Խոշորը հեռվից է դիտվում
Միայն Աստծուն է հայտնի՝ երբ իմ տեսողությունը «ստոպ» հրամանը կարձակի. մի բան պարզ է՝ ծրագրածս ծավալը (տարեգրությունը) չեմ իրագործի, ուստի փորձեմ Արցախյան ազատագրական շարժման իմ ընկալումն ու գնահատականը տալ: Եվ քանի որ տարբեր տարիներին այն հնչեցրել եմ իմ ելույթներում ու հրապարակել մամուլի էջերում, ապա այժմ թույլ կտամ ինձ ներկայացնել դրանք թեզերի տեսքով.
Նախորդ մաս՝ Խոշորը հեռվից է դիտվում | Թեզ 3
Թեզ 4. Համարձակվում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ տարածքում կարող էր բոլորից շուտ ոտքի կանգնել կամ, ուրիշ կերպ ասած, բոլորից նվազ չափով ենթարկվել անցումային շրջանի հետ կապված դժվարություններին:
Իրոք.
ա) միայն Հայաստանի թիկունքին էր կանգնած թվաքանակով մեզ կրկնակի գերազանցող սփյուռք, որը վերջապես հնարավորություն էր ստացել ամեն ինչով անարգել սատարելու հանրապետությանը: Ճիշտ է, նման հարաբերական մեծ սփյուռք ուներ և Լիտվան, սակայն այնտեղ առկա էր այլ պրոբլեմ. բնիկ էթնոսը կազմում էր ամբողջ բնակչության հազիվ կեսը:
բ) գիտության ընդհանուր զարգացմամբ ՀՀ-ն կիսում էր երրորդ-չորրորդ տեղերը Բելոռուսի հետ (ՌԴ-ից և Ուկրաինայից հետո), իսկ գիտական կոչում ունեցող գիտաշխատողների խտությամբ (զբաղված բնակչության 1000 հոգուն` 50 գիտաշխատող) առաջինն էր ԽՍՀՄ-ում: Գիտության որոշ ուղղություններ ճանաչված էին համաշխարհային գիտական հասարակության կողմից: 104 գիտօջախ սերտորեն համագործակցել են ԽՍՀՄ գիտական կենտրոնների հետ:
գ) ԽՍՀՄ չափանիշերով հզոր ու բազմաճյուղ արդյունաբերություն, որը տնտեսա-արտադրական սերտ կապերի մեջ էր միության հանրապետությունների հետ:
Եվ վերջապես,
դ) նախաձեռնող ժողովուրդ և այլն…
Լսում եմ առարկություններ. բա Սպիտակի դանթեակա՞նը, բա պատերա՞զմը, բա երկաթուղային բլոկա՞դան… Այո՛, այո՛… Եվ այնուհանդերձ. երկրաշարժին արձագանքեց ու օգնության հասավ ողջ աշխարհը: Վերականգնողական աշխատանքները շատ ավելին առաջ գնացած կլինեին, եթե զիջեինք Ն. Ռիժկովի հորդորներին և միառժամանակ շարունակեինք «Նաիրիտի» աշխատանքը, որի դեպքում Մոսկվան կմեղմացներ բլոկադան, եթե որոշ անաստվածներ չտաքացնեին իրենց թաթերը հայրենակիցների դժբախտությամբ, եթե սեյսմիկայի տեսակետից ճիշտ ընտրվեր Գյումրիի նոր թաղամասերի տարածքը, եթե տուժածներին ուղարկվող մթերքը և ապրանքները չհայտնվեին միության քաղաքների շուկաներում, եթե ավելի ուշ չփոշիացվեր արդյունաբերության և գյուղատնտեսության զինանոցը և այլն…
Այո՛, պատերազմ… Եվ հսկայական միջոցների պահանջ` բանակի ստեղծման, նրա սպառազինման, կռիվը վարելու համար: Դրանք հայթայթելիս անխուսափելի են ոչ օրինական ուղիները, անգամ` ուժի կիրառումը: Ցավոք, պատերազմով հարկադրված այս անցանկալի բարքերը պահպանվեցին նաև պատերազմից հետո և ուղղվեցին անձնա- և նյութապաշտական նպատակների, խաթարեցին հաղթանակով ձեռք բերված համընդհանուր հոգեբարոյական վերելքը: Չմոռանանք, որ այդ ծանր փորձության ընթացքում մեզ կրկին սատար էին սփյուռքը և եկեղեցին:
Ինչ վերաբերում է երկաթուղային շրջափակմանը, ապա այն, անշուշտ, ոչ լիակատար, բայց հաղթահարվեց Իրանի հետ ցամաքային ուղիների բացումով և ՌԴ-ի հետ` ծովային- և ավտոտրանսպորտով:
Նորից եմ պնդում. չնայած այդ բոլոր կորուստներին և փորձություններին՝ Հայաստանը պարտավոր էր բոլորից շուտ «ուշքի գալ», որովհետև վերը թվարկած բարենպաստ գործոնների առկայությամբ այդ փոքր (տարածքով ամենափոքր) հանրապետության 3 միլիոնի թիկունքին կանգնած էր իր վերգտած անկախ հայրենիքով խանդավառված 6 միլիոնանոց սփյուռք, որը հենց սկզբից ապացուցեց բոլոր խնդիրներում մեզ օգնության գալու պատրաստակամությունը:
Իսկ ի՞նչ արեցինք մենք. մեր ո՞ր քաղաքական կամ տնտեսական «սխրագործությունից» սկսենք հոգեմաշ թվարկումը… Գուցե չարժե, շատ ենք ասել, գրել, ցնցվել, զայրացել… Լկտի ու բացահայտ շորթամոլությամբ ու անմաքուր գործարքներով հուսախաբեցինք և հիասթափեցրինք սփյուռքի և օտարազգի գործարարներին, հալածեցինք սեփական ձեռներեցներին… Հեռացան «յախա թափ տալով», երեսը շրջեցին ավետյաց երկրից:
Արդյունքը` «տանիքային» առևտրով ուռճացած օլիգարխներ, սպիտակ եղեռն (մասնավորապես` գիտական ներուժի), սոցիալական աղետ: Բերեմ ինձ հետ առնչված միայն մի դեպք: 90-ի գարնանն ինձ դիմեց ֆրանսիական ընկերության հայազգի ներկայացուցիչ (ազգանունը չեմ ասում, քանզի չգիտեմ՝ արդյո՞ք դա նրան դուր կգա): Առաջարկեց ձայներիզների արտադրություն հիմնել Հայաստանում, թեև դրա հայտը ներկայացրել էր ՌԴ քաղաքներից մեկը: Մինիստրների խորհրդի նախագահ Վլադիմիր Մարգարյանի հետ կարճ բանակցություններից հետո կնքվեց պայմանագիր և մուծվեց նախնական 1.5 մլն դոլարը (ընդհանուր արժեքը, կարծեմ, 5 միլիոնի կարգի էր): 90-ի ամառվա իշխանափոխությունից հետո գործարքն անցավ «մեծ ծովակալ» Եսայի Տեր-Ստեփանյանի տնօրինությանը ու դոփեց տեղում: Վարչապետը՝ Վազգեն Մանուկյանը, դիմացավ իմ կատաղի գրոհներին. «ծովակալը» համոզել էր, որ գործարքը վտանգավոր է: Այն տապալվեց… Գուցե ձախողման դառնությունը մեղմացնելու համար ի վերջո կհամոզեի ինձ, որ «ծովակալն» իրավացի է, եթե… Մի քանի տարի անց, երբ «ծովակալն» արդեն ճողոպրել էր հայրենիքից, Փարիզում հանդիպեցի մեր հայ բարեկամին: Ընկերությունից հեռացվել էր գործարքը տապալելու համար: Հետո խոստովանեց, որ չէր ցանկացել ինձ վրդովեցնել ու չէր ասել, որ «ծովակալը» պահանջել էր 150 հազար դոլար` գործարքին ընթացք տալու համար… Չար լեզուները պնդում են, որ այդ «սկզբունքը» գործում է մինչ օրս:
Տհաճությամբ պետք է անդրադառնամ մեր ծանր իրադրությամբ պայմանավորված, բայց և այնպես մեր ազգային արժանապատվությանը ոչ հարիր մի երևույթի: Խոսքս ՌԴ-Բելառուս-Հայաստան (ՌԲՀ) քաղաքական արշավի մասին է: Որքան գիտեմ, նախաձեռնողը Թելման Գդլյանն էր. հավանաբար հույս ուներ այդ ակցիայով իր ռեյտինգը բարձրացնել Դումայի գալիք ընտրություններում: Գաղափարը խանդավառեց իր վիճակից ու «հոգատար հայրերից» զզված ժողովրդին ու քաղաքական որոշ ուժերի. ի վերջո, մի կողմից` կոմունիստները, մյուս կողմից` ՌԲՀ հասարակական կազմակերպությունը, ծավալեցին խանդոտ մրցակցություն՝ ով ավելի շատ ստորագրություններ կհավաքի այդ կոչի օգտին: Հենց սկզբից հստակեցնեմ մրցակցող լիդերների նպատակները. եթե կոմկուսը, Զյուգանովի գլխավորությամբ, հստակ գիտակցելով ԽՍՀՄ-ի փլուզման պատմական անշրջելիությունը, այդուհանդերձ, օգտվելով ԱՊՀ-ում ստեղծված սոցիալական ոչ բարվոք վիճակից, ծածանում է ԽՍՀՄ-ի վերակենդանացման պատրանք-դրոշը, առաջին հերթին հետապնդում է իր կուսակցության համբավի բարձրացման խնդիրը, ապա քաղաքականապես հմտացած Մանուչարյանն ու ՌԲՀ տղաները առաջին հերթին ջանում են ելք գտնել երկրում ստեղծված ծանր վիճակից: Անշուշտ, նրանց փաստարկները պարզունակ չեն. խոսքը պետական անկախությունից հրաժարվելու մասին չէր, հավասար իրավունքներով պետությունների կոնֆեդերացիա էր ենթադրվում: Դրանում էին նրանք տեսնում կոռումպացված իշխանավորների և չինովնիկների խրախճանքը զսպելու ուղին և այլն:
Ցավոք, կեղեքիչներից ազատվելու հույսով խանդավառված ժողովուրդն առանձնապես չմտորեց ապագա կարգավիճակի շուրջը և ընկալեց այն որպես միացում, 88-ի «միացումի» նմանակը, լինի դա ՌԴ-ի ավտոնոմիա, մարզ, թե պարզ տարրալուծում… Միայն թե միանանք: Խայտառակությունը կատարյալ դարձավ, երբ պարզվեց, որ միացման կողմնակիցների թիվը քիչ էր մնում գերազանցի բնակչության թվաքանակին: Եվ դա անկախությունը դարերով փափագած և այն մեծ արյունով հենց նոր ձեռք բերած ժողովուրդն է: Ու թեև մտերիմ բարեկամներ ենք Աշոտի հետ, սակայն («Պլատոնն իմ բարեկամն է, բայց…») հենց սկզբից կտրուկ հակադրվեցի այդ գաղափարին: Վերաբերմունքս հրապարակեցի «Իրավունք»-ի 97թ. N22-ում «Ծովափ մեկնելիս լողազգեստով օդանավ մի մտեք» վերնագրի տակ, ինչպես և “Голос Арменнии”-ում (վերջինումս` ճռինչով): Կարճ շարադրեմ տեսակետս. նախ հապճեպ ու վաղաժամ էր՝ դեռ բուն ՌԴ-ում ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ լուծում կգտնի ՌԴ-Բելառուս կասկածելի միությունը: Կասկած հայտնեցի դրա երբևէ կայացման առթիվ, որովհետև շատ են տարբեր կողմերի ակնկալվող նպատակները: Լուկաշենկոն հետապնդում է ակնհայտ տնտեսական շահ (գազի պարտքերի ներում և այլն), մինչդեռ Ռուսաստանը Լուկաշենկոյի նախաձեռնությանն արձագանքեց կորցրած յուղոտ պատառը՝ Ուկրաինան այդ միության մեջ ներքաշելու բաղձանքով: Պատահական չէ Լուկաշենկոյին «Սլավոնական հողերի հավաքողի» պատմական առաքելությունը վերագրելը…
Սակայն Լուկաշենկոն այն լիդերը և այն անձը չէր, որը կհանդուրժեր Բելառուսի և իր անձնական անկախության մազաչափ սահմանափակումը: Ու երբ տեսավ այդ վտանգը Մոսկվայի առաջարկած տարբերակներում, նահանջի «շեփորը» հնչեցրեց: Չեմ բացառում (փաստազուրկ ենթադրություններ են), որ նա փայփայել էր ամբիցիոզ ակնկալիքներ, որոնք ի դերև եղան Պուտինի հայտնվելով: Այս անորոշ, ձգձգվող երկխոսության պայմաններում առանց ՌԴ ղեկավարության (Զյուգանովը հաշիվ չէ) կարծիքը իմանալու Հայաստանի «մեջ ընկնելը» անկոչ հյուրի էֆեկտն ունեցավ: Միության մեջ ընդունվելու մեր թախանձանքներին և ՌԴ-ի «դոշին» փարվելու համառորեն կրկնվող մեր փորձերին ի պատասխան ՌԴ-ն «խոսքը կտուրն է գցում» ու փորձում հանգստացնել ու զսպել անհամբեր «կամավորին»: Ի վերջո դեսպանը «բաց տեքստով» ստիպված եղավ հասկացնել, որ պահը չէ…
Նվաստ վիճակ…
Եվ իրոք, ինչու՞ իր կարիքավորների ու թոշակառուների հսկա բանակի հոգսերը չլուծած ՌԴ-ն իր վրա վերցնի մեր սովածների հոգսը… Հանուն Բելառուսից տասնապատիկ փոքր մեր «քարաստանի՞»… Իհարկե ո՛չ: Մենք ՌԴ-ին միջազգային ասպարեզում պետք ենք, թեկուզ սիմվոլիկ, բայց իբրև անկախ պետություն: Եվ ոչինչ չի խանգարում ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային կամ ռազմական կապերի սերտացմանը: Մնում է զարմանալ, որ կոմկուսի մեր ղեկավարները այսօր էլ համառորեն առաջ են քաշում այդ գաղափարը:
«Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ ի՛ր բազուկի, ի՛ր զենքի վրայ: Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ՛ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու» (Գարեգին Նժդեհ):
Հաշվետվությանս երկարած ներածականի գլխավոր խնդիրը լուծած կհամարեմ, եթե կարողացել եմ ընթերցողիս համոզել, որ Արցախյան ազատագրական շարժումը պատմականորեն անխուսափելի էր, անհրաժեշտություն էր, որ այն սկսվեց միակ ճիշտ պահին, որ այն համազգային էր, արդար, վեհ, մաքուր, հերոսական, հետևաբար և հաղթական: Վշտացնողը, սակայն նաև բնականը, այն տիղմն է, որը բարձրացվեց հատակից ժողովրդական անասելի վարարումով… ու պղտորեց նրա զուլալ ջրերը…
Անբնական է դրան հաջորդածը… Իրոք, բնական կլիներ, եթե հեղեղի հանդարտվելով տիղմը նստեր, և ջուրը կրկին զուլալվեր: Դա տեղի չունեցավ: Ինչու՞… Վերստին, չհավակնելով բացարձակ ճշմարտության, փորձեմ քննարկել կամա և ակամա այն բացթողումները և սխալները, որոնք, ըստ իս, բերեցին այս անանց ճգնաժամին:
Բացթողումներ: Եթե ընտրենք քննարկման ժամանակագրական կարգը, ապա բացթողումների առաջնեկությունը կտայի, պայմանական անվանենք «բաց դռներ», անփութությանը: Խոսքս այն պահի մասին է, երբ ՀՀՇ-ն համընդհանուր շարժումից կազմավորվեց որպես կուսակցություն: Տղաներին խորհուրդ տվեցի անմիջապես մշակել պահանջները, որոնց պետք է բավարարի նրա շարքերն անցնողը: Ցավոք, նման ֆիլտր չստեղծվեց, ու քանի որ ՀՀՇ-ն դարձել էր լուրջ քաղաքական ուժ՝ նրա մեջ առանց նախապայմանի ներխուժեցին ովքեր կամեցան, բնականաբար` նաև պատեհապաշտները: Ու քանի որ վերջիններս ծանրաբեռնված չեն բարոյական ներքին որևէ արգելակով, հետագայում էլ զսպաշապիկ հագցնող չգտնվեց, ապա, գործի դնելով արմունկները, նրանք հայտնվեցին վերին «շերտերում», պղտորեցին ու պարտադրեցին իրենց ոճը ողջ կազմակերպությանը: Ինքս, ունենալով կայուն հակակրանք ինձ ծանոթ միակ կոմունիստական կուսակցության նկատմամբ, գերադասեցի չդառնալ որևէ մեկի անդամ: Դրան նպաստեց նաև ցուցադրական այն անպարկեշտությունը, որը խաղարկվեց ՀՀՇ առաջին համագումարում Վլադիմիր Մարգարյանի նկատմամբ:
Որոշակի բացասական հետևանք ունեցավ կոմիտեի «չկա մշտական թշնամի, չկա մշտական բարեկամ» կարգախոսը: Հիմա դժվարանում եմ ճշտել դրա բուն հեղինակին: Անհանգստացնող էր Ռուսաստանի ու Թուրքիայի հանդեպ դրա մեջ պարունակվող թափանցիկ ակնարկը: Փորձեցի կատակով «պատվանդանից» ցած իջեցնել մտքի այդ «հանճարեղ պայծառացումը», ասելով, որ ամեն մի պոռնիկ ղեկավարվում է նման կարգախոսով՝ «չկա մշտական սիրեկան…»: Ցավոք, Լևոնը, դառնալով ԳԽ նախագահ, կառչեց այդ կարգախոսից: Կասկածում եմ, թեև չեմ կարող վստահ պնդել (հուսով եմ դրա հստակ պատասխանը մի օր կտա Աշոտ Մանուչարյանը), որ հարևանների հետ վարվող քաղաքականության մեջ այդ կարգախոսի հայտնվելը սադրեց “кольцо” արշավը և Շահումյանի կորուստը: Դա սթափեցրեց, թեև Թուրքիայի հետ սիրաշահելու չափ «նրբանկատ» քաղաքականությունը շարունակվեց մինչև Լևոնի հեռանալը:
Դաժան հարված գյուղատնտեսությանը հասցվեց հողերի (նաև` անասունների և տեխնիկայի) հապճեպ, չնախապատրաստված սեփականացմամբ: Հետևանքները գիտենք. ցրվեց, փոշիացավ տեխնիկան, մորթվեց խոշոր եղջյուրավորների ողջ գլխաքանակը, կտրուկ թանկացան ջուրը, քիմիական պարարտանյութերը, հողերը մնացին անմշակ…
«Ասա Վազգենին (Մանուկյան), ” հորդորում էր ինձ ԱՄՆ-ի պրեզիդենտների անփոփոխ խորհրդական (ինչպես նաև Եվրոպայի որոշ երկրներում) Լի Գարոյանը, ” թող չշտապի. կոլխոզները եզակի հնարավորություն են տալիս գյուղատնտեսությունը ոչ միայն պահպանելու, այլև մեծ թափով զարգացնելու… Պարզապես պետք է նորմալ հիմքերի վրա դնել պետություն-կոլխոզ տնտեսական հարաբերությունները: Սովետներում դրանք աղավաղված էին, անբնական»: Հնչեցրի դա նաև մամուլում… Չօգնեց: Հասկանում եմ տղաների ոգևորությունը. շատ էինք ուզում հողը գյուղացուն վերադարձնելու գործում ևս առաջինը լինել: Չար մտադրություն չկար, կա չար արդյունք…
Զանցանքներ և հանցանքներ: Իսկ ահա էներգակիրների գողավաճառքը միամիտների սխալ չէր՝ ժողովրդի ոխերիմ թշնամու մտադրված հանցանք, ուղեկցված վտանգավոր վկայի՝ Ղանդիլյանի («ձեռի հետ» նաև երկրաշարժի օրերին հայրենիքին օգնության եկած ինժեներ-գեներալ Իսահակյանի) սպանությամբ: Դրանով մինչ օրս չընդհատվող ազգակործան հոսքային արտագաղթի սկիզբը դրվեց: Իսկ հանցագործը ճիզվիտաբար փորձում է հիմնավորել արտագաղթի դրական գործոն լինելը…
ԱՊՀ երկրների հետ արտադրական կապերի խզումից հետո հանրապետության արդյունաբերությանը վերջին խորտակիչ հարվածը հասցրեց ՌԴ-ից ընդօրինակած սեփականաշնորհումը: Հաստոցների պարկը ջարդոնի անվան տակ չվեց արտասահման: Արտադրական ձեռնարկությունները դարձան կազինոներ (գիշերային հաճույքներով), առևտրական սրահներ, խաղատներ… Չկրկնենք, թե ինչ էին առաջին հերթին ակնկալում սփյուռքի գործարարից: Մի ճակատագրական բացթողում (ավելի ճիշտ` մտադրված խոչընդոտում նրա կայացմանը), ինչը, իմ համոզմամբ, կանխորոշեց իրավական պետության ստեղծման գործում մեր կրած ցավալի պարտությունը: Խոսքը տարբեր բնույթի համակարգերի հավասարակշռությունը (կայունությունը) ապահովող հակակշիռների համընդհանուր սկզբունքի կամ մեխանիզմի մասին է: Լինի դա տիեզերական (ասենք` արեգակնային), կենդանական, բուսական, հասարակական (ցեղախումբ, համայնք, կուսակցություն, պետություն), թե բարդ տեխնիկական դինամիկ համակարգ, յուրաքանչյուրում նրա հավասարակշռութունը վտանգող արտաքին ուժի հայտնվելուն պես «գլուխ է բարձրացնում» արտաքին գործոնի բնույթից կախված հակաուժ՝ վերադարձնելով համակարգը հավասարակշռության վիճակին: Հակակշռող մեխանիզմի բացակայության դեպքում ամենափոքր խոտորումը (ֆլուկտուացիան) անդառնալի հանում է համակարգը կայուն վիճակից, ընդհուպ մինչև նրա ավերվելը (հողմացրիվ լինելը): Նույնը տեղի կունենա, եթե արտաքին ուժն անցնի կրիտիկական սահմանը, որից հետո հակաուժը անզոր է վերադարձնել համակարգը կայուն վիճակին: Ինժեներներին այդ մեխանիզմը ծանոթ է «հետադարձ բացասական կապ» անվան տակ: Բոլորին ծանոթ է կենդանական պոպուլյացիայի և էկոլոգիական կենսախորշի փոխհարաբերակցությունը: Փորձը ցույց է տալիս, որ հակակշիռները վնասող ուժը ի վերջո տուժում է հենց այդ գործոնի կաթվածահար լինելու պատճառով: Հիշենք, թե ինչ հետևանքների բերեց չինացիների «խաչակրաց արշավանքը» ճնճղուկների դեմ՝ խախտվեց հավասարակշռությունը թռչունների ու վնասատուների միջև. ստիպված եղան վերստին զբաղվել «ծտաբուծությամբ»: Մեկ այլ օրինակ. վերացավ նախիջևանյան հայ համայնքը (վանող ուժն անցավ հայերի դիմադրելիության կրիտիկական սահմանը, իսկ Հայաստանն ակտիվորեն չդիմադրեց): Էլ չե՛մ ասում Արևմտյան Հայաստանի մասին: Մահանում են և աշխարհասփյուռ մեր մյուս համայնքները, թեև վանող ուժն այնտեղ այլ բնույթի է, թշնամական ու վայրագ չէ: Թող ինձ ներվի այդ հանրակրթական նախաբանը. այլապես կդժվարանայի արդարացնել անկախացման օրից կրկներգ դարձած կոչերս ու անհանգստությունս հակակշիռների մեխանիզմի հաստատման և դրան խոչընդոտելու առթիվ:
Իրոք, բնական, կայուն համակարգերն առաջացել են տարերայնորեն, կենդանական աշխարհում՝ էվոլյուցիոն ճանապարհով, մինչդեռ մարդկային հասարակարգը պատմական ծանր, դարեր տևած արյունոտ պայքարում մշակել է (ոչ էական տարբերակումներով) կայուն պետության ստրուկտուրա, որում հակակշիռների մեխանիզմն իրագործվում է գործադիր, օրենսդիր և դատաիրավական մարմինների փոխներգործությամբ, ինչպես նաև (անխուսափելի հապաղումով) համաժողովրդական ընտրություններով: 1990 թվի ամռանը (ինչպես և հաջորդ տարվա նախագահական) առայժմ միակ, համեմատաբար մաքուր, ժողովրդի կամքն արտահայտած ընտրություններով կազմավորված Գերագույն Խորհուրդը (թեև պատգամավորների մի մասն անցել էին ավելի շուտ շարժմանն անխուսափելիորեն ուղեկցող հուզական ալիքի, քան թե գործարարական հատկությունների շնորհիվ) անհանգստանալու առիթ չէր տալիս. կար և՛ պարկեշտ ընդդիմախոսություն, և՛ ընդդիմություն: Մի հետաքրքիր առանձնահատկություն ևս. ոչ մի «Փայլակի» կամ անազնիվ գործարքով հարստացած կիսագրագետ լպիրշի մտքով չէր անցել պատգամավորական մանդատ «ձեռք գցելու» փորձ անել: Հետագայում ԼՏՊ-Եգորյան տանդեմի ջանքերով «կատարելագործված» ընտրական օրենքը հնարավորություն ընձեռեց ղեկավարվել ու «ինչո՞վ եմ նրանից պակաս» բանաձևով (փոխարենը իրեն հարց տա, թե ինչո՞վ եմ մյուսից ավել), մասնակցել, խցկվել, ինչի հետևանքով ունեցանք մեկը մյուսից «ընտիր» խորհրդարաններ: Սակայն, կրկնում եմ, առաջին 2-3 տարին ժողովրդավարացմանը նպաստող մթնոլորտը հուսադրող էր: Պետք է ասեմ, որ և՛ նախագահի, և՛ վարչապետի կողմից նշանակումներում անհաջողների կողքին (սխալվելն անխուսափելի է) կային միանգամայն պարկեշտներն ու գործիմացները: Սակայն հետզհետե նրանք դուրս մղվեցին «ակտիվների» կողմից: Նույն 90-ին էր, Աշոտ Մանուչարյանն ինձ մոտ ուղարկեց ԳԽ-ին կից ինֆորմացիոն-անալիտիկ ծառայության ստեղծման գաղափարով տարված մի քանի կիրթ ու գիտակ երիտասարդների: Շատ տեղին էր ու ոգևորիչ: «Իրոք,-խորհում էի ես,-միանգամայն նոր վիճակում հայտնված երկրի և կառավարման փորձ չունեցող ղեկավարների առկայությամբ նման ծառայությունը, վերլուծելով երկրի ներսից և արտերկրից եկող ինֆորմացիան, կմատակարարի ԳԽ-ին ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող օպտիմալ քայլերի հանձնարարականով ու կհանի նրան մեկ հերթական քայլը տեսնող սկսնակ շախմատիստի վիճակից (սիտուացիոն քաղաքականություն). այն կկատարի վերը նշված բացասական կապի ֆունկցիան՝ նպաստելով քարոզածս հակակշիռների մեխանիզմի կայացմանը, այն էլ ժամանակակից ամենհզոր զենքի՝ ինֆորմացիայի ներգրավմամբ: Մշակեցինք ԳԽ-ին կից ապագա այդ կենտրոնի մանրամասն, ֆունկցիոնալ բլոկ-սխեման, աշխատակազմը, միջոցները (այդ թվում և ինքնաֆինանսավորման հնարավորությունները), ներկայացրինք ԳԽ ու… շռինդով տապալվեցինք: Ինձ համար անսպասելի դեմ դուրս եկան Վանոն ու Բաղդասարյան Ալբերտը: Որքանով ճիշտ է, չգիտեմ, ինձ հասկացրին, որ ցանկալի չէր իմ համառ ճշտախոսությունը: Ափսոսելով գաղափարը՝ հրաժարվեցի կենտրոնը ղեկավարելուց: Այն հանձնվեց ֆիզիկոս Ալեքսանդր Աղաբեկյանին: Նրան առաջարկեցին համեստացնել կառույցն այն աստիճան, որ ի վերջո նա էլ հրաժարվեց, և մենք ստացանք զավեշտային լուծում. գործը հանձնվեց չգիտեմ ինչով Լևոնի վստահությունը և հարգանքը շահած Ժ. Լիպարիտյանին (90-ին Բոստոնում իր հետ հանդիպումից առանձնապես չտպավորվեցի): Վերջինս գտավ խնդրի զավեշտ-լուծումը. մի երկու երեխա նստեցրեց ռադիոընդունիչի մոտ, որպեսզի հաջորդ օրը պատգամավորներիս հրամցնեն տարբեր ձայների ասեկոսեները: Այդ «հանճարեղ» լուծումով ավարտվեց կենտրոնի տարեգրությունը, իսկ տղաները ցրվեցին աշխարհով մեկ: Սակայն փայլուն դիվանագիտական կարիերա արեց ՀՀՇ գրասենյակում լրագրային կտրածոները պատի թերթին կպցնող Ա. Արզումանյանը:
Եթե նախորդ քայլերի մեծ մասը կարելի է փորձի պակասի կամ սեփական ուժերի գերագնահատմանը վերագրել, ապա էներգակիրների գործը զազրելի ոճիր էր ողջ բնակչության դեմ, որը «պատիվ կբերեր» մեր ազգի ոխերիմ թշնամուն: Օրինապահ երկրում հանցնագործները կհայտնվեին կախաղանին: Մեր նախագահը մնաց «անվրդով»՝ դրանով իսկ կասկածներ հարուցելով այդ գործում իր դերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Արմենթելի» հետ նրա առնչությանը, ապա տարբեր մակարդակներում արվող ակնարկներն ավելի քան թափանցիկ են:
Սակայն պետականության կայացման (ավելի ճիշտ` չկայացման) վրա ամենածանր, ես կասեի ճակատագրական ազդեցությունն ունեցավ նախագահի եսակենտրոն նկրտումներով պայմանավորված կերպարանափոխությունը՝ գերակայող նպատակների փոխատեղումը: Ինչպես արդեն հիշատակել էինք, գերակայող դարձավ աթոռակառչությունը, ինչը պայմանավորեց կադրային համապատասխան քաղաքականության և խորհրդարաններում կառուցողական ընդդիմության խարխլումը: Առաջին հերթին «վերամշակման» են ենթարկվում արտադրության ներկայացուցիչները. պաշտոն կորցնելու սպառնալիքով կամ ստանալու գայթակղությամբ կոտրեցին մի մասի ոգին, ու մի օր էլ համոզվեցինք, որ այլևս չենք կարող կասեցնել անցանկալի կամ, անգամ, վտանգավոր որոշումը: Առաջին օրենսդրական մոլախոտը, որը բերք տվեց այս եղանակով մշակված օրենսդրական դաշտում, Եգորյանի հեղինակած ընտրական աղետալի օրենքն էր: Արատավոր սահմանադրությանը ժողովրդի շպրտած «ոչ»-ը համատարած զեղծարարությամբ դարձավ «այո»: Ժողովրդի ձեռքից խլեցին իշխանության նկատմամբ հակակշռի կիրառման իր միակ հնարավորությունը, ինչը ստիպեց նրան 96-ի սեպտեմբերին անցնել կոշտ դիմակայության ու ենթարկվել «պինոչետյան» ճնշամիջոցների: Ու թեև Լևոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց մարսել Վազգեն Սարգսյանի ծանր մահակով ձեռք բերած «հաղթանակը» և ի վերջո իջավ բիրտ ուժով զբաղեցրած աթոռից, ժողովրդի մեջ կարծես կոտրվեց իր իրավունքների համար ակտիվ պայքարի ոգին: Դա է վկայում ընտրական համակարգի կաթվածահար ու հիվանդ վիճակը: Չափազանց վտանգավոր միտում է, և, եթե այն չհաղթահարվի, քաղաքակիրթ ապագան կդառնա սին երազանք… Չէի ուզենա խոսքս ավարտել մեր բացթողումների ու զանցանքների թվարկմամբ: Փորձենք սեղմագրել շարժմամբ ձեռք բերված կարևորագույն նվաճումները:
Նվաճումներ: Անշուշտ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ… Դարերով երազած… Դեռ թույլ, դողդողացող ոտքերի վրա, աջ ու ձախ լարված հայացքներ գցող, տնտեսապես թույլ ու կախյալ, սակայն աշխարհի պետությունների ընտանիքում ներկայացված ու ճանաչված Հայաստան ու դեռ չճանաչված ԼՂ Հանրապետություն:
Եվ մեզանից ու միայն մեզանից (իշխանավորից մինչև շարքային քաղաքացին ու դպրոցականը) է կախված՝ կամրանա՞ն արդյոք նրա ոտքերը, կխրոխտանա՞ ձայնը, կհանդարտվի՞ հայացքը, կբարելավվի՞ սոցիալական վիճակը, և դեպի հայրենիք տանող հետ ճամփան կբռնե՞ն նրան կամա ու ակամա լքած զավակները:
Այստեղ է, որ ճակատագրական կարևորություն է ստանում համայն ժողովրդին ուղղված մի պահանջ-պարտականություն. չհուսահատվել և մի կողմ չքաշվել… Պարզ գիտակցել, որ ո՛չ գողն ու կաշառակերը կհագենան, ո՛չ ստախոսը կապաշխարի, ո՛չ էլ ամբարտավանը կհամեստանա… ժողովուրդը պետք է պայքարի արդար ընտրություններով արժանիին ընտրելու իր սահմանադրական իրավունքի համար: Դա է միակ ելքը…
Ածանցյալ նվաճումներ: Որպես անկախ պետություն վերջապես հնարավորություն ստացանք միջազգային ամենաբարձր ամբիոններից խզելու Եղեռնի շուրջ եղած 80-ամյա անբարո լռությունը, խախտելու ամբարտավան բարբարոսի անխռով նիրհը և աշխարհի հզորներին հիշեցնելու իրենց անանց մեղքը:
Սահմանդրությամբ իրեն պատկանող իրավունքները և պարտականությունները ինչպես պետական ու հասարակական կառույցներում, այնպես էլ կրթական համակարգում, ստանձնեց ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: Այսօր անգամ մտավորականների երեխաները, հաճախելով հայկական դպրոց, այլ լեզուների կողքին, «ավա՜ղ», «ստիպված են» սովորել նաև մայրենին: Այսօրվա կյանքը թելադրում է մի քանի ամենատարածված լեզուների իմացություն, ինչը նվազեցնում է փոքրաթիվ ժողովրդի մայրենիի խլացման, խեղճացման այն վտանգը, որը, ինչպես համոզվեցինք, առկա է մեկ արտոնյալ օտար լեզվի պարագայում:
Թույլատրվել է մասնավոր ձեռներեցությունը, որը չինովնիկության հարստահարող «բեսպրեդելը» հաղթահարելու դեպքում կծաղկեցնի երկիրը:
Գիտության ոլորտում. երկաթյա վարագույրի, ինչպես նաև գաղափարական կաղապարվածության վերացումը հնարավորություն է ընձեռել ԱՊՀ գիտնականներին անմիջական կոնտակտների մեջ մտնելու և համագործակցելու արտասահմանի գործընկերների հետ, մասնակցել միջազգային ֆորումներին, մեկնելու գործուղումների, իսկ բազմաթիվ դրամաշնորհների ի հայտ գալը փրկեց մեր կառավարության «հոգատարությամբ» հոգևարքային վիճակում հայտնված գիտությունը վախճանից: Ավելին, ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչները (ճիշտ է, առայժմ հատկապես հաջողակ տեսաբանները) նյութական բարեկեցության առումով դուրս են եկել նվաստ վիճակից: Ցավոք, այդ թվարկումով սահմանափակվում են գիտությանը նպաստող գործոնները: Արտադրության փլուզումը ծանր հարված հասցրեց գիտությանը ԱՊՀ ողջ տարածքում և առավել չափով` Հայաստանում: Գիտությունը զրկվեց իր հիմնական պատվիրատուից՝ արտադրությունից: Մնաց բյուջետային ֆինանսավորումը, որը տարեց տարի նվազեց՝ հասցնելով գիտական համակարգը հոգևարքային վիճակի, խարխլելով ու աշխարհով մեկ սփռելով մեր միակ ուժն ու հարստությունը՝ մտավոր ներուժը: Մեղքի իր բաժինն ունի մեր էլիտար մտավորականությունը կառավարությանը ուղղված իր շեշտավրեպ թախանձանքներով՝ արտադրության արագացված վերականգնման փոխարեն ռոճիկի բարձրացում աղերսելով: Թեև պարզից պարզ է, որ դոկտորի կամ թեկնածուի համար 10 հազար դրամ ռոճիկի ավելացումն անգամ 100%-ով, խնդիրը չի լուծում: Համեմատաբար ծանր վիճակում են մնում հայագիտությունը, պատմագիտությունը և այլք, որոնց հիմնական պատվիրատուն Հայաստանն է, և այստեղ է, որ առաջին հերթին պետությունը պիտի սատար կանգնի: 98-ին և 99-ին միջազգային կոնֆերանսներում (Թեհրան), ինչպես նաև ԳԱ նախագահությունում (նաև ԶԼՄ-ներում) զեկուցած վերլուծականս ԱՊՀ-ում գիտության վիճակի և նրա էվոլյուցիայի մասին ոչինչ չփոխեց մեր դիրքորոշման մեջ: Հույսս չեմ կորցնում, որ որոշ կատեգորիայի ընթերցողների համար նա հետաքրքիր կլինի, ուստի զետեղում եմ այն Հավելվածում:
Ազատագրվել է մշակույթը. պարզապես այստեղ հրատապ խնդիր է «պղտոր ալիքի» հաղթահարումը: Դրա քաղաքակիրթ ուղին ոչ այնքան ցենզուրան է, որքան բարձր արվեստի նվաճումներով նրան հակադրվելը:
Սահմանափակվենք այդքանով, թեև նոր հնարավորությունների ցուցակը կարելի է ընդարձակել:
Հատված Ռաֆայել Ղազարյանի «Հաշվետու եմ» գրքից (Երևան, 2003)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ