«Ինլայթ»-ը ներկայացնում է Arzamas-ի «Սարտրի, Գոդարի և Բրիջիթ Բարդոյի դարաշրջանի Ֆրանսիան» դասախոսական շարքի նյութերի հայերեն թարգմանությունը:

1960-ականների Ֆրանսիան. Երիտասարդների հաղթանակը

Մի կարևոր սահման հաղթահարվեց 1958թ.: Քանի որ Չորրորդ հանրապետության կառավարությունը չկարողացավ հաղթահարել Ալժիրի պատերազմի արդյունքում ծագած իրավիճակը, 1958թ., վախենալով հասունացող քաղաքացիական պատերազմից` Նախագահ Ռենե Կոտին դիմեց պատերազմի տարիների հերոս գեներալ դը Գոլին՝ իշխանություն վերադառնալու և երկրում կարգուկանոն հաստատելու խնդրանքով: Վերջինս համաձայնեց պայմանով, որ նրան կտրվի գործողությունների լիակատար ազատություն: Ալժիրի խնդրի լուծումը  ժամանակ էր պահանջելու, իսկ ահա երկրում կարգուկանոն հաստատելու գործին գեներալը ձեռնամուխ եղավ անմիջապես: Նախ և առաջ, մշակվեց և համազգային հանրաքվեի դրվեց նոր Սահմանադրություն, որին կողմ քվեարկեց ֆրանսիացիների 80%-ը: Դը Գոլն ընդհանրապես շատ էր սիրում հարցնել մարդկանց կարծիքը. այս միջոցին իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում նա դեռ կդիմի հինգ անգամ: Դը Գոլն ընտրվում է նոր՝ թվով Հինգերորդ Հանրապետության նախագահ, որն աչքի ընկավ հազվադեպ կայունությամբ և ճկունությամբ, ինչի արդյունքում էլ գործում է մինչև օրս: Նոր Սահմանադրությունը ամրապնդեց նախագահի դերը, որն արդեն ընտրվում էր ոչ թե խորհրդարանի նիստում, այլ համաժողովրդական քվեարկությամբ՝ յոթ տարի ժամկետով: Այս պաշտոնում դը Գոլ անցկացրեց գրեթե մեկ ու կես պաշտոնավարման շրջան՝ մինչև 1968թ.-ի իրադարձությունները:  

Ամենակարևոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ նոր տասնամյակում, գաղութատիրության խնդրի լուծումն էր: Գրեթե բոլոր ֆրանսիական գաղութները Ասիայում, Աֆրիկայում և Ինդոնեզիայում անկախություն ձեռք բերեցին: Սակայն Ալժիրը, որն այդքան թանկ էր Ֆրանսիայի համար, «պինդ ընկույզ» դուրս եկավ: 1958թ. դը Գոլը դեռևս հակված չէր նրան անկախություն շնորհել: Բայց Ալժիրի պատերազմն այնքան արյունալի և թանկ էր Ֆրանսիայի բյուջեի համար, որ նախագահը, ի վերջո, հանգեց «Ալժիրն  ալժիրցիների համար» որոշմանը և 1962թ. մարտին ստորագրեց Էվյան համաձայնագրերը: Պատկերացնելն անգամ դժվար է՝ ինչքան բարդ և դրամատիկ էր ծագումով ալժիրցի ֆրանսիացիների վերաբնակեցումը մայրցամաքում: Իրենց տները լքեցին աշխատավորներ, վաճառականներ, ձեռնարկատերեր, ուսուցիչներ, որոնք իրենց եվրոպացու պես էին զգում գաղութում, իսկ այժմ հայտնվել էին «սևամորթ վտարանդիի» դերում, որոնք հավակնում էին ֆրանսիական տարածքներին և զբաղեցնում այլոց աշախատատեղերը: Նրանց «ձայնը» դարձավ հրեական, իսպանական և ալժիրական ծագումով հանրաճանաչ երգահան Էնրիկո Մասիասը, իսկ հիմնը՝ «Ես լքեցի իմ երկիրը» երգը:

Այդուհանդերձ, նոր տասնամյակը Ֆրանսիայի համար բուռն զարգացման և բարգավաճման շրջան դարձավ: Անցկացվեց դրամային ռեֆորմ, որը բերեց գնաճի նվազեցման: 1960թ. հին ֆրանկը փոխարինվեց նորով՝ մեկը հարյուրի հարաբերակցությամբ, ճիշտ է՝ ֆրանսիացիները  երկար ժամանակ չէին կարողանում ընտելանալ այս փոփոխությանը և շարունակում էին հաշվել հին ֆրանկով: Գյուղատնտեսությունն արդիականացվեց, մեխանիզացվեց և դրվեց ծախսարդյունավետ ուղու վրա: Արդյունաբերության կտրուկ աճ արձանագրվեց հատկապես բնակարանաշինության, սև մետալուրգիայի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ավտոմոբիլաշինության, քիմիական և միջուկային արդյունաբերության ոլորտներում: Վերջինի զարգացմանն ուղղված քայլերը ձեռնարկվել են 1950-60-ականներին. կառուցվել և շահագործման են հանձնվել ինը միջուկային ռեակտոր, իսկ միջուկային արդյունաբերությունը դարձել է էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրը: 

Այս տարիներին է զարգանում նաև ծառայությունների ոլորտը. այսպես՝ 1958-ին, Փարիզի մերձակայքում գտնվող մի փոքրիկ քաղաքում բացվում է առաջին սուպերմարկետը, իսկ 1963-ին՝ Սանտ-Ժընվիև-դե-Բուայում (այս անվանումը հիմնականում կապված է ռուսական գերեզմանատան և Սպիտակ գվարդիականների շիրիմների հետ, բայց այն նաև քաղաք է Փարիզի մերձակայքում) բացվեց Carrefour-ի առաջին հիպերմարկետը, որը  նշանակում է «Խաչմերուկ»: Ֆրանսիացիների բարեկեցության մակարդակը զգալիորեն աճում է. յուրաքանչյուր ընտանիքում հայտնվում են հարմարավետ կյանքի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են սառնարանը, լվացքի մեքենան, հեռուստացույցը, տրանզիստորը, նվագարկիչը, ավտոմեքենան: 

Գնալով ավելի ակտիվ է սկսում զարգանալ ժամանցային մշակույթը, որին ֆրանսիացիները մեծ կարևորություն են տալիս, քանի որ նրանք աշխարհում ամենաքիչն են աշխատում և շատ հպարտանում են դրանով: Օրինակ, աշխատանքային շաբաթն այժմ կազմում է 35 ժամ: Իսկ այն ժամանակ ավելացավ նաև արձակաուրդային օրերի քանակը. եթե 1956թ. աշխատողների վճարովի արձակուրդի տևողությունը երկու շաբաթից դարձավ երեք շաբաթ, ապա 1969-ին դրան ավելացավ նաև չորրորդը: Ինչ վերաբերում է կիրակիներին, ապա այստեղ այլ պատմություն է: 1906 թ-ից սկսած՝ Ֆրանսիայում գործում է մի օրենք, որը ոչ ոք դեռևս չի չեղարկել, և համաձայն որի՝ կիրակին բոլորի համար պարտադիր հանգստյան օր է: Այդ պատճառով արդեն մեկդարից ավելի է, ինչ խանութները կիրակի օրերին չեն աշխատում: 

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Բայց միայն ժամանցը չէր. 1960-ականներին Ֆրանսիայի  ողջ կյանքը նշանավորվեց ուրախությամբ, բարյացակամությամբ, ազատության անընդհատ աճող ցանկությամբ և կենսախնդությամբ: Այս աշխարհայացքն արտացոլվեց Ժիլբեր Բեկոյի «Ողջո՛ւյն, ընկերներ» («Salut les copains») կատակերգում, որի  անունով 1959 թվականին անվանակոչվեց ամենօրյա ռադիոհաղորդումներից մեկը, իսկ 1962-ին՝ երիտասարդական ամսագիր: 

Իրականում, երգը Իտալիա չկայացած ուղևորության մասին է, քանի որ հերոսը ուշացել էր գնացքից: Ինչ վերաբերում է հաղորդմանն ու ամսագրին, ապա դրանք նվիրված էին էստրադային և այդ տարիների երիտասարդության շրջանում նոր, սիրված յե՛-յե՛ ոճին, այլ ջազ-ռոք ոճին: Ռադիոկայանը հեռարձակվում էր ամբողջ Եվրոպայում: Ծրագիրը տևեց 10 տարի, մինչդեռ «Ողջու՛յն, ընկերներ» ամսագիրը իր գործունեությունը ավարտեց միայն 2006 թվականին: Այնտեղ հնարավոր էր գտնել այն ամենը, ինչ սիրտը կկամենար. տեղեկատվություն՝ երաժշտության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք հետաքրքրում էին երիտասարդներին, համերգների, ֆրանսիացի, ամերիկացի և անգլիացի երգիչների մասին (առաջին հերթին, իհարկե The Beatles-ի, The Rolling Stones-ի մասին): Ամսագրում հրապարակվում էին պաստառներ, երգերի բառեր, նկարներ՝ նորաձևության ցուցադրություններից՝ էստրադային աստղերի և այդ դարաշրջանի կուռքերի մասնակցությամբ:

Իսկ ովքե՞ր էին այդ կուռքերը: Ամենափայլուն աստղը եղել և մնում է Ջոննի Հոլիդեյը. բացարձակ ինքնակերտ աստղ՝ դաստիարակված մյուզիք հոլերի կուլիսներում ֆրանսիացի պարուհու կողմից, քանի որ հայրը թողել էր նորածնին մերկ հատակի վրա և գնացել էր նրա օրորոցի դիմաց ստացած գումարով խմելու: Նման դեբյուտով 17-ամյա դեռահասին  ու նորաստեղծ երգչին այլ բան չէր մնում, քան փոխել անունը՝ վերցնելով ամերիկյան կեղծանուն՝ ընդօրինակելով Էլվիս Փրեսլիին: Հաջողությունն ակնթարթային էր և խլացնող. 1961 թ. Սպորտի պալատում կայացած նրա մենահամերգին հանդիսատեսն արդեն աթոռներ էր կոտրում էքստազից: Հարկ է նշել, որ նման արձագանքը դարձավ դարաշրջանի ոճը. Ժիլբեր Բեկոն (որն, ի դեպ,  ևս կեղծանուն է) հիշում էր, որ շատ ավելի վաղ՝ արդեն 1954-ին, նա կոտրել էր դաշնամուրը «Օլիմպիա» համերգասրահում, իսկ հանդիսատեսը, իր հերթին, հիացմունքն արտահայտում էր աթոռները կոտրելով: 

Երիտասարդները հաճախ սկսեցին բեմ բարձրանալ, ընդ որում շատ հաճախ՝ պատահականորեն. երաժշտական կրթություն պարտադիր չէր: Այսպես, օրինակ, անսպասելի ծագեց գեղեցկուհի Մարի Լաֆորեի աստղը (նույնպես կեղծանուն): Նա միայն փոխարինում էր քրոջը «Աստղի ծնունդը» մրցույթում և հաղթեց: Ձևավորվեց աստղերի մի ամբողջ գալակտիկա, ընդ որում՝ միջազգային. բուլղարացի Սիլվի Վարդանը, հույն Նանա Մուսկուրին, Օդեսայից փախստականների որդին՝ Միշել Պոլնարեֆը, եգիպտացի Կլոդ Ֆրանսուան, սիցիլացի և բելգիացի Սալվատորե Ադամոն, ֆրանսիացիներ Միրեյ Մատյոն, Սերժ Լաման և շատ ուրիշներ: Առանձնահատուկ դիրք ուներ բոլոր աստղերից  «ամենաֆրանսիացին»` Բրիջիտ Բարդոն. ոչ միայն կանացիության մարմնավորում, սեքս-խորհրդանիշ, այլև գալլական ոգու կանացի մարմնավորում: Նա ոչ միայն այդ տարիների առավել շատ նկարահանված կին դերասանուհին էր, այլև բավական հաջողակ երգչուհի: Նա այնքան հրապուրիչ էր, համարձակ, կյանքով լի, բնական և անմիջական, որ բոլորը՝ առանց բացառության, սիրահարվել էին նրան: Նա դարձավ Ֆրանսիայի Հանրապետության մարմնավորումը: Նրա ամենաաղմկահարույց սիրավեպը, թերևս այն ժամանակ ոչ այնքան ինքնավստահ, սակայն այժմ կուռք հանդիսացող Սերժ Գենսբուրի հետ էր, որն ամբողջությամբ գերված նրան է նվիրում «Բ. Բ. Սկզբնատառերը» երգը, որտեղ կան այսպիսի տողեր. «Նրա երկար ոտքերին բարձր ճտքավոր կոշիկ է,/գեղեցկության այս շրջանում նա աննման ծաղիկ է»:  Այդ պահին կոշիկներից բացի Բրիջիթի հագին ոչինչ չկար: 

Այնուամենայնիվ, խոսեցինք միայն էստրադայի մասին, այսինքն՝ հիմնականում ուրիշների կողմից գրված թեթև ժանրի երգերի կատարման արվեստը, որտեղ տեքստն այնքան էլ կարևոր չէ, որքան երաժշտական բաղադրիչը՝ ձայնը, մեղեդին, վերադաշնավորումը (արանժիրովկա), նվագախմբի նվագակցությունը, որում հնչում են նոր գործիքներ (էլեկտրական կիթառներ, հարվածային գործիքներ), որտեղ տեղ է գտնում նաև զուգահեռ պարելու նոր ոճը՝ Ջոնի Հոլիդեյի և Կլոդ Ֆրանսուայի մտահղացումը, որն ընդօրինակեցին նաև այլ կատարողներ:

Այսպես ձևավորվում է երիտասարդական մշակույթ, որը մինչ այդ չկար: Ձևավորվում է թե՛ երիտասարդության համար նորաձևություն, թե՛ վարվելակերպի նոր ոճ: Հետագայում այս միտումն ավելի լայնամասշտաբ է դառնում, վերաճում նոր աշխարհընկալման ալիքի. նորաձև է դառնում երիտասարդ լինելը: 

Ֆրանսիայում Երիտասարդական էստրադային զուգահեռ զարգանում էր  բեմական արվեստի մեկ այլ ճյուղ՝ հեղինակային երգը: Այս ժանրը վաղուց էր ծաղկում ապրում, հասնելով, տրուբադուրների, տրուվերների և մենեստրելների շրջան, և շարունակեց գոյություն ունենալ դարաշրջանից դարաշրջան փոփոխվող ավանդույթների համաձայն: Այս երգերը, որպես կանոն,  կատարում էին իրենք՝ հեղինակները, սրճարաններում, բարերում, կաբարեներում:Դրանցում գլխավորը գրական տեքստն էր և հեղինակի ասելիքը: 1950-ական թվականներին ձևավորվեց վառ, միմյանցից տարբերվող երգող բանաստեղծների մի ամբողջ բույլ, որոնք, որպես կանոն, շարունակում էին ստեղծագործել 1960-ականներին և ավելի ուշ: Թերևս, բոլորից վաղ բեմ բարձրացավ ֆրանսիական երկնակամարի չմարող աստղ Շառլ Ազնավուրը: Նա ոչ ոքի նման չէ, ստեղծել է իր ոճը, բոլորը ճանաչում են նրան և նրա մասին խոսելը նոր չէ: Սակայն Բորիս Վիանը, որի կյանքն ընդհատվեց 1960 թվականի նախաշեմին, իր կյանքի վերջին տարիները նվիրեց երգին՝ մեծապես հանդիսանալով հենց այն ակունքը, որից սկիզբ առան մնացած բարդերը: Սերժ Գենսբուրը, օրինակ, խոստովանել է, որ ինքը երգեր չէր գրի, եթե ժամանակին չկլաներ Վիանի երգերը՝ իրենց հեգնանքով, սարկազմով, հուսահատությամբ և անկրկնելի հնչերանգով: Նրա ամենաաղմկահարույց և ամենահայտնի երգերից մեկը «Դասալիքն» է, որը գրվել էր իբրև արձագանք Հնդկաչինի պատերազմին, սակայն վետերանների կողմից ընկալվել որպես վիրավորանք իրենց անցյալի հանդեպ:

Կարիք չկա ներկայացնել Ժակ Բրելին, որը ֆրանսիացի չէր, այլ բելգիացի, ինչը Ֆրանսիայում ոչ թե առավելություն էր, այլ ավելի շուտ ծանրացուցիչ հանգամանք: Բայց նրա բանաստեղծությունները, որոնք իրենից լավ ոչ ոք չէր երգում, այնքան գեղեցիկ են, իսկ նա,  այնքան հիանալի կատարող և դերասան դուրս եկավ (ինչպես Ազնավուրը), որ 1950-ականների վերջին նվաճեց Ֆրանսիան: Սկսեց նա, ինչպես և Բորիս Վիանը, Trois Baudets («Երեք ավանակներ») կաբարեում և գրավեց ռացիոնալ ֆրանսիացիների հոգիները: Համերգի կեսին հանդիսատեսը ծափահարություններով էր ընդհատում նրան՝ ստիպելով կրկին  կատարել ամենասիրելի երգերը՝ «Մի՛ լքիր ինձ» կամ «Ամստերդամ»

Տպավորում էր նաև Բարբարան (նրա բեմական անունը)` այս բնագավառի  եզակի կանանցից մեկը, որը համադրում էր հոյակապ պոեզիան, գեղեցիկ երաժշտությունը, որն ինքն  էր ստեղծագործում, դաշնամուրի նվագակցությունը (և ոչ թե կիթառի, ինչպես, ասենք, Բրասենսը, որն ի դեպ  օգնեց նրան հայտնվել էստրադայում) և կախարդական ձայնը` միաժամանակ ցածր և քնքուշ: Նա կատարում էր միայն  սեփական երգերը:                                                                  

Ժորժ Բրասենսը 1960-ականներին արդեն իսկ այդ ժանրի դասականն էր, առանց որի չէր լինի ոչ ինքնին ժանրը, ոչ էլ մնացած բարդերը: Նա՝ ինչպես Պուշկինը՝ ռուսական գրականության մեջ: Խրճիթից բեմ նա դուրս եկավ շնորհիվ 1950-ականների հայտնի երգչուհի Պատաշուի և անմիջապես 1954 թվականին ստացավ Երգի ակադեմիայի Գրան-Պրին և ճանապարհ դեպի մայրաքաղաքի ամենահեղինակավոր համերգասրահներ: Ֆրանսիացիները միշտ սիրել են անարխիստներին, բուրժուական արժեքներին ընդդիմացողներին: Բրասենսը անզիջում անձնավորություն էր, որին չէին հետաքրքրում ո՛չ հարմարավետությունը, ո՛չ փողը, ո՛չ սոցիալական ինստիտուտները, ո՛չ էլ անգամ սեփական առողջությունը. ոչինչ՝ բացի պոեզիայից: Իրականում դա միակ բանն էր, որ նա ուսումնասիրել էր կյանքում,  և ոչ թե ինչ-որ տեղ, այլ ինքնուրույն: Եվ նրա երգերն առաջին հերթին բարձր պոեզիան են՝ չնայած կոպիտ հումորին և անպարկեշտ բառապաշարին: 

Ինտելեկտուալ ժանրի թվարկված աստղերից բացի, կային նաև այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Ժորժ Մուստակին, Կլոդ Նուգարոն, Լեո Ֆերրեն, Ժան Ֆերրան և շատ ուրիշներ, բայց նրանց մասին խոսելու համար շատ ժամանակ է հարկավոր: 

ԿԻՆՈՆ

 

 

1960-ականներին «Նոր ալիքը» ձևավորվեց նաև կինոյում. բազում երիտասարդ ռեժիսորներ  ձեռնամուխ են լինում նկարելու կարճամետրաժ ֆիլմեր, ընդ որում՝ վավերագրական: Զարգացնելով իրենց հմտությունները  վավերագրական ֆիլմերում՝ ռեժիսորներն անցնում են գեղարվեստական ֆիլմեր նկարելուն: Հայտնվում են նոր անուններ. Ալեն Ռենե, Ալեքսանդր Աստրյուկ, Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար … Ռեժիսորը դառնում է հեղինակ: Ֆիլմերը նկարահանվում են թեթև տեսախցիկներով, որոնք կարելի է կրել ուսին, օպերատորը դուրս է գալիս փողոց, օբյեկտիվում են հայտնվում կայծակնային արագությամբ փոփոխվող դրվագները, որոնք արագ հաջորդում են միմյանց. արևի շողալը, ամբոխի շարժը: «Նոր ալիքի»  ամենապայծառ և տիպիկ ֆիլմն է դառնում Գոդարի «Վերջին շունչը» (À bout de souffle) երկու երիտասարդ դերասանների՝ հմայիչ Ժան-Պոլ Բելմոնդոյի և պատանու նմանվող Ջին Սիբերգիհետ: 

ԹԱՏՐՈՆԸ

 

 

1960-ականներին թատրոնում շարունակվում է ապակենտրոնացման միտումը: Շրջաններում ձևավորվում են երիտասարդ դերասանների ընկերություններ, երիտասարդական թատրոններ, որոնք չունեին տարածք և փոխհատուցում էին  ամեն ինչ սեփական խանդավառությամբ և աշխատունակությամբ: Հաստատվելով որևէ քաղաքում կամ արվարձանում (օրինակ՝ Նանտեր, Սեն Դենիում, Վիլժուիֆում և այլուր)՝ նրանք քաղաքապետարանից ստանում էին սուբսիդավորում և պետք է ապացուցեին մշակույթի նախարարությանը, որ իրենց մասնագիտական և դերասանական մակարդակը  բավականաչափ բարձր է, որպեսզի թատրոնին տրվի «մշտական թատերախմբի» կարգավիճակ, իսկ դրա ղեկավարին` «անիմատորի» կոչում: Երիտասարդական թատրոնի ճանաչման ամենաբարձր աստիճանը նրա վերափոխումն էր թատերական կենտրոնի, այնուհետև` Մշակույթի տան: Մշակույթի տան գաղափարը Մշակույթի այն ժամանակվա նախարար, գրող Անդրե Մալրոյինն էր, որն այդ պաշտոնում էր 1959-1969 թվականներին: Թատերախմբերի ղեկավարների թվում առանձնանում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Գաբրիել Գարրանը, որն աշխատում էր Օբերվիլյե կոմունայում, Գաբրիել Կուզեն, որը բեմադրական աշխատանքներ էր կատարում Գրենոբլում և ինքն էր գրում պիեսները և այլք: Ոճային տեսանկյունից նրանց սիրելի մոտեցումը ժանրերի միաձուլումն էր` երգերի, մնջախաղի, երաժշտական համարների, կինոյի և դերասանական խաղի: Թատերախմբի ղեկավարի, այսինքն՝ ռեժիսորի դերը վերանայվում է. այսուհետ չկար դիկտատուրա. թատերախմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ուներ իր մասնակցությունն ունենալ ներկայացման բեմադրական աշխատանքներում, կատարել քննադատական դիտարկումներ, արտահայել իր ցանկություններն ու առաջարկել իր տեսլականը: Կատարյալ ժողովրդավարություն: Բեմադրությունների թեմաները արդի իրականությունից էին, օրինակ՝ գաղութային խնդիրներ, միջուկային սպառնալիք, ճնշվածների և ճնշողների փոխկապակցվածություն և այլն: 

Թատերական հեղինակների շարքում հայտնի են այնպիսի անուններ, ինչպիսիք են Ժան Ժենեն  (իր պիեսներով` «Պատշգամբ», «Նեգրեր», «Շիրմա»), Էմե Սեզարը, Արման Գատին, Ժան Վոտյեն, Ժակ Օդիբերտին, Ֆերնանդո Արաբալը և այլք: 1964թ-ին ի հայտ է գալիս Արիանա Մնուշկինի հանրահայտ «Արևի թատրոնը»: Այն կոլեկտիվ թատրոն էր՝ կազմակերպված որպես աշխատողների կոոպերատիվ (տվյալ դեպքում՝ բեմի աշխատողներ), որում բոլորն անում էին ամեն ինչ և ստանում էին նույն աշխատավարձը: Արիանա Մնուշկինը, հաճախ ինքն էր ստուգում մուտքի տոմսերը: Արևի թատրոնը առանձնանում էր բեմական էֆեկտներով, գործողությունների տեսանելիությամբ, շարժական դեկորացիաներով, ներկայացման դինամիկությամբ, ինչպես նաև կենդանի երաժշտությամբ: Ժամանակի ընթացքում թատրոնի ռեժիսորը, բավականաչափ ժողովրդավարություն կիրառելուց հետո, կփոխի իր ոճը և կվերադառնա խիստ ռեժիսուրային, բայց դա կլինի 1980-ականներին: Արևի թատրոնի սկզբունքով կառուցվել և գործել են Ակվարիումի թատրոնը և Լոթարինգիայի ժողովրդական թատրոնը (TPL): 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

 

Ընդհանուր առմամբ, 1960-ականների ամենակարևոր արդյունքը այսպես կոչված սպառողական հասարակության առաջացումն էր, ամերիկանացված երիտասարդական ժողովրդավարական մշակույթի ձևավորումը և դրա տարբեր դրսևորումներով ազատության աճող ցանկությունը: Աշխարհը հոգնել էր հին ձևով ապրելուց, իսկ նորամուծություններով հագենալ չէր ստացվում: Հատկապես զգայուն էր այս դժգոհությունների հանդեպ այն մեծաքանակ սերունդը, որը ծնվել էր «բեյբի բումի» տարիներին (այսինքն՝ 1950-ականների առաջին կեսին) և ըմբոստացող տարիքի հասել 1960-ականների վերջին: Առաջին հերթին սրանք ուսանողներ էին: Հետաքրքրական էր, որ ուսանողներն իրենց բողոքն արտահայտում էին ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ աշխարհում: 1968 թվականի գարնանը ուսանողական ցույցերը գրավել էին Մադրիդը, Բեռլինը, Հռոմը, Բերկլին, անգամ Տոկիոն: Դա բողոք էր բոլորի դեմ՝  բոլոր կարգերի` լիներ բուրժուական թե ոչ, ավտորիտար իշխանությունների, ընտանեկան ավանդույթների, պատրիարխալ պատվիրանների և արգելքների:

Սակայն վերդառնանք Ֆրանսիա: Ինչի՞ց էին դժգոհ փարիզցի ուսանողները. դասավանդման ոճի՞ց, համալսարանական ծրագրերի՞ց, համալսարանն ավարտելուց հետո աշխատատեղերի բացակայությունի՞ց, ըստ առաջադիմության ֆրանսիական ավանդական ընտրության եղանակի՞ց, Նանտրայում նոր, անհարմար բանասիրական ֆակուլտետի՞ց, համալսարանական հանրակացարանում ապրելու պայմանների՞ց և շրջապատող բնապատկերի մռայլությունի՞ց, կամ տղաների և աղջիկների հանրակացարանների միջև ազատ տեղաշարժվելու անհնարությունի՞ց: Անշուշտ, ապստամբների կարգախոսներն ավելի շատ ընդհանուր սոցիալական  էին, քան գործնական. «Փախի՛ր, ընկե՛ր, հին աշխարհը հետապնդում է քեզ», «Սորբոնը՝ ուսանողներին», «Լինե՛նք իրատես՝ պահանջե՛նք անհնարինը», «Կամրջի տակ լողափեր են», «Չենք ցանկանում վատնել կյանքը փող վաստակելու վրա», «Զբաղվել սիրով և ոչ թե պատերազմով»: Սիրո՝ ավելի ճիշտ սիրելու ազատության համար ուսանողները պայքարում էին նաև օվկիանոսից այն կողմ: Արդյո՞ք էստրադայից չի հայտնվել «Այն ամենն, ինչ Ձեզ հարկավոր է՝ սերն է» կարգախոսը, ինչի մասին երգում էր Բիթլզը 1967 թվականին: 

Ուսանողական ցույցերի ղեկավարումը շատ արագ ստանձնեցին Ձախերը, և, առաջին հերթին, այսպես կոչված, «մարտի 22-ի շարժումը»՝ երիտասարդ առաջնորդ Դանիել Կոն-Բենդիտի գլխավորությամբ: Ձախերի կարգախոսներից մեկը «La volonté générale contre la volonté du général» էր, որը կարող է թարգմանվել այսպես. «Համընդհանուր կամքն ընդդեմ գեներալի կամքի»: Սա նշանակում էր, որ գեներալ դը Գոլը կորցրել էր ժողովրդականությունը, նրա կառավարման ոճը դուր չէր գալիս երիտասարդությանը, այսինքն՝ դը Գոլի դարաշրջանը մոտենում էր  ավարտին: Դա ապացուցեցին 1968 թվականի մայիսի իրադարձությունները:

Բնօրինակի հեղինակ՝ Мария Аннинская, Arzamas


Թարգմանիչ՝ Անահիտ Ասատրյան (Anahit Asatryan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: