Ղարաբաղյան շարժման ժամանակագրություն

Մաս առաջին
1986-1988-ի մարտի 26

Մինչեւ 1988

 

 

 

1986 թ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) մի խումբ քաղաքացիներ նամակներ են հղում ԽՄԿԿ ԿԿ՝ պահանջելով Հայաստանի հեռուստատեսության հաղորդումների հեռարձակումը ԼՂԻՄ-ում եւ հայոց պատմության դասավանդումը ԼՂԻՄ դպրոցներում: 

1987թ. ԼՂԻՄ բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, խորհրդային եւ կոլեկտիվ տնտեսություններում հրավիրված ժողովների ընթացքում որոշումներ են ընդունվում մարզը Հայաստանին միացնելու անհրաժեշտության մասին: Ժողովրդական գործթընացի սկիզբ: 

1987 հունիս – Հադրութի քաղաքացիների նամակը Գորբաչովին՝ ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու պահանջով՝ վերակառուցման քաղաքականության շրջանակներում: Դիմումների եւ վստահության մարտավարություն: 

1987 օգոստոս – Ստեփանակերտում, Հադրութում եւ Երեւանում գործող ակտիվիստական խմբերի միջեւ կապերի ստեղծում, համախմբում: Կազմակերպում, նախապատրաստում: 

1987 սեպտեմբեր – ապագա շարժման մարտավարության համատեղ մշակում Ղարաբաղում եւ Հայաստանում ապրող ակտիվիստների կողմից: Ընտրվում է պայքարի սահմանադրական ուղին՝ վերակառուցման կարգախոսների ներքո, եւ զանգվածային ստորագրահավքների հիման վրա ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությանը դիմումների հղման մարտավարությունը: Արտաքին վստահություն, օրինականություն, պաշտոնական լոզունգների ընձեռնած հնարավորությունը, դիսիդենտական փորձ, կարգախոսների ֆորմալ եւ բովանդակային-քաղաքական կողմը, թշնամու զենքն ինքն իր դեմ պոտենցիալով: 

1987թ. դեկտեմբերի 1-ին ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու խնդրով Մոսկվա ժամանած՝Լեռնային Ղարաբաղի հայության պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԽՄԿԿ կենտկոմի ընդունարանի վարիչի հետ, ապա նրանց ընդունեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ Պ. Դեմիչեւը: Կենտրոնի անհասկանալի պահվածքը, հնարավոր է, հարցը չհասկանալուց էր: 

1988

 

 

ՀՈՒՆՎԱՐ

1988-ի սկզբին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների նստաշրջանները մարզը Հայաստանին միացնելու անհրաժեշտության մասին որոշումներ ընդունեցին: Այդ որոշումները պաշտպանեցին շրջանային եւ Ստեփանակերտի քաղաքային կուսակցական կազմակերպությունների ղեկավար մարմինները: Լեգիտիմ, ժողովորդավարական որոշումներ, համակարգային ճեղքեր, համակարգն ինքն իր դեմ: 

Հունվարի 5-12-ին Մոսկվայում էր 13 հոգուց բաղկացած ղարաբաղյան երկրորդ պատվիրակությունը՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Վազգեն Բալայանի գլխավորությամբ: Նրանց ընդունեց Պ. Դեմիչեւը, ապա նաեւ ԽՄԿԿ ԿԿ-ի ազգային հարաբերությունների բաժնի վարիչ Վ. Միխայլովը: Պատվիրակությունների անդամների հավաստմամբ՝ ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնատարները հարուցած խնդրի մեջ դատապարտելի որեւէ բան չէին տեսել եւ պատրաստակամություն էին հայտնել հարցը մտցնել ԽՄԿԿ նախապատրաստվող 19-րդ կոնֆերանսի օրակարգ: Տես վերը: 

ՓԵՏՐՎԱՐ

Փետրվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի երրորդ  պատվիրակությունը հանդիպեց ԽՄԿԿ ԿԿ-ի ազգային հարաբերությունների բաժնի վարիչ Վ. Միխայլովի հետ: Վերջինս խնդրի սկզբունքային քննարկման առումով որեւէ առարկության չէր հայտնել: Տե՛ս վերը: 

Նույն օրը Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կանավալովի գլխավորությամբ Բաքվից Ստեփանակերտ ժամանած մի խումբ պաշտոնյաներ փորձում են կանխել նոր ժողովների հրավիրումը եւ պահանջում են տեղական իշխանությունից մարզի բնակչության պահանջները դատապարտող որոշումների ընդունում: Առայժմ զուտ ներհամակարգային պատասխանի կիրառման փորձ, փորձ վերադարձի ի շրջանս յուր: 

Փետրվարի 11-ին ԼՂԻՄ կոմկուսի մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կեւորկովը հայտարարեց, որ Ղարաբաղից մեկնած պատվիրակությանը Մոսկվայում չեն ընդունել, եւ բարձրացված հարցը չի քննարկվի: 

Փետրվարի 11-12-ին Մարտունիում եւ Հադրութում տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր՝ Ադրբեջանից ժամանած պատվիրակներին դուրս անելու եւ շրջանային խորհուրդների կողմից ժողովորդի ցանկություններին համապատասխան որոշումների ընդունման պահանջներով: 

Փետրվարի 13-ից սկսվում են զանգվածային հանրահավաքները Ստեփանակերտում եւ ԼՂԻՄ շրջկենտրոններում ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու պահանջով: Նույն օրը Ստեփանակերտ մտավ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի մի ստորաբաժանում: Հրապարակային քաղաքականության սկիզբ: Ընտրովի լեգիտիմ մարմիններին հրապարակում միանում են զանգվածները: Ազգային հարվը, որը թվում էր լուծված եւ կարգավորված միանգամից ի հայտ է գալիս ողջ ուժով: 

Փետրվարի 16-ից հանրահավաքները ԼՂԻՄ-ում ուղեկցվում էին գործադուլով, իսկ ժողովուրդը չէր լքում Ստեփանակերտի հրապարակը նաեւ գիշերները: Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին մարզխորհրդի նստաշրջանի հրավիրում եւ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միացնելու հարցի քննարկում: Հրապարակին միանում է գործադուլը….: Ուժային ճնշում իշխանության վրա՝ արտաքուստ լոյալ կարգախոսների ներքո: 

Փետրվարի 18-ից Երևանի Օպերայի հրապարակում սկսվում են զանգվածային հանրահավաքներ՝ ի պաշտպանություն ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի որոշման: Փետրվարի 18-ին հրավիրված հանրահավաքն ի սկզբանե բնապահպանական թեմաներով էր: Հանրահավաքը շարժվեց դեպի ՀԿԿ ԿԿ-ի շենք եւ, փակեց փողոցը: Պլակատներն բարձրացվեցին ղարաբաղյան թեմայով: Նորից ազգային հարցի ուժգնության ցուցիչ: Արձագանքը կայծակնային է ու հուժկու: Բառերով ծածկված իրականությունն անմիջապես դրսեւորում է իր իսկական էությունը: Հայկական ազգային իդեան: 

Փետրվարի 20-ին ժամը 14-ին Երեւանում հրավիրված հանրահավաքում հայտարարվեց, որ այդ օրը կայանալու է ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան, որն «անպայման ընդունելու է ՀՍՍՀ-ի հետ վերամիավորման որոշում»: Հանրահավաքների կազմակերպական հարցերը կարգավորելու նպատակով հանրահավաքին ներկայացվեց մի «կազմկոմիտե»՝ Իգոր Մուրադյանի նախագահությամբ, որ հաջորդ օրերից սկսեց կոչվել կարճ՝ «Ղարաբաղ» կոմիտե: Հաջորդ օրերին այդ կազմը համալրվեց: 

«Կազմկոմիտեի» մեջ հայտարարվեցին Իգոր Մուրադյանի, Սամսոն Ղազարյանի, Մանվել Սարգսյանի, Հրայր Ուլուբաբյանի, Գագիկ Սաֆարյանի, Աշոտ Մանուչարյանի, Համբարձում Գալստյանի, Սամվել Գեւորգյանի, Վանո Սիրադեղյանի, Ալեքսան Հակոբյանի, Վազգեն Մանուկյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վաչե Սարուխանյանի անունները: «Կազմկոմիտեն» հետապնդումներից զերծ պահելու, ինչպես նաև հասարակական վստահությունն ու հնչեղությունն ապահովելու համար նրա մեջ որպես «ավագների խորհուրդ» ընդգրկվեցին ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ նախագահ Վ. Համբարձումյանը, ԳԱ թղթակից-անդամ Ռաֆայել Ղազարյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, գրողներ Զորի Բալայանը, Սերո Խանզադյանը, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ԳԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, դերասան Սոս Սարգսյանը, նկարիչ Սարգիս Մուրադյանը եւ այլն: Առաջին հանրահավաքները վարում էին Սամսոն Ղազարյանը, Համբարձում Գալստյանը, Մանվել Սարգսյանը: Կազմկոմիտեի կոչով հաջորդ օրերին տեղական ենթակոմիտեներ ստեղծվեցին բազմաթիվ հիմնարկներում եւ ձեռնարկություններում: Կազմակերպություն: 

Նույն օրը ժամը 16-ին պատգամավորների դիմումների հիման վրա Ստեփանակերտում նշանակել էր ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Չնայած հարուցած արգելքներին, ընդհուպ ճանապարհները փակելուն՝ մարզխորհրդի պատգամավորները կարողացան հասնել Ստեփանակերտ: 

Միաժամանակ Ստեփանակերտ են ժամանում Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը, բյուրոյի անդամների եւ ԽՄԿԿ ԿԿ-ի հրահանգիչ Վ. Յաշինի հետ միասին: Նրանք ամեն ինչ արեցին խափանելու համար նստաշրջանի կայացումը: 

Չորս ժամ ուշացումով սկսված ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանում կեսգիշերից հետո ընդունվում է որոշում՝ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ անցնելու վերաբերյալ Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդելու մասին»: 

Որոշումը վավերացվեց պատգամավորների ստորագրություններով, քանի որ մարզկոմի քարտուղար Բ. Կեւորկովը վերցրել էր մարզխորհրդի կնիքը եւ ադրբեջանցիների հետ հեռացել Աղդամ: Մոսկվան խառնվում է առաջին անգամ: Փորձում է տնական մեթոդներով կարգի հրավիրել: Իրավիճակը վտանգավոր է նախ համակարգի տեսակետից, որը փլուզվում է, երբ չգրված օրենքի փոխարեն սկսում է գործել գրվածը: 

Փետրվարի 21-ին «Սովետական Ղարաբաղ» թերթում հրապարակվեց ԼՂԻՄ մարզխորհուրդի նախորդ օրվա որոշումը: 

Նույն օրը ԽՄԿԿ կենտկոմը հրապարակեց «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին» որոշումը որտեղ դատապարտվում են ԼՂԻՄ հայության պահանջները, որպես Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերին հակասող, իսկ Շարժման մասնակիցներին «ծայրահեղականներ», «ազգայնականներ» սուր գնահատականներն էին տրվում: Մոսկվան պատասխանում է անմիջապես: Ցուցադրական լոյալությունը չի անցնում: Մոսկվան պատասխանում է Ադ-ից շուտ: Խաղը դառնում է հայ-ռուսական: Մեթոդը՝ բառային ահաբեկում: 

Նույն օրը Երեւան հասավ Արցախի պատվիրակությունը՝ ձեռքին ունենալով մարզխորհրդի որոշումը՝ հուսալով ստանալ Հայկական ԽՍՀ իշխանությունների ու ժողովրդի աջակցությունն ու պաշտպանությունը: Հայաստանի Կենտկոմում նրանց հրաժարվեցին ընդունել: Հայաստանի ղեկավարությունը հայկական միակ կողմն է, որն ընդդիմանում է ազգային պահանջին: Երկու բացատրություն՝ ազգային-պահպանողական եւ այն, որ մեր Կոմկուսն այդպես էլ մնաց օտար ուժ: Բացվում է երրորդ ճակատը՝ ընդդեմ Մոսկվայի, Բաքվի եւ պաշտոնական Երեւանի: 

Ձեւավորվեց փետրվարյան հանրահավաքների առաջին եւ միակ պահանջը՝ Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել եւ անմիջապես դրականորեն արձագանքել ԼՂԻՄ մարզխորհդի դիմումին: Պայքարի պահանջը մնում է ձեւականորեն-իրավական, սակայն քաղաքական իմաստն այն է, որ ժողովրդական ճնշում է ի գործ դրվում ֆորմալ ժողովրդական-ներկայացուցչական մարմնի վրա: Հայաստանի իշխանության վրա ճնշում ազգային հողի վրա: 

Փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղ ժամանած մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար Ռազումովսկին եւ ԳԽ-ի նախագահության նախագահի տեղակալ Դեմիչեւը՝ ամսի 20-ին ժամանած Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովի հետ միասին, փորձեցին տեղում հավանություն ստանալ ԽՄԿԿ ԿԿ-ի փետրվարի 21-ի որոշմանը: Մոսկվան ստիպված է միջամտել իրավիճակին «կենդանի» միջամտությամբ, համագործակցում է Բաքվի հետ: Գործիքն առայժմ հեղինակությամբ ճնշումն է: Մոսկվայի դաշինքը Բաքվի հետ պայմանավորված է նրանով, որ Բաքուն առավել անվտանգ-պահպանողական կողմն է: 

Նույն օրը Աղդամ քաղաքից կազմակերպվեց բազմահազարանոց երթ-հարձակում դեպի Ասկերանի շրջան: Ամբոխը ճանապարհին ավերում ու հրդեհում էր շինությունները, ջարդում արտադրական տեխնիկան եւ այլն: Նրանց դիմագրավելու եւ ավերածությունները կանխելու համար ոտքի ելան նաեւ Ասկերանի հայ բնակիչները: Առաջին անգամ ակնարկվում է հայկական ջարդերի, ընդհարումների հնարավորությունը: Դա պետք է իրավիճակը որպես վայրենիների բախում ներկայացնելու համար: Նաեւ ի ցույց է բերում, որ հայերի ուժային մարտահրավերն արդեն հավասար է բռնի ուժի: Պատահական չէ, որ ուժային գործողությունը համընկնում է այցի հետ: 

Նույն օրը երեկոյան ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ելույթ ունենալով հայկական հեռուստատեսությամբ, արցախյան շարժումը բնութագրեց ԽՄԿԿ ԿԿ-ի նախորդ օրվա որոշման ոգով՝ մասնավորապես նշելով, որ «գոյություն ունեցող ազգային-տերիտորիալ կառուցվածքի վերանայմանն ուղղված գործողություններն ու պահանջները հակասում են Հայկական ՍՍՀ եւ Ադրբեջանական ՍՍՀ աշխատավորների շահերին»: Հայաստանի ղեկավարությունը չի նահանջում ազգային-պահպանողական դիրքից, որը տվյալ դեպքում համըննում է օտար՝ ոչ հայկական քաղաքական ուժ դիրքին: 

Նույն օրը Երեւան ժամանեցին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարներ Վ. Դոլգիխը եւ Ա. Լուկյանովը: Մոսկավի դեսպաններն աշխատում են երեք ուղղությամբ: Ղարաբաղում փորձում են ճնշում գործադրել, նաեւ կոտորածի սպառնալիքով, իսկ Երեւանում՝ որոշ թեթեւ մեղմացումներ: 

Փետրվարի 23-ին ԽՍԿԿ ԿԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի պլենում, որտեղ պաշտոնանկ արվեց Բ. Կեւորկովը եւ նրա փոխարեն մարզկոմի առաջին քարտուղար ընտրվեց Հենրիկ Պողոսյանը: Հանդես գալով հանրահավաքում, Դեմիչեւը եւ Ռազումովսկին հայտարարեցին, թե իրենք այս այցելությամբ շատ բան հասկացան ու վերադառնալով ամեն ինչ կհաղորդեն Մոսկվայում: Սակայն նրանց կոչը եւ հորդորները հանրահավաքները եւ գործադուլներըը դադարացնելու մասին արդյունք չտվեցին: Ղարաբաղում մոսկվացնիները նույնպես բացի ճնշումներից փորձում են մանեւրել՝ զուտ ձեւական խոսքերով առայժմ, նաեւ օգտագործած գործիքի՝ Կեւորկովի հրաժարականով, իսկ հիմնական նպատակը միտինգներն ու գործադուլներն են, որով ի ցույց է դրվում հիմնական վախը: 

Նույն օրը Վ. Դոլգիխի եւ Ա. Լուկյանովի մասնակցությամբ Երեւանում տեղի ունեցավ Հանրապետական կուսակցական ակտիվի ժողովը: ԽՄԿԿ կենտկոմի փետրվարի 21-ի հայտնի դատապարտող որոշման հիմքի վրա ժողովն ընդունեց մի բանաձեւ, որի երրորդ կետում ասվում էր. «Խնդրել ՍՄԿԿ Կենտկոմին ազգային քաղաքականության պրոբլեմներին նվիրված ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը նախապատրաստելիս մյուս պրոբլեմների կոմպլեքսում բազմակողմանիորեն քննության առնել Լեռնային Ղարաբաղի հարցը»: Ֆորմալ զիջումներ Կենտրոնի կողմից: Առայժմ շարժման թափի գնահատվում է բավական դատարկ քննարկման խնդրանքի համար: 

Նույն օրը բազմահազարաոց հանրահավաքը Երեւանում բուռն օվացիայով ընդունեց քաղաքական գործադուլի դիմելու կոչը, ինչպես նաեւ հանրապետության իշխանության հրաժարականի պահանջը: Ողջ գիշեր մի քանի հազար հոգի քայլարշավով անցան Երեւանի բոլոր փողոցներով՝ գործադուլի կոչով: Գործի է դրվում գործադուլի՝ առավել հզոր զենքը, առաջին անգամ ակնարկվում է իշխանության խնդիր՝ առայժմ անուղղակի, Վազգեն Մանուկյան արտասանում է մշտական դաշնակիցներ չունենալու մասին խոսքը, այս ամենը մոսկվացիների այցին զուգահեռ: 

Փետրվարի 24-ին Երեւանում համընդհանուր գործադուլը արդեն իրականություն էր, իսկ հանրահավաքների մասնակիցների թիվը մոտենում էր կես միլիոնի: 

Նույն օրը պաշտոնական հաղորդագրությունը ԽՄԿԿ ԿԿ-ի փետրվարի 24-ի նիստում Հայաստանի եւ Ադրբեջանի կուսակցական եւ սովետական մարմիններին համատեղ հանձնարարականներ է տվել, որոնց թվում նաեւ՝ «մշակել եւ իրականացնել ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական եւ կուլտուրական հետագա զարգացման միջոցառումներ», որով Հայաստանին որոշակի գործառույթ էր տրվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Կենտրոնի զիջումների սահմանն ընդլայնվում է: Ժխտվում է հարցի քաղաքական եւ իրավական կողմը, բայց ճանաչվում է մշակութայինն՝ առավել անշառ եւ տնտեսականը: Հարցին փորձ է արվում տնտեսական մեկնաբանություն տալ՝ քաղաքականից հետո ամենաբարձր, բայց քաղաքականից ցածր: Ձեւականորեն ճանաչվում է Հայաստանի իրավունքը Ղարաբաղում գործառույթ ունենալու: 

Փետրվարի 25-ին եւ 26-ին Երեւանի Թատերական հրապարակը, հարակից զբոսայգին եւ փողոցները լեցուն էին Երեւանի եւ հանրապետության ողջ տարածքից ժամանած բնակչությամբ: Հանրահավաքների օրակարգի միակ հարցը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրումը եւ ԼՂԻՄ-ի դիմումին համաձայնություն տալու պահանջն էր: 

Փետրվարի 26-ին Մոսկվա ժամանած Զ. Բալայանին ու Ս. Կապուտիկյանին ընդունեց ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ. Ս. Գորբաչովը: Հրաժեշտի ժամանակ պաշտոնասենյակի տերն ասաց. «Երկրի համար այսքան բախտորոշ ժամանակ վտանգավոր են անգամ փոքր հրդեհները: Խնդրում եմ ձեզ հանգցնել այդ կրակը»: Իբր փոքր հրդեհի համար ԽՍՀՄ առաջին դեմքն անձամբ ընդունում է երկու իր համար տասներոդական ազգի ներկայացուցիչների: Կենտրոնն արդեն հասկացել է, որ սովորական ջանքերով հնարավոր չէ լուծել գերխնդիրը՝ ժողովրդական եւ ազգային շարժման դադարեցումը: Արդեն ծրագրավորած է Սումգայիթը, իսկ մյուս ձեռքով օգտագործվում է կայսերամոլ հայ մտավորականությունը, որի բարի խոսքով պետք է դադարեցվեն Կայսրությանը սպառնացող գործողությունները: 

Նույն օրը Հայաստանի եւ Ադրբեջանի հեռուստատեսությամբ եւ լրատվության այլ միջոցներով հաղորդվեց Մ. Գորբաչովի դիմումը «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին»: Երկրի ղեկավարը մասնավորապես հայտարարում էր. «Մենք կողմնակից չենք այն բանի, որ խուսափենք տարբեր գաղափարների ու առաջարկությունների բաց քննարկումից, բայց դա հարկավոր է անել հանգիստ, դեմոկրատական պրոցեսի եւ օրինականության շրջանակներում…»: Գլխավոր քարտուղարը խոստանում էր հարցը քննարկել ազգային հարցերին նվիրված առաջիկա պլենումում, իսկ մինչ հարցի քննարկումը, ըստ էության, առաջարկվում էր հոգ տանել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ: Այցերը եւ այլ «3 կլասի» գործողություններն արդյունք չտվին: Խնդիրը լրջանում է այնքան, որ ռուսաց թագավորը ոչ միայն անձամբ ընդունում է բնիկների պատգամավորներին՝ ոչ պաշտոնական, բայց արտոնյալ, այելւ անձամբ դիմում է «երկու ժողովուրդներին», իսկ իրականում միայն հայերին: Ուշագրավ է, որ միտինգներն ու գործադուլները նա համարում է հակադեմոկրատական եւ հակաօրինական, դա նշանակում է՝ քաղաքական: Նա փորձում է փոխանակել իրական գործողությունների հանումը քննարկման խոստմամբ, միաժամանակ ուժի մեջ է թողնում հարցի տնտեսական կարգավիճակի մեկնաբանությունը: Նաեւ խնդիրն այնպես է դրվում, որ հայերը դադարեցնեն պայքարն իբր իր հորդորով: 

Փետրվարի 27-ին Թատերական հրապարակում երեկոյան ժամը 6-ին ելույթ ունեցավ Մոսկվայից վերադարձած Զ. Բալայանը՝ կոչ անելով դադարեցնել հանրահավաքները: 

Նույն օրը Ս. Կապուտիկյանը հեռուստատեսային ելույթում պնդում էր, որ «նյութական հաղթանակից շատ ավելի կարեւոր հոգեւոր հաղթանակը» արդեն կայացել է, եւ շարունակությունը պետք է վստահել իշխանություններին: Պաշտոնական ազգային մտավորականությունը հանձնվում է, որը եւ արտոնյալ ազգայնականության վերջին խոսքն է: Այսուհետ բնականից տեղ է ազատվում անկախական քաղաքական ազգայնականության: Հին վերնախավը չի դիմանում նոր պահանջներին՝ մի բան է Բաքվի հետ առճակատումն, այլ բան է՝ Մոսկվայի: Հոգեւորի հիշատակումը փորձ է խաբել ժողովորդին: 

Նույն օրն ուշ երեկոյան Երեւանի ու հանրապետության բնակչությունը դադարեցրեցին հանրահավաքները եւ գործադուլները: Ղարաբաղյան շարժման Կազմկոմիտեն հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրը՝ մարտի 26-ին՝ մեկ ամսում կատարված իրադարձությունների մասին հաղորդում եւ տեղեկատվություն տալու պատրվակով: Հանրահավաքները դադարեցվում են, բայց մնում է դրանց սպառնալիքը: Ժողովորդին, փաստորեն, խաբում են: Բայց խնդիրն ավելի խորն է, քան պատկերացնում են. արթնացած ազգային եւ ժողովրդական ներուժը դեռ չի արտահայտվել, իսկ Կայսրության թուլացման միտումը պահպանվում է: Խնդիրը հնարավոր չի լինում փակել: 

Փետրվարի 27-29-ին Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում երեք օր անընդմեջ, տարբեր առարկաներով, տապարներով ու մետաղաձողերով զինված խմբերը քաղաքային իշխանությունների, ոստիկանության ու անվտանգության ծառայության մարմինների աչքի առաջ ու նրանց թողտվությամբ «մա՛հ հայերին»,  «կեցցե՜ Ադրբեջանը» կարգախոսններով իրականացնում էին տեղի հայ բնակչության ջարդ: Եթե նախորդ օրերին եղավ ջարդի ակնարկը, ապա հայկական պայքարի դադարեցմանն անմիջապես հաջորդեց իսկական, դասական հայկական կոտորածը: Սա մի կողմից համարժեք ուժային պատասխան էր հայկական ուժի ցուցադրումին, մյուս կողմից կանտրոլնիյ վիստրել էր՝ մի ձեռքով կենտրոնը խոսում էր բարի լեզվով, մյուս կողմից՝ բռնի ուժ էր ցուցադրում՝ թուրքերի ձեռամբ: Սա հին կայսերական քաղաքականության շարունակությունն է՝ թուրքերի ձեռամբ հայոց ջարդ: Թուրքերը դրանով դառնում են Կենտրոնի խաղալիք, պեշկա հայ-ռուսական խաղում, կայսրություն-ազգություն խաղում: Երրորդ՝ կենտրոնը փորձում է ավելի հիմնավոր դարձնել վայերնիների կռիվ հղացքին: Իրավիճակը դառնում է դասական՝ հայկական կազմակերպվածություն, գաղափարական ուժ եւ ուժային, ջարդարար պատասխան: 

ՄԱՐՏ

Մարտի 2-ին Լեռնային Ղարաբաղում գործադուլները դադարեցնելու որոշում կայացվեց: Ստեփանակերտի վերջին հանրահավաքը շնորհավորական հեռագիր հղեց Գորբաչովին ծննդյան օրվա առթիվ: 

Նույն օրը Ստեփանակերտ ուղարկվեց մոսկվաբնակ, ազգությամբ հայ մասնագետների մի խումբ, որը հանձնարարություն ուներ ուսումնասիրել եւ առաջարկություններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին եւ նրա բարելավման ուղղությամբ: Խմբի մեջ էին ակադեմիկոսներ Տ. Ս. Խաչատուրովը, Ն. Ս. Ենիկոլոպովը, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամներ Ի. Գ. Աթաբեկովը, Ա. Գ. Սարգսյանը, պրոֆեսորներ Մ. Ա. Սարկիսովը, Ռ. Ա. Սրապենյանցը: Կենտրոնի զիջողական քայլերից, որոնք, բացի ամենից, վկայում են իրավիճակին ոչ համարժեքության մասին: Հարցը տնտեսական է, ուղարկենք ուսյալ բնիկների խումբ: 

Նույն օրը Հայաստանի գրողների միության տանը տեղի ունեցավ Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր համագումարը: Որոշվում է ստեղծել տեղական կոմիտեներ հիմնարկություններում: Կոմիտեի կազմում ընտրվում են Իգոր Մուրադյանը, Մանվել Սարրգսյանը, Գագիկ Սաֆարյանը եւ ուրիշներ: Մեկ անգամ կազմակերված շարժումը շարունակում է գործել եւ կազմակերպվել: 

Նույն օրը Ստեփանակերտում ձեւավորվում է «Կռունկ» կոմիտեն, որի մեջ մտնում են մի քանի տասնյակ գործիչներ, այդ թվում տեղական կոմունիստական վերնախավի անդամներ: 

Մարտի 3-ին տարածված «Տեղական կոմիտեների գործունեության ծրագիր» վերնագրով թռուցիկը, ստորագրված՝ «Ղարաբաղ» շարժման ներկայացուցիչների խորհուրդ» կողմից, հանձնարարում էր տեղական կոմիտեներին հիմնարկներում եւ ձեռնարկություններում ժողովներ հրավիրել եւ դրանց անունից հեռագրեր ու նամակներ հղել կենտրոնական իշխանության տարբեր մարմիններին: 

Մարտի 8-ին կանանց տոնի առիթով Երեւանում լուռ երթ եղավ դեպի Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի հուշարձան, որտեղ ծաղկեպսակներ դրվեցին Սումգայիթում զոհվածների հիշատակին: Շարժումը սկսում է օգտագործել սովետական պաշտոնական միջոցառումները պաշտոնականի իսկ դեմ: 

Մարտի 9-ին ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի որոշմամբ ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարությանը հանձնարարվեց՝ «ԼՂ Ինքնավար մարզում կազմակերպել կուտակված պրոբլեմների, նրա շուրջ ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառների խոր ու բազմակողմանի ուսումնասիրումը, համապատասխան առաջարկությունների մշակումը հետագայում ՍՄԿԿ Կենտկոմում եւ ՍՍՀՄ կառավարությունում քննարկելու համար»: Սա Մոսկվայի ռեալ փորձն էր՝ հասկանալու հարցն ու լուծումներ փնտրելու, որի համար հայկական կողմից բավարարա ուժային ճնշում եղավ: Մյուս կողմից Մոսկվան համարժեք չէր՝ հարցն իրապես լուծելու համար: Ամեն դեպքում սա ձեւականորեն արձանագրված քայլ էր հայերին ընդառաջ: 

Նույն օրը Ղարաբաղ ժամանեցին Ադրբեջանական ԽՍՀ ԿԿ քարտուղար Օրուջեւը, Ադր. ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, հանրապետության պետպլանի նախագահ Մութալիբովը եւ այլ պաշտոնյաներ՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մասին հանրապետական իշխանությունների մշակած որոշման նախագիծը տեղում քննարկելու եւ ընդունելի դարձնելու համար: Մարզկոմի բյուրոյի անդամները սակայն հրաժարվեցին մասնակցել նման միջոցառմանը, եւ այն ձախողվեց: Ադրբեջանցիները նույնպես համաձայն են, թեկուզ եւ ճնշման տակ տնտեսական մեկնաբանությանը, որը բացի ամենից թույլ է տալիս հարցի ձեւական լուծում: Ղարաբաղի ղեկավարությունը դիմադրում է՝ ինքնաբերաբար քաղաքականացնելով հարցը: 

Նույն օրը Երեւանի Կինոյի տանը տեղի ունեցավ Ղարաբաղ կոմիտեի երկրորդ հավաքը, որտեղ քննարկվեց հանրահավաքների եւ գործադուլների վերսկսման հարցը: Հայտարարվեց, որ «Կռունկ» կոմիտեի ձեւավորումից հետո Ղարաբաղ կոմիտեի պատասխանատվությունը սահմանափակվում է Հայաստանում: 

Մարտի 11-ին կրկին Ստեփանակերտ ժամանեց Օրուջեւը, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարի տեղակալ Վ. Վ. Մաքսիմովի հետ: Այս անգամ եւս, ինչպես մարզկոմի բյուրոյի անդամները, այնպես եւ մարզխորհրդի գործկոմը չհամաձայնեցին քննարկել տնտեսական խնդիրներ՝ պահանջելով լուծել նախ հիմնական խնդիրը՝ ԼՂԻՄ-ի միացումը Հայկական ԽՍՀ-ին եւ ապա նոր միայն քննարկման դնել տնտեսական ու սոցիալական հարցերը: Տե՛ս վերը: Ղարաբաղի հայերի դիրքորոշումը մնում է քաղաքական եւ դիմադրողական ընդ որում լեգիտիմ իշխանության մակարդակով, ինչը թույլ չի տալիս հարցը փակել. քանի Ղարաբաղը քաղաքականացնում է, Հայաստանում մնում է պայքարի իմաստ, եւ հարցը հնարավոր չի լինում լղոզել: 

Մարտի 12-ին նույն անձերի եւ նոր ժամանած ԽՄԿԿ ԿԿ պատասխանատու աշխատող Հ. Դ. Շիշովի մասնակցությամբ այնուամենայնիվ քննարկվեց «Առաջարկություններ ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ» հարցը, որը, սակայն, կրկին չընդունվեց: Տե՛ս վերը: 

Մարտի 16-ին Ստեփանակերտ ժամանեց բարձրաստիճան պաշտոնյաների մի պատվիրակություն՝ ԽՄԿԿ Կենտկոմի եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի՝ ԼՂ ԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման մասին որոշման նախագծի հետ մարզկոմի բյուրոյին ու մարզխորհրդի գործկոմին ծանոթացնելու համար: Ղարաբաղում նրանց հայտարարեցին, թե ժողովուրդը պահանջում է լուծել Մարզը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու հարցը, եւ միայն դրա լուծումից հետո կհամաձայնի քննարկել սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը: Արդյունքի չհասնելով՝ հաջորդ օրը ԽՄԿԿ ԿԿ-ի հանձնաժողովը մեկնեց Ստեփանակերտից: Նույնը: 

Մարտի 17-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզկոմի պլենումը, որ քննարկեց «Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին Մ. Ս. Գորբաչովի դիմումից բխող ԼՂԻՄ-ի կուսակցական կազմակերպության խնդիրները» հարցը: Պլենումը որոշեց դիմել ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյին՝ դրականորեն լուծելու ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու հարցը: Ղարաբաղի կոմկուսն իր հերթին նույնպես շարունակում է պնդել հարցի քաղաքականացումը, եւ փաստորեն չի ենթարկվում Մոսկվային: 

Մարտի 19-ին տարածվում է «Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե» ստորագրությամբ «Մեր քաղաքական սկզբունքները» վերնագրով թռուցիկը, որն իշխանությունների քարոզարշավին հակազդելուն էր կոչված: Այստեղ նախ ցույց էր տրվում, որ Լեռնային Ղարաբաղի բարձրացրած խնդիրը ինքնորոշման հարց է եւ, որպես այդպիսին, սահմանադրական:  Ապա արձանագրվում էր, որ Շարժումը կրոնական երանգ չունի եւ ուղղված չէ որեւէ ժողովրդի դեմ, նաեւ մերժում է ժողովրդի համար քաղաքական կողմնորոշման, մշտական բարեկամի ու մշտական թշնամու գաղափարները: Թղթի վրա արձանագրվում է Շարժման իդեոլոգիան: Դա բխում էր Շարժման ըթնացքից՝ հին, «ընտելացված» ազգայնականությունը չէր կարող շարունակել պայքարը, երբ Մոսկվան իր հետ չէ: Մոսկվայի, այլ ոչ միայն թուրքերի դեմ պայքարելու համար պետք էր նոր իդեոլոգիա: Սա փաստացի քաղաքական, այլ ոչ միայն էթնիկ գործոն դառնալու, նաեւ՝ անկախության հայտ էր: Ոչ միայն մշտական բարեկամ չունենալու, այսինքն՝ անկախ լինելու, այլեւ որեւէ ժողովորդի դեմ թշնամի չլինելու թեզը դա է վկայում: 

Նույն օրը բազմահազար մարդկանցով շրջապատված Երեւանի Կինոյի տանը տեղի ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի եւ տեղական ենթակոմիտեների ղեկավարների հավաք: Քննարկվող հիմնական հարցը մարտի 26-ի նախապես հայտարարված հանրահավաքի անցկացման նպատակահարմարության խնդիրն էր: Ըստ ՆԳ նախարարության կազմած հաղորդագրության՝ բուռն քննարկումների ընթացքում Շարժման ղեկավարների կարծիքները տարբեր են եղել: Շարժման ղեկավարների մի մասն առաջարկել է պահպանել սպասելու մարտավարությունը: Նրանք համարել են, որ  հանրահավաքը կխանգարի Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հարցի խոստացված քննարկմանը: Սակայն հավաքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմնակից է եղել հանրահավաքները վերսկսելուն: Նույնն էր պահանջում նաեւ շենքը շրջապատած բազմությունը, որը բարձրախոսով լսում էր ներսի ելույթները: Քվեարկությունն արձանագրել էր հանրահավաքները վերսկսելուն դեմ միայն 8 ձայն: Ազգային պահպանողական եւ նոր մտածողության բախում: Մոսկվայի խոստումը կկատարվի, ոչ թե եթե Մոսկվայի հետ լավ լինենք, այլ եթե ճնշում գործադրենք ու վատը լինենք: Մոսկվայի խոստումն իսկ հետեւանք է ճնշման, այլ ոչ թե խնդրանքների: 

Նույն հավաքում ընդլայնվում է կոմիտեի կազմը, որի մեջ մտնում են Վազգեն Մանուկյանն ու Համբարձում Գալստյանը: Ստեղծվում է քարտուղարություն՝ Աշոտ Մանուչարյանի ղեկավարությամբ, որի մեջ մտնում են Սամսոն Ղազարյանը, Սամվել Գեւորգյանը, Վանո Սիրադեղյանը, Ալեքսան Հակոբյանը: 

Մարտի 21-ին «Պրավդայում» հրապարակվեց «Հույզեր եւ բանականություն» հոդվածը, որտեղ լուտանքներ էին թափվում Շարժման մասնակիցների հասցեին: Նախկին փորձից ելնելով՝ Մոսկվան նախապատրաստվում է նոր ուժային ալիքի կանխարգելմանը: Միանում է քարոզչությունը: Հարցը փորձում է մեկնաբանվել որպես հուզական, այսինքն՝ վայրենի, հակադիր բանականությանն, այսինքն՝ քաղաքակրթույանը եւ կայսրությանը: 

Մարտի 22-ին սովետական զորամիավորումները տեղափոխվում են Երևան և շրջափակում Օպերայի հրապարակը՝ կանխարգելելու համար մարտի 26-ին նախատեսված հանրահավաքի անցկացումը: Խաղաղ հանրահավաքի կանխարգելմանն ուղված զորքերը արագ հասնում են տեղ ի տարբերություն ջարդերին վերջ դնելու ուղված զորքերին: Պարզ երեւում է, թե ինչից է ավելի շատ վախենում Մոսկվան՝ ժողովրդական եւ ազգային ուժից, թե ջարդից, որն իրեն ձեռնտու է եղածը մեկնաբանելու համա որպես վայրի բախում, եւ որտեղ չկա քաղաքական այլընտարնքի հայտ: 

Նույն օրն «Իզվեստիայում» «Ի հեճուկս ողջամտության» վերնագրով հոդված է տպագրվում: «Պրավդայի» եւ «Իզվեստիայի» հոդվածների բառապաշարից ու որակումներից ակնհայտ էր, որ քարոզչական այս նախապատրաստությունները նպատակաուղղված էին որպես հիմնավորում ծառայելու նաև բռնի ուժի կիրառման համար և, ահաբեկման մատնելով, կանխել հանրահավաքների վերսկսումը: Տե՛ս վերը: Նորից ողջամտությունը, որը պետք է շեշտի, թե ով է այստեղ քաղաքական եւ քաղաքկիրթ կողմը: Մյուս կողմից սա ուղված է հայերի դեմ, որոնք իրենց պահում են քաղաքական եւ քաղ-կիրթ, այլ ոչ թե Սումգայիթի թուրքեի դեմ, որով ենթատեքստով ընդունվում է, որ հայերը քաղաքական մարտահրավեր են նետել, այսինքն՝ ողջամիտ են, որով եւ Մոսկվայի մրցակից, պետք է նրանց զրկել այդ իրավունքից: 

Նույն օրն տեղի ունեցան ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների Գերագույն խորհուրդների նախագահությունների նիստեր, որոնք ընդունեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությանն ուղղված միանման դիմումներ՝ խնդրելով «Սահմանադրության շրջանակներում» կարգավորել Ղարաբաղի խնդիրը: Գործողություններին փորձ է արվում տալ լեգիտիմ, համասովետական քննարկման արժանացած երեւույթի հիմնավորում: 

Նույն օրն հեռուստատեսությամբ կրկին ելույթ ունեցավ Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը. «Մեզանից յուրաքանչյուրը գիտե, որ դեռևս երբեք եւ ոչ-ոքի չի հաջողվել նյարդայնության, գրգռվածության եւ աֆեկտի պայմաններում ընդունել ճիշտ որոշումներ: Մինչդեռ միտինգը, որը մարտի 26-ին առաջարկում են անցկացնել որոշ ոչ ողջամիտ, առանձին սանձարձակ մարդիկ, անկասկած կհանգեցնի հույզերի ու կրքերի նոր բորբոքման, հղի կլինի անգուշակելի, գուցե եւ ողբերգական հետեւանքներով»: Դեմիրճյանի խոսքը կրկնում է սովետական քարոզչությունը, բայց ունի իր երանգը ազգային-պահպանողական մոտեցման շրջանակներում. դա խոհեմության կոչ է, որին հակադրվում է աֆեկտը: Ենթատեքտսն այն է, որ հայ ժողովուրդն ի վիճակի չէ պայքարե մղել Մոսկվայի եւ Բաքվի դեմ: 

Ենթադրաբար մարտի 22-23 «Ղարաբաղ» կազմկոմիտեն տարածեց «Ղարաբաղ» կոմիտեի դիմումը հայ ժողովրդին» վերնագրով մի թռուցիկ, որում տեղեկացվում էր, որ սկսվելու է ծանր փորձությունների շրջանը՝ ենթադրելով նաև, որ Գերագույն խորհուրդը, խախտելով Սահմանադրության 51-րդ հոդվածը, հավանաբար կարգելի Կոմիտեի գործունեությունը: 

Մարտի 23-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը նիստ հրավիրեց բոլոր միութենական հանրապետությունների ԳԽ նախագահների մասնակցությամբ՝ օրակարգի միակ հարց ունենալով Լեռնային Ղարաբաղի  շուրջ ծավալված իրադարձությունները: Ա. Գրոմիկոյի եւ Մ. Գորբաչովի զեկուցումները լսելուց հետո ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի «Ադրբեջանական եւ Հայկական ՍՍՀ-ների իրադարձությունների առթիվ միութենական հանրապետությունների դիմումներին առնչվող միջոցառումների մասին» որոշումը: Դրանում հրահանգվում էր հանրահավաքների կազմակերպման եւ Շարժումը շարունակելու դեպքում ուժային մեթոդներ կիրառել: Ուժային գործողության լեգիտիմ հիմք: Հայկական շարժման դեմ առաջին հակաուժը ջադն էր, երկրորդը՝ անմիջական ուժի սպառնալիքը Կենտրոնի կողմից՝ հետեւած ամսի 26-ի միտինգի մասին որոշման ընդունմանը Կինոյի տանը: 

Նույն օրը Լեռնային Ղարաբաղում նորից գործադուլ հայտարարվեց:

Մարտի 24-ին, Հայկական ՍՍՀ Գերագույն խորհդի նախագահությունը մի քանի որոշումներ ընդունեց, որոնք ուղղված էին նշանակված հանրահավաքն ամեն գնով կանխելուն: Առաջինը հավանություն էր տալիս նախորդ օրը Մոսկվայում կայացված որոշմանը՝ բառացի կրկնելով նրանում պարունակած գնահատականները: Մյուս որոշմամբ դադարեցվում էր «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը. «Հաշվի առնելով, որ այսպես կոչված «Ղարաբաղ կոմիտեի» գործունեությունը չի համապատասխանում Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը եւ գործող օրենսդրությանը, ձեռք է բերել քաղաքականապես վնասակար բնույթ եւ հակասում է ժողովրդի շահերին, անօրինական ճանաչել այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեն եւ դադարեցնել նրա գործունեությունը»: Ղարաբաղ կոմիտեի անկախական թռուցիկը եւ միտինների մասին որոշումը դարձնում են նրան քաղաքական անմիջական սպառնալիք: Երբ հարցը դրված էր դեռ որպես հայ-ադրբեջանական Կոմիտեն չարգելվեց, բայց երբ հարցը դրվեց այլ կերպ, արդեն որոշվեց արգելել, թեև որոշումն առայժմ չիրականացվեց: Ինչպես երեւում է՝ որոշված էր բնում խեղդել շարժումը բոլոր միջոցներով: 

Նույն օրն ընդունվեց նաեւ «Հանրապետության քաղաքներում ու շրջաններում քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվող ժողովների եւ այլ մասսայական միջոցառումների անցկացման ժամանակավոր կանոնների մասին» որոշումը, որը իրավական հիմք պետք է տար նման միջոցառումները ուժով խափանելու համար: Դրան զուգահեռ՝ համապատասխան օրենսգրքում պատիժներ սահմանվեցին այդ կարգը խախտողների համար: Ընդ որում, փոփոխությունները ուժի մեջ էին մտնում հենց նույն օրվանից՝ մարտի 24-ից: Փակվում են իրավական բացերը: Քաղաքական ուժն արդեն չի հերիքում իրավական «ծակերը» կառավարելու համար: Ստիպված են սահմանափակել ձեւական դեմոկրատիան: 

Նույն օրն Ադրբեջանի ԳԽ-ի նախագահությունը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղում գործող «Կռունկ» կոմիտեի գործունեության արգելման մասին:

Նույն օրն ԽՄԿԿ ԿԿ-ը եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը ընդունեց եւ հրապարակեց «Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 1988-1995 թթ. միջոցառումների մասին» որոշումը, որի իրականացման համար նախատեսվում էր շուրջ 455.000.000 ռուբլու հատկացում եւ որը ներկայացվեց որպես բարձրացված խնդրի լուծում: Ուժային գործողությանը զուգահեռ՝ ձեւական զիջում հայերին: Եթե համաձայնվում են հարցը զուտ տնտեսական դիտարկել եւ հանձնել քմահաճույքին: Հարցը տնտեսական է, այլ ոչ քաղաքական պնդում է Մոսկվան: Եթե զիջումներիդիմաց չեն զիջում հայերը, ապա «կռիվ է»: 

Մարտի 25-ին Երեւան մտցվեցին զինվորական ստորաբաժանումներ, եւ մայրաքաղաքի երկնքում հայտնվեցին անկանոն պտույտներ գործող տասնյակ ռազմական ուղղաթիռներ: Քաղաքում հայտարարվեց պարետային ժամ: «Ղարաբաղ» կազմկոմիտեի անունից տարածված թռուցիկը ազդարարում էր, որ «Հայաստանի խաղաղ մայրաքաղաքը զորք է մտել», եւ տեղեկացվում էր, որ դրա պատճառով վերանայված է նաեւ հանրահավաք անցկացնելու մասին որոշումը եւ կոչ էր արվում մարտի 26-ին մեկ մարդու նման դուրս չգալ տներից: Երեւանը հայտարարվեց մեռյալ քաղաք: Բռնի ուժի անմիջական սպառնալիք, պատերազմի հայտարարություն, որը վերջնական վկայությունն է նրա, թե ինչ սպառնալիք բարձրացրեցին հայերը: Հայերը ժամանակավորապես եւ արտաքուստ նահանջում են: Հարցը թվում է լուծված: 


Հատված Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» աշխատությունից (Երեւան,2018)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ