Մարդն իր գործերի գումարն է | Իոսիֆ Բրոդսկի

«Ինլայթ»-ը ներկայացնում է Անատոլի Վասիլևի Իոսիֆ Բրոդսկի. Անատոլի Վասիլևի կարճատև ֆիլմից «Հրեա լինելը որևէ բան նշանակո՞ւմ է Ձեր կյանքում» հատվածի սղագրության հայերեն թարգմանությունը

Ա.Վ. Հրեա լինելը որևէ բան նշանակո՞ւմ է Ձեր կյանքում՝ մարդկայի՞ն կամ ստեղծագործակա՞ն։

Ի.Բ. Դե, ես չգիտեմ ինչ է դա նշանակում։ Այն որ ես հրեա եմ, այո, ես հարյուր տոկոսանոց հրեա եմ, հայրս, մայրս և այլն, ոչ մի խառնուրդ չկա։ 

Իսկ թե ինչ է դա նշանակում, ինչպես ասեմ․ ընդհանրապես, մարդ չպետք է իրեն բնորոշի որպես հրեա, ռուս, իտալացի, իսպանացի և այլն։ Դե, իհարկե, ինքը պետք է իրեն որոշ չափով այդպես բնորոշի, բայց դա հաճախ պետությունն է իր փոխարեն անում, կամ լեզուն։ Մինչդեռ մարդը պիտի սկսի իրեն բնորոշել քիչ թե շատ կոնկրետ կատեգորիաներով: Պետք է ասի, հարցրեք՝ ո՞վ եմ ես։ Վախկո՞տ եմ, թե՞ քիչ թե շատ անվախ։ Կամ, ասենք, ես բարի՞ մարդ եմ, կամ թե՞ ես ագահ մարդ եմ։ Կամ, ես անկե՞ղծ եմ աղջիկների հետ, թե՞ ոչ այնքան։ Ահա ասպիսի բաները։ 

Այսինքն ինքն իրեն, առաջին հերթին, այս հարցերի պատասխանը պիտի հստակ տա և միայն դրանից հետո սկսի ինքնորոշվել ազգի, մշակույթի, աշխարհագրության, փիլիսոփայության, կրոնի և այլ կատեգորիաներով:

Որովհետև բոլոր այս մեծ հարցերը միտքդ ուժեղ մթագնում են։ Եւ դու սկսում ես մտածել, որ եթե դու կարդացել ես, օրինակ, Հեգել կամ Բերդյաև, դու արդեն լավն ես։ Մոտավորապես նույն բանն է, ինչ սովետական իշխանության դեմ պայքարես.  եթե պայքարում ես, ուրեմն լավն ես։ 

Որովհետև, երբ կա այդ օբյեկտիվ չարիքը, դա քեզ ազատում է ինքնավերլուծությունից, ու դու չես մտածում, որ ինքդ էլ քո հերթին ես տականք։ Դե, մի խոսքով, ես կարծում եմ մեր սերունդը կարողացավ այդ զգացումից մասամբ խուսափել․ մենք գիտեինք, որ հրեշտակներ չենք, բայց, եղածն, այնուամենայնիվ, հաստատ գոմաղբ էր։ Եւ այդ իմաստով ես կարծում եմ մենք ավելի լավն էինք քան մեզնից առաջ եղածները, առավել ևս՝ քան մեզ հաջորդողները, համենայն դեպս բազում հարցերում։ 

Առհասարակ, հայրենիքում շատ սրված է գազանի հոտառությունը, չգիտեմ ինչու, չնայած պարզ է թե ինչու. թշնամական միջավայր է, ջունգլիներում ես ապրում, և հոտառությունդ սրվում է մարդկանց վրա։ Դա 70-ականների կեսերին էր, կամ վերջում, երբ մարդկանց մեծ արտահոսք սկսեց։ Քաղաքը դատարկվեց, մտավորականները փողոցում հանդիպելիս շների նման իրար հոտոտում էին, ասես չհավատալով, որ դա հնարավոր է, որ դեռ ինչ-որ մեկը մնացել է։ Եւ դա, առհասարակ, մարդու վրա գրված է, նրա դեմքին է գրված ամենը։ Գիտե՞ք ինչ էր ասում Դանթեն։ Դանթեն ասում էր մարդու դիմագծերը պետք է ձևավորեն տառեր և դրանցով կազմեն “Homo Deus”` մարդ աստծո։

Ես չգիտեմ, թե ով եմ։ Գիտեմ, քիչ թե շատ, որ ամենահաճելի մարդը չեմ, գիտեմ թե ինչեր եմ արել կյանքում, ում հանդեպ եմ չարիք գործել։ Եւ ներել քիչ թե շատ, դե իհարկե ես ինձ ներում եմ, բայց վերջին հաշվով ինքս ինձ ներել չեմ կարող։ Եւ դա ինձ համար ավելի կարևոր է. քան այն, որ ես ռուս եմ, կամ թե հրեա, կամ թե երկուսն էլ։

Այնպես չէ, որ ես ուզում եմ ասել թե Աստված խիղճն է․ բոլորովին այդ չէ հարցը։ Պարզապես ես քիչ թե շատ գիտեմ, որ այսպիսին եմ և ես ցանկություն չունեմ ինքնորոշվել ավելի վերացական, ավելի լղոզված կատեգորիաներով: 

Այսինքն, մարդը պետք է իր հանդեպ խստապահանջ լինի, կարծում եմ, քիչ թե շատ, եթե կարող է և չթաքնվի կոնցեպցիաների հետևում, կամ դրանց մեջ։ 

Մարդն իր հավատամքների, իր ապավենների ու համոզմունքների գումարը չէ, մարդն իր գործերի գումարն է։


Դավիթ Պետրոսյան (Davit Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: