Իմպերիալիզմը «նոր աշխարհում»

Ինչպես նշել եմ, ես շատերի նման անվերապահորեն «սոցիալիստական» պիտակն էի կպցնում այնպիսի պետությունների, որոնք իրականում գրեթե որևէ ընդհանրություն չունեին ժողովրդավարական, բանվորական իշխանության հետ: Վերջին մոտավորապես հինգ տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ եզրի իմ օգտագործումն արտացոլում է ավելի շատ ցանկալի պատկերացում, քան իրականության սթափ տեսական քննություն:

Այդ ցանկալի պատկերացումն, անշուշտ, ունի իր «պատճառները». մարտիկները, որոնք տարիներ շարունակ նվիրվել են պայքարի` հանուն ժողովրդավարության, ազգային ազատագրության և աշխատավորների իշխանության, վերջին տասնամյակում դեմ են առել ծայրահեղ դժվարությունների, ուստի և զարմանալի չէ, որ մեզնից շատերը տուրք են տվել մեր թշնամու թշնամուն շողոքորթելուն: Ի պատիվ իրենց, սակայն, իմ ընկերներից քչերն են Խորհրդային Միությունն ընդունել իբրև մեզ համար զարգացման նմուշօրինակ: Բոլոր կողմերից մեր առջև ծառացած վիթխարի դժվարությունների պայմաններում մեզ համար մխիթարական էր հավատալ, թե այնտեղ առկա է սոցիալիզմի առնվազն հուսալի հիմք:

Սակայն այս պատճառներից ոչ մեկը չի կարող արդարացնել մեր սխալ հաշվարկները: Անցյալ մի քանի տարիների հայտնությունները սառը ալիքի նման սրբել-տարել են մեր պատրանքները «սոցիալիզմի գոյության» վերաբերյալ: Այժմ արդեն հստակ է, որ մեր առջև ծառացած խնդիրը մշտապես եղել է ավելի դժվարին, քան մենք անցյալում պատկերացրել ենք:

Այսօր սոցիալիստները գրեթե ամենուրեք ընդդիմություն են: Խորհրդային Միությունում և այլուր «իմպերիալիզմ» եզրը առանց որևէ ձևականության բոլորովին դուրս է նետվել պաշտոնական բառապաշարից: Սույն եզրը, կարելի է կարծել, անցյալի սառը պատերազմի ժամանակվա ռազմաշունչ ճամարտակության արդյունք էր, բառ, որն այլևս կիրառելի չէ քսաներորդ դարավերջի իրական աշխարհում: 

Մինչդեռ այն ժամանակ, երբ մենք լսում ենք «մեկ ընդհանուր եվրոպական տան» և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի «ընկերակցության» մասին, հարուստ և աղքատ երկրների միջև անջրպետը շարունակում է աճել, ինչպես որ հարուստների և աղքատների միջև անջրպետը՝ «հետարդյունաբերական» կապիտալիստական երկրների ներսում: Մինչ որոշ եվրոպական ինքնակոչ կոմունիստական կուսակցությունների անդամներ հայտարարում են պարտիզանական պայքարի ավարտը, Ռեյգանի հավատամքը նորանոր հաղթանակներ է տոնում Կամպուչիայում, Էլ Սալվադորում, Գրենադայում, Տանզանիայում, Մոզամբիկում, Գվատեմալայում, Պանամայում և բոլորովին վերջերս՝ Նիկարագուայում՝ այդ ուղին շարունակելով հակառակ ամեն ինչի: Բացառությամբ մի քանի երկրների, ինչպես` Պաղեստինը, հարավային Աֆրիկան և Ֆիլիպինները, իմպերիալիզմի գերիշխանության տակ գտնվող աշխատավորներն ու ժողովուրդները հայտնվել են անզեն վիճակում՝ ռազմականապես, քաղաքականապես և գաղափարապես: Դասակարգային պայքարը մղվում է կատաղորեն, սակայն որոշ վայրերում այն հրահրվում է ԱՄՆ-ի կամակատար պետությունների կողմից՝ գրեթե անկազմակերպ  ընդդիմության դեմ:

Եկող տասնամյակում և հաջորդ դարում իմպերիալիստներն իրենք կվերացնեն ձախ սենտիմենտալիստների քաղցր անուրջները: Խրճիթների և հյուղակների բնակավայրերում, հասիենդներում ու ֆավելաներում, այլև հենց «հետարդյունաբերական» կապիտալիստական երկրներում դասակարգային պայքարը կվերափոխվի երկկողմանի պայքարի: Միաժամանակ շատ ջուր, ավելի ճիշտ՝ արյուն կշարունակի հոսել հազարավոր կամուրջների տակով՝ Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և «Միջին Արևելքում»: Ամենևին չմեղմանալով խորհրդային անձնատուրության շնորհիվ` այդ հոսանքը կվերածվի հեղեղի:

Հայ ժողովրդի պարագայում մենք կանգնած ենք հրատապության առջև: Մենք չենք կարող սպասել և դիտել: Աշխարհաքաղաքական քարտեզի վրա մեր ունեցած դիրքի պատճառով սպասելու և դիտելու հետևանքները կարող են դյուրությամբ դառնալ կործանարար: Վերջին հինգ տարիներին և հատկապես 1988 թ. հետո կատարված իրադարձություններն արմատապես փոխել են Խորհրդային Հայաստանը: Հայերը եղել են մշտական խտրականության թիրախ խորհրդային որոշ պաշտոնատարների համար, ինչպես նաև անխտիր բռնության առարկա՝ Ադրբեջանի իշխանավորների համար: 

Անկախ այն բանից, թե որքան լուրջ, արդարացի կամ խորապես ապրված է որևէ ազգի բողոքը, անիմաստ է ըմբոստանալ` որդեգրելով մի քաղաքականություն, որն ամենայն հավանականությամբ վտանգում է առհասարակ ազգի գոյությունը: Ինչպես ես այստեղ և այլուր հանգամանալից փաստարկել եմ, Խորհրդային Միությունից Հայաստանի անջատումն անմիտ քայլ կլինի, որը պատմությունը երբեք չի ների:

Հայերն, իհարկե, միակ ժողովուրդը չեն, որ տուժում են չկողմնորոշվելու պատճառով: Հարկավ, շփոթմունքը դարձել է քաղաքական լանդշաֆտի գլխավոր առանձնահատկությունը: 1989 թվականն այս առումով բարձրակետ է թվում: Սակայն, ցավոք, այդ տարվա ցնցումների գլխավոր պատճառներից ոչ մեկը չի անհետացել: Տնտեսական բարեփոխումները չեն հաջողվել, արտադրությունը սրընթաց նվազել է, այժմ նույնիսկ լայն սպառման առարկաների կարիք կա, և գործազրկությունը շարունակում է աճել, մինչդեռ գները շատ ավելի արագորեն են աճում, քան աշխատավարձերը: Ուստի` առկա են լուրջ նախանշաններ, որ առջևում նույնիսկ է՛լ ավելի կտրուկ ոլորաններ ու շրջադարձներ կարող են լինել: 

Նման իրավիճակում շփոթմունքը լիովին սպասելի է: Տվյալ դեպքում, սակայն, քաղաքական եղանակի ցուցիչը նույնիսկ ավելի շատ է աջ թեքվել: Ոմանք ձգտում են կտրուկ անցման` կապիտալիզմի, մինչդեռ ուրիշները պահանջում են վերադառնալ հասարակության կառավարման հին, ավտորիտար եղանակին: Ռասիզմը և ազգայնամոլության ծայրահեղ ձևերը ևս բարգավաճում են: Օրինակ` «Պամյատ» շովինիստական կազմակերպությունը շահել է սպառնալիորեն մեծաթիվ ռուսների համակրանքը, Վրաստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում ռասիստական խաժամուժը կոտորել է անպաշտպան փոքրամասնությունների, իսկ Ադրբեջանում լայնամասշտաբ կոտորածներն ու ահաբեկչական արշավանքները լայնորեն ընդունվել և օժանդակվել են բնակչության մեծամասնության կողմից և անգամ արժանացել տեղական իշխանությունների հովանավորությանը: Սիոնիստների գաղութարարական ծրագիրն այժմ զարգանում է բացահայտորեն՝ խորհրդային տասնյակ հազարավոր քաղաքացիների դրդելով և համոզելով արտագաղթել պաղեստինյան հափշտակված երկիրը:

Ես փորձել եմ ցույց տալ, որ հետսոցիալիստական երկրներում հաամատարած հակակրանքն ամեն սոցիալիստականի կամ կոմունիստականի հանդեպ իր արմատներն ունի համապատասխան «սոցիալիստական» երկրի տնտեսական համակարգում, հաստատությունների կառուցվածքում և պետական քաղաքականության մեջ: Նման համատարած սոցիալական դժգոհությունը համատեղ զգայախաբության արդյունք չէ: Սակայն, ինչպես այս դարում, ավելի վաղ, ֆաշիզմի ծագումն է վկայում, նման դժգոհությունը մարդկային հոծ զանգվածներին կարող է մղել` անխոհեմաբար որդեգրելու այնպիսի քաղաքական ծրագրեր, որոնք վնասակար են իրական ժողովրդավարության համար: 

Այսօր բուրժուական գաղափարախոսության գերիշխանությունը համատարած և անսահմանափակ է: Ինքը՝ Յոզեֆ Գեբբելսը, կապշեր այն գաղափարական համերաշխությունից, որ տիրում է ողջ Արևելյան Եվրոպայում: Նույնիսկ ԿԿ-ի բազմաթիվ անդամներ, ովքեր մի ժամանակ կառչած էին մաշված դարձվածքների չոր ու ցամաք համակարգից, որ ընդհանրություն չուներ իսկական մարքսիզմի հետ, այժմ հակված են «ազատ շուկայի» մասին պաթետիկ ճամարտակություններ անելու:

Կապիտալիզմն արևելյան եվրոպացիները գրեթե մշտապես պատկերում են իբրև մի արդյունավետ համակարգ, որում մարդկանց ստեղծարար գորրծունեությունն ազատ է: Այս պատկերը հաճախ համալրվում է ԱՄՆ-ի, (Արևմտյան) Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և մի բուռ այլ շահագործող կապիտալիստական կենտրոնների տնտեսական զարգացման օրինակներով: Հաշվի չի առնվում, իհարկե, որ այդ կապիտալիստական մետրոպոլների հարստությունը (որից բնավ չեն օգտվում այդ երկրների բոլոր բնակիչները), չէր կարող գոյություն ունենալ առանց էժան հումքի, աշխատանքի շուկանների և կապիտալի ու ապրանքի շուկաների` այն աղքատ երկրներում, որոնք կազմում են կապիտալիստական աշխարհի մեծագույն մասը:

Հատկանշանական է նաև, որ «Արևմուտքի» այդ ակնապիշ երկրպագուները պարբերաբար դատապարտում են ԽՍՀՄ-ի միջամտությունն իրենց երկրների ներքին գործերին` միաժամանակ լռություն պահպանելով ներխուժման բազմաթիվ այլ օրինակների մասին: Սակայն, խորհրդային ներխուժման նույնիսկ ամենավատթար դեպքերը (օրինակ՝ Հունգարիա և Չեխոսլովակիա) պատճառ չդարձան այնպիսի ավերածության, բռնության ու մարդկային տառապանքի, որոնց հանգեցրին իմպերիալիստական ներխուժումները Չինաստան, Ալժիր, Կորեա, Վիետնամ, Կամբոջիա, Նիկարագուա, Անգոլա, Մոզամբիկ, Լիբանան և Էլ Սալվադոր (էլ չխոսենք 100 միլիոնից ավելի մարդկանց մասին, որոնք զոհ գնացին գաղութարար և իմպերիալիստական տերությունների միջև միայն այս դարում եղած հակամարտությունների ընթացքում):

Այս օրերին շփոթմունքը կարող է լինել քաղաքական քարտեզի հիմնական առանձնահատկությունը, սակայն շփոթմունքի աստիճանն ամեն տեղ նույնը չէ: Հարկավ, այսպես կոչված «Երրորդ աշխարհում» միլիոնավոր մարդիկ չեն կորցրել իրենց կողմնորոշման զգացողությունը: Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում որոշ սոցիալիստներ պատրանքներ ունեն իմպերիալիզմի անհետացման կամ մեղմանալու մասին: Այդ մարդիկ կապիտալիզմը ճաշակում են ավելի մոտիկից, քան Արևելյան Եվրոպայի ժողովուրդները: Ի վերջո, առաջիններն են կազմում կապիտալիստական աշխարհի բնակչության մեծագույն մասը: Այս հարյուրավոր միլիոնների հասնող մարդկանց կյանքը համր վկան է այն փաստի, որ կապիտալիստական երկրների փոքրամասնության հարստությունը, բազմակարծությունն ու «հանդուրժողականությունը» հիմնված են իրենց ռեսուրսների գերշահագործման և պարբերական կողոպուտի վրա: Հարյուր միլիոնավոր ասիացիների, աֆրիկացիների և լատինա-ամերիկացիների քրտինքը և արյունը սոսկ խորացրել է նրանց հուսախաբությունն ինտերնացիոնալ օգնության հաստատություններից: «Հետարդյունաբերական» կապիտալիստական «Հյուսիսի» յուրաքանչյուր հարուստ առևտրական կենտրոնի հետևում հորիզոնի վրա խղճուկ հյուղակներ են երևում:

Եվ քանի որ մարդիկ ձգտում են ընդդիմանալ նման շահագործմանը, ուստի իմպերիալիստական երկրների եկամուտները և ռազմավարական շահերը պետք է ապահովվեն ուժի միջոցով: Հետևաբար` հարուստ «Հյուսիսի» նշանավոր «ժողովրդավարությունը» մերժվել է կապիտալիստական երկրների բնակչության գերակշռող մեծամասնության կողմից: Միլիոնավոր ասիացիներ, աֆրիկացիներ և լատինա-ամերիկացիներ տեսել են միայն հրեշավոր բռնապետներ, «անհայտացումներ» և կեղտոտ պատերազմներ, կամ, որ ավելի վատթար է, ԱՄՆ-ի ռազմական խորհրդատուների և մահասփյուռ ջոկատների կողմից պարտադրված զավեշտական «ժողովրդավարություն»:

«Սոցիալիզմի» ձախողման մասին մամուլի ընդհանուր համոզմունքը լսելիս ոչ ոք չի պատկերացնի, որ կապիտալիզմին բնորոշ աղքատությունը և թշվառությունն այժմ ավելի են խորացել, քան նախկինում: Նաև ոչ ոք չի պատկերացնի, որ հարուստ և աղքատ կապիտալիստական երկրների միջև ճեղքվածքն ավելի ու ավելի է խորանում:

Կապիտալիզմն ի սկզբանե անողորմ է եղել: Հարկավ, նույնիսկ Օսվենցիմից և Հիրոսիմայից հետո դժվար է պատկերացնել այն սպանդի հրեշավորությունը, որը երևան եկած կապիտալիզմի ակնառու հետևանքն էր: Նախնական կուտակման պատմական իրողությունն այսօր հաճախ անուշադրության է մատնվում, բայց քանի որ Կոլումբոսի՝ Ամերիկա հասնելու հինգհարյուրամյակը մոտենում է, մենք պետք է հիշենք, որ Ամերիկայի բնիկ ժողովուրդներն իրենց երկրից արտաքսվել են եվրոպական գաղութարարների կողմից. նրանք կոտորվել են, ոչնչացել հիվանդություններից և արգելափակվել հանքահորերում, որտեղ աշխատելով մահանում էին մի քանի ամիս անց: Նրանց քաղաքակրթությունները կործանվել են, նրանց երկիրը՝ նվաճվել, իսկ նրանց պաշարները՝ թալանվել: (Եթե ոչ եվրոպացիների կրած տառապանքները երբևէ նշանակություն ունենային տեղեկատու միջոցների համար, ապա նրանք հյուսիսային և հարավային Ամերիկաների բնիկ ժողովուրդների զանգվածային ոչնչացմանը կվերաբերվեին այնպես, ինչպես հրեաների ցեղասպանությանը:) 

Եվ այն նույն ժամանակ, երբ բնաջնջվում էին միլիոնավոր հնդկացիներ, գաղութարար իշխանությունները դատարկում էին աֆրիկյան գյուղերը՝ միլիոնավոր մարդկանց անասունների նման նավերով ամերիկյան գաղութների ստրկավաճառների շուկաներ տեղափոխելու համար: Անասելի քանակությամբ մարդիկ լցվում էին ստրուկների նավերը և մահանում ծովում, իսկ վերապրողները ցմահ աշխատում էին պլանտացիաներում, կամ վերապրում էին՝ ականատես լինելու, որ իրենց երեխաները, շղթայված, ծեծված, վաճառվում են բարձր գնով: 

Եվրոպայի արդյունաբերականացումը և օտարերկրյա շուկաների բացումը հավասարապես անողորմ էին: Բրիտանական գաղութարարները միլիոնավոր չինացիների դրդեցին թմրամոլության, բեռնակրի աշխատանքի և պոռնկության, իսկ Հնդկաստանում ինքնապահովող գյուղացիական տնտեսությունները դիտավորյալ քանդվեցին՝ պարբերաբար հանգեցնելով սովի և զանգվածային սովահարության: Եվրոպական գաղութատիրությունը տարածվեց ողջ աշխարհում` յուրաքանչյուր երկրամասում թալանելով այն, ինչ կար, յուրաքանչյուր ժողովրդից կորզելով այն, ինչ նա կարող էր տալ: Ահա այսպես Եվրոպական երկրները ձեռք բերեցին ոսկի և արծաթ՝ իրենց դրամատների համար, շաքար, սուրճ, թեյ, ծխախոտ և ռոմ՝ իրենց սպասքապահարանների համար և բամբակ, կաուչուկ, պղինձ՝ իրենց գործարանների համար: 

Սա հախուռն ճարտասանություն կամ քարոզչի երևակայության արտադրանք չէ, այլ փաստերի հույժ ճշմարիտ և հույժ թերի թվարկում: Դ.Հ. Լոուրենսը միանգամայն ճիշտ էր, երբ 1923 թ. «ժողովրդավարական» «Արևմուտքի» մասին գրում էր, թե մարդիկ «ինքնասպան էին լինում դեպի այդ ժողովրդավարությունը»: Եվ չի կարելի զանց առնել դաժանության և կեղեքման այդ փաստերի ամբողջությունը՝ իբրև հին պատմություն. այժմյան իմպերիալիստները նույնքան վայրագ են, որքան անցյալի նվաճողներն ու գաղութարարները: Սակայն այսօր, համակարգիչների, ՄԱՀ-ի և ռազմական ուղղաթիռների դարաշրջանում, նախնական կուտակման ժառանգորդներն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում:

Ճիշտ է, հակագաղութատիրական ազատագրական պատերազմները և բանվորական շարժումներն իմպերիալիստներին պարտադրել են չափավորել իրենց չարաշահումները և հնազանդություն ապահովելու համար դիմել անուղղակի միջոցների: Բացառությամբ ծայրահեղ դեպքերի, օրինակ, տեղական իշխանություններն ու զինված ուժերն են այժմ կատարում սև գործն օտար կապիտալիստների համար, և այս ու այնտեղ զավեշտական ընտրություններ են ընթացել՝ դրածո կառավարությանը մահաբեր ջոկատներով պաշտպանելու համար: Արտադրող զանգվածների համար, սակայն, արդյունքը նույնն է. շահագործում, ճնշում և աղքատության պարուրաձև խորացում: Ներկայումս ոչ միայն համընդհանուր թշվառությունն առավել մեծ չափերի է հասել, այլև աղքատ և հարուստ երկրների միջև անջրպետը մեծացել է, և ամբողջ աշխարհամասեր հայտնվել են շատ ավելի վատթար չքավորության գրկում, քան նախկինում երբևիցե եղել է: 

Նույնիսկ իր առավել ազատական կերպարանքով, կապիտալիզմն այն համակարգը չէ, որ արժանի է աջակցության: Փաստորեն հենց այս պահին, երբ նախկին «սոցիալիստական» բլոկի միլիոնավոր մարդիկ կուրորեն մեծ արագությամբ աճապարում են նրան ընդառաջ, միլիոնավոր այլ մարդիկ համայն աշխարհի բազմաթիվ երկրներում դիմում են ամեն կարգի զոհողության` այդ համակարգն իրենց ուսերից թոթափելու համար: Ֆիլիպիններում, Էլ Սալվադորում, Հարավային Աֆրիկայում, Չիլիում, Բրազիլիայում և Պաղեստինում, հիրավի, մեր մոլորակի՝ կապիտալիստական գերիշխանության տակ գտնվող յուրաքանչյուր անկյունում քաջարի և լավագույն կանայք, տղամարդիկ ու անգամ երեխաները պայքարում են հանուն իրական ժողովրդավարության և սոցիալիզմի:

Ես գիտեմ. ինչ որ այստեղ ասացի, հազիվ թե որևէ նշանակություն ունենա նրանց համար, ովքեր երազում են մի անիրական դրախտի մասին, որտեղ բոլորը կլինեն կապիտալիստներ: Թերևս միայն իրական կապիտալիզմի երկարատև առկայությունը կարող է հակակշռել այն թշնամանքին, որ նրանք տածում են այն բանի հանդեպ, ինչը կոչում են սոցիալիզմ: Ամեն դեպքում ցավալի է, որ այդքան մեծաթիվ արևելյան եվրոպացիներ նախընտրել են դիմել մի պատրանքից մյուսին` փոխանակ նոր ուղի հարթելու առաջ, դեպի սոցիալիզմ, որ չակերտավոր չի լինի:


Հատված Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը. Հայոց ազգային հարցի Մոնթե Մելքոնյանի գրվածքները ընտրանի» գրքից (2007) [The Right to Struggle: Selected Writings of Monte Melkonian on the Armenian National Question, 1993]

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ