Թրամփը կործանեց Ամերիկայի արտաքին քաղաքականության ենթակառուցվածքը: Արդյունքները ջրի երես են դուրս գալիս:
Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Ասադ Մաջիդ Խանnն այցելեց «Նյու Յորք Թայմզ»-ի խմբագրատուն, և ես նրան հարց ուղղեցի Քաշմիրի շուրջ իր երկրի և Հնդկաստանի միջև զինված հակամարտության վտանգի մասին: Հնդկաստանը և Պակիստանը արդեն երկու պատերազմ են մղել Հիմալայան տարածքի համար, որին պահանջատեր են երկուսն էլ, և որը հիմնականում բաժանված է նրանց միջև: Վերջերս Հնդկաստանը չեղյալ հայտարարեց Քաշմիրի՝ իր ենթակայության տակ գտնվող հատվածի սահմանադրորեն երաշխավորված ինքնավարությունը և, կարելի է ասել, տնային կալանքի տակ դրեց մոտ յոթ միլիոն մարդու: Պակիստանի վարչապետը Հնդկաստանի առաջնորդներին համեմատեց նացիստների հետ և նախազգուշացրեց, որ նրանց հաջորդ թիրախը լինելու է Պակիստանը: Թվում է, թե հումանիտար ու աշխարհաքաղաքական սարսափ է հասունանում:
Խանի պատասխանը մխիթարական չէր: «Մենք երկու մեծ պետություններ ենք՝ շատ մեծ ռազմական և միջուկային հնարավորություններով, հակամարտության անցյալով», ” ասաց նա: «Եվ ես չէի ցանկանա ձեր միտքը ծանրաբեռնել այս ուղղությամբ, սակայն ակնհայտորեն այս առումով իրավիճակը վատթարանում է»:
Ամբողջ աշխարհում է իրավիճակը սրվել: Չինաստանը Տյանանմեն հրապարակի իրադարձությունների նմանությամբ հետապնդումներ է ուզում իրականացնել Հոնկոնգում: Խանի հետ իմ զրույցից հետո Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական գործողությունները վերսկսվեցին: Հինգշաբթի օրը Քաշմիրի սահմանի մոտ տեղի ունեցած մարտերը պակիստանցի երեք զինծառայողի կյանք խլեցին: (Պակիստանը նաև պնդում էր, որ հինգ հնդիկ զինվոր է սպանվել, սակայն Հնդկաստանը հերքեց դա): Թուրքիան սպառնում է ներխուժել Սիրիայի հյուսիս-արևելք՝ այնտեղ գտնվող Ամերիկայի քուրդ դաշնակիցների հետևից, և դեռ պարզ չէ՝ կպահպանվի՞ արդյոք Ամերիկյան համաձայնագիրը, որը նախատեսված է կանխելու նման ներխուժումը:
Մեծ թափով շարունակվում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների փորձարկումը: Իսրայելում և Պաղեստինում երկկողմանի հաշտության հեռանկարն այնքան հեռավոր է, որքան չէր եղել վերջին տասնամյակների ընթացքում: Ամերիկայի և Իրանի միջև լարվածությունը շարունակում է սրվել: Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունները ճգնաժամ են ապրում: Պենտագոնի զեկույցում նախազգուշացվում է՝ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը» (ԴԱԻՇ) նորից գլուխ է բարձրացնում Սիրիայում: Մեծ Բրիտանիան սննդի պաշարների պակասության կբախվի, եթե թրամփանման վարչապետ Բորիս Ջոնսոնը կատարի Եվրամիությունից դուրս գալու իր որոշումը՝ առանց հետագա գործունեության համար համաձայնագրի: Դե իսկ մոլորակը, ի վերջո, կարող է կործանման գնալ:
Դեպի քաոսն ընթացող աշխարհում մենք սկսում ենք տեսնել Դոնալդ Թրամփի անառողջ, անբարոյական և ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականության պտուղները՝ թե ինչպես է նա համակարգված կերպով թուլացնում դաշինքներն ու խեղաթյուրում ամերիկյան դիվանագիտության և ազգային անվտանգության կառուցվածքը: Վերջին երկուսուկես տարվա ընթացքում Թրամփը «Ջենգա» է խաղում աշխարհակարգի հետ՝ հանելով մի դետալը մյուսի հետևից: Դրանք որոշ ժամանակ քիչ թե շատ կարողացան պահպանել հավասարակշռությունը, իսկ հիմա ողջ կառույցը երերում է:
Վստահաբար, այս ճգնաժամերից շատերը Թրամփից բացի ունեն նաև այլ պատճառներ: Նույնիսկ ամերիկյան կոմպետենտ վարչակազմերը չեն կարող քաղաքականություն թելադրել այլ երկրների, հատկապես այնպիսի հզոր պետությունների, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը: Բայց այս կամ այն պայթունավտանգ իրավիճակում Թրամփի վարչակազմը կա՛մ թերացել է պատշաճ գործելու հարցում, կա՛մ իր քայլով ավելի է վատթարացրել իրավիճակը: «Նրանց արած գրեթե ամեն քայլը սխալ է», ” ասում է Սյուզան Թորնթոնը, որը մինչև անցյալ տարի եղել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան հարցերով ժամանակավոր օգնական և Ասիայի հարցերով Ամերիկայի լավագույն դիվանագետ:
Դիտարկենք Թրամփի դերակատարումը Քաշմիրի ճգնաժամի մեջ: Հուլիսին Պակիստանի վարչապետ Իմրան Խանի՝ Սպիտակ տան այցի ընթացքում Թրամփն առաջարկեց միջնորդել Քաշմիրի շուրջ Հնդկաստանի և Պակիստանի երկարատև հակամարտության հարցին՝ նույնիսկ պնդելով, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է իրեն խնդրել անել դա: Մոդիի կառավարությունն արագորեն հերքեց դա, և Թրամփի խոսքերը, ինչպես հաղորդում են, տագնապեցին Հնդկաստանին, որը երկար ժամանակ դիմադրում էր Քաշմիրի հարցում արտաքին ուժերի ներգրավվածությանը: Երկու շաբաթ անց Հնդկաստանը զորքեր ուղարկեց Քաշմիրը պաշարելու, այնուհետև զրկեց նրան ինքնավարությունից:
Ամերիկացիները սովոր են անտեսել Թրամփի պատահական ստերն ու անզուսպ հայտարարությունները, բայց այլ երկրների ժողովուրդները՝ ոչ: Թորնթոնը կարծում է, որ նախագահի մեկնաբանությունները «խթանիչ գործոն» էին Մոդիի՝ Քաշմիրի բռնակցման որոշման հարցում: Ըստ Թորնթոնի՝ խառնվելով հակամարտության մեջ՝ Թրամփը Հնդկաստանի վարչապետին իր հինդու ազգայնական էլեկտորատի քննադատության տարափի առջև կանգնեցրեց: «Միգուցե նա ստիպված չլիներ դա անել», ” ասաց նա Մոդիի կողմից Քաշմիրի գրավման վերաբերյալ, «բայց նա պետք է ինչ-որ բան աներ: Եվ սա այն էր, ինչ նա ուզում էր անել ամեն դեպքում»:
Միևնույն ժամանակ Մոդին կարող է վստահ լինել, որ Թրամփը, ի տարբերություն Ամերիկայի նախկին նախագահների, նույնիսկ չի ձևացնի, թե մտահոգ է դեմոկրատական հետընթացի կամ մարդու իրավունքների չարաշահման հարցերի շուրջ, մասնավորապես՝ մահմեդականների հարցում: «Ցանկացած քաղաքական առաջնորդ կատարում է գնի և օգուտի վերլուծություն», ” ասում է Բեն Ռոդեսը՝ Օբամայի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականը: «Եթե Հնդկաստանի առաջնորդը զգաց, որ բախվելու է հանրային քննադատության և ընտրության արդյունքների հնարավոր ստուգման ՄԱԿ-ում» կամ ԱՄՆ-ի հետ երկկողմանի հարաբերությունների վատթարացման, «դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գնի և օգուտի վերլուծության վրա»: Ավտորիտար առաջնորդների նկատմամբ Թրամփի բնատուր համակրանքը վերջիններիս դիվանագիտական ուժ է հաղորդում:
Ակնհայտ է, որ միջուկային հոլոքոստից խուսափելը բխում է և՛ Հնդկաստանի, և՛ Պակիստանի բոլոր տեսակի շահերից: Չինաստանը կարող է զսպվածություն ցուցաբերել Հոնկոնգի նկատմամբ: Զգուշանալով 2020 թվականի ընտրություններից՝ Թրամփը կարող է խուսափել պատերազմ սկսելուց և գործարք կնքել Իրանի հետ, չնայած երևի թե ավելի վատ է, քան Օբամայի համաձայնագիրը, որը նա վերացրեց: Համաշխարհային տնտեսության տեմպը կարող է դանդաղել, բայց ոչ կանգ առնել: Մենք կարող ենք առաջիկա 17 ամիսների ընթացքում ապրել աշխարհում, որը դեռևս, ըստ էության, ճանաչելի տեսք ունի:
Նույնիսկ այդ դեպքում Ամերիկան երևան կգա սպառված դիվանագիտական կորպուսով, արատավոր դաշինքներով և խարխլված հեղինակությամբ: Այն այլևս երբեք չի ունենա միջազգային առաջնորդի նախկին դերը, որն ուներ Թրամփից առաջ:
Եվ դա լավագույն սցենարն է: Աշխարհի հզորագույն պետությունը ղեկավարում է սանդաունի սինդրոմով մի դեմագոգ, որի անհատակ տգիտությունն ուղիղ համեմատական է իր գարգանտյուական էգոյին: Միացյալ նահանգների բախտը բերել է, որ իրադարձությունները հենց այսպես են դասավորվել՝ փրկություն կառավարության տարօրինակ անկումից կամ սպիտակ ազգայնական ահաբեկիչների հարձակումից: Թեև այժմ արտաքին գործերում, ինչպես տնտեսությունում, ակներև են դառնում ԱՄՆ-ի կառավարության անգործունեության հետևանքները, «ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարություն վակուում չի թողնում», ” ասաց Թորնթոնը: Տեսնենք, թե ինչ է դուրս գալու սրանից:
Թարգմանիչ՝ Աննա Ղուլիջանյան (Anna Ghulijanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: