Խոշորը հեռվից է դիտվում | Թեզ 3

Ռաֆայել Ղազարյան «Հաշվետու եմ»
Խոշորը հեռվից է դիտվում

Միայն Աստծուն է հայտնի՝ երբ իմ տեսողությունը «ստոպ» հրամանը կարձակի. մի բան պարզ է՝ ծրագրածս ծավալը (տարեգրությունը) չեմ իրագործի, ուստի փորձեմ Արցախյան ազատագրական շարժման իմ ընկալումն ու գնահատականը տալ: Եվ քանի որ տարբեր տարիներին այն հնչեցրել եմ իմ ելույթներում ու հրապարակել մամուլի էջերում, ապա այժմ թույլ կտամ ինձ ներկայացնել դրանք թեզերի տեսքով.

Նախորդ մաս՝  Խոշորը հեռվից է դիտվում | Թեզ 1,2

Թեզ 3. Սովետական Միության փլուզման դետոնատորը Գորբաչովի հռչակած «պերեստրոյկան» ու «գլասնոստն» էին և ոչ՝ Արցախյան շարժումը:

Մեր մեջ տարածված այս մոլորությունը հակված եմ վերագրել ոչ այնքան մեր մեծամտությանը, որքան մեր խառնվածքին հատուկ չափազանցություններին: Նորից եմ ասում՝ 88-ը հետևանք էր, «գլասնոստի» ծնունդ: Իսկ «պերեստրոյկան» իր հերթին հետևանք էր դրան նախորդած սովետական խաթարված բյուրոկրատիայի և Արևմուտքի բազմամյա «եռանդուն» գործունեության: Ուստի պետք է ընդունել այն այնպես, ինչպես կընդունեինք տարերային աղետը: Թող ինձ ներվի ստորև շարադրվող` հայտնության կամ թարմության չհավակնող վերլուծական փորձը: Արևմուտքի պարտադրած սպառազինման անօրինակ մրցավազքը ոչ էֆեկտիվ էկոնոմիկայի, կոշտ գերկազմակերպվածության ու Խրուշչովից հետո վերստին ճնշված հրապարակայնության պայմաններում հասցրել էր երկիրը տնտեսական և գաղափարական փակուղու, որից չէին կարող դուրս բերել ո՛չ զառամախտով տառապող Բրեժնևը, ո՛չ էլ կենդանի դիակ Չերնենկոն: Վերջիններս կրեմլյան ծերակույտին անհրաժեշտ խամաճիկներ էին, որոնց ողջ երկրի ներողամիտ ժպիտի ու անթիվ անեկդոտների ուղեկցությամբ զբաղեցնում էին՝ մարմնի ազատ մնացած տեղերին նորանոր «խաղալիքներ» կախելով: Ուստի, Homo sapiens ղեկավարին անսովոր և Homo lupus Ստալինից դեռ լրիվ ուշքի չեկած երկիրը (բացառությամբ նոմենկլատուրայի) Գորբաչովին ընկալեց որպես մեսիա՝ հանճարեղ ռեֆորմատոր: Վերջինս, հասկանալով, որ արմատական վերափոխումներն անհրաժեշտ են, խթանում առավ իր անձի հանդեպ ժողովրդի մեջ արթնացած հույսերից, հայտնվեց «աղվես»-Արևմուտքի շողոքորթությունից գլուխը կորցրած «ագռավի» վիճակում ու չգիտակցեց, թե ինչ անհսկելի «շիկացած ջին» է բաց թողնում 70-ամյա «բանտ»-շշից, երբ հանեց «շշի» բերանից «գլասնոստ» խցանը: Չեմ հավատում, որ նա ծրագրել էր երկրի (որի միահեծան տերն էր դարձել) փլուզումը: Հակված եմ կարծելու, որ ժողովրդի «բերանը» նետելով «գլասնոստ»-ոսկորը, համոզված էր, թե կշահի նրա լիակատար վստահությունը ու, վերահսկելով վիճակը, կհանգրվանի մի տեսակ տոտալիտար (կամ ավտորիտար) ժողովրդավարության դրախտում: Դեպքերը, սակայն, ծավալվեցին հայտնի սցենարով: Խրուշչովի «թեթև» ձեռքով մատուցվել և այժմ վերջնական ավարտին էր հասել ԿԳԲ-ի գերիշխանության փոխանցումը պարտապարատին: Ստալինյան Գուլագ-զնդանների ճակատագիրը կիսեցին նաև բրեժնևյան «պսիխուշկաները»:

Գորբաչովի գործունեությունն ամբողջացնող կարևորագույն մի հավելում. երեսունը բոլորած հայրենակիցներս, անշուշտ, կհիշեն համազգային (և ոչ միայն) այն վրդովմունքը, անգամ զայրույթը, որն առաջացրել էր Գորբաչովի՝ 88-90-ին ղարաբաղյան խաղաղ շարժման շուրջը խեղաթյուրումների, զրպարտությունների, ահաբեկման նրա սանձազերծած արշավը: Եվ սույն ժամանակագրության մեջ մեկ անգամ չէ, որ «կընդհարվենք» իր հետ: Սակայն անվերապահորեն պետք է ընդունել. կամա թե ակամա նրան բաժին ընկավ պատմական անգնահատելի առաքելություն՝ տապալվեց մարդկության պատմության մեջ ամենաանմարդկային, հրեշավոր միապետությունը («Չարիքի իմպերիան»), վերջ տրվեց բնակչության համատարած ահաբեկմանը, նրա բարոյական նկարագրի խաթարմանը, ԿԳԲ-պարտկոմ պատժիչ ամենահաս մեքենային, վերջ տրվեց սառը պատերազմին, քարացած գաղափարախոսությանը, հնարավոր դարձան մասնավոր սեփականությունը և գործարարությունը նաև արտասահմանի հետ և այլն և այլն: Ինձ կարող են առարկել. ստալինիզմն անցած գնացած մղձավանջ էր, բրեժնևիզմն անհամեմատ մեղմ էր… Այո՛… Սակայն ռազմա-քաղաքական այն միապետության մեջ միշտ մնում էր նոր Ստալինի հանդես գալու սպառնալիքը:

Ցավոք, այսօր այդ ձեռքբերումները կամ չեն երևում, կամ աղճատված են ներկայանում անցումային շրջանի մշուշում, երբեմն էլ ընկալվում որպես չարիք. ասենք՝ «երկաթյա վարագույրի» վերացումը բերեց արտագաղթի, գրաքննության վերացումը՝ երիտասարդությանը խեղող պղտոր, կեղծ մշակույթի անարգել տարածմանը և այլն: Սակայն պիտի հուսանք, որ սոցիալական վիճակն ի վերջո կբարելավվի (անգլիացիք ասում են. եթե վիճակը դառնում է ծայրաստիճան վատ, այն կարող է փոխվել միայն դեպի լավը), ուստի արտագաղթը գոնե մասամբ կվերածվի ներգաղթի, կծաղկի բարձր արվեստը և այլն: Անշուշտ, դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած սպասենք այդ բաղձալի օրերին կամ բախտ որոնենք արտերկրում: Անհաշտ պայքար է պետք… անզիջում պայքար…

***

Առաջինը գլուխ բարձրացրեցին սոցիալիստական ճամբարի այն գաղութները, որոնք ստալինյան մամլիչի տակ ընկան 2-րդ Համաշխարհային Պատերազմի օրոք, չհասցրին լիովին մանկուրտանալ, ուստի նրանց չէր հաջողվում համոզել, որ «ապրում ենք ավելի լավ, ապրում ենք ավելի ուրախ»: Նրանք տեսել էին ավելի բարեկեցիկ կյանք, առանց ԿԳԲ-Գուլագ «հանգստավայրերի»: Հունգարացիք 56-ին, չեխերը՝ 68-ին շտապեցին՝ խեղդվեցին արյան մեջ, Լեհաստանը դուրս պրծավ սովետների ճանկերից առանց մեծ արյան, մերձբալթիացիք ճիշտ ընտրեցին պահը և գործեցին շատ ավելի խոհեմ, մտածված, գրագետ և տարան փայլուն դատա-դիվանագիտական հաղթանակ:

Ղարաբաղյան շարժման սկզբնական մոտիվները միանգամայն այլ էին. չկար Մոսկվային հակադրվելու, էլ չեմ ասում` Միությունից անջատվելու, որևէ միտում: ԼՂ մարզային խորհրդի պահանջը չէր հակասում երկրի սահմանադրությանը: Հիշենք շարժման առաջին կարգախոսները («Լենին, պարտիա, Գորբաչով» և դրա նմանները): Անշուշտ դրանում կար Կրեմլը սիրաշահելու մանկամիտում, բայց և այնպես կենտրոնախույս մղումները դեռ նիրհում էին: Եվ դա հասկանալի է. ի տարբերություն մերձբալթիացիների, հայերս (և ոչ միայն) մինչև 1918-ը արյունոտ դարեր ի վեր պետականությունից զուրկ, սիստեմատիկ հալածվող, աշխարհով մեկ ցրիվ եկած, վերջապես ստացել էինք, թեև բավականին «խուզված», սակայն հստակ սահմաններով ու սահմանափակ իրավունքներով պետություն` իրեն հատուկ բոլոր (թեև` մի մասը զուտ սիմվոլիկ) պետական ինստիտուտներով: Ծավալվել էր հսկայածավալ շինարարություն, ստեղծվել էր հզոր արդյունաբերություն: Դպրոցների լայն ցանցը պարտադիր անվճար միջնակարգ ուսուցմամբ (որից այսօր հետ ենք նահանջել) վերջ էր դրել անգրագիտությանը: Տեխնիկումները և ԲՈւՀ-երը արդյունաբերության առկայությամբ խթանել էին գիտության, մշակույթի (ճիշտ է` գաղափարականացված ու գրախոսվող) թռիչք, հսկա ծավալի գիտական և գեղարվեստական գրականություն մայրենի լեզվով, գիտա-արտադրական լայն կապեր բոլոր հանրապետությունների հետ և այլն և այլն: «Գլասնոստի» հռչակումը մեր սրտերում արթնացրել էր հուզականությամբ տոգորված, զուտ պատմական արդարության վերականգնման վրա հիմնված ԼՂ խնդրի դրական լուծման անառարկելության միամիտ համոզմունքը:

Այսինքն, մեր շարժման առաջին փուլը ազգային ազատագրական էր` երկրի սահմանադրությանը համահունչ:

Այդ միամտությունից կարճ ժամանակում բուժվեցինք Կրեմլի և ԶԼՄ-ների անխոհեմ ու անբարո «ջանքերով», և շարժումը թևակոխեց հակաբյուրոկրատական, հակաչինովնիկական փուլ:

Արցախյան շարժումը կյանքի կոչեց խաղաղ պայքարի, թվում էր` ընդմիշտ ճնշված (նաև դաժանորեն՝ Նովոչերկասկի բանվորների խաղաղ հավաքի գնդակահարումը Խրուշչովի օրոք), միջոցները` զանգվածային հանրահավաքները, գործադուլները, դասա-և հացադուլները, թռուցիկները…

Կրկնում եմ՝ շարժումը և նրա զինանոցը «գլասնոստի» հետևանք են: Չլիներ Արցախը, կպայթեր մեկ այլ «տաք» կետում:

Անշուշտ, շարժումը իր ազդեցությունը ունեցավ միությունում ծավալվող պրոցեսների վրա: Կարծում եմ` մեր և մերձբալթիացիների ազգային ազատագրական պայքարը խթանեց նման խնդիրների առջև կանգնած ազգային փոքրամասնությունների ակտիվությունը: Ինչ վերաբերում է 2-րդ` հակաբյուրոկրատական փուլին, ապա այն արձագանք գտավ ողջ Միությունում, առաջին հերթին` մտավորականության շրջաններում, ինչը, ի վերջո, հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տրտնջում էինք. «Մեզ անկախությունը արյունով տրվեց, մյուսներին՝ երկնքից իջավ…»: Այո՛, մեզ էլ անարյուն կտրվեր, եթե արդեն սկիզբ առած չլիներ Արցախյան շարժումը, սակայն այդ դեպքում՝ առանց Արցախի: Քանի որ շոշափվեց անկախության կարևորագույն թեման, ավելորդ չեմ համարում անդրադարձը մի ուսանելի երկխոսության.

Փարիզ. 1990-ի փետրվար: Հայ համայնքից խնդրել էին լիդերներից մեկի այցելությունը. մեկնեցինք քաղաքական մեկնաբան Հակոբ Հակոբյանի հետ: Հյուրընկալվեցինք (խնայողության նպատակով) Կարպիս և Էլիզ Ավետիսյանների հյուրասեր ընտանիքում: Փարիզում լուր ստացա, որ ընտրվել եմ Գերագույն Խորհրդի փոխխոսնակ (այն ժամանակ դա կոչվում էր փոխպրեզիդենտ): Համոզված էի, որ դրանում Աշոտ Մանուչարյանի մատն է խառը, զանգահարեցի ու «լափ թափեցի» գլխին՝ երբեք չեմ գայթակղվել նման հեռանկարներով. անհամբեր սպասում էի Արցախի հարցի լուծմանը, որ անհապաղ վերադառնամ գիտական աշխատանքիս: Ինձ համար անսպասելի վեր ցատկեց ռեյտինգս. Համբարձումի ուղեկցությամբ ելույթ Սորբոնում, հարցազրույց «Հառաջ»-ում, հանդիպում Լիոնի քաղաքագլուխ Միշել Նուարի հետ, ելույթ հայկական «Այբ» ռադիոյով (Հ. Հակոբյանի հետ): Նոր, հաճելի ծանոթություններ, նոր բարեկամներ: Մասնավորապես մինչ օրս է շարունակվում ջերմ ու անկեղծ բարեկամությունը Նժդեհ և Դիանա Ասլանյան չքնաղ զույգի հետ: Ինձ համար, հանձին Նժդեհի, ուսանելի էր ծանոթությունը բիզնեսմենի քաղաքակիրթ տեսակի հետ. բնիկ հայաստանցիներից նման քաղաքակիրթ ու հայրենասեր (Մանթաշյանի տեսակի) առաջին «ծիծեռնակի» կոչմանն առայժմ հավակնում և ուրախացնում է Հրանտ Վարդանյանը, որը մեր շատ ղեկավարներից առավել հստակ է գիտակցում կրթության և գիտության վճռորոշ դերը երկրի ապագայի համար: Ի վերջո այդ հագեցած օրերի համար պետք է խորին շնորհակալություն հայտնեմ Աշոտին և Փարիզում իմ հովանավոր ուղեկիցներ Արմեն Խաչիկյանին, Րաֆֆի Հերմոն Արաքսին և Քրիստիան Տեր-Ստեփանյանին: Անմոռանալի էր ու մեծ պատիվ նվաստիս համար հանդիպումը համընդհանուր պարծանք ու սեր Շառլ Ազնավուրի հետ իր գողտրիկ սրճարանում:

Զանգահարեց ֆիզքիմիկոս Լևոն Տեր-Մինասյանը` դաշնակցական հայտնի գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի որդին. Պարույր Հայրիկյանն ուզում է հանդիպել: Հանդիպեցինք Տեր-Մինասյանի տանը: Դա Պարույրի հետ մեր առաջին անձնական հանդիպումն էր: Խորին ակնածանք էի տածում 17-ամյա բանտային «ստաժով», տոտալիտարիզմի դեմ անկոտրում մարտիկի լուսապսակով այդ մարդու նկատմամբ: Զրույցը ձգվեց մինչև լուսաբաց: Մինչ դրան անցնելը մի փոքր նախաբան-խոստովանություն: Անկախ Հայաստան երազել եմ մանկությունից. Ծովից ծով… Գոնե Ազգերի Լիգայի… Լավ, գոնե Բոգդան Գեմբարսկու առաջարկած… Վերջապես, գոնե Ռուսահայքի արևմտյան սահմաններով… Այսօր նայում եմ մեր և Ստեփանակերտի զորահանդեսներին ու հազիվ զսպում հպարտության, հիացմունքի արցունքներս… Միթե՞ դա մերն է… Հասկանում ենք, որ միջին, էլ չասենք գերհզոր պետությունների համեմատ դա «նետ ու աղեղ» է… Հիշում եմ սովետական մի կատակ. «Ինչպիսի՞ն է Ձեր ռոճիկը», «Լավն է, բայց փոքր է»: Սա էլ փոքր է, բայց լավն է…

Սակայն 89-90-ին Աստված էի կանչում, որ ուրվագծվող անկախությունը մի 2-3 տարի ուշանա: Իրոք, պետք չէր խորաթափանց կանխագուշակ լինել տրանսպորտային շրջափակման, ուստի և էներգետիկ «սովի», տնտեսական, հատկապես արդյունաբերական կապերի խզման ուրվականը տեսնելու համար: Մինչդեռ 2-3 տարվա (միամտիս աշեք) «ֆորա» մեզ տալու դեպքում կհասցնեինք ինքնաբավ դառնալ, անցնել սեփական հումքին… Մասնավորապես, եթե անսայինք Ռիժկովի թախանձանքին ու չփակեինք «Նաիրիտը», ապա Մոսկվան կարգելեր երկաթգծի բլոկադան: Խոստովանեմ. 87-ին պաշտպանում էի էկոլոգների պահանջը՝ «Նաիրիտի» վնասակար արտադրամասերը քաղաքից հեռացնելու առաջարկը (գերհարուստ միության համար դա մեծ ծախս չէ): 90-ի սկզբին՝ կոմիտեի հերթական նիստին, զգուշորեն առաջարկեցի հետաձգել նրա փակումը («50 տարի թունավորվել ենք միության համար, 2-3 տարի էլ թունավորվենք մեզ համար»): Պիկետավորներ Խաչիկը և Ալեքսանը ինձ համարյա դավաճան հանեցին: Տանուլ տվի…

Այս ընդարձակ պատասխանը տվեցի Պարույրի «Ինչպե՞ս եմ վերաբերում անկախությանը» ինձ ուղղած նրա հարցին: Նա չթաքցրեց իր հիասթափությունը. «Հանուն կենցաղային, տնտեսական խնդիրների դու պատրաստ ես մի քանի տարով հետաձգել անկախությու՞նը…»: Նախ, հետաձգողը ես չեմ, սակայն վախենում եմ քաղաքական անկախության դիմաց ստանալ հավերժ տնտեսական կախվածություն, որը փաստացի սիմվոլիկ կդարձնի մեր անկախությունը: Չտպավորվեց, ուստի փորձեցի թվերով հիմնավորել միտքս: Առաջարկեցի կատարել պարզ հաշվարկ. «Դիցուք 3.5 միլիոն մեր բնակչության կես միլիոնը ծծկեր երեխաներ են՝ հացի կարիքը չունեն: Ընդունենք նաև, որ 1 կգ ալյուրից ստացվում է մեկուկես կգ հաց ու յուրաքանչյուրին կտրվի օրական կես կգ հաց: Ուրեմն հանրապետությանը օրական կպահանջվի մոտ հազար տոննա ալյուր (հետագայում պարզվեց, որ կոպիտ գնահատականս շատ մոտ է իրականությանը): Ու երկաթգիծը փակ է»… «Կբերենք ինքնաթիռներով»-զարմացրեց նա ինձ: «Պատկերացնու՞մ ես այդ հացի գինը…»: Չազդվեց… Բերեցի երկրորդ փաստարկը. Հրազդանի ՊՇԷԿ-ին անհրաժեշտ ծանր նավթի օրական պահանջը (ցիստերների շարասյուն): «Դա՞ էլ ես ինքնաթիռով բերելու…»: Պարույրն անհողդողդ էր… Անգամ մի քանի տարի անց, Գերագույն Խորհրդում տալով ինձ դրական գնահատական, նշեց` «թեև մեր մոտեցումներն անկախության նկատմամբ տարբեր են»: Կարծում էի «հաց» ծաղրանունը կրող գորշականաչ լափը և մութ ու ցուրտ ձմեռները համոզեցին իմ իրավացիությունը… Ավա՜ղ…

Չեմ ուզում պնդել, որ բացարձակ իրավացի եմ… Ի վերջո հացի պրոբլեմը լուծվեց… Թեև մնացյալում իրականությունը, ցավոք, իմ գուշակածից շատ ծանր եղավ… Մինչդեռ իմ պարզ ցանկությունն էր թեթևացնել անցումային շրջանը: Ինքս ինձ բացատրեցի՝ Պարույրի «համալսարանները» դարձրին նրան միջազգային ճանաչման այլախոհ ու քաղաքական գործիչ, սակայն պետականաշինության մեջ… Ավաղ…

Փոխադարձ փոքր հիասթափությունը չխանգարեց մեզ պահպանելու բարեկամական հարաբերությունները, մասնավորապես մեկ ամիս անց Լոս-Անջելեսում հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ պաշտպանելու նրան մեղադրական ռեպլիկներից: Աներկբա գիտակցում ենք այդ անձնազոհ մարտիկների լուման երիտասարդության մեջ հայրենասիրության և անկախության ոգու դաստիարակության գործում, որը փայլուն դրսևորվեց շարժման տարիներին:

Առիթից օգտվելով` երկու խոսք այդ շրջագայության մասին (մանրամասներն՝ ավելի ուշ, եթե հասցնեմ հաշվետվությունս մինչև 90-ը): Հրավիրվել էի ԱՄՆ «Հայկական Համաժողովի» կողմից` մեկ տասնյակ սենատորների հետ հանդիպելու և օգնություն հայցելու առաքելությամբ: Հայրենիքից ինձ ուղեկցող «շքախումբս»… լոկ իմ անձն էր, ֆինանսավորումը՝ միայն տոմսի գինը, գիշերօթիկը՝ Պերճ Հաճյանի տանը: Վերջինս քննադատաբար չափեց ինձ ոտքից գլուխ ու քարշ տվեց խանութ, որտեղից երկու կոստյում ձեռքներիս՝ հայ դերձակի մոտ. «Գնում ես բանակցե՞ս, թե՞ խայտառակվես»: Վաշինգտոն ուղեկցեցին Պերճի կինը՝ Թամարը, և Լյուսի Դանիելյանը: Չեմ պատկերացնում՝ ինչ կանեի առանց իրենց: Միայն մի պահ. չափից ավելի խանդավառ թուրք լրագրողի՝ «արդյոք ճի՞շտ է, որ դուք պահանջում եք հայկական հողերը մինչև Վորոնեժ» հարցին պատասխանեցի. «Իսկ ինչո՞ւ մոռացաք Մոսկվան»… Ընդհանուր ծիծաղ: Բրիֆինգից հետո համառորեն փորձում էր հետս նկարվել: Թամարը, արագ կողմնորոշվելով, նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց… Անշուշտ, նկարը չէր ստացվել:

Այնուհետև 2 օր հաջորդական հանդիպումներ 10 սենատորների հետ կիսատ-պռատ անգլերենով… Թշնամուս չեմ ցանկանա: Երախտիքով եմ հիշում շարժումով խանդավառված կանադահայ գործարար (Զորյան ինստիտուտի հովանավոր) Գուրգեն Սարգսյանին, որն իր վրա վերցրեց Կանադա իմ այցելության հոգսը և ուղեկցեց ինձ:

Վերջերս՝ 99-ի սեպտեմբերի 21-ին, ինձ նորից հարցրին անկախության մասին: Հարց տվողը հեռուստազրույցը վարող Ռուբինյան Հակոբն էր: Սկսեցի խոսել ու հանկարծ բռնեցի ինձ այն մտքի վրա, որ կարծես արդարանում եմ…

Այո՛, հուսախաբությունների շարանը, չարքաշ գոյությունը ու Արևմուտքի բանկերից տարեց-տարի խորացող ֆինանսա-տնտեսական այն կախումը, որի չարագուշակ ստվերը տագնապում էր ինձ Պարույրի հետ զրույցում, ցավոք, նորից է ստիպում ծանր ու թեթև անել, համոզել, որ հանուն անկախության պայքարը շատ հեռու է ավարտված համարվելուց: Փորձում եմ…

Չեմ կրկնում զգայացունց, պաթոսով լի ներբողները. հաճախակի գործածումն արժեզրկում է դրանք, խոսքն առարկայական պետք է լինի: Սկսենք նրանից, որ ռազմա-քաղաքական հարաբերական անկախության (տնտեսականը դեռ շատ է հեռու) շնորհիվ այսօր ունենք կուռ բանակ, որը ֆունկցիոնալ իմաստով իրեն սահմանված պարտականությունները (խաղաղության երաշխիք) կատարող համարյա միակ պետական կառույցն է: Սակայն խոսենք անկախությամբ պայմանավորված ավելի տևական գործոնների մասին: Անժխտելի փաստ է, որ ոչ անկախ (գաղութացված կամ օտար երկրում հայտնված) ազգի նկարագիրը այս կամ այն չափով փոփոխվում է, ավելի հաճախ՝ աղճատվում, ընդ որում տարբեր չափով և ձևով՝ կախված նրան հյուրընկալած երկրի հասարակական, ազգային և կրոնական հանդուրժողականությունից, տիտղոսային ազգի նիստուկացից և այլն: Տարագիրը ստիպված է հարմարվել դրանց, խուսանավել: Նրա մոտ կարող է զարգանալ ինչպես թերարժեքության, այնպես էլ օտար պետության իշխող էթնոսի հետ հարաբերություններում խաբեության և այլ բարոյական նորմերի խախտման արդարացվածության բարդույթը: Համոզվել ենք, որ Ռուսաստանի, Բաքվի, Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ Հայաստանաբնակ հայերը տարբեր են բնավորությամբ, կենցաղով, աշխարհընկալմամբ, իսկ մի քանի սերունդ տվյալ երկրում բնակվելու դեպքում՝ նաև արտաքնապես: Այսօրվա հայաստանաբնակ հայը տարբեր կլիներ, եթե Հայաստանը, ասենք, Բագրատունիներից մինչ օրս անկախ մնար: Հակառակը կարելի է ասել օրինակ ռուս ազգի մասին, եթե Ռուսաստանը մինչ օրս մնար թաթարական լծի տակ: Համոզված եմ նաև, որ 2-3 սերունդ քիչ թե շատ նորմալ պայմաններում ապրած ազգը վերականգնում է գեների հիշողության մեջ ննջող իր անխաթար նկարագիրը: Իսրայելն այդ իմաստով եզակի պատմական փորձ է ու, կարծես, հաստատում է մեր պնդումը. այնտեղ ծնված նոր սերնդի հրեան տարբեր է նրա՝ ավանդական դարձած (անարդարացիորեն բոլորին վերագրվող) նկարագրից: Այսօր մեր անկախությանը սպառնացող ամենաաղետալի գործոնը շարունակական արտագաղթն է: Ինքնախաբեություն կլինի մխիթարվել նրանով, որ այն առկա է ԱՊՀ մյուս երկրներում՝ այն, ինչը մարդկային, տարածքային (իր բոլոր բնական բարիքներով) անսպառ ռեսուրսներով ՌԴ-ի կամ Ուկրաինայի համար տհաճ է, փոքրաթիվ ու փոքրաչափ Հայաստանի համար կործանարար է: Ուստի մնում է հուսալ, որ մեր «բարեգութ» ու «հանդուրժող» իշխանավորները, հետևելով շահերին, խալիֆներին ու ցարերին, կիջեցնեն «աջ ու ձախ» տուրքերն այնքան, որ ժողովուրդը ստիպված չլինի ճողոպրել հայրենիքից: Ի վերջո գիտակցեն, որ սղոցում են իրենց հետույքների տակի ճյուղը:

-Ի՞նչ կարծիքի եք արտագաղթի մասին, -քրքրում է վերքս «սադիստ» Հակոբը:

-Չգիտեմ, թե ինչպես է մեր իշխանավորներին հաջողվում գիշերները հանգիստ քնել… Ինձ մոտ չի ստացվում:

Դիմում եմ ժողովրդին.

-Սիրելիներս, եթե կարող եք, մի գնացեք…

Կտրականապես դեմ եմ հուսախաբության ալիքի վրա ծնված «հայը պատրաստ չէ անկախությանը» վիրավորական, պարտվողական եզրահանգման հետ… Պատրաստ չեն պղտոր ջրում ձուկ որսացողները, մեր ժողովուրդը ոչ պակաս է պատրաստ, քան ԱՊՀ մյուս ժողովուրդները: Ավելին…

Շարունակելի ..


Հատված Ռաֆայել Ղազարյանի «Հաշվետու եմ» գրքից (Երևան, 2003)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ