Բամբակյա շապիկի ազդեցությունը

Թե ինչպես կարող են խելամիտ ընտրությունները փոփոխել մեր բացասական ազդեցությունը ջրային և էներգետիկ պաշարների վրա

Ձեր սիրելի շապիկը պատրաստված է ոչ միայն բամբակից և հիշողություններից:

Բանալի բաղադրիչը, որի մասին նշված չէ ձեր շապիկի պիտակի վրա, ջուրն է:

Զարմանալիորեն՝ 2700 լիտր ջուր կարող է պահանջվել մեկ շապիկին անհրաժեշտ բամբակն արտադրելու համար:

Սա այն անտեսանելի կամ «վիրտուալ ջուրն» է, որը մենք սպառում ենք ամեն օր: 

Այսպիսով, մինչդեռ կարևոր է վերանորոգել կաթացող ծորակները և գնել արդյունավետ լվացքի մեքենաներ, ջուրը, որը մենք օգտագործում ենք տանը, լոկ մի մասն է մեր օգտագործած ջրի ընդհանուր պաշարի:

Վերցնենք թարմացնող կոլա կամ սառը գարեջուր. դրանց պատրաստման ընթացքում օգտագործված ջրի միայն մի մասն է շշում: Իսկ մեծ մասն օգտագործվում է շաքարեղեգ կամ գարի աճեցնելիս, որոնցով էլ պատրաստվում են այս ըմպելիքները: 

Ձեր սմարթֆոնը, հնարավոր է, ձեզ ջրի մասին մտածելու տեղիք չտա, սակայն օգտակար հանածոների արդյունաբերումից մինչև միկրոչիպերի լվացում, այդ փոքր հարմարանքն էական հետք է թողնում գլոբալ ջրային պաշարների վրա:

Մարդկանց և բնության կարիքները բավարարելու համար առկա քաղցրահամ ջրի քանակը սահմանափակ է, իսկ կարիքները տարեց տարի ավելանում են: Մենք պետք է ավելի խելամիտ գտնվենք ջրօգտագործման հարցում: 

Ջրի ավելի խելամիտ օգտագործումը

Ամբողջ աշխարհում մարդկանց կողմից օգտագործվող ջրի 70%-ը բաժին է հասնում գյուղատնտեսությանը: Այդ ջուրն անհրաժեշտ է այն սննդի համար, որը մենք ուտում ենք, ինչպես նաև մշակաբույսերի համար, ինչպիսին է բամբակը:

Բնության համաշխարհային հիմնադրամն (World Wide Fund for Nature,  WWF) աշխատում է ագարակատերերի և այն ձեռնարկատիրությունների հետ, որոնք գնում են իրենց մշակաբույսերը, որպեսզի զարգացնի կայուն գյուղատնտեսական մեթոդները: Այս աշխատանքը խթանում է ջրամատակարարման պահանջարկի նվազեցումը ոչ միայն բամբակի, այլև մյուս «ջրաքաղց մշակաբույսերի» համար, ինչպիսիք են շաքարավազը և բրինձը:

Պակիստանի և Հնդկաստանի ագարակատերերից մինչև Միացյալ Նահանգների և Հարավային Աֆրիկայի գործադիր տնօրեններ` մենք օգնում ենք մարդկանց օգտագործել ջուրն ավելի պատասխանատու կերպով: Ունենալով ԲՀՀ-ի աջակցությունը՝ Better Cotton Initiativeն («ավելի լավ բամբակ» նախաձեռնություն) աշխատանքներ է տանում ագարակատերերի հետ՝ ջրային ավելի քիչ միջոցներով բամբակ աճեցնելու համար: 

Պակիստանում այս նախաձեռնությունն աշխատել է 75.000 ֆերմերների հետ, որոնք արդյունքում նվազեցրել են  ջրօգտագործումը 39%-ով և ավելացրել իրենց եկամուտը 11%-ով: Նրանք նաև քչացրին թունաքիմիկատների օգտագործումը 47%-ով և քիմիական պարարտանյութերի օգտագործումը 39%-ով:

Սա լավ է նրանց, շղթայական ազդեցությամբ` նաև այլ համայնքների համար, գետերում և ջրային տարածքներում բնակվող ձկների, թռչունների և այլ արարածների համար, և վերջապես՝ նաև այն մարդկանց համար, որոնցից մեկը հենց Դուք եք, ում հետաքրքրում է, թե ինչպես են ստեղծվում իրենց շապիկները: 

Համաշխարհային մեծ ապրանքանիշերն ընդունել են այս սխեման. IKEA-ն, օրինակ, նախատեսում է 2015 թվականին օրինակ ծառայել` 100%-ով միանալ Better Cotton-ին: 

Ինչպե՞ս կարող եք փոփոխություն անել

Բամբակյա շապիկի մշակման, արտադրման և տեղափոխման համար պահանջվում է բավակնին շատ էներգիա, բայց գիտե՞ք արդյոք, որ առավելագույն էներգիան բաժին է հասնում դրա մասին հոգ տանելուն: 

Լվացքի մեքենայով մեկ անգամ լվանալու համար օգտագործվում է 40 գալոն ջուր: Նույնքան լվացքը մեկ անգամ չորացնելու համար օգտագործվում է 5 անգամ ավելի շատ էներգիա, քան լվանալու համար: Փաստորեն, չչորացնելով և չարդուկելով ձեր շապիկը, դուք կխնայեք ածխածնի ծախսի մեկ երրորդը: 

Անկախ նրանից՝ դա աղբի նվազեցում է, էներգիայի խնայողություն, թե գիտակից սպառում, փոքր գործողությունները կարող են մեծ փոփոխության հանգեցնել: Մտածե՛ք այն տարբերակների մասին, որոնց միջոցով կարող եք խնայել էներգիա և ջուր:

ԲՀՀ-ն համախմբվում է National Geographic-ի հետ, որպեսզի օգնի ձեզ այս ազդեցությունների մասին ավելին իմանալ: Այսպիսով դուք կկարողանաք ձեր յուրաքանչյուր ընտրություն ավելի լավը դարձնել

Բնօրինակի հեղինակ՝ WWF


Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan),
Թարգմանիչ՝ Քրիստինե Բդոյան (Christine Bdoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: