Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության վերլուծաբան-թարգմանիչ Մարինե Խաչատրյանի հետ
Ինչպե՞ս դարձաք «Ինլայթ» հասարակական կազմակերպության անդամ։
Համալսարանն ավարտելուց հետո փնտրում էի հնարավորություններ՝ գրելուս հմտությունները զարգացնելու և հոդվածներ հեղինակելու համար։ Եվ այդ ժամանակ էր, որ հանդիպեցի Խաչյան Աննայի հետ, ով մանրամասն պատմեց կազմակերպության տեսլականի ու գործունեության մասին, որից հետո դիմեցի վերլուծաբանի հաստիքի համար և ընդունվեցի՝ որպես կամավոր անդամ։
Ըստ Ձեզ՝ ո՞ր լեզվի իմացությունը կդառնա ամենապահանջվածը մի քանի տասնամյակ հետո, ինչու՞։
Կարծում եմ անգլերենի պահանջված լինելու միտումը ավելի կսրվի, և այդ լեզուն կշարունակի իր հաղթարշավը ամբողջ աշխարհով մեկ։ Այդ մասին է վկայում հենց թեկուզ այն հանգամանքը, որ ավելի ու ավելի շատ երկրներում մատչելի դարձած և շարունակաբար զարգացող տեխնոլոգիաների կիրառման գլխավոր լեզուն անգլերենն է։
Գլոբալացման տենդենցի խորացման, համացանցի առկայության, երկրների սահմանների հարաբերական վերացման, ճանապարհորդությունների ու տեղաշարժերի թվի աննախադեպ աճի, առևտրային հարաբերությունների մեծ ծավալի հետևանքով ավելի ու ավելի է սրվել մեկ միասնական լեզվի իմացության անհրաժեշտությունը, որը հնարավոր է դարձնում հաղորդակցությունը ոչ միայն անհատ անձանց, այլև երկրների ու կազմակերպությունների միջև։ Եվ այդ լեզվի լավագույն հավակնորդը անգլերենն է՝ մատչելի լինելու, անգլախոս երկրներից ԱՄՆ-ի գերիշխանության և այլ պատճառներով։ Ուստի, ամենայն հավանականությամբ, անգլերենը կամ միգուցե որևէ այլ լեզու կդառնա միջնորդ մինչ այդ իրար «չհասկացող» անձանց ու կորպորացիաների միջև։
Հպարտանու՞մ եք Ձեզ ծանոթ որևէ թարգմանչով։ Եթե այո, ապա ո՞վ է նա և ինչու՞ եք հենց նրանով հպարտանում։
Չեմ կարող ասել՝ հպարտանում եմ, պարզապես հիանում եմ մի թարգմանչով, ով կատարում է գեղարվեստական գրքերի թարգմանություններ՝ լուծելով խրթին տերմինաբանությունների հայերենացման բավականին բարդ խնդիրներ։ Դա Զավեն Բոյաջյանն է, ում թեև անձամբ չեմ ճանաչում, բայց նրա մի քանի թարգմանություններին ծանոթ եմ։ Վերջերս կարդացած Ռեյ Բրեդբերրիի «Մարսյան Քրոնիկոն» գիրքը մեկն էր այն թարգմանություններից, որտեղ հեղինակին հաջողվել էր նրբորեն փոխանցել վեպի «համն ու հոտը»՝ և՛ հավատարիմ մնալով գրողի ասելիքին, և՛ տեղայնացնելով օտարահունչն ու մեր ականջին խորթը։
Ո՞ր լեզուն կցանկանայիք ուսումնասիրել ապագայում։ Ինչու՞։
Կցանկանայի ավելի խորացնել և աշխատանքային մակարդակի բերել ռուսերենի իմացությունս, քանի որ այդ լեզուն մասնագիտական որոշ հնարավորությունների դռներ է բացում, օրինակ՝ շատ արժեքավոր գրքեր կամ հոդվածներ հասանելի են այդ լեզվով։ Բացի այդ, թարգմանություններ անելիս խնդրահարույց դեպքերում անգլերենի և ռուսերենի համեմատությունը բավականին բարձրացնում է թարգմանության որակը։ Երկրորդ հերթին պատրաստվում եմ ուսումնասիրել ֆրանսերենը, քանի որ կուզենայի ֆրանսիական գիտական քննադատական մտքին, գրականությանը, երգարվեստին ու կինոյին ծանոթանալ բնօրինակով։
Ըստ Ձեզ՝ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ լեզուն և՛ հնչողությամբ, և՛ գրելաձևով։
Կարծում եմ՝ հնչողությամբ ամենագեղեցիկ լեզուն ֆրանսերենն է, գրելաձևով՝ նախընտրած լեզու չունեմ։ Այնուամենայնիվ, թող պաթետիկ չհնչի, սակայն ամենաբարեհնչյունն ու տարողունակը ինձ համար մայրենի հայերենն է, որն իր հետ աշխատելու ամենալայն հնարավորություններն է տալիս իրեն տիրապետողին։
Ձեզ հանդիպած ամենագեղեցիկ նախադասությունը, որ թարգմանել եք։
Գեղեցիկ նախադասություններ շատ-շատ եմ հանդիպում։ Սակայն կնշեմ կատարածս վերջին թարգմանությունից երկու նախադասություն։
Այսօր արվեստային առաջընթացի, անձնային յուրահատկության, «նոր ոճի» պատրանքի, «անսպասելի հնարավորությունների» խաբկանքի, տեսական շաղակրատանքի հետապնդումը, հավակնոտ նորաձև արվեստագետների փնտրտուքը նման է ծանրամարտի մեջ ստվարաթղթե ծանրաձող բարձրացնելուն։
«Արվեստի մղումի» գաղափարը այն ամենակուլ բացատրական հասկացություններից էր, որն ստիպում էր դյուրազգաց ակադեմիական սրտերին արագ բաբախել երկու կամ երեք սերունդներ շարունակ։
Ունե՞ք ոգեշնչման աղբյուր, ի՞նչը կամ ո՞վ է այն/նա։
Ոգեշնչման աղբյուրներս ժամանակ առ ժամանակ փոխվում են։ Սակայն նշեմ իմ առջև ոչ շատ վաղ անցյալում դրված անհասանելի թվացող նշաձողերից մեկը։ Դա Սյուզան Սոնթագի ու Հալ Ֆոսթերի գրելու սահմանած որակական մակարդակն է։
Շաբաթական որքա՞ն ժամանակ եք տրամադրում թարգմանություններ կատարելուն։
Կախված նրանից, թե ինչ ծրագրերում եմ ներգրավված՝ փոխվում է թարգմանություններին իմ կողմից տրամադրվող ժամաքանակը՝ շաբաթական մեկ ժամից մինչև քսան-երեսուն ժամ միջակայքում։
Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ թարգմանիչներին։
Հավանաբար իմ խորհուրդը կլինի մասնագիտանալ լեզվի մեջ ոչ միայն կարդալով, այլև որոշ ժամանակով հայտնվելով տվյալ լեզվական միջավայրում՝ թափանցելու համար լեզվական նրբությունների խորքը և յուրացնելու համար լեզվի խութերն ու, ինչու չէ, նաև որոգայթները։ Բացի այդ, կարևոր եմ համարում, որ թարգմանիչը թարգմանություններ անի այն ոլորտում, որտեղ կոմպետենտ է կամ ցանկանում է մրցունակ դառնալ։ Եվ, վերջիվերջո, անհրաժեշտ է թարգմանել այնքան շատ, որքան հնարավոր է՝ «մարզավիճակը» պահելու և կատարելագործելու համար:
«Ինլայթ» հասարակական կազամկերպության հատկապես ո՞ր գաղափարն է Ձեզ գրավում։ Ինչու՞։
«Ինլայթ» հասարակական կազմակերպության գաղափարի հիմքում հանրային շահի սպասարկումն է, մասնավորապես՝ առկա հետազոտական, վերլուծական ներուժի նյութականացումն ու զարգացումը։ Այդ նպատակով Ինլայթը որդեգրել է «Համարձակվի՛ր մտածել» կարգախոսը։ Կարծում եմ՝ մտածումի խիզախումն է ցանկացած քննադատական գրվածքի հիմքում։ Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ այդ խիզախման առաջին կաղ քայլերս արել եմ Ինլայթում՝ հենց այս կարգախոսը մտքիս մեջ ունենալով։ Մտածելը համարձակություն պահանջող ջանք է, քանի որ առաջին փորձերը մեծ մասամբ դատապարտված են ձախողման, սակայն այդ շարունակական ձախողումների ամբողջությունն է, որ առաջնորդում է մտքի ավելի ու ավելի արդյունավետ կազմակերպմանը։ Մտածելու համարձակությունը դնելով քննադատական մտքի խթանման հիմքում՝ Ինլայթը իրապես պարարտ հող է ստեղծել առկա ինտելեկտուալ ներուժի նյութականացման շնորհակալ գործի համար։
Հարցազրույցը վարեց Աննա Մանուկյանը