Հարցազրույց. Նունե Մաթևոսյան

Հարցազրույց  «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության գլխավոր խմբագիր Նունե Մաթևոսյանի հետ

Ինչպե՞ս եք իմացել «Ինլայթ» հասարակական կազմակերպության մասին։

Առաջին անգամ «Ինլայթ»-ի մասին լսել եմ համալսարանական տարիներին՝ ուսանողական ընկերներիցս։ Այդ ժամանակ կազմակերպությունը կոչվում էր Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն։ Նրանց տպավորություններն այնքան վառ էին, որ միանգամից իմ մեջ էլ հետաքրքրություն առաջացրին։

Ո՞րն է խմբագրի առաջնային խնդիրը։

Առհասարակ լավ խմբագրից շատ բան է կախված։ Ոչ միայն ուղղագրական, այլև մի շարք իմաստային, ձևաոճական սխալներ են ուղղվում նյութերի մեջ։ Սա, թերևս, հիմնականն է, որ կարելի է ասել խմբագրական աշխատանքի մասին։ Այնուամենայնիվ, դա այդքան էլ հեշտ չէ։ Իրականում այն մեծ ուշադրություն ու գերլարված աշխատանք է պահանջում։ Իսկ այդ աշխատանքն ըստ արժանվույն կատարելու համար յուրաքանչյուր խմբագրի (ու ոչ միայն) համար առաջնային պետք է լինի պատասխանատվության զգացումը։

Ի՞նչ եք ակնկալում հեղինակից։

Ես միայն որպես ընթերցող կարող եմ որևէ ակնկալիք ունենալ հեղինակից, այն է՝ ամեն անգամ ավելի շատ հաջողված ու ընթերցվող նյութ կամ նախորդից ավելի կատարելգործված աշխատանք։ Քանի որ մեր համագործակցության շրջանակներում մենք երբեմն անհամաձայնություն ենք ունենում այս կամ այն բառի կիրառելիության, նյութի մեջ ունեցած իմաստի և այլ մասնագիտական հարցերով, ես հեղինակներից ակնկալում եմ միայն համբերություն ու մի քիչ ուժ՝ մեզ դիմանալու համար։

Ո՞ր դեպքում կմերժեք նյութը, որն ընտրել կամ գրել է հեղինակը։

Այս երեք տարիների ընթացքում դեռևս նման դեպք չի եղել։ Հարցն այն է, որ, նախքան սրբագրման փուլին հասնելը, կատարվում է մասնագիտական խմբագրում, վերլուծությունն ընդունելը կամ մերժելը որոշվում է մինչ այդ։ Խմբագիրներն աշխատում են արդեն հաստատված ու ամբողջական նյութերի հետ։

«Ինլայթ»-ի գաղափարներից մեկը ազատականությունն է։ Ինչպե՞ս եք ընկալում այս գաղափարը, ինչպե՞ս է այն արտահայտվում Ձեր աշխատանքի մեջ։

Առաջինն, ինչ մեր մտքին է գալիս «ազատականություն» ասելով, ազատության ու հավասարության գաղափարն է։ Այդ գաղափարներն իշխում են ոչ միայն մեր՝ Խմբագիրների բաժնում, այլև առհասարակ Կազմակերպությունում։ Յուրաքանչյուրն էլ կարող է փաստել, որ միշտ ազատ է արտահայտելու իր միտքն ու խոսքը, որ չի հանդիպել որևէ խտրականության։ Մենք չենք կարող հավասար չլինել այն պարզ պատճառով, որ ունենք մեկ միասնական միտք ու նպատակ, ու այդ նպատակը «Ինլայթի» շահերին ծառայելն է։

Մեկ նախադասությանբ մեզ պատմեք «Ինլայթ»-ի մասին։

Եթե մեկ նախադասություն, ապա «Ինլայթն» այն «ընտանիքն» է, որի մասին կարող է երազել յուրաքանչյուրը, սակայն իրականում «Ինլայթի» մասին հնարավոր չէ պատմել ու ամփոփել ընդամենը մեկ նախադասությամբ։

Ի՞նչ տպավորություններ ունեք «Ինլայթ»-ից, ի՞նչ է տվել այն Ձեզ։

Անկեղծ ասած՝ շատ դժվար է պատասխանել այս հարցին։ Ոչ նրա համար, որ ասելու բան չկա։ Իրականում տպավորությունները շատ են՝ վառ ու դրական։ Հնարավոր չէ խոսել կամ ուղղակի հիշել «Ինլայթի» մասին առանց գոնե թեթև ժպտալու, որովհետև ամեն մի հանդիպում մի պատմություն է դառնում ու մնում մեր հիշողության մեջ։ Ես չեմ ցանկանում նշել այն նյութական մասը կամ ինքնակրթվելու ու զարգանալու հնարավորությունը, որը տալիս է «Ինլայթը». այդ հնարավորությունները կան, սակայն դրանք իրականում գրեթե տեղ չեն զբաղեցնում։ Լի՜քը-լիքը ուրախ, մի քիչ «խենթ» պահեր, ընկերներ կամ ուղղակի լավ մարդիկ, լի՜քը վառ հիշողություններ, այն, ինչը միշտ կմնա մեզ հետ. մեկ բառով եթե ասեմ՝ ինչ ձեռքբերում ունեմ՝ «Ինլայթը» ինձ հենց «Ինլայթին» է տվել։


Հարցազրույցը վարեց Աննա Մանուկյանը