Ահավոր է մարդկանց այն տեսակը, ովքեր ցանկանում են միշտ ճիշտ դուրս գալ: Նրանք պատրաստ են դատապարտել անմեղներին, սրբերին, տեր Աստծուն՝ միայն թե ճիշտ դուրս գան:

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

1988 թ. դեկտեմբերի 7-ի երեկոյան աշխարհի բոլոր լրատվական գործակալություններն ու խոշորագույն թերթերը գիտեին արդեն Խորհրդային Միության հարավում, Անդրկովկասի լեռնային շրջաններից մեկում գտնվող փոքրիկ քաղաքի՝ Սպիտակի անունը: Այս քաղաքի մերձակայքում էր այն աշխարհացունց էպիկենտրոնը, որը հաշված վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց բազմաթիվ քաղաքներ և գյուղեր, իր հետ տարավ տասնյակ հազարավոր անմեղ կյանքեր, անօթևան ու գաղթական դարձրեց ավելի քան կես միլիոն մարդու: Առավել տուժած բնակավայրերի թվում հիշատակվում էին Սպիտակը, Լենինականը, Կիրովականը և Ստեփանավանը:

Մղձավանջային եզակի տպավորություն էր թողնում մոտ երեք հարյուր հազար բնակիչ ունեցող Լենինականը՝ երկրաշարժից 6-7 ժամ անց: Զարհուրելի մթություն, հանպատրաստից ջահերի լույսի ներքո մերկ ձեռքերով ու եղունգներով ավերակները քչփորող մարդիկ (առավելապես գործունեության պատրանք ստեղծելու և սեփական մտքերի հետ միայնակ չմնալու համար), բնակելի շենքերի, դպրոցների և մանկապարտեզների փլատակների շուրջը թափառող, ցավից խելացնոր որդեկորույս մայրեր, Երևանից և Հանրապետության մյուս բնակավայրերից, Վրաստանի ամենատարբեր շրջաններից օգնության եկած և համարյա ոչ մի բանով օգնել չկարողացող մարդկանց ու փողոցները խցանած հազարավոր ավտոմեքենաների դժոխային աղմուկ: Եվ ամենուրեք փլատակներ, փլատակներ: Համանման վիճակ էր տիրում նաև երկրաշարժից առավել տուժած մյուս քաղաքներում ու տասնյակ գյուղերում:

Կույր տարերքի ավերածությունները բազմապատկվել էին հանրապետության անհեռատես և հանցավոր տնտեսական քաղաքականության, ինչպես նաև պետական քաղաքականության մակարդակի բարձրացված համընդհանուր գողության ու թալանի հետևանքով: Անգամ ավերակների վերածված քաղաքները չտեսած մարդկանց մեջ ժամ առ ժամ ավելի խեղդող էին դառնում անխուսափելի հարցերը. ի՜նչ հանցավոր տգիտություն և անտարբերություն է պետք նման սեյսմավտանգ գոտում մինչև երեք հարյուր հազարանոց քաղաք կառուցելու համար, երկրաբանական ու քաղաքաշինական ո՞ր նորմերին էին համապատասխանում կոպեկանոց բազմահարկ տուփերը և վերջապես շինարարական ինչպիսի՞ անփութություն է պետք ունենալ, որպեսզի առնվազն 20-25 տարվա պատմություն ունեցող շենքերը փլվեին թղթե տնակների նման: Չէ՞ որ աղետի գոտում էր գտնվում նաև միջնադարյան Հայաստանի չքնաղ մայրաքաղաքը՝ Անին, որի գոռ ամրությունները, պալատական շինություններն ու չքնաղ եկեղեցիները դրանից հետո էլ շարունակում էին մնալ նույն վիճակում՝ որպես լուռ հանդիմանություն «զարգացած սոցիալիզմի» և «դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճը հանդիսացող կուսակցության» ղեկավարությամբ դեպի կոմունիզմի լուսաշող բարձունքներն ընթացող մեր սերնդին:

Երկրաշարժը Հայաստանում սկսվեց այն պահին, երբ քաղաքական իրավիճակն Անդրկովկասում ծայրահեղ սրված էր: Կենտրոնական իշխանությունների անխոհեմ ու ապաշնորհ, իսկ հաճախ նաև հրահրիչ քաղաքականության հետևանքով երկրամասի խառն ազգային կազմ ունեցող շրջաններում սկսվել էին հայ-ադրբեջանական ընդհարումներ: Բռնությունների հերթական ալիքն այս անգամ սկսվել էր Կիրովաբադում [1]: Նոյեմբերի կեսերից սկսած, պատմական Գանձակը նորից դարձել էր հայկական ջարդերի թատերաբեմ՝ ծեծով, թալանով, գույքի ու կացարանների հրկիզումներով, բռնաբարություններով ու սպանություններով: Քաղաքային իշխանությունները, եթե անգամ անմիջականորեն չէին էլ մասնակցում այդ «հայրենասիրական» գործողություններին, ապա գոնե ամեն ինչ անում էին քաղաքը հայերի շնչից ազատելու և վերջիններիս բռնի արտաքսելու համար: Ինչպես դարասկզբին, այժմ ևս քաղաքի ամբողջ հայ բնակչությունը կենտրոնացված էր հայկական թաղամասում, հայկական եկեղեցին նորից դարձել էր կանանց ու երեխաների ապաստարան:

Հակահայկական բռնությունների ալիքը Կիրովաբադից տարածվել էր դեպի մերձակա հայաբնակ շրջանները՝ Խանլար, Դաշքեսան, Շամքոր, Ղազախ, Թովուզ, Շահումյան, ինչպես նաև Քռից ձախ ընկած հատուկենտ հայաբնակ գյուղերը [2]: Հայկական փոքր շեների, ինչպես նաև խառն ազգային կազմ ունեցող գյուղերի հայ բնակչության մի մասը տեղափոխվում էր Ղարաբաղ կամ մերձակա խոշոր հայաբնակ վայրերը, ուր տարերային ձևով սկսում էին ձևավորվել ինքնապաշտպանական ջոկատներ: Սակայն այս շրջանների հայության ճնշող մեծամասնությունը, թողնելով տունն ու ունեցվածքը, սկսել էր գաղթել դեպի Հայկական Հանրապետություն՝ ճանապարհներին ևս ենթարկվելով ելուզակային հարձակումների և գնդակոծությունների:

Հակահայկական ուժեղ շարժում էր սկսվել Բաքվում: Ինչպես ամբողջ Ադրբեջանական Հանրապետության տարածքում, այստեղ ևս ջարդեր տեղի ունեցան, որոնց ժամանակ մահակներով և ձողերով զինված խուժանը մեկուկես միլիոնանոց քաղաքում անարգել թալանում և հրկիզում էր հայերի ինչքն ու կացարանները, ծեծում, անարգում ու սպանում տանտերերին: Սակայն «վաթան [3] Ղարաբաղի» փրկության և, ընդհանրապես, ազգային վիճելի հարցի լուծման այս արդեն ավանդական դարձած դրսևորումների հետ միասին Բաքվում ի հայտ եկան պայքարի նոր, արտաքուստ առավել առաջավոր ձևեր՝ ցույցեր, միտինգներ և անգամ… գործադուլ ու հացադուլ: Օրուգիշեր չէին դադարում միտինգները կառավարական տան առջև՝ Լենինի հրապարակում: Հարյուր հազարանոց միտինգներն ընթանում էին ազգի նորահայտ հերոսի ու մարտիրոսի՝ այդ օրերին ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից մահապատժի դատապարտված «հերոս սումգայիթցու»՝ Ահմեդ Ահմեդովի տխուր և խոհուն հայացքի ներքո: (Հերոսի երեք մետրանոց լուսանկարը փակցված էր կառավարական տրիբունայի վրա.  խորհրդանշական է, չէ՞): Ելույթ ունեցողները՝ մտավորականներ, բանվորներ, ուսանողներ, կրքոտ ճառեր էին արտասանում և պահանջում էին հարգել ադրբեջանական ժողովրդի օրինական իրավունքները, որոնք, ըստ այդ ելույթների, նշանակում էին. ա) վերացնել Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի ինքնավարությունը, բ) ինքնավարություն շնորհել Խորհրդային Հայաստանում բնակվող շուրջ երկու հարյուր հազար ադրբեջանցիներին, գ) Լեռնային Ղարաբաղից դուրս բնակվող հայերին վռնդել Ադրբեջանական Հանրապետության տարածքից, դ) չեղյալ հայտարարել ԽՍՀՄ գերագույն դատարանի որոշումը և Ահմեդովին, Սումգայիթի մյուս «հերոսների» հետ միասին ազատ արձակել: Բաքու-Երևան երթուղու ինքնաթիռի տոմսն այդ օրերին արդեն արժեր շուրջ երեք հարյուր ռուբլի[4]:

Նոյեմբերի երկրորդ կեսից Ադրբեջանական Հանրապետության տարածքում սկսված հայերի զանգվածային արտագաղթի ընթացքում, ըստ պաշտոնական, ասել է թե ոչ ճշգրիտ տվյալների, Հայաստան էր տեղափոխվել շուրջ հարյուր քսան հազար հայ: Պատասխան բռնությունների ալիք էր սկսվել նաև մեր հանրապետությունում՝ շատ դեպքերում նույն ծայրահեղություններով ու դաժանություններով: Սկսել էր գործել պատերազմական մոլոքին յուրահատուկ կոլեկտիվ պատասխանատվության անգութ և տմարդի տրամաբանությունը, որը ժամ առ ժամ և օրեցօր ավելի շատ զոհեր էր պահանջում՝ առանց սեռի ու տարիքի խտրության: Այս անգամ ևս անբացատրելի ու տարօրինակ դիրք էին զբաղեցրել կենտրոնական իշխանությունները: Երկրամասում առկա զինվորական միավորումները կամ ընդհանրապես չէին միջամտում ազգամիջյան ընդհարումներին, կամ էլ նրանց գործունեությունն անհրաժեշտ արդյունքների չէր հասնում: Նրանց ողջ ջանքերը փաստորեն հանգում էին երկու հանրապետությունների միջև գաղթականների շարասյուների ուղեկցմանը: Որքան էլ անհեթեթ ու անբացատրելի հնչեր, այնուամենայնիվ ոչ մի կերպ հնարավոր չէր ձերբազատվել այն մտքից, որ Մոսկվային ձեռնտու էր և տվյալ պահին նրա քաղաքականությունն ուղղված էր Ադրբեջանական ԽՍՀ տարածքից հայերի և Հայկական Հանրապետության տարածքից ադրբեջանցիների գաղթին:

Այս ծանր ու դաժան օրերին Ղարաբաղյան շարժման ակտիվիստների գործունեությունն ուղղված էր Ադրբեջանական Հանրապետության տարածքից եկած գաղթականների ընդունմանը և նրանց ժամանակավոր բնակության համար պայմանների ստեղծմանը: Ամբողջ հանրապետությունում հագուստ, սննդամթերք և դրամական միջոցներ էին հավաքում: Լուրջ աշխատանքներ էին ծավալվել գաղթականներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու, նրանց հանրապետության տարածքի բարձրլեռնային, լքված գյուղերում տեղավորելու, ինչպես նաև մեկնած ադրբեջանցիների հետ տների և բնակարանների փոխանակություն կազմակերպելու համար: Որոշակի գործ էր արվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ազգամիջյան ընդհարումները կանխելու կամ կասեցնելու նպատակով, սակայն արդարությունը պահանջում է խոստովանել, որ այս բնագավառում աշխատանքների օգտակար գործողության գործակիցը խիստ ցածր էր:

Քաղաքական իրադրությունը հանրապետությունում էլ ավելի շիկացավ, երբ նոյեմբերի 25-ին կենտրոնական իշխանությունները, օգտվելով սահմանադրական նոր լրացումների ընձեռած հնարավորություններից, Հայկական Հանրապետության տարածքը հայտարարեցին հատուկ գոտի և պարետային ժամ մտցրեցին ինչպես խառն ազգային կազմ ունեցող շրջաններում, այնպես էլ Երևանում: Զինվորական նոր ստորաբաժանումների կամ, ավելի ճիշտ, էքսպեդիցիոն կորպուսի մուտքը հնարավորություն տվեց ոչ միայն Խորհրդային Միության պատմության մեջ աննախընթաց քայլ կատարել՝ չեղյալ հայտարարել միութենական հանրապետության խորհրդարանի նոյեմբերի 25-ի՝ Մոսկվայի համար անընդունելի որոշումները (վերջիններս իրենց արմատականությամբ կարող էին համեմատվել թերևս միայն դրանից մեկ-երկու շաբաթ առաջ Էստոնիայի խորհրդարանի ընդունած որոշումների հետ), այլև զանգվածային պատիժների ինստիտուտը գործի դնել:

Դեկտեմբերի 7-ի երկրաշարժն ինչպես ամբողջ աշխարհին, այնպես էլ Ղարաբաղյան շարժմանը միառժամանակ մոռանալ տվեց Արցախի և մնացած բոլոր այլ հիմնահարցերը: Արդեն նույն օրը երեկոյան հրապարակվեց և հաջորդ օրը հանրապետությունով մեկ տարածվեց Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի դիրքորոշումն ընթացիկ պահի վերաբերյալ, որը հիմնականում հանգում էր հետևյալ մտքին. անհրաժեշտ է միավորել բոլոր ուժերը, մի կողմ թողնել մնացած բոլոր հարցերը, ամեն ինչ անել կարճ ժամանակամիջոցում փլատակների տակ մեռնող մարդկանց փրկելու համար: Այն ամենը, ինչ պատրաստվել էր Ադրբեջանական ԽՍՀ տարածքից գաղթողներին ընդունելու և տեղավորելու համար, որոշվեց տրամադրել աղետյալներին: Դեկտեմբերի 8-ի առավոտյան Կոմիտեն դիմեց նաև հանրապետության ղեկավարությանը՝ առաջարկելով նրան տնօրինել շարժման տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու հնարավորությունները, սակայն այս, ինչպես նաև այլ բնույթի հետագա բոլոր դիմումները ղեկավարությունն անպատասխան թողեց:

Ստեղծված պայմաններում Ղարաբաղյան շարժման ուժերը որոշվեց տնօրինել հետևյալ կերպ. ա) Երևանում և երկրաշարժից չտուժած մյուս բնակավայրերում շարունակել հագուստի, սննդի և դրամական միջոցների հավաքումը, բ) օգնել աղետի գոտուց ժամանակավորապես վերաբնակեցվածներին ժամանակավոր կացարաններում տեղավորելու աշխատանքներին, գ) ստեղծվող կամավորական ջոկատներն ուղարկել Սպիտակի շրջանի առավել տուժած գյուղերը, քանի որ պետական մակարդակով կազմակերպված ամբողջ օգնությունը ուղղված էր միայն քաղաքներին, և աղետի էպիկենտրոնում գտնվող գյուղերը փաստորեն բարձիթողի վիճակում էին: Դեկտեմբերի 8-ի երեկոյան Սպիտակի շրջանի Շիրակամուտ գյուղում ստեղծվեց Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի շտաբը, որտեղից անհրաժեշտ և հնարավոր օգնություն էր ցույց տրվում մերձակա գյուղերին (ինչ խոսք, պետական հիմնարկների սերտ համագործակցմամբ):

Երկրաշարժի օրերին Հանրապետությունում ստեղծված իրավիճակն առավել ամբողջական և լիարժեք պատկերացնելու առումով, թերևս ավելորդ չէր լինի, եթե երկու խոսքով անդրադառնայինք Հայկական ԽՍՀ ղեկավարության գործունեությանը ևս: Հարկ է նշել, որ եթե 1988 թ. Անդրկովկասում ծավալված իրադարձությունները և մասնավորապես Ղարաբաղյան շարժումը սասանեցին ժողովրդի հավատը հանրապետության ղեկավարության և կուսակցական-խորհրդային նոմենկլատուրայի ամենազորության ու ամենակարողության նկատմամբ, ապա երկրաշարժն ու հաջորդող իրադարձությունները վերջնականապես հեղինակազրկեցին նրանց: 

Իրադրության արտակարգ բարդությունն ու ծայրահեղությունը բացահայտեցին կանոնադրությունների և հրահանգների անառարկելի հեղինակության վրա հիմնված համակարգի լիակատար անկարողությունը արագ ու նպատակամղված աշխատանքներ կազմակերպելու գործում: Անմիջապես աղետի գոտում լայն ճակատով ծավալվելիք փրկարարական աշխատանքները փոխարինվել էին համարյա անընդմեջ գումարվող նիստերով ու խորհրդակցություններով, որոնց արդյունավետությունը չէր հերիքում անգամ մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհները խցանումից մաքրելու, համապատասխան տեխնիկա, հագուստ և սննդամթերք հասցնելու համար: Տեղերում ստեղծված փրկարարական աշխատանքների կազմակերպման շտաբները հիմնականում անվանական բնույթ էին կրում, որի հետևանքով անգամ ձեռքի տակ եղած տեխնիկական միջոցներն արդյունավետ չէին օգտագործվում: Ամենուրեք զգացվում էր սննդամթերքի և խմելու ջրի պակաս, հանրապետության և երկրի մյուս շրջաններից, ինչպես նաև արտասահմանից եկած օգնության զգալի մասն ըստ նշանակության տեղ չէր հասնում՝ բազմաստիճան գողության, ինչպես նաև մեր երկրին այնքան բնորոշ թափթփվածության և անտերության հետևանքով: Աղետի գոտուց բնակչության էվակուացիան ընթանում էր հախուռն, անկազմակերպ և աննպատակ: Բավական է ասել, որ աղետից երկու ամիս անց հանրապետությունում չկային արժանահավատ տեղեկություններ այն մասին, թե առաջին օրերին քանի երեխա ու՞ր էր ուղարկվել, ինչպե՞ս էին նրանք տեղավորվել և, ընդհանրապես, ինչպիսի՞ն էր նրանց ճակատագիրը: Աղետի գոտում չէին հերիքում տեխնիկայի ամենատարրական միջոցները, էլ չենք խոսում երկրի ընդհանուր տնտեսական և տեխնիկական հետամնացությամբ բացատրվող վթարային տեխնիկական միջոցների ահավոր պակասի ու եղածների անորակության մասին, ինչը մանավանդ աչքի էր զարնում արտասահմանյան երկրներից ժամանած փրկարարական խմբերի գերազանց տեխնիկական հագեցվածության հենքի վրա: Երկրի կյանքում մինչև այժմ անթույլատրելի շքեղություն է համարվում նման արտակարգ իրադրությունների համար հատուկ պատրաստված և համապատասխան տեխնիկական միջոցներով հագեցված փրկարարական ջոկատների առկայությունը:

Ընդհանուր գծերով այդպիսին էր իրադրությունը Հայաստանում դեկտեմբերի 10-ին, երբ Մոսկվայից ուղիղ գծով Լենինական ժամանեց Միխայիլ Գորբաչովը՝ քաղբյուրոյի ստեղծած հատուկ հանձնաժողովի մի քանի անդամների հետ միասին: Իր մասնակցությամբ ընթացող զանգվածային տեսարանների սիրահար գլխավոր քարտուղարի այս այցը սկզբում կիսագաղտնի բնույթ էր կրում. բավական է նշել, որ «Ժամանակ» ինֆորմացիոն ծրագիրը, խոսելով պետության ղեկավարի Լենինական կատարած այցի մասին, բավարարվեց… մեկ թե երկու լուսանկար ցուցադրելով: Կարելի է միայն ենթադրել, որ կենտկոմի գլխավոր քարտուղարի և պետության ղեկավարի անձի նկատմամբ ցուցաբերվող այս անսովոր «ուշադրությունը» բացատրվում էր սպասվածից պակաս ջերմ ընդունելությամբ Լենինականում: Որքան մեզ հաջողվեց պարզել, լենինականցիներին երկու թե երեք անգամ հաջողվել էր ճեղքել գլխավոր քարտուղարին շրջապատող գերամուր շքախումբը և անձամբ հայտնել իրենց զայրույթն ու վրդովմունքը քաղաքում փրկարարական աշխատանքների վատ կազմակերպման կամ, ավելի ճիշտ, անճարակության վերաբերյալ: Անհնար է նկարագրել ողբերգություն ապրած ժողովրդի զայրույթն ու վիրավորվածության զգացումը աղետի գոտում գտնվող պատժիչ զորքերի հասցեին, որոնք ոչ միայն չէին միջամտում փրկարարական աշխատանքներին («խեղճերն» ինչպես միջամտեին, երբ մի ձեռքում մահակն էր, մյուսում՝ ավտոմատը), այլև շատ հաճախ խանգարում էին: Քաղաքի բնակչությունը պահանջել էր պետության ղեկավարից անմիջապես վերացնել հատուկ դրությունը և պարետային ժամը, որոնք ստեղծված պայմաններում որպես դառն ծաղր էին հնչում ծանրագույն փորձության ենթարկված ժողովրդի հասցեին (ինչի մասին չհապաղեցին գրել աղետի վայրում եղած համարյա բոլոր օտարերկրյա լրագրողներն ու ականատեսները): Հնարավոր և միանգամայն բնական է, որ այս դժգոհություններն ու պահանջներն արտահայտվել էին ոչ այն բարեկիրթ արտահայտություններով, որոնց ընտելացել էին Միխայիլ Գորբաչովի ականջները Կրեմլի ոսկեզօծ դահլիճներում: Ամենայն հավանականությամբ, այդ հանդիպումներից մեկի ժամանակ ինչ-որ մեկը երևի հարց էր տվել Ղարաբաղի մասին: Դե ինչ. ամեն օր չէ, որ հանդիպում ես պետության ղեկավարի, և եթե արդեն օգտվել է այդ եզակի հնարավորությունից և տվել իրեն տանջող հարցը, ապա ամենաշատը, ինչում կարելի է մեղադրել նրան՝ տակտի պակասն է: Էլ չենք խոսում այն մասին, որ դժոխքի վերածված քաղաքում սեփական սուգը մոռացության տված և Ղարաբաղի ճակատագրով հետաքրքրվող մարդկանց առկայության փաստն ինքը պետք է յուրաքանչյուր նորմալ մարդու ստիպեր էլ ավելի լուրջ մոտենալ մի ամբողջ ժողովրդի ապրեցնող հարցին: Համենայնդեպս, դժվար թե Լենինականում դեկտեմբերի 10-ին կատարվել էր մի բան, հանուն որի կարելի էր հաջորդ օրը հեռուստատեսությամբ, ի լուր համայն աշխարհի հայտնել, թե Հայաստանում կան ուժեր, որոնք անգամ այս ճակատագրական պահին Ղարաբաղի հարցի շուրջ սպեկուլյացիա (՞) են անում: 

Երևան վերադառնալուց հետո, ինչպես մեզ հաջողվեց մի քանի օր անց պարզել, Միխայիլ Գորբաչովը ևս մի չնախատեսված հանդիպման է մասնակցել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ պատահական անցորդների հետ, և այդ հանդիպումը ևս, ամենայն հավանականությամբ, պետության ղեկավարի հոգում դրական նստվածք չէր թողել: Համենայնդեպս, այդ հանդիպումից մեկ-երկու ժամ անց հատուկ գոտու՝ այդ նույն օրը նշանակված նոր պարետ, գեներալ-լեյտենանտ Մակաշովը տանկերի, զրահամեքենաների և մի քանի հազար սպառազեն զինվորների (հիմնականում դեսանտային զորամիավորումներ) օգնությամբ Գրողների տանը ձերբակալեց Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի՝ քաղաքում գտնվող հինգ անդամներին և մոտ երկու տասնյակ ակտիվիստներին: Ինչպես հաջորդ օրը հայտնեց հլու-հնազանդ «տեղական մամուլը», նշված անձինք ձերբակալվել էին «հատուկ գոտու և պարետային ժամի ռեժիմը խախտելու» համար, բայց թե երբ, որտեղ և ինչ պայմաններում էր կատարվել այդ չարագուշակ «խախտումը» ” առայսօր դեռ գաղտնիք է: Հաջորդ օրը, դեկտեմբերի 11-ին, երբ Միխայիլ Գորբաչովը Երևանում էր, և երբ դեռ պետության կողմից պաշտոնապես հայտարարված սգո օրերը ուժի մեջ էին, Լենինի և Հոկտեմբերյան անունը կրող պողոտաներում ներքին ծառայության մեքենայացված զորամասերը դաժանորեն ծեծեցին երևանցիներին, որոնք վրդովված և վիրավորված այդ անօրեն ձերբակալությունից, փողոց էին դուրս եկել: Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել անմիջական ականատեսը լինել մահակներով, վահաններով ու արցունքաբեր նռնակներով զինված պատժիչների «քաջագործություններին», որոնք անմարդկային ու անբացատրելի դաժանությամբ ծեծում էին նաև կանանց, ծերերին ու երեխաներին: Եվ եթե հետագայում, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի ժամանակ այդպես էլ չհաջողվեց գտնել Թբիլիսիում պատժիչ զորքերին գործելու հրաման տվող անձին, ապա Երևանում պատժիչ զորքերը գործի դնողին գտնելն անհամեմատ հեշտ էր. այստեղ էր երկրի համար մեկ աստիճանավորը…

Զինվորական իշխանությունների այս անօրինակ վայրենության ակտին հաջորդեց լուտանքներով ու հայհոյանքներով լեցուն հոդվածների հեղեղը հանրապետական և կենտրոնական մամուլում, ուր գլխիվայր էին ներկայացվում ինչպես դեկտեմբերի 10-ի և 11-ի, այնպես էլ Շարժման մյուս կարևորագույն իրադարձությունները: Տեղական թերթերի խմբագրություններն օկուպացված էին պաշտպանության նախարարությունում աշխատավարձ ստացող զինվորական գրաքննիչներով և չեռնենկո-օվչարենկո ոհմակի այլ ներկայացուցիչներով, որոնք կարծես միմյանց հետ մրցում էին Շարժման հասցեին էլ ավելի անբարոյական մեղադրանքներ ներկայացնելու մեջ: Քաղաքական մեղադրանքների ընդգրկումը բավական լայն էր՝ իշխանություն զավթելուց մինչև ահաբեկչություն (ընդ որում, խորհրդային մամուլի էջերում լրջորեն քննարկվում էր՝ «Ղարաբաղ» կոմիտեն «Ստինգեր» հրթիռներ ունի՞, թե ոչ): Ինչ խոսք, գործունեության լայն ասպարեզ էին ստացել նաև ամեն տեսակի «արտադրության առաջավորներն ու վետերանները», որոնք իսկական բոլշևիկյան անողոքությամբ ու սկզբունքայնությամբ գանակոծում էին «ժողովրդին անդունդի եզրին հասցրած ծայրահեղականներին ու ազգայնամոլներին»: Իր ստորությամբ բացառիկ էր ՀԿԿ կենտկոմի ակադեմիկոս-քարտուղար Գալուստ Գալոյանի հեռուստատեսային ելույթը, որի անստորագիր հրապարակումը հանրապետության թերթերում այնքան բարձր գնահատվեց երկրի ղեկավարության կողմից, որ շուրջ մեկ ամիս անընդհատ ցիտում էր կենտրոնական մամուլը:

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի ու Շարժման ակտիվիստների ձերբակալությունը դեկտեմբերի 10-ին և հաջորդ օրերի ընթացքում, մեր խորին համոզմամբ, կատարվել էր ոչ միայն Միխայիլ Գորբաչովի թողտվությամբ, այլև նրա անմիջական կարգադրությամբ: Միամտություն կլիներ կարծել, թե պետության ղեկավարի՝ Երևանում գտնվելու օրերին որևէ մեկը կարող էր իր վրա պատասխանատվություն վերցնել և պետության կողմից պաշտոնապես հայտարարված սգո օրերին ձերբակալություններ կատարել: Ասվածը հաստատվեց արդեն դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ «Զվարթնոց» օդակայանում կենտրոնական և հայկական հեռուստատեսությանը տրված կենտկոմի գլխավոր քարտուղարի հարցազրույցի ժամանակ:

Պատասխանելով թղթակցի հարցերին աշխարհավեր երկրաշարժի ու աղետի գոտում տարվող փրկարարական աշխատանքների մասին, Միխայիլ Գորբաչովը իրեն հատուկ վստահությամբ հայ ժողովրդին խոստացավ երկու տարվա ընթացքում ամբողջությամբ վերականգնել աղետի գոտին, բնակչության համար է՛լ ավելի լավ տներ ու կացարաններ կառուցել: Այնուհետև նույն սահունությամբ երկրի ղեկավարն սկսեց պատասխանել Ղարաբաղի պրոբլեմի մասին թղթակցի տված հարցերին՝ ամենևին չզարմանալով, թե դրանք ի՛նչ կապ ունեին երկրաշարժի հետ:

Ըստ Միխայիլ Գորբաչովի, Ղարաբաղի պրոբլեմն օգտագործվում էր քաղաքական երեսպաշտների, արկածախնդիրների, անմաքուր նպատակներ հետապնդող մարդկանց և ավելին՝ կաշառված տարրերի կողմից: Նրանց «Ղարաբաղի պրոբլեմը վաղուց չի հետաքրքրում և ընդհանրապես չի էլ հետաքրքրել»: Նրանք ամեն ինչ անում են իշխանությունը պահելու համար: Ուղիղ երկու րոպե անց հռետորը նշեց, որ Ղարաբաղյան շարժումը գլխավորում են մարդիկ, որոնք միայն ուզում են իրենց ձեռքը վերցնել իշխանությունը: Եթե մի կողմ թողնենք այս երկու մտքերի միջև եղած ակնհայտ հակասությունը, ապա Միխայիլ Գորբաչովի հիմնական միտքն այն է, որ Ղարաբաղյան շարժումը ծնել ու ղեկավարում են հակավերակառուցողական ուժերը: Գնահատելով արտահայտված մտքի ամբողջ խորաթափանցությունը, այնուամենայնիվ պետք է նշել, որ հեղինակին դժվար է մեղադրել ինքնատիպության մեջ: Խորհրդային Միության ամբողջ պատմության մեջ երկրի ղեկավարությունը ցանկացած բնույթի և ուղղության ընդդիմադիրների դեմ պայքարելիս երբևէ չի խորշել հակառակորդին քաղաքական պիտակներ տալուց և դրանով իսկ նրանց շարքից հանելու արատավոր պրակտիկայից: Եվ այս առումով Միխայիլ Գորբաչովի ներկայացրած մեղադրանքը և դրան հետևող համերաշխ վայնասունը խորհրդային մամուլի էջերից միանգամայն համահնչուն էր վատագույն տարիների լավագույն ավանդույթների հետ: Երբ հստակ մշակված սցենարով նախ «Ժողովուրդների հայրը» գնահատական էր տալիս հերթական տրոցկիստական (զինովևական, կամենևական, բուխարինական, ցենտրիստական, մենշևիկյան, դաշնակցական, ուկլոնիստական, կապիտուլյանտական և այլն) գործչին, ապա հետևում էր խորհրդային մարդկանց՝ խառատների, կթվորուհիների և առաջավոր մտավորականության արդար ցասումով պահանջը՝ ժողովրդի և հայրենիքի թշնամիների նկատմամբ անողոք գտնվելու մասին:

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամների և Շարժման ակտիվիստների ձերբակալության պատճառների մասին խոսելիս, եթե բացառենք, որ պետության ղեկավարն այդ քայլը կատարելիս չէր կարող ղեկավարվել րոպեական բռնկմամբ կամ անձնական վիրավորվածության զգացումով, ապա պետք է ենթադրել, որ այն ուներ իր քաղաքական նպատակներն ու հաշվարկները:

Ի՞նչ հզոր շարժառիթներ էին առաջնորդում երկրի ղեկավարությանը՝ այդ կտրուկ քայլին դիմելիս: Չէ՞ որ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս որոշակի հեղինակություն ունեցող Շարժման հետ հաշվեհարդարի փորձը լուրջ հարված էր հասցնում ինչպես դեմոկրատական գործընթացի հետագա զարգացմանը, այնպես էլ վերակառուցման քաղաքականությանն ու անձամբ Միխայիլ Գորբաչովի հեղինակությանը:

Կոմիտեի ձերբակալությամբ և դրան հաջորդող բռնություններով խորհրդային ղեկավարությունը հույս ուներ խեղդել Ղարաբաղյան շարժումը, որի դեմ նա արդեն մեկ տարի պայքարում էր առանց որևէ շոշափելի հաջողության: 1988 թ. վերջերին Շարժումն արդեն այնպիսի թափ և հզորություն էր ձեռք բերել, որ դուրս էր եկել զուտ Ղարաբաղի պրոբլեմից և վերաճել էր համազգային հզոր շարժման՝ դեմոկրատական այնպիսի հզոր լիցքով, որ ոչ մի կերպ չէր կարող տեղավորվել գորբաչովյան վարչակազմի հռչակած դեմոկրատացման քաղաքականության շրջանակներում: Փետրվարից սկսած, Մոսկվան մի շարք մեծ ու փոքր զիջումների էր դիմել, և ամենավրդովեցուցիչն այն էր, որ ոչ մի կերպ չէր երևում այդ զիջումների վերջը: Արդեն բոլորի համար պարզ էր, որ անգամ Ղարաբաղի պրոբլեմի վերջնական, Ղարաբաղի և ընդհանրապես ամբողջ հայության համար ընդունելի լուծումը Շարժման ավարտ լինել չէր կարող, այլ պայքարի մի նոր և առավել հզոր փուլի սկիզբ: Թատերական հրապարակն արդեն վաղուց դարձել էր մի յուրօրինակ Հայդ Պարկ, ուր քննարկվում էին ոչ միայն հանրապետությանն ու հայ ժողովրդին հուզող, այլ նաև ամբողջ երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը: Այսպես, օրինակ, փետրվարից սկսած այստեղ բազմիցս խոսվել էր խորհուրդները կուսակցության խեղդիչ խնամակալությունից ազատելու, միութենական հանրապետությունների և Կենտրոնի փոխհարաբերությունների հակադեմոկրատականության, նախորդ բոլոր տասնամյակների ընթացքում երկրի ղեկավարության վարած ազգային քաղաքականության խտրական ու ձուլողական բնույթի և բազմաթիվ այլ հարցերի մասին: Նույն փետրվարից արդեն Թատերական հրապարակից հնչել էր Աֆղանստանից խորհրդային պատժիչ էքսպեդիցիոն կորպուսները դուրս բերելու, արյունարբու արկածախնդրությունն ավարտելու և մեղավորներին պատժելու պահանջը: Այս բոլորն, ինչ խոսք, մեծապես գերազանցում էին հրապարակայնության բոլոր թույլատրելի նորմերը, և երկրի ղեկավարությանն անհրաժեշտ էր կտրուկ ու վճռական միջոցներով բոլորին ցույց տալ, որ հրապարակայնությունը՝ հրապարակայնություն և դեմոկրատիան՝ դեմոկրատիա, բայց ինքն ամենևին մտադիր չէ զիջել իշխանությունը կամ իրականացնել այդ իշխանությունը որևէ ճնշման տակ, եթե անգամ այդ ճնշումը սեփական ժողովրդի կողմից է:

Հարցի նշանակությունը խորհրդային ղեկավարության համար այնքան էական էր, որ նա չխորշեց անգամ օգտվել տարերային արհավիրքի ընձեռած հնարավորություններից: Իսկ հնարավորությունն, իսկապես, իդեալական էր, և առանց «նախապաշարմունքների» գործելու դեպքում, թվում էր, հաջողությունը համարյա երաշխավորված էր: Ձերբակալելով Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի տասնմեկ անդամների, որոնք Կրեմլի աչքում բոլոր չարիքների գլխավոր մեղավորներն էին, երկրի ղեկավարությունը համարյա համոզված էր իր հաջողության մեջ: Երկրաշարժի հետևանքով հանրապետությունում ստեղծվել էր մի այնպիսի քաղաքական իրադրություն, որի դեպքում Շարժման կողմից անմարդկային կլիներ պայքարի սովորական միջոցներից (ցույց, միտինգ, գործադուլ) օգտվելը: Իր ահավորությամբ եզակի տարերային աղետն ու փլատակների տակ մնացած մարդկանց փրկության հարցն այնքան էր գրավել համաշխարհային հասարակայնության ուշադրությունը, որ կարելի էր գրեթե համոզված լինել, որ մեկ կամ մի քանի անձանց ձերբակալությունն առանձնապես մեծ աղմուկ չէր բարձրացնի նաև Ղարաբաղյան շարժմանը մեծ հետաքրքրությամբ հետևող Արևմուտքում: Ինչ վերաբերում է խորհրդային հասարակայնությանը, ապա համարյա մեկ տարի տևող «ուղեղների լվացումից» հետո բավական էին հերոս-քաղաք Մոսկվայից եկած «մասնագետների ու փորձագետների» թեթև ձեռքով ու արտադրության առաջավորների և վաստակաշատ վետերանների ստորագրությամբ հրապարակված մի քանի հոդվածները, որպեսզի ամբողջ երկիրը հասկանար, որ ձերբակալվել են ընդամենը «ժանտախտի ժամանակ խնջույք անողները» («Սովետսկայա կուլտուրա» թերթի «դիպուկ» բնութագրմամբ): Ընդ որում, ձերբակալվելիս երկրորդական նշանակություն ուներ այն հարցը, թե Շարժմանն ու նրա ղեկավարներին ներկայացված մեղադրանքները որքա՛ն կոնկրետ և ճշմարտանման կհնչեն: Փառք Աստծո, Խորհրդային Հայաստանում իրենց ինտերնացիոնալ պարտքը կատարող զորքերի սահմանափակ կոնտինգենտը հաշված րոպեների ընթացքում իր ճկուն ու ծանրակշիռ ռետինե փաստարկներով անգամ ամենահամառ ու կասկածամիտ «ծայրահեղականների ու ազգայնամոլների» գլուխներից դուրս կհաներ բոլոր տեսակի կասկածներն ու տարակուսանքները ձեռք առնված միջոցների օրինականության վերաբերյալ: Իսկ թե հետագայում ձերբակալվածներին դատելիս ինչպե՞ս պետք է կազմակերպել պրոցեսը և ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ տանել՝ ժամանակի և տեխնիկայի հարց է (նորից փառք Աստծո, «քաղաքական պրոցեսները» մեր երկրի համար նորություն չեն): Ամենից առաջ երկրի ղեկավարությունը կասկած չուներ, որ ԽՍՀՄ դատախազության և մյուս իրազեկ մարմինների սևեռուն ուշադրության ներքո կազմակերպված և խիստ պատկառելի կազմ ունեցող քննչական խումբը նախնական քննության ընթացքում բազում «ծանրակշիռ» հանցանշաններ կգտներ, որոնք թույլ կտային հիմնավորապես մեղադրյալի աթոռին նստեցնել ձերբակալվածներին: Խիստ էական նշանակություն ուներ խորհրդային «անկախ» դատարանի և ԽՍՀՄ դատախազության ղեկավարության վերաբերմունքը ձերբակալվածների նկատմամբ: Բավական է ասել, որ քննչական խումբը գործում է ԽՍՀՄ գլխավոր դատախազի օգնական Կատուսևի անմիջական վերահսկողությամբ, այն նույն Կատուսևի, որին Թատերական հրապարակը բազմիցս մեղադրել էր քաղաքական և բարոյական ու մասնագիտական առումով խիստ անհաջող ելույթի համար կենտրոնական հեռուստատեսությամբ, որին անմիջապես հաջորդեցին հակահայկական ելույթները Ադրբեջանական Հանրապետության տարածքում: Նույն քննադատությունը նույն ամբիոնից հնչել էր նաև ԽՍՀՄ գերագույն դատարանի հասցեին՝ կապված սումգայիթյան ոճրագործության մեղավորի դատավարության հետ: Եթե ասվածին ավելացնենք նաև, որ ամիսներ շարունակ (կամ, ով գիտե, տարիներ շարունակ) Մոսկվայի «օրինակելի» բանտերում քրեական հանցագործների հետ նույն բանտախցերում փակված «այսպեսկոչվածՂարաբաղկոմիտեն» բոլոր հնարավորություններն ուներ իր ապագայի մասին մանրամասն ու բազմակողմանիորեն խորհելու համար, ապա պարզ կդառնա, որ ձերբակալությունից մինչև դատարանի դահլիճ ընկած ուղին ձերբակալողների համար թվում էր պարզ, տրամաբանական և, ամենակարևորը՝ համոզիչ:

Երկրի ղեկավարության հաշվարկներով՝ Կոմիտեի և նրա ակտիվիստների ձերբակալությունը, ինչպես նաև հատուկ դրությամբ օրինականացված պատժիչ զորքերի տևական առկայությունը Հայաստանում անխուսափելիորեն հանգեցնելու էին Ղարաբաղյան շարժման աստիճանական մարմանը: Հատուկ դրության պայմաններում ցույցերի, միտինգների, ժողովների ու հավաքների կազմակերպման, ինչպես նաև այլ ակտիվ գործողությունների անցկացման անհնարինությունը, ձերբակալության սպառնալիքով թռուցիկների կամ այլ բազմացված գրավոր նյութի տարածման արգելքը կարճ ժամանակում պետք է չեզոքացներ Շարժման պահպանված օղակները և արգելակեր նորերի առաջացումը:

Կասկած չէր կարող լինել, որ պատժիչ զորքերի ներկայությամբ թևավորված Հայաստանի Հանրապետության թուլամորթ ղեկավարությունը ևս ջանք ու եռանդ չէր խնայի, որպեսզի մղձավանջային երազ հիշեցնող 1988 թվականը անդառնալիորեն պատմության գիրկն անցներ, իսկ սեփական ժողովուրդը նորից վերադառնար իր մշտական հեզ ու խոնարհ կեցվածքին:

Այսպիսով, Հայաստանում ազգային-ազատագրական ու ժողովրդավարական շարժման ջախջախումն այն գլխավոր ու առաջնահերթ խնդիրն էր, որը հետապնդում էր խորհրդային ղեկավարությունը երկրաշարժից անմիջապես հետո, պաշտոնապես հայտարարված սգո օրերին ձերբակալելով Շարժման ակտիվիստներին: Սակայն կարևորագույն այս հարցի հետ միասին, Մոսկվան հույս ուներ ստեղծված իրավիճակում մի շարք ուրիշ, հարակից հարցեր ևս լուծել: Ամենից առաջ դա բուն Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Անդրկովկասի միութենական երկու հանրապետությունների միջև հարաբերությունների նորմալացման հարցն էր:

Բուն Ղարաբաղի պրոբլեմին Մոսկվան գտավ հետևյալ քաղաքական լուծումը: Երկրաշարժին հաջորդող առժամանակյա կրքերի հանդարտեցումը երկրամասում խորհրդային ղեկավարությանը թույլ տվեց 1989 թ. հունվարի 12-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով ստեղծել Լեռնային Ղարաբաղի կառավարման Հատուկ կոմիտե՝ ԽՄԿԿ կենտկոմի կրճատված աշխատակից Արկադի Վոլսկու գլխավորությամբ: Այս քայլի շնորհիվ տարածական առումով թողնելով Ադրբեջանական Հանրապետության կազմում, փորձ արվեց մարզը վարչականորեն և տնտեսապես դուրս բերել նրա ենթակայությունից: Սահմանադրական վերջին լրացումներով ընդունված Հատուկ կոմիտեն բացարձակապես այն նույն պրեզիդենտական կառավարման տարբերակն էր, որը իրադարձությունների հենց սկզբից առաջարկում էին ինչպես մասնագետների ճնշող մեծամասնությունը, այնպես էլ Ղարաբաղյան շարժումը՝ որպես հարցի վերջնական լուծման ճանապարհին անցումային մի փուլ: Ուղիղ մեկ տարի պահանջվեց, որպեսզի խորհրդային ղեկավարությունը հասկանար այն պարզ ճշմարտությունը, որ Ղարաբաղն այլևս չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դրանից բխող համապատասխան քայլեր մշակեր: Այս տարրական և ակնհայտ իրողության ըմբռնումը ժամանակին, ամենայն հավանականությամբ, կարող էր կանխել իրադարձությունների նման բարդ ու ողբերգական զարգացումը, և հարևան երկու ժողովուրդների միջև էլ, թերևս, նմանօրինակ ահավոր անդունդ չէր գոյանա: 1989 թ. հունվարին արդեն այդ քայլն ուշացած էր և, եթե անգամ մեր հանրապետության ղեկավարությունը երկրաշարժի հետևանքով դեռևս տևական ժամանակ չէր կարող զբաղվել Ղարաբաղի հարցերով, ապա Ադրբեջանն էլ ոչ մի կերպ չէր հաշտվել մարզն իր ենթակայությունից դուրս բերելու մտքի հետ:

Երկրի ղեկավարության հաջողությունները մեծ չէին նաև այդ ասպարեզում: Թվում էր, թե պահը հարմար է ընտրված այդ անկասկած առաքինի ու բարի մտադրությունների իրականացման համար, և «ազգային թշնամանք հրահրող սադրիչների ու կաշառված տարրերի» չեզոքացման դեպքում կարելի էր բոլոր նախադրյալներն ստեղծել երկու ժողովուրդների միջև ճգնաժամային մակարդակի հասած հարաբերությունների աստիճանական կայունացման համար: Սակայն, ինչպես ամբողջ տարվա ընթացքում, այս անգամ ևս տակտի գերագույն զգացում, խիստ նուրբ և կշռադատված վերաբերմունք պահանջող հարցին ուղղակի ֆելդֆեբելական մոտեցում ցուցաբերվեց: Երկրաշարժի արդեն հաջորդ օրը ՏԱՍՍ-ը հրապարակեց ԽՄԿԿ կենտկոմի, Գերագույն խորհրդի նախագահության և Նախարարների խորհրդի ցավակցությունը տարերային աղետից տուժածների ազգականներին ու մերձավորներին: Երկրի ղեկավարության ցավակցության հետ միասին լրատվական գործակալությունը հրապարակել էր միայն մեկ միութենական հանրապետության՝ Ադրբեջանի ղեկավարության ցավակցությունը:

Հեղինակների մտահղացմամբ, ձերբակալության ակտը պետք է իր պրոֆիլակտիկ, կանխարգելիչ նշանակությունն ունենար նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ղարաբաղյան շարժման այսօրինակ ճնշման հաջող փորձը բոլորին պետք է հուշեր, որ երկրի ղեկավարությունը չի հանդուրժի ցանկացած բնույթի քաղաքական ընդդիմախոսություն կամ անհնազանդության որևէ բացահայտ դրսևորում: Առավել ևս, եթե այդ անհնազանդությունն ուղեկցվում և իրականացվում էր այնպիսի արմատական միջոցառումներով, ինչպիսիք էին համազգային գործադուլները, հացադուլները, որոնց վարակիչ օրինակն արդեն դուրս էր եկել Հայաստանի սահմաններից, տարածվելու և հզորանալու բացահայտ միտումներ էր դրսևորում:

Այս ամենը Կրեմլը չէր կարող գնահատել այլ կերպ, քան ուղղակի սպառնալիք ֆեդերատիվ պետության ամբողջության նկատմամբ, և կենտրոնական իշխանությունների կողմից Հայաստանում վերը շարադրված միջոցառումների ձեռնարկումը պետք է յուրօրինակ նախազգուշական կրակոցի դեր կատարեր մյուսների համար:

Երկրաշարժի օրերին կատարված զանգվածային ձերբակալություններով խորհրդային ղեկավարությունը մի հեռահար նպատակ ևս ուներ՝ 1989 թ. մարտի 26-ի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունները: Այստեղ, իրոք, անհանգստանալու պատճառներ շատ կային: Դեռևս աշնանը, Հանրապետության Գերագույն խորհրդի թափուր տեղերի համար անցկացված միջանկյալ ընտրությունները ցույց տվեցին, որ Ղարաբաղյան շարժման հեղինակությունը հանրապետության բնակչության մեջ խիստ բարձր է, և ազատ ընտրությունների դեպքում նրա ներկայացուցիչները կարող են հավակնել ընտրողների ձայների ճնշող մեծամասնությանը: Պատահական չէ, որ այդ միջանկյալ ընտրությունները, որոնց ժամանակ հանրապետության կուսակցական-խորհրդային բարձրագույն նոմենկլատուրայի երեք ներկայացուցիչները (ներքին և արտաքին գործերի նախարարներ և ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ) փայլուն կերպով տապալվեցին, իրենց վրա էին հրավիրել Մոսկվայի ջերմ ուշադրությունը: Դժվար չէ պատկերացնել, որ քաղաքական նման բարձր ակտիվության պայմաններում ընտրված Հայաստանի պատգամավորական խումբը երկրի գլխավոր խորհրդարանում խիստ արմատական ու անկախ դիրք էր զբաղեցնելու և առաջիկա հինգ տարիների ընթացքում, թերևս, մշտական լարվածության օջախ էր լինելու: Գոնե Հայաստանի Գերագույն խորհրդի օրինակը, որի կազմում կային ընդամենը երկու անկախ, կենտկոմի կամ հանրապետության ղեկավարության կողմից չնշանակված պատգամավորներ (Խաչիկ Ստամբոլցյանն ու Աշոտ Մանուչարյանը), առանձնապես ուրախ խորհրդածությունների տեղիք չէր տալիս: Իսկ Ղարաբաղյան շարժման չեզոքացումը ընտրությունների ժամանակ, ինչպես նաև հատուկ դրությունն ու պարետային ժամը Հայաստանում ստեղծում էին համարյա բոլոր նախադրյալները ընտրությունները «անհրաժեշտ» ձևով անցկացնելու և «անհրաժեշտ» մարդկանց «ընտրելու» համար:

Ահա այն հիմնական նկատառումները, որոնցով առաջնորդվում էր խորհրդային ղեկավարությունը և անձամբ Միխայիլ Գորբաչովը՝ երկրաշարժի օրերին Հայաստանում ձերբակալելով համազգային շարժման ղեկավարներին:

Բուտիրկա

18.04.89թ.

* Ծանոթագրությունները հեղինակինն են և նախատեսված են եղել անգլերեն թարգմանության համար։

[1] Ներկայումս Ադրբեջանի հանրապետության Գյանջա քաղաքը: Մինչև 1988 թ. իրադարձություններն այստեղ ապրում էին ավելի քան քառասուն հազար հայեր:

[2] Լեռնային Ղարաբաղին սահմանակից շրջաններն են, որոնք մինչև 1988 թ. աշունը առավելապես հայերով էին բնակեցված: Այս վայրերը հայտնի են նաև Հարթավայրային Ղարաբաղ անունով:

[3]  Թյուրքական բառ է և նշանակում է հայրենիք:

[4]  Այսինքն շուրջ քսան անգամ ավելի թանկ, քան ավիատոմսի պետական արժեքն է:


Հատված Համբարձում Գալստյանի «Չգրված նամակներ» գրքից (Երևան, 2013)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ