա զարգացումները այս ուղղությամբ և Ադրբեջանում հայերի ջարդերը ջարդեր ենք անվանում զուտ նրա պատճառով, որ խոշորագույն ինքնապաշտպանությունը կարողացան կազմակերպել Ղարաբաղում, թե չէ Ղարաբաղի ժողովրդին նույն ճակատագիրն էր սպասվում, ինչ Բաքվի ժողովրդին: Այս հարցը միտումնավոր դուրս է դրված քննարկումից. եթե այս հարցը դրվեր, ապա պարզ կլիներ, որ խնդիրը մեկն է. ինչպես կազմակերպել ադրբեջանական պետության տարածքում գոյացող պետական կազմավորումները: Այս մասը դեն նետելուց ստացվում է, որ Ղարաբաղը սկսեց ազգային-ազատագրական պայքար: Ղարաբաղը իրոք խորհրդային օրենքներով դիմեց ղեկավարությանը՝ ասելով, որ Ադրբեջանի կազմից ուզում է անցնել Հայաստանի կազմ, ինչից հետո էլ սկսեցին հայերի սպանությունները Ադրբեջանի այլ տարածքներում, ոչ Ղարաբաղում: Հասկանանք՝ սա ինչով է տարբերվում բոլոր մյուս կոնֆլիկտներից. օրինակ՝ օսերը, աբխազները հայտարարեցին, որ ուզում են դուրս գալ Վրաստանի կազմից, բայց ոչ մի օս կամ աբխազ Թբիլիսիում չի սպանվել. հետո, իհարկե, երբ առճակատումները ավելացան, սկսեցին սահմանային բախումներ, բայց դա ուրիշ տրամաբանության մեջ է տեղավորվում: Այս պատմությունը միջազգային հանրությունը դուրս է դրել քննարկումից, որովհետև դա անհարմար կդարձնի կոնֆլիկտը. իրավիճակը կփոխվի, եթե խնդիրը դիտարկես որպես Ադրբեջանի ներսում ծագած կոնֆլիկտ (այդ պրոբլեմը այսօր էլ կա թալիշների, լեզգիների հետ կապված, բացի դրանից՝ ադրբեջանական մի կլանը մյուսին խեղդում է, և բախումները նաև այդ տեսքով են առաջանում):

***

Հունվարի 14-15-ի հանրահավաքների ելույթներում բավական շատ հնչում է այն միտքը, որ Ադրբեջանի գործողությունները խրախուսվում են Մոսկվայի կողմից, և եթե բռնությունները չկանխվեն, ապա պատասխանատվությունը կընկնի Մոսկվայի վրա: Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ղարաբաղ կոմիտեն Մոսկվայի նկատմամբ: 

Մոսկվայի հետ կապված հարաբերությունների տրամաբանությունն այսպիսին էր. մենք փորձում էինք ազդել իրենց վրա, կատարել քայլեր, որոնք կպարտադրեն նրանց այդ հարցում ճիշտ որոշումներ ընդունել: Պարզվեց, որ կազմակերպված ժողովուրդը հսկայական ազդեցություն ունի և կարող է իրականացնել կառավարում թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Երկրի ներս ասելով՝ պետք է հաշվի առնենք, որ տվյալ դեպքում Հայաստանը ֆորմալ տեսանկյունից անկախ չէր, սակայն քանի որ ժողովուրդը կանգնած էր հրապարակում, կարողանում էր ազդել որոշումների կայացման վրա: Որոշումները կայացվում էին տարբեր բնագավառներում, և ցանկացած բնագավառում հսկայական էր ազդեցությունը իշխանության վրա: Վերջինս փորձում էր այնպես անել, որ ժողովրդի մոտ որևէ խնդիր չառաջանա: Ժողովրդի միջից բոլոր ուղղություններով ստեղծվել էին հանձնախմբեր. կառավարական բոլոր մարմիններին զուգահեռ գործում էին ժողովրդական մարմինները, որոնք միշտ քննարկում էին բոլոր հարցերը գործող մարմինների հետ միասին: Եթե ժողովրդական մարմնի կողմից առաջարկ կար, պետական մարմինները կա՛մ իրականացնում էին դրանք, կա՛մ փորձում էին հիմնավորել, թե ինչու հնարավոր չէ իրականացնել. սա մի կողմն էր: Բացի սրանից՝ երկրի ներսում կային ստրատեգիական նշանակության օբյեկտներ, օրինակ՝ Նաիրիտը. ճիշտ է՝ Նաիրիտը կանգնեցնելու մոտիվները էկոլոգիական էին, բայց մենք միշտ բանակցությունների ժամանակ ասել ենք, որ կարող ենք միջնորդ հանդիսանալ, էկոլոգների հետ գալ համաձայնության, որ ինչ-որ տարիների ընթացքում էկոլոգիական մաքրման միջոցառումները անց կկացվեն, իսկ ձեռնարկությունը կաշխատի, եթե Ղարաբաղում իրավիճակը շտկվի, այսինքն՝ այս ամենը դարձել էր Ղարաբաղի հարցում ազդեցության զենք, միջոց: Դրան էին ծառայում նաև ուրիշ հարցեր. օրինակ՝ մենք շատ բաներ անում էինք կոնսոլիդացված, Սովետական Միության տարբեր հանրապետություններում գործող ուժերի հետ. դեմոկրատական ուժերի առաջին հավաքը անց է կացվել Հայաստանում՝ 88 թ.-ին՝ մեր նկարիչներից մեկի բակում՝ քաղաքից դուրս: Հավաքի ընթացքում ուղղաթիռները պտտվում էին վերևում՝ փորձելով խանգարել: Էս բոլոր հնարավորությունները նաև ստեղծվել էին այդ քաղաքականությանը սպասարկելու համար: Հայաստանի շարժման ազդեցությունը շատ մեծ էր, և ամբողջ ազդեցությունը օգտագործվում էր և՛ դրսից, և՛ ներսից ճնշումներ գործադրելու համար: Ես կարող եմ ասել, որ դա իր արդյունքները ինչ-որ չափով տալիս էր: Որպես այդպիսի արդյունք կարող եմ նշել  պաշտպանության համար զորամիավորումներ մտցնելը, թեպետ նրանց պահվածքը շատ հաճախ ադեկվատ չէր, քանի որ կաշառակերությունը արդեն լայն տարածված էր, և կաշառքով կարող էին անցկացնել պատժիչ միջոցառում՝ իհարկե այլ պատճառաբանություն ներկայացնելով: Մենք էլ կարողանում էինք ազդել դրա վրա՝ համապատասխան ակցիաներ կազմակերպելով, ստիպելով Մոսկվային թույլ չտալ նման բաներ: Մի խոսքով՝ պետք էր օգտագործել այդ ամբողջ զինանոցը, որովհետև ղեկավարության ոչ կոմպետենտությունը ֆանտաստիկ էր դարձել: Մինչև վերջ էլ ղեկավարությունը ադեկվատ չէր արձագանքում ոչ մի բանի, և Խորհրդային Միության փլուզումը նախ և առաջ այդ ադեկվատության պակասի հետևանքն էր, ոչ թե այլևայլ գործընթացների, որովհետև բոլոր այդ գործընթացներով հանդերձ՝ դրանց հզորությունը չէր հերիքի Խորհրդային Միության փլուզման համար: 

Հունվարի 15-ի հանրահավաքում խոսվում է այն մասին, որ Կենտկոմը ուզում է արտակարգ դրություն հայտարարել Ադրբեջանում: Կոմիտեն, սակայն, դեմ էր դրան, քանի որ կարծում էր, որ դա կարող է հանգեցնել խաղաղ բնակչության ոչնչացմանը Գետաշենում: Կմանրամասնե՞ք, թե ինչ տեղի ունեցավ հետո: 

Միգուցե չեմ կարող տրամաբանությունը հիշել, բայց քանի որ շատ արագ էվակուացիա սկսվեց, արդեն արտակարգ դրության լինելը ոչինչ չէր փոխելու Արցախից դուրս գտնվող հայկական բնակավայրերի համար, իսկ Արցախի ներսում ներքին պաշտպանվածություն արդեն որոշակիորեն կար, և արտակարգ դրությունը իրոք կարող էր վերածվել բնակչության հանդեպ որոշակի թելադրանքի: (Արդեն ասացի, որ կաշառակերությունը շատ լայն տարածվել էր վերջին տարում, և ինչքան երկիրը փլուզվում էր, այնքան շատ էին դառնում այդ դեպքերը. օրինակ՝ Խորհրդային Միության պարագայում անհավանական էր, որ դրանում ներգրավված լինեն նաև բանակային կամ հատուկ ծառայությունների ստորաբաժանումները: Իհարկե, կաշառակեր պաշտոնյաներ կարող էին լինել: ) Կարծում եմ, որ տրամաբանությունը այդպիսին է եղել: 

Փախստականներին օգնելու համար կային և՛ պետության, և՛ Շարժման կողմից ստեղծված համակարգեր. Շարժումը բոլոր ոլորտներում գործում էր, և այն ժամանակ ակնհայտ էր, որ դա առավել արդյունավետ ձևն է: Այդ ամբողջ ընթացքում կաշառակերությունները և անօրինականությունները զրոյացած էին ըստ էության, իսկ երբ այդ զինված գործողությունները սկսեցին, վերադարձավ նաև չարաշահումների մի մասը, բայց մինչ այդ երկու տարի կազմակերպված ժողովուրդը կարողանում էր ամեն ինչին տիրապետել: Կազմակերպված ժողովրդի արդյունքն էր հոյակապ աշխատող պետական ապարատը. ամեն մեկը ձգտում էր լավագույն կերպով աշխատել: Սա այն էր, ինչ տեսանք այդ երկու տարիների ընթացքում. հետո չգիտես ինչու որոշեցինք, որ դա լավ չէ: Այդ համակարգը, սակայն, մնում է ժողովրդի հիշողության մեջ որպես պետական-հասարակական կյանքի կազմակերպման լավագույն եղանակ:     

***

Այդ ժամանակ զարմանալի էր ինքը՝ ժողովուրդը: Եթե այսօրվա հետ համեմատենք, կմտածենք՝ ուրիշ մոլորակի վրա ենք հայտնվել: Այդ օրերի 25 տարեկանները այսօր 50-70 տարեկան են, բայց չեն ապրում այն արժեքներով, որոնցով ապրում էին այդ տարիներին: Այդ ժամանակ մարդիկ ամեն ինչ զոհաբերում էին միմյանց համար. դրա վառ օրինակն է փախստականների ընդունելությունը: Հսկայական զոհաբերություններ էին կատարվում հօգուտ այդ մարդկանց: Հետագա տարիներին, երբ մենք սովորեցինք ուրիշ արժեքներով ապրել, այդ մարդիկ սկսեցին գնալ Հայաստանից, այնինչ  սկզբնական շրջանում նրանց դիմավորում-ընդունում էին անսահման ջերմությամբ՝ ապահովելով ամեն ինչ: Ես կարծում եմ, որ ժողովրդի այդ վիճակը նույնպես պիտի մնա հիշողության մեջ՝ որպես հնարավոր վիճակ, որից հրաժարվում ենք ավելի արդյունավետ համակարգերում ապրելու համար, բայց որը բերում է կատաստրոֆիկ հետևանքների:    

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ